October 15, 2021

Րաֆֆու նոթերը Հյուսիսային Արցախի մասին: Մաս 2

Րաֆֆին 1881 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Թիֆլիսից ուղևորվել է Հյուսիսային Արցախ, և հետաքրքիր նոթեր է գրի առել։ Աներևակայելի բան է, բայց նա հաջողացրել է հանդիպել Գետաշենի Մելիք-Մնացականյանների տոհմի վերջին մելիքի հետ, ինչը ևս նկարագրել է այստեղ։
Ուղևորության առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։

Քարտեզով ճանապարհորդություն

Ես Թիֆլիսից դուրս գալու ժամանակ վեր էի առել ինձ հետ Թիֆլիսի գլխավոր շտաբի
պատրաստած Անդրկովկասի հինգ վերստանոց քարտեզներ: Երբ կամենում էի Գանձակը թողնել, Ելիզավետոպոլի գավառի քարտեզը դրի առջևս, կամենում էի մի մարշրուտ պատրաստել, որ նրա համեմատ սկսեի ճանապարհորդությունս:
Նայում եմ, նայում եմ, իմ ցանկացած տեղերից և ոչ մեկը նշանակված է քարտեզի մեջ: Տեր աստված, մտածում եմ, այդ ինչ բան է, թուրքերի ամենաաննշան ձմեռոցները, որոնց մեջ տարվա երեք ամիսը միայն բնակություն է լինում, նշանակված են քարտեզի մեջ, բայց հայոց գյուղեր չկան: Բարեբախտաբար ինձ մոտ էր մի գանձակեցի պարոն, որին ես դարձա, խնդրելով, որ բացատրե այդ գաղտնիքը: Նա նույնպես նայեց քարտեզի վրա ոչինչ չկարողացավ ջոկել:

- Ո՞ր գյուղն եք ուզում, - հարցրեց նա:
- Օրինակ, ես ուզում եմ տեսնել Գետաշեն գյուղը:

Նա որոնեց քարտեզի վրա և ասաց.
- Ահա այդ Չայ-քենդը հայոց Գետաշենն է:

—Հիմա հասկացա, քարտեզ պատրաստողները հայոց անունները թարգմանել են, չայ թուրքերեն նշանակում է գետ, իսկ քենդ նշանակում է գյուղ, և այսպիսով Գետաշենը դարձրել են Չայ-քենդ՝ այսինքն՝ գետի գյուղ:Ես նկատեցի, որ ոչ միայն հայոց գյուղերը, այլ մինչև անգամ հայոց վանքերը թուրքերեն անուններով էին նշանակված: Ուրեմն առաջ պետք էր նրանց թուրքերեն անունները սովորել, հետո օգուտ քաղել այդ քարտեզներից, որը մի մեծ դժվարություն էր ինձ համար: Բայց ի՞նչ նպատակ կար այսպես խառնաշփոթ բան շինել անուններից -  ես հասկանալ չկարողացա:

1926 թվականի քարտեզը















Ես մի կողմ դրեցի քարտեզները, և ավելի բարվոք համարեցի մի հմուտ առաջնորդ ինձ հետ վեր առնել, քան թե թուրքերեն անուններ սերտել:

Ելենդորֆ

Մի ամբողջ ժամ տևեց մինչև ես դուրս եկա Գանձակի այգիներից և բռնեցի այն ճանապարհը, որ տանում էր դեպի գերմանական Ելենդորֆ կոչված կալոնիան: Ցանկանում էի տեսնել, թե ինչպես է ապրում եվրոպացի գաղթականը Հայաստանում: 

Թիֆլիսի գերմանական կալոնիան իր մաքրությամբ և գեղեցկությամբ ամենին հիացք էր պատճառում: Բայց պետք է ասած, որ Թիֆլիսի կալոնիան այժմ իսկապես քաղաքի մի մասն է կազմում. նա կորցրել է իր կալոնիայի հատուկ բնավորությունը: Բայց Ելենդորֆը կալոնիայի կատարյալ կերպարանք է կրում. այստեղ կարելի է տեսնել մի քաղաքակիրթ ժողովրդի տնտեսությունը: 

Ելենդորֆը (Խանլարը) այսօր





















Փողոցները լայն, ընդարձակ և ուղիղ են. աջ և ձախ կողմից զարդարած են բարդի և չինարի ծառերով, որոնք հովանավորում են տների շարքը: Փողոցների երկու կողմից ևս, տների դռան առջևից ջրի վտակներ են վազում: Բոլոր տները միակերպ են, արխիտեկտուրայով չեն զանազանվում միմյանցից, բայց բավական պարզ, մաքուր և համեստ ճաշակով շինված, պատուհանները նայում են դեպի փողոցը, որոց միջում կարելի է տեսնել զանազան տեսած ծաղիկների բազարներ: 

Ելենդորֆը այսօր


















Տների ետևի կողմում է ընդարձակ բակը, ամբարները, ախոռատունը և մի կանոնավոր տնտեսության համար հարկավոր եղած այլ շինվածքները: Միևնույն տների շարքում դուք կտեսնեք կոպեկների ետևից ընկած հայ մանրավաճառի խանութը, որը հայտնի չէ որ ջհանդամից եկած, այստեղ ամբողջ օրը երդումներ է ուտում, ստախոսում է, որ կարողանա մի առարկա իր արժեքից կրկնապատիկ գնով վաճառեր: Ի՛նչ համեմատություն կա այդ խաբեբայի և այն հասարակության մեջ, որ գործ ունի բնության հետ, որ իր արդար վաստակը ստանում է աշխատանքով ու քրտինքով:

1910 թվական։ Հյուսիսային Արցախի Ելենդորֆ (Հելենենդորֆ, Խանլար) քաղաք։ Գերմանացի ընտանիք։














Այս կողմերում չկա մի ուրիշ աշխատասեր ժողովուրդ որպես Ելենդորֆի գերմանացիները: Կինը այստեղ ամեն գործում օգնում է տղամարդին: Նա հունձք է հնձում, խոտ է հնձում, կալ է կալսում, նայում է անասուններին: Քաղցր է նայել կնոջ վրա, հարդյա գդակը գլխին, մի կարճ դերյա հագած, թեթև բաշմակները ոտին, հնձում է: Աղջիկները, տղաները նույնպես ամենայն եռանդով մասնակցում են ծնողների եռանդոտ աշխատությանը:

  Ելենդորֆի գաղթականները շվաբներ են, եկան այդ կողմերը բոլորովին մերկ և աղքատ: Մի ամբողջ տարի Գանձակի հայերը կերակրեցին նրանց, մինչև կառավարությունից տեղ ստացան իրանց համար բնակություն հաստատելու: Նրանք եկան կարծեմ 1828 թվին, և երեք տարի առաջ կատարեցին իրանց հիսունամյա հոբելյանը: Կես դարի ընթացքում նրանք կարողացան հարստանալ և իրանց համար կանոնավոր տնտեսություն ստեղծել: Կառավարությունը շնորհել էր նրանց այնպիսի արտոնություններ, որ կես դարը բավական էր այդ աշխատասեր ժողովրդին իր դրությունը ապահովելու համար: Նրանք ստացան ամենապատվական հողեր, այնքան, որքան ցանկանում էին: Գանձակի ջրի յոթը մասից վեցը տվեցին քաղաքի ամբողջ ժողովրդին իրանց այգիները և ցանքերը ոռոգելու համար, իսկ մի մասը ստացան Ելենդորֆի գաղթականները: Հիսուն տարի ազատ էին հարկերից և ամեն տեսակ տուրքերից, ունին իրանց առանձին ինքնավարությունը, իրանց մեջ եղած բոլոր վեճերը քննվում էին և վճռվում էին իրանցից ընտրված շուլցի ձեռքով: Տեղային իշխանությունը իրավունք չուներ շուլցի ընտրության կամ նրան փոխելու մեջ:

Գերմանացիները 20-րդ դարի սկզբում, Հյուսիսային Արցախի Թոդան գյուղում














Այդ բոլոր դյուրությունները կարող էին մի այլ հասարակության ծուլացնել, փչացնել, բայց նրանց միջոց տվեցին ինքնուրույն կերպով զարգանալու և կանոնավոր-բնական ճանապարհով առաջադիմելու: Այժմ նրանցից յուրաքանչյուրը ունի մի քանի այգիներ, ընդարձակ վարելահողեր, խոտ հնձելու մարգագետիններ, այլև աշխատում են գնել այգիներ Գանձակում, երբ աճուրդով վաճառվում են, կամ աղքատությունից ծախվում են:

Գերմանացիների հիմնած այգիները այսօր






















Յուրաքանչյուր գերմանացի ամեն տարի վաճառում է մի քանի հազար ռուբլու գինի և այլ բերքեր: 

Գերմանացիների հիմնած գինու գործարանի մառանը մեր օրերում



















Ելենդորֆի գաղթականները ունին մի գեղեցիկ եկեղեցի կարմրագույն քարերից շինված, նրա մոտ է դպրոցը, որի մեջ սովորում են երկու սեռի աշակերտները: Դպրոցի մոտ կա մի փոքրիկ կոկիկ տուն վարժապետի բնակության համար. դպրոցը ունի ընդարձակ պարտեզ երեխաների խաղալու համար: Տարենը երկու անգամ արձակուրդ է լինում մի քանի շաբաթներով, մեկը գարնան սկզբում ցանքի ժամանակ, մյուսը` ամառը հունձքի ժամանակ:

Գերմանական եկեղեցին



















Ունին խնայողության կասսա, ունին բարեգործական կասսա աղքատներին գնելու համար, ունին հասարակաց շտեմարան, մի խոսքով, այն բոլոր հիմնարկությունները, որ միջոց են տալիս 213 մարդուն ապահով կերպով ապրելու և կարոտությունից ազատ մնալու: Խնայողությունը, չափավոր և համեստ կյանքը այդ գաղթականների կենցաղավարության հիմնական կանոնն է: Նրանք իրանց հեռու են պահում ամեն տեսակ շռայլությունից: Մինչև վերջին տարիները նրանց կանայքը ծանոթ չէին մետաքսեղեն, կամ բրդեղեն հագուստների հետ, չնայելով, որ շատ հարուստ էին: Հասարակ չթեղեն հագուստով կառավարվում էին: Տղամարդիկ նույնպես չէին հագնում մահուդ կամ տրիկո: Պատմում են, որ նրանցից մեկը Թիֆլիսում գնել էր մի թանկագին մուշտակ: Իսկույն կալոնիստները ժողով կազմելով, արգելեցին նրան հագնել, որ իր օրինակով չգայթակղեցնի մյուսներին: Նա ստիպվեցավ իր մուշտակը վաճառել:

Ելենդորֆի գաղթականները իրանց օրինակով կարող էին լավ օրինակ տալ Գանձակի հայերին: Բայց մինչև այսօր հայերը դրանցից սովորեցին երկու բան միայն, այն է՝ ֆորգոն և տակառ շինել: Գանձակեցի թուրքերի բանեցրած բոլոր ֆորգոնները հայերն են շինում: 

Շարունակությունը Մաս 3

Նոթերի նախորդ մասերը՝

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6

October 10, 2021

Րաֆֆու նոթերը Հյուսիսային Արցախի մասին։ Մաս 1

1881 թվականի հուլիս-օգոստոսին Րաֆֆին Թիֆլիսից ուղևորվել է դեպի Արցախ աշխարհ։ Այստեղ կներկայացնեմ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկի, Հյուսիսային Արցախին վերաբերող, նրա գրառումները ըստ բնակավայրերի։

Սկսելով Ղազախից, նա ճանապարհորդել է դեպի Շամքոր, հետո Գանձակ հայկական քաղաքը, այնտեղից անցել Արցախ աշխարհի Ելենենդորֆ, Ազատ, Հաջիշեն, Գետաշեն, Մարտունաշեն (Կարաբուլաղ), Էրքեջ, Կարաչինար, Խարխափուտ, Գյուլիստան, Թալիշ և այլ վայրերով։

Գանձակ

 Ի՞նչ տպավորություն կգործե մի պարսիկ. իր քոշերով, երկար արխալուղով, շալե գոտիով, որ գլխին դրած ունի եվրոպական շլյապա և մերկ պարանոցի վրա կապել է մետաքսյա սև փողպատ, — նույն տպավորությունը գործեց ինձ վրա կիսապարսկական Գանձակը: Նեղ, ծուռումուռ փողոցներից և ոչ մեկը քարած չէր: Թանձր փոշին, աղբը, ամեն տեսակ ապականություն ծածկել էր հատակը: Տներից մեկը, քարից կամ աղյուսից շինած, դուրս էր նայում դեպի փողոցը բացված լուսամուտներով, իսկ նրա կշտին մի այլ տուն պատերով, ցածրիկ, որ դեպի փողոցը լուսամուտներ չուներ: Բարձր, հոյակապ տան մոտ, անդադար հանդիպում է կամ մի խրճիթ, կամ քանդված ավերակներ: Մեկը փողոցի լարից դուրս է ընկած, մյուսը ներս է գնացած: Ինչ որ գեղեցիկ է, դրանք են դարևոր, հսկա չինարիները, որ իրանց զով հովանու տակ պատսպարում են շինվածքները, և թույլ չեն տալիս նրանց բոլորովին շնչասպառ լինել փոշուց և տոթից: Չինարիները, որոնցից շատերը մեկ ու կես սաժեն տրամագիծ ունին, Գանձակի զարդն են. նրանք մնացել են պարսից տիրապետության ժամանակներից, և մի բարի բախտով ոչնչացրած չեն եղել: Այդ չինարիները պահպանում են Գանձակի առողջությունը, որ շատ նախանձելի վիճակի մեջ չէ: Առհասարակ շատ փոքր թվով կարելի է տեսնել տներ, որ պարտեզներ չունենային: Գեղեցիկ նռնենիները, թզենիները և վարսավոր միմոզաները իրանց մետաքսյա ծաղիկներով դուրս են,նայում բակերի ցածրիկ պատերի հետևից:

Գանձակի փողոցները, 20-րդ դարի սկիզբ














Այդ ջուրը, որից խմում է Գանձակի մեծ մասը, քարհեզի ջուր է, որ հեռու տեղից բերվելով, գետնի տակով անցնում է թուրքերի թաղից, և տեղ-տեղ բացվում է թուրքերի տների մեջ: Թուրքերը այդ ջրի հետ ինչ օյին ասես խաղում են, ամեն անմաքրություն նրա մեջ լվանում են, նրանով նամազ են անում, հավատացած լինելով, որ ջուրը չի պղծվի: Այդ հերիք չէ, նա բավական երկար տարածության վրա անցնում է թուրքերի գերեզմանատան տակով և բերում է իր հետ փտությունների լուծված մասները: Խմելու միջոցին մարդ զգում է մի տեսակ թանձրություն, և մի տեսակ մածուցիկ տպավորություն է գործում բերանի մեջ, կարծես մածուն լինի: Այստեղից հասկանալի է այն հիվանդությունները, որոնց անընդհատ ենթարկվում են գանձակեցիք, մանավանդ ամառվա ժամանակ: Այդ քաղաքում փոքրիշատե տանելի է գետի ջուրը, բայց ամառը գետը բոլորովին ցամաքած է լինում, և գտնված ջուրն էլ վերևից զանազան առվակներով վեր են առնում ցանքերը կամ այգիները ջրելու համար:

Գանձակ գետի հին պարսկական քանդված կամուրջը















Գետի ջրին գալով, ես չեմ կարող մի քանի խոսք չասել այդ մասին: Գանձակում երեք օր մնալով, ես անդադար լսում էի գանգատներ, կռիվներ, դժգոհություններ ջրի պակասության մասին: Գանձակը շինված է նույն անունով գետի վրա, որ քաղաքը երկու մասն է բաժանում. մի մասում բնակվում են հայերը, մյուսում` թուրքերը: Գարնան սկզբում գետը սաստիկ հորդանում է և ծածկում է իր եզերքը, իսկ ամառը այնտեղ մի կաթիլ ջուր չէ կարելի տեսնել, գետը ցամաքում է: Եղած ջուրը, ինչպես վերևում ասացի, զանազան առվակներով վեր են առնում այգիները և ցանքերը ջրելու համար: Այդ ջուրը այնքան անբավական է, որ համարյա ամեն օր կռիվեր են լինում նրա բաշխման համար: Գանձակեցիք հավատացնում էին, որ ջուրը առաջ խիստ շատ էր լինում. իսկ այժմ «մարդկանց մեղքի համար» սակավացել է: Գանձակի գետի ջրի սակավանալը ուրիշ պատճառի չէ կարելի վերաբերել, բացի նրանից, որ անտառները սաստիկ անխնա կերպով ոչնչանում են: Այն լեռները, որոնց մեջ գտնվում են գետի աղբյուրները, առաջ պատած են եղել խիստ անտառներով, իսկ այժմ կամ բոլորովին մերկացել են, կամ մեծ ծառերի փոխարեն թփեր են տեսնվում:

Ջրի հարցը Գանձակի կյանքի հարցն է. եթե այդ մասին պետք եղած հոգածություններ չկատարվեն (որոնց մեջ գլխավոր տեղը պետք է բռնե անտառների պահպանությունը ), այդ քաղաքը մի ժամանակ սովամահ կլինի: 

Գանձակ, 1905 թ, Լավաշի փուռ













Գանձակի գլխավոր արդյունաբերությունն է խաղողը և գինին, որ մեծ քանակությամբ արդյունահանվում է, տարվելով գլխավորապես Թիֆլիս: Շատ փոքր է այն գանձակեցիների թիվը, որ մի, երկու կամ երեք այգի չունենար: Տերերից ամեն մեկը յուրաքանչյուր տարի մի քանի հազար ռուբլու գինի է վաճառում: Ի՞նչ կլինի ժողովրդի վիճակը, եթե արդյունքների այդ աղբյուրը ցամաքի: Գինի պատրաստում են հայերը միայն, մահմեդականներին, որովհետև կրոնքով մեղք է համարվում աստուծո պարգևած բարիքներից մեկը, խաղողը, պղծել և նրանից գինի պատրաստել, այդ սնահավատությունից դրդված, իրանք գինի չեն պատրաստում և իրանց խաղողը վաճառում են հայերին, կամ իրանց այգիները նրանց վարձով են տալիս: 

Գանձակի մյուս արդյունահանությունն է ալյուրը: Այդ արդյունահանությանը շատ նպաստում է պ. Հախվերդյանի շոգեշարժ աղորիքը: Պարոնի մարդիկը գնում են մեծ քանակությամբ ցորյան, և աղալով ուղարկում են Թիֆլիս, կամ ուրիշ տեղեր: Այդ, իհարկե, շատ օգնում է շրջակա գյուղացիներին, որոնց ձեռքումն է ցորյանի արդյունաբերությունը: Եթե այդ աղորիքը չլիներ, գյուղացին ստիպված էր ինքն հասարակ ջրաղացի մեջ աղալ տալ ցորյանը և ալյուրը ուրիշ տեղ տանել: Բայց պ. Հախվերդյանի աղորիքը հեշտացնում են գյուղացու գործը, որովհետև նրան միջոց է տալիս իր բերքը իր տան մեջ վաճառելու, առանց օտար երկիր տանելու: 

Գանձակի շուկայի հրապարակը















Առավոտյան մի քանի այցելուներից ազատվելով, շտապեցի դուրս գալ հյուրանոցի խեղդված սենյակից, բազարը տեսնելու համար: Այստեղ իմ ուշադրությունը գրավեց մեյդանը (հրապարակը): Դա մնացել է պարսից տիրապետության ժամանակներից, մի քառակուսի, փոքրինչ երկայնաձև ահագին հրապարակ է, շրջապատած դարևոր չինարի ծառերով: Այդ ծառերը իրանց ընդարձակ ստվերի տակ հովանավորում են խանութները, որ գտնվում են հրապարակի շուրջը: Երևում է, ծառերի վերաբերությամբ պարսիկները թե լավ ճաշակ և թե խնամք են ունեցել: 

Այդ հրապարակի մոտն է քաղաքի նշանավոր մեջիտը: 

Գանձակի մեջիտը շուկայի մոտ



















Նրա գլխավոր դռան աջ և ձախ կողմերում բարձրանում են երկու բարձր մինարեթներ: Բացի դրանցից, դռան երկու կողմում կան երկու սաքուներ, որոնց վրա նստած են մոլլաները: Այդ տեսնելով, ես իսկույն հիշեցի Պարսկաստանը: Այդ մոլլաները զանազան գործեր են կատարում. նրանք աղոթքի թղթեր են վաճառում, տպված երկար, ժապավենաձև թղթի վրա, նրանք կնիքներ են վարում, նրանք անգրագետ մարդկանց համար նամակներ են գրում իրանց բարեկամներին ուղարկելու համար. նրանք միևնույն ժամանակ նոտարիուսներ են, գրում են զանազան տեսակ դաշնրագեր, պարտամուրհակներ և այլն, չնայելով, որ քաղաքում պաշտոնական նոտարիուս կա: Նրանց մոտ վաճառվում են «տեր ողորմյաներ», վաճառվում են Քարբալայի սուրբ հողից շինված փոքրիկ մոհրներ, որոնց վրա մահմեդականները նամազ ժամանակ խոնարհվում են, համբուրում են, երևակայելով, թե Քարբալայի սուրբ երկիրն են համբուրում, որտեղ թափվել է իրանց իմամների արյունը: Միևնույն մոլլաները վաճառում են զանազան տեսակ գրքեր, կախարդություններ են անում և իրանց հաճախորդների համար զանազան թիլիսմանական թղթեր են գրում: Դրանց կշտին մի քանի երեխաներ, գետնի մեջ փորած փոսիկների մեջ ածուխ էին ածել, մի կարդոնի կտորով հովհարում էին և թարմ սիմինդր էին խորովում վաճառելու համար: Ահա այդ բոլորը, ինչ որ տեսա, հիշեցրին ինձ Պարսկաստանը... Ես դիմեցի դռան մոլլաներից մեկին, խնդրելով կարելի՞ է արդյոք մեջիտը տեսնել: Նա զարմացած աչքերով չափեց ինձ ոտքից ցգլուխ, նայեց գլխարկիս, նայեց կապույտ ակնոցներիս, և ապա բավական դժգոհությամբ պատասխանեց. — Կարելի է: 

Գանձակ, ֆրանսիացի Ջոզեֆ Դե Բայի 1900 թվականին արված լուսանկարը





















Դռնից ներս մտանք մեջիտի բակը, որ քառակուսի ձև ուներ: Չորս կողմում պարսկական ճաշակով շինված էին փոքրիկ և մեծ խուցեր, որոնց մեջ մոլլաները նստած, բարձր ձայնով ղորան էին կարդում: Խուցերից մի քանիսը հատկացրած էին երեխայոց դպրոցի (մադրասե) իսկ մի քանիսը չափահասների ուսման համար (թաքիա): Ես հետաքրքրվեցա տեսնել երեխաների դպրոցը: Թեև հուլիս ամիսն էր, տոթը խեղդում էր, բայց նրանց չէին արձակել: Մի սենյակում լցված էին 40 — 50-ի չափ հասակի երեխաներ, 5 տարեկանից մինչև 20 տարեկան: Նրանք խառնափնթոր կերպով ծալապատիկ նստել էին միմյանց մոտ, ամեն մինը իր տնից բերած օթոցի վրա: Նայելով ծնողների կարողությանը, այդ օթոցները ունեին իրանց լավ կամ վատ հատկությունները: Այնտեղ կարելի էր տեսնել մի քրքրված փսիաթ կտորից սկսյալ մինչև թանկագին խալիչա: Բոլոր աշակերտները, գրքերը իրանց առջև հատակի վրա դրած, անդադար օրորվելով, բարձր ձայնով կարդում էին: Երևակայեցեք, թե ինչ աղմուկ և բաբելոն կլինի, երբ 40 — 50 աշակերտ միանգամից ձայն է բարձրացնում: Շատերը կարդում էին, շատերը ոչինչ չէին կարդում, միայն աղաղակում էին, ոմանք ձայն էին հանում, միայն բերանները բաց էին անում և շրթունքները շարժում էին: Այդ ընդհանուր աղմուկի մեջ դժվար էր որոշել, թե ո՜րն էր կարդացողը և ո՜րը չկարդացողը: 

Գանձակի ամրոցը












Մեչիտը տեսնելուց հետո, ես կամենում էի տեսնել Ջավաղ-խանի պալատը, որ վերջինն էր Գանձակի տիրապետող խաներից: Որովհետև քաղաքի դրսումն էր գտնվում, հարկավոր էր կառքով գնալ: Քառորդ ժամվա մեջ ես հասա այնտեղ, Պալատի դուռը և դռան կողմի մի քանի շինվածքների ավերակներն էին մնացել միայն: Կառքով ներս մտանք: Երևում էր, որ այստեղ դտնվում էր խանի ամառային ամարաթը: Որովհետև այստեղ մի ընդարձակ այգի է եղել, շրջապատի պարիսպների մոտ շարքով տնկած ահագին չինարիները դեռ մնում էին: Մեջտեղում կար մի քառանկյունի լճակ, նորա շուրջը զարդարող մարմարյա քարերը բոլորը քանդել և տարել էին, ջուրը դեռ մնում էր և անշարժությունից կանաչել, պատած էր մամուռով: Այդ գեղեցիկ լճակը, որի հստակության մեջ ամառային տոթի ժամանակ լեղանում էին, զովանում էին հարեմները, այժմ մի հոտած ճահճի էր նմանում: Լճակի երկու կողմերում երևում էին երկու բարձ քոշքերի ավերակներ. քարերը, աղյուսները տարել էին, մնացել էին երկու հողակույտ միայն: Այդ քոշքերից հարեմները նայում էին լճակի հայելու մեջ: Դռան հանդեպ, այգու մյուս ճակատում երևում էին հարեմխանայի ավերակները: Այնտեղ, ուր պահվում էին երկրի կնիկներից ամենագեղեցիկները, այժմ մողեսներ, օձեր ու չղջիկներ էին բնակվում: Հին փառքից, հին վայելչությունից ոչինչ չէր մնացել: Ամեն ինչ տրորվել, ոչնչացել էր հավիտենական անեծքի և դատապարտության տակ: Որքա՞ն հայ աղջիկներ զոհել էին այստեղ իրանց ողջախոհությունը, որքա՞ն հայ կնիկներ վատնել էին այստեղ իրանց պատիվը: 

Ջավադ խանի դամբարանը այսօր











Պատմում են, որ Ջավադ-խանին հայտնեցին մի գեղեցիկ աղջկա մասին, որ նոր էին պսակում և հարսանիքի հանդեսը դեռ չէր վերջացել: Նա ուղարկում է իր նոքարներին աղջկա ծնողների մոտ. պահանջում է, որ նորապսակ աղջիկը իր փեսայի առագաստը մտնելուց առաջ ուղարկեն իր մոտ: Ծնողները երկյուղից կատարում են բռնավորի կամքը. նորահարսին տանում են խանի ամարաթը: Խանը տեսնելով գեղեցկուհուն, կամենում է նրա հետ փոքր-ինչ սիրախոսություններ անել: Բայց նորահարսը, գլուխը դեպի ցած խոնարհած, մնում է լուռ կանգնած նրա առջև, և բերանը չէ բաց անում. «Դեպի վեր նայիր, ասում է խանը, տես ո՜վ է քեզ մոտ կանգնած»: Նորահարսը զգացմունքով պատասխանում է. «Դու էլ դեպի վեր նայիր, տես ո՞վ է այնտեղ կանգնած»... Նա ցույց է տալիս բռնակալին արդարադատ երկինքը և նրա աչքերը լցվում են արտասուքով: 

Ասում են, որ այդ բողոքը այն աստիճան ազդում է խանի սրտին, որ առանց նրան դիպչելու, հետ է ուղարկում ծնողների տունը և այն օրից երդվում է հայ կնիկներ չբռնաբարել: Առհասարակ Ջավադ-խանը բավական սեր է ունեցել դեպի հայերը, նա հաճախում էր հայոց եկեղեցին և ծննդյան տոնին փող էր ընծայում, որ խաչը իր անունով ջրից հանեն: Մինչև այսօր Գանձակի սուրբ Հովհաննես եկեղեցու սյուներից մեկի վրա դեռ մնում է հին արձանագրությունը «խանի սյուն»: Այդ սյունի մոտ սովորաբար կանգնում էր խանը, երբ հայոց եկեղեցի էր գալիս: Նրա դեպի հայերը ունեցած համակրության գլխավոր պատճառն այն էր, որ հայերից միշտ հավատարմություն էր տեսել և հայոց մելիքները միշտ օգնում էին նրան վտանգի ժամանակ

Մյուս օրվա առավոտը ես կամեցա տեսնել Գանձակի հին բերդը: Այդ բերդը, որ ինն ամիս պահեց իր ամուր պարիսպների տակ ռուսաց զորքերին, այժմ բոլորովին ավերակ է: Նա բաժանված է մի քանի մասների: Մի մասնում, զանազան բաժինների մեջ, շինված էր խանի ամարաթը, կանանոցը, դիվանատունը, բաղանիքները և կեցության այլ հարմարությունները: Մի մասնում շինված էին բազմաթիվ կացարաններ, որոնց մեջ լցնվում էր քաղաքի կամ շրջակա գյուղերի ժողովուրդը պաշարման ժամանակ: Ցույց էին տալիս այն մասը, որ հայերին էր հատկացրած, և այն մասը ուր թուրքերն էին բնակվում: Բերդի շրջապարսպի մի քանի մասները և ամուր աշտարակներից մի քանիսը դեռ ողջ են: Երկաթե ահագին դռները ես տեսա թավալված հողակույտերի մեջ: Պատմում էին, որ այդ բերդը մի քանի տարի առաջ բոլորովին քայքայված չէր: Բայց այն օրից, երբ տեղային կառավարությունը սկսեց աճուրդով մաս-մաս վաճառել շինվածքների նյութը, քաղաքացիք գնելով, սկսեցին քանդել քարերն ու աղյուսները, տարան իրանց համար նոր բնակություններ կառուցանելու: Այդ բերդը ծառայում էր որպես պատսպարան թե պարսից՝ խաների, և թե Գանձակի մելիքների համար: Երբ 1790 թվին (՞) Շուշվա Իբրահիմ խանը, վրաց Գիորգի իշխանը, միացած լեզգիների հետ (՞՞) պաշարեցին այդ բերդը, նրա աշտարակներից չորսը հանձնված էր շատ հայ մելիքների պահպանությանը: Դրանցից մեկն էր մելիք Մեջլումը, մի քաջ, խորամանկ, միևնույն ժամանակ անբարիշտ մարդ: Մելիք Մեջլումը պաշարման ժամանակ նույնիսկ բերդում գնդակ ստացավ մի գաղտնի չարագործից և վիրավոր տարվեցավ իր վրանը, Ջավադ խանը մի ամբողջ շաբաթ նրա սպանված մարմինը պահեց, թե ճաշին և թե ընթրիքին նրա մոտ կերակուրներ էր ուղարկում իր խոհանոցից` ցույց տալու համար, թե մելիք Մեջլումը դեռ մեռած չէ, որպեսզի զորքը այդ քաջի մահը լսելով չվհատվի: Երբ պաշարումը վերջացավ, թշնամուն հեռացրին, Ջավադ-խանը նրա մարմինը թաղել տվեց Գանձակի Ս. Հովհաննես մայր եկեղեցու աջակողմյան խորանում, Աղվանից Ներսես կաթողիկոսի (՞) գերեզմանի մոտ, թեև դա հակառակ էր հայ ժողովրդի կամքին: 

Գանձակի սուրբ Հովհաննես եկեղեցին 2018 թվականին















Բերդի ավերակները տեսնելուց հետո ես մտա հասարակաց այգին, որ շատ հեռու չէ այնտեղից: Բոլոր գավառական քաղաքներում, որքան պատահել է ինձ տեսնել հասարակաց այգիներ, Գանձակինը կարելի է ամենագեղեցիկը համարել: Այդ այգին տնկված է Վարանցովի փոխարքայության ժամանակներից և խիստ խնամքով պահպանված է: Այնտեղ կարելի է տեսնել, սկսյալ հնդկական մագնոլիայից մինչև տեղական ամենաընտիր տունկերը: Միակ գեղեցիկ բանը, որ գրավեց Գանձակում իմ ուշադրությունը, — այդ այգին էր: Պետք է ասած, որ գանձակեցիք առհասարակ այգեգործության մեջ շատ առաջ են գնացել: Նրանց խաղողը իր ընտիր հատկություններով ծանոթ է և թիֆլիսեցիներին: 

Գանձակի խանական այգին















Գանձակի հին քաղաքի տեղը ավերակ է այժմ, տների փլատակները դեռ երևում են: Այստեղ կա մահմեդականների մի ուխտատեղի, որ կոչվում է Գոգ-Իմամ: Դա առաջ պատկանելիս է եղել հայերին, և այնտեղ է Խոսրով նահատակի գերեզմանը:

Շարունակությունը այստեղ։ Մաս 2



Նոթերի նախորդ մասերը՝

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6

October 9, 2021

Գանձակի Խոսրով նահատակի գերեզմանի տեղում Ադրբեջանի ամենամեծ մզկիթն են կառուցել

Շատ քչերը գիտեն Ալիև կրտսերի հայկական Գանձակ քաղաքում կատարած մեծագույն կեղծիքի մասին։

Ալիևը Գանձակում գտնվող հայկական Խոսրով նահատակի մատուռ սրբավայրի տեղում կառուցված պարսկական մզկիթը վերակառուցել և դարձրել է ամենամեծը Ադրբեջանում, որը հայտնի է Գյոգ-Իմամ կամ Իմամզադե մզկիթ։
Խոսրով նահատակը հայ պատանի էր, Գանձակ քաղաքից, որը սիրահարվել էր պարսիկ աղջկա վրա։ Պարսկուհու հայրը մահվան սպառնալիքի տակ ցանկանում է մահմեդականացնել Խոսրովին, ու տանջամահ անում նրան։
Սակայն գմբեթի վրա խաչաձև կապույտ նախշերը չեն կարողացել թաքցնել առ այսօր։
"Եւ իբրև տեսին պարսիկք՝ թէ նա անշարժ կայ ի հաւատս, յետ բազում խոստմանց և սպառնալեաց՝ հանին զնա արտաքոյ քաղաքին. և կապեալ ի ծառ մի՝ քարկոծեցին զնա անդ. և ապա հատին զծառն, և կամէին այրել. բայց քահանայ մի առեալ զայն գնոց արծաթոյ՝ արար անտի խաչ. և զմարմին վկային բարձեալ քրիստոնէից՝ թաղուեցին պատուով..."։

Րաֆֆին ևս անդրադարձել է այս սրբատեղիին՝ "Գանձակի հին քաղաքի տեղը ավերակ է այժմ, տների փլատակները դեռ երևում են: Այստեղ կա մահմեդականների մի ուխտատեղի, որ կոչվում է Գոգ-Իմամ: Դա առաջ պատկանելիս է եղել հայերին, և այնտեղ է Խոսրով նահատակի գերեզմանը:"

Մատուռի վրա մզկիթ։ Ամեն հայկականը պատել են թուրքականով։



Րաֆֆին 150 տարի առաջ նկարագրել է այսօրվա երևանցուն

Երևանցիների անտարբերության մասին դեռ 150 տարի առաջ է գրել Րաֆֆին։

Շատերը չարախնդում են, թե մինչև թուրքը չհասնի Մասիվ, Կոմիտաս, կամ 3-րդ մաս, երևանցիները տեղից չեն շարժվի։ Րաֆֆին փաստում է, որ անգամ այդ դեպքում երևանցիները տեղից չեն շարժվել, դեռ 150 տարի առաջ։

Այն ինչ այսօր կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում, Արցախի մասին չեմ էլ ասում (այն լիովին մոռացվել և ձեռքերը լվացվել է օրվա իշխանավորների կողմից և հանձնված է ռուսական խնամակալությանը) չի վերաբերվում երևանցիներին։

Մեջբերում․

    Երևանը, յուր դիրքին նայելով, դարձյալ մնացել է թուրքի քաղաք: Ասիական կեղտոտությունը տիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից, մինչև փողոցները, հրապարակները և տները: Թուրքը այստեղ նույնպես կատաղի է և նույն արհամարհանքով է նայում քրիստոնյայի վերա, որպես Հասան խանի ժամանակ: Զարմանալին այն է, որ հայերը տակավին հին երկյուղի նախապաշարմունքից չեն ազատվել, մահմեդականի անունը մինչև այսօր նրանց վերա սարսափ է ազդում: Պատճառն այն է, որ այդ ազգը դեռ մնացել է յուր վաղեմի բարբարոսության մեջ, իսկ հայը հին ստրկական բնավորությունը չէ փոխել: Շատ անգամ թուրքի գործած, բայց հայերին հայտնի եղած մի չարագործություն մնում է ծածկված և անպատիժ: Երբ ասում ես հային. — ինչո՞ւ չես գնում և հարկավոր տեղում հայտնում: Նա տալիս է այս սովորական պատասխանը. «Ի՞նչ անեմ, անօրեն է, վնաս կտա...»: Ինձ պատահեց այս տարի հունիս ամսում գտնվել Երևանում: Բայազետի աղետավոր լուրը դեռ նոր էր հասել այդ քաղաքը: Գիշեր էր, երբ նահանգապետը Իգդիրից վերադարձավ և ոստիկանության միջոցով հայտնեց հայերին, թե վտանգ է սպառնում, թող իրանց պահպանեն...

Սոդոմի և Գոմորի կորստական գիշերը այնքան սարսափելի չէր կարող լինել, որպես այն գիշերը երևանցոց համար: Մի քանի րոպեում քաղաքը լցվեցավ ողբով, աղաղակներով: Ընդհանուր խռովությունը տիրեց ամեն տեղ: Փոքրիկ տների գերդաստանները փակվում էին մեծ տներում, հարևանի մոտ պատսպարան գտնելու, հույսը դնելով շինվածքի ամրության վերա: Վաճառականները խանութներից իրանց ապրանքը փոխադրում էին և թաքցնում տների խուլ անկյուններում: Այսպիսի դեպքերում հայը ամեն բանից առաջ մտածում է յուր սիրելի ապրանքի վերա: Ամեն րոպե սպասվում էր, թե քսան հազար քրդի ձիավորներ կլցվին քաղաքը, և տեղացի թուրքերն ևս նրանց հետ խառնվելով, հայերին կկոտորեն, կթալանեն...: 

 Այս օրհասական տագնապի միջոցին ես կանգնած էի մի կտուրի վերա, իմ չորեք կողմից լսելի էին լինում խառն հառաչանքի ձայներ: Ամեն մարդ շտապում էր փախչել... Ամեն մարդ թաքուստ էր որոնում… բայց ոչ ոք չէր պատրաստվում դեմ դնել թշնամուն, կռվել, սպանել և սպանվիլ, և ապա յուր կինը, աղջիկը հանձնել հաղթողի կամքին...

Թուրքերի տանիքներից արդեն լսելի էին լինում հրացանների խուլ որոտմունք, նրանք ձևացնում էին որպես թե պատրաստվում են հարձակվող թշնամու դեմ: Իսկ հայերի տանիքների վերա տիրում էր. գերեզմանական լռություն: Զենք ասած բանը նրանց տներում չկար: Հայը զենքից այնքան է խորշում, որքան սատանայից:

Իմ աչքի առջև ներկայանում էր հայը յուր ամբողջ պատմական այլանդակությամբ: Եվ ես լցված խորին ատելությամբ, ասում էի այս խոսքերը, «Թո՜ղ գան, թո՜ղ կոտորեն, թո՜ղ ձեր կանայքը ձեր աչքի առջև անպատվեն, դուք սովորել եք այդ բաներին... այսպես էին և ձեր պապերը, այնպես էլ մնացիք և դուք... — Ով որ յուր գլուխը պահել չէ իմանում, կոտորելու իրավունքը ինքն է տալիս թշնամուն: 



 


June 19, 2021

Ջրբաժան

Վաղը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։
Հունիսի 20, 2021 թ։ 
Այս օրը որոշվելու է Հայաստանի հետագա ճակատագիրը՝ մենք անցնում ենք Թուրքիայի ազդեցության գոտի թե՞ մնում ենք դեռ 200 տարի առաջ արված աշխարհաքաղաքական ընտրության ծիրում։

Հայաստանի պատմության մասին, սկսած 1988 թվականից ես ոչ թե կարդացել եմ գրքերից կամ լրատվականներից, այլ ապրել եմ այստեղ, տեսել եմ իմ աչքով ինչ է կատարվում և ինչպես։
Ես կարող եմ համեմատել բոլոր ղեկավարներին, ինչը այսօր օրինակ 20-30 տարեկանները անել չեն կարող, նրանք ուղղակի լրատվության ազդեցության տակ են, չեն տեսել սեփական աչքերով։
Իսկ պրոպագանդայի ուժի մասին կարող եք կարդալ թեկուզ Հիտլերի մոտ։

Լևոն

1991-95 թվականները պատերազմի և չքավորության տարիներ էին։ Չկար լույս, չկար վառելիք, տոտալ շրջափակում, ամեն ինչ տալոնով, սով, ցուրտ, արտագաղթ։ Այս տարիները համընկել են իմ ուսանողական տարիների հետ, երբ Երևանի պետական համալսարանի լսարանում քննության ժամանակ համակուրսեցիներս սովից ուշագնաց էին լինում, քննասենյակում +3 աստիճան էր։
Այդ տարիներն էին, երբ փողոցում՝ այն ժամանակվա ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի հրահանգով կարող էին կանգնեցնել ավտոբուսները և մարշրուտկեքը ու քշել հավաքակայան։ Մարդիկ երկու երեք ամսով կորում էին և մի քանի ամիս անց զանգում, հայտնում, որ իրենց տարել են հավաքակայան ու Քելբաջար կամ պատերազմական այլ վայր։
Դրանք թալանի ու վայրի սեփականացման տարիներն էին, երբ բիզնեսմեններ դարձան իշխող ՀՀՇ-ի կողմնակիցները, ի դեպ Հայաստանի բոլոր ղեկավարները սերում են ՀՀՇ-ից։

1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծեց նախագահական ընտրությունները։  Հղում։ 

Ըստ դատարանի կայացված վճռի՝ մարդասպանների բանդա ղեկավարած, այդ տարիների Հայաստանի ներքին գործերի նախարար, Վանո Սիրադեղյանը, Հ1 ալիքով, Վազգեն Սարգսյանի հետ շամպայնի բաժակ չխկացնելով հայտարարեց Լևոնի հաղթանակի մասին, դեռ արդյունքները չհրապարակած։ Ես անձամբ եմ գումարել տեղամասերից ստացված հանձնաժողովների արձանագրությունների թվերը՝ 1996-ին երկրորդ փուլ պետք է լիներ, սակայն Տեր-Պետրոսյանը հայտարարվեց ընտրված նախագահ։ 
Եղան ժողովրդական ընդվզումներ, ձեռբակալվեցին բազմաթիվ իմ կուրսեցիներ, ծանոթներ, շատերը անցան ընդհատակ, փախուստի մեջ էին անգամ Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը և այլոք։ 1996-ի սեպտեմբերին Երևան բերվեց զորք, որը օրենքի խախտում էր։ Ես էլ էի այդ օրը Բաղրամյան փողոցում, երբ ԲՏՌ-ները քշեցին մեզ վրա։ 
Ընտրությունները 1996-ին կեղծած Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր մի անաղարտ մարդ, որը կստանձներ վարչապետի պաշտոնը։ 

Նա իր ընտրությունը կայացրեց Արմեն Սարգսյանի վրա, ով այսօր ՀՀ նախագահն է։ Արմեն Սարգսյանը, դեռ Անդրոպովի ժամանակներում, ԽՍՀՄ օրոք գործուղվել էր Անգլիա դասավանդման, այս փաստը նրա կենսագրությունից հանված է։ Որպեսզի պատկերացնեք դա ինչ է, ԽՍՀՄ օրոք անգամ մեկ շաբաթ Եվրոպա ուղևորվելուց քեզ կցվում էր պետանվտանգության աշխատակից, դու միայնակ չէիր կարող գնալ Հունաստան կամ Չեխիա։ Այս մարդը գնացել է դասավանդելու։ Հասկացա՞նք նա ով պետք է լիներ կամ որտեղ պետք է հավաքագրված լիներ։
Սա գալիս է երկու ամիս աշխատում է վարչապետ և անհայտանում։ Տեսնելով գործի ծավալը փախնում է։  Պաղպաղակ անհնար էր ուտել։ Հայաստանը մնում է առանց վարչապետի։ 

Քոչարյան
Ասեմ, որ 1998-ին բանակում ես դեմ եմ քվեարկել Քոչարյանին, որի համար ընկել պատմությունների մեջ։ Հղումը սա է։ Սակայն հիմա անձի հարց չէ։

1996 թվականի ընտրակեղծարարության պարագլուխներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, Լևոնից ստանում է առաջադրանք, համոզել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ամիս առաջ ընտրված նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին գալ Հայաստան և դառնալ վարչապետ։ Քոչարյանը երեք անգամ մերժում է այդ առաջարկը, ինչի մասին գրել է իր գրքում։
Քոչարյանը պատճառաբանում է իր մերժումը Արցախում կուտակված խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ, Հայաստանում նա ծանոթ մարդ չուներ, շրջապատ չուներ, թիմ չուներ։  Տեր-Պետրոսյանը և Վազգենը կարողանում են համոզել, նա գալիս է Հայաստան և դառնում վարչապետ 1997-ի սկզբներից։
Առաջին քայլը, որ Քոչարյանը ձեռնարկում է Հայաստանում՝ ցամաքային մաքսային անցակետների և Զվարթնոց մաքսակետերի բեսպրեդելի դադարեցումն էր։ Նա իր գրքում նկարագրում է Տեր-Պետրոսյանի դժգոհությունը, որ Քոչարյանը սահմանափակել էր ՀՀՇ-ական բանդիտների ամենաթողությունը սահմանակետերում։ Հեռու չգնանք, ՀՀՇ-ականի վառ օրինակ  Երջանիկ Աբգարյանն էր մաքսայինի պետ, երբ իր կաբինետում մարդկանց ընդունում էր ոտքը-ոտքի վրա գցած, ծխի քուլաներով և ինքն էր որոշում ինչ մտնի երկիր ու ինչ պետք է վճարվի դրա դիմաց։
Իսկ տարիներ հետո, երբ այդ Երջանիկ Աբգարյանը արդեն ամենևին երջանիկ չէր, պաշտոնը թողնելուց հետո և մինչև վերջերս, ֆեյսբուքում ամենակեղտոտ բառապաշարով հայհոյում էր Քոչարյանի կողմնակիցներին։

Երկրորդ քայլը, որ Քոչարյան վարչապետը ձեռնարկեց՝ դա ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների գնահատականների հավաքագրման կենտրոնի վերահսկումն էր, ինչին ես անձամբ եմ մասնակցել 1997-ի ամռանը, գործուղվելով այդ կենտրոն, որպես վերստուգող փորձագետ։ Այդ տարի դիմորդների համար, հազարավոր դոլարներով անցողիկ բալ փոխելու արատավոր երևույթին վերջ տրվեց։ Երբ քննական ստուգող, առարկայական  հանձնաժողովներին ռազմական ոստիկանությունից Խորխոռունին ահաբեկում էր, Քոչարյանը պատասխանում էր մալինովի բերետների և ԱԱԾ ջոկատներով։ Առարկայական հանձնաժողովները զերծ մնացին կեղծիքներից և ահաբեկումներից։
Ես 1994 թվականից՝ աշխատում էի նույն հիմնարկում, և փաստում եմ, որ առաջին սպիտակ աշխատավարձը ստացել եմ Քոչարյանի օրոք, մինչև այդ ամենը ստվերային էր, ծրարներով, անգամ դոլարով, ոչ թե դրամ էր։ Իհարկե այդ "բիզնեսմենների" համար, ովքեր օդից ստացել էին ծանոթ-ընկերներով հիմնարկների տարածքներ, չունեին ոչ հաշվապահ, չունեին ոչ մի հաշվառում՝ դժգոհում էին ու մինչ օրս դժգոհ են Քոչարյանից։

Այո, այս 30 տարիների ժամանակահատվածում՝ 1998-2008 թվականները զարգացման տարիներ էին։
Հայաստանում տան գները կտրուկ աճեցին, արտագաղթածները սկսեցին հետ գալ, տներ գնել, Հայաստանում հազարամյակի մարտահրավերներ, Լինսի հիմնադրամի գումարներով լայնածավալ շինարարություն արվեց, նորոգվեցին բոլոր մշակույթի օբյեկտները, կառուցվեցին ճանապարհներ, ջրագծեր, Իրան-Հայաստան գազատարը։ Ազատականացվեց բջջային կապի ոլորտը, Քոչարյանը զրկեց Արմենտելին մենաշնորհից։ Աղետի գոտում բաժանվեցին գումարային սերտիֆիկատներ, որպեսզի բնակիչները շուկայական գներով տուն գնեին, պետության տրված սերտիֆիկատով։ Հայաստանում հասանելի դարձավ amazon, ebay կայքերից գնումներ կատարելու հնարավորությունը։ Մինչ այդ մենք առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէինք ու մեր բանկային քարտերը չէին ընդունվում այդ կայքերում։

Իրականում Քոչարյանի օրոք Հայաստանում փոփոխությունները խորքային էին բոլոր ոլորտներում՝ կադաստր, պետավտոտեսչություն, ԺԵԿ-եր, պետական ծառայողներ։ Ամենուրեք, որտեղ մարդը շփվում էր պետության հետ, փոփոխություններ կատարվեցին։

Քոչարյանը՝ բացի Մինսկի խմբի օրակարգից, ուղիղ բանակցում էր հայր Ալիևի հետ։
Ալիևը Քի-Վեստում վերջին պահին հրաժարվում է Արցախը Հայաստանին փոխանցելու ամերիկյան փաստաթղթից։ Դրանից հետո Հայաստանում թուրքական լրտես Նաիրի Հունանյանի ձեռքով կատարվում է Հոկտեմբերի 27։ Քոչարյանը կարողանում է երկիրը դուրս բերել այդ արհավիրքից ևս։

Այդ տարիներին, սահմաններում զոհերը անհամեմատ քիչ էին, քան հետագա տարիներին կամ մինչ այդ։

Սերժ
ՀՀԿ-ական իշխանությունը Հայաստանում 1998-ից մինչև 2018 թվականն էր՝ ուղիղ 20 տարի, որից սակայն առաջին տասնամյակը տարբերվում էր երկրորդից։

Սերժ Սարգսյանի 2008-2018 թվականները կարելի է բնութագրել որպես ճահճացման տարիներ, երբ փորձ արվեց եվրաինտեգրման, սակայն մենք հայտնվեցինք ԵԱՏՄ կոչվող անիմաստ կառույցում։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ծաղկեցին աղանդները, տարբեր սոռոսական գրասենյակներ, թափ առան իրական և կեղծ քաղաքացիական շարժումները, գրանտակերությունը դարձավ մի ստվար հատվածի ապրելակերպ։ Նրա օրոք Ազգային ժողովում հայտնվում էին օլիգարխ և քրեածին տարրեր։ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիները  նիկոլիզմի համար պարարտ հող դարձան։

Այդ տարիներին էին, որ իմ հակապուտինյան լինելու համար, ընտրություններին ընդդիմության կողմից մի քանի անգամ վստահված անձ լինելու, տարբեր քաղաքացիական շարժումներին ակտիվ ներգրավվածության համար հրահանգավորված հեռացրեցին 23 տարվա աշխատանքից՝ Հայկական Ծրագրերից, ուր ես ներքին գնահատման սանդղակով՝ 8 չափորոշիչներով գնահատման սանդղակում, թիվ առաջին աշխատակիցն էի, վթար կազմակերպեցին մեքենայի հետ, ընտանիքս մեջը, մեքենայի տակ գցեցին աղջկաս, առևանգման փորձ արեցին երեխայիս մանկապարտեզից, քրեական գործ փորձեցին սարքել ինձ վրա և այլն և այլն։ Սա է Սերժի տարիները ինձ համար։

նիկոլ

Ինչ էինք սպասում մենք 2018-ին։
2018 թվականի ժողովրդական ընդվզումը դատարկ տեղում չեղավ։ Այն ուներ շատ հիմնավոր և կուտակված պատճառներ։
Ի դեպ ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՀՇ-ն չարեցին իրենց ղեկավարման տարիների սխալների վերլուծում։ 
Հայաստանում բոլոր քվեարկությունները ավարտվում էին +-800,000 ձայն հաղթանակով։ 

Այդպես էր զարմանալիորեն նաև 2017-ին ու 2018-ին, երբ Սերժը ստացավ 800,000 ձայն իսկ մեկ տարի անց Նիկոլը հավաքեց նույնքան։
Ես անկեղծ սպասում էի, որ Նիկոլի օրոք՝ Սերժիզմից տուժածներս կարող ենք վերականգնել մեր իրավունքները, սակայն նա այդ նպատակով չէր եկել իշխանության։ Սպասված ռեաբիլիտացիան չեղավ։
Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին նա անց ակցրեց իր գրանտակեր, թմրամոլ, համասեռամոլ թիմի բենեֆիսը, ու անցավ Արցախի ու Հայաստանի կործանմանը։

Նիկոլին գտել են։ Նիկոլի վրա աշխատել են։ Նիկոլ կերտել են ու գցել ասպարեզ։
Իր գրանտակեր թիմը՝ տառականների պես հարձակվեցին եկեղեցու, հայոց լեզվի, դպրոցի, մանկատների, ծերանոցների, ամեն հայկականի վրա։ Սկսեց գովազդվել ԼԳԲՏ բարքերը, թմրամոլության, մարիխուանայի օրինականացումը, նրա ընտրվելուց հետո առաջինը Հայաստան եկավ իր տղամարդ տիկնոջ հետ Էլթոն Ջոնը։ Սա պատահական չէր։ Նրա օրոք տրանսգենդեռները ելույթ ունեցան ՀՀ Ազգային ժողովում,  Կրթության նույնպիսի դդում նախարար՝ արայիկ հարությունյանը ֆինանսավորեց սեռափոխ Մելի մասին ֆիլմը։

Արդյունքը եղավ կորսված Արցախ, քայքայված նախարարություններ, չգործող բանակ, Հայաստան ներխուժած թշնամի։

Նա հային հանեց հայի դեմ։ Եվ 2008-ի մարտի մեկին, ինչից հետո վախկոտի պես փախավ։ Եվ այս երեք տարիներին՝ ընկերը ընկերոջ դեմ, բարեկամը բարեկամի, հարևանը հարևանի դարձան թշնամի։ 

Վաղը պետք է այս նիկոլիզմի վարակը կանգնեցվի։

Նրա հետ ապագա չկա։ 





June 13, 2021

Նամակ շահումյանցուն։ Հունիս 13, 2021 թ։

Բարև, իմ տարագիր ու հայրենազուրկ շահումյանցի։
Իմ հող ու ջրի բարեկամ։

Այսօր մեր Հայրենիքի կորստի օրն է՝  սև հունիսի 13-ը, երբ 1992 թվականին, թշնամուն երկարատև դիմակայելուց հետո, քեզ հանեցին քո հայկական հողից։

Այսօր, ուր էլ լինես, աշխարհի որ ծայրում էլ գտնվես, քո համար հիշատակի օր է, ցավի օր, կորստի օր, դառնության օր։

Իհարկե, այս մեկ օրով չի սահմանափակվում քո սերը դեպի հայրենիք՝ Հյուսիսային Արցախ։
Գիտեմ, որ 29 տարի շարունակ չկա մի առավոտ, որ չլուսացնես առանց կարոտի, առանց հիշողության, առանց այնտեղ մնացած հարազատների հիշատակի, առանց հայրենի բարբառի բառերը հիշելու։

Քո աշխատասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, հարգանք ու պատվի մասին արդեն խոսում են աշխարհի մյուս ծայրերում։ Նոր ծնված զավակներդ արդեն մեծ են, 29 տարեկան, նրանք միայն լսել են մեր Մռավի, Դոդ սարի, Շմփրըպտոկի, Քուրակ գետի, Կեպասի մասին։ Նրանք դարձել են գիտնական, մարզիկ, զինվորական, արվեստի ստեղծագործող, պետական գործիչ, հողագործ աշխատավոր, բժիշկ։ Բայց միևնույնն է իրենց շահումյանցի են համարում, քո շնորհիվ հայերեն են խոսում։

Հայրենակից ջան, գլուխդ բարձր պահիր։

Չնայած, որ 90-ականներին ու հետագա տարիները անարդար եղան քո հանդեպ, շատ վատ դիմավորեցին քեզ Հայաստանում։ Անգամ փախստականի կարգավիճակ չտվեցին քեզ։ Դավաճան հհշականները քեզ էին դավաճան անվանում, քեզ էին մեղադրում, թե իբր թողեցիր քո հողը, առանց կռվի եկար Հայաստան։ Գիտեմ, որ քո հետ փոխանակված Շուշիում էլ չթողեցին որ բնակվես՝ մի հայտնի գեներալ, այսօր էլ պաշտոնյա, ասել էր՝ ի՞նչ է, Շուշին անտեր է՞, որ շահումյանցին գա բնակվի։
Լաչինում Հայրիկյանի (պարետն էր այն ժամանակ) բաշիբոզուկները թալանում էին գրպանիդ վերջին փողն ու մատանին, 
թրքաբարո շորթում էին փախստականներիդ։

Սակայն դու չես փոխանակել քո հայրական տունը թուրքի հետ։ Դու առևտրի չես հանել հայրենիքդ։ Քո ղեկավարները չեն գնացել թուրքի հետ բանակցել, թե ինչպես անվնաս՝ գումարի դիմաց, հայի տունը թուրքի տան հետ փոխեն ու շարասյուներով,  ուղղաթիռներով քեզ դուրս ուղեկցեն քո իսկ հողից, միայն թե գնաս, միայն թե թողնես հայկական տունդ, տեղդ։ 

Սկսած այն պահից, երբ Շահումյանի նստաշրջանում, 1989 թվականի հուլիսի 26-ին որոշեցիր միանալ Արցախին ու այդ օրվանից սկսած, 1000 օր պայքարեցիր մինչև 1992 թվականի հունիսի 13-ը։ Ոտքով 21000 հայեր անցան Մռավի կածանները, գետերը և անդունդները։ Շատ շատերը չհաղթահարեցին այդ արգելքները։

Իսկ ո՞վ էր քո վրա հարձակվողը։ Արդեն ռուսական, ուկրաինական վարձկանները, ադրբեջանցի թալանչիների ուղեկցությամբ, մոտ 150 տանկերով մեկ օրում հայաթափեցին շրջանը։ 

Այո, գիտեմ, որ քեզ հայերի չեչեններ են անվանում կատակով։ Քանի որ մի քանի անգամ արտաքսվել ես հարենիքիցդ ու նորից հետ ես եկել։ Քանի որ կռվել գիտես։ Հողդ հիշել ու սիրել գիտես։ 

Եղբայր իմ։ Քույր իմ։ 

1767-ին դու չէի՞ր հակահարձակումից հետո պաշարել Գանձակ քաղաքը, երբ Շահվերդի խանը խնդրում էր վրաց Հերակլ թագավորին, որ միջնորդի դադարեցնես պաշարումը։

Դու չէի՞ր, որ թուրքական զորքերին ջարդ տվեցիր 1918-ին Գանձակում, կոտորեցիր 18000 մուսավատական։

Դու չէի՞ր 1991-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մամեդովին գերի վերցրել, երբ նա իր օմոնական ջոկատներով գյուղերդ էր ավիրում ու զավակներիդ գերի տանում, իսկ դու գերի վերցնելով ազատում էիր զավակներիդ, ի տարբերություն այսօրվա գերի  ընկածներին ազատողների։

Դու չէի՞ր, որ դիմադրեցիր խորհրդային զորքերի Կոլցո օպերացիային և առաջին անգամ պատմության մեջ՝ 1991 թվականի սեպտեմբերին, հետ գրավեցիր քո Բուզլուխ․ Էրքեջ, Մանաշիդ գյուղերը։

Քո հանդեպ էր, որ առաջին անգամ պատերազմում, թշնամին կիրառեց Գրադ կայան, օգտագործեց քիմիական զենք, կործանիչ Մի-24 ինքնաթիռներ։

Դու չէի՞ր միակը, ով այս 30 տարվա պատերազմների մեջ, մի քանի տարի անտառներում պարտիզանական կռիվ մղեցիր թուրքի դեմ։ Այլ տեղերում պարտիզաններ եղա՞ն։ Ոչ։

Քանի՞ անգամ քո զավակներդ եկան Մռավի փեշերին կազմ ու պատրաստ կանգնեցին, որ ազատագրեն Շահումյանը։ 

Շատերը չգիտեն էլ, որ 1993-ի ապրիլի 13-ին ազատագրել ես Գյուլիստանը, քո արծիվ որդիների հետ, Մեծն Շահենի գլխավորությամբ։ Այն օրվա հհշական իշխանությունը հրամայեց հետ հանձնել, չազատագրել մնացած գյուղերը, իսկ չորս օր անց Շահենի ուղղաթիռը կործանվեց։
2016-ի ապրիլյանին ևս զավակներդ հավաքվեցին աշխարհի տարբեր ծայրերից, որ պետք է ազատագրվի Շահումյանը։ 
2020-ին էլ եկան։ Շատերը զոհվեցին, անհայտ կորան, վիրավորվեցին։ Բայց Արցախի հյուսիսային Եղնիկները մնացին անառիկ։ Քո հիմնած զորամասի տղերքը չպարտվեցին անգամ կապիտուլյանտի պատերազմում։

Գիտեմ, որ հատկապես այս տարի վհատված ես։

Քո կորստյան ցավը շատերը չըմբռնեցին, մինչև այդ ցավը չտարածվեց Հադրութի, Շուշիի, Քարվաճարի, Մարտակերտի վրա։ 
Այսօր արդեն նրանք են տարագիր դարձել։ Արդեն Հայաստանից են գերի վերցնում, Հայաստանի հողն են գրավում։
Որովհետև քո Մռավի ղողանջները չլսեցին ոչ մեկը։ Քո ահազանգին խուլ մնացին։ 

Ուղղիր մեջքդ եղբայր իմ։

Մենք իրավունք չունենք ջուրը լցնելու այսքան չարչարանքը և մեր սերնդի վրա ավարտելու մեր պատմությունը։ 
Այսօր դավաճանները խոսում են 
միայն ԼՂԻՄ-ի սահմանները վերականգնելու մասին։ Մոռացել են քեզ, մի լռիր, եղբայր իմ։ 

Մեր ավագ սերունդը արդեն մեզ հետ չէ, եթե Հյուսիսային Արցախում ծնված սերունդն էլ անցնի գնա, մենք անդառնալիորեն վերջնականապես կորցնելու ենք  Հյուսիսային Արցախը։

 Այս 29 տարիներին դու գրել ես բազմաթիվ գրքեր, բանաստեղծություններ, երգեր, հիշողություններ և փաստեր ես թղթին հանձնել, ֆիլմեր նկարել, որպեսզի սերունդներին փոխանցվի մեր հերոսական պատմությունը։ Որևէ պետական աջակցության չես արժանացել, դեռ ավելին՝ դու ես օգնել պետությանդ, Հայաստանին, Արցախին։ 

Փառք մեր պապերին ու հայրերին։ 
Նրանք տոտալ շրջափակման մեջ, ուղղաթիռներով կարողացել են հաց, զենք, այլ պարագաներ հասցնել մեր պաշարված բնակիչներին։

Շահումյան-Գետաշենի համար ընկած մեր զինվորներ։ 
Փառք Ձեր հիշատակին և զոհողությանը։ 

Շահումյանը մոռացության չմատնող հայեր, դուք հերոսներ եք։
Կաթիլը քար է ծակում, դա այդպես է։

Այս ժամանակավոր վայրէջքը 
նորից կփոխարինվի հաղթանակով և թռիչքով։

Լուսաբացից առաջ ամենամութ պահն է լինում։


April 17, 2021

Խրիմյան Հայրիկի պատգամը 150 տարի անց ևս այժմեական է

Արցախի փաստացի կորստից հետո հուսահատ ենք հայերս։
Հաղթանակած վեհ ժողովուրդը մի խումբ ստահակների պատճառով կուչ է եկել, դառել մի բուռ խեղճացած, մոլորված զանգված։
Հօդս են ցնդել 33 տարվա համազգային  չարչարանքներն ու տառապանքները։
Քաղաքական կուսակցությունները որևէ սպեղանի ունակ չեն առաջարկելու մոլորված մեր ազգին։

Խրիմյան Հայրիկը իր սպիտակ ձիու վրա


Այսօր ընթերցում էի Շուշի հայկական քաղաքում 1884 թվականի ապրիլին հրատարակված "Գործ" ամսագիրը։
Այնտեղ մեջբերված է Խրիմյան Հայրիկի պատգամը՝ 1876 թվականի Վանի մեծ հրդեհից տուժած հայերին։ 
Խրիմյան Հայրիկը հրատարակում է "Վանգույժ" կոչը, որտեղ մխիթարում է ավերակներ դարձած Վանի հայ բնակիչներին։ Նրա կոչը 150 տարի անց այժմեական է նաև մեզ համար.

Կոխեցէ՜ք և անցեք, ո՜վ աշխատաւոր եզինք։

Մի թափառիք ու հեռանաք ձեր ավերակ ագարակէն։
Ելե՜ք դարձեալ զոյգ-զոյգ լծուեցէք, ձեր սամօտիք պինդ կապեցէք ընկերական սերով:
Հեծելով, փնչալով փորեցէ՜ք ու պատռեցէք այդ տառապանաց ակոսն։

Մշակներ, գոգնոց կապեցէք, լի յուսով ցանեցէք ձեր վաստակասէր քրտանց սերմն։
Պահ մի ևս սպասեցէք, զի ձմեռ է, ձիւն ու սառնամանիք ծածկել են աշխարհ։

Գարուն մօտ է, Հայոց աշխարհ, և պիտի գայ ծիծեռնակ քեզ աւետիս տայ։