Showing posts with label Գետառ. Show all posts
Showing posts with label Գետառ. Show all posts

March 21, 2014

Երևանի ջրհեղեղը 1946 թ. մայիսի 25-ին

Երևի քչերին է հայտնի, թե ինչ է տեղի ունեցել 1946 թվականի մայիսի 25-ին Երևանում:

Առաջին անգամ այս պատմությունը լսել եմ տատիկիս պատմածներից: Նրանք ապրում էին այսօրվա Կամերային տան այգու "Միասնության խաչ" արձանի հետին մասում:
Տատիկս պատմում էր, որ ամբողջ տունը ջուր էր, ոչ մի բան չէր մնացել տան ներսում: Իսկ որպես հետևանք այդ ջրհեղեղի մատնանշում էր քարերը, որոնք Գետառն էր քշել բերել այդ օրը:
Ահա այդ քարերը, որոնք այսօր էլ այդտեղ են`

1946 թվականի Գետառի ջրհեղեղի բերած քարերը այսօր էլ այգում են
1946 թվականի մայիսի 25-ին ժամը 20.30-ին Երևանի կենտրոնը անսպասելի հեղեղվել էր Գետառի ջրերով: Սա իսկական ջրհեղեղ էր:

Նախորդ օրը գիշերը անընդհատ տեղացել էր անձրև: 25-ի ցերեկը անձրևը ավելի թույլ էր, սակայն երեկոյան կողմ այն նորից հորդառատ էր դարձել:

Ջրի հեղեղը առաջին իսկ 2 րոպեյում հասել է կրիտիկականի և պահպանվել այդպես մինչև 22.30: Մոտ երկու ժամ ջրի հոսքը չի թուլացել:

Շատերի հողաշեն տները ուղղակի քշվել էին ջրի ուժգին հոսանքից: Ջուրը իր ճանապարհին հանդիպող շենքերի մուտքերով և առաջին հարկերի պատուհաններով լցվում և դուրս էր հորդում հակառակ կողմից կամ վերևի հարկի պատուհաններից, դուրս հանելով ամբողջ գույքն ու իրերը:

Քշված կամուջների երկաթները և տրամվայների ծռմռված ռելսերը խցանվում էին շենքերի մուտքերում և նկուղներում:

Մեծ ավերածությունների են ենթարկվել Երևանի կենդանաբանական այգին և Անատոմիկի շենքի նկուղները: Ջուրը քշել տարել էր կենդանիներին և մահացածների մարմինները:

Քշված քարերի տրամագիծը հասնում էր 1-1.5 մետրի:
Ասֆալտե ծածկը լրիվ քշվել և մաքրվել էր:

Միայն 22.30-ից այն սկսել է թուլանալ, և նոր 24.00-ին գետը վերադարձել է իր սովորական հունը:

Քաղաքի բակերը և փողոցները ծածկվել էին տիղմով և մեծ ու փոքր քարերով:

Քշված նյութերի ծավալը հասել է մոտ 500.000 խ.մ, որը կազմել է ջրի հոսքի 28%-ը: Փաստորեն 1 խ.մ ջուրը քշել է մոտ 380 կգ նյութ:

Ջրհեղեղի պատճառը նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղացող անընդհատ անձրևներն էին, որոնք նվազեցրել էին հողի ջրի կլանման գործակիցը:

Հետպատերազմյան սոսկալի իրավիճակում բնակիչները ապավինում էին միայն սեփական ուժերին:
Քաղաքը լիովին այս ջրհեղեղի հետևանքներից մաքրվել է մոտ 2 տարվա ընթացքում: Մեծամասամբ բնակիչների ուժերով:

Գետառի պատճառով ջրհեղեղներ եղել են 1860, 1866, 1873, 1912, 1923, 1924, 1946 թթ-ին:

Այսօր արդեն Գետառի հունը լիովին փակ է: Այն խողովակով հասնում է Հրազդան գետ:

Բայց ապահովագրված է արդյոք Երևանը նոր ջրհեղեղից?