November 24, 2016

Զօր. Անդրանիկ կը խօսի

Ֆրանսիայի Ազգային Gallica թվային առցանց գրադարանում գտա զորավար Անդրանիկի Փարիզում 1921 թ. տպված խոսքը, որի 37-39 էջերը ներկայացնում եմ Ձեզ:
Տեսեք թե որքան նման է Անդրանիկի նկարագրած դաշնակցական Հայաստանը մերօրյա ՀՀԿ-ական Հայաստանին:
Ամբողջ նյութը կարող եք կարդալ այստեղ:



Ես հեռացայ Հանրապետութենէն, որպէսզի մասնակից չլինիմ այն բոլոր անպատուաբեր, անմիտ, սնանկ եւ ազգակործան գործունէութեան, որուն նուիրուեցան հանրապետութեան վարիչները առաջին օրէն:

Իւրաքանչիւր զինւորականի քով դաշնակցական լրտես մը դրուեցաւ:

Խորհրդարան մը կազմուեցաւ զուտ դաշնակցականներէ, որոնց մեջ կային քանի մը ընկերուհիներ ալ:

Ներքին պայքար մղուեցաւ միւս հայ կուսակցութեանց դէմ երկրին մէջ թե երկրէն դուրս: Իսկ հայ պօլշեւիքներուն դէմ յայտարարեցին եղբայրասպան կռիւ:

Պատերազմ ըրին Վրաստանի դէմ երեք հոգիի որոշումով եւ Հայաստան մատնուեցաւ սովի:


Շքախումբեր կը ղրկուէին Տրապիզոն եւ Կ.Պօլիս, ոճրագործ Էնվէրներու եւ Թալէաթներու մօտ:

Թիֆլիսի մէջ երեք ամիս կը վիճէին թե մեր բանակը պէտք է կազմել տէմոքրատիկ 
սկզբունքներով. ինչ որ կը նշանակէր տիսիբլինը վերցնել:

Զինադադարէն ետք հանրապետութեան վարիչները ցոյց չտուին իմաստութեան ո'եւէ նշոյլ:

Պաշտօնատունները լեցուեցան դաշնակցական պաշտօնէութեամբ, որոնց թիւը կը հասնէր 16 հազարի: 
Ճակատ ղրկուեցան Դաշնակցութեան չպատկանող եւ հակառակորդ տարրեր միայն:

Պ.Խատիսէան Պաթումի դաշնագիրը ստորագրելէն ետք Թիֆլիսի մէջ կը յայտարարէր թէ թուրքերը զարգացած եւ ճէնթլմէն մարդիկ են եւ Թուրքիոյ հայերը չեն կրցած անոնց հետ վարուելակերպ ունենալ:

Երեւանի մէջ կը հագուեցնէին մեր սիրուն աղջիկները. որպէսզի կայարանի մէջ ծաղկեփունջերով դիմաւորեն Խալիլ եւ Նուրի փաշաները, որոնք հարիւր հազարաւոր հայուհիներ բռնաբարել եւ կոտորել տուած էին: Երեւանի մէջ զինւորական նուագախումբերով ճաշկերոյթներ կը տրուէր այս մարդոց:

Չկրցան հետեւիլ շրջահայեաց ներքին քաղաքականութեան մը եւ առաջ բերին ապստամբութիւններ թաթարական շրջաններու մէջ:
Մերժուեցան Ազգ.Պատուիրակութեան առաջարկները համաձայնութեան մասին:

Այս բոլորը արդիւնք էին մտայնութեան մը, որ չէր զանազանուեր Ռուսիոյ արդի վարիչներուն մտայնութենէն: Ես կը նախատեսէի թէ բոլոր այն աթոռները, զոր գրաւած էին Երեւանի ղեկավարները, խարխուլ էին, քանի Ռուսաստան իր վերջին խօսքը չէր ըսած:
Դժբախտաբար այսօր իրականութիուն մըն է, ինչ որ նախատեսած էի:

Այն մարդիկ որոնք կը հիանային թուրքերու ճէնթլմէնութեան վրայ, ստորագրեցին Աղէքսանդրապօլի դաշնագիրը, ցեխի մէջ թաթխելով այն ոսկէ գրիչը, որով ստորագրուած էր Սէվրի դաշնագիրը:

Անցեալ տարի երբ Ամերիկա կը գտնուէի, Գ.Փաստրմաճեան աղմուկ մը փրցուց, ըսելով թէ Պօղոս Նուպար Հայաստանի հարաւային մասը քիւրտերուն կը յանձնէ:
Սակայն չլսեցի տակաւին թէ ինչ կը խորհի միեւնոյն Փաստըրմաճեանը եւ ինչու շշուկ մը իսկ չի հաներ ամբողջ Թրքահայաստանը մեր թշնամիներուն ծախողներուն դէմ:

Հայկ.Հանրապետութիւնը վիժեցաւ, որովհետեւ շէնք մը շինելու համար լաւ ճարտարապետներ պէտք էին. մինչդէռ անոր ղեկավարները հիմը դրին օդին մէջ, փոխանակ հաստատուն գետնին վրայ դնելու:

Ուրիշին հոր փորողները իրենք մէջը ինկան:

Իմ խիղճս եւ հոգիս հանդարտ է այս բոլորին մէջ:

Մնացածը կը թողում անաչառ պատմագրին, որպէսզի երեւան հանէ բոլոր անոնք, որոնք պատճառ եղան այսքան անմեղ արիւններուն թափուելուն:



Անդրանիկ:
1921
Բարիզ:
Հրատարակութիւն "Ապագայ" շաբաթաթերթի


November 9, 2016

Ինչ անել որակ փոխելու եւ թռիչք ապահովելու համար


ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Հարցազրույց - 09 Նոյեմբերի 2016, 12:48

Մեր զրուցակիցն է ծրագրավորող Արթուր Ղազարյանը

Երեկ վարչապետը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ասել է, որ թռիչք անելու, որակ փոխելու առումով հույսը կապում է նրանց հետ: Եվ նրանցից ծրագրեր է ուզել: Իբրև ոլորտի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում նման քայլը:
Չեմ թաքցնի, որ Կարեն Կարապետյանի և նոր անբիծ անցյալով մի քանի նախարարների նշանակումը ես ևս ողջունել եմ, և սկզբնական շրջանում հույս ունեի, որ նա իրոք շեշտակի փոփոխությունների կգնա: Սակայն կառավարության ծրագիրը կարդալուց և կառավարության վերջին 1,5 ամսվա նիստերի օրակարգերը ուսումնասիրելուց հետո փոխել եմ կարծիքս: Նրանք ուղղակի ժամանակ են ձգում մինչև առաջիկա՝ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները: Նույն մոտեցումները ես տեսնում եմ ՏՏ ոլորտի հետ հանդիպումներում: Նախ սկսենք նրանից, թե ում հետ է հանդիպում նոր վարչապետը: Կարեն Կարապետյանը հանդիպում է նույն այն մարդկանց հետ, ովքեր որպես ՏՏ ոլորտի գրպանային ներկայացուցիչներ տարիներ շարունակ հանդիպում են նախկին վարչապետների և նախագահների հետ: Այդ ՏՏ ոլորտի մարդիկ մինչև այսօր նույնպես օգտվել են վարկային բազմամիլիոնանոց և արդյունքները չվերլուծած ծրագրերից, բյուջեի սուղ հատկացումներից:
Եթե վարչապետը ուզում է կոնկրետ ծրագրեր, թե ինչպես շեշտակի փոխել ՏՏ ոլորտի իրավիճակը, ես ունեմ իմ մոտեցումներն այդ հարցում:



Օրինակ, ինչպիսի՞ մոտեցումներ կան, հնարավորություն չի՞ եղել Դուք էլ ներկայացնեիք դրանք վարչապետին:
Ես վարչապետին կառաջարկեի գույքագրել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ պատրաստող ԲՈՒՀ-երի ծրագրերը, դասավանդվող առարկաների ցանկը, կկրճատեի հնացած, ծրագրավորումից հեռու դասախոսական կազմը: Կուղարկեի բոլորին տուն:
Երկրորդ քայլով կառաջարկեի հանրապետականացված ԲՈՒՀ-երում արգելել երիտասարդական հանրապետական միության գործունեությունը, որը ուսանողներին ուսման վարձի հատուցում տրամադրելով՝ ուղղակի խեղում է ապագա մասնագետներին, ուղղակի գնում է նրանց հոգիները:
Երրորդ՝ ես բոլոր ՏՏ մասնագետների համար կստեղծեի պայմաններ, որպեսզի նրանք մուտք գործեն դպրոցներ և սկսեն ինֆորմատիկա առարկայի իրական դասերը: Բոլոր մասնագետներին, ովքեր կդասավանդեն դպրոցներում, կտրամադրեի հարկային արտոնություներ, կազատեի նրանց եկամտային հարկի վճարումից:
Չորրորդ՝ ես կհրավիրեի աշխարհի լավագույն ՏՏ մասնագետներին այստեղի ԲՈՒՀ-երում դասավանդելու, կվճարեի նրանց կացության և տեղափոխման ծախսերը: Կբերեի լավագույն պրակտիկաներն այստեղ:
Հինգերորդ՝ ես գումարներ կհատկացնեի, առցանց անգլերեն դասընթացները հայերեն թարգմանելու կամ հասանելի դարձնելու այստեղ: Coursera, EDx առցանց կայքերով կարելի է այսօր անվճար ուսում ստանալ աշխարհի հռչակավոր դասախոսների մոտ` MIT, Harvard, Berkley, Oxford: Թուրքիայի կառավարությունը տարեկան մոտ 250 մլն դոլար հատկացնում է թուրք մասնագետներին թուրքերենով այդ նյութերը հասանելի դարձնելու համար: Մեր համալսարանները չեն գիտակցում, որ արդեն փակված են:
Այո, առցանց ուսուցումը հեղաշրջել է աշխարհը: Իսկ մենք դեռ ուսուցանում ենք այն առարկաները, որ 30 տարի առաջ են դասավանդվել: Պետք է հասկանալ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները բաց աշխարհի քաղաքացիներ են: Նրանք չունեն սահմաններ: Եվ նրանց արտահոսքը շատ հեշտ է: Այսօրվա աշխարհը խելացիների մտքի թռիչքի աշխարհ է, այլ ոչ թե զոռբա կուսակցականացված սաքուլիկների: Իսկ մեզ մոտ դեռ ֆակուլտետ են օրհնում ռեկտորի մասնակցությամբ: Պատկերացնում եք, 21-րդ դարում:
Պրն Ղազարյան, Տիգրան Սարգսյանն էլ շրջանառության մեջ դրեց գիտելիքահենք տնտեսություն ունենալու գաղափարը, ինչը դարձյալ մնաց թղթի վրա։ Կարծում եք՝ այս անգա՞մ էլ նույնը կկրկնվի։
Գիտեք, Տիգրան Սարգսյանի հայկական աշխարհ, տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, համահայկական բանկ ծրագրերը որտե՞ղ են... Չկան: Իսկ որտե՞ղ է Տիգրան Սարգսյանը: Մոսկվայում ԵՏՄ պաշտոնյա է: Միգուցե Մոսկվայում աշխատանքն է որոշ մարդկանց երազանքը, բայց ոչ մեր: Կարեն Կարապետյանը կազմել է ծրագիր, մի քանի էջով ներկայացնում է տնտեսության բոլոր բնագավառները`տրանսպորտ, կրթություն, գյուղատնտեսություն, արտաքին հարաբերություններ: Բայց Օբամայի միայն առողջապահության բարեփոխման ծրագիրը 25.000 էջ էր, որտեղ գրված էր ով, երբ, ինչ պետք է անի: Կարապետյանի ծրագրում չկա կոնկրետություն, դա բարի ցանկությունների կենացաճառ է: Ոչ ավել: Կտեսնենք նախընտրական պոպուլիզմից հետո ինչ են անելու:
Ֆինանսների նախարարության կայքից կարող եք ծանոթանալ, որ 2016 թվականի վերջին երեք ամսում ՀՀ պարտքը` ներքին և արտաքին, աճել է մոտ 250 մլն դոլարով, այսինքն՝ ամեն օր մենք պարտք ենք վերցնում 2.7 մլն դոլար: Սա իրոք մտահոգիչ է: Եթե կարող բոլոր ուժերը այսօր չաշխատեցվեն, այլ շարունակեն անգործության մատնվել, մենք կկորցնենք պետականությունը: Կարմիր գծերի փոխարեն թող պետականացնեին պղնձի և մոլիբդենի հանքերը: Դա արդեն լուրջ կլիներ:
Հարկային նոր օրենսգրքից դժգոհ են հենց ՏՏ ոլորտի մասնագետները։ Կիսո՞ւմ եք մտահոգությունը, հնարավո՞ր է՝ սա արտագաղթի նոր ալիք բարձրացնի։
Հարկային նոր օրենսգիրքը նոր վարչապետի նշանակման օրը ԱԺ-ում հանվել էր շրջանառությունից: Մտածել էին, որ իրոք պետք է նոր վարչապետը այն հիմնովին փոխի: Բայց, ավաղ, ոչ: Օրենսգիրքը բերվեց նորից ԱԺ օրակարգ և ընդունվեց վերջնականապես: Եկամտային հարկի բեռը այդ օրենսգրքում աճել է: Չմոռանանք նաև կենսաթոշակային սպասվող պարտադիր մուծումները: Այսինքն՝ աշխատողների հարկային բեռը ավելանում է: Եվ ամենահիմնական պայմանը, որ շահութահարկը պետք է հավասարեցվի եկամտային հարկին՝ սկզբից կար նախագծում, հետո հանվեց: Իրավաբանական անձի շահույթը` շահութահարկի տեսքով և ֆիզիկական շահույթը` եկամտային հարկի տեսքով պետք է հավասար լինեն: Իսկ նոր օրենսգրքով դա չարվեց: Իսկ արտագաղթի հիմնական ալիք, բացի այս սոցիալական, հանրության արդարության հարցերից` մնում է չլուծված ղարաբաղյան հարցը: Պատերազմի վտանգը ուղղակի դուրս է մղում արական սեռի բնակչությանը երկրից: Սրա մասին էլ են մոռանում: Եվ ի վերջո օրենսգրքերը, օրենքները այստեղ միայն հարկահավաքության համար են գործում, այն էլ ոչ բոլորի: Եթե ամեն մի նոր նախարար խոսում է «խաղի նոր կանոններից», ապա ինչ օրենք, օրենսգիրք պետք է գործի: Բոլորին թվում է, թե ինքը պետք է խաղի կանոն սահմանի՝ մոռանալով, որ կառավարումը խաղ չի, և պետք է գործեն օրենքները, ոչ թե նորանոր կանոններ ստեղծվեն:
Ի՞նչ եք կարծում՝ քառօրյա պատերազմից հետո որքանո՞վ են վերանայվել ՏՏ ոլորտի առաջնահերթությունները, որքանո՞վ է փոխվել վերաբերմունքը ոլորտի նկատմամբ։ Եվ արդյոք ՏՏ ոլորտի արտադրանքը իրացման շուկա ունի Հայաստանում։
Քառօրյա պատերազմը ի հայտ բերեց իրական վիճակը: Բոլորը հասկացան, որ տանկերը թղթի պես խոցվում են` իսրայելական բարձրտեխնոլոգիական զենքի կողմից: Կադրային փոփոխություններ եղան, բայց պատասխանատվության ոչ մեկը չկանչվեց: Գիտեք, անկեղծ չեմ հավատում, որ հասարակ արդյունաբերությունից զրկված Հայաստանը ունակ է հիմա բարձրտեխնոլոգիական արտադրության: Նույն Տիգրան Սարգսյանը ասում էր, որ մենք դարձել ենք ծառայություններ մատուցող երկիր, մեզ արդյունաբերություն պետք չի: Իսկ բարձրտեխնոլոգիական զենքի արտադրության համար պետք են ոչ թե հասարակ, այլ բարձրակարգ ինովացիոն գիտելիքների տեր մարդիկ: Պետք են մշակումների ընդունված ստանդարտներ:
Օրինակ, CMMI ստանդարտը ընդունվել է ի սկզբանե որպես նախապայման ԱՄՆ պաշտպանական ոլորտի պատվերները կատարելու համար: Չես բավարարում այդ պահանջին, պետական պաշտպանական պատվեր չես ստանում: Եթե հիմնարկը չի համապատաստանում ներքին պրոցեսների CMMI ստանդարտին, ապա որևէ պետական պատվեր, առավել ևս պաշպանական, նրանք ստանալ չեն կարող: Նույնը վերաբերում է բյուջեից սնվող պատվերներին և աշխատանքներին: Բոլոր մատակարարները պետք է անցնեն նմանատիպ հավաստագրում: Մեզ մոտ սա չկա: Պետք է սահմանել, որ ՊՆ-ի պատվերները կատարող հիմնարկները պետք է անցնեն CMMI հավաստագրում: Եթե աշխատենք այս ուղղությամբ, ամեն բան հնարավոր է ստեղծել, ուրիշ բան՝ դրա ժամանակը մեզ տրվա՞ծ է, թե ոչ...

Հոդվածի հղումը `այստեղ


August 22, 2016

Ինչու աշխարհի լավագույն պրակտիկաները չեն ընկալվում հայ պաշտոնյաների կողմից?

Օտարերկրյա շփումների նպատակներից է` դիմացի կողմի ձեռքբերումներին և լուծումներին ծանոթանալն ու սեփական երկրում կիրառելը:

Հայաստանում լրիվ հակառակ էֆեկտն ենք տեսնում:

Նախագահի, պատգամավորների, քաղաքապետերի, մարզպետների այցերը եվրոպական, ամերիկյան երկրներ որևէ օգուտ մեր երկրին չեն տալիս:
Այնտեղ տեսած լավագույն պրակտիկաները չեն ընկալվում և հետևաբար չեն էլ ներդրվում մեզ մոտ:
Լրիվ հակառակ պատկերն ենք տեսնում, երբ նշած պաշտոնյաները այցելում են ԵՏՄ երկրներ` հատկապես Ռուսաստան: Անմիջապես այցին հետևում է օրենսդրության կամ տնտեսության մեջ մի նոր փոփոխություն-հետընթաց:

Պարզվում է այս ամենի պատճառը շատ հայտնի է. դա ընկալման պակասն է:

Մեր պաշտոնյաները ընկալում են միայն այն` ինչին որ սովոր են. կազինոները, առևտրի մոլերը, կերուխումը, բայց ոչ ինովացիաները կամ տեխնոլոգիաները:

Բացատրեմ օրինակի վրա:

Արտաքին աշխարհից ազդակները մարդու ուղեղում ստացվում են միայն այն դեպքում, երբ այդ տեղեկատվությունը համապատասխանում է ուղեղում 'դրված մատրիցային', որը ձևավորվել է նախկին իրադարձությունների ընթացքում: 


20-րդ դարի սկզբում, բրիտանացի հետազոտողները Սինգապուր են բերում Մալազիական թերակղզու ցեղերից մեկի առաջնորդին: Այդ ցեղը լրիվ մեկուսացած էր արտաքին աշխարհից և ապրում էր դեռ քարե դարի վիճակում, անգամ անիվ նրանք չէին հայտնաբերել:
Առաջնորդը խելացի մարդ էր,  նա մանրամասն բացատրում և արտահայտվում էր իր սեփական աշխարհի մասին:

Բրիտանացիները փորձի համար որոշում են նրան տանել Սինգապուր, որը արդեն խոշոր նավահանգիստ էր, բարձրահարկ շենքերով, զարգացած առևտրով:

Մալազիական ցեղի առաջնորդին 24 ժամ ուղեկցում են քաղաքում, ցույց են տալիս բազմաթիվ պոտենցիալ փոփոխությունները և զարգացման հնարավորությունները, որոնք նրա ցեղը կարող է իրականացնել Մալազիայում:

Բայց բոլոր հրաշքներից, որ ինքը տեսել էր, միայն մեկն էր նա առանձնացրել, որպես ամենակարևորը: Նա փողոցում տեսել էր մի մարդու, որը ավելի շատ բանան էր տանում, քան ինքը մինչ այդ պատկերացնում էր, որ հնարավոր է տանել: Ու հատկապես տպավորվել էր այդ փաստից:

Ինչը որ նրա բանականությունը մինչ այդ չգիտեր և չէր տեսել, նրան չէր էլ հետաքրքրել:
Նա չէր ընկալել բարձրահարկ շենքերի և ահռելի նավերի իմաստը, բայց երբ տեսել էր առևտրականին, ով սայլակը հրելով բանաններ էր տեղափոխում, նա զարմացել էր և տպավորվել տեղափոխվող բանանի քանակով:

Մնացած բոլոր հնարավոր փոփոխությունների նշանները այնքան հեռու էին նրա կյանքի փորձից, որ աչքերի տեսածը նա չէր էլ ըմբռնել:

Ահա թե ինչու մեր ցեղի առաջնորդները չեն ընկալում այդքան տեսածն ու լսածը:
Սակայն նրանք շատ լավ ընկալում և յուրացնում են կևորկովյան միակուսակցական, չեկիստական գործելակերպը: Որը նրանց և հոգեհարազատ է և ծանոթ:

May 4, 2016

Կատուն մեկ ամիս առանց կեր ու ջրի մնացել էր միայնակ` բնակարանում

Մեր շքամուտքում մի քանի կատուներ համարյա դարձել են շենքի բնակիչներ` հարևանները նրանց պարբերաբար կերակրում են:
Եվ կատուները այնքան են 'զարգացել', որ երշիկ էլ չեն ուտում:

Դուռը դեռ չբացած ոտքերի տակ են ընկնում: Շատ են լկստվել:

Հարթակում երեք բնակարան կա:
Մեկի դուռը միշտ փակ է, սեփականատերերը քաղաքում չեն:
Դիմացի հարևանը` տիկին Ամալյան, նույնպես սիրում է կատուներին և մեր մեջ ասած` նա է երես տվել դրանց, որ չեն հեռանում դռների առջևից:

Սակայն այսօր բարեհաջող ավարտվեց հետևյալ պատմությունը, որը ի դեպ անհավատալի է:

Ուրեմն մոտ մեկ ամիս շարունակ, շքամուտքի հարթակով անցնելուց, դռան ետևից պարբերաբար կատվի մլավոց է լսվում: Դե ես կարծում էի, որ դիմացի հարևանը` տիկին Ամալյան, որոշել է կատվին տանը պահել և մտածում էի նրա տնից է ձայնը գալիս:

Քայլերը լսելուց կատվի ձայնը ավելի ուժգին էր դառնում: Պատահում էր, որ այլ կատուներ ևս հավաքվում և ձայնակցում էին դռան ետևում գտնվողին:

Բայց այսօր, պարզվեց, որ այդ փիսոն ամենևին էլ մեր իմացած դռան ետևում չէր: Ընդհակառակը, պարզեցինք, որ հենց փակ բնակարանից էր գալիս նրա ձայնը: Այսինքն նա փակ բնակարանում էր հայտնվել:

Բայց ինչպես է նա այնտեղ հայտնվել? Ինչպես է կատուն մեկ ամիս փակ տանը առանց կերի և ջրի դիմանում: Ի դեպ կատվի ձայնը վերջերս թուլացել էր և համարյա չէր էլ լսվում: Հազիվ էր լսվում:

Զանգեցինք 911: Փրկարարները ասացին, որ  կատվին փրկելու համար կարող են դուռը բացել, սակայն պարտադիր է նաև ոստիկանության և համատիրության ներկայությունը:
Դրա կազմակերպումը երկար գործընթաց էր:

Ես լուրն առնելուն պես հանգիստս կորցրի: Գտա այդ տան բնակչի համարը` անհասանելի էր: Իմացանք նրա անուն-ազգանունը: Պարզվեց, որ շատ հազվագյուտ հայկական ազգանուն էր:

Փնտրեցի ինտերնետում, սոցիալական կայքերում, մի քանիսին հաղորդագրություն գրեցի:
Այլ հույս չկար:
........
Մեկ էլ մեկ ժամ չանցած, ստանում եմ ֆեյսբուքյան զանգ: Զանգահարողը այդ փակ բնակարանի տիրոջ որդին էր: Ես պատմեցի եղելությունը: Նա ասաց, որ ծանոթներին կտեղեկացնի, որ լուծեն խնդիրը:

Երկու-երեք ժամից բարեկամները բացեցին դուռը: Դուռն բացելուն պես, փիսոն փախավ տնից:
Սակայն ոչ մի կեր էլ պարզվեց նա չուներ: Ջուր նույնպես: Մեկ ամիս այդպես դիմացել էր:

Ուրեմն բնակարանի տերը մեկ ամիս առաջ եղել էր տանը, մուտքի դուռը բաց թողած` գնացել էր պատշգամբ, իսկ այդ ընթացքում այս չարաճճին ներխուժել և թաքնվել էր տանը: Իսկ տերը դուռը փակել և քաղաքից մեկնել էր:

Բայց ինչպես էր դիմացել փիսոն?
Փաստորեն կատուն կարող է մեկ ամիս մնալ առանց կեր ու ջրի?

Որքան կարևոր են սոցիալական կայքերը: Եվ ինչ լավ է, որ մարդիկ այնտեղ գրանցված և հասանելի են:

Թե չէ մեր այս փիսոն շատ վատ կավարտեր:


February 13, 2016

Երևանում նորից կանաչ տարածք են վերացնում

Այսօր շրջանայինում, Աբովյանի արձանից ոչ հեռու գտնվող պուրակում նկատեցի բուլդոզեր, ինքնաթափ: Բարձր ցանկապատը արդեն կասկածներ առաջացրեց, մոտեցա:

Պուրակի կենտրոնում, ծառերի մեջ այնպիսի բարձր ցանկապատ էր քաշած, որ չերևա ոչինչ թե ներսում ինչ է կատարվում: Աշխատում էր ծանր տեխնիկան և բանվորները:

Պտտվեցի շուրջը և ապշեցի: 

Շինարարությունը կատարում է քաղաքաշինության նախարարությունը: Նորից Նարեկ Սարգսյանի հերթական աբսուրդ մտահղացումն է: 

Պուրակի կենտրոնում, կանաչ տարածքի հաշվին կառուցում են Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն թանգարանը:

Իսկ ով ասաց, որ մյուս տեղերում անօրինական է եղել շինարարությունը? Մաշտոցի պուրակում էլ էր արտոնված, Աբովյան 30-ում էլ, Նալբանդյան 108-ում էլ, ....
Խնդիրը այն է, որ պուրակ են քանդում: Ինչի համար են քանդում բացարձակ անէական է:

Ինչու են պուրակում կառուցում, փչացնելով ծառերը, կանաչ բնությունը:

Մի քանի օր առաջ մտավորականները բողոքում էին Երևանի շինարարության դեմ, որ քաղաքի դեմքը փոխվում է, ամենուրեք քանդում են հին շենքերը, պուրակները:

Երևանի աղճատման դեմ բողոքողների թվում էր նաև Դավիթ Մաթևոսյանը, "Հրանտ Մաթևոսյան" ֆոնդի տնօրենը:














January 16, 2016

Ի վերջո ձյունը և տարածքը հայ զինվորները մաքրեցին

Այսօր հունվարի 16-ին Մայր Հայաստան արձանի մոտակայքի ձյունը և տարածքը հայ զինվորները մաքրեցին:

Ինչպես ասում են, Շնորհակալություն պարոն Տարոն Մարգարյանին ու Սանիտեկ ընկերությանը, որ այս գործը այնքան չարեցին, որ մեր զինվորը ստիպված բահն ու ավելը վերցրած մաքրեց տարածքը: