Showing posts with label Եվրոպա. Show all posts
Showing posts with label Եվրոպա. Show all posts

February 14, 2015

Ռազբորկաներ են

Իրոք շատ զավեշտալի իրավիճակ է:

Երկու միանման, միասեռ, միածին, միատեսակ համարժեք ուժեր իրար են "բախվում"` ՀՀԿ և ԲՀԿ:
Ինչը ինձ` քաղաքացուս հետ աղերս չունի: Ռազբորկաներ են:

Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

"Շունն ու կատուն"

Ինչն է պատճառը այս խառնաշփոթի? Կերի պակասը: Միմիայն: Օբշակի կաթսան քչացել է:
Տեսել եք, խոզերը ինչ են անում կերակրատաշտի մոտ, երբ լափը պակասում է? Ահավոր տեսարան է: Հիմա Հայաստանում այդ վիճակն է:
Առաջ կարող էին պայմանավորվել, կիսվել, հիմա արդեն չկա այդ հնարավորությունը:




Փող չկա: 


Ոչ դրսից, ոչ ներսից, ոչ ներդրումներից, ոչ խոպանից, ոչ վարկերից, ոչ սեփականաշնորհումից, ոչ բարեփոխումների դիմաց, ոչ էլ հայրենասիրական կոչերի, ոչ հարկերից, ոչ ժողովրդից:
Չկա, էլ ոչ մեկին չես կարող խաբել և հիմարացնել:

Ու ինչ նոր բան կարող է առաջարկել աշխարհից լրիվ իզոլացված, ի դեպ 18 տարի երկիրը կառավարող կուսակցությունը?
Նա միայն կարող է զավթել ոչ այնքան յուրայինների մոտ դեռ քիչ մնացածը:

Իհարկե, 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո, Եվրոպայի մասին խոսք չկա: Այնտեղ ձգտելուց պետք էր աշխատել, մտածել, փոխվել, զարգանալ, սովորել, չարչարվել, նեղություն տալ քեզ:
Ինչի համար, երբ կարելի է մսխել եղածը և ճահճի մեջ մնալ, լափել` "Ապրում ենք էլի, ինչը փոխենք?" կարգախոսով:


Երկիրս զարգացումը գերադասեց  և փոխարինեց խոպանչիների արտահանման շարունակության և արտադրողների անորակ ապրանքները իբր ԵՏՄ անծայրածիր շուկայում սաղացնելու ուղու հետ:
Բայց արդեն ԵՏՄ-ում գտնվելու 2 ամիսը հակառակն են ապացուցում` դժգոհ են և խոպանչիները և արտահանողները:

March 24, 2014

Առավոտյան ժամերգություն Վիեննայում

Հուլիսյան կիրակի օր էր: 2009 թվական:

Վիեննայի ժամանակը երկու ժամով հետ է երևանյան ժամային գոտուց, այդ պատճառով առավոտյան շատ շուտ էի արթնանում:

Այդ օրը սակայն սովորականից ավելի շուտ արթնացա: Այս անգամ եկեղեցու բարձր զանգերից:

Մեր Կոնտինենտալ հյուրանոցը ընդամենը մեկ մայթով էր բաժանվում Մարիահիլֆեր քիրշե եկեղեցուց:

Պատուհանս բաց էր: Իսկ եկեղեցու զույգ բարձր գմբեթներից հնչող զանգերի կոչը ուղղակի սենյակ էր լցվում:



Զանգերը կանչում էին առավոտյան պատարագի: 

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ես անպայման աշխատում եմ ներկա լինել տեղի եկեղեցիների որևէ պատարագին:

Այսօր առիթը ինքն էր եկել:
Մարիա Հիլֆեռ Քիրշե եկեղեցին
Առավոտյան փողոցները մարդաշատ չէին: Չնայած, որ Վիեննան 1.7 մլն-ոց մայրաքաղաք է, օդը շատ մաքուր է` նման մեր դիլիջանյան օդին:

Տարեց պատկառելի տղամարդիկ, կանայք, ինչպես նաև երիտասարդներ շտապում էին ժամերգության:

Եկեղեցու ներսը շքեղ էր:
Եկեղեցու ներսում

Ներսում փոքրիկ անվճար կլոր մոմերը դրված էին սեղաններին:
Ցանկացողները ինքնուրույն վերցնում և դրամը գցում էին պահոցի մեջ:

Ամեն մի նստարանի դարակում կարմիր աստվածաշունչ էր դրված:
Պատարագի յուրաքանչյուր մասնակից, բացում էր քահանայի արտասանվող մասի էջը և ձայնակցում ընդհանուր աղոթքին:

Անմիջապես մուտքի վերևում մեծ երգեհոնն էր:
Երգեհոն

Ես ներսում նստեցի վերջում` ազատ նստարանին: "Հայր մեր"-ից հետո, քահանան սկսեց կարդալ Սուրբ գրքից հատվածներ:

Ներկաները ուշադիր հետևում էին նրան, թերթելով նստարանների դարակներից հանված ավետարանները:


Հոգևորականը ընթերցում էր գերմաներեն: Որոշ աղոթքներ լատիներեն էին:

Բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի էին կանգնում և խաչակնքվում:
Կաթոլիկները, ի տարբերություն ռուսների, մեր նման ձախից աջ են խաչակնքվում:

Դիմացիս տատիկը շրջվեց և գերմաներեն ինչ-որ բան հարցրեց ինձ:
Ես անգլերեն հարցրեցի, թե ինչ է ասում?
Նա հասկացավ, որ գերմաներեն չգիտեմ, և հարցրեց որտեղից եմ եկել?
Ասացի` I am from Armenia.

Այդ Արմենիա բառը նրան ոգևորեց: Դեմքը անմիջապես պայծառացավ, և ասաց,
"Armenia, Great Country. Christian Country"
Եվ գրկախառնվեց ինձ:
Անակընկալի եկա:

Այդ պահին առաջին անգամ ես զգացի, որ մենք հայերս միայնակ չենք այս աշխարհում: Որ մենք ՄԵԾ քրիստոնեական աշխարհի մի մասն ենք:

Ես ուրախ էի, որ մեր նախնիները հեռատեսորեն մեզ միաձուլել են համաշխարհային քաղաքակրթության կրոնին: Թեև ազգությամբ տարբեր ենք, սակայն եվրոպացիների հետ մենք էլ ընդհանուր կապող օղակ ունենք:





Հայաստանյան մեկուսացված և փակուղային իրականությունից հետո այդ զգացմունքը հիանալի էր: 

Այն էլ Հայաստանից այդքան հեռու, սակայն այդքան մտերիմ Ավստրիայում:

April 23, 2013

Տրանսպորտը քաղաքակիրթ աշխարհում և մեզ մոտ: Առաջարկներ նորընտիր քաղաքապետին:

Մեքենայիս անսարքությունը ստիպում է պարբերաբար օգտվել քաղաքային տրանսպորտից`
մետրո, տաքսիներ, երթուղային տաքսիներ, ավտոբուսներ:

Տոմս
Տուրիզմի զարգացումից խոսացողները երբեք չեն նշում տրանսպորտային միասնական տոմսի կիրառման բացակայության մասին Երևանում:
Նույն տոմսը պետք է գործի և մետրոյում, և ավտոբուսում, և տրոլեյբուսում, և միգուցե երթուղային տաքսիներում: Եվ ունենա նույն միասնական գին:
Սա կստեղծի միասնական վերահսկվող, հարկվող տրանսպորտային փոխադրումների հոսք:
Քանի դեռ գծատերերը կաթողիկոսից մինչև քաղաքապետերն են, իսկ տրանսպորտի նախարարը ոչ պրոֆեսիոնալ, ապա այս խնդրի լուծումը չի լինելու:

Բրյուսելում բիզնես կենտրոնների մոտ ոչ թե Խամմեր կամ Բենտլիներ են, այլ լիցքավորվող փոքրիկ մեքենաներ
Մետրո
Զարգացած աշխարհին մեզ հաղորդակից դարձնող միակ տրանսպորտային միջոցը այսօր մետրոն է: Ցավոք նոր կայարաններ չեն կառուցվում և չեն էլ նախատեսվում կառուցել:
Գոնե կառուցվեր օդանավակայանը մետրոյի ցանցին միացնող գիծը:
Իսկ եվրոպական բոլոր քաղաքաներում` մետրոն հիմնական ուղևորափոխադրողն է: Հետաքրքիր է, որ մետրոյի և տրամվայի տարբերություն օրինակ Բրյուսելում չես նկատի: Հենց մետրոյի կայարանում, թեկուզ գետնի տակ` գալիս է մեկ մետրոյի գնացքը, մեկ տրամվայը: Արտաքինից էլ դրանք քիչ են տարբերվում:

Բրյուգգեյում օրինակ բակերում հեծանիվի ավտոտնակներ են
Տրամվայ
Դանդաղաշարժ, խցանումներ ստեղծող, անիմաստ, կախվող ու վտանգավոր կտրվող լարերով տրոլեյբուսների փոխարեն ամենուրեք տրամվայներն են: Եվ արագ է, և ազատ, անպայման առանձին ճանապարհ ունի:
Երևանում պետք է վերականգնել տրամվայները:
Տրամվայի գծերը Բոննում չեն հատվում մյուս մեքենաների գծի հետ: Իրար նրանք չեն խանգարում



Տաքսի
Օրինակ Դյուսելդորֆում 3 կմ տաքսիյով երթևեկելը արժե 32 եվրո: Մի անգամ ստիպված օգտվեցի:
Օրինակ Սոֆիայում տաքսիստները օգտվում են կենտրոնական միասնական պատվերի համակարգից: 
Տաքսիստների մոտ մեքենայում կա պարտադիր 3 սարք`

  • GPS տեղորոշման համակարգը, փողոցների քարտեզներով, կարճագույն ճանապարհը որոշելու հնարավորությամբ: 
  • Հաջորդը ՀԴՄ տպող սարքն է, որի վրա ի դեպ տպվում է նաև կիլոմետրաժը և գինը, ժամանակը: 
  • Երրորդ սարքը դա առկա պատվերների միասնական արտացոլումն է քարտեզի վրա: Վարորդը ուղևորին իջեցնելուց, անմիջապես այդ կենտրոնացված պատվերների բազայից  ընտրում է իր հասցեին մոտակա ակտիվ պատվերը, գրավում է այն և կատարում պատվերը: Պատվերների գրանցման համակարգը միասնական է:
    Չկա անընդհատ էդ ռադիոյի խշշոցը մեքենայում: Չկան տարբեր` Քիսո, Փիսո, Պլյուս և այլ հետ չզանգող հեռախոսավարներ:

Ժամանող տրանսպորտի չվացուցակը Դյուսելդորֆում
Երթուղային
Այդպիսի տրանսպորտ չեմ հանդիպել ոչ մի տեղ: Սա պետքա ուղղակի վերանա մեր քաղաքում: Որպես մարդու իրավունքներին հակասող տրանսպորտ: 

Բոննում ավտոտնակները բազմահարկ շենքի են նման


Ավտոբուսներ
Ավտոբուսներում կարելի պարզվում է կանգնել և ՉԿՌԱՆԱԼ, գլուխը չծռել:
Մարդավայել կարելի է լենուբոլ նստել, շնչել, նայել պատուհանից: Հիշում եք չէ ֆրանսիական թեկուզ 10 տարվա հին ավտոբուսները: Հանեցին, իհարկե, մեր քաղաքացիներին չի կարելի օգտվել նորմալ տրանսպորտից:
Երևանի վայ կառավարիչները ներկրել են լիլիպուտների համար ավտոբուսներ` նեղ, ցածր, կանգնելու տեղի և հնարավորության ի սպառ բացակայությամբ:
Տպավորություն է թե ամբողջ ազգը տանկիստի մարմնի կառուցվածք պետք է ունենա` 150 բոյով:
Առանձնացված ճանապարհներ Դյուսելդորֆում` մեքենաների, հեծանիվների, մարդկանց համար

Ճանապարհներին կայանման խնդիրը
Շատ քաղաքներում խցանումներից խուսափելու համար ճանապարհի 1-ին գիծը նախատեսված է միայն ավտոբուսների համար: Անգամ տաքսիները 1-ին գծով չեն կարող քշել: Մեզ մոտ առաջին գիծը ծախել են պառկովշիկներին: Կայանումը քաղաքի կենտրոնում ահավոր թանկ պետք է լինի:

Ամստերդամում 10 ժամվա կայանման քարտը կենտրոնում 24 եվրո է

December 1, 2012

Երկաթուղային փակուղի

Այս տարվա ամռանը` եվրոպական շրջագայությունից հետո, հիշեցի մի խնդրի մասին, որը բոլորը արդեն մոռացել են: Հայկական երկաթուղու մասին:

Մեր երկաթգիծը այսօր հանձնված է ռուսներին, բայց անգամ ներքին միջքաղաքային փոխադրումներ չկան: Միջքաղաքային տրանսպորտը երթուղային տաքսիներն են:

Չեն կառուցվում նոր երկաթուղային ճանապարհներ: Չէ, որ մի օր արտաքին ճանապարհները կբացվեն:

Անտվերպենի 4 հարկանի կայարանը: Գնացքը 4-րդ հարկում է:

Թե որքան ինտենսիվ է երկաթուղու աշխատանքը Եվրոպայում, թե ինչքան խիտ է այդ ցանցը, թե ինչպես են 5 րոպեն մեկ գնացքները շարժվում Բրյուսելից Փարիզ չեմ նկարագրի այսօր:

Երևանի մանկական երկաթուղին 

Մանկական երկաթուղում այս հին, փոքրիկ շարժակազմը գնում է առաջ ու հետ է գալիս:
Մեր ներկան նման է այդ գնացքին` հին, 75 տարվա, փոքր, անհարմար նստարաններով, ուղղակի արտաքինից թարմ ներկված: Այո, այնպես, ինչպես ծաղիկներով ու նկարներով փորձում են թաքցնել մեր քաղաքում փլվող շենքերը և փողոցները:

Այդ գնացքը գնում է առաջ ու հետ գալիս, նորից է գնում առաջ ու հետ է գալիս: Իբր թե ճանապարհ է գնում: Իբր թե մարդկանց ինչ-որ տեղ է տեղափոխում: Իբր թե մենք երկաթգիծ ունենք` կապված գոնե մեր հարևանների հետ:
Սխալ գնացք է դա:

1992 թվականին հունիսի 13-ին Շահումյանի հանձնումից հետո 21000 փախստական ոտքով եկան Հայաստան:

1992 թվականի հուլիս: Երևանի կայարանում, փախստականները իրենց ամբողջ ունեցվածքով, սպասում են գնացքին:

Այդ երկաթգիծը կարծես թե սպասում էր, որ փախստականների վերջին խմբերն էլ հասցնեն մեկնել Ռուսաստան ու նոր կանգ առնի: Այդպես էլ եղավ:
Աբխազական երկաթուղին 1992 թվականի օգոստոսի 14-ից կանգ առավ` Ինգուրի գետի կամրջի պայթեցումից հետո: Այն չի գործում առ այսօր:

Այս խնդիրը դուրս է եկել մեր բոլոր օրակարգերից: Մենք սովորել ենք աշխարհի փակուղու կարգավիճակին: Սովորել ենք տեղափոխման բարձր սակագներին, որը թանկացնում է բոլոր ներկրվող ապրանքները:

Բրյուգեի կայարանում: Թալիս արագընթաց գնացքը

Մենք սովորել ենք փակուղային հոգեբանությանը: 
Մեր աշխարհագրական խաչմերուկի  դիրքը այսօր ամենևին չի օգտագործվում:

Ռուսները ինչպես ամեն ինչը Հայաստանում գնել ու չեն էլ ցանկանում զարգացնել, ներդրումներ անել` как собака на сене.



Իսկ մեր նորօրյա բրեժնեևները այսօր թիթեռներով ու գորտերով են զբաղված....
Հա: Մոռացա:
Նրանք բուդկչի են իրենց մտածելակերպով: Մաշտոցի պուրակը դրա վկան:

September 26, 2012

Ինքնուրույն ուղևորություն Եվրոպա: Մաս 2

1. Երկրների և քաղաքների ընտրության մեջ շատ կօգնի այս կայքից օգտվելը`
http://www.virtualtourist.com/travel/Europe/TravelGuide-Europe.html

Այստեղից կարող եք գտնել ընտրված երկրի տեսարժան վայրերը:
Ինչպես նաև այցելած տուրիստների կարծիքները:

2. Վիզայի անհրաժեշտ քայլերը և լրացվող ձևերը կարող եք գտնել
Գերմանիայի դեսպանատան կայքից`

http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/09/Visaverfahren__S.html
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը լրացնելուց և հավաքելը կտևի մոտ 1 շաբաթ, քանի որ պետք է վերցնել տեղեկանքներ աշխատանքի վայրից, բանկից քաղվածքներ, տոմսը պետք է ունենաք ինքնաթիռի, անհրաժեշտ գումարը ձեր քարտին, հյուրանոցների ամրագրումները, առողջության ապահովագրումը:

Իսկ ձեզ հարմար օրն ու ժամը առցանց կարող եք ամրագրել այստեղից`

https://service2.diplo.de/rktermin/extern/choose_categoryList.do?locationCode=eriw&realmId=122

3. Ինքնաթիռի տոմսը նույնպես կարող եք գնել առցանց այս հասցեով`
http://www.austrian.com/?cc=AM&sc_lang=en
Ես գնել եմ ավստրիական ավիաուղիներից:
Խորհուրդ եմ տալիս երբեք ԱրմԱվիայից տոմս չգնել, քանի որ իրենց հակամարդկային կերպարը նրանք վերջնականապես ցույց տվեցին սիրիահայերի տոմսերի խայտառակ պատմության մեջ: Եվ գները իրենց միշտ մի քանի անգամ բարձր են նորմալ համաշխարհային գներից:
Ավստրիական ավիաուղիների տոմսը դուք կարող եք շենգենյան վիզան մերժելու դեպքում վերադարձնել իրենց երևանյան գրասենյակ, որտեղ կգանձվի ձեզանից 10000 դրամ պահում:

Հյուրանոցների ամրագրումը կատարում եք
http://www.booking.com/ կայքից կամ ուղղակի այնտեղից գտնում եք հյուրանոցը և հենց հյուրանոցի կայքից ամրագրում եք այն:
Ուշադիր եղեք, որպեսզի ամրագրված հյուրանոցի համարը լինի վերադարձվող և ոչ մի լրացուցիչ պահումներ չեղարկման դեպքում չլինեն: Կան հյուրանոցներ, որոնք մեկ օրվա գումար են պահում չեղարկելուց, կամ նախաճաշ չկա, կամ ընդհանուր զուգարան է: Պետք է լինեք շատ ուշադիր պայմանները կարդալուց:

4. Միջքաղաքային տեղափոխումների համար կարող եք գներին ծանոթանալ երկաթգծերի հետևյալ կայքերից`
Ավստրիայում`
http://www.oebb.at/en/index.jsp

Հոլանդիայում`
http://www.ns.nl/en/travellers/home

Գերմանիայում`
http://www.deutschebahn.com/en/start.html

Կարող եք գտնել և շատ այլ կայքեր:




September 25, 2012

Ինքնուրույն ուղևորություն Եվրոպա: Մաս 1

Արդեն մի քանի անգամ ինքնուրույն կազմակերպել և գնացել եմ Եվրոպա:

Ինչու չեմ դիմել տուրիստական գործակալություններին? Որովհետև ավելորդ գումարներ չունեմ, իրենց տալու համար և չեմ ցանկանում շրջագայել որևէ հերթական ռուսական խմբի հետ: Կան իհարկե տուրիստական ուղեգրեր` 'Բոլոր Եվրոպական մայրաքաղաքները 10 օրում':
Դա նույնն է, ինչպես ինքնաթիռով անցնել տարբեր երկրների վրայով և ասել, թե եղել եք այդտեղ:
Հայաստանի բոլոր տուրիստական գործակալությունները մեր քաղաքացիներին կցում են որևէ ռուսական խմբին և նոր ուղարկում, քանի որ այստեղից խմբեր համալրելը չի ստացվի, քիչ են մարդիկ:
Պետք ա առնվազն 3-4 օր մնալ մի տեղ: Որպեսզի շրջել այդ քաղաքում, ապրել այդ շրջապատում:
Ուղղակի ինքնուրույն շրջագայելը ունի մի քանի փուլ, որը պետք է դուք կազմակերպեք:
1. Երկրների և քաղաքների ընտրություն
2. Վիզայի ստացում
3. Ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում:
4. Միջքաղաքային տեղափոխումների պլանավորում:

Իհարկե այս ամենը այսօր հնարավոր է կատարել ինտերնետի միջոցով: Իհարկե սա չի վերաբերվում մեր Հայաստանին, քանի որ այստեղ այցելում են միայն էքստրիմ տուրիզմի սիրահարները: Սրան դեռ կանդրադառնամ:

Ես գնացել եմ 3 անգամ, վերջին անգամը ընտանիքով` երեխաների հետ:

Մի զարմացեք, այո, երեխաների հետ գնացել եմ Եվրոպա, շրջագայել և հետ եկել: Թեև շատերը այդ պարագայում կմնային այնտեղ:

Մյուս մասում կնկարագրեմ կետերը մանրամասն:

Լավ եղեք: