Showing posts with label ուսանող. Show all posts
Showing posts with label ուսանող. Show all posts

February 28, 2013

Ուսանողների իրավունքը և դասախոսների պարտականությունը օրենքներում


ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Հոդված 28.     Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները

1. Բուհական պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և ընտրովի մարմինների աշխատանքին:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ընտրովի պաշտոններն են` ռեկտոր, մասնաճյուղի (կրթահամալիրի) տնօրեն, ֆակուլտետի դեկան (ուսումնական ստորաբաժանման ղեկավար), ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս: Այդ պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնականհաստատության կառավարման մարմիններում` բարձրագույն ուսումնական հաստատության (մասնաճյուղի) խորհուրդ, գիտական խորհուրդ, ֆակուլտետի (ուսումնական ստորաբաժանման) խորհուրդ, հավակնորդների թեկնածությունները քննարկելու և գաղտնի (փակ) քվեարկությամբ ընտրելու արդյունքով:

10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:

Հոդված 49.     Սովորողների իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը
 2. Արգելվում է սովորողներին ներգրավել աշխատանքի` առանց վերջիններիս և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնության: Սովորողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման մեթոդների կիրառումն արգելվում է:


ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 6.       Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները
7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության և պետության առջև:

Հոդված 11.     Բարձրագույն ուսումնական հաստատության խնդիրները
Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝
6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.
7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

Հոդված 16.     Հասարակական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում
Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:


Հոդված 17. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում:Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդը:

Հոդված 19.     Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները

6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝

3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.



October 16, 2012

Ուսանող ժամանակ "տոմսի" գործ էինք անում::)))

Ուղիղ 20 տարի առաջ, երբ դեռ սովորում էի համալսարանում` 2-րդ կուրսում, 1992-93 թ․, շատ ծանր ձմեռ էր: Ի դեպ մինչև 1996 բոլոր ձմեռները շատ ձյունառատ ու ցուրտ էին, մինչև մարտի վերջերը մայթերին սառույցի հաստ շերտ էր լինում։ 

Լույսի մասին խոսք չկար, հացը ամենքիս տալիս էին օրական 200 գրամ, այն էլ կտրոնով:
Խանութները դատարկ էին և աշխուժանում էին այն օրերին, երբ ամերիկյան օգնության լոբի կամ մարգարին էին բաժանում:

Հաճախ հացը ստանում էին երեկոյան ժամը 10-11-ին, օրեր էին լինում՝ գիշերվա 1-ին և մենք խանութում հերթ էինք կանգնում մոմի լույսի տակ ու սպասում էինք այդ մեկ ու կես մատնաքաշին: Ամեն օր հացը լինում էր տարբեր գույնի ու որակի։ Մի օր դեղին, քանի որ եգիպտացորենի ալյուրից էին թխում, մի օր կանաչ, մի օր սև, մոխրագույն, բայց երբեք ոչ սպիտակ ու ոչ սովորական հացի որակի։ Հացը Երևան էին բերում նաև շրջանների հացի գործարաններից (օրինակ Արմավիրից, Իջևանից), որտեղ որ այդ պահին կար հոսանք կամ ալյուր։ Դրա համար ամեն օր տարբեր ժամերին էր այն գալիս։ 

Մեր կուրսի տղաներով տարբեր հնարքների էինք դիմում, որպեսզի մի քանի ռուբլի աշխատեինք, ուսմանը զուգահեռ: Տարբեր գործեր էինք նախաձեռնում:

Մեկը նկարներ էր նկարում և վաճառում Սարյանի արձանի մոտ գտնվող վերնիսաժում, մյուսը ֆոտոլուսանկարում էր փողոցում, մյուսը դոլարներ էր վաճառում սև շուկայում, մի քանիսս էլ համակարգչային խաղային ծրագրեր էինք բերում փոստով Մինսկից: Հետո սկսեցինք ծրագրեր գրել Բեյսիկով 'Վեկտոր' սովետական համակարգչի համար և վաճառել ծանոթներին:

Մեր համալսարանական խմբում Սուրեն կար Գյումրիից:

Նա Երևանում սովորելու ընթացքում ապրում էր վարձով:

Մի օր Սուրենը եկավ, թե լավ գործ եմ գտել: Ռոսիյա կինոթատրոնի դիմացի մայթում գտնվող երկաթգծի տոմսարկղներից, Երևան-Թբիլիսի տոմսեր էր առնում և երեկոյան տանում կայարանում վերավաճառում էր մեկնող վրացիներին:
Վրացիները այդ ժամանակ շատ էին գալիս  երևանյան շուկաներ: Նրանք արկղերով բերում էին մանդարին, կիտրոն, դափնու տերև - վաճառում էին ԳՈՒՄ-ի շուկայում: Երեկոյան էլ, հենց նույն օրը` գնացքով վերադառնում էին Թիֆլիս:
Նա առաջարկեց ինձ էլ առավոտյան գալ՝ իր հետ տոմս գնելու:
Մեր կրթաթոշակի համեմատ ահագին մեծ գումար էր: Սակայն տոմսերը տալիս էին սահմանափակ, յուրաքանչյուր գնորդին 3 տոմսից ոչ ավել:
Տոմսարկղերը բացվում էին առավոտյան 8-ին և կես ժամվա ընթացքում բոլոր տոմսերը վաճառվում էին: Վրացիներին այլ տարբերակ, քան գնել վերավաճառողներից չէր մնում:

Շուտով հասկացանք, որ տոմսերը դրամարկղից՝ անգամ առավոտյան, վաճառում են շատ քիչ քանակով: Երկաթգծի այդ օրերի տերերը իրենք էին տակից հետո վաճառում բազմակի թանկ անգամներ:
Առավոտյան վաճառածը կազմում էր տոմսերի մի 10 տոկոսը` դա էլ ձևականորեն, իբր թե մարդկանց էլ են ազատ վաճառում:

Ձմեռը սաստիկ էր: Քաղաքում մեքենա չկար: Լենինի հրապարակը դատարկ էր և պատված ձյունով: Մարդիկ տեղաշարժվում էին կամ ոտքով կամ մետրոյով:

Առավոտյան գնացի, հաղթահարեցի հայկական հերթի դժվարությունները և գնեցի այդ 3 բաղձալի տոմսերը:
Տոմսերը  հաստ ստվարաթղթից էին, ուղղանյունաձև: 3-ն էլ Սուրենը գնեց:


Երեկոյան ժամը 7-ից ես ու Սուրենը երկաթգծի կայարանում էինք: Գնացքը պետք է մեկներ 20.30-ին:
Վաճառեցինք այդ 6 տոմսերը և ուրախացած գնացինք տներով:

Միլիցիոներները թույլ չէին տալիս, որ իրենց անծանոթ մարդիկ կայարանում կանգնած տոմս վաճառեն: Միայն իրենց ծանոթները պետք է վաճառեին: Մենք ներկայանում էինք, թե տոմսը գնել ենք, որ գնանք Թիֆլիս, բայց չի ստացվում գնալը, դրա համար պետք է տոմսը վաճառենք ինչ-որ մեկին: Այդ հնարքը կարող էր աշխատել 1-2 անգամ:
Կար 2 տարբերակ` կամ մտնել իրենց մենթական մաֆիայի տանիքի տակ և մուծվել նրանց, կամ էլ դուրս գալ այդ 'բիզնեսից':

 Մենք ընտրեցինք 2-րդ տարբերակը:

Այդ օրը մենք կարող էինք մեզ թույլ տալ գնել բժշկական ինստիտուտի հացի սև շուկայից, առանց կտրոն, թանկ,  հավելյալ հաց և տանել տուն: Մեր վաստակածը դա թույլ էր տալիս: