December 1, 2012

Երկաթուղային փակուղի

Այս տարվա ամռանը` եվրոպական շրջագայությունից հետո, հիշեցի մի խնդրի մասին, որը բոլորը արդեն մոռացել են: Հայկական երկաթուղու մասին:

Մեր երկաթգիծը այսօր հանձնված է ռուսներին, բայց անգամ ներքին միջքաղաքային փոխադրումներ չկան: Միջքաղաքային տրանսպորտը երթուղային տաքսիներն են:

Չեն կառուցվում նոր երկաթուղային ճանապարհներ: Չէ, որ մի օր արտաքին ճանապարհները կբացվեն:

Անտվերպենի 4 հարկանի կայարանը: Գնացքը 4-րդ հարկում է:

Թե որքան ինտենսիվ է երկաթուղու աշխատանքը Եվրոպայում, թե ինչքան խիտ է այդ ցանցը, թե ինչպես են 5 րոպեն մեկ գնացքները շարժվում Բրյուսելից Փարիզ չեմ նկարագրի այսօր:

Երևանի մանկական երկաթուղին 

Մանկական երկաթուղում այս հին, փոքրիկ շարժակազմը գնում է առաջ ու հետ է գալիս:
Մեր ներկան նման է այդ գնացքին` հին, 75 տարվա, փոքր, անհարմար նստարաններով, ուղղակի արտաքինից թարմ ներկված: Այո, այնպես, ինչպես ծաղիկներով ու նկարներով փորձում են թաքցնել մեր քաղաքում փլվող շենքերը և փողոցները:

Այդ գնացքը գնում է առաջ ու հետ գալիս, նորից է գնում առաջ ու հետ է գալիս: Իբր թե ճանապարհ է գնում: Իբր թե մարդկանց ինչ-որ տեղ է տեղափոխում: Իբր թե մենք երկաթգիծ ունենք` կապված գոնե մեր հարևանների հետ:
Սխալ գնացք է դա:

1992 թվականին հունիսի 13-ին Շահումյանի հանձնումից հետո 21000 փախստական ոտքով եկան Հայաստան:

1992 թվականի հուլիս: Երևանի կայարանում, փախստականները իրենց ամբողջ ունեցվածքով, սպասում են գնացքին:

Այդ երկաթգիծը կարծես թե սպասում էր, որ փախստականների վերջին խմբերն էլ հասցնեն մեկնել Ռուսաստան ու նոր կանգ առնի: Այդպես էլ եղավ:
Աբխազական երկաթուղին 1992 թվականի օգոստոսի 14-ից կանգ առավ` Ինգուրի գետի կամրջի պայթեցումից հետո: Այն չի գործում առ այսօր:

Այս խնդիրը դուրս է եկել մեր բոլոր օրակարգերից: Մենք սովորել ենք աշխարհի փակուղու կարգավիճակին: Սովորել ենք տեղափոխման բարձր սակագներին, որը թանկացնում է բոլոր ներկրվող ապրանքները:

Բրյուգեի կայարանում: Թալիս արագընթաց գնացքը

Մենք սովորել ենք փակուղային հոգեբանությանը: 
Մեր աշխարհագրական խաչմերուկի  դիրքը այսօր ամենևին չի օգտագործվում:

Ռուսները ինչպես ամեն ինչը Հայաստանում գնել ու չեն էլ ցանկանում զարգացնել, ներդրումներ անել` как собака на сене.



Իսկ մեր նորօրյա բրեժնեևները այսօր թիթեռներով ու գորտերով են զբաղված....
Հա: Մոռացա:
Նրանք բուդկչի են իրենց մտածելակերպով: Մաշտոցի պուրակը դրա վկան: