Showing posts with label Մանաշիդ. Show all posts
Showing posts with label Մանաշիդ. Show all posts

August 18, 2020

Սուրբ Մինաս սրբատեղին

Մի քանի տասնյակ տարի փնտրում էի իմ մանկության ամենահիշված սրբատեղի՝ Սառցաշեն (Բուզլուխի) Սուրբ Մինաս մատուռի նոր նկարները։ Եվ երկու օր առաջ վերջապես գտա։

Օկուպացված, հայրենի Հյուսիսային Արցախի Սառցաշեն (Բուզլուխ) գյուղում է գտնվում այդ փոքրիկ, բայց թանկ սրբավայրը։ 

Սուրբ Մինաս մատուռի մուտքը
Սուրբ Մինաս մատուռի մուտքը։ Սակայն մուտքի կողքի խաչքարը չի երևում։ 02 հուլիս, 2020 թ։

Սուրբ Մինասի կողքը աճում էին ահռելի մեծ հացենիներ, որոնցից մեկի կեղևի վրա հայրս գրպանի դանակով՝ փոքր փորագրել էր "Արթուր" բառը։ Ես երևի առաջին դասարանցի էլ չէի այդ ժամանակ։ Բայց ամեն ամառ, գնում, ուշադիր նայում էի, թե ինչպես է ծառի հետ բարձրանում ու ընդլայնվում այդ գրածը։ Անշուշտ հիմա էլ կա, եթե ծառը չեն կտրել։ Դժվար կտրեին, քանի որ թուրքերը վախենում էին այդ մի քանի հացենուց։ 
Մի պատմություն կար իրական, ինչպես էր մի անցորդ թուրք հացենիների մեկից մի երկար ճյուղ կտրել ձեռնափայտի համար։ Մինչև տուն հասնելը նրա լեզուն կապ է ընկել և մի կողմը թուլացել։  Հասկանալով որ պատիժը սուրբ ծառից է, նա մի արջառ է մատաղ արել Սուրբ Մինասի մոտ և առողջացել։

Ամեն տարի քոչվոր թուրքերի ոչխարների հոտը մեր գյուղով էր անցնում, հետո էլ բարձրանում՝ այդ մատուռի կողքով էին գնում։ Թորքերը (մեզ մոտ նրանց ադրբեջանցի կամ թուրք չէին ասում, այլ՝ թորք) ամառվա սկզբին իրենց ոչխարների հոտերը քշում էին Մռավի և Կեպաս-Ալհարակ լեռների ստորոտները։ Աշնան վերջում նոր հետ էին տանում։

Ոչխարների սուրուն այնքան մեծ էր, որ երբ սկսում էին անցնել, ապա վերջը մի քանի ժամ հետո էր ավարտվում։ Սպիտակ ոչխարների և գառների արանքներում, հոտի հենց մեջ, թաքնված գնում էին նաև չոբանների սպիտակ ահավոր շները, որոնց չէիր տարբերի սպիտակ հոտի մեջ։ Նրանք աննկատ էին պաշտպանում հոտը։

Վերադառնանք Սուրբ Մինաս մատուռին։
Սուրբ Մինասը կառուցվել է գյուղացիների միջոցներով, ինչպես և Մանաշիդի Սբ․Աստվածածին եկեղեցին։ Ի դեպ, Մանաշիդի եկեղեցու կառուցման մասին մի հետաքրքիր դրվագ կա, որ գրել եմ նախկինում։ Տես այստեղ։

Մատուռի կողքը մի տապանաքար կար, ասում էին այդտեղ Սուրբ Մինասն է ամփոփված։ Մամռակալած հին քար էր, եզրերը նախշազարդ։ Քարի մի անկյունը կոտրված էր։

Նախկինում քիչ հեռու զանգերով եկեղեցի է եղել, սակայն կողքի ժայռը փլվելով եկել հասել էր եկեղեցուն, դրա համար նրա փոխարեն նորն են կառուցել։

Գյուղի մեծերը պատմում էին, որ 1920-աններին Սուրբ Մինասի կողքը աճում էին ահռելի բարձր հացենիներ։ Սովետական կարգերի հաստատումից հետո, եկեղեցիները քանդում կամ՝ լավագույն դեպքում պահեստ էին սարքում։
Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը քանդել էին։ Հացենիները կտրել, օգտագործել են կոլխոզի այլ շինության կառուցման մեջ։ Կոլխոզի նախագահը, ով հրամայել էր եկեղեցին քանդել, հացենիները կտրել, աչքն էր վնասել այդ օրը, իսկ նրա տանը նույն օրը դժբախտ դեպք էր եղել՝ կինը տան պատուհանից գլխիվայր էր ընկել։ Գյուղի հավատացյալները այդտեղ վերին պատիժ էին տեսնում։

Սուրբ Մինաս մատուռին հետևում էր Գոհարիկ բիբը, կամ ինչպես մենք էինք նրան կոչում՝ Զալոն։
Չտեսնված բարի, աստվածավախ, համեստ, աշխատասեր, խելացի կին էր մեր Զալոն։
Զալոն հետևում էր, որ մատուռի ներսը և շրջակայքը լինի խնամված, մաքուր, դուռը փակ։

Զալոն՝ Գոհարիկ բիբը

Զալոյի հետ զրուցելը մի այլ աշխարհաճանաչություն էր։
Ժամերով նրան հարցեր էի տալիս, նա էլ պատմում էր դարերից իրեն հասած անցուդարձը, նաև 1918-20 թվականների թուրքերի հարձակումների մասին, մեր Գյուլիստանի մելիքության գյուղերի մասին։
Զալոյի աչքի առաջ էր, թուրքական հարձակումից անտառներ փախնելու ժամանակ, Ալեքսանդր պապիկիս մյուս զույգ եղբայրը Կուրակ գետն ընկել ու խեղդվել։ Զալոն այդ օրերին, դեպի անտառ փախուստի ժամանակ, ճանապարհին սպանված հայ կին էր տեսել։ Այդ կնոջ ողջ մնացած մանուկը՝ չհասկանալով ինչ է տեղի ունեցել, կաթ էր դեռ ծծում մահացած մորից։ Նրանք վերցնում են այդ երեխային ու հետները փախցնում անտառ։
Գյուղի տղամարդիկ դիրքերում էին՝ Վերինշեն գյուղի մոտ։ Ես նախկինում գրել եմ այդ պատերազմից մի  դրվագի մասին(Տես)։
...
Սուրբ Մինասի ուխտավորները անպայման Գոհարիկ բիբի (Զալոյի) տան կողքը կանգնում էին և մոմ էին վերցնում։ Դրանք հասարակ մոմեր չէին, այլ մեղրամոմեր։ Ի դեպ մոմ չէինք ասում դրանց, այլ պատրույգ։ Դա մեղվափետակների քամած մեղրից մնացած, ծաղիկների բնական մոմն էր։
Զալոն շաբաթվա ընթացքում տանը հալում էր այդ ակնամոմերը, որոնք մուգ շագանակագույն էին, թելերը մի քանի անգամ թաթախում էր հալած մոմի մեջ  և փռում սեղանին, որ ամրանան։

Այդ մոմը վառելուց մեր դաշտերի ծաղիկների բույրն էր տարածվում։ 

Մոտակա գյուղերից՝ Մանաշիդից, Գետաշենից, Էրքեջից մարդիկ կիրակի (գիրեգի, գիրյագի) օրերին մեքենաներով, ավելի հաճախ՝ ոտքով, ուխտագնացության էին գալիս Սուրբ Մինասի փոքրիկ մատուռը։ 

Եվ վաղ առավոտից, մեր տան կողքով, սկսում էին անցնել նրանց փոքր խմբերը։ Հաճախ մատաղ էին անում։ 

Սուրբ Մինասի շուրջ՝ հինգ անգամ, պտտում էին մատաղացու աքլորը կամ գառը, հետո մատաղացուի ականջի փոքր կտրվածքից արյունը քսում էին երեխաների ճակատին, որպես օրհնանք։ Քահանա պարզ է, որ չկար։ Սովետի տարիներն էին։ Անգամ եկեղեցի գնալն էր հանցանքի պես մի բան։

Մատուռի կողքը սեղան և նստարաններ էին տեղադրված, որ ուխտավորները կարողանան մատաղը մատուցել անցնողներին։ 

Մինչև այսօր հիշում եմ ինձ ու Դիմոյին՝ գետաշենցիների մատուցած մատաղի համը, թաժա թոնրի հացով։ 
Ի դեպ, Շահումյանի գյուղերում, թոնրի առաջին հացը տրվում էր անցորդներին։ Յուրաքանչյուր անգամ, թոնիրը վառելուց և առաջին հացը թխվելուց հետո, այն հանում էին,  թեյի սրբիչով մաքրում մոխիրը ու դուրս գալիս փողոց։ Առաջին անցորդը ստանում էր այդ հացը։ Դա պարտադիր ավանդույթ էր։
Այդպիսին են շահումյանցիները։ 

Մատուռի մուտքի դռան կողքը խաչքար կար, թվագրված 1551 թվականով։ Ներսում սրբապատկերներ էին։ Ու մի քանի պատուհաններ։ Տանիքը կիսաքանդ էր, ներսի կեսը չէր ծածկվում։ Մենք՝ երեխաներս, հաճախ էինք հանկարծ վրա հասած կարկուտից կամ հորդառատ անձրևից պատսպարվում այդ մի կտոր տանիքի տակ։

Եվ ահա երկու օր առաջ, մի բաքվեցի զբոսաշրջիկի ֆեյսբուքյան նկարներում, պատահական գտա Սուրբ Մինասի նկարները, որոնք թվագրված են 2020 թվականի հուլիսի 2-ով։

Սուրբ Մինաս մատուռի ներսը
Սուրբ Մինաս մատուռի ներսը։ 02 հուլիս, 2020 թ։

Ուրախությանս չափ չկա, որ այն կանգուն է։

Նկարում երևացող նորոգումները իրականացվել էին 1990-92 թվականներին, երբ գյուղը դեռ հայաբնակ էր։ 

Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը իր աշխատություններում Սուրբ Մինաս է անվանում Սուրբ Սարգիս եկեղեցին, որ գյուղամիջում է։ Սակայն Սուրբ Մինաս եկեղեցին սա է։

Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, սկսած 1992 թվականի հունիսի 13-ից, 1000 օր տևած հերոսական պայքարից հետո։

December 10, 2019

Գիւղական տպաւորութիւններ, Մաս 1

Երկու ամիս առաջ հայտնաբերեցի Հայաստանի Ազգային գրադարանի թվայնացված գրքերի անգին բազմությունը։

Այնտեղ զետեղված են 120-150 տարի առաջ և մինչև մեր օրերը լույս տեսած ամսագրերի և գրքերի թվային պատճենները։

Ես մուտքագրել եմ Մշակ թերթի 1890 թվականի N75-78 համարներում տպագրված  հոդվածների շարքը՝ նվիրված Հյուսիսային Արցախի, Գյուլիստանի մելիքության գյուղերին։

Հեղինակը 1890 թվականի ամռանը Գանձակից ուղևորվում է Սուլուք, Գետաշեն, Վերիշեն, Բուզլուխ,  Մանաշիդ, Ներքիշեն, Գյուլիստան գյուղերը։ Մոտ մեկ ամիս ապրում է այնտեղ և չափազանց հետաքրքիր փաստեր է ներկայացնում, այսօր բռնազավթված, սակայն դարեր շարունակ հայկական մեր երկրամասի վերաբերյալ։

Այսօր կներկայացնեմ հոդվածի առաջին մասը՝



Գիւղական տպաւորութիւններ
Մշակ, N75, 5 յուլիսի, 1890 թ, Թիֆլիս

Յունիս ամսից սկսած Գանձակի շոքն արդէն անտանելի է դառնում։ Օդը ճնշող, հեղձուցիչ,
մանաւանդ կէսօրվայ ժամանակ, մարդ խորովում, տապակվում է։
Նայում էք ծառերին, մի տերև անգամ չէ շարժվում։ Փողոցներում կատարեալ լռութիւն է տիրում․ մարդ, անասուն, թռչուն փախել մտել են իրանց տները, որջերը։

Սակայն շոքը նրանց այդտեղ ևս հանգիստ չէ թողնում․ դարձեալ տապակում, դարձեալ ճնշում է։ Սրա վրա աւելացրէք Գանձակի անպիտան, վատառողջ ջուրը, որը տարվայ այս ժամանակին մեծ դժուարութեամբ է ճարվում, և ձեր առաջ կը պատկերանայ Գանձակի բնակիչների իսկապէս անել դրութիւնը։

Հասկանալի է թե Գանձակում բնակվողը ինչպիսի անհամբերութեամբ կը սպասէ ամարանոց կամ մի որ և իցէ գիւղ գնալու օրին, մանաւանդ եթէ այդ բնակվողը բնիկներից չէ և ուրեմն անսովոր այդտեղի շոքին․․․․

Յունիսի 24-ին, լուսադէմին, “մնաք բարև” ասելով մեր օրհնված Գանձակին՝ ճանապարհ ընկանք դէպի Սուլուք գիւղը։ Գանձակից 8 վերստ հեռաւորութեան վրա մեր առաջն է գալիս Ելենենդորֆ գիւղը, ամբողջապէս բնակեցրած գերմանացի գաղթականներով։

Ելենենդորֆը այսօր

Նրանք եկել են այստեղ, ինչպէս պատմում են իրանք, 60-70 տարի սրանից առաջ։ Պարապում են գինեգործութեամբ և հողագործութեամբ։ Գիւղումը տիրում է կարգ, կանոն, փողոցները հարթ, լայն, աջ ու ձախ տնկված են ծառեր։ Տները կարգով, նուրբ ճաշակով շինած։ Ունեն մէկ գեղեցկաշէն եկեղեցի, որի դրսից արևելեան ճակատին արձանագրած է 1854 թուականը։ Եկեղեցու արևմտեան ծայրում՝ մի փոքրիկ աշտարակի 3 կողմերում կան 3 մեծ ժամացոյցեր։ Եկեղեցուն կից է դպրոցը, հիմնած 1871 թւին, ինչպէս այդ երևում է դրան գլխի արձանագրութիւնից։

Միւս օրը, յունիսի 25-ին, առաւօտեան ոտով գնացինք Գետաշէն գիւղը, այդտեղից ձի հեծանք, անցանք Քիւրակ-չայ գետը-Գանձակի սահմանը - ոտներս դրինք Ղարաբաղի հողի վրա։ Մենք այժմ Գիւլիստանի կամ Թալիշի մէլիքների՝ Մէլիք Բէգլարեանների երկրումն ենք։

Բռնազավթված Շահումյանն այսօր

Մեր առջև էլի սարեր են, բայց գեղեցիկ սարեր։ Բարձրանում ենք։ Մեր ճանապարհի երկու կողմը՝ աջ ու ձախ արտեր են, բայց ի՞նչ արտեր՝ կանաչ, մարդաբօյ, ինչպէս ժողովուրդն է ասում։
Դուրս գալով Սարի-սու թուրք գիւղից (ինչպէս պատմում են, առաջ դա հայ գիւղ է եղել։ Ասում են, որ մինչև օրս էլ այնտեղ եկեղեցու աւերակներ կան)։

3 ժամ ճանապարհ գնալուց յետոյ հասնում ենք Բուզլուխ գիւղը։
Այս գիւղը գտնվում է Բալա-Քիւրակ գետի ձախ ափի վրա։ Բալա-Քիւրակ (փոքրիկ քիւրակ) գետը Քիւրակ-չայ գետի մի ճիւղն է կազմում։ Գիւղի օդը մաքուր, հով, այնքան հով, որ գիշերները դրսում երկու հաստ վերմակի տակն էինք քնում։ Գանձակում Թէօմիւրի ջերմաչափը ստուերում ցոյց էր տալիս 26-28°, իսկ այստեղ՝ Բուզլուխում 13-20°։ Ջուրը նմանապէս զով, յստակ և առողջարար։
Բռնազավթված Բուզլուխ գյուղն այսօր
Բուզլուխը, ինչպէս և առհասարակ շատ հայ գիւղեր, գտնվում է սարի լանջին։ Հետևաբար տների տեղը հարթ չէ լինում։ Տներն այսպէս են շինված։ Գետնի այն մասը, որտեղ պիտի շինեն տուն, փորում, հարթացնում են, տան հիմքը դնում։ Պատերը շինում են քարից, մասամբ և հում աղիւսից։ Խրճթի քամակի պատի տեղ ծառայում է ուղղաձիգ փորած գետնի մի մասը, կամ թէ քամակի պատը շինում են այդ վերջինին բոլորովին կից։ Պատերը բարձրացնում են 3-5 արշին, այսինքն մինչև խրճիթի քամակի պատի տեղ ծառայող գետնի մակերևոյթը։ Պատերի մօտ, խրճթի չորս անկիւններում ցցում են փայտեայ հաստ սիւներ գերանների համար։ Այս սիւների և պատերի վրա մէկը միւսի վրա դարսում են հաստ հաստ գերաններ։

Երդիկավոր առաստաղ
Այդ գերաներ միմեանց վրա այնպէս են դարսվում, որ նրանցից կազմվում է քառանկիւնի
հատած պիրամիդ, որի մէջը դատարկ է լինում։ Այդ պիրամիդի վերևի փոքրիկ հիմքն է խրճթի երդիկը։ Հորիզոնաբար գցած գերանների ծայրերը ամրացնում են հատած պիրամիդի չորս կողմերում։ Այդ կերպով գերաններից շինած հատած պիրամիդը դրսից ծածկվում է հողով․ նրա դրսի կողմն է տանիքը, իսկ նրա պատերի ներսի կողմը - խրճթի առաստաղը։
Մեզանից մօտ 2300 տարի առաջ Քսենոփոնի “Կիւրոպէդիայում” նկարագրված Հայաստանի գիւղական խրճիթը բաւական նման է մեր այժմեան գիւղական խրճիթների տիպին։ “Նրանց (հայերի) բնակարանները”, գրում է Քսենոփոն, - գտնվում էին գետնի տակ,  նրանք մուտքի մօտ նեղ էին, նման ջրհորների բերաններին, իսկ ներքևում ընդարձակ․․․ Մարդիկ իջնում էին (բնակարանները) սանդուղքով։ Ինչպէս երևում է, մեր այժմեան խրճիթների երդիկը, որ իրօք շատ նման է ջրհորի բերանին, հին հայերին և մուտքի տեղ էլ է ծառայելիս եղել։

Երդիկաւոր խրճիթներում պատուհան չէ լինում․ երդիկն է լուսամտի դերը կատարում։ Յատակը ոչնչով (այրած աղիւսով կամ տախտակով) չեն ծածկում։ Կրակը վառում են ուղղակի յատակի վրա, երդիկի դիմացը։ Ծուխը երդիկով՝ և մասամբ էլ դռնովն է դուրս գալիս, բայց այնուամենայնիւ խրճիթից ծուխը միշտ անպակաս է լինում, մանաւանդ փոթորիկ և քամի եղած ժամանակը։

Բուզլուխը 1932 թվականին։ Նկարը բուզլուխեցի Մնացական Հովհաննիսյանի
Կերակուրը պատրաստում են խրճիթում, երդիկի տակին շինած օջաղում։ Ընտանիքի բոլոր անդամները այս միակ խրճիթումն են ուտում, նստում, քնում։ Ունևոր տները այս խրճիթի մօտ շինում են և մի առանց երդիկի փոքրիկ սենեակ, գլխաւորապէս ուրիշ գիւղից կամ քաղաքից եկող հիւրերի համար։ Գիւղում կան տներ և առանց երդիկի, բաղկացած մի քանի սենեակներից։ Այդպիսի տների մեծ մասը քարից է շինած։ Իւրաքանչիւր սենեակում լինում են 1-3 պատուհան, մէկ բուխարի։ Տան երկարութեամբ շինած է լինում և մի սրահ։
Բուզլուխը երեք կողմից շրջապատված է անտառախիտ սարերով, իսկ չորրորդ կողմից - վարելահողերով։ Գիւղի բնակիչները բոլորն էլ հայ են, պարապում են երկրագործութեամբ։

Բուզլուխը 1932 թվականին։ Նկարը բուզլուխեցի Մնացական Հովհաննիսյանի
Երկիրը մշակում են հին, նահապետական ձևով, էլի մի և նոյն ծանր և կոպիտ գութանովն են վար անում, հին գերանդիով ցորեն, գարին հնձում, հին կամնով կալը կասում, հին հասարակ թիով քամի եղած ժամանակ թեղը քամում, իսկ քամի չեղած ժամանակը՝ ձեռքերը ծալում, վիզը ծռում, նրան սպասում։ Երկրագործական կատարելագործված մեքենայ մեր գիւղացուն դեռ յայտնի չէ։ Ճշմարիտ է, պատահում է տեսնել սրա, նրա մօտ եւրոպական գութաններ, բայց այդ տեսակ գիւղացիների թիւը շատ սահմանափակ է։
Բուզլուխի վարելահողերի և անտառների մեծ մասը պատկանում է Մէլիք-Բէգլարեաններին։ Այս հողերի մի մասը գիւղացիք նորերումս գնել են։ 


Յունիսի 29-ին, վաղ առաւօտը՝ ճանապարհ ընկանք դէպի Վերի-շէն հայ գիւղը, որը գտնվում է Բուզլուխից դէպի արևելք մի ժամվայ ճանապարհի վրա, Ղարա-չայ գետի եզրին։ Հանգուցեալ Րաֆֆիի ասելով Վերի-շէնը պատկանելիս է եղել Գիւլիստանի նախկին տիրապետող Աբրահամ Իւզբաշուն, որից Մէլիք-Բէգլար I ի թիւս ուրիշ գիւղերի խլում է և այս գիւղը։

Գիւղի տները շինած են քարից, բոլորն էլ մի յարկանի, իւրաքանչիւրի առաջ մի մի սրահ։ Տեղ տեղ պատահում են և երդիկաւոր տներ, բայց նրանց թիւը շատ փոքր է։

Մինչև հիմա մեր տեսած գիւղերում գոմերը, մարագները գիւղացիների բնակարաններին կից էին շինած։ Զանազան տեսակ աղտեղութիւններ գոմերի, հէնց նոյն իսկ տների մօտ թափած։ Իսկ վերի-շինացիք աւելի խոհեմ լինելով, պատահմամբ, իրանց գոմերը շինել են գիւղից դուրս, սարի միւս լանջին։ Այդպիսով գիւղն ազատ է լինում աղտեղութիւններից։

Վերի-շէնն ունի 100 տուն 1000-ից աւել բնակիչներով։ Պարապում են երկրագործութեամբ և անասնապահութեամբ։ Հողերի մեծ մասը պատկանում է Միրզա Ադիգեօզալով թուրք բէկերին, մնացածը Մէլիք-Բէգլարեան Սերգէյ-բէկին։ Առաջիններին է պատկանում և Վերի-շէնի մօտ, Ղարաչայ գետի վրա գտնվող Ներքի-շէն հայ գիւղը։
Թե ինչպես թուրք բէկերը Գիւլիստան հայ գաւառներում երկու մեծ գիւղերի տէր դարձան, դրա մասին պատմում են հետևեալ աւանդութիւնը։
“Խամսայի Մէլիքութիւններից” յայտնի է, որ Վարանդայի իր չարագործութիւններով յայտնի Մէլիք Շահնազար II իր դուստր Նիւր-զադիին տուեց Ղարաբաղի Փանահ խանի որդի Իբրահիմ խանին կնութեան։ Մի և նոյն ժամանակ Մէլիք-Շահնազար II-ի դուստրներից մէկը - Ամարնանին (Մարիամը) Գիւլիստանի Մէլիք-Բէգլար II-ի կինն էր։ Մէկ օր Իբրահիմ խանի կին Նիւր-զադին գալիս է Գիւլիստան՝ իր փեսայ Մէլիք-Բէգլար II-ի և իր քրոջ մօտ հիւր։ Ըստ հին սովորութեան Մէլիք Բէգլարը պարտաւոր էր իր քենուն մի թանկագին բան ընծայել։ Վերցնում ընծայում է Վերի-շէն և Ներքի-շէն գիւղերը։ Այդպիսով այդ երկու գիւղերը դառնում են Նիւր-զադիի, ուրեմն և Իբրահիմ խանի սեպհականութիւն։ Վերջինից անցնում են նրա որդուն՝ Մէյտի Ղուլի խանին։ Մէյտի-Ղուլի խանը այդ գիւղերը յանձնում է Միրզա Ադիգեօզալին կառավարելու։ Երբ ռուսները տիրապետում են Կովկասին, Միրզա Ադիգեօզալը ինչ ինչ ճանապարհներով այդ գիւղերն իրան է սեպհականացնում։
Այսպէս է  պատմում ժողովուրդը։

Բռնազավթված Վերիշեն գյուղն այսօր

Գիւղի գլխաւոր փողոցով անցնելիս տեսանք, որ մի տանից դուրս են վազում գեղջուկ տղաներ, ձեռքներին գրքեր։ Հարց ու փորձ անելով, իմացանք, որ այդ տղաները մի մասնաւոր դպրոցի (?) աշակերտներ են։ Դասատու ուսուցիչը մի երիտասարդ էր, երկար չէրկէսկան հագին, երկար ճտերով կօշիկները ոտներին, փոքրիկ խայտաճամուկ գարիբալդին գլխին ծուռ դրած։ Երբ մեզ տեսաւ եկեղեցու մօտ կանգնած, մօտեցաւ, հարցրեց, թէ մենք ովքեր ենք, ի՞նչ նպատակով ենք եկել Վերի-շէն…
- Այն երեխաները ձեզ մօ՞տ են կարդում, հարցրեց մեզանից մէկը։
- Հա՜․ իմ մօտը, պատասխանեց վարժապետը։
- Քա՞նի հոգի են։
- Քառասուն։
- Ամեն մէկից ամսական ի՞նչ էք ստանում։
- Ամիս - մին մանէթ, ասեց վարժապետը ձախ ձեռը կողքին դրած, ինքնագոհ կերպով, ծխախոտի ծխի քուլաները բերանից արձակելով, իրան աշխարհիս հարստութեան տէրն էր կարծում, այնքան գոհ էր երևում իր վիճակից։ Այդ վարժապետը, ինչպէս յետոյ ուրիշից տեղեկացանք, կարդալիս է եղել Գանձակի ծխական դպրոցում, բայց վերջինիս ուսման ընթացքն անգամ չի վերջացրել։ Պարզ է, թե այդ տեսակ ուսուցիչը ի՞նչ գիտութիւններով օժտված դուրս եկած կը լինի ծխական դպրոցից։ Եվ այդպիսին պիտի կրթէ, դաստիարակէ, բան սովորեցնէ գեղջուկ երեխաներին։ Ի՞նչ է շինում Ղարաբաղի հոգևոր կառավարութիւնը։ Ամբողջ Գիւլիստանի գաւառում մի հատ ծխական դպրոց չը կայ։ Ժողովուրդը ուսման կարօտ է, ծարաւ է։ Բայց նրա համար դպրոց հիմնող, ուսում տուող չը կայ։ Գիւղացիք ասում են․ “մենք չենք կարդացել, գիր սովորել, գոնէ թող մեր երեխաները սովորեն”։

- “Էդ կազէթ ե՞ս կարդում”, դիմեց ինձ մի գիւղացի, երբ ես նստած “Մշակ” էի կարդում։
- Այո՜, պատասխանեցի ես։
- Իմ հօր էն մատները կացնով կըտորելիա, կըտորելի, որ ինձ ուսում չի տուել, վրա բերեց ինձ հետ խօսող գիւղացին։
- Ո՞րտեղ ուսում տար։
- Քաղաքումը։
- Հիմա դու քո երեխաներին, երբ նրանք մեծանան, ուսում տալու՞ ես։
- Բաս թողելու՞ եմ ինձ նման անուսում մնա՞ն։ Որ կարողութիւնումս լինի, չուխա կը ծախեմ, հագիս խալուղը կը հանեմ, կը ծախեմ, երեխաներիս ուսումը կը տամ։ Այդպէս է դատում գիւղացին։

Մանաշէթ հայ գիուղում, որը գտնվում է Բուզլուխից 2-3 վերստ հեռաւորութեան վրա, դէպի հիւսիս-արևմուտք, տները շինած են այնպէս, ինչպէս Բուզլուխի և Վերի-շէն գիւղերում։ Ինչպես վերջինում, նոյնպէս և այստեղ պատահում են և երդիկաւոր տներ։ Գիւղն ունի 40 ծուխ, 400 բնակիչներով։ Բնակիչները բոլորն էլ երկրագործութեամբ են պարապում։ Վարելահողերը պ. Մէլիք-Բէգլարեաններին են պատկանում։

Բռնազավթված Մանաշիդն այսօր
Գիւղն ունի մի եկեղեցի, փոքրիկ, խոնաւ, մի կողմից քանդվում է։ Բուզլուխը, Մանաշէթ և գաւառական մի քանի գիւղեր քահանայ չունեն։ Գիւղացիք ստիպված 10-15 վերստ ճանապարհ են գնում, ձմեռ, արև, անձրև, ձիւն, ցեխ, գիշեր… Եկեղեցին կից է գերեզմանատանը։ Այդ գերեզմանատան հին գերեզմանաքարերն ունեն բաւական գեղեցիկ և նուրբ ճաշակով քանդակագործված նկարներ։

June 13, 2013

Ուր եք? Իմ հարազատ շահումյանցիներ

1992 թվականի հունիսի 13:

Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել ԼՂՀ-ում: Այս ամսաթիվը չեն ցանկանում լսել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել Ադրբեջանում: Չհիշելու գործում բոլոր կողմերը միակարծիք են, բացի շահումյանցուց:

Ինչու? Որովհետև այդ օրը մենք կորցրեցինք մի փառահեղ երկրամաս` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը իր ` Ներքին Շեն, Վերին Շեն, Հայ Պարիս, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար, Գաղթուտ, Գյուլիստան, Խարխափուտ հայկական գյուղերով:
698 ք.կմ տարածք: 20.000 հայ բնակչություն:

Ով է խոսում այն 289 հոգու մասին, որոնք անհայտ կորան կամ զոհվեցին հունիսի 13-14-ին?

Վերջերս գտել եմ մի ահասառսուռ վիդեո, ազերիների նկարած, որտեղ նրանք գերի են վերցնում Կարաչինարի կողմերը հայ տղամարդուն:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանը ընկել է առանց պայքարի:
Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, Կոլցո օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին:
Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի և Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը:

Սակայն ինչ կատարվեց Շուշիի գրավումից հետո ուղիղ մեկ ու կես ամիս անց? Ինչու շատ ջոկատներ լքեցին Շահումյանը, անպաշտպան թողնելով դիրքերը? Ով ականազերծեց Շահումյան տանող ճանապարհները, Գետաշենի իբր սպասվող ազատագրման պատրվակով? Խաղաց իր դերը ՀՅԴ-ՀՀՇ դիմակայությունը?

ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանը Ազատամարտ թերթին տրված հարցազրույցում 1992 թվականի ամռանը ասում է` "Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն: Շատ դժվար է այդ մակարդակները որոշել: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, հիմնականում` Հայաստանի մեղավորությունը: Դա Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու և վատ կազմակերպված լինելու արդյունքն է:"

Շահումյանի հարցերը արդեն բաց են մնում 21 տարի:

Մռավի լեռները անցնող փախստականները

Հայաստանի ճանապարհներին շահումյանցի փախստականները
Երևանի երկաթգծի կայարան: Փախստականները սպասում են Ռուսաստան մեկնող գնացքին

Շահումյանցի տատիկը
11 ամյա շահումյանցի տղան ինքնապաշտպանության ջոկատի կազմում


Մոնթեն 1991թ. սեպտեմբերին Կարաչինարցի պաշտպանների հետ
Սերո Խանզադյանը Ներքին Շենում


Շահումյանի գյուղերը

October 11, 2012

1937 թվականից մի դրվագ

Հյուսիսային Արցախի Մանուշ շեն (Մանաշիդ) գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին հետաքրքիր պատմություն կա

Այն կապված է նրա 1892 թվականին կառուցման հետ:

Մանուշ շենի Սբ․Աստվածածին
եկեղեցու մուտքի արձանագրությունը

Եկեղեցու մուտքի վերևում կա արձանագրություն, որ "Գյուղի 34 ընտանիք մասնակցեցին եկեղեցու կառուցմանը, բացի Սարգիս Նազարյանցից":
Այդ մարդը հրաժարվել էր մասնակցել համաժողովրդական կառույցի շինությանը:


Մանուշ շենի Սբ․Աստվածածին 
եկեղեցին


Երբ 1930-ական թվականներին ստալինյան НКВД-ն  մատնիչների հետքով գալիս է, որ այդ մարդու որդուն ձեռբակալեն, նա ասում է`
"Ոչ, մենք ժողովրդի թշնամի չենք: Կուլակ էլ չենք: Գնացեք նայեք եկեղեցու մուտքի գրվածին, իմ հայրը եկեղեցուն էլ է դեմ եղել ":

Գործակալները նրան պատասխանում են, թե. "Ավելի վատ, որ քո հայրը չի մասնակցել համաժողովրդական կառույցի ստեղծմանը: Ուրեմն իրոք նա ժողովրդի թշնամի է եղել":

Նրան ձերբակալում և արտաքսում են Սիբիր:

Թևոս Վարդանյանի պատմածներից:

October 3, 2012

Ինչպես Ավետիս ծերունին փրկեց գյուղը

1920 թվականին Էնվեր փաշայի թուրքական զորքերը Գանձակում էին:
Այդ պարագայից օգտվելով, տեղացի ազերիները սկսել էին հարձակումները Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի վրա:

Նրանք արդեն մտել և հրդեհել էին Վերին Շեն, Մանաշիդ գյուղերը:
Սառցաշենի բնակչությունը թաքնվում է Էրքեջի անտառներում: Իսկ Սառցաշենի ուղղությամբ շարժվում էր ազերի ձիավորների խումբը: Ալան-թալանն ու հրդեհն էին նրանց հետքը:
Գյուղի տղամարդիկ, այդ թվում պապիկներս՝  Ալեքսան և Բեգլար Ղազարյանները, Մնացական Հովհաննիսյանի ղեկավարությամբ պաշտպանություն էին կազմել Վերին Շենի Թումբ կոչվող տեղանքում:
Նրանք կազմակերպել էին խաղաղ բնակիչների տեղափոխումը դեպի Էրքեջի անտառ, իսկ իրենք, ձիավորներով դիրքավորվել էին Թումբ տեղանքի մոտ:
Բեգլար Ղազարյանի զույգ տղաներից մեկը, մոր ձեռքից վարարած գետն էր ընկել և փրկել նրան չէր հաջողվել: Փրկվել էր պապիկս` Ալեքսանդր Ղազարյանը: Այդ փաստը ինձ պատմել էր ղարաչինարցի Շուղան տատիկս։

Սակայն գյուղում մնում է Ավետիս պապը, ով մտածում էր, որ պետք է ներխուժող թուրքերի հետ բանակցի, որպեսզի գյուղը չթալանեն և չայրեն: Քանի որ նա հարգված էր ոչ միայն հայ,  այլ նաև շրջակա փոքրաթիվ թուրքական գյուղերի բնակիչների շրջանում:
Ավետիսի ավագ որդին` Մնացականը ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր:

Մնացական Հովհաննիսյան, մաթեմատիկոս,
1949 թ աքսորվել է Ալթայի երկրամաս

Թուրքերը երբ ներխուժում են գյուղ, տեսնում են գյուղը դատարկ և միայն ծերունի Ավետիսն է կանգնած գյուղամեջում: Թուրքերը զարմանում են նրա այդ քայլից: Նրանք չեն հրդեհում գյուղը, առաջ են քշում գյուղի կովերին և եզներին դեպի Թոդան թուրքական գյուղը: Իսկ Ավետիսին իրենց հետ պատանդ են տանում: Սակայն ճանապարհին նրան սպանում են:
Ինքնազոհությամբ նա փրկում է գյուղը թալանից և հրդեհումից:
Մնացական Հովհաննիսյանը իր կենսագրությունում, հետագայում նշում է, որ հայրը սպանվել է 1920 թվականի մարտ ամսին, Ադրբեջանի 1920 թ ապրիլի 28-ի խորհրդայնացումից առաջ, մուսավաթականների ձեռքից։

Գյուղի եկեղեցին խնամող Զալոն, որը դեռ փոքրիկ աղջնակ էր, վազում է դեպի Էրքեջի անտառը, չար լուրը գյուղացիներին հասցնելու համար: Նա մեզ պատմում էր, թե ինչպես է Քուռակ գետի կամուրջի մոտ սպանված կնոջ դին տեսել, փոքրիկ երեխայի հետ: Փրկված երեխան մոր կուրծքը բռնած կաթ էր ծծում: Մանկության այս ահավոր պատկերը տպավորվել էր 80 ամյա Զալոյի հիշողության մեջ:
Բեգլար պապս ձիերին պահում էր կողքի ապահով ստորոտում, քանի որ զինվորի համար ձի կորցնելը համարժեք էր 'կնոջ կորստին': 
Մարտիկները հակահարված են տալիս թուրքերին:
Թեև ամպամած եղանակ էր, սակայն երևում էր, որ թուրքերը քանակապես ավելի շատ են: Մնացած դիրքերում հայ պաշտպանները պարտվել էին: Միայն այս տեղանքն էր դեռ պաշպանվում: Իսկ կապի բացակայության պայմաններում, իրենք չգիտեին, որ միայնակ են մնացել հակառակորդի դեմ:
Մեծ քանակությամբ զոհեր տալով, Մնացականը հրամայում է թողնել դիրքը և քաշվել անտառ: Գնում են դեպի ձիերը և սպանված են գտնում Բեգլար Ղազարյանին, որի կողքին տխուր կանգնած էր նրա հավատարիմ ձին: Բեգլարի մարմինը փաթաթում են գորգի մեջ, դնում ձիու վրա և տանում գյուղ:
Ամենավերջինը դիրքը թողնում է Մնացականը:

Պատմությունը գրի եմ առել Թևոս Հովհաննիսյանի պատմածից 1995 թթ: