Showing posts with label Սուլուք. Show all posts
Showing posts with label Սուլուք. Show all posts

October 16, 2021

Րաֆֆու նոթերը Հյուսիսային Արցախի մասին: Մաս 3

Նախորդ երկու մասերում մեջբերել էի Րաֆֆու 1881 թվականին Գանձակ և Ելենդորֆ այցերի նոթերը։
Րաֆֆին Թիֆլիսից ուղևորվել էր երկու ամսով Հյուսիսային Արցախ և բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ ունեցել և փաստեր նկարագրել։

Հաջի-շեն

Ելենդորֆում ես մնացի կես ժամ միայն: Այստեղից պիտի գնայի Հաջի-քենդ, որը Գանձակի ծառայողների ամառանոցն է: Ճանապարհը հարթած էր, որովհետև մինչև հիշյալ գյուղը Գանձակից միշտ կառքեր և սայլակներ են գնում: Ելենդորֆից սկսյալ Գանձակի տափարակը վերջանում է և ճանապարհը բարձրանում է դեպի բլուրների զառիվերը, և լեռների վրայով պտույտներ գործելով, հասնում է մինչև Հաջի-քենդ: Ելենդորֆից այն կողմը բնությունը բոլորովին փոխվում է, կարծես մարդ մտնում է մի ուրիշ աշխարհ: Հետզհետե բլուրները ծածկվում են թփերով, և ապա սկսվում են անտառները: Ես հագած ունեի բարակ ամառային հագուստ, մինչև Ելենդորֆ հասնելս սաստիկ շոգում էի տոթից. իսկ այժմ սկսեցի մրսել և միևնույն օրը հարփուխ ստացա:

Հաջիշենի տեսարան։ Հեռվում Կեպաս-Ալհարակ լեռն է















Հաջի-քենդը, ինչպես ասացի, Գանձակի ամառանոցն է. այնտեղ է անցկացնում ամառը գավառապետը իր բոլոր ծառայողներով, այնտեղ են լինում քաղաքի բոլոր պաշտոնատարները: Գանձակից մինչև այստեղ բերած է հեռագրական թել, Հաջի-քենդը այժմ բացի ամառանոց եկողներից ուրիշ բնակիչներ չունի: Բայց նա առաջ եղել է հայաբնակ գյուղ, մինչև այսօր մնացել է հայոց եկեղեցին, որ կիսով չափ ավերակ է: Գյուղից ոչ այնքան հեռու, անտառի մեջ երևում է հայոց գերեզմանատունը:

Ազատ-Սուլուկ

  Մինչև Հաջի-շեն ես եկա միայնակ, որովհետև ճանապարհը ուղիղ էր և հեռագրական թելի սյուները օգնում էին ինձ չմոլորվելու: Բայց հեռագրական թելը Հաջի-շենում վերջանում էր: Այստեղից ես պիտի գնայի Սյուլուկ կամ Ազատ կոչված գյուղը: Ճանապարհը, որ տանում էր այնտեղ, մի նեղ շավիղ էր, որ պտտվում էր լեռների վրայով: Խիստ հեշտությամբ կարող էի մոլորվել, մանավանդ, որ տեղ-տեղ շավիղը կորչում էր թփերի մեջ: Իմ բախտից պատահեց մի գյուղացի, որ Հաջի-շենից գնում էր դեպի Սյուլուկ:

Ազատ գյուղը։ Հյուսիսային Արցախ


















Երեկոյան, դեռ արեր մայր չմտած, ես հասա Ազատ գյուղը: Այստեղ իջևանեցի մի երիտասարդ քահանայի մոտ, որ Գանձակից եկել էր ամառանոց: Արևը մայր մտավ, բայց դեռ բավական լույս էր, որովհետև լուսնկա գիշեր էր: Գյուղացիները ցերեկվա աշխատությունից դադարելով, հավաքվել էին խրճիթների կտուրների վրա և բըբուզ նստած խոսում էին միմյանց հետ: Ես իմ հյուրընկալի հետ մոտեցանք մեկ խումբի: Խոսակցությունը դարձյալ կազակների վրա էր, որոնք գյուղացիների խոտի դեզերը և հունձքը ուտեցնում են իրանց ձիաներին և այլն:

Ազատ գյուղում ես մնացի երկու ամբողջ օր, որովհետև այդ գյուղի մերձակայքում մի քանի նշանավոր տեղեր կային, պետք էր տեսնել:

Ազատ գյուղում պատահեց ինձ ծանոթանալ Կովկասյան ուսումնական շրջանի տեսչի օգնականի հետ: Նա մի հայ երիտասարդ էր, որ իր ընտանիքով եկել էր այդ գյուղը ամառը անցկացնելու համար: Որպես Կովկասյան ուսումնական շրջանի տեսչի օգնական, նրան հանձնված էր աշխատել թե Ելիզավետոպոլի, թե Նուխվա և թե Ղարաբաղի կողմերի հայաբնակ գյուղերում ռուսաց դպրոցներ բաց անել: Որովհետև այդ դպրոցները վերջին ժամանակներում բավական աղմուկներ բարձրացրին, ես հետաքրքրվեցա տեղեկանալ պատճառները:

Հետո առա ինձ հետ, որպես ուղեցույց, գյուղացիներից մեկին, իսկ որպես առաջնորդ Սարգիս Ջալալյանցի ճանապարհորդության երկու հատորները: Շուտով հայտնվեցավ, որ այդ գրքերը միևնույն տեսակ բաներ էին, որպես Թիֆլիսի շտաբի պատրաստած քարտեզները, միայն տարբերությունը նրանումն էր, որ քարտեզների մեջ բոլոր տեղերի անունները թուրքացնում են, բայց ճիշտ իրանց տեղումն են դնում, իսկ Ջալալյանը տեղերի անունները հայացնում է և ցանկացած տեղումն է դնում: Երևում է, լուսահոգին շատ տեղեր աչքով չի տեսել, գրել է ուրիշներից հարցնելով. թեև անդադար կրկնում է, թե հայրենյաց սուրբ հողը համբուրելով, արտասուք թափելով, անցա այստեղ, այնտեղ և այլն: Սիով գնալ շատ դժվարին էր լեռների ելևէջների վրա, ես վճռեցի այնօր ոտքով ճանապարհորդել:

Ես կամենում էի տեսնել Գեոգգյոլ (կանաչ լիճ) կոչված փոքրիկ լիճը (Կանաչ լիճը Մարալի լիճն է, իսկ Գյոկգյոլը-Կապույտ լիճն է): Այդ լիճը կազմվել է Քյափազ սարի փլատակներից: Մինչև այսօր ժողովրդի հիշողության մեջ մնացել է դարևոր ավանդությունը, թե ինչպես երկրաշարժից հիշյալ սարի մի մասը քանդվեցավ և թափվելով ձորի մեջ, կտրեց գետի(՞) ընթացքը, որ նույն ձորով հոսում էր: Ջուրը հավաքվելով լճացավ, բայց դարձյալ ահագին ժայռերի տակից նա բուսնում է և շարունակում է իր ընթացքը: 

Կեպաս լեռը, Մարալի Կանաչ լիճը
















Քյափազ սարի փլատակները, դիզելով ահագին քարաժայռեր միմյանց վրա, կազմել են բազմաթիվ խոռոչներ և այրեր, որոնք մեծ ծառայություն են արել բնակիչներին երկրի խռովյալ ժամանակներում: Այդ այրերի մեջ պատսպարվում էր հայ ժողովուրդը լեզգիների, պարսիկների և օսմանցիների արշավանքների ժամանակ: Այնտեղը, ուր գտնվում է Քյափազ լեռան քարակարկառը, կոչվում է Չինգիլ, այսինքն՝ չանկլ, որ նշանակում է անկարգ կերպով դիզված քարեր: Չնայելով, որ Քյափազ սարի մի մասը քանդվել է, բայց նա դարձյալ բարձրաբերձ հանդիսանում է իր շրջակա լեռների մեջ: Անտառներից մերկ է նա: 

Կեպաս լեռան քարակույտերը















Վերադառնալով Քյափազ սարից, ես կրկին եկա Ազատ գյուղը, ուր իջևանել էի: Այդ գյուղը գտնվում է լեռան բարձրավանդակի վրա, նրա դեպի արևմտյան (՞) կողմը բարձրանում է Սարիյալ կոչված սարը, որի գագաթի վրա կա մի հայոց մատուռ, որի մեջն է ս. Պանդալյոն բժշկի գերեզմանը: Նույն լեռան արևելյան կողմը, մի ձորի մեջ գտնվում է հայոց վանք, որի մեջն է Հերմոգինե քահանայի գերեզմանը:

Պանդալիոնի մատուռը կանգուն ժամանակ













Պանդալիոնի մատուռը 2020 թվականին










Նոթերի նախորդ մասերը՝

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6

December 10, 2019

Գիւղական տպաւորութիւններ, Մաս 1

Երկու ամիս առաջ հայտնաբերեցի Հայաստանի Ազգային գրադարանի թվայնացված գրքերի անգին բազմությունը։

Այնտեղ զետեղված են 120-150 տարի առաջ և մինչև մեր օրերը լույս տեսած ամսագրերի և գրքերի թվային պատճենները։

Ես մուտքագրել եմ Մշակ թերթի 1890 թվականի N75-78 համարներում տպագրված  հոդվածների շարքը՝ նվիրված Հյուսիսային Արցախի, Գյուլիստանի մելիքության գյուղերին։

Հեղինակը 1890 թվականի ամռանը Գանձակից ուղևորվում է Սուլուք, Գետաշեն, Վերիշեն, Բուզլուխ,  Մանաշիդ, Ներքիշեն, Գյուլիստան գյուղերը։ Մոտ մեկ ամիս ապրում է այնտեղ և չափազանց հետաքրքիր փաստեր է ներկայացնում, այսօր բռնազավթված, սակայն դարեր շարունակ հայկական մեր երկրամասի վերաբերյալ։

Այսօր կներկայացնեմ հոդվածի առաջին մասը՝



Գիւղական տպաւորութիւններ
Մշակ, N75, 5 յուլիսի, 1890 թ, Թիֆլիս

Յունիս ամսից սկսած Գանձակի շոքն արդէն անտանելի է դառնում։ Օդը ճնշող, հեղձուցիչ,
մանաւանդ կէսօրվայ ժամանակ, մարդ խորովում, տապակվում է։
Նայում էք ծառերին, մի տերև անգամ չէ շարժվում։ Փողոցներում կատարեալ լռութիւն է տիրում․ մարդ, անասուն, թռչուն փախել մտել են իրանց տները, որջերը։

Սակայն շոքը նրանց այդտեղ ևս հանգիստ չէ թողնում․ դարձեալ տապակում, դարձեալ ճնշում է։ Սրա վրա աւելացրէք Գանձակի անպիտան, վատառողջ ջուրը, որը տարվայ այս ժամանակին մեծ դժուարութեամբ է ճարվում, և ձեր առաջ կը պատկերանայ Գանձակի բնակիչների իսկապէս անել դրութիւնը։

Հասկանալի է թե Գանձակում բնակվողը ինչպիսի անհամբերութեամբ կը սպասէ ամարանոց կամ մի որ և իցէ գիւղ գնալու օրին, մանաւանդ եթէ այդ բնակվողը բնիկներից չէ և ուրեմն անսովոր այդտեղի շոքին․․․․

Յունիսի 24-ին, լուսադէմին, “մնաք բարև” ասելով մեր օրհնված Գանձակին՝ ճանապարհ ընկանք դէպի Սուլուք գիւղը։ Գանձակից 8 վերստ հեռաւորութեան վրա մեր առաջն է գալիս Ելենենդորֆ գիւղը, ամբողջապէս բնակեցրած գերմանացի գաղթականներով։

Ելենենդորֆը այսօր

Նրանք եկել են այստեղ, ինչպէս պատմում են իրանք, 60-70 տարի սրանից առաջ։ Պարապում են գինեգործութեամբ և հողագործութեամբ։ Գիւղումը տիրում է կարգ, կանոն, փողոցները հարթ, լայն, աջ ու ձախ տնկված են ծառեր։ Տները կարգով, նուրբ ճաշակով շինած։ Ունեն մէկ գեղեցկաշէն եկեղեցի, որի դրսից արևելեան ճակատին արձանագրած է 1854 թուականը։ Եկեղեցու արևմտեան ծայրում՝ մի փոքրիկ աշտարակի 3 կողմերում կան 3 մեծ ժամացոյցեր։ Եկեղեցուն կից է դպրոցը, հիմնած 1871 թւին, ինչպէս այդ երևում է դրան գլխի արձանագրութիւնից։

Միւս օրը, յունիսի 25-ին, առաւօտեան ոտով գնացինք Գետաշէն գիւղը, այդտեղից ձի հեծանք, անցանք Քիւրակ-չայ գետը-Գանձակի սահմանը - ոտներս դրինք Ղարաբաղի հողի վրա։ Մենք այժմ Գիւլիստանի կամ Թալիշի մէլիքների՝ Մէլիք Բէգլարեանների երկրումն ենք։

Բռնազավթված Շահումյանն այսօր

Մեր առջև էլի սարեր են, բայց գեղեցիկ սարեր։ Բարձրանում ենք։ Մեր ճանապարհի երկու կողմը՝ աջ ու ձախ արտեր են, բայց ի՞նչ արտեր՝ կանաչ, մարդաբօյ, ինչպէս ժողովուրդն է ասում։
Դուրս գալով Սարի-սու թուրք գիւղից (ինչպէս պատմում են, առաջ դա հայ գիւղ է եղել։ Ասում են, որ մինչև օրս էլ այնտեղ եկեղեցու աւերակներ կան)։

3 ժամ ճանապարհ գնալուց յետոյ հասնում ենք Բուզլուխ գիւղը։
Այս գիւղը գտնվում է Բալա-Քիւրակ գետի ձախ ափի վրա։ Բալա-Քիւրակ (փոքրիկ քիւրակ) գետը Քիւրակ-չայ գետի մի ճիւղն է կազմում։ Գիւղի օդը մաքուր, հով, այնքան հով, որ գիշերները դրսում երկու հաստ վերմակի տակն էինք քնում։ Գանձակում Թէօմիւրի ջերմաչափը ստուերում ցոյց էր տալիս 26-28°, իսկ այստեղ՝ Բուզլուխում 13-20°։ Ջուրը նմանապէս զով, յստակ և առողջարար։
Բռնազավթված Բուզլուխ գյուղն այսօր
Բուզլուխը, ինչպէս և առհասարակ շատ հայ գիւղեր, գտնվում է սարի լանջին։ Հետևաբար տների տեղը հարթ չէ լինում։ Տներն այսպէս են շինված։ Գետնի այն մասը, որտեղ պիտի շինեն տուն, փորում, հարթացնում են, տան հիմքը դնում։ Պատերը շինում են քարից, մասամբ և հում աղիւսից։ Խրճթի քամակի պատի տեղ ծառայում է ուղղաձիգ փորած գետնի մի մասը, կամ թէ քամակի պատը շինում են այդ վերջինին բոլորովին կից։ Պատերը բարձրացնում են 3-5 արշին, այսինքն մինչև խրճիթի քամակի պատի տեղ ծառայող գետնի մակերևոյթը։ Պատերի մօտ, խրճթի չորս անկիւններում ցցում են փայտեայ հաստ սիւներ գերանների համար։ Այս սիւների և պատերի վրա մէկը միւսի վրա դարսում են հաստ հաստ գերաններ։

Երդիկավոր առաստաղ
Այդ գերաներ միմեանց վրա այնպէս են դարսվում, որ նրանցից կազմվում է քառանկիւնի
հատած պիրամիդ, որի մէջը դատարկ է լինում։ Այդ պիրամիդի վերևի փոքրիկ հիմքն է խրճթի երդիկը։ Հորիզոնաբար գցած գերանների ծայրերը ամրացնում են հատած պիրամիդի չորս կողմերում։ Այդ կերպով գերաններից շինած հատած պիրամիդը դրսից ծածկվում է հողով․ նրա դրսի կողմն է տանիքը, իսկ նրա պատերի ներսի կողմը - խրճթի առաստաղը։
Մեզանից մօտ 2300 տարի առաջ Քսենոփոնի “Կիւրոպէդիայում” նկարագրված Հայաստանի գիւղական խրճիթը բաւական նման է մեր այժմեան գիւղական խրճիթների տիպին։ “Նրանց (հայերի) բնակարանները”, գրում է Քսենոփոն, - գտնվում էին գետնի տակ,  նրանք մուտքի մօտ նեղ էին, նման ջրհորների բերաններին, իսկ ներքևում ընդարձակ․․․ Մարդիկ իջնում էին (բնակարանները) սանդուղքով։ Ինչպէս երևում է, մեր այժմեան խրճիթների երդիկը, որ իրօք շատ նման է ջրհորի բերանին, հին հայերին և մուտքի տեղ էլ է ծառայելիս եղել։

Երդիկաւոր խրճիթներում պատուհան չէ լինում․ երդիկն է լուսամտի դերը կատարում։ Յատակը ոչնչով (այրած աղիւսով կամ տախտակով) չեն ծածկում։ Կրակը վառում են ուղղակի յատակի վրա, երդիկի դիմացը։ Ծուխը երդիկով՝ և մասամբ էլ դռնովն է դուրս գալիս, բայց այնուամենայնիւ խրճիթից ծուխը միշտ անպակաս է լինում, մանաւանդ փոթորիկ և քամի եղած ժամանակը։

Բուզլուխը 1932 թվականին։ Նկարը բուզլուխեցի Մնացական Հովհաննիսյանի
Կերակուրը պատրաստում են խրճիթում, երդիկի տակին շինած օջաղում։ Ընտանիքի բոլոր անդամները այս միակ խրճիթումն են ուտում, նստում, քնում։ Ունևոր տները այս խրճիթի մօտ շինում են և մի առանց երդիկի փոքրիկ սենեակ, գլխաւորապէս ուրիշ գիւղից կամ քաղաքից եկող հիւրերի համար։ Գիւղում կան տներ և առանց երդիկի, բաղկացած մի քանի սենեակներից։ Այդպիսի տների մեծ մասը քարից է շինած։ Իւրաքանչիւր սենեակում լինում են 1-3 պատուհան, մէկ բուխարի։ Տան երկարութեամբ շինած է լինում և մի սրահ։
Բուզլուխը երեք կողմից շրջապատված է անտառախիտ սարերով, իսկ չորրորդ կողմից - վարելահողերով։ Գիւղի բնակիչները բոլորն էլ հայ են, պարապում են երկրագործութեամբ։

Բուզլուխը 1932 թվականին։ Նկարը բուզլուխեցի Մնացական Հովհաննիսյանի
Երկիրը մշակում են հին, նահապետական ձևով, էլի մի և նոյն ծանր և կոպիտ գութանովն են վար անում, հին գերանդիով ցորեն, գարին հնձում, հին կամնով կալը կասում, հին հասարակ թիով քամի եղած ժամանակ թեղը քամում, իսկ քամի չեղած ժամանակը՝ ձեռքերը ծալում, վիզը ծռում, նրան սպասում։ Երկրագործական կատարելագործված մեքենայ մեր գիւղացուն դեռ յայտնի չէ։ Ճշմարիտ է, պատահում է տեսնել սրա, նրա մօտ եւրոպական գութաններ, բայց այդ տեսակ գիւղացիների թիւը շատ սահմանափակ է։
Բուզլուխի վարելահողերի և անտառների մեծ մասը պատկանում է Մէլիք-Բէգլարեաններին։ Այս հողերի մի մասը գիւղացիք նորերումս գնել են։ 


Յունիսի 29-ին, վաղ առաւօտը՝ ճանապարհ ընկանք դէպի Վերի-շէն հայ գիւղը, որը գտնվում է Բուզլուխից դէպի արևելք մի ժամվայ ճանապարհի վրա, Ղարա-չայ գետի եզրին։ Հանգուցեալ Րաֆֆիի ասելով Վերի-շէնը պատկանելիս է եղել Գիւլիստանի նախկին տիրապետող Աբրահամ Իւզբաշուն, որից Մէլիք-Բէգլար I ի թիւս ուրիշ գիւղերի խլում է և այս գիւղը։

Գիւղի տները շինած են քարից, բոլորն էլ մի յարկանի, իւրաքանչիւրի առաջ մի մի սրահ։ Տեղ տեղ պատահում են և երդիկաւոր տներ, բայց նրանց թիւը շատ փոքր է։

Մինչև հիմա մեր տեսած գիւղերում գոմերը, մարագները գիւղացիների բնակարաններին կից էին շինած։ Զանազան տեսակ աղտեղութիւններ գոմերի, հէնց նոյն իսկ տների մօտ թափած։ Իսկ վերի-շինացիք աւելի խոհեմ լինելով, պատահմամբ, իրանց գոմերը շինել են գիւղից դուրս, սարի միւս լանջին։ Այդպիսով գիւղն ազատ է լինում աղտեղութիւններից։

Վերի-շէնն ունի 100 տուն 1000-ից աւել բնակիչներով։ Պարապում են երկրագործութեամբ և անասնապահութեամբ։ Հողերի մեծ մասը պատկանում է Միրզա Ադիգեօզալով թուրք բէկերին, մնացածը Մէլիք-Բէգլարեան Սերգէյ-բէկին։ Առաջիններին է պատկանում և Վերի-շէնի մօտ, Ղարաչայ գետի վրա գտնվող Ներքի-շէն հայ գիւղը։
Թե ինչպես թուրք բէկերը Գիւլիստան հայ գաւառներում երկու մեծ գիւղերի տէր դարձան, դրա մասին պատմում են հետևեալ աւանդութիւնը։
“Խամսայի Մէլիքութիւններից” յայտնի է, որ Վարանդայի իր չարագործութիւններով յայտնի Մէլիք Շահնազար II իր դուստր Նիւր-զադիին տուեց Ղարաբաղի Փանահ խանի որդի Իբրահիմ խանին կնութեան։ Մի և նոյն ժամանակ Մէլիք-Շահնազար II-ի դուստրներից մէկը - Ամարնանին (Մարիամը) Գիւլիստանի Մէլիք-Բէգլար II-ի կինն էր։ Մէկ օր Իբրահիմ խանի կին Նիւր-զադին գալիս է Գիւլիստան՝ իր փեսայ Մէլիք-Բէգլար II-ի և իր քրոջ մօտ հիւր։ Ըստ հին սովորութեան Մէլիք Բէգլարը պարտաւոր էր իր քենուն մի թանկագին բան ընծայել։ Վերցնում ընծայում է Վերի-շէն և Ներքի-շէն գիւղերը։ Այդպիսով այդ երկու գիւղերը դառնում են Նիւր-զադիի, ուրեմն և Իբրահիմ խանի սեպհականութիւն։ Վերջինից անցնում են նրա որդուն՝ Մէյտի Ղուլի խանին։ Մէյտի-Ղուլի խանը այդ գիւղերը յանձնում է Միրզա Ադիգեօզալին կառավարելու։ Երբ ռուսները տիրապետում են Կովկասին, Միրզա Ադիգեօզալը ինչ ինչ ճանապարհներով այդ գիւղերն իրան է սեպհականացնում։
Այսպէս է  պատմում ժողովուրդը։

Բռնազավթված Վերիշեն գյուղն այսօր

Գիւղի գլխաւոր փողոցով անցնելիս տեսանք, որ մի տանից դուրս են վազում գեղջուկ տղաներ, ձեռքներին գրքեր։ Հարց ու փորձ անելով, իմացանք, որ այդ տղաները մի մասնաւոր դպրոցի (?) աշակերտներ են։ Դասատու ուսուցիչը մի երիտասարդ էր, երկար չէրկէսկան հագին, երկար ճտերով կօշիկները ոտներին, փոքրիկ խայտաճամուկ գարիբալդին գլխին ծուռ դրած։ Երբ մեզ տեսաւ եկեղեցու մօտ կանգնած, մօտեցաւ, հարցրեց, թէ մենք ովքեր ենք, ի՞նչ նպատակով ենք եկել Վերի-շէն…
- Այն երեխաները ձեզ մօ՞տ են կարդում, հարցրեց մեզանից մէկը։
- Հա՜․ իմ մօտը, պատասխանեց վարժապետը։
- Քա՞նի հոգի են։
- Քառասուն։
- Ամեն մէկից ամսական ի՞նչ էք ստանում։
- Ամիս - մին մանէթ, ասեց վարժապետը ձախ ձեռը կողքին դրած, ինքնագոհ կերպով, ծխախոտի ծխի քուլաները բերանից արձակելով, իրան աշխարհիս հարստութեան տէրն էր կարծում, այնքան գոհ էր երևում իր վիճակից։ Այդ վարժապետը, ինչպէս յետոյ ուրիշից տեղեկացանք, կարդալիս է եղել Գանձակի ծխական դպրոցում, բայց վերջինիս ուսման ընթացքն անգամ չի վերջացրել։ Պարզ է, թե այդ տեսակ ուսուցիչը ի՞նչ գիտութիւններով օժտված դուրս եկած կը լինի ծխական դպրոցից։ Եվ այդպիսին պիտի կրթէ, դաստիարակէ, բան սովորեցնէ գեղջուկ երեխաներին։ Ի՞նչ է շինում Ղարաբաղի հոգևոր կառավարութիւնը։ Ամբողջ Գիւլիստանի գաւառում մի հատ ծխական դպրոց չը կայ։ Ժողովուրդը ուսման կարօտ է, ծարաւ է։ Բայց նրա համար դպրոց հիմնող, ուսում տուող չը կայ։ Գիւղացիք ասում են․ “մենք չենք կարդացել, գիր սովորել, գոնէ թող մեր երեխաները սովորեն”։

- “Էդ կազէթ ե՞ս կարդում”, դիմեց ինձ մի գիւղացի, երբ ես նստած “Մշակ” էի կարդում։
- Այո՜, պատասխանեցի ես։
- Իմ հօր էն մատները կացնով կըտորելիա, կըտորելի, որ ինձ ուսում չի տուել, վրա բերեց ինձ հետ խօսող գիւղացին։
- Ո՞րտեղ ուսում տար։
- Քաղաքումը։
- Հիմա դու քո երեխաներին, երբ նրանք մեծանան, ուսում տալու՞ ես։
- Բաս թողելու՞ եմ ինձ նման անուսում մնա՞ն։ Որ կարողութիւնումս լինի, չուխա կը ծախեմ, հագիս խալուղը կը հանեմ, կը ծախեմ, երեխաներիս ուսումը կը տամ։ Այդպէս է դատում գիւղացին։

Մանաշէթ հայ գիուղում, որը գտնվում է Բուզլուխից 2-3 վերստ հեռաւորութեան վրա, դէպի հիւսիս-արևմուտք, տները շինած են այնպէս, ինչպէս Բուզլուխի և Վերի-շէն գիւղերում։ Ինչպես վերջինում, նոյնպէս և այստեղ պատահում են և երդիկաւոր տներ։ Գիւղն ունի 40 ծուխ, 400 բնակիչներով։ Բնակիչները բոլորն էլ երկրագործութեամբ են պարապում։ Վարելահողերը պ. Մէլիք-Բէգլարեաններին են պատկանում։

Բռնազավթված Մանաշիդն այսօր
Գիւղն ունի մի եկեղեցի, փոքրիկ, խոնաւ, մի կողմից քանդվում է։ Բուզլուխը, Մանաշէթ և գաւառական մի քանի գիւղեր քահանայ չունեն։ Գիւղացիք ստիպված 10-15 վերստ ճանապարհ են գնում, ձմեռ, արև, անձրև, ձիւն, ցեխ, գիշեր… Եկեղեցին կից է գերեզմանատանը։ Այդ գերեզմանատան հին գերեզմանաքարերն ունեն բաւական գեղեցիկ և նուրբ ճաշակով քանդակագործված նկարներ։