Վիեննայի ժամանակը երկու ժամով հետ է երևանյան ժամային գոտուց, այդ պատճառով առավոտյան շատ շուտ էի արթնանում:
Այդ օրը սակայն սովորականից ավելի շուտ արթնացա: Այս անգամ եկեղեցու բարձր զանգերից:
Մեր Կոնտինենտալ հյուրանոցը ընդամենը մեկ մայթով էր բաժանվում Մարիահիլֆեր քիրշե եկեղեցուց:
Զանգերը կանչում էին առավոտյան պատարագի:
Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ես անպայման աշխատում եմ ներկա լինել տեղի եկեղեցիների որևէ պատարագին:
Այսօր առիթը ինքն էր եկել:
|
Տարեց պատկառելի տղամարդիկ, կանայք, ինչպես նաև երիտասարդներ շտապում էին ժամերգության:
Եկեղեցու ներսը շքեղ էր:
Եկեղեցու ներսում |
Ցանկացողները ինքնուրույն վերցնում և դրամը գցում էին պահոցի մեջ:
Ամեն մի նստարանի դարակում կարմիր աստվածաշունչ էր դրված:
Պատարագի յուրաքանչյուր մասնակից, բացում էր քահանայի արտասանվող մասի էջը և ձայնակցում ընդհանուր աղոթքին:
Անմիջապես մուտքի վերևում մեծ երգեհոնն էր:
Երգեհոն |
Ներկաները ուշադիր հետևում էին նրան, թերթելով նստարանների դարակներից հանված ավետարանները:
Հոգևորականը ընթերցում էր գերմաներեն: Որոշ աղոթքներ լատիներեն էին:
Բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի էին կանգնում և խաչակնքվում:
Կաթոլիկները, ի տարբերություն ռուսների, մեր նման ձախից աջ են խաչակնքվում:
Դիմացիս տատիկը շրջվեց և գերմաներեն ինչ-որ բան հարցրեց ինձ:
Ես անգլերեն հարցրեցի, թե ինչ է ասում?
Նա հասկացավ, որ գերմաներեն չգիտեմ, և հարցրեց որտեղից եմ եկել?
Ասացի` I am from Armenia.
Այդ Արմենիա բառը նրան ոգևորեց: Դեմքը անմիջապես պայծառացավ, և ասաց,
"Armenia, Great Country. Christian Country"
Եվ գրկախառնվեց ինձ:
Անակընկալի եկա:
Այդ պահին առաջին անգամ ես զգացի, որ մենք հայերս միայնակ չենք այս աշխարհում: Որ մենք ՄԵԾ քրիստոնեական աշխարհի մի մասն ենք:
Ես ուրախ էի, որ մեր նախնիները հեռատեսորեն մեզ միաձուլել են համաշխարհային քաղաքակրթության կրոնին: Թեև ազգությամբ տարբեր ենք, սակայն եվրոպացիների հետ մենք էլ ընդհանուր կապող օղակ ունենք:
Հայաստանյան մեկուսացված և փակուղային իրականությունից հետո այդ զգացմունքը հիանալի էր:
Այն էլ Հայաստանից այդքան հեռու, սակայն այդքան մտերիմ Ավստրիայում: