Showing posts with label Կոմիտասի շուկա. Show all posts
Showing posts with label Կոմիտասի շուկա. Show all posts

September 8, 2014

Գետաշենի ազնվամորին

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առանձնահատուկ եմ սպասում:

Գետաշեն 1990 թվ. Նկարը` Armineh Johannes/Sipa

Կոմիտասի շուկայում այդ ժամանակ կարելի է հանդիպել գետաշենցիներին:

Հայաստանում ապաստան գտած գետաշենցի փախստականները` իրենց հետ բերել են ազնվամորու թփեր, որոնցով հարուստ էր Գետաշենը և այստեղ աճեցնում են Գետաշենի ազնվամորին:

Գնալուս պատրվակը մուրաբայի համար ազնվամորի գնելն է, բայց իրականում կարոտս առնելն է այդ մարդկանցից, նրանց լեզվից ու խոսքից:

Գետաշեն
Նրանց 1991 թվականին` Կոլցո օպերացիայի արդյունքում, պարտադրեցին հեռանալ հայրենի Գետաշենից:

Գետաշենը Հյուսիսային Արցախի ամենամեծ շեներից մեկն էր:
Բնակչությունը 4500 հայ էր: Գետաշենցիները աչքի էին ընկնում իրենց քաջ կեցվածքով: Դրա համար ազերիները միշտ շրջանցում էին գյուղի սահմանները: Ռիսկ չէին անում մոտենալ:

Մի պատմություն կար 89-91 թթ-երի, երբ ազերիները ռադիոկապով անընդհատ գետաշենցիներին ասում են` էսա գալու ենք հարձակվենք ձեր վրա:
Մյուս օրը, նորից: Թե էսա գալու ենք:
Գետաշենցիները մի քանի օր հետո դրանց պատասխանում են, թե` "Արա, դե կյալիս եք եկեք: Թա կլխներիցդ ծեռք էք քաշել: Եկեք մենք էլ պրծնենք, տուք էլ":

Գետաշենի ազնվամորին
Եվ ահա երեկ ես նորից Կոմիտասի շուկայում եմ:
Շուկան կիսադատարկ է, ինչպես միշտ` վերջին տասնամյակներում: Գնալով` և գյուղացիների թիվն է պակասում և գնորդների:

Մի քանի պտույտ կատարելով շուկայում, հույսս կտրած մի քիչ հոն գնեցի և արդեն հեռանում էի:
Անցա պանրավաճառների շարքի կողքով, մեկ էլ մի տատիկ, թե,
- Բալա ջան, տեմբուլ տար, էժան ա:

Շրջվեցի, մի գեղեցիկ աչքերով, բարի հայացքով փոքրամարմին տատիկ էր: Բարբառը շատ հարազատ:
Նրա ապրանքը ընդամենը մեկ դույլ սալոր էր: Այն էլ շատ մանր, երբ կողքերը ավելի խոշորներն էին վաճառում:
Այդ դույլերից արդեն չեք հանդիպի: Դրանք սովետական էմալապատ, կապույտ ներկված, հաճախ կաթ լցնելու համար են կիրառվում:

Մոտեցա, ասացի.
- Քանիս ես ասում? Սրանից ինչ կարելի է պատրաստել?
- 200 դրամա, մատաղ: Սրանից չիր են սարքում, վարենի, ջեմ են անում: Լյավնա տար:

Ճիշտն ասած, մտադրություն չկար գնելու, բայց տեսնելով, որ իրոք խեղճ կին է, և ապրանքի քանակը տեսնելով, որոշեցի գնել: Ինչ որ օգնություն կլիներ իրեն:
Հարցրեցի, որտեղացի ես:
Աչքերի պարզ ու մաքուր հայացքից, խոսքից արդեն զգում էի թե որտեղից կլինի:

Նրա աչքերը թրջվեցին: Համարյա շշուկով ասաց.
- Գետաշենից ենք մենք: Թողել ենք լոխ եկել:

Այդ "Գետաշենից ենք մենք"-ը մի մեծ ապտակ է զեռ խոսացողներին, թե մենք հաղթանակած կողմ ենք, մենք հաղթանակած նախագահ ունենք, և նման այլ հեքիաթներ:

Երբ նորից տենց հիմար մտքեր լսեք, եկեք հարցրեք շահումյանցիներից և գետաշենցիներից:
Նրանք կասեն ով են իրականում այդ վոինները:

Ալհարակ լիճը և նույնանուն լեռը Գետաշենի մոտ

March 23, 2014

Կոմիտասի շուկան դանդաղ վերանում է

Կոմիտասի շուկան շատ եմ սիրում:

Երեք-չորս տարեկան հասակում` պապիկիս հետ հաճախ էինք գնում այնտեղ:
Կոմիտասի շուկան ներսից

Շուկայի ներսում ընդամենը մի քանի վաճառողներ են
Իր ամենօրյա գնումներից զատ անպայման ինձ համար գնում էր նաև ադի-բուդի:
Ադի-բուդին վաճառում էին անմիջապես շուկայի մուտքի մոտ` ահռելի մեծ մեշոկներից:
Կես կիլոգրամանոց ապակե բանկաներով ադի-բուդին լցնում էին թերթից պատրաստած կուլյոկների մեջ:



Այն ժամանակ ցելոֆանե տոպրակներ չկային, և մարդիկ իրենց գնումները դնում էին այսպիսի ցանցառոտ պարանից պայուսակների  (авоська) մեջ:



Շուկան միշտ մարդաշատ էր և ինձ համար կարևոր էր, որ այդքան մարդու մեջ չկորեի:

Ընդհանուր աղմուկի մեջ լսվում էր ռադիոյի ձայնը:
Շուկայում բարձրախոս կար կախված պատուհանների մոտ, որտեղից ինձ համար անհասկանալի հայտարարություններ էին անում:
Բարձրախոսը այսօր էլ կա: Կենտրոնի պատուհանի տակ է այն

Երկրորդ հարկում վաճառում էին կարտոֆիլ և այլ բանջարեղեն:
Այսօր այդտեղ ևս դատարկություն է
Շուկայի մյուս թևում վերևը կաթնամթերքի բաժինն էր: Պանրի և գյուղական կաթի հոտը մինչ օրս տպավորվել է:
Կաթնամթերքի բաժին

Վերջում գտնվում էր մսի բաժինը, որտեղից թարմ միս, բաստուրմա և խաշի պարագաներ կարելի էր գնել: Ի դեպ մինչև 6 տարեկան ես հաստատակամ էի մսավաճառ դառնալ: Որ հարցնում էին ինչ եմ դառնալու, անվրեպ պատասխանում էի` "Մսավաճառ":
Մսի բաժինը շուկայի վերջնամասում էր

Այստեղ էին վաճառում միսը


Այսօր պատկերը այլ է:
Կոմիտասի շուկան դանդաղ, բայց վերանում է:

Բացօթյա մասում նույնպես աշխուժություն չկա: Գնորդները և վաճառողները շատ հազվադեպ են:

Բացօթյա տաղավարներում վաճառողները մի քանիսն են

Ամբողջ շուկայում սոխը մի տեղ են վաճառում



Կոմիտասի շուկա

Ցավալի կլինի, եթե Կոմիտասի շուկան ևս արժանանա Փակ շուկայի ճակատագրին:

Ինչպես անել, որ վաճառողներ և գնորդներ լինեն?

Որ շուկան գործի: Որ հողը մշակեն և նրա բարիքը վաճառեն այստեղ:

Այսօր սրանք դեռ անլուծելի հարցեր են մեր իրականության մեջ: