Showing posts with label հարսանիք. Show all posts
Showing posts with label հարսանիք. Show all posts

February 11, 2013

Ցուլն էլ է լաց լինում`անզորությունից

Բոլորիս մոտ ցուլը ասոցացվում է ուժեղ և համառ կենդանու հետ:
Նա ուժի և հզորության մարմնավորումն է:
Բայց մի փոքրիկ դրվագ մեջբերեմ, որը լրիվ հակառակն է ցույց տալիս:

Գիտեք, թե գյուղական հարսանիքները ինչպիսին են:
Ամբողջ գյուղը օրեր շարունակ նախապատրաստվում է այդ իրադարձությանը:




















Ամեն մեկը մի գործ է անում հարսանեկան տանը: Կանայք ինչ-որ ուտեստներ են պատրաստում, աման-չամաններ բերում իրենց տներից, բոլորը հագնում են իրենց տոնական ոչ ամենօրյա հագուստները:  Տղամարդիկ սեղան-աթոռ, իշաոտնուկ են պատրաստում, փայտ կոտրում, խորոված-խաշլամայի պատրաստություններ տեսնում:

Իսկ մենք երեխաներս, ոտքերի տակ էինք ընկնում, վազվզում էինք:
Ինչ-որ աննկարագրելի սպասում կար այդ ամենի մեջ: Պետք է տեսնեինք հարսին և փեսային:
Սպասում էինք այն պահին, երբ գյուղի ծայրում կերևա խնամիների մոտեցող շարասյունը` բարձր ազդանշաններով:

Ցլիկին, որին պետք է շուտով մորթեին, գցել էին մի բաց փայտյա ախոռի մեջ:



Մենք` փոքրերս, խոտ էինք նրան տալիս, ջուր էինք լցնում ամանի մեջ:  Բայց նա ոչ ուտում էր, ոչ խմում` հրաժարվում էր:

Տղամարդիկ հաջորդ օրը բերեցին իրենց տներից տարբեր չափերի դանակներ, որը տարին մեկ անգամ օգտագործեին թե ոչ, հաստ թոկ-պարանը, որպեսզի մորթելուց առաջ ցլիկի ոտքերը կապեն:

Մորթելը ամեն մեկին չէր վստահվում: Մեկ-երկու հոգի կար գյուղում, որ մեծ անասուն էր կարողանում մորթել:

Այս խեղճին հանեցին ախոռից, կապեցին միաժամանակ ոտքերը և գլուխը պարանով և մի քանի հոգով քաշեցին-գցեցին գետնին:

Մեծերի համար դա սովորական տեսարան էր: Բայց մենք երեխաներս ցնցված և սարսափած էինք:

Ցուլը գետնին էր: Վերջին ակնթարթներն էին:
Այս արցունքները, որ հոսեցին նրա աչքերից, առայսօր հիշողությանս մեջ են:




Նա չէր կարողանում խոսել, արտահայտել իր զգացմունքը:
Ասուն չէր:
Հզոր կենդանին անկարողությունից և սպասումից լաց էր լինում:
Բայց մարդը կանգ չէր առնում:
Հարսանիք էր....