Showing posts with label Խարխափուտ. Show all posts
Showing posts with label Խարխափուտ. Show all posts

October 24, 2021

Րաֆֆու նոթերը Հյուսիսային Արցախի մասին: Մաս 6

Խարխափուտ

Օգոստոսի 4-ին գուրս եկա Կարաչինարից: Անցնելով Գորանի գետը, մի վերստ առաջ գալով, հասա Խարխափուտ կոչված հայաբնակ գյուղը, որ զարդարված էր գեղեցիկ այգիներով: Այդ գյուղը գտնվում է նույն անունով ձորի բերանում, որի միջով ճանապարհը խարխափելով տանում է դեպի Գյուլիստան գյուղը: Այդ ձորը ձգվում է անտառոտ երկու լեռնային գոտիների միջով, որ բարձրանում են ճանապարհի աջ և ձախ կողմից: Ձորի միջով վազում է մի վտակ, որ գնալով խառնվում է Գորանի գետակին: 

Խարխափուտի վայրենացած այգիները։ Հեռվում Մռավն է




















Ճանապարհին պատահեց ինձ տեսնել
Մելիք Բեգլարի այգու տեղը: Հնձանի տեղը, դարավոր թթենիները, ընկուզենիները, տանձենիները և այլ պտղատու ծառեր, ծերացած, վայրենացած, դեռ մնում են: Այդ այգին ունի մի ռոմանական նշանակություն, երևելի մելիքի կյանքից, որովհետև այդ այգու մեջ էր պահում նա յուր Բալա անունով խասային:

Գյուլիստան

Շարունակելով ճանապարհը նույն ձորի միջով և կես ժամի չափ առաջ գնալով, անտառը վերջանում է, և ճանապարհը ընկնում է հարթ բարձրավանդակների վրա, որ զուրկ են անտառից: Այստեղ կան արոտատեղիներ և մշակած դաշտեր: Խաչի գատուկից անցնելով, ճանապարհը հետզհետե ցածանում է դեպի մի խոր ձոր, որի մեջ գտնվում է Գյուլիստան գյուղը: 

Մռավ լեռ
















Գյուլիստան գյուղը, որի անունով կոչվում է Գյուլիստանի մահալը, գտնվում է կարծես մի խոր կաթսայի մեջ, որի չորս կողմից բարձրանում են անտառապատ լեռներ, որպիսի են Գոգթափա, Կարմիր-խաչ լեռը, Ղազուն տուրմաշ և Մռավի շարունակությունը կազմող սարերը: 

Գյուլիստան գյուղը
























Գյուլիստան գյուղը հայաբնակ է, գտնվում է Ինջա կոչված գետակի մոտ: Ունի մի եկեղեցի, որ շատ հին չէ: Հին եկեղեցին ավերակ է, այժմ նույն գյուղացիները, որ նրա մեջ մկրտվել են, նրա սերունդը հազար անգամ համբուրել են, նրա մեջ պահում են իրանց ոչխարները: Զարմանալի մարդիկ են այդ գյուղացիները, նրանց մեջ կա և ծայրահեղ մոլեռանդություն և ծայրահեղ անկրոնություն, իսկ հաստատ ոչինչ չկա նրանց մեջ: 

Գյուլիստանի եկեղեցում գտնվում է մե հռչակավոր գրչագիր ավետարան, որ պաշտվում է ամբողջ գավառի ժողովրդից: Սկսյալ Գանձակից և ամեն կողմերից քաշում է նա յուր մոտ ուխտավորների բազմություն, և նրան վերաբերում են բազմաթիվ հրաշագործությունները: 

Գյուլիստանի եկեղեցին














Գյուլիստանում իջևանած լինելով գյուղի քահանայի տանը, ես խնդրեցի, որ ինձ տանե եկեղեցին և ցույց տա հիշյալ ավետարանը: Նա մեծ ուրախությամբ կատարեց իմ խնդիրքը, կարծելով, թե ես էլ ուխտավոր եմ: Մտանք եկեղեցին, նա իսկույն ծածկվեցավ շուրջառով և մի արկղի միջից դուրս հանեց մի ահագին կապոց և դրեց գրքակալի վրա: Այդ կապոցը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ գույնզգույն թաշկինակներ մինը մյուսի վրա փաթաթած: Քահանան շարունակելով շարականը, մեկ-մեկ բաց էր անում թաշկինակները, որոնցից շատերը մետաքսից էին: Վերջապես, այդ բոլոր փաթեթների միջից հայտնվեցավ ավետարանը: Ես մոտեցա և համբուրեցի նրա կազմը: Հետո կամեցա բաց անել, որ նայեմ: Քահանան արգելեց, կիսաքաղաքավարի կերպով հասկացնելով, որ ինքը միայն կարող էր նրան բաց անել, իսկ մի աշխարհական մարդու մատները չպիտի շոշափեին այդ սրբությունը: Ես չհակառակվեցա, ասելով, որ նա բաց անե. ես միայն հեռվից կնայեմ: Քահանան յուր ձեռքով, որ շատ էլ մաքուր չէր, բաց արեց սուրբ գիրքը: Դա մի հասարակ գրչագիր ավետարան էր, հաստ թղթի վրա գրված, ոչ Գետաշենի ավետարանի գեղեցկությունն ուներ և ոչ նրա գրչության արհեստը: Պատկերները շատ տգեղ էին, այնուամենայնիվ ժողովրդի մեջ ավելի համարում և համբավ ստացած էր, քան թե Գետաշենի ավետարանը: Իմ որոնածը էր նրա հիշատակարանների մեջ մի պատմական տեղեկություն գտնել, այն ևս չգտա, որովհետև վերջին թերթերը քրքրված և պակաս էին:

Մյուս օրը վաղ առավոտյան ես ցանկացա տեսնել երկու հնություներ, որ Գյուլիստանի գյուղից շատ հեռու չեն: Դրանցից մեկն էր ս. Ամենափրկչի անապատը, իսկ մյուսը՝ Գյուլիստանի բերդը: Իմ հյուրընկալ քահանան, թեև մոտ յոթանասուն տարեկան մարդ էր, յուր ձեռքով ձին թամքելով, մի ձի էլ ինձ համար պատրաստելով, հրացանը ձգեց ուսին, ծտի նման թռավ նրա վրա և իմ առջևը ընկնելով, սկսեց առաջնորդել ինձ: 

Առավոտյան զով ժամանակն էր: Մենք գնում էինք ձորի միջով, որտեղից անցնում է արծաթի նման սպիտակ Աղ-սու կոչված գետակը: Այդ գետակի վրա պետք է գտնեինք Ամենափրկչի անապատը: Նա Գյուլիստանից մի և կես ժամու չափ հեռավորություն ուներ, այդ պատճառով ես չէի շտապում, հետաքրքրվեցա իմ տերտերիցս մի քանի տեղեկություններ հավաքել: 

— Տեր հայր, այս անտառում պտղատու ծառեր կա՞ն:

Նա գլուխը բացասական կերպով շարժում է, պատասխանելով, — օրհնած, ոչինչ չկա:

Մի փոքր անցնում ենք, տեսնում եմ հոնի, զկեռի, կաղինի, տանձենու և այլ պտղատու ծառեր:

—Տեր հայր, դու ասում էիր, որ պտղատու ծառեր չկան, այդ ի՞նչ է. տես, հոնի, զկեռի:

—Ո՞նց չկան, կան, հաճար կա:

Հաճարն էլ ես նոր լսեցի: — Հաճարը ի՞նչ են անում:

— Խոզերին են ուտացնում:

Այդ խոսակցության միջոցին տերտերը ինձ հեռվից ցույց տվեց Ամենափրկչի անապատը: Նա մանր առարկաների վրա, որպես էին պտուղները, ուշադրություն չէր դարձնում, խոշոր բաները ավելի շուտ էր տեսնում:

Ամենափրկչի անապատը, ինչպես ասացի, գտնվում էր Աղ-սու գետակի մոտ, ոչ այնքան հեռու Մռավ լեռից, մի անտառապատ ձորակի մեջ: Անապատի տաճարի շինվածքը կանգնած է չորս բոլորակ սյուների վրա, որ շինված են խամկուր քարից: Այդ տաճարը այժմ ամայի է. խաշնարած թուրքերը անասուններ են լցնում նրա մեջ. անասունների աղբը թանձրացած էր հատակի վրա: Տաճարից ոչ այնքան հեռու կա մի այլ շինվածք, ուր ապրում էր մի ժամանակ այնտեղի միաբանությունը: Դա էլ նույնպես անասնանոց է դարձել: Թե տաճարի և թե միաբանության բնակարանի բոլոր շինությունները դեռ մնացել են ամբողջ. կտուրների վրա բուսել են մացառներ և աճել են ահագին ծառեր: Անապատից մի քսան քայլ հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ ուխտատեղի է. այստեղ դեռ թուրքերի անասունները մուտք չեն գործել, որովհետև դուռ ունի: Զարմանալի անհոգություն, թե ժողովրդի և թե մեր հոգևոր կառավարության կողմից. ահագին ծախքեր անելով, նախնիքը թողել են այդ սրբավայրերը: Այժմ նրանց որդիքը գոնե դռները քարով ամուր կպցնեին, բաց չթողնեին, որ թուրքերի անասնանոց դառնար: Անապատի ջրաղացի ավերակները դեռ մնում են: 

Նապատ վանքը















Այդ անապատի գավթում թաղված կան զանազան անձանց գերեզմաններ, որոնց թվում է Աբրահամ յուզբաշու գերեզմանը (որ գնաց Պետրոս Մեծի մոտ): 

Ես շտապում էի տեսնել Գյուլիստանի բերդը, որի մեջ ամրացած, հայոց մելիքները մինչև վերջին ժամանակները սարսափեցնում էին մահմեդականներին: Ամենափրկչի անապատից մի նեղ ճանապարհ անտառների միջով ուղիղ տանում է դեպի բերդը: Նա շատ հեռու չեր, ընդամենը պետք է գնալ մի երեք վերստ, որը հեռվից տեսա, իմ սիրտը սկսեց բաբախել: Ես տեսնում էի այն բերդերից մեկը, որի մեջ իմ վեպի հերոսները գործել էին: 

Գյուլիստանի բերդը














Այդ բերդի տեղը բնության հրաշալիքներից մեկն է: Մի ահագին սեպացած քարաժայռ բարձրանում է խոր ձորի միջից և այդ քարաժայռի գլխին շինված է բերդը: Որպես խրամատ ծառայում է նրան խոր անդունդը, որի միջով հոսող գետակը պտույտներ է գործում և այդ քարաժայռի երեք կողմից ոլորվելով, նրան թերակղզու ձև է տալիս: Մի կողմից միայն բարձր քարաժայռի ստորոտը միանում է ցամաքի հետ: 

Մռավ լեռը այստեղից ընդամենը մի երկու վերստ ճանապարհ է, բայց ես նրա գագաթը բարձրանալու բախտ չունեցա: Չնայելով իմ բոլոր թախանձանքին, ինձ առաջնորդող քահանան չկամեցավ ինձ հետ գալ, անդադար կրկնելով, թե մեզ կսպանեն: Եվ ոչ մի Գյուլիստանցի չցանկացավ ինձ հետ ուղեկցել, միևնույնը կրկնելով: Բանից դուրս եկավ, որ այդ բոլոր երկյուղը խաշնարած թուրքերիցն է, որ այդ լեռան ստորոտներում ցրված են: Զարմանալի բան է, Աֆրիկայում ճանապարհորդը ավելի ապահով է իրան զգում, քան թե այստեղ: 

Բայց որքան ես տեղեկացա ականատեսներից, թեև Մռավը հեռվից խիստ սրածայր է երևում, բայց նրա գագաթը բոլորովին տափարակ է, և բավական տարածություն ունի: Նրա գագաթի վրա կան երկու գերեզմաններ, որ հայոց ուխտատեղի է: Այդ գերեզմանները պատկանում են ճգնավորների, որոնք բնակվում էին այդ լեռան գագաթի վրա: Մինչև այսօր ցույց են տալիս նրանց ճգնարանները, որոնք ուրիշ բան չեն, եթե ոչ երեք ահագին քարեր միմյանց մոտ դրած և մի քար ևս դրած նրանց վրա որպես ծածկոց: Միջում մի մարդ միայն կարող է բնակվիլ: Այդ ահագին քարերի այսպես միմյանց վրա դրվիլը միայն հսկաների գործ կարող է համարվել: 

Մռավ լեռը Գյուլիստանից










Գյուլիստանից դուրս գալով, բարձրացանք Թոռուտ կոչված անտառապատ լեռների վրա: Այդ լեռները արժանի են իրանց անվանը, որովհետև, օդի մեջ, կարծես մի տեսակ նուրբ անձրև աննկատելի կերպով թորում է: Երկու ժամից հետո հասանք Թոռուտ գյուղը, որ կոչվում է նաև Յուղակեր: Այստեղ բնակվում են ոչ ավելի քան 15 հայ ընտանիք, որ գաղթական են Շուշվա կողմերից: Այդ գյուղը առաջ հայոց բազմամարդ գյուղերից մեկն է եղել, հետո ավերակ է դարձել, այժմ նորից այնտեղ բնակություն են հաստատել: 

Հիշյալ գյուղում փոքր-ինչ հանգստանալով, երբ նկատեցի տեղային անպիտան տանուտերը ձին ուշացնում է, ստիպվեցա այդ գյուղի մոտ իջևանած քոլանիներից մի ձի վարձել և շարունակել իմ ճանապարհը: 

Թալիշ

Թոռուտից դուրս գալով դարձյալ անտառների միջով շարունակելով մեր ճանապարհը, մեկ ժամ առաջ գնալուց հետո, իմ առաջնորդ քոլանին դարձյալ ընդհատեց տիրող լռությունը, ասելով՝ «Հիմա կտեսնենք այն տունը, որ ասում էինք»: 

Իմ սիրտը թնդաց ուրախությունից, ես պիտի տեսնեի Գյուլիստանի հին մելիքների պալատները: Ճանապարհը սկսեց ցած իջնել, դեռ ոչինչ չէր երևում անտառի ծառերը արգելում էին հեռվից մի բան տեսնել: Երբ բոլորովին մոտեցանք, երևաց սպիտակ պալատը: 

Պալատը շինված է ամբողջապես սպիտակ քարերից: Նա բաժանվում է երկու շինվածքների, մինը մյուսի հանդեպ, մեջտեղից ճանապարհ է անցնում: Հոռեկի բլուրի ստորոտում գտնվում է բուն պալատը: Ամբողջությունը քառակուսի ձև ունի. շրջապատի չորս անկյունները ամրացրած են չորս աշտարակներով: Գլխավոր դռնից ներս մտնելով բակը, դեպի աջ կողմը բոլորովին ողջ կանգնած են մի կարգ ընդարձակ սենյակներ. նրանց թիվը ութն է: Սենյակների առաստաղը կամարակապ է և գմբեթաձև: Գմբեթի գագաթից բոլորաձև երդիկ է բացված, որտեղից լույս է թափվում: Սենյակները ուրիշ լուսամուտներ չունին: Դրանց ձևը սյունեցու տան կատարելագործված ձևն է: Այդ մի կարգ սենյակների առջևը կա երկայն պատշգամբ, որ ծածկված է կամարներով, որոնք ամրանում են ութր հաստ սյուների վրա: Սյուները քառակուսի են, շինված քարից, որպես ամբողջ շինվածքը:

Մելիք Բեգլարյանների պալատը։ Գծ․ Ա․Ղուլյանի














Պալատի այդ կարգի սենյակները հարմարեցրած են բնակիչների բոլոր պահանջներին, բոլորի մեջ կան բուխարիներ. կա առանձին խոհանոց, նրա մոտ ստորերկրյա մառան, զանազան պահեստի տեղեր և այլն: Սենյակների դռները եկեղեցու դռների ձև ունին, քարե կշտանոցներով: Այդ կարգի սենյակները բոլորը մի հարկանի են և պահպանել են իրանց ամբողջությունը: Քարն ու կիրը, — այդ է նրանց բաղադրությունը. փայտի մի կտոր անգամ չկա նրանց շինվածքի մեջ: 

Մելիք Բեգլարյանների պալատի ավերակները Թալիշում














Այդ մի կարգ սենյակների հանդեպ կառուցված է պալատի մյուս մասը, որ բաժանվում է առաջինից երկայնաձև, քառակուսի բակով: Դա բաղկանում է մի ընդարձակ սրահից, որի երեսը բաց է և որը ծառայելիս է եղել ամառվա բնակության համար: Ըստ մեծի մասին այս տեսակ սրահներ ունենում են իշխանները, որոնք պարսից սովորության համեմատ, այնտեղ նստելով, դատավորություն են անում: Ժողովուրդը թակում, բաց օդի մեջ կանգնած է լինում, իշխանը սրահում նստած լսում է նրանց խոսքը և վճիռներ է տալիս: Սրահի երկու կողմերում կան գեղեցիկ սենյակներ, որոնք երեքհարկանի են եղել: Վերին հարկը քանդված է: 

Այդ պալատի հանդեպ, ճանապարհի մյուս կողմում, կա մի այլ առանձին շինվածք, որը յուր ընդարձակությամբ ավելի մեծ է, քան առաջինը: Որպես երևում է դա ծառայելիս է եղել հիշյալ պալատում բնակվող իշխանի ծառաների, հյուրերի և պահապանների բնակության համար: Այստեղ կա ախոռատուն, ստորերկրյա ներքնատներ, որոնք բանտի համար են եղել և այլ զանազան ծածկոցներ: Այդ շինվածքի ամբողջությունը նույնպես քառակուսի ձև ունի. անկյունները ամրացած են ահագին աշտարակներով: Բայց մի քանի շինվածքներ միայն այստեղ պահպանել են իրանց ամբողջությունը. մնացածը քայքայված է, անտառը մասամբ պատել է, սենյակների միջից ծառեր են բուսել: 

Այդ մասնում մի դահլիճի դռան կամարի վրա կարդացվում է հետևյալ արձանագրությունը. «Հիշատակ է Օհան բարուն տերին Մելիք Թամրազ թ. ՌՃՀԶ» (1176):
Հիշյալ երկու շինվածքներից փոքր-ինչ հեռու, մի աղբյուրի մոտ, գտնվում են բաղանիքները, որոնց առաստաղի գմբեթները քանդված են, իսկ մնացածը ողջ է:
Առհասարակ հնության այդ գեղեցիկ հիշատակարանները, որ կառուցված են քարով և կրով միայն, ոչ այնքան տրորվում են ժամանակից, որքան ժողովրդի բարբարոս ձեռքերից: Թալիշեցի հայերը դրանց մոտ ունին կիր այրելու քուրաներ. քանդում են պալատների քարերը և քուրաների մեջ այրելով, կիր են պատրաստում: Թեև շրջակա լեռները կազմված են կրային քարերից, բայց ծույլ գյուղացու համար ավելի հեշտ է քանդել պալատի արդեն պատրաստի քարերը:
Տեղացիք այդ պալատները ընծայում են մելիք Թամրազին և նրա եղբայր Աբով յուզբաշուն: Բայց այդ շինվածքների գոյությունը պետք է ավելի հին համարել, քան հիշյալ երկու իշխանների ժամանակները: Դրանք, անտարակույս, Աղվանից վաղեմի իշխանների կամ թագավորների ամառանոցներ են: 

Բարտավ քաղաքի Աղվանից իշխանները սովորություն ունեին ամառը այդ կողմերի
անտառապատ լեռների վրա անցկացնել, որովհետև ամառվա տոթը Բարտավի մեջ անտանելի է լինում:
Հիշյալ պալատներից բարձրանում է դեպի Հոռեկ գյուղը, որ գտնվում է անտառապատ սարի լանջքի վրա: Հոռեկը հին Թառիջն է, որ հիմնեց ուտիացոց աշխարհից գաղթական Թառիջ իշխանը, որ Գյուլիստանի կամ Թարիջի (Թալիշի) մահալին տիրող իշխանների նախապապն է:
Այդ գյուղի մեջ այժմ բնակություն չկա, շինվածքները բոլորը կորած են անտառի տակ: Որովհետև, երբ բնակիչները գաղթեցին Վրաստան, այդ գյուղը ավերակ դարձավ, այնտեղից վերադառնալով 4 վերստ հեռավորության վրա հիմնեցին նոր Թարիջ կամ Թալիշ գյուղը:
Հոռեկում կամ հին Թալիշում այժմ շեն է մնացել միայն մի եկեղեցի, որ ուխտատեղի է: Դա շինված է ՉԻԸ (728) թվին, 602 տարվա հնություն ունի: Եկեղեցին բաղկացած է երկու մասնից՝ գավթից և տաճարից: Եկեղեցու շուրջը, անտառի մեջ, պատած մացառներով, ցրված են Թալիշի մահալի վաղեմի տիրապետողների մամռապատ շիրիմները: Ինձ հաջողվեց մացառների միջին գտնել մի քանի մելիքների, յուզբաշիների և բեկերի գերեզմաններ, որոնք մեծ դեր են խաղացել այդ երկրի պատմության մեջ: Թալիշի մելիքների այժմյան ներկայացուցիչների՝ Մելիք Բեգլարովների տոհմային գերեզմանատունը նույնպես այստեղ է: Հոռեկի եկեղեցին ուխտատեղի է, գտնվում է մի հիանալի անտառապատ սարի լանջքի վրա, որի բարձրությունից երևում է Կուր գետը, Թարթար գետը և Ջուանշիրի մահալի հարթ տափարակները:

Հոռեկի վանք





















Արևը մայր է մտել, երեկոյան մութը բավական թանձրացել էր, ես տատասկների մեջ տակավին որոնում էի նոր գերեզմաններ: Այն տապանաքարերը, որոնք բաց էին մնացած, դժվարությամբ էին կարդացվում, ժամանակը մաշել էր արձանագրությունները: Իսկ նրանք, որ պատած էին մամուռով, կամ ծածկված էին հողով, պահպանվել էին: Շատ տեղ առանձին պատրաստություններ էին հարկավոր տապանաքարերը բաց անելու համար, պետք էր բահ՝ հողը փորելու, պետք էր տապար` թուփերը կամ ծառերը կտրատելու, որոնք խիտ կերպով աճել էին նրանց շուրջը: Թեև վերջին դեպքում ինձ օգնում էր իմ առաջնորդ քոլանին, իր խենջարով կտրատելով թփերը, բայց այդ մի մարդու գործ չէր: 

Գերեզմանաքարերը։






















Երբ խավարը բոլորովին պատեց, պատանի քոլանին ասաց ինձ.

—Աղա, դուք չե՞ք վախենում:

—Ինչի՞ց:

—Այդ լեռների վրա մի սոխի համար մարդու գլուխը կկտրեն: Երկու օր չկա, — ավելացրեց նա, — ահա այնտեղ մի մարդ սպանեցին. նա ցույց տվեց դեպի Թալիշ տանող ճանապարհը: 

Ոչ այնքան պատանի քոլանիի զգուշացնող խոսքերը, որքան գիշերային մութը ստիպեց ինձ թողնել հայոց վաղեմի հերոսների հանգստարանը. ես նստեցի ձին, և իմ ուղեկիցը առաջնորդեց ինձ դեպի Թալիշ գյուղը, որ այստեղից երկու ժամվա հեռավորության վրա էր գտնվում:

Բոլորովին մութն էր, երբ ես հասա Թալիշ գյուղը և իջևանեցի տեղային յուզբաշու տանը: Այդ գյուղը որպես վերևում հիշեցի, հիմնել են հին թալիշեցիք, երբ նրանք վերադարձան գաղթականությունից: Հնության արժանավոր մի բան չգտա այստեղ: Գյուղը դեռ նոր է, ոչ եկեղեցի ունին, ոչ գերեզմանատուն. իրանց ննջեցյալները թաղում են հին Թալիշում, Հոռեկի եկեղեցու շրջակայքում: 

Մյուս օրը ինձ ասացին, որ այստեղ մի մարդու տանը մի սուրբ գիրք կա, որով բժշկություններ են լինում: Իսկույն հասկացաք որ Ավետարան կլինի: Ինձ այնքան չէր հետաքրքրում գրքի հրաշագործությունը, որքան այն միտքը, թե կարելի է նրա հիշատակարանների մեջ մի պատմական տեղեկություն գտնել, այդ պատճառով ինձ հետ առնելով գյուղի երիտասարդ քահանային, գնացինք այդ գիրքը տեսնելու: Նա գտնվում էր մի հասարակ գյուղացու մոտ և այդ գրքի պատճառով գյուղացին իր տունը ուխտատեղի էր շինել: Ամեն կողմից թափվում էին այնտեղ հիվանդներ և զանազան ցավագարներ, որոնցից, իհարկե, գյուղացին շահվում էր: 

Ինձ ևս ուխտավոր համարելով, տանտերը մեծ ուրախությամբ ընդունեց: Իսկույն առաջարկեց նա մոմեր գնել, որ յուր մոտ պատրաստի պահում էր: 

Գիրքը դրած էր մի մութ, խոնավ խորանում, որի դուռը բացվում էր տան մեջ: Այստեղ այնքան մութն էր, որ չնայելով մենք մեր գնած մոմերը վառեցինք, բայց դարձյալ դժվար էր կարդալ հին գրչագիրը, որի տառերը ժամանակի հնությունից մուգ-դեղին գույն էին ստացել: Ես խնդրեցի, որ  գիրքը դուրս տանեն, տան տերը ընդդիմացավ, ասելով, որ «աղան» կբարկանա, եթե տեղից շարժեն նրան: Ով էր այդ «աղան» ես հասկանալ չկարողացա: Միայն, եթե «աղա» համարում էր նա Հիսուս Քրիստոսին, կարծեմ ավելի պիտի բարկանար տանտիրոջ վրա, որ յուր հեղինակությունը՝ սուրբ Ավետարանը, բանտարկել էր մի մթին խորանում և անմատչելի էր դարձրել հասարակությանը, — այն Հիսուս Քրիստոսը, որ ասում էր, թե ճրագը չեն գնում ամանի տակ, այլ աշտանակի վրա, որ լույս տա ամենին: 

Այս քարոզները թեև ես կարդացի տանտիրոջը, բայց նրա ականջը չմտավ, նա թույլ չտվեց սուրբ ավետարանը յուր մթին խորշից դուրս հանել, որ կարողանայի հետազոտել նրան, թեև երիտասարդ քահանան ևս աշխատում էր համոզել նրան, որ դրանում ոչինչ մեղք բան չկա: Ես կարողացա կարդալ նրա թվականը միայն. 821 տարվա հնություն ունի, գրված է հայոց ՇԹ (509) թվականին, բավական հաստ մագաղաթի վրա, խոշոր և գեղեցիկ երկաթագրերով: Այդ պատճառով գիրքը բավական հաստ ծավալ է ստացել, թեև նա բովանդակում է իր մեջ չորս ավետարանիչները միայն: 

Կրոնը և սնահավատությունը ավելի քան ութն հարյուր տարի պահպանեցին մեր նախնյաց գրչի այդ սուրբ հիշատակարանը: Բայց այն գրքերը, որ նրանց հանճարի ծնունդն էին, ոչնչացան: Գյուղացիների խրճիթներում, եկեղեցիների, վանքերի պահարաններում ես չէի տեսնում և ոչ մեկը նրանցից: Այդ ավետարանը, ինչպես և Գետաշեն գյուղի ավետարանը, գերի ընկած է լինում այլ ազգիների ձեռքում, բարեպաշտ անձինք փող են տալիս և ազատում են նրանց, գրել տալով վերջին թերթերի վրա իրանց ամբողջ ազգատոհմի անունները, որ ապագա սերունդը «աստված ողորմի» ասե նրանց հոգուն: Բայց ինձ չպատահեց տեսնել և ոչ մի Խորենացի և ոչ մի Եղիշե, որ թափված լիներ բարբարոսի ձեռքից, որ ունենար այսպիսի հիշատակարան: Դրանք անհետացան, ոչ գյուղացու խրճիթը և ոչ եկեղեցին չպահպանեցին նրանց:


Նոթերի նախորդ մասերը՝

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6

June 13, 2013

Ուր եք? Իմ հարազատ շահումյանցիներ

1992 թվականի հունիսի 13:

Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել ԼՂՀ-ում: Այս ամսաթիվը չեն ցանկանում լսել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել Ադրբեջանում: Չհիշելու գործում բոլոր կողմերը միակարծիք են, բացի շահումյանցուց:

Ինչու? Որովհետև այդ օրը մենք կորցրեցինք մի փառահեղ երկրամաս` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը իր ` Ներքին Շեն, Վերին Շեն, Հայ Պարիս, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար, Գաղթուտ, Գյուլիստան, Խարխափուտ հայկական գյուղերով:
698 ք.կմ տարածք: 20.000 հայ բնակչություն:

Ով է խոսում այն 289 հոգու մասին, որոնք անհայտ կորան կամ զոհվեցին հունիսի 13-14-ին?

Վերջերս գտել եմ մի ահասառսուռ վիդեո, ազերիների նկարած, որտեղ նրանք գերի են վերցնում Կարաչինարի կողմերը հայ տղամարդուն:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանը ընկել է առանց պայքարի:
Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, Կոլցո օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին:
Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի և Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը:

Սակայն ինչ կատարվեց Շուշիի գրավումից հետո ուղիղ մեկ ու կես ամիս անց? Ինչու շատ ջոկատներ լքեցին Շահումյանը, անպաշտպան թողնելով դիրքերը? Ով ականազերծեց Շահումյան տանող ճանապարհները, Գետաշենի իբր սպասվող ազատագրման պատրվակով? Խաղաց իր դերը ՀՅԴ-ՀՀՇ դիմակայությունը?

ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանը Ազատամարտ թերթին տրված հարցազրույցում 1992 թվականի ամռանը ասում է` "Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն: Շատ դժվար է այդ մակարդակները որոշել: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, հիմնականում` Հայաստանի մեղավորությունը: Դա Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու և վատ կազմակերպված լինելու արդյունքն է:"

Շահումյանի հարցերը արդեն բաց են մնում 21 տարի:

Մռավի լեռները անցնող փախստականները

Հայաստանի ճանապարհներին շահումյանցի փախստականները
Երևանի երկաթգծի կայարան: Փախստականները սպասում են Ռուսաստան մեկնող գնացքին

Շահումյանցի տատիկը
11 ամյա շահումյանցի տղան ինքնապաշտպանության ջոկատի կազմում


Մոնթեն 1991թ. սեպտեմբերին Կարաչինարցի պաշտպանների հետ
Սերո Խանզադյանը Ներքին Շենում


Շահումյանի գյուղերը