June 10, 2019

Ջրմուղը աննախադեպ հետընթաց է ապրել

Վերջերս առիթ ունեցա առնչվել ջրմուղի հետ, որն այսօր "Veolia jur" է կոչվում։

Պետք է բնակարանի համար բաժանորդ դառնամ։
Առաջին անգամ չէր և գիտեի գործընթացի քայլերը։ Նախկինում սեփականության վկայականով-անձնագրով դիմում էինք գրում ջրմուղի շրջանային սպասարկման կենտրոններից մեկում, ինքներս ձեռք էինք բերում ջրի հաշվիչը, որը արտադրվում էր Հայաստանում, տեղադրում էինք մեզ հարմար պահին և ժամանակին, ջրմուղի տեսուչը երեք օրվա ընթացքում գալիս ուղղակի կնքում էր մեր տեղադրած հաշվիչը։ Շատ պարզ և հարմար գործընթաց էր։

Այսօր պարզվեց գործընթացը լրիվ այլ է։














Նախ տեղական արտադրության հաշվիչները այլևս կիրառելի չեն, ջրմուղը այսօր իր հաշվիչն է դնում  ձեր տանը։ Դրանք ներմուծված հաշվիչներ են, որոնք մեր տեղական՝ 8000 դրամի փոխարեն, ինքնարժեքով ավելի թանկ են՝ 30 եվրո։

Ջրմուղի սպասարկման շրջանային կենտրոնները փակվել են, ամբողջ Երևան քաղաքում մեկ կետ է մնացել սպասարկման։

Եվ ամենավատը բաժանորդի համար՝ որ հաշվիչը տեղադրում են աշխատանքային 30 օրվա ընթացքում, դիմումը գրելուց հետո։

Հաշվիչը չտեղադրած վիճակում դուք մուծում եք ամսական ֆիքսած 5400 դրամ վճար, անկախ սպառած ջրի քանակից։
Դիմումը գրել եմ մարտի 29-ին, անցել է մոտ երկու-երեք ամիս, ամսական մուծում եմ 5400 դրամ, իսկ հաշվիչ բերող չկա։

Զանգել եմ 185, ասում եմ մոռացել եք բերել հաշվիչը, այն կողմից խոստացան, որ հիշեցման թերթիկ կուղարկեն որ բերեն։ Սպասեք 5 աշխատանքային օր հիշեցման թերթիկը որ գործի։

Մի քանի օր անց եկան։ Առաջ մի տեսուչ էր։ Հիմա եկան չորս հոգի։ Մեկ հաշվիչ վերցրած եկել են մեր տուն։

Ասում եմ դե դրեք հաշվիչը։
Պատասխանում են, որ իրենք չունեն գործիքներ և պարտականություն հաշվիչը տեղադրելու, քանի որ իմ մոտ մետալոպլաստի խողովակներ են և այլն։

Ասում եմ, բա ինչու եք այդ դեպքում չորս հոգով եկել, ձեր այդ չորս հոգու աշխատավարձը մեր վճարից է չէ գոյանում։ Ասում է, ամեն մեկս ունենք մեր գործը, դա ձեզ չի վերաբերվում։

Ասեցի, դե եթե չեք կարող տեղադրել ինքերդ, թողեք հաշվիչը իմ մոտ, ես վարպետ գտնեմ, ինքը որևէ օր կտեղադրի, դուք կգաք կկնքեք։
Ասում է, ոչ մենք տեղադրելուց պետք է ներկա լինենք։
Ասում եմ, դե տեղադրեք։ Պատասխանում է չենք կարող։

Վեոլիա ջրում ստեղծել են մի անիմաստ մոնոպոլ իրավիճակ, որից շահում են միմիայն իրենք և ոչ թե բաժանորդը։ Օրավճարը անցնում է, իրենք հաշվիչ տեղադրելու որևէ ձգտում և շարժառիթ չունեն։ Որքան ուշ տեղադրեն այդքան ջրմուղի օգուտն է։

Ասեմ, որ այս ընթացքում մի 3 անգամ գնացել եմ իրենց սպասարկման կենտրոն, 5 անգամ զանգահարել եմ իրենց 185 թեժ գծին, մի 10 անգամ զանգել եմ տեսուչին։
ՈՒ դեռ հաշվիչը չկա։

Ու դուք ասում եք երկրում իրավիճակ է փոխվել։
Այո ջրմուղում փոխվել է, դեպի վատը։


Հ․Գ1․ նյութը հրապարելուց մեկ ժամ անց ջրմուղից զանգ ստացա։ Տեսնենք ինչ կլինի։

Հ․Գ2․ նույն օրը եկան տեղադրեցին հաշվիչը։ Նախորդ անգամ տեղադրումից հրաժարված աշխատակիցը պնդում էր, որ ինքը կարող էր անցյալ անգամ էլ տեղադրեր։

Հ․Գ3․ Երկու օր անց նորից զանգեցին ջրմուղից, ուզում էին նորից գան և տեղադրեն հաշվիչը։
Ասացի, որ արդեն տեղադրել եք։ Զարմացան։ Ես էլ զարմացա։