May 1, 2015

Երկրորդ անգամ հավաքակայանում

Արդեն գրել եմ, թե ինչպես հայտնվեցի առաջին անգամ Չարբախի հավաքակայանում, ինչպես այնտեղից տեղափոխվեցի Արտաշատի զորամաս:

Արտաշատի զորամասից 1997 թ. դեկտեմբերի 8-ին մեզ նորից տեղափոխեցին զինվորական հավաքակայան: Երկրորդ անգամ: Ինչու?

Ծանոթացնեմ խնդրի նախապատմությանը:

Երևանի պետական համալսարանը և Պոլիտեխնիկը 1995-ին դեռ ունեին զինվորական ամբիոններ:
Ուսումնական վերջին սեմեստրի ընթացքում, այսինքն փետրվար-հունիս ամիսներին, ամեն օր, ԵՊՀ ավարտական կուրսի ուսանող-տղաները հաճախում էին ռազմական ամբիոն, Նորքի 5-րդ զանգվածում, ռազմական ինստիտուտի ուսումնական կենտրոն:

ԵՊՀ տարբեր ֆակուլտետները կցված էին տարբեր ռազմական մասնագիտություններին: Օրինակ մաթեմատիկայի և ծրագրավորման ֆակուլտետ ավարտողները սովորում էին ռադիոռելեային կապ, աշխարհագետները` քարտեզագրող էին դառնում, իրավաբանները զամպոլիտներ և այլն:

Ամբիոնի դասերի վերջում, երկամսյա հավաք էր` Քանաքեռի կապի զորամասում:
Այնտեղ մենք մնում էինք գիշեր-ցերեկ, ու նորից գորնական պարապմունքներ էին, նախապատրաստվում էինք պետական ավարտական, սպայական քննություններին:

Քանաքեռի զորամասում մենք տվեցինք զինվորական երդում, հանձնեցինք ավարտական պետական քննություններ, որի պետական ավարտական հանձնաժողովը գլխավորում էր ՊՆ կապի զորքերի պետ` Արթուր Փափազյանը:

Արդյունքում, 1995 թ. հուլիս-օգոստոս ամիսներին` երկամսյա հավաքներ անցած, ավարտական քնննությունները հաջող հանձնած ուսանողները հրամանագրվեցին` սպայական կոչման շնորհմանը, հրամանների նախագծերը ուղարկվեցին Պաշտպանության նախարարություն, Փափազյանի ստորագրությամբ:

1995 աշնանը, այն ուսանողները, ովքեր տարկետման իրավունք արդեն չունեին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զորակոչվեցին բանակ, երկու տարով, որպես սպա, դասակի հրամանատարներ:
Իսկ մենք, ով 1995-97 թթ.-երին դեռ սովորում էինք ասպիրանտուրայում և մագիստրատուրայում, ունեինք ուսման տարկետման իրավունք մինչև 1997 թվականի հոկտեմբերի վերջը: Եվ օրինական հիմքով բանակ չէինք զորակոչվել:

Սակայն, 1997 թվականի, նոյեմբերի 12-ին, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հրաման է արձակում, որ տարկետման իրավունքը կորցրած բոլոր զինակոչիկներին զորակոչել որպես զինվոր: Այս հիմար հրամանի տակ ընկանք նաև մենք, արդեն մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտած մագիստրոսները և գիտության թեկնածուները, ովքեր 8 ամիս ռազմական ամբիոններ ավարտելուց հետո զինվոր էին զորակոչվում:

Երևանի Կենտրոն շրջանի` զինվորական կոմիսար Ուլիխանյանին և բաժնի պետ Բաղրամյանին, ով ի դեպ մարշալ Բաղրամյանի թոռն էր, դա չէր հետաքրքրում:
Նրանք կատարողն էին վերևից իջեցված հրամանի: 

Երևանի Կենտրոն շրջանի զինվորական կոմիսարիատը այսօր

Այսպես ես հայտնվեցի առաջին անգամ սբոռնի պունկտում, հետո Արտաշատում:

Այս պատմությունից բարձրացած աղմուկը ստիպել էր, որ ՊՆ վերնախավը որոշ շտկումներ մտցնի իր աղաղակող կատարած սխալում:

Նրանք որոշել էին այդ բոլոր 44 տղաներին հավաքել մի զորամասում, անց կացնել 6 ամսյա դասընթաց, և որպես դասակի հրամանատարներ ուղարկել այլ զորամասեր: Իսկ դասակի հրամանատարը արդեն սպայական աշխատանք էր: Թեև առանց աշխատավարձի:
Հավաքակայանում մեզ էր սպասում Արմավիրի զորամասի հրամանատար Մուրադ Կիրակոսյանը:

 Նա եկել էր, որպեսզի այդ 44 տղաներին տեղափոխի Արմավիրի ուսումնական բրիգադ:
- Ուր են իմ տղերքը? Շարժվեցինք, ավտոբուսները մոտեցրեք:

Հիմա էլ դեպի Արմավիր: Բայց դա արդեն մյուս անգամ կնկարագրեմ: