April 29, 2015

Արտաշատի զորամաս: Առաջին տպավորություններս

Նախորդ անգամ նկարագրել էի սբոռնի պունկտում (հատուկ չեմ շեշտում զինվորական հավաքակայան, որովհետև դա սբոռնի պունկտ է ամեն ինչով) հայտնվելու դրվագները:
Գիշերը երեքին, երբ ՊԱԶ-իկով հասանք զորամաս, զինվորները արդեն քնած էին: Հիշեցնեմ, որ խոսքը 1997 թվ. նոյեմբերի 13ի մասին է:

Արտաշատի զորամասի մեր 2-րդ վաշտը ամենախիստն էր, քանի որ և վաշտի ավագը` Կարենը և հրամանատարը` Ջամբոն, Արցախյան պատերազմի ամենաթեժ կետերում էին եղել, վիրավորվել էին, և զգացվում էր հետագայում, որ ի սրտե մտահոգ են կարգուկանոնի և որակի համար:
Ամենակարևորը` նրանք մտահոգ էին զինվորի համար: Ինչը ես հետագայում չհանդիպեցի  Արմավիրի բրիգադի մեր շատ հրամանատարների մոտ:

Զինկոմիսարիատների պարկետային փոխգնդապետերից և մայորներից հետո, այստեղի սպաները այլ որակի էին: Դա զգացվեց հենց առաջին վայրկյաններից: Նրանք ընդունեցին մեզ ինչպես հարազատներին:
Անմիջապես պահեստից մեզ տվեցին նոր զինվորական հանդերձանք, բոլորս գնացինք բաղնիք:
ժամանածների մազերը պետք է շատ կարճ կտրվեին, թեև արդեն ուշ ժամ էր:
Հին ծառայողները իրենք կտրեցին մեր մազերը և յուրաքանչյուրը նորակոչիկ հավաքեց իր կտրված մազերը:
Կային տղաներ, որոնք հրաժարվեցին դա անել, "Իսկ ով պետք է դա անի քո տեղը?"  հարցից հետո, տեղի տվեցին:

Մեր քաղաքացիական հագուստները, ձեռքի ժամացույցները, մատանիները  և այլ թանկարժեք իրերը ավագ Կարենը հավաքեց, առանձնացրեց պահարանում, որպեսզի առաջին հնարավորության դեպքում փոխանցի մեր բարեկամներին:
Կարենը և ավագ զինվորները բոլորիս հետ խոսեցին, ով ով է, որտեղից է և ինչով է զբաղվել: Երբ իմացավ, որ 20 օր դեռ չկա, որ ամուսնացել եմ և ապօրինի բերել են բանակ, ասաց, որ գիշերները ինձ կթողնի որ գնամ տուն, որպեսզի մեղրամիսը այստեղ զորամասում տղաների հետ չանցնի: Կատակ էր իհարկե, բայց մարդկային:

Կարենը կռվել էր իմ հայրենի Սառցաշեն-Բուզլուխում: Գիտեր այնտեղի տեղանքը, մեր գյուղի կռվող տղաներին, տեղանունները: Հենց սկզբից ես հարգանքով լցվեցի նրա նկատմամբ: Որքան հիանալի կլիներ, որ հայկական բանակի սպաները և ենթասպաները այսպիսին լինեին: Կարենի պես:

Թեև նոյեմբերի 13ն էր, բայց արդեն բավականին ցուրտ էր: Դեռ ձմեռային հանդերձանքին անցնելու միասնական հրաման ՊՆ-ից չէր եղել, դա պետք է լիներ դեկտեմբերի առաջին տասնօրյակում:
Իսկ սա նշանակում էր, որ մեր հագուստը, անկողնային պարագաները բարակ էին, ամառային: Նորակոչիկներին սակայն տվեցին ծածկոցներ, որ չմրսեն միակ բարակ սավանով ծածկվելուց:

Սենյակը, ուր զինվորները քնում էին, իդեալական մաքուր էր: Կար հեռուստացույց, ամեն մահճակալի կողքը իր փոքրիկ պահարանը, որտեղ դրվում էին սանր, սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ, պոդշիվներ և այլն:

Առավոտյան ժամը 6.00-ին "վեր կաց" հրամանն էր: Ֆիզիկական նախապատրաստությունից հետո` վազք, մարզանք, լվացվել, հետո առավոտյան ճաշարանի ժամ:
Շատերը սկզբում չէին ուտում անսովոր զինվորական ուտելիքը` 20 գ կարագը, պանրի փոքրիկ կտորը, 1/3 բոքոն հացը և ալյումինե բաժակով թեյը: Ցերեկը տապակած կաղամբ էր, ապուր, կամ կարտոֆիլի շիլա, երեկոյան ինչ-որ փլավ, թեյ:
Կանցնի քիչ ժամանակ և նորակոչիկները կընտելանան այդ ուտելիքին` "Ես սոխ չեմ ուտում, կանաչի չեմ ուտում, սև հաց չեմ ուտում"  քաղաքացիական կյանքի կայֆերը ստեղ չէին անցնում:
Չծառայածները մինչև կյանքի վերջ դեռ տառապում են այդ չեմ-ուտումներով: Զինվորը ամեն ինչ ուտում է:

Առաջին օրվանից զգացվեց մի դրվածք, այն է` հին զորացրվող զինվորների հանդեպ կար ինչ-որ հիացմունքի և պաշտամունքի, հարգանքի հասնող վերաբերմունք: Եվ սպաների և զինվորների կողմից: Նորակոչիկները ունեին նաև խանդի զգացմունք. չէ որ նրանք նոր են եկել, իսկ սրանք արդեն շուտով տուն են գնում.....


Ամենաանսովորը` երկարաճիտ սապոգներն էին իրենց պորտյանկեքով: Պետք էր դեռ սովորել, թե ինչպես ոտքը փաթաթել դրանց մեջ, որպեսզի սխալ ծալքերը քայլելուց չվնասեն ոտքը:
Սխալ կապողները ուղղակի մի քանի օրից քայլել չէին կարողանում: Ոտքերը անասելի հարվում էին:

Վաշտի ավագը` Կարենը, ի սկզբանե բոլորին հայտարարեց, որ "գողական օրենքներ այստեղ չկան և չեն լինելու: Որևիցե մեկի ծնողը հանկարծ չգա և իրեն հացի չկանչի": Քանի որ, ինչպես ինքը ասաց, "երբ հայերը մեկի հետ հաց են կիսում, ապա ակնկալում են թե ամեն ինչ արդեն կարելի և թույլատրելի է: Բոլորը պետք է կատարեն հրամանները և իրենց պարտականությունները":
Ամենահամառներին նա անձամբ էր տանում զորամասի զուգարան: Ինքը մաքրում էր բահով այն և մեկնում բահը նորակոչիկին: Վայ չլսողին ...... Վայ:

Հարաբերությունները նորմալ էին: Չկային կռիվներ և ահաբեկում, ինչը հետագայում տեսա, որ կար Արմավիրի զորամասում: Դրա մասին դեռ կգրեմ հետո: Սար ու ձոր էին այս երկու զորամասերը:

Երգերի ուսուցում, կանոնակարգերի բացատրում, քայլել, փորձի փոխանակում, թե ինչպես պետք է ծառայել, որ և քեզ հեշտ լինի և մյուսներին:
18 տարեկան քյավառցի, կիրովականցի սերժանտները բացատրում էին, մեզ` բարձրագույն ավարտած, որոշներս` գիտության թեկնածուներ, ամուսնացած, սպայի քննությունները հանձնած, 6 ամիս զինվորական ամբիոն հաճախած և ավարտած, երկամսյա զորահավաք անցածներիս հանրահայտ բաներ, որ ոչ միայն գիտեինք այլ ամաչում էին ուղղակի, որ իրենց սխալներն էինք մատնանշում: Քանի որ այդ կապի սարքավորումները, որ պետք է անցնեինք` մեզ արդեն հայտնի էին:

Այդ ամենը ես գիտեի: Դեռ մի քանի ամիս առաջ, պետական համալասարանի զինվորական ամբիոնում, և Քանաքեռի երկամսյա հավաքում դա անցել էինք, էլ չասած դպրոցի ՆԶՊ դասերի ժամանակ ստացած գիտելիքները:

Զորամասի հրամանատարը երբ իմացավ մեր սպաների, որպես զինվոր զորակոչելու պատմությունը -  չհավատաց: Իրոք անկարելի էր պատկերացնել այդ կարգի ապօրինություն: Սակայն փաստաթղթղերի հետ ծանոթանալուց հետո, նա առանձին բոլորիս հետ խոսեց: Եվ ասաց, որ կկապնվի ՊՆ ղեկավարների հետ, պարզելու եղելությունը:
Երևի նրա միջամտությունն էր, որ դեկտեմբերի 8-ին, մենք մեր սիրելի Արտաշատի զորամասից նորից հայտնվեցինք Չարբախի հավաքակայանում, երկրորդ անգամ: Այնտեղ էին բերվել տարբեր զորամասերից այդ 44 սպաները, որոնց պետք է ուղարկեին Արմավիրի ուսումնական բրիգադ:
Դա կնկարագրեմ հաջորդ անգամ:

Մենք հեռացանք մեր սիրելի դարձած Արտաշատի փոքրիկ կապի գումարտակից: Դեպի մեծ` մի քանի հազարանոց Արմավիրի ուսումնական բրիգադ: