Showing posts with label Ռուսաստան. Show all posts
Showing posts with label Ռուսաստան. Show all posts

April 1, 2026

Ինչու Կրեմլը չի հեռացնում Փաշինյանին

Երեկ, ավտոբուսի կանգառում լրագրողին մի միտք եմ արտահայտել, որը ունի պարզաբանման կարիք, հատկապես Նիկոլ Փաշինյանի մասով։

Շատ հաճախ մարդիկ ուղղակի մոռանում են պարզ փաստերը և դառնում  ամենօրյա ապակողմնորոշող տեղեկատվության մանիպուլյացիաների զոհ։

Ես հիմա կհիշեցնեմ մի քանի փաստեր տարբեր ոլորտներից, որպեսզի վերհիշեք ու հասկանաք, թե ինչու Կրեմլը չի հեռացնում Փաշինյանին։ Ինչու են նրան այսօր՝ ապրիլի 1-ին ընդունում Կրեմլում ամենաբարձր մակարդակով։





Տնտեսություն


  1. Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չլքեց Եվրասիական տնտեսական միությունը, այլև ակտիվորեն մասնակցում է դրա աշխատանքներին։ 2023-2026 թթ. տվյալներով՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասել է պատմական ռեկորդների՝ ավելանալով 14 անգամ, վերաարտահանման հաշվին։

  2. Հայաստանը շարունակում է մնալ Էներգետիկ կախվածության մեջ Ռուսաստանից՝ գազից և միջուկային վառելիքից։

  3. Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտել արևմտյան ապրանքների (էլեկտրոնիկա, մեքենաներ, կենցաղային տեխնիկա) վերաարտահանումը դեպի Ռուսաստան։ Սա թույլ տվեց Ռուսաստանին մեղմել պատժամիջոցների ազդեցությունը իրենց երկրում։

  4. 2024-2025 թթ. Հայաստանը դարձավ ռուսական ոսկու և ադամանդի վերամշակման ու արտահանման հիմնական հանգույցներից մեկը, ինչը Ռուսաստանի համար արտարժույթ ստանալու միջոց էր։

  5. Որոշում է կայացվելու Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել հենց ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ համատեղ, այլ ոչ թե անցնել արևմտյան մոդուլային ռեակտորների։

  6. 2022-ից սկսած կառավարությունը ստեղծեց բարենպաստ հարկային արտոնություններ ՏՏ ոլորտում հազարավոր ռուս մասնագետների և ընկերությունների համար, որոնք տեղափոխվեցին Հայաստան՝ խուսափելով պատժամիջոցներից և պահպանելով իրենց բիզնեսը ռուսական կապիտալի համար։

  7. Չնայած Հարավ-Կովկասյան երկաթուղու դեմ նախկինում հարուցված քրեական գործերին և ստուգումներին, նրանց հայ իրավաբանի դաժան սպանությունից հետո, Փաշինյանը գնաց համաձայնության «Ռուսական երկաթուղիների» հետ՝ թույլ տալով նրանց շարունակել Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը

  8. Փաշինյանի օրոք Վայլդբերիզ և Օզոն ռուսական առևտրային հարթակները վերացրեցին գրեթե տեղական հայկական մանրածախ առևտուրը։ Միայն այդ  հարթակի կողմից գանձվող հավելագները հասնում են 24 տոկոսի, չհաշված վաճառողների հավելագները։ Սա բերել է բոլոր ապրանքների 50-150 տոկոս գնաճին։

  9. Գազպրոմ Արմենիայի կողմից հայ սպառողներին մատակարարվող գազի բարձր  գինը պահպանվում է 400 դոլար։ Կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել նաև այստեղ։ Գազի ցածր կալորիականության, օդ խառնելու մասին սպառողների ահազանգերը ևս չեն քննվում։ Հայաստանի բնակիչը վճարում է եվրոպական որոշ երկրներին հասնող գազի գին։

  10. Հայաստանից հեռացավ վերջին արևմտյան բանկը՝ HSBC-ն, որը «ֆիլտրում էր» կասկածելի գործարքները, վաճառեց իր բիզնեսը և դուրս եկավ Հայաստանից։ Վաճառվեց Ամերիաբանկը, Հայբիզնեսբանկը։ Հայկական բանկերը ուղղակի դարձան «լվացքատուն» կամ միջանցք՝ ռուսական սանկցիոն փողերը Հայաստանով անցկացնելու և օրինականացնելու համար։ Երբ Ռուսաստանում ՎՏԲ-ն ընկավ ամենախիստ սանկցիաների տակ, Հայաստանի մասնաճյուղը շարունակեց գործել, ավելին՝ նրա վարկային պորտֆելը գնվեց Ամիոբանկի կողմից, որպեսզի ՎՏԲ-ի վնասները չեզոքացվեն։ Հայ մասնագետները մեծամասամբ դուրս շպրտվեցին այդ բանկերից և փոխարինվեցին ռուսական քաղաքացիություն ունեցողներով։ Հայաստանի բանկային համակարգը Փաշինյանը դարձրեց Ռուսաստանի տնտեսական «թոքը»։

  11. Հայկական բազմաթիվ տեղական menu.am, gg taxi, և այլն վերացել են yandex ռուսական կազմակերպության կողմից։ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի կառավարումը տվել է yandex կազմակերպությանը, որը ունի մենաշնորհային հասանելիություն այդ տվյալներին։ 

  12. 2022 թվականի պատերազմից առաջ հայկական շուկա կեղծ արևմտյան դիմակով ներխուժեցին ռուսական շատ ՏՏ ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրենց հիմնական իրական դերակատարումը պետք է ստանձնեին Ուկրաինայի վրա հարձակումից հետո՝ ռելոկանտների ընդունում, SWIFT պրոցեսինգային կենտրոնից անջատումից խուսափում, ռուսական էլիտային՝ միջազգային բանկային քարտերով ապահովում։


Ռազմական

  1. Սիրիա մարդասիրական խումբ ուղարկելը (2019 թ.). Սա համարվում է Փաշինյանի ամենաակնհայտ պրոռուսական քայլերից մեկը, քանի որ Հայաստանը միակ ՀԱՊԿ երկիրն է, որը զորախումբ (սակրավորներ և բժիշկներ) ուղարկեց Սիրիա՝ աջակցելով Ռուսաստանի առաքելությանը։

  2. Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելը (2022 թ.). Որպես ՀԱՊԿ նախագահող՝ Փաշինյանը ստորագրեց և հայկական ստորաբաժանում ուղարկեց Ղազախստան՝ օգնելու տեղի իշխանություններին ճնշել ժողովրդական ընդվզումը կոռումպացված, մաֆիոզ ղազախական իշխանությունների դեմ, ինչը դրական ընդունվեց Կրեմլի կողմից։

 

Հայկական հարց

  1. Հայաստանի այսօրվա իշխանությունը, կամա թե ակամա, դարձել է 1920 թվականի Մարտի 16-ի ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի դրույթների կատարողը՝ ցեղասպանության ժխտում, հայկական ազգայնական ոգու վերացում, եկեղեցու հայամետ մասի հետապնդում։ Ռուսաստանին պետք չէ մի Հայաստան, որն ունի ազգային ամբիցիաներ կամ արևմտյան արժեքներով հիմնավորված պահանջատիրություն։ Հայաստանը հրաժարվում է Ցեղասպանության հարցից, նա դառնում է «կլասիկ» սովետական հանրապետություն, որի զնաչոկը Փաշինյանը կպցնում է բոլորի դոշին, որը չունի կոնֆլիկտ Թուրքիայի հետ։ Իսկ եթե չկա կոնֆլիկտ, ուրեմն Հայաստանը կարող է դառնալ ուղղակի տարանցիկ տարածք ռուս-թուրքական բիզնեսի համար։ Ռուսաստանի համար ավելի հեշտ է կառավարել մի երկիր, որը չունի «պատմական հիշողության» բեռ և պատրաստ է հարմարվել Մոսկվա-Անկարա պայմանավորվածություններին։

  2. Փաշինյանը ասում է, որ պետականությունը դա թանկ բեռ է, դրա համար է գույքահարկը ավելացել 8 անգամ, աղբահանությունը 4 անգամ, հարկատուները հերոս են, եթե ուզում եք էժան հարկ, պետք է կորցնեք պետականությունը։ Սա մաքուր ռուսական նառատիվ է։

  3. Արցախի հայաթափումը ռուս խաղաղապահների ներկայությամբ։ 2023-ին Արցախը դատարկվեց հայերից, երբ ռուսական խաղաղապահ զորքը փաստացի չմիջամտեց։ Արցախի հայաթափումը եղավ այն «լուռ համաձայնությունը», որով Ռուսաստանը ճանապարհ հարթեց դեպի թուրքական աշխարհ՝ փոխարենը ստանալով տնտեսական «շնչառական ուղիներ» Թուրքիայով և Ադրբեջանով։

  4. Ջերմուկի, Վարդենիսի ներխուժումը և ՀԱՊԿ-ի անգործությունը ցույց տվեցին, որ անվտանգային համակարգը ոչ թե չի աշխատում, այլ միտումնավոր թույլ է տալիս հակառակորդին առաջ գալ՝ Հայաստանին է՛լ ավելի խոցելի և կախյալ դարձնելու համար։ 

  5. Ռուսական քաղաքական մոդելը (որը հիմա տեսնում ենք Հայաստանում) պահանջում է բացարձակ հնազանդություն մեկ կենտրոնի։ Եկեղեցին, լինելով ինքնուրույն հեղինակություն, խանգարում է թե՛ տեղական իշխանությանը, թե՛ նրանց թիկունքում կանգնած ուժերին՝ վերջնականապես կոտրելու ժողովրդի դիմադրողականությունը։ Երբ քանդվում է եկեղեցին, քանդվում է ինքնությունը, իսկ առանց ինքնության մարդուն ավելի հեշտ է ստիպել ընդունել ցանկացած նվաստացուցիչ պայմանագիր։ 

Նախկիններ

  1. Փաշինյանը որևէ քայլ Ռուսաստանում ապաստանած հայաստանյան նախկին պաշտոնյաների արտահանձման հարցով չի ձեռնարկել։ Ավելին, նա հարկ եղած դեպքերում մի քանի անգամ թույլ է տվել Ռուսաստան արտահանձնել այլախոհներին և պատերազմից խուսափողներին։ Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունները իրենց զգում են ինչպես ձուկը ջրում։ Նրանք անգամ պաշտոնավարում են հայկական պետական բանկերում։ 

Եվրաինտեգրում

  1. Փաշինյանի օրոք շենգեն վիզա դադարեցրել են տրամադրել բոլոր եվրոպական դեսպանատները։ Վիզա ստանալու համար այսօր պետք է գերավճարներ տալ տուրիստական կամ միջնորդ ՏԼՍ մասնավոր կազմակերպություններին։ Վիզաների դյուրացման սերժական ասոցացման համաձայնագիրը փաստացի չի գործում, ավելացել է թղթաբանությունը և բյուրոկրատական քաշքշուկները հայտերը լրացնելուց։

  2. Եվրաինտեգրման թաղում։ Բազմաթիվ հայ պաշտոնյաներ՝ Արարատ Միրզոյան, Փաշինյան, Սիմոնյան հայտարարել են, որ Հայաստանը չի անելու որևէ հակառուսական քայլ, չի ինտեգրվելու Եվրոպային ու որևէ ցանկություն ու նպատակ չունի ինտեգրվելու միությանը։ ԱԺ-ում ընդունված Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության օրենքը զուտ Եվրոպայից փող պոկելու, բայց ռուսներին թանկ վաճառվելու ձև է։


Այսպիսով հիմա՝ ըստ էության, տեղի է ունենում հետևյալը. Ռուսաստանը Հայաստանը վաճառում է Թուրքիային՝ Ուկրաինայում իր գլուխը պահելու համար։ Իսկ Փաշինյանի կառավարությունը այս գործարքում կատարում է «բրոքերի» դերը, ով ձևակերպում է այդ վաճառքը որպես «խաղաղության դարաշրջան» կամ «իրական Հայաստան», ստանալով իր տոկոսադրույքը իշխանության տեսքով։
Սա ուղղակի պրոհայկական քաղաքականություն չէ, սա պետականության հիմքերի հետևողական քայքայում է, որտեղ ռուսական շահը և ներկա իշխանության գոյատևման բնազդը համընկել են։ 


October 15, 2013

Զորի Բալայանի նամակի անհասկանալի պահերը

Զորի Բալայանի Պուտինին հղված նամակից իմ համար զարմանալի և անհասկանալի մտքերի մեջբերում առանց մեկնաբանությունների:

Գյուլիստանի պայմանագիրը Պուտինին հիշեցնելը, նշանակում է նոր անեքսիայի հրավիրում ոչ միայն Ղարաբաղի այլ նաև Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի, այսօրվա Ադրբեջանի:
Բալայանը ուղղակիորեն ռուսներին խնդրում է վերատիրանալ այս բոլոր պատմական տարածքներին:

"Согласно договору, Персия признавала переход к России Дагестана, Картли, Кахети, Мегрелии, Имеретии, Гурии, Абхазии и части современного Азербайджана, где находились ханства: Бакинское, Карабахское, Гянджинское, Ширванское, Шекинское, Дербентское, Кубинское. К России отошла также часть Талышского ханства."

Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին անցած նոր տարածքները
1. "Մոսկվայի (1921 թվականի մարտ) եւ Ղարսի (1921 թվականի հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին:"

2. "Հայաստանը եւ Վրաստանը Անդրկովկասից ռուսական զորքերի դուրս բերումից հետո ստիպված էին ստեղծել անկախ հանրապետություններ,"

3. Այդ տվյալներն ամենից շատ պետք են Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ: Պետք են Ռուսաստանին: Այդ փաստարկները ցույց են տալիս, թե ինչպես մեր ընդհանուր տարածքի վրա ստեղծվեց նոր թուրքական հանրապետությունՙ սահմանային ծայրամասում:

4. Իննսունական թվականների քաղցած եւ ցուրտ Ռուսաստանում հանկարծ հայտնվեցին «էժան» բանվորական ուժի ողջ բրիգադներ Թուրքիայից: Քանզի այդ ժամանակ հետխորհրդային, ավելի ճիշտՙ լուժկովյան Մոսկվան սկսեց հիմնավորապես վերակառուցվել նոր ձեւով, որը ոչ մի ընդհանուր բան չուներ ավանդական ռուսական ճարտարապետության հետ: Այն տարիներին ես հաճախ էի մտածում այն մասին, որ եղել է ժամանակ, երբ Ռուսաստանում շինարարական եւ ճարտարապետական աշխատանք կատարել են նաեւ հայերը:

5. Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրորդ անգամ ընտրվելով Ռուսաստանի նախագահ, Դուք երկրորդ անգամ ինքնըստինքյան դարձաք ԵԱՀԽ Մինսկի խմբի համանախագահ: Մենք անընդհատ լսում ենք այն մասին, թե իբր ժամանակն է արդեն «ինչ-որ բան» ձեռնարկել: Կցանկանայի ձեզ խորհուրդ տալ. մի՛ շտապեք (ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին) կատարել մինչեւ վերջ չմտածված, մինչեւ վերջ չհաշվարկված քայլ: Երբ մոտենում ես անդունդի եզրին, անհրաժեշտ է անել ամենից սթափ, փրկիչ քայլըՙ քայլ ետ: Մտածեք վաղը չէ մյուս օրվա մասին:

6. մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, ներեցեք չափն անցնելու համար, խորհուրդ կտայի Ձեզ մտորել իրոք սուրբ մի հարցի մասին. ամեն դեպքումՙ ինչպե՞ս է այսպես ստացվել: Այն ամենից հետո, ինչ միասին ապրել են ռուս եւ հայ ժողովուրդները, հանկարծ ընդհանուր սահմաններ չունենք: Անհավատալի է: Հենց միայն XIX դարի առաջին քառորդում Ձեր եւ մեր ավելի քան 200 հազար նախնիներ իրենց կյանքն են տվել այն բանի համար, որ միավորվեն, այն բանի համար, որ ամրապնդեն «Հարավային ուղղությունը»:

7. Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ եմ խնդրում Ձեզ, եկեք ձեռքը սրտին դրած, անկեղծորեն եւ բացորոշ մտորենք այն դիլեմայի շուրջ, թե այդ ինչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե վաղը հանկարծ Մինսկի խումբը վճռի վերջապես ասել իր վերջնական խոսքը: Չէ՞ որ ըստ պատմական ճշմարտության տրամաբանության, եթե իսկական փոխզիջման մասին ենք խոսում, ապա մեր կոնկրետ դեպքում պետք է նկատի ունենալ նաեւ ողջ հայկական Նախիջեւանը (ողջ ինքնավար հանրապետությունը), Շահումյանի շրջանը, Ելիզավետապոլի գավառը, հայ մարշալների եւ գեներալների լեգենդար գյուղ Չարդախլուն եւ շատ այլ տարածաշրջաններ:

8. Ինչ վերաբերում է ներկայիս հարաբերություններին Ռուսաստանի, Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, որն ունի սեփական սահմանադրություն, որտեղ հստակ որոշված են նրա այսօրվա սահմանները, ապա մենք պետք է պարզորոշ գիտակցենք. գլխավորըՙ չխախտել մեր նախնիների սուրբ սկզբունքները, որոնք երկար ու բազմաբարդ դարերի ընթացքում մշակել են հրաշալի համատեղ պատվիրանՙ «Սիրո գինը սերն է»: Եվ միաժամանակ միշտ հիշենք, որ բարեկամության մեջ ամենակարեւորը, ամենաազնիվը, ամենաարժեքավորը սիրելն է, քան սիրված լինելը: Այդ մասին լավ եւ գործուն կերպով գիտեին ռուս եւ հայ ժողովուրդների մեծ որդիները, իսկական բարեկամներ եւ զինակիցներ Ալեքսանդր Գրիբոյեդովը եւ Խաչատուր Աբովյանը:

9. Պետք է իմաստություն եւ արիություն հավաքել եւ, ինչպես Ժան Ժակ Ռուսոն էր ասում, ձեռքը դնելով «ազնիվ սրտին», անկեղծորեն խոստովանել, որ մեր ընդհանուր երկրի փլուզումն սկսվել էր Հոկտեմբերի արշալույսին, Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի խախտումով: Արդեն այն ժամանակ նենգափոխում էին պատմությունը, չիմանալով, որ չափազանց բարձր է խաթարումներ չընդունող պատմական ճշմարտության գինն ու չափը:

10. Ես լիովին համոզված եմ, որ մարդկությունն ինչ-որ ժամանակ լրջորեն կզբաղվի համացանցով: