Showing posts with label Երևան. Show all posts
Showing posts with label Երևան. Show all posts

October 9, 2021

Րաֆֆին 150 տարի առաջ նկարագրել է այսօրվա երևանցուն

Երևանցիների անտարբերության մասին դեռ 150 տարի առաջ է գրել Րաֆֆին։

Շատերը չարախնդում են, թե մինչև թուրքը չհասնի Մասիվ, Կոմիտաս, կամ 3-րդ մաս, երևանցիները տեղից չեն շարժվի։ Րաֆֆին փաստում է, որ անգամ այդ դեպքում երևանցիները տեղից չեն շարժվել, դեռ 150 տարի առաջ։

Այն ինչ այսօր կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում, Արցախի մասին չեմ էլ ասում (այն լիովին մոռացվել և ձեռքերը լվացվել է օրվա իշխանավորների կողմից և հանձնված է ռուսական խնամակալությանը) չի վերաբերվում երևանցիներին։

Մեջբերում․

    Երևանը, յուր դիրքին նայելով, դարձյալ մնացել է թուրքի քաղաք: Ասիական կեղտոտությունը տիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից, մինչև փողոցները, հրապարակները և տները: Թուրքը այստեղ նույնպես կատաղի է և նույն արհամարհանքով է նայում քրիստոնյայի վերա, որպես Հասան խանի ժամանակ: Զարմանալին այն է, որ հայերը տակավին հին երկյուղի նախապաշարմունքից չեն ազատվել, մահմեդականի անունը մինչև այսօր նրանց վերա սարսափ է ազդում: Պատճառն այն է, որ այդ ազգը դեռ մնացել է յուր վաղեմի բարբարոսության մեջ, իսկ հայը հին ստրկական բնավորությունը չէ փոխել: Շատ անգամ թուրքի գործած, բայց հայերին հայտնի եղած մի չարագործություն մնում է ծածկված և անպատիժ: Երբ ասում ես հային. — ինչո՞ւ չես գնում և հարկավոր տեղում հայտնում: Նա տալիս է այս սովորական պատասխանը. «Ի՞նչ անեմ, անօրեն է, վնաս կտա...»: Ինձ պատահեց այս տարի հունիս ամսում գտնվել Երևանում: Բայազետի աղետավոր լուրը դեռ նոր էր հասել այդ քաղաքը: Գիշեր էր, երբ նահանգապետը Իգդիրից վերադարձավ և ոստիկանության միջոցով հայտնեց հայերին, թե վտանգ է սպառնում, թող իրանց պահպանեն...

Սոդոմի և Գոմորի կորստական գիշերը այնքան սարսափելի չէր կարող լինել, որպես այն գիշերը երևանցոց համար: Մի քանի րոպեում քաղաքը լցվեցավ ողբով, աղաղակներով: Ընդհանուր խռովությունը տիրեց ամեն տեղ: Փոքրիկ տների գերդաստանները փակվում էին մեծ տներում, հարևանի մոտ պատսպարան գտնելու, հույսը դնելով շինվածքի ամրության վերա: Վաճառականները խանութներից իրանց ապրանքը փոխադրում էին և թաքցնում տների խուլ անկյուններում: Այսպիսի դեպքերում հայը ամեն բանից առաջ մտածում է յուր սիրելի ապրանքի վերա: Ամեն րոպե սպասվում էր, թե քսան հազար քրդի ձիավորներ կլցվին քաղաքը, և տեղացի թուրքերն ևս նրանց հետ խառնվելով, հայերին կկոտորեն, կթալանեն...: 

 Այս օրհասական տագնապի միջոցին ես կանգնած էի մի կտուրի վերա, իմ չորեք կողմից լսելի էին լինում խառն հառաչանքի ձայներ: Ամեն մարդ շտապում էր փախչել... Ամեն մարդ թաքուստ էր որոնում… բայց ոչ ոք չէր պատրաստվում դեմ դնել թշնամուն, կռվել, սպանել և սպանվիլ, և ապա յուր կինը, աղջիկը հանձնել հաղթողի կամքին...

Թուրքերի տանիքներից արդեն լսելի էին լինում հրացանների խուլ որոտմունք, նրանք ձևացնում էին որպես թե պատրաստվում են հարձակվող թշնամու դեմ: Իսկ հայերի տանիքների վերա տիրում էր. գերեզմանական լռություն: Զենք ասած բանը նրանց տներում չկար: Հայը զենքից այնքան է խորշում, որքան սատանայից:

Իմ աչքի առջև ներկայանում էր հայը յուր ամբողջ պատմական այլանդակությամբ: Եվ ես լցված խորին ատելությամբ, ասում էի այս խոսքերը, «Թո՜ղ գան, թո՜ղ կոտորեն, թո՜ղ ձեր կանայքը ձեր աչքի առջև անպատվեն, դուք սովորել եք այդ բաներին... այսպես էին և ձեր պապերը, այնպես էլ մնացիք և դուք... — Ով որ յուր գլուխը պահել չէ իմանում, կոտորելու իրավունքը ինքն է տալիս թշնամուն: 



 


March 5, 2015

Երևանյան տրանսպորտ

Այսօր մարտի 5ն է:
Ինչպես և մեկ շաբաթ առաջ կանխատեսել էին yahoo-ի եղանակի կանխատեսումները, եկավ ձյուն:
Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ստիպված եմ լինում օգտվել քաղաքային տրանսպորտից, եթե այն կարելի է անվանել "քաղաքային տրանսպորտ":

Կանգառներում ինչպես և 25 տարի առաջ, այսօր ևս խառնաշփոթ հերթ է:


Ով որտեղ ասես կանգնում է, ոչ հերթ կա, ոչ բան:

Բոգդան կոչվող ավտոբուսները, որոնք իրականում մինիավտոբուսներ են, ասեղ գցելու տեղ չկա:
Բայց դա դեռ ցավի կեսն է: Այդ` լիլիպուտների համար նախատեսված ավտոբուսներում, ուղղակի կանգնելու հնարավորություն չկա:

Ինչպես ամենուրեք, մարդկանց ստիպում են կզել, կռանալ, չոքել, ճխտվել, կախվել, կես ոտքի վրա կանգնել: Նույն վիճակը Չինական նեղ ու ցածր ավտոբուսներում է:

Ոչ տոմս կա, ոչ չվացուցակ, ոչ ժամ, ոչ մի բան:

Գյուղական և Երևանի տրանսպորտը չեն տարբերվում իրարից` նույնն են, նույն մեքենաները: Նույն վիճակն է` մայրաքաղաքում:

Ջարդուղուրդ եղած, հոտավետ երթուղայինները ևս լիքն են:

Եկավ վերջապես Եվրոպական սակավաթիվ ավտոբուսներից մեկը: Որտեղ կարող ես գոնե կանգնել և չկզել, թեև նորից լիքն էր:

Ամբողջ Երևանը առավոտյան իջնում է Կենտրոն: Տենց են նախագծել այս քաղաքը: Ամեն ինչ կենտրոնում է:

Ավտոբուսում ժողովուրդը անխոս, խցկված, իրար կպած կանգնած են:
Նրանք ընտելացել են այս վիճակին: Նրանք ընտելացվել են այդ վիճակին:

Թե ինչպիսի տրանսպորտ կա Երևանից մի 200-300 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքներում, նրանք չգիտեն:

Սա կոչվում է Երևանի քաղաքային տրանսպորտ:

Ով պետք է էս վիճակի ուղղի, երբ հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճաններն են գծատերեր?

March 21, 2014

Երևանի ջրհեղեղը 1946 թ. մայիսի 25-ին

Երևի քչերին է հայտնի, թե ինչ է տեղի ունեցել 1946 թվականի մայիսի 25-ին Երևանում:

Առաջին անգամ այս պատմությունը լսել եմ տատիկիս պատմածներից: Նրանք ապրում էին այսօրվա Կամերային տան այգու "Միասնության խաչ" արձանի հետին մասում:
Տատիկս պատմում էր, որ ամբողջ տունը ջուր էր, ոչ մի բան չէր մնացել տան ներսում: Իսկ որպես հետևանք այդ ջրհեղեղի մատնանշում էր քարերը, որոնք Գետառն էր քշել բերել այդ օրը:
Ահա այդ քարերը, որոնք այսօր էլ այդտեղ են`

1946 թվականի Գետառի ջրհեղեղի բերած քարերը այսօր էլ այգում են
1946 թվականի մայիսի 25-ին ժամը 20.30-ին Երևանի կենտրոնը անսպասելի հեղեղվել էր Գետառի ջրերով: Սա իսկական ջրհեղեղ էր:

Նախորդ օրը գիշերը անընդհատ տեղացել էր անձրև: 25-ի ցերեկը անձրևը ավելի թույլ էր, սակայն երեկոյան կողմ այն նորից հորդառատ էր դարձել:

Ջրի հեղեղը առաջին իսկ 2 րոպեյում հասել է կրիտիկականի և պահպանվել այդպես մինչև 22.30: Մոտ երկու ժամ ջրի հոսքը չի թուլացել:

Շատերի հողաշեն տները ուղղակի քշվել էին ջրի ուժգին հոսանքից: Ջուրը իր ճանապարհին հանդիպող շենքերի մուտքերով և առաջին հարկերի պատուհաններով լցվում և դուրս էր հորդում հակառակ կողմից կամ վերևի հարկի պատուհաններից, դուրս հանելով ամբողջ գույքն ու իրերը:

Քշված կամուջների երկաթները և տրամվայների ծռմռված ռելսերը խցանվում էին շենքերի մուտքերում և նկուղներում:

Մեծ ավերածությունների են ենթարկվել Երևանի կենդանաբանական այգին և Անատոմիկի շենքի նկուղները: Ջուրը քշել տարել էր կենդանիներին և մահացածների մարմինները:

Քշված քարերի տրամագիծը հասնում էր 1-1.5 մետրի:
Ասֆալտե ծածկը լրիվ քշվել և մաքրվել էր:

Միայն 22.30-ից այն սկսել է թուլանալ, և նոր 24.00-ին գետը վերադարձել է իր սովորական հունը:

Քաղաքի բակերը և փողոցները ծածկվել էին տիղմով և մեծ ու փոքր քարերով:

Քշված նյութերի ծավալը հասել է մոտ 500.000 խ.մ, որը կազմել է ջրի հոսքի 28%-ը: Փաստորեն 1 խ.մ ջուրը քշել է մոտ 380 կգ նյութ:

Ջրհեղեղի պատճառը նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղացող անընդհատ անձրևներն էին, որոնք նվազեցրել էին հողի ջրի կլանման գործակիցը:

Հետպատերազմյան սոսկալի իրավիճակում բնակիչները ապավինում էին միայն սեփական ուժերին:
Քաղաքը լիովին այս ջրհեղեղի հետևանքներից մաքրվել է մոտ 2 տարվա ընթացքում: Մեծամասամբ բնակիչների ուժերով:

Գետառի պատճառով ջրհեղեղներ եղել են 1860, 1866, 1873, 1912, 1923, 1924, 1946 թթ-ին:

Այսօր արդեն Գետառի հունը լիովին փակ է: Այն խողովակով հասնում է Հրազդան գետ:

Բայց ապահովագրված է արդյոք Երևանը նոր ջրհեղեղից? 

October 13, 2013

Փակ շուկայի դիմացի մզկիթը դարձավ ինձ շատ հարազատ

Գնացի այլանդակված Փակ շուկան:

Ինքս 30 տարի ապրել եմ կենտրոնում, սակայն այդ շուկայից հազվագյուտ ենք օգտվել: Շատ թանկ շուկա է եղել բոլոր ժամանակներում:

Ասեցի ինքս տեսնեմ ինչ են արել վհուկները:

Դրսից մուտքը չէր ձևափոխված, ավելին` զարդանախշերը ներկված էին:


Մտա ներս:
Աջ կողմում գյուղմթերքներ էին վաճառում:

Կենտրոնում դեպի վեր էին բարձրանում նոր կառուցված շարժասանդուղքները:
Հայացքս ընկավ կամարներին, որոնց շարքը շարժասանդուղքների մոտ ընդհատվեց: Կամարների շարքը կտրված էր:



Ինձ թվաց թե օդը կանգ առավ: Վեր սլացող կամարների շունչը այդտեղ ընհատվեց:
Իսկ դրանց տակ... Տակը դարձրել են հասարակ սիթի` բազմաթիվ դրամարկղներով, սայլակներով: Ձախ կողմում Նատալի ֆարմ երկու դեղատունն էին կողք կողքի:


Շուկայի ետնամասում ապակեպատ նոր բետոնյա կառույց էր, 2-3 հարկանի սյուներ էին: Դրանք պատել էին մգեցված ապակիներով, որպեսզի ներսում հենց այս պահին ընթացող շինարարությունը թաքցնեն: Ներսում եռուզեռ էր, աղմուկ, երկաթ, արմատուրաներ էին կտրում:

Շուկայի կողքի պատերի լուսամուտները բետոնած էին, մուտքի դռները զմռսված:
Զարմանքս այն էր, որ շատ աշխույժ առևտուր էր ընթանում: Մեծամասամբ ոնց որ կենտրոնում տուրիստ եկած մարդիկ էին: Սակայն նրանց մեջ նկատեցի նաև ՊԵԿ տեղակալ Ալավերդյանին: Նրա սայլակը մինչև վեր լցված էր:
Բազմաթիվ ՊԵԿ պետեր փոխած, հավերժ պաշտոնյան գոհ էր երևում իր առևտրից:
Ալավերդյաների քաղաք է Երևանս:

Ինձ ոչինչ չմնաց, քան մտնել կողքի մզկիթը: Կապույտ մզկիթը սրանից հետո արդեն օտար չէր թվում ինձ: Միակ հին, չպղծված, մանկության հետ կապող շինությունը դա է մնացել: Պարսիկները թույլ չեն տվել ավիրել նաև այն և նորոգել են:


Արագ հեռացա մի վայրից, որտեղ երևաց հայոց պետականության անզորությունը: Քաղաքապետը գցում է մշակույթի նախարարության վրա, սրանք ճարտարապետների, նրանք կարծես թե դեմ են:
Բայց օլիգարխը կանգնեցրել է բոլորին փաստի առաջ:
Նոր սիթին գործում է:

October 14, 2012

Սա իմ Էրեբունի Երևանը չէ

Համարյա ամիսը 2 անգամ լինում եմ երեխաների հետ Հաղթանակի զբոսայգում:
Միշտ զարմանում եմ, թե ինչու են այլ երեխաները քիչ այստեղ? Հերթեր չկան: Աշխուժություն չկա: Աշխատողները անընդհատ բացակա են իրենց կարուսելների մոտից: Պետք է մի 10 րոպե տոմսը ձեռքիդ ձեն տաս, գտնես նրանց, որ գան երեխայի համար միացնեն կասկածելի հին կարուսելները:
Երեկ այս լճին նայելուց մի հարց առաջացավ մոտս: Թե մեր 22 տարվա երկիրը եթե այսպիսի ժառանգություն չստանար` ինչ պետք է անեին այս իշխանությունները?
Այսպիսի հանրային ոչ մի այգի 22 տարում չի հիմնվել:
Ծախում, ծախսում, գողանում են մինչև այսօր նախկին երկրի ժառանգությունը:
90 օր քաղաքացիները պաշտպանում էին Մաշտոցի այգին բուծիկաշինությունից, այգին պաշտպանում էին պաշտոնը ժառանգած քաղաքապետից:
Այսօր նա և իր դրածոները տոնում են Էրեբունի Երևանը: Այդ տոնը իմը չէ, Մեր բակինը չէ: Ինչպես 80-ականներին էր: Ամբողջ բակը այդ օրը ընդհանուր սեղան էր գցում և նստում: Քաղաքի բոլոր բակերում էր այդպես:
Այսօր սա ընդամենը ատկատների և փողերի լվացման հարմար առիթ է: Եվ ոչ ավելին:
Քիչ քիչ մենք օտարվում ենք մեր երկրից:
Չնայեցի Հայաստան-Իտալիա ֆուտբոլը: Որովհետև գիտեմ թե ով է այդ կառույցի ղեկավարը:
Չեմ հետևում մեր ազգային մյուս սպորտաձևերի ոչ մի ելույթին: Որովհետև գիտեմ ով է օլիմպիական կոմիտեի նախագահը:
Անցած օրը անցնում էի և հայտնաբերեցի, որ կինո Մոսկվայի դիմացը, օլիմպիական կոմիտեի ներքևը տասնամյակներ գտնվող 'Լյագուշատնիկ' լողավազանը արդեն չկա: Մենք դպրոցի ֆիզկուլտուրայի դասերը անց էինք կացնում այդտեղ` լողի տեսքով: Դարձրել է դուքյան:
Նայեք Երևան քաղաքին հաղթանակի զբոսայգու վերևից:
Եվ մտածեք այս ֆեոդալները էլ ինչ են բերելու այս քաղաքի գլխին?










Սրանք էլ արդեն կաֆեներն են, որոնք սկսել են սննկանալ և թողնել մեզ ավերակ, բետոնապատ այգի`

Վերևը մեր անցյալն է, իսկ սա մեր ներկան: