Showing posts with label Արցախ. Show all posts
Showing posts with label Արցախ. Show all posts

September 24, 2023

Շահումյանի և Արցախի հանձնման զուգահեռները

Արցախի վրա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կատարեց լայնածավալ հարձակում, գրավեց իր ասելով մոտ 90 դիրք, բազմաթիվ բնակավայրեր, տեղահանված հայ բնակչությունը կենտրոնացավ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, որը ռուս խաղաղապահների հսկողության ներքո էր։
Ռուս խաղաղապահները դիտորդների դերում էին, այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հարձակումներ էին գործում Արցախի հայկական բնակավայրերի և դիրքերի վրա։
Հարձակումից շաբաթներ առաջ ռուս-հայկական դիվանագիտական փոխհրաձգություն էր՝ Լավրով, Զախարովա, Պեսկով, Պուտին մի կողմից, Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան մյուս։
Այն պահից, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով Արցախի ԱԺ նախագահ ընտրվեց դաշնակցական Դավիթ Իշխանյանը ես արդեն սկսեցի ակնհայտ զուգահեռներ տեսնել 1992 թվականի Շահումյանի հանձնման և ներկա օրերի միջև։
Այս համեմատությունը նրանց համար է, ովքեր տարիքի բերումով տեղյակ չեն 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից։

Շրջափակում

Շահումյանում շրջափակումը սկսվել է 1989 թվականի օգոստոսից, երբ Շահումյանի շրջանային խորհուրդը 1989 թվականի հուլիսի 26-ին որոշում էր ընդունել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին միանալու վերաբերյալ։
Շահումյանի շրջանի շրջափակումը տևել է 3 տարի, 1000 օր, մինչև շրջանի հանձնումը թշնամուն։
Միակ կապը արտաքին աշխարհի հետ ուղղաթիռներն էին, որոնց թռիչքները սահմանափակ էին ու վտանգավոր, կործանման դեպքերը շատ շատ էին։ Կար նաև ցամաքային ճանապարհ դեպի ԼՂԻՄ, բայց ինքը Արցախը ևս շրջափակման մեջ էր, Լաչինի միջանքցը ազատագրվել էր շատ ուշ՝ 1992 թվականի մայիսի 18-ին։
Շահումյանը սակայն սովի չի մատնվել՝ այդ օրերի իշխանության ճիշտ քայլերի շնորհիվ, երբ գյուղացիներին բաժանել էին լրացուցիչ մշակման հողեր։

Արցախում շրջափակումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Օդային կապը ի սպառ բացակայում էր, քաղաքային բնակչությունը ավելի ծանր վիճակում էր հայտնվել քան գյուղականը։
Գյուղական բնակչությունը ևս ոչ միշտ էր հող մշակում և օգտվում էին բանջարեղեն վաճառող կրպակներից։ Այդ պատճառով Արցախի շրջափակումը ավելի ծանր էր։

Խաղաղապահներ

Շահումյանում սովետական զորքը սկզբնական շրջանում կատարել է զսպող ֆունկցիա։ Տեղական բնակչության և նրանց միջև բարյացակամ վերաբերմունք է եղել։
Սակայն 1991 թվականի ապրիլին Կոլցո-Օղակ գործողության սկսելուց նրանք կամ դիտորդի կամ մասնակիցների (օրինակ Ազատ, Կամո, Գետաշեն, Մարտունաշեն) դեր էին ստանձնել ադրբեջանական ՕՄՈՆ-ի պատժիչ գործողությունների ժամանակ։
ԼՂԻՄ-ում և հարակից հայկական շրջաններում հայաթափվել էր 24 հայկական գյուղ։ 
Պատրվակը անձնագրերի ստուգումն էր, որպեսզի գյուղերում հայտնաբերեն ոչ տեղաբնակ հայերին, այսինքն հայաստանցի ֆիդայիններին։
1991 թվականի հուլիսի 4-ից արտակարգ դրությունը վերացվեց Շահումյանում և ռուս զինվորները առանց նախազգուշացման հեռացան։
Հուլիսի 13-14-ին ադրբեջանական ՕՄՈՆ-ը գրավեց Բուզլուխ, Էրքեջ, Մանաշիդ գյուղերը։
Որևէ մարդասիրական մատակարարումներ խաղաղապահները Շահումյանում երբեք չեն իրականացրել, ուղղաթիռային կապով այն իրականացվում էր Շահումյան-Գետաշեն Հայրենակցական միության միջոցով։  
1992 թվականի հունիսի 13-14-ին Շահումյանի վրա հարձակվել էր Գյանջայում տեղակայված ռուսական 23-րդ մոտոհրաձգային դիվիզիան,  104-րդ դեսանտային դիվիզիան, ավելի քան 100 տանկերով, Գրադ կայաններով, ՍՈՒ ռազմական ինքնաթիռներով։ Շահումյանի վրա հարձակմանը մասնակցել է նաև ռուսական 328-րդ գվարդիական պարաշյուտային գունդը՝ այժմ պատվավոր պաշտոնաթող գեներալ-գնդապետ և Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Ազգային հերոսի կոչում ստացած Վլադիմիր Շամանովի հրամանատարությամբ: Շահումյանցիների նկատմամբ կիրառվել էր նաև քիմիական զենք, որի մասին վկայություններ են տվել Ներքինշենի և Վերինշենի բնակիչները։ 

Արցախում խաղաղապահները հայտնվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Նրանք դիտորդի դեր էին ստանձնել Խծաբերդ, Հին Թաղեր, Փառուխ գյուղերի գրավման ժամանակ ադրբեջանցիների կողմից։ 
Խաղաղապահները դիտորդի դեր էին ստանձնել Արցախի շրջափակման օրից սկսած ու նաև չխառնվեցին 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Պաշտպանության բանակի լուծարման ու զինաթափման նպատակով։

Քաղաքական իշխանություն

Շահումյանի շրջանում առաջին քարտուղարները, որոնք նշանակվում էին Բաքվից, միշտ եղել են հայեր։ 1988 թվականին, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, շրջանը ղեկավարում էր Միրզոևը, որը պարզ էր, որ կատարում էր Բաքվի հրամանները։
1989 թվականի հուլիսյան որոշումից հետո ժողովրդի աջակցությամբ նրան փոխարինում է Վլադիմիր Աղաջանյանը, ով կատարում էր Շահումյանի շրջանի գործկոմի նախագահի և կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի 1-ին քարտուղարի պարտականությունները։ 
1990 թվականի հունվարի 8-ին Վլադիմիր Աղաջանյանին, Շահեն Մեղրյանին, շրջանի մյուս ղեկավարներին ադրբեջանցիները պատանդ են վերցնում։

Աղաջանյանը 1990 թ․ մայիս-հունիս ամիսներին ընտրվում է Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր և ընդգրկվում է Արցախ պատգամավորական խմբում։

Նույնությամբ՝ Շահումյանի անկումից առաջ իշխանությունը դաշնակցական էր։ Այսօր ևս Արցախում, չունենալով ԱԺ-ում մեծամասնություն իշխանությունը հանձնվել է դաշնակ ԱԺ ղեկավարին։

Փախստականներ

Շահումյանցի փախստականներին ոչ բարյացակամ ընդունեցին Ստեփանակերտում։ Ազատագրված Շուշիում բնակվելու առաջարկին, նրանց պատասխանել էին․ Շուշին ինչ է անտեր է՞, որ շահումյանցիները գան ապրեն։
Շահումյանցիները ոտքով անցել են Մռավի լեռնաշղթան, ճանապարհին տալով մոտ 500-700 զոհ։
Սրա մասին ոչ մեկը՝ ոչ Արցախում, ոչ Հայաստանում, բացի մի քանի շահումյանցիներից չխոսեց։
Նրանց սկզբնական ժամանակ թույլ չէին տալիս լքել Արցախը։
Հայաստանում նրանց անվանում էին դավաճաններ, թե ինչու եք լքում Արցախը։ Բայց Արցախը ինքը օրհասական վիճակում էր։ Հանձնվել էր ԼՂԻՄ-ի մոտ 40 տոկոսը։ Ադրբեջանցիները մոտեցել էին Ստեփանակերտին։
Շահումայնցիների մարդկային ալիքը, հասնում է ազատագրված Լաչին, այնտեղ նրանց պատնեշ էր սպասում։ Լաչինի պարետը Պարույր Հայրիկյանն էր։ Նրա ջոկատները կաշառքներ վերցնելով՝ ոսկի, դրամ, գորգեր, բաց են թողնում մարդկանց դեպի Գորիս։
Հայաստանում փախստականի կարգավիճակ շահումյանցիները ևս չստացան։ Նրանց ասում էին վերադարձեք Արցախ։
Շահումյանցիները չմնացին Հայաստանում, մեծ մասը դուրս եկավ Հայաստանից։

Արցախցիները ունեն Հայաստանի անձնագրեր։ Ճիշտ է նրանց այդ անձնագիրը ունի սահմանափակ կիրառություն։ Այդ անձնագրով Հայաստանում չէր կարելի ստանալ հիպոտեքային վարկ, այդ անձնագրերը չէին փոխանակվում Հայաստանի անձնագրային բաժիններում, այլ միայն Արցախում։

Այս մարդկանց ոչ մի երկիր չի տալու փախստականի կարգավիճակ, քանի որ նրանք ՀՀ քաղաքացիներ են։ Դա արդեն տեսան շուշեցիները ու հադրութցիները, որոնց արտասահմանում փախստականի կարգավիճակ ոչ մի երկիր չշնորհեց։
Այդպես է լինելու նաև Արցախի մյուս բնակիչների հետ։

Պարտիզանական պայքար

Շրջանի հանձնումից հետո Հայաստանում շահումյանցիները ոչ տեղ ունեին, ոչ կարգավիճակ։ Նրանց ժամանակավոր կացարաններում կատարվում էր մարդաորս՝ զինկոմիսարիատների և ոստիկանության կողմից։

Բացի դրանից, կամավորության սկզբունքով, Վարդուտ-Գյուլիստանի անտառներում ստեղծվեց ողջ արցախյան շարժման ընթացքում միակ պարտիզանական Եղնիկներ ջոկատը, Շահեն Մեղրյանի գլխավորությամբ։ Նրանք թույլ չէին տալիս բնակեցնել Շահումյանի գյուղերը, անգամ հետ էին գրավել Գյուլիստան գյուղը և Վերինշենի բարձրունքները։ Սակայն Հայաստանից ստացել էին հետ հանձնելու հրաման։ Շահեն Մեղրյանը զոհվեց ուղղաթիռային կասկածելի վթարի ժամանակ, երբ նա մեկնում էր Հայաստանի ՊՆ-ից օգնություն խնդրելու՝ պահել ազատագրված Գյուլիստանը։ Սակայն նրա մահը խափանեց այդ բոլոր գործերը։

Եղնիկները օգտագործվել են Արցախի մյուս շրջանների շատ գյուղեր ազատագրելու համար, բայց բուն իրենց հայրենիքի ազատագրման հրաման նրանք այդպես էլ չստացան։

Արցախի ոչ մի շրջանում, ոչ Շուշի, ոչ Հադրութ, ոչ Քարվաճար և մյուս չստեղծվեցին պարտիզանական խմբեր։ Իսկ այսօր, երբ Ալիևը զինաթափում է Արցախի պաշտպանության բանակը, միակ զորամիավորումը, որը չի ենթարկվում Ստեփանակերտի զենքերը վայր դնելու հրամանին, դա Եղնիկների Քյոխն է։

Հայաստանի աջակցություն

Հայաստանից աջակցությունը պետք է տարանջատել տնտեսական և ռազմական։
Տնտեսական աջակցություն Հայաստանը Շահումյանին իրականացրել է։ Հայաստանի դեռ սովետական կառավարությունը ստեղծել է Շահումյան-Գետաշեն հայրենակցական միություն, որի միջոցով իրականացվում էին ֆինասնական և պարենային օգնությունը Շահումյանին և Գետաշենին։
Բլոկադայի պայմաններում դա իրականացվում էր օդային, ուղղաթիռային ճանապարհով։ Իհարկե եղել են ժամանակներ, երբ այդ կապը ևս Մոսկվայի հրահանգով փակվել է, բայց մեր ԽՍՀՄ պատգամավորների և շահումյանցի նվիրյալների շնորհիվ վերականգնվել է։

Ռազմական օգնությունը Հայաստանից իրականացվել է սկզբնական շրջանում ապակենտրոն տարբեր ֆիդայական ջոկատների տեսքով, որոնք անկազմակերպ էին, ենթարկվում էին տարբեր կենտրոններին, գործում էին բաժան-բաժան։ Հետո այդ ամենը կենտրոնացավ շրջանի ղեկավարության շուրջ։
Շահումյանում է զոհվել Հայաստանի ՊՆ առաջին միավորներից՝ հատուկ գնդի վաշտի հրամանատար, հետագայում Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը։
Սակայն բազմաթիվ վկայություններ կան, որ շրջանի հանձնումից առաջ Հայաստանից եկած ջոկատները, նրանց հրամանատարները հետ են կանչվել կամ Հայաստան կամ ուղարկվել են Արցախի մյուս շրջաններ։
Հարձակման պահին այնտեղ համարյա ուժեր չկային, բացի տեղական կամավորներից և Հայաստանի հրամանը անտեսած որոշ ջոկատներից։

Կա հայտնի ձայնագրությունը, որտեղ Շահենը Մեղրյանը Վազգեն Սարգսյանից խնդրում է 30 տանկ, որպեսզի պահի շրջանը, նա խոստանում, սակայն չի ուղարկում։


Պաշտոններով գայթակղում

Շահումյանի անկումից հետո, որոշ շահումյանցիներ ստացան բարձր պաշտոններ պետական և ռազմական կառույցներում։ Ժողովրդի մոտ սկբնական շրջանում սա հույս էր ներշնչում, որ նաև Շահումյանի հարցը այդպիսով պետական ուշադրության ներքո է։
Այն պաշտոնյաները, որոնք պաշտոնավարման ընթացքում փորձել են կամ կատարել են ազգանպաստ քայլեր, Շահումյանի հարցը բարձրաձայնելու, օգնելու համերկրացիներին՝ կամ պաշտոնազրկվել են, կամ սպանվել։

Նույն հնարքը կատարվեց Շուշիի և Հադրութի հանձնումից հետո։ Սրա մասին պաշտոն ստացածները պետք է լավ իմանան։


Հայաստանին պատժելու ռուսական "պատճառները"

Կոլցո օպերացիայի՝ Շահումյանը, Գետաշենը դատարկելու ժամանակ, խորհրդային իշխանությունները հիմնավորում էին Հայաստանի հրաժարումով ԽՍՀՄ պահպանման համար անց կացված համամիութենական հանրաքվեին մասնակցելուց, ռուսական դպրոցների փակումով, Լենինի արձանի հեռացումով՝ նույնանուն հրապարակից և այլն և այլն։ Չօգնելու պատճառ այդ չդաշնակիցները միշտ են գտնում։

Այսօր ռուսները դա հիմնավորում են Փաշինյանով, ՀԱՊԿ-ին ճիշտ ձևաթղթով նամակ չգրելով, արևմտամետ լինելու հնարածին պատճառներով։
Փաշինյանին անգամ ԱՄՆ նախագահը չի ընդունել։ Որևէ համաձայնագիր արևմուտքի հետ կրթության, գիտության, ռազմական, տնտեսական ոլորտներում նա չի կնքել։ Հակառակը, նա ռուսական զորախմբի կազմում զորք է ուղարկել Սիրիա։
Ռուսական կողմը 5 միլիարդ դոլարի զենքը Ադրբեջանին է վաճառել Սերժ Սարգսյանի օրոք, ով մտավ և ԵՏՄ, և 90 տարով երկարաձգեց ռուսական բազաների Հայաստանում մնալու պայմանագրերը, և Օդային պաշտպանությունը լրիվ հանձնեց ռուսական կողմին, և հրաժարվեց Եվրոպայի հետ արևելյան համագործակցության համաձայնագրի ստորագրումից։

Այսօր ռուսները դա հիմնավորում են Փաշինյանով, ՀԱՊԿ-ին ճիշտ ձևաթղթով նամակ չգրելով, արևմտամետ լինելու հնարածին պատճառներով։
Փաշինյանին անգամ ԱՄՆ նախագահը չի ընդունել։ Որևէ համաձայնագիր արևմուտքի հետ կրթության, գիտության, ռազմական, տնտեսական ոլորտներում նա չի կնքել։ Հակառակը, նա ռուսական զորախմբի կազմում զորք է ուղարկել Սիրիա։
Ռուսական կողմը 5 միլիարդ դոլարի զենքը Ադրբեջանին է վաճառել Սերժ Սարգսյանի օրոք, ով մտավ և ԵՏՄ, և 90 տարով երկարաձգեց ռուսական բազաների Հայաստանում մնալու պայմանագրերը, և Օդային պաշտպանությունը լրիվ հանձնեց ռուսական կողմին, և հրաժարվեց Եվրոպայի հետ արևելյան համագործակցության համաձայնագրի ստորագրումից։

1992 Շահումյան, 2023 Ստեփանակերտ։



October 9, 2021

Րաֆֆին 150 տարի առաջ նկարագրել է այսօրվա երևանցուն

Երևանցիների անտարբերության մասին դեռ 150 տարի առաջ է գրել Րաֆֆին։

Շատերը չարախնդում են, թե մինչև թուրքը չհասնի Մասիվ, Կոմիտաս, կամ 3-րդ մաս, երևանցիները տեղից չեն շարժվի։ Րաֆֆին փաստում է, որ անգամ այդ դեպքում երևանցիները տեղից չեն շարժվել, դեռ 150 տարի առաջ։

Այն ինչ այսօր կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում, Արցախի մասին չեմ էլ ասում (այն լիովին մոռացվել և ձեռքերը լվացվել է օրվա իշխանավորների կողմից և հանձնված է ռուսական խնամակալությանը) չի վերաբերվում երևանցիներին։

Մեջբերում․

    Երևանը, յուր դիրքին նայելով, դարձյալ մնացել է թուրքի քաղաք: Ասիական կեղտոտությունը տիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից, մինչև փողոցները, հրապարակները և տները: Թուրքը այստեղ նույնպես կատաղի է և նույն արհամարհանքով է նայում քրիստոնյայի վերա, որպես Հասան խանի ժամանակ: Զարմանալին այն է, որ հայերը տակավին հին երկյուղի նախապաշարմունքից չեն ազատվել, մահմեդականի անունը մինչև այսօր նրանց վերա սարսափ է ազդում: Պատճառն այն է, որ այդ ազգը դեռ մնացել է յուր վաղեմի բարբարոսության մեջ, իսկ հայը հին ստրկական բնավորությունը չէ փոխել: Շատ անգամ թուրքի գործած, բայց հայերին հայտնի եղած մի չարագործություն մնում է ծածկված և անպատիժ: Երբ ասում ես հային. — ինչո՞ւ չես գնում և հարկավոր տեղում հայտնում: Նա տալիս է այս սովորական պատասխանը. «Ի՞նչ անեմ, անօրեն է, վնաս կտա...»: Ինձ պատահեց այս տարի հունիս ամսում գտնվել Երևանում: Բայազետի աղետավոր լուրը դեռ նոր էր հասել այդ քաղաքը: Գիշեր էր, երբ նահանգապետը Իգդիրից վերադարձավ և ոստիկանության միջոցով հայտնեց հայերին, թե վտանգ է սպառնում, թող իրանց պահպանեն...

Սոդոմի և Գոմորի կորստական գիշերը այնքան սարսափելի չէր կարող լինել, որպես այն գիշերը երևանցոց համար: Մի քանի րոպեում քաղաքը լցվեցավ ողբով, աղաղակներով: Ընդհանուր խռովությունը տիրեց ամեն տեղ: Փոքրիկ տների գերդաստանները փակվում էին մեծ տներում, հարևանի մոտ պատսպարան գտնելու, հույսը դնելով շինվածքի ամրության վերա: Վաճառականները խանութներից իրանց ապրանքը փոխադրում էին և թաքցնում տների խուլ անկյուններում: Այսպիսի դեպքերում հայը ամեն բանից առաջ մտածում է յուր սիրելի ապրանքի վերա: Ամեն րոպե սպասվում էր, թե քսան հազար քրդի ձիավորներ կլցվին քաղաքը, և տեղացի թուրքերն ևս նրանց հետ խառնվելով, հայերին կկոտորեն, կթալանեն...: 

 Այս օրհասական տագնապի միջոցին ես կանգնած էի մի կտուրի վերա, իմ չորեք կողմից լսելի էին լինում խառն հառաչանքի ձայներ: Ամեն մարդ շտապում էր փախչել... Ամեն մարդ թաքուստ էր որոնում… բայց ոչ ոք չէր պատրաստվում դեմ դնել թշնամուն, կռվել, սպանել և սպանվիլ, և ապա յուր կինը, աղջիկը հանձնել հաղթողի կամքին...

Թուրքերի տանիքներից արդեն լսելի էին լինում հրացանների խուլ որոտմունք, նրանք ձևացնում էին որպես թե պատրաստվում են հարձակվող թշնամու դեմ: Իսկ հայերի տանիքների վերա տիրում էր. գերեզմանական լռություն: Զենք ասած բանը նրանց տներում չկար: Հայը զենքից այնքան է խորշում, որքան սատանայից:

Իմ աչքի առջև ներկայանում էր հայը յուր ամբողջ պատմական այլանդակությամբ: Եվ ես լցված խորին ատելությամբ, ասում էի այս խոսքերը, «Թո՜ղ գան, թո՜ղ կոտորեն, թո՜ղ ձեր կանայքը ձեր աչքի առջև անպատվեն, դուք սովորել եք այդ բաներին... այսպես էին և ձեր պապերը, այնպես էլ մնացիք և դուք... — Ով որ յուր գլուխը պահել չէ իմանում, կոտորելու իրավունքը ինքն է տալիս թշնամուն: 



 


June 13, 2021

Նամակ շահումյանցուն։ Հունիս 13, 2021 թ։

Բարև, իմ տարագիր ու հայրենազուրկ շահումյանցի։
Իմ հող ու ջրի բարեկամ։

Այսօր մեր Հայրենիքի կորստի օրն է՝  սև հունիսի 13-ը, երբ 1992 թվականին, թշնամուն երկարատև դիմակայելուց հետո, քեզ հանեցին քո հայկական հողից։

Այսօր, ուր էլ լինես, աշխարհի որ ծայրում էլ գտնվես, քո համար հիշատակի օր է, ցավի օր, կորստի օր, դառնության օր։

Իհարկե, այս մեկ օրով չի սահմանափակվում քո սերը դեպի հայրենիք՝ Հյուսիսային Արցախ։
Գիտեմ, որ 29 տարի շարունակ չկա մի առավոտ, որ չլուսացնես առանց կարոտի, առանց հիշողության, առանց այնտեղ մնացած հարազատների հիշատակի, առանց հայրենի բարբառի բառերը հիշելու։

Քո աշխատասիրության, մարդասիրության, ճշմարտախոսության, հարգանք ու պատվի մասին արդեն խոսում են աշխարհի մյուս ծայրերում։ Նոր ծնված զավակներդ արդեն մեծ են, 29 տարեկան, նրանք միայն լսել են մեր Մռավի, Դոդ սարի, Շմփրըպտոկի, Քուրակ գետի, Կեպասի մասին։ Նրանք դարձել են գիտնական, մարզիկ, զինվորական, արվեստի ստեղծագործող, պետական գործիչ, հողագործ աշխատավոր, բժիշկ։ Բայց միևնույնն է իրենց շահումյանցի են համարում, քո շնորհիվ հայերեն են խոսում։

Հայրենակից ջան, գլուխդ բարձր պահիր։

Չնայած, որ 90-ականներին ու հետագա տարիները անարդար եղան քո հանդեպ, շատ վատ դիմավորեցին քեզ Հայաստանում։ Անգամ փախստականի կարգավիճակ չտվեցին քեզ։ Դավաճան հհշականները քեզ էին դավաճան անվանում, քեզ էին մեղադրում, թե իբր թողեցիր քո հողը, առանց կռվի եկար Հայաստան։ Գիտեմ, որ քո հետ փոխանակված Շուշիում էլ չթողեցին որ բնակվես՝ մի հայտնի գեներալ, այսօր էլ պաշտոնյա, ասել էր՝ ի՞նչ է, Շուշին անտեր է՞, որ շահումյանցին գա բնակվի։
Լաչինում Հայրիկյանի (պարետն էր այն ժամանակ) բաշիբոզուկները թալանում էին գրպանիդ վերջին փողն ու մատանին, 
թրքաբարո շորթում էին փախստականներիդ։

Սակայն դու չես փոխանակել քո հայրական տունը թուրքի հետ։ Դու առևտրի չես հանել հայրենիքդ։ Քո ղեկավարները չեն գնացել թուրքի հետ բանակցել, թե ինչպես անվնաս՝ գումարի դիմաց, հայի տունը թուրքի տան հետ փոխեն ու շարասյուներով,  ուղղաթիռներով քեզ դուրս ուղեկցեն քո իսկ հողից, միայն թե գնաս, միայն թե թողնես հայկական տունդ, տեղդ։ 

Սկսած այն պահից, երբ Շահումյանի նստաշրջանում, 1989 թվականի հուլիսի 26-ին որոշեցիր միանալ Արցախին ու այդ օրվանից սկսած, 1000 օր պայքարեցիր մինչև 1992 թվականի հունիսի 13-ը։ Ոտքով 21000 հայեր անցան Մռավի կածանները, գետերը և անդունդները։ Շատ շատերը չհաղթահարեցին այդ արգելքները։

Իսկ ո՞վ էր քո վրա հարձակվողը։ Արդեն ռուսական, ուկրաինական վարձկանները, ադրբեջանցի թալանչիների ուղեկցությամբ, մոտ 150 տանկերով մեկ օրում հայաթափեցին շրջանը։ 

Այո, գիտեմ, որ քեզ հայերի չեչեններ են անվանում կատակով։ Քանի որ մի քանի անգամ արտաքսվել ես հարենիքիցդ ու նորից հետ ես եկել։ Քանի որ կռվել գիտես։ Հողդ հիշել ու սիրել գիտես։ 

Եղբայր իմ։ Քույր իմ։ 

1767-ին դու չէի՞ր հակահարձակումից հետո պաշարել Գանձակ քաղաքը, երբ Շահվերդի խանը խնդրում էր վրաց Հերակլ թագավորին, որ միջնորդի դադարեցնես պաշարումը։

Դու չէի՞ր, որ թուրքական զորքերին ջարդ տվեցիր 1918-ին Գանձակում, կոտորեցիր 18000 մուսավատական։

Դու չէի՞ր 1991-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մամեդովին գերի վերցրել, երբ նա իր օմոնական ջոկատներով գյուղերդ էր ավիրում ու զավակներիդ գերի տանում, իսկ դու գերի վերցնելով ազատում էիր զավակներիդ, ի տարբերություն այսօրվա գերի  ընկածներին ազատողների։

Դու չէի՞ր, որ դիմադրեցիր խորհրդային զորքերի Կոլցո օպերացիային և առաջին անգամ պատմության մեջ՝ 1991 թվականի սեպտեմբերին, հետ գրավեցիր քո Բուզլուխ․ Էրքեջ, Մանաշիդ գյուղերը։

Քո հանդեպ էր, որ առաջին անգամ պատերազմում, թշնամին կիրառեց Գրադ կայան, օգտագործեց քիմիական զենք, կործանիչ Մի-24 ինքնաթիռներ։

Դու չէի՞ր միակը, ով այս 30 տարվա պատերազմների մեջ, մի քանի տարի անտառներում պարտիզանական կռիվ մղեցիր թուրքի դեմ։ Այլ տեղերում պարտիզաններ եղա՞ն։ Ոչ։

Քանի՞ անգամ քո զավակներդ եկան Մռավի փեշերին կազմ ու պատրաստ կանգնեցին, որ ազատագրեն Շահումյանը։ 

Շատերը չգիտեն էլ, որ 1993-ի ապրիլի 13-ին ազատագրել ես Գյուլիստանը, քո արծիվ որդիների հետ, Մեծն Շահենի գլխավորությամբ։ Այն օրվա հհշական իշխանությունը հրամայեց հետ հանձնել, չազատագրել մնացած գյուղերը, իսկ չորս օր անց Շահենի ուղղաթիռը կործանվեց։
2016-ի ապրիլյանին ևս զավակներդ հավաքվեցին աշխարհի տարբեր ծայրերից, որ պետք է ազատագրվի Շահումյանը։ 
2020-ին էլ եկան։ Շատերը զոհվեցին, անհայտ կորան, վիրավորվեցին։ Բայց Արցախի հյուսիսային Եղնիկները մնացին անառիկ։ Քո հիմնած զորամասի տղերքը չպարտվեցին անգամ կապիտուլյանտի պատերազմում։

Գիտեմ, որ հատկապես այս տարի վհատված ես։

Քո կորստյան ցավը շատերը չըմբռնեցին, մինչև այդ ցավը չտարածվեց Հադրութի, Շուշիի, Քարվաճարի, Մարտակերտի վրա։ 
Այսօր արդեն նրանք են տարագիր դարձել։ Արդեն Հայաստանից են գերի վերցնում, Հայաստանի հողն են գրավում։
Որովհետև քո Մռավի ղողանջները չլսեցին ոչ մեկը։ Քո ահազանգին խուլ մնացին։ 

Ուղղիր մեջքդ եղբայր իմ։

Մենք իրավունք չունենք ջուրը լցնելու այսքան չարչարանքը և մեր սերնդի վրա ավարտելու մեր պատմությունը։ 
Այսօր դավաճանները խոսում են 
միայն ԼՂԻՄ-ի սահմանները վերականգնելու մասին։ Մոռացել են քեզ, մի լռիր, եղբայր իմ։ 

Մեր ավագ սերունդը արդեն մեզ հետ չէ, եթե Հյուսիսային Արցախում ծնված սերունդն էլ անցնի գնա, մենք անդառնալիորեն վերջնականապես կորցնելու ենք  Հյուսիսային Արցախը։

 Այս 29 տարիներին դու գրել ես բազմաթիվ գրքեր, բանաստեղծություններ, երգեր, հիշողություններ և փաստեր ես թղթին հանձնել, ֆիլմեր նկարել, որպեսզի սերունդներին փոխանցվի մեր հերոսական պատմությունը։ Որևէ պետական աջակցության չես արժանացել, դեռ ավելին՝ դու ես օգնել պետությանդ, Հայաստանին, Արցախին։ 

Փառք մեր պապերին ու հայրերին։ 
Նրանք տոտալ շրջափակման մեջ, ուղղաթիռներով կարողացել են հաց, զենք, այլ պարագաներ հասցնել մեր պաշարված բնակիչներին։

Շահումյան-Գետաշենի համար ընկած մեր զինվորներ։ 
Փառք Ձեր հիշատակին և զոհողությանը։ 

Շահումյանը մոռացության չմատնող հայեր, դուք հերոսներ եք։
Կաթիլը քար է ծակում, դա այդպես է։

Այս ժամանակավոր վայրէջքը 
նորից կփոխարինվի հաղթանակով և թռիչքով։

Լուսաբացից առաջ ամենամութ պահն է լինում։


April 17, 2021

Խրիմյան Հայրիկի պատգամը 150 տարի անց ևս այժմեական է

Արցախի փաստացի կորստից հետո հուսահատ ենք հայերս։

Հաղթանակած վեհ ժողովուրդը մի խումբ ստահակների պատճառով կուչ է եկել, դառել մի բուռ խեղճացած, մոլորված զանգված։
Հօդս են ցնդել 33 տարվա համազգային  չարչարանքներն ու տառապանքները։
Քաղաքական կուսակցությունները որևէ սպեղանի ունակ չեն առաջարկելու մոլորված մեր ազգին։

Խրիմյան Հայրիկը իր սպիտակ ձիու վրա


Այսօր ընթերցում էի Շուշի հայկական քաղաքում 1884 թվականի ապրիլին հրատարակված "Գործ" ամսագիրը։
Այնտեղ մեջբերված է Խրիմյան Հայրիկի պատգամը՝ 1876 թվականի Վանի մեծ հրդեհից տուժած հայերին։ 

Խրիմյան Հայրիկը հրատարակում է "Վանգույժ" կոչը, որտեղ մխիթարում է ավերակներ դարձած Վանի հայ բնակիչներին։ Նրա կոչը 150 տարի անց այժմեական է նաև մեզ համար.

Կոխեցէ՜ք և անցեք, ո՜վ աշխատաւոր եզինք։

Մի թափառիք ու հեռանաք ձեր ավերակ ագարակէն։
Ելե՜ք դարձեալ զոյգ-զոյգ լծուեցէք, ձեր սամօտիք պինդ կապեցէք ընկերական սերով:
Հեծելով, փնչալով փորեցէ՜ք ու պատռեցէք այդ տառապանաց ակոսն։

Մշակներ, գոգնոց կապեցէք, լի յուսով ցանեցէք ձեր վաստակասէր քրտանց սերմն։
Պահ մի ևս սպասեցէք, զի ձմեռ է, ձիւն ու սառնամանիք ծածկել են աշխարհ։

Գարուն մօտ է, Հայոց աշխարհ, և պիտի գայ ծիծեռնակ քեզ աւետիս տայ։

December 1, 2019

Ինչպե՞ս կարելի է մոռանալ…


Այժմ, երբ բռնազավթված են Շահումյանը, մեր հարազատ գյուղերը, դրանք ավելի արժեքավոր են դառնում ցանկացած շահումյանցու համար։ 
Յուրաքանչյուր դեպք կամ պատմություն, հոգեհարազատ մի դրվագ ավելի են խռովում շահումյանցու հոգին։

Շրջանի բռնագաղթումից հետո, 1992 թ․ հուլիսի 1-ին, թիվ 26 համարում Հայաստանի մանկապատենական «Կանչ» պարբերականը տպագրել է Վալտեր Այդինյանի «Անիծվի էն սհաթը» հոդվածը՝ նվիրված այն դաժան օրվա պատմությանը, որ տեսան Ավանյանների հարազատները։

Ղարաչինար գյուղը դատարկվել էր, բնակիչները հարկադրված թողել էին հարազատ օջախները, գյուղում մնացել էին ծերեր և շատ քիչ թվով մարդիկ։

Ավանյանների ընտանիքը վերջինն էր հեռանում գյուղից։ 
Սաշա Դավիթի (Բեթոյի) Ավանյանը, որը 14 տարեկան էր, իր ծնողների՝ Մանիկի և Բեթոյի հետ դեռ գյուղում էին և սպասում էին Էդիկին (Բեթոյի հորեղբոր տղան)։ Երբ Էդիկն եկավ ինչ-որ մեքենայով, մեծ դժվարությամբ հրաժեշտ տվին հարազատ օջախին՝ նստելով մեքենա։ 
Սաշան իր ծնողների և մի խումբ հարազատների հետ շարժվեցին միակ փրկության ճամփով դեպի Ղարաբաղ։ Ավա՜ղ, մեքենան դեռ նոր էր շարժվել տեղից, հարազատ օջախից մի քանի մետր հազիվ էր հեռացել, Ադրբեջանի օմոնի մեքենան փակում է ճանապարհը և տեղի է ունենում կրակահերթ։

Արհավիրքից խուսափող մայր թռչունի պես ծնողները իրենց մարմնով ծածկում են փոքրամարմին Սաշային։ Կրակահերթը դադարում է։ Սաշան չէր վիրավորվել, սակայն տեղի ունեցածը հավասարակշռությունից հանել էր պատանուն։ 
Ուշքի գալով, նա հասկացավ տեղի ունեցածի ողբերգությունը՝ չկան ծնողները և հարազատները, բոլորը զոհվել են։ Եվ, զգուշորեն դուրս սողաց մեքենայից և թաքնվեց մոտակա թփերի տակ․․․
Մի քանի քայլ այն կողմ, մեքենայի մեջ, իր զոհված ծնողներն են՝ մի խումբ հարազատների հետ, ինքը ներկված նրանց արյունով՝ պահված է թփուտների տակ և լսում է նրանց խռխռոցը, զգում է, որ հարազատները վերջին շնչում են ու հնչում են նոր կրակահերթեր։
Սաշան հասկանալով, որ ամեն ինչ վերջացած է, մեծ դժվարությամբ սկսում է սողալով հեռանալ դեպքի վայրից՝ հասնելով դեպի փրկության անտառը։ 
Մեծ դժվարություններով նա մի կերպ հասնում է հարկադրաբար գյուղը լքած համագյուղացիներին, որոնց օգնությամբ էլ օրեր անց, հասնում է Երևան, հորեղբոր՝ Բենիկ Ավանյանի տուն։


Լուսանկարում պատկերված է Սաշան՝ Բենիկ հորեղբոր ընտանիքի հետ։
Ձախից աջ՝ Վալտեր Այդինյանն է, Բենիկի թոռ Հայկոն՝ կնոջ՝ Սվետայի գրկում, Սաշկան, Անին, Գայանեն, Գոհարը, Բենիկը, Ալբերտը։

Բենիկը, որ կոփված զինվորական էր, այդ դարդին չդիմացավ և հանկարծամահ եղավ, որից հետո կյանքը անտանելի դարձավ, դուստրը՝ Գայանեն, որի ամուսինը ծանր հիվանդությունից հետո մահացել էր մինչև գյուղի կործանումը, չէր կարողանում հաշտվել կատարվածի հետ։ Ստիպված թողեց Հայաստանը, փախստականի ճամփան բռնեց։ 
Այժմ նա իր զավակների ու մոր հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն երբեք չեն մոռանում Հայաստանը, որտեղ մայր հողին է հանձնված հայրը, պապիկը և կարաչինարցիների կողմից հարգված Բենիկ Ավանյանը։ Կարելի է ուրեմն, համարել, որ նա զոհվել է հանուն Շահումյանի և Կարաչինարի ազատագրման ու համարվում է այդ պատերազմի զոհ։
Յուրաքանչյուր ամառ, արձակուրդներին ԱՄՆ-ում պատսպարվածները լինում են Հայաստանում՝ հանդիպում հարազատների հետ։ 
Վերջին զրույցի ժամանակ Սվետան ասում է․ 
- Մարա՜տ, ինչպե՞ս կարելի է մոռանալ մեր գյուղը, մեր հարյուրավոր գյուղացիներին, որտեղ էլ լինեն իմ թոռները պետք է հայ մեծանան, երբ աստված թողնի՝ ես ծոռներ տեսնեմ, չեմ կասկածում, որ նրանք էլ հայ կմեծանան։ Ինչու՞ աստված այսքան անարդար գտնվեց շահումյանցիների հանդեպ, արդյո՞ք կարող է լինել շահումյանցի, որ այս ամենը մոռանա, ախր ինչպե՞ս կարելի է մոռանալ։

Մարատ Ղուլյան, 
2004 թվ, հոկտեմբերի 28, 
«Մռավի ղողանջներ»,Շահումյան-Գետաշեն Հայրենակցական բարեգործական միության թերթ


Ձախից՝ Այդինյան Վալտեր, Պետրոսյան Ալբերտը եղբոր հետ, Մարատ Ղուլյան