Լույսի մասին խոսք չկար, հացը ամենքիս տալիս էին օրական 200 գրամ, այն էլ կտրոնով:
Խանութները դատարկ էին և աշխուժանում էին այն օրերին, երբ ամերիկյան օգնության լոբի կամ մարգարին էին բաժանում:
Հաճախ հացը ստանում էին երեկոյան ժամը 10-11-ին, օրեր էին լինում՝ գիշերվա 1-ին և մենք խանութում հերթ էինք կանգնում մոմի լույսի տակ ու սպասում էինք այդ մեկ ու կես մատնաքաշին: Ամեն օր հացը լինում էր տարբեր գույնի ու որակի։ Մի օր դեղին, քանի որ եգիպտացորենի ալյուրից էին թխում, մի օր կանաչ, մի օր սև, մոխրագույն, բայց երբեք ոչ սպիտակ ու ոչ սովորական հացի որակի։ Հացը Երևան էին բերում նաև շրջանների հացի գործարաններից (օրինակ Արմավիրից, Իջևանից), որտեղ որ այդ պահին կար հոսանք կամ ալյուր։ Դրա համար ամեն օր տարբեր ժամերին էր այն գալիս։
Մեր կուրսի տղաներով տարբեր հնարքների էինք դիմում, որպեսզի մի քանի ռուբլի աշխատեինք, ուսմանը զուգահեռ: Տարբեր գործեր էինք նախաձեռնում:
Մեկը նկարներ էր նկարում և վաճառում Սարյանի արձանի մոտ գտնվող վերնիսաժում, մյուսը ֆոտոլուսանկարում էր փողոցում, մյուսը դոլարներ էր վաճառում սև շուկայում, մի քանիսս էլ համակարգչային խաղային ծրագրեր էինք բերում փոստով Մինսկից: Հետո սկսեցինք ծրագրեր գրել Բեյսիկով 'Վեկտոր' սովետական համակարգչի համար և վաճառել ծանոթներին:
Մեր համալսարանական խմբում Սուրեն կար Գյումրիից:
Նա Երևանում սովորելու ընթացքում ապրում էր վարձով:
Վրացիները այդ ժամանակ շատ էին գալիս երևանյան շուկաներ: Նրանք արկղերով բերում էին մանդարին, կիտրոն, դափնու տերև - վաճառում էին ԳՈՒՄ-ի շուկայում: Երեկոյան էլ, հենց նույն օրը` գնացքով վերադառնում էին Թիֆլիս:
Նա առաջարկեց ինձ էլ առավոտյան գալ՝ իր հետ տոմս գնելու:
Մեր կրթաթոշակի համեմատ ահագին մեծ գումար էր: Սակայն տոմսերը տալիս էին սահմանափակ, յուրաքանչյուր գնորդին 3 տոմսից ոչ ավել:
Տոմսարկղերը բացվում էին առավոտյան 8-ին և կես ժամվա ընթացքում բոլոր տոմսերը վաճառվում էին: Վրացիներին այլ տարբերակ, քան գնել վերավաճառողներից չէր մնում:
Շուտով հասկացանք, որ տոմսերը դրամարկղից՝ անգամ առավոտյան, վաճառում են շատ քիչ քանակով: Երկաթգծի այդ օրերի տերերը իրենք էին տակից հետո վաճառում բազմակի թանկ անգամներ:
Առավոտյան վաճառածը կազմում էր տոմսերի մի 10 տոկոսը` դա էլ ձևականորեն, իբր թե մարդկանց էլ են ազատ վաճառում:
Ձմեռը սաստիկ էր: Քաղաքում մեքենա չկար: Լենինի հրապարակը դատարկ էր և պատված ձյունով: Մարդիկ տեղաշարժվում էին կամ ոտքով կամ մետրոյով:
Տոմսերը հաստ ստվարաթղթից էին, ուղղանյունաձև: 3-ն էլ Սուրենը գնեց:
Երեկոյան ժամը 7-ից ես ու Սուրենը երկաթգծի կայարանում էինք: Գնացքը պետք է մեկներ 20.30-ին:
Վաճառեցինք այդ 6 տոմսերը և ուրախացած գնացինք տներով:
Միլիցիոներները թույլ չէին տալիս, որ իրենց անծանոթ մարդիկ կայարանում կանգնած տոմս վաճառեն: Միայն իրենց ծանոթները պետք է վաճառեին: Մենք ներկայանում էինք, թե տոմսը գնել ենք, որ գնանք Թիֆլիս, բայց չի ստացվում գնալը, դրա համար պետք է տոմսը վաճառենք ինչ-որ մեկին: Այդ հնարքը կարող էր աշխատել 1-2 անգամ:
Կար 2 տարբերակ` կամ մտնել իրենց մենթական մաֆիայի տանիքի տակ և մուծվել նրանց, կամ էլ դուրս գալ այդ 'բիզնեսից':
Մենք ընտրեցինք 2-րդ տարբերակը:
Այդ օրը մենք կարող էինք մեզ թույլ տալ գնել բժշկական ինստիտուտի հացի սև շուկայից, առանց կտրոն, թանկ, հավելյալ հաց և տանել տուն: Մեր վաստակածը դա թույլ էր տալիս: