December 1, 2012

Երկաթուղային փակուղի

Այս տարվա ամռանը` եվրոպական շրջագայությունից հետո, հիշեցի մի խնդրի մասին, որը բոլորը արդեն մոռացել են: Հայկական երկաթուղու մասին:

Մեր երկաթգիծը այսօր հանձնված է ռուսներին, բայց անգամ ներքին միջքաղաքային փոխադրումներ չկան: Միջքաղաքային տրանսպորտը երթուղային տաքսիներն են:

Չեն կառուցվում նոր երկաթուղային ճանապարհներ: Չէ, որ մի օր արտաքին ճանապարհները կբացվեն:

Անտվերպենի 4 հարկանի կայարանը: Գնացքը 4-րդ հարկում է:

Թե որքան ինտենսիվ է երկաթուղու աշխատանքը Եվրոպայում, թե ինչքան խիտ է այդ ցանցը, թե ինչպես են 5 րոպեն մեկ գնացքները շարժվում Բրյուսելից Փարիզ չեմ նկարագրի այսօր:

Երևանի մանկական երկաթուղին 

Մանկական երկաթուղում այս հին, փոքրիկ շարժակազմը գնում է առաջ ու հետ է գալիս:
Մեր ներկան նման է այդ գնացքին` հին, 75 տարվա, փոքր, անհարմար նստարաններով, ուղղակի արտաքինից թարմ ներկված: Այո, այնպես, ինչպես ծաղիկներով ու նկարներով փորձում են թաքցնել մեր քաղաքում փլվող շենքերը և փողոցները:

Այդ գնացքը գնում է առաջ ու հետ գալիս, նորից է գնում առաջ ու հետ է գալիս: Իբր թե ճանապարհ է գնում: Իբր թե մարդկանց ինչ-որ տեղ է տեղափոխում: Իբր թե մենք երկաթգիծ ունենք` կապված գոնե մեր հարևանների հետ:
Սխալ գնացք է դա:

1992 թվականին հունիսի 13-ին Շահումյանի հանձնումից հետո 21000 փախստական ոտքով եկան Հայաստան:

1992 թվականի հուլիս: Երևանի կայարանում, փախստականները իրենց ամբողջ ունեցվածքով, սպասում են գնացքին:

Այդ երկաթգիծը կարծես թե սպասում էր, որ փախստականների վերջին խմբերն էլ հասցնեն մեկնել Ռուսաստան ու նոր կանգ առնի: Այդպես էլ եղավ:
Աբխազական երկաթուղին 1992 թվականի օգոստոսի 14-ից կանգ առավ` Ինգուրի գետի կամրջի պայթեցումից հետո: Այն չի գործում առ այսօր:

Այս խնդիրը դուրս է եկել մեր բոլոր օրակարգերից: Մենք սովորել ենք աշխարհի փակուղու կարգավիճակին: Սովորել ենք տեղափոխման բարձր սակագներին, որը թանկացնում է բոլոր ներկրվող ապրանքները:

Բրյուգեի կայարանում: Թալիս արագընթաց գնացքը

Մենք սովորել ենք փակուղային հոգեբանությանը: 
Մեր աշխարհագրական խաչմերուկի  դիրքը այսօր ամենևին չի օգտագործվում:

Ռուսները ինչպես ամեն ինչը Հայաստանում գնել ու չեն էլ ցանկանում զարգացնել, ներդրումներ անել` как собака на сене.



Իսկ մեր նորօրյա բրեժնեևները այսօր թիթեռներով ու գորտերով են զբաղված....
Հա: Մոռացա:
Նրանք բուդկչի են իրենց մտածելակերպով: Մաշտոցի պուրակը դրա վկան:

November 23, 2012

Նկարներ, որոնք հանգիստ չեն տալիս ինձ


Համացանցում փնտրում եմ Հյուսիսային Արցախի` Շահումյան-Գետաշենի այսօրվա նկարները:

Նախնիներիս գերված եզերքի կարոտը փորձում եմ փարատել այդ պատկերներով:
Վերջերս գտա այս երեք նկարները`

Առաջինը` կակաչների այս դաշտն է, որը մեր առաջ բացվում էր Վերին Շենից դեպի Սառցաշեն (Բուզլուխ) ճանապարհին: Աննկարագրելի մի տեսարան: Ամեն ինչ կտամ այդտեղ գոնե մեկ րոպե լինելու դիմաց:





























Այս մյուս նկարը արված է Սառցաշեն-Բուզլուխի Շամփրապտոկ սարի բարձունքից: Հեռվում երևում է Ալհարակ լեռը և Մռավի լեռնաշղթան:
Դեռ խաղաղ արածում են թուրքերի ոչխարները: Սա 2012 թվականի նկար է: Ջանբազ սարը նկարի աջ մասում է:



Իսկ սա իմ մանկության գետն է: Քուռակ գետը: Քուռակ գետը որը հոսում է դեպի Էրքեջ, այնտեղից էլ Գետաշեն:
Քանի անգամ ենք երեխաներով լողացել սրա պարզ ջրերում?
Քանի անգամ ենք թոռով բռնել արքայական կարմրախայտը?
Կանայք բերում կարպետները փռում էին գետի մեջ, գետի քարերը շարում կարպետի վրա, որ չքշի-տանի: Երեկոյան կողմը` գալիս հանում էին ` գետի լվացած կարպետները:







Շահումյանը և Գետաշենը սպասում են մեզ:
Մենք դեռ այս հարցով ասելիք ու անելիք ունենք:

November 22, 2012

Ամանօրյա խաղալիքներ Բելգիայում

Ամռանը, Բրյուգեյում արդեն վաճառում էին այսպիսի գեղեցիկ խաղալիքներ:
Խնդրեմ դրանք`
























Ինչքան քիչ է մեզ պետք օրը լավ սկսելու համար

Մարդիկ կան, որ հանդիպելուց մռայլ, տխուր, ոնց որ թե նոր հոգեհանգստից դուրս եկած լինեն: Համարյա միշտ մուգ, սև, մոխրագույն շորերով:
Քեզ նայելու փոխարեն նայում են հատակին և անցնում կողքով: Դասախոս են, ծրագրավորող, սպասարկող և այլն, և այլն: Բայց դե այդպիսին են: Սրանք անուղղելի մասն են և նեղանալ չարժե: Горбатого могила исправит.
Ասենք ավտոկայանատեղիում հանդիպես դրանց, կամ միջանցքներում` անհույս է:
Քանի որ քո բարևը մնում է կախված օդում: Իսկ հայացքդ գամվում է պատի, այլ ոչ թե մարդու:

Այսօր` բանալիները վերցնելուց, մեր նոր պահակը ինձ ուղղակի զարմացրեց:
Նա մոտեցավ և ձեռքով բարևեց:
Հարցրեց`
- Ինչպես եք? Ինչպես է ձեր անունը?
Հիշելով անունս, պատասխանեցի: Չնայած որ նախորդ անգամն էլ էր հարցրել: Բայց դե 120 հոգու անունը մեկ օրում չէր հիշի?

Մտքումս պարզ էր ինչ հիշեցի երեկվա օրից հետո, բայց արձագանքս էր`
- Լավ եմ, մերսի:

Նա ասաց մի բան, որ այս 20 տարվա մեջ ոչ-ոք չէր ասել`

- Ձեզ հիանալի աշխատանքային օր եմ ցանկանում այսօր:

Գրողը տանի, այս ինչ ասաց այս մարդը? Որտեղից է նա ընկել?

Ախր ուր էիր այսքան ժամանակ, հիանալի մարդ? Ախր ինչու քեզանից շատ չկա?
Միլիոնավոր գումարներ են ծախսվում տարբեր դասընթացների վրա:
Խնդրենք այս մարդուն ամեն մեկին ուղղակի դաս կարդա? Ոչ

Նա իր օրինակով ամեն օր այդ դասը տալիս է բոլորիս:



November 13, 2012

Շրջապատում ավիրված քաղաք է, նայեք

Մինչև նկարների տեղադրումը մեջբերեմ Հայաստանի ԱԺ նիստերի սղագրություններից որոշ փաստեր մանկապարտեզների վերաբերյալ`









Այգեստան: Նախկին վաճառված մանկապարտեզը այսօր: Երեխաների փոխարեն վազում են տիրոջ շները
Սոսեի փողոց: Նախկին ֆուտբոլի դաշտի փոխարեն պարսիկների նոր էլիտար շենք:
Գայդառի փողոց: Նախկին մանկապարտեզի տեղը նոր էլիտար շենք

Աղբյուր Սերոբ փողոց: Նախկին Մշակույթի տան փոխարեն նոր էլիտար
Աղբյուր Սերոբ փողոց: Նախկին մսուր մանկապարտեզի վաճառված և այսօր վարձով տրվող շենքը

Փափազյան փողոց: Կահույքի ավիրված գործարանի տարածքը այսօր

Փափազյան փողոց: Մանկապարտեզի բակից թողել են ընդամենը մեկ ավտոտնակի տարածք: Մնացածը զավթել են

Փափազյան փողոց: Թիվ 26 մանկապարտեզի այսօրվա դռան վիճակը

Թիվ 26 մանկապարտեզը այսօր

Թիվ 26 մանկապարտեզի բարակ և փչող պատուհանները: Այնտեղ մեր երեխաներն են
Թիվ 26 մանկապարտեզի վիճակը այսօր
Քաղաքապետը ասում է 450 խաղահրապարակի մասին: Սա թիվ 26 մանկապարտեզի երեխաների այսօրվա խաղահրապարակն է

Քաղաքապետը ասում է 450 խաղահրապարակի մասին: Սա թիվ 26 մանկապարտեզի երեխաների այսօրվա խաղահրապարակն է
Հայերը ինչու են լքում Հայաստանը?


November 11, 2012

Այս համակարգը կարող է խրտվիլակին պատգամավոր դարձնել

Ուրեմն մայիսի 6-ի ընտրություններից առաջ պատահաբար Ավանում էի:
Իրարանցում էր:
Ջրցան մեքենաները արագ-արագ լվանում էին փողոցները, ինչ-որ եղևնիներ, ծառեր էին շտապ տնկում մայթերի եզրերին, ավարտին էին հասցնում ասֆալտապատումը:

Երբ հասա Սթարի մոտ և արդեն փողոցը փակ էր, հասկացա որ նախընտրական հանդիպում է:
Սպիտակ կապիտուլյացիոն դրոշներից հասկացա, որ ՀՀԿ-ի նախընտրական հանդիպումն էր:
ՀՀԿ-ն այստեղ պաշտպանում էր նեմեց Ռուբոյին:
«Ես կոչ եմ անում ձեզ ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանին»,- ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետո` ամիսներ անց, ազատ քաղաքացին այդ պաշտպանած օլիգարխին պարտադրեց հեռանալ:

Դե հասարակ քաղաքացու համար սա նորություն չէր: ՀՀԿ-ն պաշտպանում էր և նեմեցին, և վարդանիկին, և լիսկային, և խաչիկյանին:

Ամենուրեք իրենց թեկնածուին պաշտպանում է ադմինիստրատիվ ռեսուրսը: Ժողովներ դպրոցներում, մանկապարտեզներում, համատիրություններում:

Օլիգարխներին առաջ քաշելը հեշտ է: Նրանց սուպերմարկետների վաճառողները, կասիրները, առաքիչները ընտրության ժամանակ դառնում են վստահված անձ, դիտորդ, հանձնաժողովի անդամ, դեպքեր կային` անգամ լրագրող: :))

Եթե հետևեք մինչև ընտրությունները, կուսակցությունը ամբողջ տարիներ շարունակաբար մարդկանց կուսակցականացնում և կաշառում է`
ուսանողներին - վարձերի վճարման դիմաց,
բնակիչներին - ներված գույքահարկի դիմաց,
բյուջեի աշխատողներին - սոցիալական ապահովագրման դիմաց:

Դե եթե ժառանգաբար այդ շրջանում կարող ես դառնալ թաղապետ, հետո քաղաքապետ` ինչու քո աներորդին չդառնա պատգամավոր այդ նույն տարածքից?

Ոչ մի ծրագիր, ոչ մի ճառ, ոչ մի խոստում պետք չեն` այս պայմաններում խրտվիլակը անգամ կարող է պատգամավոր դառնալ:

November 9, 2012

Բջջային օպերատորները աջակցում են գողերին

Բոլորս էլ գոնե մեկ անգամ կորցրել ենք բջջային հեռախոս:

Կորցնելուց հետո կանգնում ենք մի հարցի առաջ` ինչպես գտնել հեռախոսը կամ վերադարձնել այն? Եթե իհարկե գտնողը ազնիվ չէ և չի պատրաստվում ձեզ ետ վերադարձնել Ձեր հեռախոսը:
Ես ինքս մի 4 անգամ գտել և վերադարձրել եմ հեռախոսներ, բայց ինձ դեռ ոչ ոք չի վերադարձրել:

Միակ ելքը ոստիկանություն դիմելն է` հեռախոսի ներքին ունիկալ IMEI կոդը ներկայացնելով նրանց:
Ոստիկանները մեզ մոտ հայտնի են իրենց ազնվությամբ :)))): Իհարկե, եթե նրանք գտնեն, կվերադարձնեն հեռախոսը Ձեզ և չեն վաճառի այն: Ես էլ էի դիմել Արաբկիրի ոստիկանություն` ապարդյուն: ՀԱվատում եմ, որ չեն գտել: (իբր թե)

Շատ երկրներում հենց բջջային ցանցի օպերատորները պարտավոր են պահել կորած կամ գողացված հեռախոսների տվյալների բազան: Այս դեպքում հեռախոսը գտած անազնիվ մարդը այլևս չի կարողանում օգտագործել այն տվյալ երկրի տարածքում: Ստիպված նա պետք է վերադարձնի գտած հեռախոսը տիրոջը:
Մեզ մոտ իհարկե ոչ Վիվասելը, ոչ Օրանժը, ոչ էլ առավել ևս Արմենթելը չեն ցանկանում այդպես վարվել:
Նրանք չեն ուզում խանգարել այդ մարդկանց, նրանց համար տարբերություն չկա` գտած թե գողացած հեռախոսով կխոսեն իրենց ցանցում? Միայն թե խոսեն: Միայն թե իրենք փող վաստակեն այդ րոպեներից:
Օրենսդիրների մասին դե չեմ էլ խոսում:
Նրանք սովոր են բոլորին և ամենուրեք խաբել` մարդկանց, պետությանը, օրենքները:
Նրանք անձեռնամխելի են: Ինչ օրենք ընդունեն, ինչի համար պարտադրեն օպերատորներին?

Ու այսպես բոլոր բաժանորդներս միշտ մնում ենք փաստի առաջ:
Ինչու?

October 18, 2012

Ինչպես 44 սպաներիս զորակոչեցին որպես զինվոր:

Արդեն մի անգամ գրել եմ, որ 97 թվականին շտաբի պետ Միքայել Հարությունյանը` Վազգեն Սարգսյանի իմացությամբ, ապօրինաբար 44 սպաների զորակոչեց բանակ, որպես հասարակ զինվոր:
Թեև մենք անցել էինք զինվորական ամբիոն, 2 ամսյա հավաք, հանձնել էինք պետական սպայական քննությունները, երդում էինք տվել և հրամանագրվել սպայի կոչմանը:
Մեզ բացատրեցին, որ բյուջեյում գումար չկա, որ մեզ սպայի 30,000 դրամ ամենամսյա աշխատավարձ վճարեն:
Այդ տարիներին ոչ ֆեյսբուք կար, ոչ քաղաքացիական շարժումներ: Մեր միակ բողոքողները այդ զինվոր-սպաների հարազատներն էին: Նրանց էլ տշում էին կաբինետից կաբինետ:
Ես 15 օր էր, որ ամուսնացել էի:
Նոյեմբերի 13-ի առավոտյան չէի իմանում, որ մեղրամսիս երկրորդ կեսը անց եմ կացնելու Արտաշատի զորամասում:
Ինչևէ, առավոտյան զինկոմիսարիատից 3 հոգի հանկարծակի հայտնվեցին մեր տանը և առանց որևէ ծանուցագրի կամ նախօրոք զգուշացման ասացին, որ պետք է ինձ տանեն բանակ: Բոլոր գործերս մնացին կիսատ:
Գնացի:
Արդեն զինկոմիսարիատում էին իմ մյուս ընկերները, ովքեր նույնպես սպայի կոչման էին ներկայացված, անգամ երեքը ունեին գիտության թեկնածուի կոչում:
Հավաքակայանում պարզվեց, որ մեր նման կան 44 հոգի` բոլորը գիտության թեկնածուներ, մագիստրոսներ:
Մեզ բոլորիս տարան Արտաշատի զորամաս:
Զորամասում մեր սերժանտները 18-19 տարեկան տղաներ են` առանց որևէ կրթության, առանց որևէ գիտական կոչման: Քյավառցի, էջմիածինցի, կիրովականցի 18-19 տարեկան տղաներ էին:
Նրանք մեզ, 24-27 տարեկաններին սովորեցնում էին 'Արծիվ սլացիր Տաճկահայաստան' երգը ու կապի միջոցների ստեղները, երբ մենք մի քանի ամիս առաջ Քանաքեռի 2ամսյա հավաքի ժամանակ հանձնել ենք դրանց ներքին կառուցվածքի քննությունը:
Ծաղրանք:
Իրենք էլ էին ամաչում այս իրավիճակից:
Բայց այդ աբսուրդ իրավիճակը ստեղծել էր մեր երկրի 'սպարապետը' իր ենթականերով:
Մի 2-3 օրից մեր զորամասում հայտնվեց մի փոքրիկ աննշան տիպար: Բոլորը խառնվել էին նրա շուրջը: Գրկում- համբուրում էին:
Երեկոյան նրան բերել էին Չարբախի հավաքակայանից` Քյավառից:
Զորամասի 'ախպերությունը' արդեն քսիֆ էր ստացել, որ 'սրան պետքա լավ նայեք: Ինքը լավ տղայա': Ու վերջ:
Ես չէի տեսել և չէի լսել այդպիսի բաների մասին: Դպրոց, համալսարան, մագիստրատուրա, աշխատանք ու հանկարծ այսպիսի պանյատկեքի միջավայր:
Նկատեցի, որ հին զինվորները իրենց պահում էին թագավորների պես: Իրենք այդ իրավունքը 'վաստակել' էին ամիսների ընթացքում:
Սկզբում ճնշել են իրենց, հետո իրենք պետք է ճնշեն նորերին: Եվ այսպես տարիներ շարունակ:
Պետք էր, ինչ-որ բան ձեռնարկել ու մտածել: Թե ինչ մտածեցինք կգրեմ մյուս անգամ:
Մեզ սկսեցին նախապատրաստել երդման արարողությանը: Մենք ցույց տվեցինք մեր արդեն նախորդ սպայական երդման թղթերը, բայց իրենք նայել չէին ուզում, պետք էր նորից երդվել` որպես զինվոր:
Մեր ասածները, որ "Սխալ են մեզ զորակոչել, մենք արդեն երդում ընդունել ենք" և այլն` զարմանքով էին ընդունվում զորամասի հրամանատարի կողմից:
Ինքը մեզ չէր հավատում: Ասում էր անհնար է այդպիսի բան:
Պատահել էր:
Հիմա, այդ 44 հոգուց Հայաստանում են 5-6 հոգի:
Բոլոր իմ 39 ընկերները բանակից անմիջապես հետո առաջին հերթին լքեցին երկիրը:

October 16, 2012

Ուսանող ժամանակ "տոմսի" գործ էինք անում::)))

Ուղիղ 20 տարի առաջ, երբ դեռ սովորում էի համալսարանում` 2-րդ կուրսում, շատ ծանր ձմեռ էր:

Լույսի մասին խոսք չկար, հացը ամենքիս տալիս էին օրական 200 գրամ, այն էլ կտրոնով:
Խանութները դատարկ էին և աշխուժանում էին այն օրերին, երբ օգնության լոբի կամ ամերիկյան մարգարին էին բաժանում:

Հաճախ հացը ստանում էին երեկոյան ժամը 10-11-ին և մենք խանութում հերթ էինք կանգնում մոմի լույսի տակ, ու սպասում էինք այդ մեկ ու կես մատնաքաշին:

Մեր կուրսի տղաներով տարբեր հնարքների էինք դիմում, որպեսզի մի քանի ռուբլի աշխատեինք, ուսմանը զուգահեռ: Տարբեր գործեր էինք նախաձեռնում:

Մեկը նկարներ էր նկարում և վաճառում Սարյանի արձանի մոտ գտնվող վերնիսաժում, մյուսը ֆոտոլուսանկարում էր փողոցում, մյուսը դոլարներ էր վաճառում սև շուկայում, մի քանիսս էլ համակարգչային խաղային ծրագրեր էինք բերում փոստով Մինսկից: Հետո սկսեցինք ծրագրեր գրել Բեյսիկով 'Վեկտոր' սովետական համակարգչի համար և վաճառել ծանոթներին:
Մեր համալսարանական խմբում Սուրեն կար Գյումրիից:

Նա Երևանում սովորելու ընթացքում ապրում էր վարձով:

Մի օր Սուրենը եկավ, թե լավ գործ եմ գտել: Ռոսիյա կինոթատրոնի դիմացի մայթում գտնվող երկաթգծի տոմսարկղներից, Երևան-Թբիլիսի տոմսեր էր առնում և երեկոյան տանում կայարանում վերավաճառում էր մեկնող վրացիներին:
Վրացիները այդ ժամանակ շատ էին գալիս  երևանյան շուկաներ: Նրանք բերում էին արկղերով մանդարին, կիտրոն, դափնու տերև - վաճառում էին ԳՈՒՄ-ի շուկայում: Երեկոյան էլ, հենց նույն օրը` գնացքով վերադառնում էին Թիֆլիս:
Նա առաջարկեց ինձ էլ առավոտյան գալ իր հետ տոմս գնելու:
Մեր կրթաթոշակի համեմատ ահագին մեծ գումար էր: Սակայն տոմսերը տալիս էին սահմանափակ, յուրաքանչյուր գնորդին 3 տոմս:
Տոմսարկղերը բացվում էին առավոտյան 8-ին և կես ժամվա ընթացքում բոլոր տոմսերը վաճառվում էին: Վրացիներին այլ տարբերակ, քան գնել մեզանից չէր մնում:

Շուտով հասկացանք, որ տոմսերը անգամ առավոտյան են վաճառում շատ քիչ քանակով: Երկաթգծի այդօրյա տերերը իրենք էին տակից հետո վաճառում բազմակի թանկ:
Առավոտյան վաճառածը երևի տոմսերի մի 10 տոկոսն էր կազմում` դա էլ ձևականորեն, իբր թե մարդկանց էլ են ազատ վաճառում:

Ձմեռը սաստիկ էր: Քաղաքում մեքենա չկար: Լենինի հրապարակը դատարկ էր և պատված ձյունով: Մարդիկ տեղաշարժվում էին կամ ոտքով կամ մետրոյով:

Առավոտյան գնացի, հաղթահարեցի հայկական հերթի դժվարություները և գնեցի այդ 3 բաղձալի տոմսերը:
Տոմսերը  հաստ ստվարաթղթից էին, ուղղանյունաձև: 3-ն էլ Սուրենը գնեց:

Երեկոյան ժամը 7-ից ես ու Սուրենը երկաթգծի կայարանում էինք: Գնացքը պետք է մեկներ 20.30-ին:
Վաճառեցինք այդ 6 տոմսերը և ուրախացած վերադարձանք տուն:

Միլիցիոներները թույլ չէին տալիս, որ իրենց անծանոթ մարդիկ կայարանում կանգնած տոմս վաճառեն: Միայն իրենց ծանոթները պետք է վաճառեին: Մենք ներկայանում էինք, թե տոմսը գնել ենք, որ գնանք Թիֆլիս, բայց չի ստացվում գնալը, դրա համար պետք է տոմսը վաճառենք ինչ-որ մեկին: Այդ հնարքը կարող էր աշխատել 1-2 անգամ:
Կար 2 տարբերակ` կամ մտնել իրենց մենթական մաֆիայի տանիքի տակ և մուծվել նրանց, կամ էլ դուրս գալ այդ 'բիզնեսից':
Մենք ընտրեցինք 2-րդ տարբերակը:

Այդ օրը մենք կարող էինք մեզ թույլ տալ գնել բժշկականի մոտից հավելյալ հաց և տանել տուն: Մեր վաստակածը դա թույլ էր տալիս:

October 14, 2012

Սա իմ Էրեբունի Երևանը չէ

Համարյա ամիսը 2 անգամ լինում եմ երեխաների հետ Հաղթանակի զբոսայգում:
Միշտ զարմանում եմ, թե ինչու են այլ երեխաները քիչ այստեղ? Հերթեր չկան: Աշխուժություն չկա: Աշխատողները անընդհատ բացակա են իրենց կարուսելների մոտից: Պետք է մի 10 րոպե տոմսը ձեռքիդ ձեն տաս, գտնես նրանց, որ գան երեխայի համար միացնեն կասկածելի հին կարուսելները:
Երեկ այս լճին նայելուց մի հարց առաջացավ մոտս: Թե մեր 22 տարվա երկիրը եթե այսպիսի ժառանգություն չստանար` ինչ պետք է անեին այս իշխանությունները?
Այսպիսի հանրային ոչ մի այգի 22 տարում չի հիմնվել:
Ծախում, ծախսում, գողանում են մինչև այսօր նախկին երկրի ժառանգությունը:
90 օր քաղաքացիները պաշտպանում էին Մաշտոցի այգին բուծիկաշինությունից, այգին պաշտպանում էին պաշտոնը ժառանգած քաղաքապետից:
Այսօր նա և իր դրածոները տոնում են Էրեբունի Երևանը: Այդ տոնը իմը չէ, Մեր բակինը չէ: Ինչպես 80-ականներին էր: Ամբողջ բակը այդ օրը ընդհանուր սեղան էր գցում և նստում: Քաղաքի բոլոր բակերում էր այդպես:
Այսօր սա ընդամենը ատկատների և փողերի լվացման հարմար առիթ է: Եվ ոչ ավելին:
Քիչ քիչ մենք օտարվում ենք մեր երկրից:
Չնայեցի Հայաստան-Իտալիա ֆուտբոլը: Որովհետև գիտեմ թե ով է այդ կառույցի ղեկավարը:
Չեմ հետևում մեր ազգային մյուս սպորտաձևերի ոչ մի ելույթին: Որովհետև գիտեմ ով է օլիմպիական կոմիտեի նախագահը:
Անցած օրը անցնում էի և հայտնաբերեցի, որ կինո Մոսկվայի դիմացը, օլիմպիական կոմիտեի ներքևը տասնամյակներ գտնվող 'Լյագուշատնիկ' լողավազանը արդեն չկա: Մենք դպրոցի ֆիզկուլտուրայի դասերը անց էինք կացնում այդտեղ` լողի տեսքով: Դարձրել է դուքյան:
Նայեք Երևան քաղաքին հաղթանակի զբոսայգու վերևից:
Եվ մտածեք այս ֆեոդալները էլ ինչ են բերելու այս քաղաքի գլխին?










Սրանք էլ արդեն կաֆեներն են, որոնք սկսել են սննկանալ և թողնել մեզ ավերակ, բետոնապատ այգի`

Վերևը մեր անցյալն է, իսկ սա մեր ներկան: