July 15, 2018

Տեխզննման կայանների գործի մասին

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե "Պետական բյուջեից հափշտակվել է 2 միլիարդ դրամից ավելի գումար":






Այս հարցին չէի անդրադառնա, եթե դեռ 4 տարի առաջ սրա մասին գրած չլինեի:

Ինչ է նշանակում բյուջեից հափշտակել են 2 միլիարդ դրամ? Դրանք բյուջեի փողեր չեն: 

Եկեք հասկանանք:

Որպես վարորդ.

- Սկզբից գնում եք թաղապետարան, վերցնում եք զերոյական գույքահարկի տեղեկանք:

- Հետո գնում եք ցանկացած բանկ:

Բացի տեխզննման վճարից, դուք պետք է մուծեք նաև էկոլոգիայի վճար, ինչպես նաև բանկի միջնորդավճար:

Բանկի աշխատողը տալիս է ձեզ տեխզննման կտրոն, որով դուք պետք է գնաք և անցնեք տեխզննում:

Կտրոնը բաղկացած է երկու մասից` մեկը տեխզննման կայանում մեքենայի զնվելուց հետո մնում է այնտեղ, իսկ մյուսը` կնքվելուց հետո, կպցնում եք մեքենայի դիմապակուն:

Տեխզննման կայանը, կտրոնի իր մասով, բանկում ձեր մուծած գումարը հետ է ստանում` գանձապետական տրանզիտ հաշվից, որպես ծառայության վճար: Տեխզննման գումարը, որ մուծում ենք բանկում, գանձապետարանի հաշիվ է գնում և չի համարվում բյուջեի փող, դա հարկ չէ, վարկ չէ, տուգանք չէ, դա գումար է, որ ժամանակավոր գտնվում է գանձապետարանի հաշվին, որպեսզի փոխանցվի տեխզննման կայաններին, ըստ վերադարձված կտրոնների:

Հիմա, ինչ է տեղի ունեցել իրականում, վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ և տրանսպորտի նախարարության աջակցությամբ?


Մարդիկ, բանկում կատարել են տեխզննման մուծումը, մուծել են բանկի միջնորդավճարը, էկոլոգիայի վճարը, ստացել են երկու մասից բաղկացած տեխզննման կտրոն:

Որից հետո եղել են հետևյալ տարբերակները`

1. Վարորդները կտրոնի կեսը դեն են նետել, իսկ մյուս` չկնքված մասը կպցրել են դիմապակուն:

Տեխզննման կայանները, չունենալով կտրոնի մյուս մասը, չեն ստացել դրա դիմաց որևէ գումար, և դա մնացել է գանձապետական հաշվին, որը և ոստիկանությունը սխալմամբ համարում է "բյուջեի փող":

Իրականում այդ փողը չպետք է բյուջեյում մնար, այլ պետք է վերադարձվեր մարդկանց, քանի որ գործարքը կիսատ է եղել:

Տիգրան Սարգսյանը` իր որոշումով ուղղակի լավություն է արել բանկերին և բյուջեին:

2. Մարդիկ վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան և չեն ցանկացել անցնել զննում:
Քանի որ Հայաստանում մեքենաների մեծ մասը տեխզննում անցնելու ենթակա չէ, շատ հին են, դրանց վարորդները` կտրոնի մի մասը տվել են տեխզննման կայաններին և աղաչել են, որ իրենց հին մեքենան չզննվի, այլ ուղղակի կնքվի կտրոնը:


3. Մարդիկ, վերցրել են կտրոնը, գնացել են տեխզննման կայան, զննել են իրենց մեքենան և ստացել կնքված կտրոնը:
Ես ինքս պատկանում եմ այս վերջին խմբին, և միշտ տեխզննումը անցել եմ Ավտոռեմ տեխզննման կայանում, որպեսզի մեքենաս զնվի:


Այսպիսով` սրանք բյուջեի փողեր չեն, այլ մեր, վարորդների վճարներն են, որ գրպանել են բանկերը և պետությունը:


Մարդկանց` ծառայություն չստանալը սկսվել է ոչ թե տեխզննման կայաններում, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումից հետո, բանկերում, թաղապետարաններում, ուր մարդկանց ուղղորդում էին մուծումներ անելու, առանց ծառայություն ստանալու։

Այս համակարգը ստեղծել է պետությունը:

Եթե տեխզննման գործընթացը չլինի, ապա հավատացեք, որ մեքենայի գույքահարկ ոչ մեկը չի մուծի: Տեխզննման գործընթացը խթանում է դրան: Ինչպես նաև էկոլոգիայի վճար չեն մուծի: Բանկերը ևս կզրկվեն միջնորդավճարներից:

Իրականում տեխզննում պետք է, բայց արդյոք վարորդները կանցնեն այն հնամաշ մեքենաներով?

Ու այս պարագայում ոստիկանությունը կատարում է ընդամենը պոպուլիստական հայտարարություն, թե բյուջեի փողեր են գրպանվել, և չի բացատրում այս ամբողջ  իրողությունը:
Իսկ այս ամենի սկզբնաղբյուրը պետք է հաշվի առնել:


Պետք է պատասխանատվության կանչել այս տեխզննման պրոցեսի կնքահորը` Տիգրան Սարգսյանին և տրանսպորտի նախկին նախարարներին:


Թե չէ ընկել եք մանր կայանների հետևից: