Showing posts with label Արտաշատ. Show all posts
Showing posts with label Արտաշատ. Show all posts

May 1, 2015

Երկրորդ անգամ հավաքակայանում

Արդեն գրել եմ, թե ինչպես հայտնվեցի առաջին անգամ Չարբախի հավաքակայանում, ինչպես այնտեղից տեղափոխվեցի Արտաշատի զորամաս:

Արտաշատի զորամասից 1997 թ. դեկտեմբերի 8-ին մեզ նորից տեղափոխեցին զինվորական հավաքակայան: Երկրորդ անգամ: Ինչու?

Ծանոթացնեմ խնդրի նախապատմությանը:

Երևանի պետական համալսարանը և Պոլիտեխնիկը 1995-ին դեռ ունեին զինվորական ամբիոններ:
Ուսումնական վերջին սեմեստրի ընթացքում, այսինքն փետրվար-հունիս ամիսներին, ամեն օր, ԵՊՀ ավարտական կուրսի ուսանող-տղաները հաճախում էին ռազմական ամբիոն, Նորքի 5-րդ զանգվածում, ռազմական ինստիտուտի ուսումնական կենտրոն:

ԵՊՀ տարբեր ֆակուլտետները կցված էին տարբեր ռազմական մասնագիտություններին: Օրինակ մաթեմատիկայի և ծրագրավորման ֆակուլտետ ավարտողները սովորում էին ռադիոռելեային կապ, աշխարհագետները` քարտեզագրող էին դառնում, իրավաբանները զամպոլիտներ և այլն:

Ամբիոնի դասերի վերջում, երկամսյա հավաք էր` Քանաքեռի կապի զորամասում:
Այնտեղ մենք մնում էինք գիշեր-ցերեկ, ու նորից գորնական պարապմունքներ էին, նախապատրաստվում էինք պետական ավարտական, սպայական քննություններին:

Քանաքեռի զորամասում մենք տվեցինք զինվորական երդում, հանձնեցինք ավարտական պետական քննություններ, որի պետական ավարտական հանձնաժողովը գլխավորում էր ՊՆ կապի զորքերի պետ` Արթուր Փափազյանը:

Արդյունքում, 1995 թ. հուլիս-օգոստոս ամիսներին` երկամսյա հավաքներ անցած, ավարտական քնննությունները հաջող հանձնած ուսանողները հրամանագրվեցին` սպայական կոչման շնորհմանը, հրամանների նախագծերը ուղարկվեցին Պաշտպանության նախարարություն, Փափազյանի ստորագրությամբ:

1995 աշնանը, այն ուսանողները, ովքեր տարկետման իրավունք արդեն չունեին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զորակոչվեցին բանակ, երկու տարով, որպես սպա, դասակի հրամանատարներ:
Իսկ մենք, ով 1995-97 թթ.-երին դեռ սովորում էինք ասպիրանտուրայում և մագիստրատուրայում, ունեինք ուսման տարկետման իրավունք մինչև 1997 թվականի հոկտեմբերի վերջը: Եվ օրինական հիմքով բանակ չէինք զորակոչվել:

Սակայն, 1997 թվականի, նոյեմբերի 12-ին, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը հրաման է արձակում, որ տարկետման իրավունքը կորցրած բոլոր զինակոչիկներին զորակոչել որպես զինվոր: Այս հիմար հրամանի տակ ընկանք նաև մենք, արդեն մագիստրատուրան և ասպիրանտուրան ավարտած մագիստրոսները և գիտության թեկնածուները, ովքեր 8 ամիս ռազմական ամբիոններ ավարտելուց հետո զինվոր էին զորակոչվում:

Երևանի Կենտրոն շրջանի` զինվորական կոմիսար Ուլիխանյանին և բաժնի պետ Բաղրամյանին, ով ի դեպ մարշալ Բաղրամյանի թոռն էր, դա չէր հետաքրքրում:
Նրանք կատարողն էին վերևից իջեցված հրամանի: 

Երևանի Կենտրոն շրջանի զինվորական կոմիսարիատը այսօր

Այսպես ես հայտնվեցի առաջին անգամ սբոռնի պունկտում, հետո Արտաշատում:

Այս պատմությունից բարձրացած աղմուկը ստիպել էր, որ ՊՆ վերնախավը որոշ շտկումներ մտցնի իր աղաղակող կատարած սխալում:

Նրանք որոշել էին այդ բոլոր 44 տղաներին հավաքել մի զորամասում, անց կացնել 6 ամսյա դասընթաց, և որպես դասակի հրամանատարներ ուղարկել այլ զորամասեր: Իսկ դասակի հրամանատարը արդեն սպայական աշխատանք էր: Թեև առանց աշխատավարձի:
Հավաքակայանում մեզ էր սպասում Արմավիրի զորամասի հրամանատար Մուրադ Կիրակոսյանը:

 Նա եկել էր, որպեսզի այդ 44 տղաներին տեղափոխի Արմավիրի ուսումնական բրիգադ:
- Ուր են իմ տղերքը? Շարժվեցինք, ավտոբուսները մոտեցրեք:

Հիմա էլ դեպի Արմավիր: Բայց դա արդեն մյուս անգամ կնկարագրեմ:

October 18, 2012

Ինչպես 44 սպաներիս զորակոչեցին որպես զինվոր:

Արդեն մի անգամ գրել եմ, որ 97 թվականին շտաբի պետ Միքայել Հարությունյանը` Վազգեն Սարգսյանի իմացությամբ, ապօրինաբար 44 սպաների զորակոչեց բանակ, որպես հասարակ զինվոր:
Թեև մենք անցել էինք զինվորական ամբիոն, 2 ամսյա հավաք, հանձնել էինք պետական սպայական քննությունները, երդում էինք տվել և հրամանագրվել սպայի կոչմանը:
Մեզ բացատրեցին, որ բյուջեյում գումար չկա, որ մեզ սպայի 30,000 դրամ ամենամսյա աշխատավարձ վճարեն:
Այդ տարիներին ոչ ֆեյսբուք կար, ոչ քաղաքացիական շարժումներ: Մեր միակ բողոքողները այդ զինվոր-սպաների հարազատներն էին: Նրանց էլ տշում էին կաբինետից կաբինետ:
Ես 15 օր էր, որ ամուսնացել էի:
Նոյեմբերի 13-ի առավոտյան չէի իմանում, որ մեղրամսիս երկրորդ կեսը անց եմ կացնելու Արտաշատի զորամասում:
Ինչևէ, առավոտյան զինկոմիսարիատից 3 հոգի հանկարծակի հայտնվեցին մեր տանը և առանց որևէ ծանուցագրի կամ նախօրոք զգուշացման ասացին, որ պետք է ինձ տանեն բանակ: Բոլոր գործերս մնացին կիսատ:
Գնացի:
Արդեն զինկոմիսարիատում էին իմ մյուս ընկերները, ովքեր նույնպես սպայի կոչման էին ներկայացված, անգամ երեքը ունեին գիտության թեկնածուի կոչում:
Հավաքակայանում պարզվեց, որ մեր նման կան 44 հոգի` բոլորը գիտության թեկնածուներ, մագիստրոսներ:
Մեզ բոլորիս տարան Արտաշատի զորամաս:
Զորամասում մեր սերժանտները 18-19 տարեկան տղաներ են` առանց որևէ կրթության, առանց որևէ գիտական կոչման: Քյավառցի, էջմիածինցի, կիրովականցի 18-19 տարեկան տղաներ էին:
Նրանք մեզ, 24-27 տարեկաններին սովորեցնում էին 'Արծիվ սլացիր Տաճկահայաստան' երգը ու կապի միջոցների ստեղները, երբ մենք մի քանի ամիս առաջ Քանաքեռի 2ամսյա հավաքի ժամանակ հանձնել ենք դրանց ներքին կառուցվածքի քննությունը:
Ծաղրանք:
Իրենք էլ էին ամաչում այս իրավիճակից:
Բայց այդ աբսուրդ իրավիճակը ստեղծել էր մեր երկրի 'սպարապետը' իր ենթականերով:
Մի 2-3 օրից մեր զորամասում հայտնվեց մի փոքրիկ աննշան տիպար: Բոլորը խառնվել էին նրա շուրջը: Գրկում- համբուրում էին:
Երեկոյան նրան բերել էին Չարբախի հավաքակայանից` Քյավառից:
Զորամասի 'ախպերությունը' արդեն քսիֆ էր ստացել, որ 'սրան պետքա լավ նայեք: Ինքը լավ տղայա': Ու վերջ:
Ես չէի տեսել և չէի լսել այդպիսի բաների մասին: Դպրոց, համալսարան, մագիստրատուրա, աշխատանք ու հանկարծ այսպիսի պանյատկեքի միջավայր:
Նկատեցի, որ հին զինվորները իրենց պահում էին թագավորների պես: Իրենք այդ իրավունքը 'վաստակել' էին ամիսների ընթացքում:
Սկզբում ճնշել են իրենց, հետո իրենք պետք է ճնշեն նորերին: Եվ այսպես տարիներ շարունակ:
Պետք էր, ինչ-որ բան ձեռնարկել ու մտածել: Թե ինչ մտածեցինք կգրեմ մյուս անգամ:
Մեզ սկսեցին նախապատրաստել երդման արարողությանը: Մենք ցույց տվեցինք մեր արդեն նախորդ սպայական երդման թղթերը, բայց իրենք նայել չէին ուզում, պետք էր նորից երդվել` որպես զինվոր:
Մեր ասածները, որ "Սխալ են մեզ զորակոչել, մենք արդեն երդում ընդունել ենք" և այլն` զարմանքով էին ընդունվում զորամասի հրամանատարի կողմից:
Ինքը մեզ չէր հավատում: Ասում էր անհնար է այդպիսի բան:
Պատահել էր:
Հիմա, այդ 44 հոգուց Հայաստանում են 5-6 հոգի:
Բոլոր իմ 39 ընկերները բանակից անմիջապես հետո առաջին հերթին լքեցին երկիրը: