Showing posts with label ընտրություն. Show all posts
Showing posts with label ընտրություն. Show all posts

May 6, 2013

Վստահված անձիս մեկ օրը տեղամասում

4/23 տեղամասում գտնվելով որպես վստահված անձ, օրվա ընթացքում փորձեցի նկարահանել նաև տեսածն ու կատարվածը, ինչը ներկայացնում եմ այստեղ:


Հանձնաժողովի անդամները հանում են կնիքը

4/23 Քվեատուփը
Հանձնաժողովի անդամները 8.00-ին սպասում են ընտրողներին

Կնիքի նմուշ է դրվում, որպեսզի պատից կախվի

Ահա տեղամասի կնիքի նմուշը

Եվրոպական դիտորդները իրենց ստանդարտ հարցերով
Սա էլ է եվրոպական դիտորդ, աստված գիտի ինչ է ստուգում
Աշխատանքային եռուզեռ

ԲՀԿ-ի վստահված անձը փորձում է գրառել այս տարվա հաշվառված, նոր գրանցված մարդկանց տվյալները, սակայն ապարդյուն, նախագահը չի թույլատրում

Ընտրող Տիգրան Դավուդյանը բողոք դիմում ներկայացրեց 
Հանձնաժողովի նախագահը թույլ չի տալիս ԲՀԿ վստահված անձին գրառել թաղամասում նոր գրանցված ընտրողների տվյալները:

Ընտրող Տիգրան Դավուդյանը, ՀՀԿ-ական վստահված անձը և դիտորդը
Սերժ Սարգսյանի նկարը հանձնաժողովի նախագահը թույլ չտվեց հանել, ինչը ըստ մեզ հակասում էր օրենքին: Դա գրառվեց մատյանում:

ՀՀԿ Դիտորդները ուղեկցում են ուտելիքը: ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վստահված անձնաց և հանձնաժողովի անդամների համար բերեցին ուտելիք: Հեռավոր Ջաջուռից եկած Բարևի հանձնաժողովի անդամը մնաց այդպես էլ սոված:


Հաշվարկի սկիզբ
Վստահված անձինք

Անվավեր քվեաթերթիկ

Անվավեր քվեաթերթիկ

Վիզուալ արդյունքներ

Սպասում են հաշվարկի ավարտին: Ամեն ինչ արդեն իսկ պարզ է
Հանձնաժողովի անդամները

Վստահված անձ, դիտորդներ, և լրագրողներ, որոնք այդպես էլ ամբողջ օրը բացի դիտարկումից այլ գործառույթ չիրականացրեցին
Անվավեր քվեաթերթիկ
Արդյունքները

September 28, 2012

Իմ ընտրությունը բանակում 1998 թվականին:

Երբ 1998 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծակի հայտարարեց իր հրաժարականի մասին, ես հասարակ զինվոր էի Արմավիրի մոտոհրաձգային ուսումնական բրիգադում:

Ամբողջ 1540 հոգու մեջ բարձրագույն կրթությամբ էինք 44 զինվորներ, որոնք մեկ ամիս առաջ դեռ սպա էին, սակայն բյուջեյում գումար չլինելու պատճառով Միքայել Հարությունյանի կողմից ապօրինաբար զորակոչվել էինք որպես զինվոր:

Հրամանատարները լծվեցին քարոզարշավին` թե պետք է ընտրել Ռոբերտ Քոչարյանին:

Ժողովներ, հանդիպումներ և այլն և այլն: Հիշում եմ եկել էր նաև Ազատ Գասպարյանը: Ժողովների ժամանակ ես հարցեր էի տալիս հրամանատարներին, հասկացնելու համար որ քարոզը բանակում արգելված է և ընտրությունը ազատ պետք է լինի, հրամանից դուրս: Նրանք մեզ համոզում էին թե 'դուք զինվոր եք, պետք է կատարեք հրամանը և ընտրեք Քոչարյանին, քանի որ այլապես կարող է պատերազմ սկսվել':

Զորամասի ակումբում հանդիպում էր, զորամասի հրամանատար Մուրադ Կիրակոսյանի հետ: Նա պնդում էր, որ պետք է ընտրել անպայման Ռոբերտ Քոչարյանին, քննադատում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Հիմնականում 18 ամյա զինվորները,  տարված և ուշադիր լսում էին հրամանատարի "վերջնական" խոսքը: Մուրադը ասաց, որ կարող ենք հարցեր տալ իրեն:

Մեռյալ լռություն էր դահլիճում, թեև նստած էին 1500 հոգի:

Ես բարձրացրեցի ձեռքս, ներկայացա.
- Կուրսանտ, Ղազարյան: Պարոն Կիրակոսյան: Ինչպես եղավ, որ ընդամենը մեկ տարի առաջ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը քարոզում և սատարում էին Լևոն Տեր-Պետրոսյանին: Զինվորները պատմում են, որ նաև դուք էիք անցյալ տարի կոչ արել ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչ է պատահել, որ բոլորը հիմա լրիվ հակառակն են ասում նրա մասին? 

Մուրադ Կիրակոսյանը մոտ 15-20 րոպե պատասխանում էի հարցիս` անընդհատ նայելով ինձ:
Նա ասաց, որ պատճառը` Ղարաբաղի հարցն է և Լևոնի դավաճանական դիրքորոշումը  այդ հարցում: Նա ասաց, որ հարկ եղած դեպքում ինքը անձամբ կհանի իր ենթակայության տակ եղած զորքը, անգամ առանց վերևից հրամանի, որպեսզի պաշտպանի բոլոր ազատագրված հողերը:

Հաջորդ օրը ամբողջ բրիգադը խոսում էր այդ հանդիպումից և իմ տված միակ հարցի պատասխանից:
Բոլորը գիտեին, որ Ռոբերտ Քոչարյանին ես չեմ ընտրելու: Մինչև մարտի 20-ը ոչ մի արձակուրդ չկար` մինչև ընտրությունների ավարտը: Անգամ երկու շաբաթ մինչև ընտրությունները տեսակցությունները ծնողների հետ արգելված էին, վախենում էին դրսից` ծնողների քարոզչությունից, նրանք դողում էին յուրաքանչյուր ձայնի համար:

Ընթացքում ևս` տարբեր աստիճանի հրամանատարներ հավաքում էին դրսում, և մեզ ասում, որ պետք է ընտրել Ռոբերտ Քոչարյանին:  Վախեցնում էին, թե ով չընտրի Քոչարյանին, ապա կուղարկվի Ղարաբաղ կամ Հորադիզ և նրա ծառայությունը կերկարի 6 ամսով, քննությունները չի կարողանա հանձնել, միշտ նարյադներում կլինի և այլն: Նրանք ասում էին, որ ընտրությունը զինվորների բաց է և բոլորը կիմանան ով ում է ընտրել, քանի որ քվեաթերթիկները համարակալված են և շատ հեշտ է հաշվարկելուց իմանալ թե ում ես ընտրել:

Ես իհարկե գիտեի ընտրական օրենսգիրքը, մասնակցել էի ընտրություններին որպես դիտորդ,  և հիանալի հասկանում էի թե ինչ աղաղակող անօրինական բաներ են նրանք ասում զինվորներին: Ես բացատրում էի 18 ամյա տղաներին, որ սա սուտ է, չկա այդպիսի բան, ով ում ցանկանում է կարող է ազատորեն ընտրել, ընտրությունն էլ փակ և գաղտնի է:

Հին ծառայողները պատմում էին, որ 1996 թվականին ամբողջ բրիգադում ընդամենը մեկ հոգի էր քվեարկել Մանուկյան Վազգենին`ում սպաները և հրամանատարները այստեղ "ֆաշիստ" էին անվանում, և այդ կարգազանց զինվորին անմիջապես փոխադրել են սահմանային այլ զորամաս:

Այդ հրամանատարների համար զինվորը պետք է լինի հլու-հնազանդ, ուղեղն անջատած, առանց սեփական կարծիքի, հրամանները անվերապահորեն կատարող մի ստրուկ, պտուտակ, ոչնչություն:

Եկավ ընտրության օրը: 1998 թվականի մարտի 16-ը:

Առավոտյան 9.00 շարվեցինք, մեզ բաժանեցին մեր զինգրքույկները և շարքով շարժվեցինք դեպի Արմավիրի բրիգադին մոտակա ընտրատեղամաս, որ ինչ-որ ակումբ էր թե մշակույթի տուն:
Այնտեղ, զինվորներից բացի, ընտրություն էր կատարում նաև քաղաքացիական բնակչությունը:
Հերթով զինվորները մտնում էին ակումբ, ընտրում Քոչարյանին և դուրս գալիս:

Քվեատուփի շուրջ նստած էին ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ՀԺԿ և մյուս դիտորդները,  վստահված անձինք:
Վերցրեցի քվեաթերթիկը, ընտրեցի Վազգեն Մանուկյանին, ծալեցի, որ գցեմ քվեատուփի մեջ:
Քվեատուփի մոտ տղա էր նստած, որը առանձնացնում էր քվեաթերթիկի ելունգը, որից հետո նոր կարելի էր թերթիկը գցել քվեատուփի մեջ:

Այդ պահին բրիգադի շտաբի պետ, մայոր Ալեքսանյանը մոտեցավ, և այդ տղային հրամայեց` 
'Հլը էդ զինվորի քվեաթերթիկը բաց արա':

Ասացի, " Իրավունք չունեք, գաղտնի է քվեարկությունը":

Սակայն այդ տղան բաց արեց քվեաթերթիկը և բրիգադի շտաբի պետ` մայորը տեսավ, որ 'հրամանը' չեմ կատարել: 

Ոչ մի վստահված անձ չշարժվեց: Թեև բոլորը տեսան անօրինականությունը:
Այդ օրը ես տեսա ԱԺՄ, ՀՅԴ, ՀԺԿ, ՀՀԺ կուսակցությունների դատարկ դեմքը և սուտ էությունը:

Մայորի նացիստական դեմքը զայրույթից սպիտակեց: Նա մոտեցավ գումարտակի  հրամանատար Գալստյանին և ասաց.
- Այ Գալստյան, էս ինչա կատարվում? Դուք չեք բացատրել, թե ում պիտի իրանք ընտրեն?

Դիմելով դրսում կանգնած զորքին, Ալեքսանյանը բարձր գոռաց.
- Բացեք սաղի թերթիկները, ով որ չընտրի Քոչարյանին ինքս կսատկացնեմ:

Նա վերցրեց Ալենկո կապի միջոցը և զանգեց հրամանատարին` թե. 'Պարոն հրամանատար, զինվորները չեն կատարում Ձեր հրամանը, քվեարկում են Վազգեն Մանուկյանին':

Սարսափն անցավ շարքերով:

Ամբողջ զորքը սարսուռով ինձ էր նայում: Գումարտակի հրամանատարը, թե.
- Այ տղա, դու չգիտես, որ հրաման ես ստացել ընտրել Քոչարյանին? Դու ինչի հրամանը չես կատարում? Ովա էդ ֆաշիստ Մանուկյանը? Դու ախր զինվոր ես, երբ որ լինես ազատ, էն ժամանակ էլ ում ուզես կընտրես:
Ես ասացի, որ ընտրել եմ որպես ազատ նորմալ մարդ, քաղաքացի:

Մեր գումարտակի զինվորները վախեցած էին իմ ընտրությունից, քանի որ դա ՉՊ էր բոլորի համար, և ամբողջ գումարտակը կարող էր իմ պատճառով պատժվել:

Դուք չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում գնալ մեծամասնության կարծիքին դեմ, ունենալ ընդհանուր կարծիքից տարբերվող կարծիք:
Եվ այն ժամանակ և դրանից հետո էլ շատ եմ եղել այդ վիճակում: Իրոք դժվար է լինում, սակայն արժանապատվությունը անարդարությամբ ծածկել չեմ կարողանում: Մինչ օրս:

Նրանք արագ մեզ շարեցին և ուղարկեցին բրիգադ:

Ճանապարհին հին ծառայողները կիսվեցին, թե նախորդ այդպիսի դեպքերում զինվորներին ծեծելուց հետո նույն գիշեր ուղարկել են Հորադիզ, որպես պատիժ: 
Նույնը, ասում էին, ինձ է սպասվում: Այսօր:
Մյուսները կարծում էին, թե իմ օրերը հաշվված են, և ավելի լավ կլինի կախվեմ և ինքնասպան լինեմ: Հենց այսօր գիշերը: Ես նրանց բացատրում էի, թե ինչու եմ այդպես վարվել, բայց չէին հասկանում:

Հասանք զորամաս:
Զորամասում ԲՈԼՈՐԸ արդեն գիտեին թե ինչ է կատարվել զորամասի ընտրատեղամասում:
Շատերին ուղղակի հետաքրքիր էր, թե ինչպես կվարվեն ինձ հետ:
Բայց կային սակավաթիվ ընկերներ, որ ասում էին, թե ես "միակ մարդն եմ, ով մաքուր է իր խղճի առաջ" և քաջ եմ այն աստիճան, որ "կանգնեցի միայնակ համակարգի դեմ, չվախենալով հետևանքներից":

Երդումս ուսումնական բրիգադում

1998 թ. մարտի 23-ի առավոտյան ուսումնական բրիգադը շարված էր:
Օրը պայծառ և արևոտ էր, հեռվում պարզ երևում էին Արարատի սպիտակափայլ երկու գագաթները: Օդը թափանցիկ էր և սառը, այնպես, որ արտաշնչելուց գոլորշի էր գոյանում:

Պլացին մոտեցավ հրամանատարի սև ՋԻՊ-ը: Սկզբից մեքենայից դուրս թռավ նրա շունը, հետո երևաց նաև նրա ահռելի մարմինը: Նա կանգնեց պլացի կենտրոնում:
Նվագախումբը նվագեց:
Բրիգադը երգեց 'Մեր հայրենիքը': Հրամանատարը բարկացած էր, քանի որ նախօրեին բռնել էին զորամասը լքած երկու զինվորներին:
Նա խոսեց այդ երկու փախած զինվորների մասին, հետո հասավ ընտրություններին: Ասաց, որ մեկ բացթողում այնուամենայնիվ եղավ ընտրությունների ընթացքում և որ կուրսանտներից մեկը (այսինքն ես ) շրջանցել է Քոչարյանին ընտրելու հրամանը:

Նա գոռաց` 'Որտեղ է էն կամպյուտերչիկը?'

Տղաները շրջվեցին դեպի ինձ, թե 'Քեզ է կանչում, գնա':

Ես վազքով մոտեցա նրան, ներկայացա, պատիվ տվեցի և շրջվեցի դեպի զորքը:
Միշտ կանգնած էի լինում շարքում, բայց այստեղ, որտեղ հրամանատարն էր կանգնում զորքի առջև, ինձ էին նայում 3000 աչք: Մի անբացատրելի տեսարան էր դա:

- Ըտենց կգնաս Մանուկյանին կմոտենաս: Այ տղա, բա էդքանից հետո դու էդ տականքին ես ընտրել? Չենք բացատրել? թե ինչպես պետք է վարվեիր: Էդքան ասեցինք, բացատրեցինք: Բա ինչի հանդիպմանը ինձ հարց չէիր տվել եթե պարզ չէր?

Ասեցի.
- Ես ձեզ հարց տվել եմ ակումբում, հանդիպման ժամանակ, պարոն հրամանատար: Բայց ձեր պատասխանը ինձ չհամոզեց իմ ընտրությունը կատարելու հարցում: Պարոն հրամանատար, ընտրել եմ, որպես ազատ քաղաքացի, ըստ սահմանադրության:

Ես արդեն չեմ հիշում թե կոնկրետ ինչ էր ասում, բայց նա այնպես էր գոռում և գոչում, որ ինձ թվաց թե հիմա կոչնչացնի ինձ հենց պլացի վրա:

Վերջում ասաց.
- Կանգնի շարք, ես քեզ հետ դեռ առանձին կխոսամ:

Հետո նա հերթով իր մոտ էր կանչում տեղակալներին և կշտամբում, թե քիչ են աշխատել զորքի հետ, որ այսպես է եղել ընտրության ժամանակ: Հետագայում այդ տեղակալները, երբ ինձ էին տեսնում, ինձ էին կշտամբում, թե 'էդ ինչ արեցիր, քո պատճառով .....'

.....Սակայն չգիտեմ ում նախաձեռնությամբ, թե աստծո կամքով լուրեր էին տարածվել, թե այդ նույն շտաբի պետ Ալեքսանյանը ընտրել է Դեմիրճյանին:
Օրեր անց, հսկիչ անցագրային կետում հրաման էին ստացել` նրա սպիտակ նիվան զորամաս չթողնել:

Այլևս նա շտաբի պետ չէր: ...... Նա արդեն պատժված էր: :))))))

Մենք սպասեցինք 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ: Սակայն իմ հետևից չէին գալիս: Բոլորը զբաղված էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստությամբ: 

Երկրորդ փուլում Դեմիրճյանին էին ընտրել արդեն 6 հոգի:
Այսինքն դեռ հույս կար, որ ոչ բոլորին կարելի է հիմարացնել բանակի պայմաններում:

Ինձ մնաց 'քաղհալածյալի համբավը':

Հետո տարիներ անց, Կիրակոսյան Մուրադը արդեն միտինգներում դեմ էր նույն իմ չքվեարկած Քոչարյանին և ՀԱԿ-ի միտինգների ժամանակ Մատենադարանի հարթակում էր, Լևոնի կողքը

Այ այսպիսի ընտրություն:

Ընտրությունս պայմանավորված չէր ամենևին Վազգեն Մանուկյանի անձով: Այլ սկզբունքի հարց էր: Որը պետք էր պահպանել: