Showing posts with label Կարաչինար. Show all posts
Showing posts with label Կարաչինար. Show all posts

October 23, 2021

Րաֆֆու նոթերը Հյուսիսային Արցախի մասին: Մաս 5

 Էրքեջ

Մի թուրքից ձի վարձելով, ճանապարհ ընկա: Ձիու տերը եկավ ինձ հետ ճանապարհը ցույց տալու համար: Հարցուփորձով հասկացա, որ իմ առաջնորդը թուրքի մի թափառական ցեղին էր պատկանում, և մեծ անզգուշություն էր իմ կողմից մի այսպիսի ավազակի հետ, միայնակ, լեռների վրա ճանապարհորդել: Նա փիադա էր, ասացի, որ առաջ գնա, իսկ ես ձիով կհետևեմ նրան: Այդ այն նպատակով էր, եթե թուրքը ինձ կողոպտելու փորձ անե, ես կարողանամ շուտով նկատել և պաշտպանվելու միջոց ունենամ: Իմ հետևից գալով, նա կարող էր մի ատրճանակի հարվածքով ինձ ցած գլորել, հետո կողոպտել: Բարեբախտաբար ոչինչ չպատահեց և ես Թոդան թուրքաբնակ գյուղից անցնելով, անվտանգ հասա հայոց Էրքեջ գյուղը, որ գտնվում է Բալայքյուրակ գետի մոտ:

Էրքեջ հայկական գյուղը











Չկամենալով Էրքեջում երկար մնալ, շուտով կանչել տվի գյուղի քահանային, որ եկեղեցու դուռը բաց անե: Քահանան հայտնվեցավ, դա Կարա-բուլաղի արհեստավոր քահանայի հակապատկերն էր: Նա հոժարությամբ բաց արավ եկեղեցու դռները, կարծելով, թե ես ուխտավոր եմ և շուտով ավետարանը և մի կոտրած խաչ դրեց սեղանի վրա, որ ես համբուրեմ և նրան փող տամ: Բայց երբ նկատեց, որ ես հիշատետրը դուրս հանեցի ծոցիցս և սկսեցի մատիտով մի քանի նկատողություններ անել նրա վրա, քահանան սարսափեց, կարծելով, թե ես մի պաշտոնական անձն եմ և սատանան գիտե, ինչ նպատակով եկել եմ նրա եկեղեցին «գրելու»: Իմ բոլոր ջանքը, համոզելու նրան, որ նա այսպիսի կասկածներ չունենա, իզուր անցավ: Նա ոչինչ չկամեցավ ինձ ցույց տալ:

Էրքեջի սուրբ Սարգիս եկեղեցին, լուս․Ա․Ղուլյանի 1980 թ.









Մտածելով, որ կարող է մի անախորժություն պատահել, ես թողեցի ու դուրս եկա եկեղեցուց, բայց ամենևին չմեղադրելով ողորմելի քահանային: Էրքեջից դուրս գալով, շարունակեցի իմ ճանապարհը դեպի Կարաչինար, կամ Աղջաղալա (Սպիտակ բերդ):


Ղարաչինար (Աղջաղալա կամ Սպիտակ բերդ)  

Էրքեջից դուրս գալով, շարունակեցի իմ ճանապարհը դեպի Կարաչինար, կամ Աղջաղալա (Սպիտակ բերդ): Դեպի ձախ կողմի լեռները, որ շարունակություն են Մռավ լեռան, պատած էին անտառներով. իսկ դեպի ձախ բարձրավանդակները փոքր առ փոքր իջնում են լեռները, ավելի տափարակ ձև են ստանում, անտառներ չկան, միայն պատած են ճոխ խոտաբույսերով և մշակած արտերով: Երեկոյան ես հասա Ղարաչինար, Մելիք Բեգլարովների տունը:

Մելիք-Բեգլարյանների տան դարպասի բարավորը։
1868 թ։ Ղարաչինար։ լուս. Ս. Կարապետյանի, "Մռավականք"















  
Գյուլիստանի մահալը կոչվում է Թալիշի մահալ, նա կոչվում է և Իգիրմիդորդ (24), որովհետև բաղկացած է քսան և չորս գյուղերից: Նրա սահմաններն են՝ հյուսիսից Քյուրակ գետը, հարավից Թարթար գետը, արևելքից այժմյան փոստի ճանապարհը, իսկ արևմուտքից Մռավ սարը: Այդ մահալը նախքան ռուսաց տիրապետությունը էր Ղարաբաղի հինգ դաշնակցական մելիքությունների (խամսայի) մասներից մեկը: Այստեղ իշխում էին Թալիշի հայ մելիքները, և ամբողջ մահալը նրանց սեփականությունն էր, թե երկիրը և թե իշխանությունը անցնում էր սերունդից սերունդ:

Դիտավորություն ունենալով առանձին գրքով հրատարակել Ղարաբաղի մելիքների պատմությունը, որոնց թվում և կլինի Գյուլիստանի մելիքների պատմությունը, այժմ այսքանը միայն կասեմ, որ Գյուլիստանի մահալի այժմյան տիրապետողները միակ են Ղարաբաղի բոլոր մելիքներից, որ կարողացել են ամբողջապես պահպանել իրանց հայրական ժառանգությունը: Հին Գյուլիստանը իր սահմաններով այժմ որպես կալվածք և սեփականություն գտնվում է այդ երկրի նախկին տիրապետողների ժառանգների ձեռքում, որ բաժանված են երկու ճյուղերի, մեկը՝ Մելիք Բեգլարովները, մյուսը՝ Մելիք Յուսուփովները:

Մելիք Բեգլարովների տոհմի ձեռքում կա մինչև 70 հազար դեսյատին հող, իր դաշտերով, լեռներով, անտառներով և արոտամարգերով: Այդ տարածության վրա կա 15 գյուղ, չհաշվելով ձմեռոցները: Մելիք Յուսուփովների ձեռքում կա 20 հազար դեսյատին հող, երեք գյուղերով: 

Գալով Կարաչինար, կամ Աղջակալա գյուղը, ես իջա Մելիք Բեգլարովների տանը: Ինձ առաջին անգամ պատահում էր տեսնել մի հայ մեծ կալվածատիրոջ տնտեսությունը: 

Կալվածատիրոջ տունը համարյա մի ամրոց է. նրա մոտով խոր ձորի միջով անցնում է Գորան գետը: Ահագին դարվազայից ներս մտնելով, ձեր առջև բացվում է մի ընդարձակ բակ: Նրա մի կողմում շինված են ցորենի և այլ բերքերի պահելու համար ամբարներ, մյուս կողմում՝ գինի պահելու մառաններ և զանազան ծածկոցներ երկրագործական անոթներ պահելու համար. մի կողմում ձիաների ախոռատունն է. մի կողմում կալվածատիրոջ բնակարանն է զանազան վայելուչ սենյակներով: Սենյակների մի երեսը նայում է դեպի բակը, իսկ մյուս երեսը՝ դեպի գեղեցիկ պարտեզը: Տունը ունի բոլոր հարմարությունները կանոնավոր գյուղատնտեսության համար: 

Կարաչինարի Սուրբ Հովհաննես եկեղեցին։
















Կանոնավոր գյուղատնտեսություն ասելով չպետք է հասկանալ եվրոպական գյուղատնտեսություն, այլ մեր տեսած, մեր ունեցած գյուղական տնտեսություններից ամենակատարյալը

Մելիք Բեգլարովները առաջինը եղան Գանձակի գավառի կալվածատերերի մեջ, որ բերել տվեցին եվրոպական գութան և հնձելու մեքենա: Այդ փորձից հայտնվում է, որ եվրոպական երկրագործական մեքենաները չեն կարող մի առանձին օգուտ տալ, եթե հարմարած չլինեն մեր երկրի տեղական պայմաններին: Ահա ինչ պատճառով: 

Այս կողմերում հողի պարարտությունը բուսցնում է շատ բարձրահասակ հունձք, գյուղացիք հնձում են հասկերը միայն մի երկու կամ ավելի թզաչափ ձողի հետ. իսկ ձողի մնացած մասը մեկ արշինի չափ մնում է գետնի վրա: Այդ նրա համար է, որ կարճ հնձելով, ավելի հեշտությամբ է ծեծվում, բացի դրանից, ձողի վերին մասը ավելի նուրբ լինելով, հարդը ավելի փափուկ և ավելի նուրբ է լինում, անասունները ախորժակով են ուտում: 

Եվրոպական հնձելու մեքենան չէ համապատասխանում այդ պայմաններին: Նա բոլորովին տակիցն է հնձում, այսպիսի հունձքի խուրձերը համ երկար են լինում, համ դժվարությամբ են կալսվում, համ հարդը կոշտ է լինում, անասունները չեն ուտում: Շատ հասկանալի է, որ հնձելու մեքենաները պատրաստվում են այն երկրների համար, ուր հարդը չեն ուտացնում անասուններին: 

Գութանի անհարմարությունը նրանում է, որ նա թեև համեմատաբար սակավ զույգ անասուններ է պահանջում բանեցնելու համար, բայց այնքան խոր ակոսներ չէ ձգում, որպես մեր գութանները: Իսկ խոր ակոսները հարկավոր է մեր երկրի հողի համար, մանավանդ արան տեղերի ջրային ցանքերի համար: Եթե ակոսը խոր չէ, ցանքը շուտով է ծարավում, և եթե շուտով ջուր չեն հասցնում՝ այրվում է: Մինչդեռ խոր ակոսը կարող է խոնավություն պահպանել և ցանքը շուտ չէ ծարավում: Այդ ավելի նպաստավոր է, որովհետև ջուրը այս կողմերում սակավ է:

Կան և տեխնիկական անհարմարություններ, հանկարծ մեքենայի մեկ վինտը կամ մի ուրիշ տեղը կոտրվում է, ամբողջ մեքենան դադարում է, ո՞վ պիտի շինի, մի կալվածատեր չէ կարող մի երկու մեքենայի համար մի մեխանիկ պահել յուր մոտ: Մինչև գրեն, մինչև Եվրոպայից բերել տան կոտրված մասը, ժամանակներ կանցկենա. բայց մշակության գործը չէ սպասում, նա պետք է յուր ժամանակին կատարվի: 

Այդ բոլոր անհարմարությունները կվերջանան այն ժամանակ միայն, երբ երկրագործական անոթները թեև եվրոպական սիստեմով, բայց մեր երկրի պահանջներին հարմարեցրած, մեզ մոտ կպատրաստվին և վնասված ժամանակ դյուրին կլինի նրանց նորոգել տալ: Այդ կարող է լինել այն ժամանակ միայն, երբ մի քանի կալվածատեր, կամ մի քանի գյուղերի հասարակությունը միանալով, ընդհանուր ծախքով բերել կտան մեխանիկներ և բաց անել կտան անոթներ պատրաստելու գործարաններ: 

Ավելորդ չեմ համարում համառոտ կերպով մի քանի տեղեկություններ տալ այդ կողմերի երկրագործության վրա: Ժամանակի վերաբերությամբ ցանքը լինում է երկու տեսակ, գարունցան և աշունցան, այսինքն՝ մեկը գարնանն են ցանում, մյուսը՝ աշնանը: Գարնան ցանքի սերմը պետք է գարնան ցանքից ստացած հունձքից լինի, իսկ աշնան ցանքի սերմը պետք է աշնան ցանքից ստացած հունձքից լինի: Գարնան ցանքերը անվում են ըստ մեծի մասին սարոտ և ցուրտ տեղերում, ուր չեն ջրում, ջրվում է անձրևով և ցողով: Իսկ աշնան ցանքը անվում են ըստ մեծի մասին օրան տեղերում, ուր պետք է ջրել: 

Կարաչինարի արտերը













Մի քանի խոսք էլ կալվածական իրավունքների մասին: Գանձակի գավառում կան երեք տեսակ հողեր. 

1. Աղալարների հողերը, որ 47 թվի հողային պալաժենիայի զորությամբ, տրվեցավ աղալարներին վայելելու համար, նրանց իրավունք տալով ստանալ գյուղացիներից բերքի տասն մսանից մեկ մասը. 

2. Կալվածատերերի հողերը, դրանք հողի սեփականատերեր են, կամ ժառանգությամբ ստացած, կամ փողով գնած, իրավունք ունին կապել գյուղացիների հետ ամեն տեսակ պայմաններ, որ իրանց շահավետ է, կամ տասանորդ ստանալու, կամ տասնից երկու մասը և կամ տասնից երեք մասը և այլն: 

3. Երրորդ տեսակը արքունի հողերն են, որոնց մշակող գյուղացիները վճարում են հարկ միայն, բայց բերքից մաս չեն վճարում: (Որքան ես տեղեկացա, Մելիք Բեգլարովները իրանց բոլոր գյուղացիներից ստանում են տասանորդ միայն): 

Արքունի հողերի վրա բնակվող գյուղացիների վիճակը ավելի թեթև լինելով, գյուղացիները ոչ միայն ցանկանում են, այլ աշխատում էլ են, որ հողերը կառավարության ձեռքը անցնեն: Կառավարության և կալվածատերերի մեջ եղած վեճերի ժամանակ գյուղացիները աշխատում են պաշտպանել կառավարության շահերը: Մի քանի գյուղերում, օրինակ, Գյուլիստան գյուղում, իրանք գյուղացիները խնդիրք են տվել, թե գյուղը կառավարությանն է պատկանում և ոչ Մելիք Բեգլարովներին

Գյուղացիների այդ ջանքը առաջ է գալիս և այն հանգամանքից, որ այս կողմերում ևս սահմանվել են հողային հաշտարար միջնորդներ, որոնք գնահատում են հողը և գյուղացիներին իրավունք են տալիս մի որոշ գնով գնելու կալվածատերերից: Այժմ գյուղացիները, կամ այնքան հասկացողություն չունենալով, որ կալվածատերերից գնեն և իրանք կալվածատեր դառնան, և մի կողմից էլ ցանկանալով ազատվել կալվածատերից, աշխատում են վկայություններ տալ, որ գյուղը թագավորական է: 

Առհասարակ կալվածական վեճերը, թե կառավարության և կալվածատերերի մեջ, թե կալվածատերերի և գյուղացիների մեջ, — այս կողմերում շատ զարգացած է: 

Կալվածատերերի միմյանց հետ ունեցած վեճերի ժամանակ, երբ մի կողմը թուրք է, իսկ մյուս կողմը հայ, ասում էին, որ ըստ մեծի մասին թուրքերն են տանում գործը: Պատճառները՝ 1. թուրքերի ընդունակությունը հաճոյանալու պաշտոնատարներին. 2. մահմեդական օրենքի ոգին վկայության մեջ, մահմեդականի շահերը պաշտպանելու համար:

Մելիք Բեգլարովները, բացի երկրագործությունից, պահում են ձիաների զավոդ: Ղարաբաղի հռչակված ձիաների ցեղը վերջին ժամանակներում բոլորովին այլասերվել էր: Հայտնի է, որ Ղարաբաղի ձիաների ցեղը մի խառնուրդ էր տեղական և պարսկական (արաբական) ձիաների: 

Օկուպացված Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջան















Նախքան ռուսաց տիրապետությունը Ղարաբաղի խաները Պարսկաստանի հետ հարաբերություններ ունենալով, այստեղից կամ բերել էին տալիս կամ ընծա էին ստանում ազնիվ նժույգներ և իրանց ձիաների ցեղը միշտ նորոգում էին: Բայց ռուսների տիրելուց հետո նրանց հարաբերությունները Պարսկաստանի հետ կտրվեցավ, և ձիաների սերմը չնորոգվելով, այլասերվեցան: Այժմ Մելիք Բեգլարովները կազմելով մի թաբուն երկրի ընտիր մատակներից, Թեհրանից ստացել են երկու պարսկական նժույգներ, մեկը ուղարկել է Սադրազամը, մյուսը՝ Շահի փեսա մի խան: Տարակույս չկա, որ այդ հոգածություններով Մելիք Բեգլարովները կարող են վերանորոգել Ղարաբաղի ձիաների ցեղը, որ հռչակված էր մեր կողմերում


Նոթերի նախորդ մասերը՝

Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
Մաս 6

June 13, 2013

Ուր եք? Իմ հարազատ շահումյանցիներ

1992 թվականի հունիսի 13:

Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել ԼՂՀ-ում: Այս ամսաթիվը չեն ցանկանում լսել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել Ադրբեջանում: Չհիշելու գործում բոլոր կողմերը միակարծիք են, բացի շահումյանցուց:

Ինչու? Որովհետև այդ օրը մենք կորցրեցինք մի փառահեղ երկրամաս` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը իր ` Ներքին Շեն, Վերին Շեն, Հայ Պարիս, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար, Գաղթուտ, Գյուլիստան, Խարխափուտ հայկական գյուղերով:
698 ք.կմ տարածք: 20.000 հայ բնակչություն:

Ով է խոսում այն 289 հոգու մասին, որոնք անհայտ կորան կամ զոհվեցին հունիսի 13-14-ին?

Վերջերս գտել եմ մի ահասառսուռ վիդեո, ազերիների նկարած, որտեղ նրանք գերի են վերցնում Կարաչինարի կողմերը հայ տղամարդուն:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանը ընկել է առանց պայքարի:
Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, Կոլցո օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին:
Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի և Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը:

Սակայն ինչ կատարվեց Շուշիի գրավումից հետո ուղիղ մեկ ու կես ամիս անց? Ինչու շատ ջոկատներ լքեցին Շահումյանը, անպաշտպան թողնելով դիրքերը? Ով ականազերծեց Շահումյան տանող ճանապարհները, Գետաշենի իբր սպասվող ազատագրման պատրվակով? Խաղաց իր դերը ՀՅԴ-ՀՀՇ դիմակայությունը?

ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանը Ազատամարտ թերթին տրված հարցազրույցում 1992 թվականի ամռանը ասում է` "Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն: Շատ դժվար է այդ մակարդակները որոշել: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, հիմնականում` Հայաստանի մեղավորությունը: Դա Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու և վատ կազմակերպված լինելու արդյունքն է:"

Շահումյանի հարցերը արդեն բաց են մնում 21 տարի:

Մռավի լեռները անցնող փախստականները

Հայաստանի ճանապարհներին շահումյանցի փախստականները
Երևանի երկաթգծի կայարան: Փախստականները սպասում են Ռուսաստան մեկնող գնացքին

Շահումյանցի տատիկը
11 ամյա շահումյանցի տղան ինքնապաշտպանության ջոկատի կազմում


Մոնթեն 1991թ. սեպտեմբերին Կարաչինարցի պաշտպանների հետ
Սերո Խանզադյանը Ներքին Շենում


Շահումյանի գյուղերը