Showing posts with label Վերին Շեն. Show all posts
Showing posts with label Վերին Շեն. Show all posts

August 18, 2020

Սուրբ Մինաս սրբատեղին

Մի քանի տասնյակ տարի փնտրում էի իմ մանկության ամենահիշված սրբատեղի՝ Սառցաշեն (Բուզլուխի) Սուրբ Մինաս մատուռի նոր նկարները։ Եվ երկու օր առաջ վերջապես գտա։

Օկուպացված, հայրենի Հյուսիսային Արցախի Սառցաշեն (Բուզլուխ) գյուղում է գտնվում այդ փոքրիկ, բայց թանկ սրբավայրը։ 

Սուրբ Մինաս մատուռի մուտքը
Սուրբ Մինաս մատուռի մուտքը։ Սակայն մուտքի կողքի խաչքարը չի երևում։ 02 հուլիս, 2020 թ։

Սուրբ Մինասի կողքը աճում էին ահռելի մեծ հացենիներ, որոնցից մեկի կեղևի վրա հայրս գրպանի դանակով՝ փոքր փորագրել էր "Արթուր" բառը։ Ես երևի առաջին դասարանցի էլ չէի այդ ժամանակ։ Բայց ամեն ամառ, գնում, ուշադիր նայում էի, թե ինչպես է ծառի հետ բարձրանում ու ընդլայնվում այդ գրածը։ Անշուշտ հիմա էլ կա, եթե ծառը չեն կտրել։ Դժվար կտրեին, քանի որ թուրքերը վախենում էին այդ մի քանի հացենուց։ 
Մի պատմություն կար իրական, ինչպես էր մի անցորդ թուրք հացենիների մեկից մի երկար ճյուղ կտրել ձեռնափայտի համար։ Մինչև տուն հասնելը նրա լեզուն կապ է ընկել և մի կողմը թուլացել։  Հասկանալով որ պատիժը սուրբ ծառից է, նա մի արջառ է մատաղ արել Սուրբ Մինասի մոտ և առողջացել։

Ամեն տարի քոչվոր թուրքերի ոչխարների հոտը մեր գյուղով էր անցնում, հետո էլ բարձրանում՝ այդ մատուռի կողքով էին գնում։ Թորքերը (մեզ մոտ նրանց ադրբեջանցի կամ թուրք չէին ասում, այլ՝ թորք) ամառվա սկզբին իրենց ոչխարների հոտերը քշում էին Մռավի և Կեպաս-Ալհարակ լեռների ստորոտները։ Աշնան վերջում նոր հետ էին տանում։

Ոչխարների սուրուն այնքան մեծ էր, որ երբ սկսում էին անցնել, ապա վերջը մի քանի ժամ հետո էր ավարտվում։ Սպիտակ ոչխարների և գառների արանքներում, հոտի հենց մեջ, թաքնված գնում էին նաև չոբանների սպիտակ ահավոր շները, որոնց չէիր տարբերի սպիտակ հոտի մեջ։ Նրանք աննկատ էին պաշտպանում հոտը։

Վերադառնանք Սուրբ Մինաս մատուռին։
Սուրբ Մինասը կառուցվել է գյուղացիների միջոցներով, ինչպես և Մանաշիդի Սբ․Աստվածածին եկեղեցին։ Ի դեպ, Մանաշիդի եկեղեցու կառուցման մասին մի հետաքրքիր դրվագ կա, որ գրել եմ նախկինում։ Տես այստեղ։

Մատուռի կողքը մի տապանաքար կար, ասում էին այդտեղ Սուրբ Մինասն է ամփոփված։ Մամռակալած հին քար էր, եզրերը նախշազարդ։ Քարի մի անկյունը կոտրված էր։

Նախկինում քիչ հեռու զանգերով եկեղեցի է եղել, սակայն կողքի ժայռը փլվելով եկել հասել էր եկեղեցուն, դրա համար նրա փոխարեն նորն են կառուցել։

Գյուղի մեծերը պատմում էին, որ 1920-աններին Սուրբ Մինասի կողքը աճում էին ահռելի բարձր հացենիներ։ Սովետական կարգերի հաստատումից հետո, եկեղեցիները քանդում կամ՝ լավագույն դեպքում պահեստ էին սարքում։
Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը քանդել էին։ Հացենիները կտրել, օգտագործել են կոլխոզի այլ շինության կառուցման մեջ։ Կոլխոզի նախագահը, ով հրամայել էր եկեղեցին քանդել, հացենիները կտրել, աչքն էր վնասել այդ օրը, իսկ նրա տանը նույն օրը դժբախտ դեպք էր եղել՝ կինը տան պատուհանից գլխիվայր էր ընկել։ Գյուղի հավատացյալները այդտեղ վերին պատիժ էին տեսնում։

Սուրբ Մինաս մատուռին հետևում էր Գոհարիկ բիբը, կամ ինչպես մենք էինք նրան կոչում՝ Զալոն։
Չտեսնված բարի, աստվածավախ, համեստ, աշխատասեր, խելացի կին էր մեր Զալոն։
Զալոն հետևում էր, որ մատուռի ներսը և շրջակայքը լինի խնամված, մաքուր, դուռը փակ։

Զալոն՝ Գոհարիկ բիբը

Զալոյի հետ զրուցելը մի այլ աշխարհաճանաչություն էր։
Ժամերով նրան հարցեր էի տալիս, նա էլ պատմում էր դարերից իրեն հասած անցուդարձը, նաև 1918-20 թվականների թուրքերի հարձակումների մասին, մեր Գյուլիստանի մելիքության գյուղերի մասին։
Զալոյի աչքի առաջ էր, թուրքական հարձակումից անտառներ փախնելու ժամանակ, Ալեքսանդր պապիկիս մյուս զույգ եղբայրը Կուրակ գետն ընկել ու խեղդվել։ Զալոն այդ օրերին, դեպի անտառ փախուստի ժամանակ, ճանապարհին սպանված հայ կին էր տեսել։ Այդ կնոջ ողջ մնացած մանուկը՝ չհասկանալով ինչ է տեղի ունեցել, կաթ էր դեռ ծծում մահացած մորից։ Նրանք վերցնում են այդ երեխային ու հետները փախցնում անտառ։
Գյուղի տղամարդիկ դիրքերում էին՝ Վերինշեն գյուղի մոտ։ Ես նախկինում գրել եմ այդ պատերազմից մի  դրվագի մասին(Տես)։
...
Սուրբ Մինասի ուխտավորները անպայման Գոհարիկ բիբի (Զալոյի) տան կողքը կանգնում էին և մոմ էին վերցնում։ Դրանք հասարակ մոմեր չէին, այլ մեղրամոմեր։ Ի դեպ մոմ չէինք ասում դրանց, այլ պատրույգ։ Դա մեղվափետակների քամած մեղրից մնացած, ծաղիկների բնական մոմն էր։
Զալոն շաբաթվա ընթացքում տանը հալում էր այդ ակնամոմերը, որոնք մուգ շագանակագույն էին, թելերը մի քանի անգամ թաթախում էր հալած մոմի մեջ  և փռում սեղանին, որ ամրանան։

Այդ մոմը վառելուց մեր դաշտերի ծաղիկների բույրն էր տարածվում։ 

Մոտակա գյուղերից՝ Մանաշիդից, Գետաշենից, Էրքեջից մարդիկ կիրակի (գիրեգի, գիրյագի) օրերին մեքենաներով, ավելի հաճախ՝ ոտքով, ուխտագնացության էին գալիս Սուրբ Մինասի փոքրիկ մատուռը։ 

Եվ վաղ առավոտից, մեր տան կողքով, սկսում էին անցնել նրանց փոքր խմբերը։ Հաճախ մատաղ էին անում։ 

Սուրբ Մինասի շուրջ՝ հինգ անգամ, պտտում էին մատաղացու աքլորը կամ գառը, հետո մատաղացուի ականջի փոքր կտրվածքից արյունը քսում էին երեխաների ճակատին, որպես օրհնանք։ Քահանա պարզ է, որ չկար։ Սովետի տարիներն էին։ Անգամ եկեղեցի գնալն էր հանցանքի պես մի բան։

Մատուռի կողքը սեղան և նստարաններ էին տեղադրված, որ ուխտավորները կարողանան մատաղը մատուցել անցնողներին։ 

Մինչև այսօր հիշում եմ ինձ ու Դիմոյին՝ գետաշենցիների մատուցած մատաղի համը, թաժա թոնրի հացով։ 
Ի դեպ, Շահումյանի գյուղերում, թոնրի առաջին հացը տրվում էր անցորդներին։ Յուրաքանչյուր անգամ, թոնիրը վառելուց և առաջին հացը թխվելուց հետո, այն հանում էին,  թեյի սրբիչով մաքրում մոխիրը ու դուրս գալիս փողոց։ Առաջին անցորդը ստանում էր այդ հացը։ Դա պարտադիր ավանդույթ էր։
Այդպիսին են շահումյանցիները։ 

Մատուռի մուտքի դռան կողքը խաչքար կար, թվագրված 1551 թվականով։ Ներսում սրբապատկերներ էին։ Ու մի քանի պատուհաններ։ Տանիքը կիսաքանդ էր, ներսի կեսը չէր ծածկվում։ Մենք՝ երեխաներս, հաճախ էինք հանկարծ վրա հասած կարկուտից կամ հորդառատ անձրևից պատսպարվում այդ մի կտոր տանիքի տակ։

Եվ ահա երկու օր առաջ, մի բաքվեցի զբոսաշրջիկի ֆեյսբուքյան նկարներում, պատահական գտա Սուրբ Մինասի նկարները, որոնք թվագրված են 2020 թվականի հուլիսի 2-ով։

Սուրբ Մինաս մատուռի ներսը
Սուրբ Մինաս մատուռի ներսը։ 02 հուլիս, 2020 թ։

Ուրախությանս չափ չկա, որ այն կանգուն է։

Նկարում երևացող նորոգումները իրականացվել էին 1990-92 թվականներին, երբ գյուղը դեռ հայաբնակ էր։ 

Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը իր աշխատություններում Սուրբ Մինաս է անվանում Սուրբ Սարգիս եկեղեցին, որ գյուղամիջում է։ Սակայն Սուրբ Մինաս եկեղեցին սա է։

Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, սկսած 1992 թվականի հունիսի 13-ից, 1000 օր տևած հերոսական պայքարից հետո։

June 13, 2013

Ուր եք? Իմ հարազատ շահումյանցիներ

1992 թվականի հունիսի 13:

Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել ԼՂՀ-ում: Այս ամսաթիվը չեն ցանկանում լսել Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահները: Այս ամսաթիվը չեն ցանկանում հիշել Ադրբեջանում: Չհիշելու գործում բոլոր կողմերը միակարծիք են, բացի շահումյանցուց:

Ինչու? Որովհետև այդ օրը մենք կորցրեցինք մի փառահեղ երկրամաս` Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը իր ` Ներքին Շեն, Վերին Շեն, Հայ Պարիս, Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ, Կարաչինար, Գաղթուտ, Գյուլիստան, Խարխափուտ հայկական գյուղերով:
698 ք.կմ տարածք: 20.000 հայ բնակչություն:

Ով է խոսում այն 289 հոգու մասին, որոնք անհայտ կորան կամ զոհվեցին հունիսի 13-14-ին?

Վերջերս գտել եմ մի ահասառսուռ վիդեո, ազերիների նկարած, որտեղ նրանք գերի են վերցնում Կարաչինարի կողմերը հայ տղամարդուն:

Թյուր կարծիքներ կան, որ Շահումյանը ընկել է առանց պայքարի:
Դա սուտ է, քանի որ շահումյանցիները ուղիղ 1000 օր դիմակայել են բլոկադային, Կոլցո օպերացիային, ԽՍՀՄ փլուզմանը, ադրբեջանա-ռուսական ՕՄՈՆ-ի հարձակումներին, հայ կուսակցական խաղերին:
Սփյուռքի մեր հերոս տղաները, տեղացի և Հայաստանից ժամանած ինքնապաշտպանական ջոկատները պինդ էին պահում Շահումյանի պաշտպանությունը:

Սակայն ինչ կատարվեց Շուշիի գրավումից հետո ուղիղ մեկ ու կես ամիս անց? Ինչու շատ ջոկատներ լքեցին Շահումյանը, անպաշտպան թողնելով դիրքերը? Ով ականազերծեց Շահումյան տանող ճանապարհները, Գետաշենի իբր սպասվող ազատագրման պատրվակով? Խաղաց իր դերը ՀՅԴ-ՀՀՇ դիմակայությունը?

ՀՀԿ-ի նախագահ Աշոտ Նավասարդյանը Ազատամարտ թերթին տրված հարցազրույցում 1992 թվականի ամռանը ասում է` "Կարելի է կարծել, որ ինչ-որ մակարդակներում տեղի է ունեցել ուղղակի փոխանակություն: Շատ դժվար է այդ մակարդակները որոշել: Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, հիմնականում` Հայաստանի մեղավորությունը: Դա Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու և վատ կազմակերպված լինելու արդյունքն է:"

Շահումյանի հարցերը արդեն բաց են մնում 21 տարի:

Մռավի լեռները անցնող փախստականները

Հայաստանի ճանապարհներին շահումյանցի փախստականները
Երևանի երկաթգծի կայարան: Փախստականները սպասում են Ռուսաստան մեկնող գնացքին

Շահումյանցի տատիկը
11 ամյա շահումյանցի տղան ինքնապաշտպանության ջոկատի կազմում


Մոնթեն 1991թ. սեպտեմբերին Կարաչինարցի պաշտպանների հետ
Սերո Խանզադյանը Ներքին Շենում


Շահումյանի գյուղերը

October 3, 2012

Ինչպես Ավետիս ծերունին փրկեց գյուղը

1920 թվականին Էնվեր փաշայի թուրքական զորքերը Գանձակում էին:
Այդ պարագայից օգտվելով, տեղացի ազերիները սկսել էին հարձակումները Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի վրա:

Նրանք արդեն մտել և հրդեհել էին Վերին Շեն, Մանաշիդ գյուղերը:
Սառցաշենի բնակչությունը թաքնվում է Էրքեջի անտառներում: Իսկ Սառցաշենի ուղղությամբ շարժվում էր ազերի ձիավորների խումբը: Ալան-թալանն ու հրդեհն էին նրանց հետքը:
Գյուղի տղամարդիկ, այդ թվում պապիկներս՝  Ալեքսան և Բեգլար Ղազարյանները, Մնացական Հովհաննիսյանի ղեկավարությամբ պաշտպանություն էին կազմել Վերին Շենի Թումբ կոչվող տեղանքում:
Նրանք կազմակերպել էին խաղաղ բնակիչների տեղափոխումը դեպի Էրքեջի անտառ, իսկ իրենք, ձիավորներով դիրքավորվել էին Թումբ տեղանքի մոտ:
Բեգլար Ղազարյանի զույգ տղաներից մեկը, մոր ձեռքից վարարած գետն էր ընկել և փրկել նրան չէր հաջողվել: Փրկվել էր պապիկս` Ալեքսանդր Ղազարյանը: Այդ փաստը ինձ պատմել էր ղարաչինարցի Շուղան տատիկս։

Սակայն գյուղում մնում է Ավետիս պապը, ով մտածում էր, որ պետք է ներխուժող թուրքերի հետ բանակցի, որպեսզի գյուղը չթալանեն և չայրեն: Քանի որ նա հարգված էր ոչ միայն հայ,  այլ նաև շրջակա փոքրաթիվ թուրքական գյուղերի բնակիչների շրջանում:
Ավետիսի ավագ որդին` Մնացականը ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարն էր:

Մնացական Հովհաննիսյան, մաթեմատիկոս,
1949 թ աքսորվել է Ալթայի երկրամաս

Թուրքերը երբ ներխուժում են գյուղ, տեսնում են գյուղը դատարկ և միայն ծերունի Ավետիսն է կանգնած գյուղամեջում: Թուրքերը զարմանում են նրա այդ քայլից: Նրանք չեն հրդեհում գյուղը, առաջ են քշում գյուղի կովերին և եզներին դեպի Թոդան թուրքական գյուղը: Իսկ Ավետիսին իրենց հետ պատանդ են տանում: Սակայն ճանապարհին նրան սպանում են:
Ինքնազոհությամբ նա փրկում է գյուղը թալանից և հրդեհումից:
Մնացական Հովհաննիսյանը իր կենսագրությունում, հետագայում նշում է, որ հայրը սպանվել է 1920 թվականի մարտ ամսին, Ադրբեջանի 1920 թ ապրիլի 28-ի խորհրդայնացումից առաջ, մուսավաթականների ձեռքից։

Գյուղի եկեղեցին խնամող Զալոն, որը դեռ փոքրիկ աղջնակ էր, վազում է դեպի Էրքեջի անտառը, չար լուրը գյուղացիներին հասցնելու համար: Նա մեզ պատմում էր, թե ինչպես է Քուռակ գետի կամուրջի մոտ սպանված կնոջ դին տեսել, փոքրիկ երեխայի հետ: Փրկված երեխան մոր կուրծքը բռնած կաթ էր ծծում: Մանկության այս ահավոր պատկերը տպավորվել էր 80 ամյա Զալոյի հիշողության մեջ:
Բեգլար պապս ձիերին պահում էր կողքի ապահով ստորոտում, քանի որ զինվորի համար ձի կորցնելը համարժեք էր 'կնոջ կորստին': 
Մարտիկները հակահարված են տալիս թուրքերին:
Թեև ամպամած եղանակ էր, սակայն երևում էր, որ թուրքերը քանակապես ավելի շատ են: Մնացած դիրքերում հայ պաշտպանները պարտվել էին: Միայն այս տեղանքն էր դեռ պաշպանվում: Իսկ կապի բացակայության պայմաններում, իրենք չգիտեին, որ միայնակ են մնացել հակառակորդի դեմ:
Մեծ քանակությամբ զոհեր տալով, Մնացականը հրամայում է թողնել դիրքը և քաշվել անտառ: Գնում են դեպի ձիերը և սպանված են գտնում Բեգլար Ղազարյանին, որի կողքին տխուր կանգնած էր նրա հավատարիմ ձին: Բեգլարի մարմինը փաթաթում են գորգի մեջ, դնում ձիու վրա և տանում գյուղ:
Ամենավերջինը դիրքը թողնում է Մնացականը:

Պատմությունը գրի եմ առել Թևոս Հովհաննիսյանի պատմածից 1995 թթ: