Ըստ մյուս պապիկիս, Թևոս Վարդանյանի պատմածի, Մեխակ Ղազարյանի ձերբակալման պատճառներից է դարձել նաև կոլտնտեսության ժողովի ժամանակ արված մի արտահայություն Ստալինի մասին։ Նա ասել է, որ "Ստալինը, իր վխինալը ետը, լոխճին փռնոտիլա տում"։ Շահումյանի բարբառով դա նշանակում է, որ Ստալինը, ելնելով իր վախերից, բոլորին բռնել է տալիս։
Մեխակ Հարությունի Ղազարյանը ծնվել է 1890թ. Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղում, դարբնի ընտանիքում: Նա վաղ հասակից զբաղվում է արհեստով` փորձելով ինչ-որ չափով թեթևացնել ընտանիքի հոգսերը: Շուտով արժանանալով գյուղացիների սիրուն և վստահությանը` նա ընտրվում է կոլտնտեսության վարչության անդամ, այնուհետև` միաժամանակ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:
Այդ դաժան տարիներին, ինչպես յուրաքանչյուր բնակավայր, Շահումյանի շրջանն էլ ուներ ՊԱԿ-ի իր գործակալները, որոնց ձեռքով էլ բանտարկվում է Ղազարյան Մեխակը` համարվելով Սովետական Միության թշնամի և աքսորվում Միջին Ասիա: Բազմանդամ ընտանիքը մնում է բախտի քմահաճույքին:
Ստալինի մահից հետո Ղազարյան Մեխակը արդարացվում է:
Սովորաբար գյուղի նշանավոր մարդիկ ձիավարժությունների, հարսանիքների ժամանակ կամ գործով հարևան գյուղեր գնալու համար հատուկ լավ ձի են պահել, որը միայն այդ նպատակին է ծառայել: Նրան բեռնել չէր կարելի, քանի որ ձին սովոր չէր բեռ վերցնելուն: Միաժամանակ իր տիրոջից բացի ոչ ոք չէր կարող նստել այդ ձիուն` թույլ չէր տալիս: Մեր գյուղից հայրս և հորեղբայրս ունեին այդպիսի ձիեր:
Հորեղբայրս` Մեխակ Ղազարյանը, ուներ այդպիսի մի էգ ձի` սպիտակ գույնի մոտ 3 տարեկան մատակ (էգ): Նրան հավասար մրցող չկար մեր գյուղում: Հայրս նույն նպատակի համար ուներ կարմիր գույնի արու ձի, բայց նա զիջում էր հորեղբորս ձիուն:
Օրերից մի օր` 1937 կամ 1938 թվերին, ես և հորեղբորս ավագ որդի Գուրգենը, ձիերը օրվա վերջին տարանք մեր տների դիմաց Կռնուտներ կոչվող տեղը, կապեցինք, որ արածեն: Հաջորդ օրը գնում էինք տեղերը փոխում: Այդ պարտականությունը դրված էր մեզ վրա: Արդեն ձիերը սովորել էին մեզ: Երևի իրենք էլ էին իմանում, որ իրենց իսկական բարի ցանկացողները մենք ենք, սպասում էին հաջորդ օրվան:
Ձիերին ջուր տալու պարտականությունն էլ էր մեզ վրա: Մեզ համար հաճույք էր: Նստում էինք մոտ 2 կմ հեռավորության վրա, գետից ջուր տալիս, նորից տեղափոխում դաշտ: Պատահում էր երկուսով մրցում էինք, թե մեր ձիերից որը արագ կվազի: Հորեղբորս ձին միշտ հաղթում էր: Շատ գեղեցիկ քայլվածք ուներ, այն կոչվում էր յորղա: Չէր զգացվում, որ ձիու վրա ես նստած:
Մի առավոտ, ձիերը իրենց տեղում չէին: Մեզ մեղադրում էին, թե լավ չենք կապել, բաց են ընկել երևի, ուրիշ տեղ կլինեն երևի, ստիպեցին, որ գնանք փնտրենք: Երկուսով ամբողջ օրը տեղ չթողեցինք, մինչև Դոդ սար կոչվող արոտավայրերը գնացինք, ոչ մի տեղ չճարեցինք:
Երեկոյան վերադարձանք առանց ձիերի: Էլի թուք ու մուր ստացանք, իբր թե լավ չենք ման եկել, չի կարող պատահի, որ մեր ձիերը գողացած լինեին: Չէին հավատում, ո՞նց թե Ղզարանց Մեխակի ձին գողանան: Դա չլինելու բան է, նա շատ վիրավորված էր:
Հորեղբայրս ընտանիքի ավագն էր: Նա հանձնարարում է հորս և մյուս եղբորը, թե որտեղ որ է, գնացեք, ձիերը բերեք: Շատ ման գալուց հետո պարզվեց, որ ձիերը գողացել են, բայց դժվար թե գյուղից որևիցէ մեկը այդ ռիսկին դիմեր: Նրանք լավ էին ճանաչում, թե ում ձիերն էին դրանք: Երկրորդ վարկածը` ձիերը թուրքերը տարած կլինեն կամ Քելբաջարի կամ Եվլախի կողմերը: Երկար որոնումներից հետո ձիերը այդպես էլ չգտնվեցին:
Սովորություն կար, այդպիսի դեպքերում օրգաններին չհայտնել: Հույսները չէին կորցնում: Կարող է մի տեղից դուրս գան…
Մեխակ Ղազարյանը ծնվել է Բուզլուխ գյուղում Զարգար Թյունիի ընտանիքում:
Նա միակ դարբինն էր գյուղում:
Այդ արհեստը նա սովորել էր` նշանավոր դարբին, գետաշենցի Վարդազարի մոտ 2 տարի ուսանելով:
Նա առաջիններից էր, որ ընդունվել էր կոլտնտեսության շարքերը: Գյուղի գրասենյակից ոչ հեռու դարբնոց էին կառուցել: Նրա մոտ աշակերտում էր Գանձակից վերադարձած վաղեմի ծանոթ Մեխակ Սաֆարյանը: Գյուղի կոլտնեսության և բնակչության կարիքները իրենք էին հոգում:
Սայլի մետաղյա մասերն էին պատրաստում, գութանները վերանորոգում, անասուններին պայտում, պատրաստում էին կացին, ցակատ, կենցաղային շատ իրեր և պարագաներ:
Սայլերի փայտե մասերը պատրաստում էին հայրս և համագյուղացի Հակոբ Հարությունյանը:
Հորեղբայրս` Մեխակ Ղազարյանը, ամեն տարի ընտրվում էր կոլտնտեսության վարչության անդամ, միաժամանակ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: Կոլտնտեսությունը կոլտնտեսականներին վճարում էր աշխօրի քանակով` ով քանի աշխօր ունի: Ամեն մի իր պատրաստելու համար հաշվարկվում էր աշխօր: Կոլտնտեսության վարչության կողմից հաստատված գնացուցակ կար, որի համաձայն բրիգադավարները գնահատում էին աշխօրները: Օրինակ ձիու 20 պայտ պատրաստելը` 1 աշխօր, մեկ գութան պատրաստելը` 1.5 աշխօր, սայլ պատրաստելը` 2 աշխօր, 100 ք.մ խոտ հնձելը` 10 աշխօր, որը բաժանվում էր բրիգադի աշխատավորների միջև, և այսպես բոլոր աշխատանքները իրենց գինն ունեին:
Ըստ օրենքի` յուրաքանչյուր կոլտնտեսական պետք է տարեկան 250 աշխօր ունենար, դա համարվում էր մինիմում: Շինվերանորոգման բրիգադի աշխատողները սովորաբար 400-ից 500 աշխօր ունեին տարվա ընթացքում, նրանց համար կիրակի չկար, պահանջարկը շատ էր:
Հորեղբայրս վերջին տարիներին դուր չէր գալիս կոլտնտեսության և գյուղի ղեկավարությանը: Նրա կողմից կատարված ստուգումների արդյունքները անուշադրության էին մատնվում: Գյուղացիների կողմից հուզումները, դժգոհությունները գյուղի ղեկավարության հանդեպ ծայրաստիճան էին դարձել: Գործը նրան էր հասել, որ նրան զգուշացրել էին, կամ մենք պետք է մնանք կամ դու: Իսկ նա չէր կարող իրեն թույլ տալ, որ չարքաշ գյուղացու աշխատանքը աջ ու ձախ շռայլեն, լափեն:
Մեխակից ազատվելու ելքը գտնված էր:
Գյուղի ղեկավարությունը դիմում է շրջանի ՊԱԿ-ի աշխատակցին, թե.
«Գյուղում մի մարդ ունենք, թույլ չի տալիս աշխատենք, խանգարում է կոլտնտեսության աշխատանքներին, ժամանակին գութանները չի վերանորոգում: Կրակն ենք ընկել դրա ձեռքը, ստուգումներ է կատարում, լուն դավա է դարձնում: Գյուղացիները արհամարհանքով են նայում մեզ: Բա մենք չկարողանա՞նք ձեզ նման պատկառելի մարդկանց մի լավություն անենք»:
ՊԱԿ-ի աշխատողին հենց դա էր պետք: Յուրաքանչյուր մեկ գործ տալու համար մեկ աստղ ավելանում էր, չհաշված, որ իրենց եկամուտը պակասում էր:
Դիտավորյալ իրական անունները չեմ գրում: Հետագայում այդ դավադրության մեղավորների հարազատները ամուսնական կապեր են հաստատել, բարեկամացել են: Գրածս կարող է մի քանի ընտանիքների քայքայման պատճառ դառնալ, չնայած որոշ մարդկանց անուններ արդեն հայտնի են: Իմ կողմից նշված անունները բոլորը պայմանական են, բացի հորեղբորս անունից:
Այստեղ մի փոքր շեղվենք: …..
Սովետական Միության օրենսգրքում նախատեսված էր այսպիսի մի հոդված, ռուսերեն կոչվում է «զա պոլիտիչեսկույու բալտավնյու»: Յուրաքանչյուր մոնոպոլիտ բառի համար կամ միության ղեկավարության հասցեին դժգոհություն հայտնողը արդեն համարվում էր միության թշնամի: Յուրաքանչյուր ազնիվ չարքաշ աշխատանքով ապրող գյուղացու այդպես կարող էին կեղծ մեղադրանք տալ և բանտարկել:
Սովորաբար շրջանի ՊԱԿ-ի ղեկավարությունը բոլոր գյուղերում ուներ իր գործակալները: Առաջին գործակալները գյուղի գյուղխորհրդի և կոլտնտեսության նախագահներն էին, որոնց խոսքը հաշվի էր առնվում: Մյուսները մեկ կամ երկու գյուղացիներ էին, որոնք ամիսը մեկ պարտադիր պետք է հաշվետվություն տան ՊԱԿ-ի ղեկավարությանը:
Մեր գյուղից, վերը նշված օրենքով, համագյուղացիներ Հովսեփյան Սաշան և Մկրտումյան Ալեքսանը, մի բառի համար գտնվում էին կալանավայրում: Փոխառություն գրելու ժամանակ նրանց ստիպել են այնպիսի գումար նշել, որը հնարավոր չի եղել վճարել: Ասել են. «Եզը եզ է, էնքան պիտի բեռնես, որ կարողանա տանի: Այդ ի՞նչ եք անում»: Դրա համար որպես քաղաքական բանտարկյալ դատապարտել էին 10 տարի ժամկետով:
Սովորաբար մեծահասակ գյուղացիները ազատ ժամանակ հավաքվում էին գյուղամեջում և տարբեր հարցերի շուրջ խոսում: Գյուղի հոգսերը և տարբեր քաղաքական այլ հարցեր էին քննարկում:
Համագյուղացի Հովսեփյան Ավետիսը հումորով անձնավորություն էր, ասում է. «Ժողովուրդ իմանու՞մ եք ինչ է եղել: Ասում են, Ստալինը փախել է»:
Դա եղել է պատերազմի եռուն ժամանակ: Գյուղացիները զարմանում են, ո՞նց այդպես կարող է պատահի:
ՊԱԿ-ի գործակալներից համագյուղացի Ոչխարյանը, մոտենալով ամբոխին, հարցնում է. «Ի՞նչ է պատահել»:
Ասում են` Ստալինը փախել է:
«Ո՞վ է ասում»:
Թե` Ավետիսը:
Նրան հենց այդ էր պետք:
Առավոտյան նա արդեն կլիներ շրջանային ՊԱԿ-ի գրասենյակում:
Նա հարցնում է. «Ավետիս, ումի՞ց ես լսել»:
Իսկ նա, թե` «Առավոտը դու չասացի՞ր, որ Ստալինը փախել է»:
Բոլորը ծիծաղում են, իսկ Ոչխարյանս գույնը գցում է, մնում է լուռ կանգնած: Այդպես էլ էր պատահում:
….Ամեն ինչ ծրագրված էր: ՊԱԿ-ի աշխատակիցը Ղարաբաղից ուղարկված Ալահվերդովին հանձնարարում է նախագահ Ա.Լափողյանին. «Գյուղի մի քանի վստահելի մարդ ուղարկի ինձ մոտ: Հետո եթե կարող ես մի որոշում` կոլտնտեսության վարչության կողմից նրա վարքագծի մասին և քո բացատրությունը: Երկու օրվա մեջ ներկայացրու և համարիր հարցը լուծված»:
Պարոն Ալահվերդովը, տեղյակ պահելով շրջանի գործկոմի նախագահին, կուսշրջկոմի քարտուղարին` անցնում է իր չար պարտականության կատարմանը:
Ա.Լափողյանի կողմից ներկայացված ցուցակի համաձայն, գյուղի հինգ անողնաշար անձնավորություններ, ՊԱԿ-ի աշխատակցի թելադրանքով բացատրություններ են գրում, ստորագրում, վերադառնում գյուղ: Այդ շողոքորթ կամակատարները չէին իմանում, որ մի լավ օր իրենց արարքը հայտնաբերվելու է:
Այդ ժամանակ հորեղբայրս «քնած» չի լինում: Նա ամեն ինչին տեղյակ է լինում: Իմանում է` ինչ դավեր են պատրաստում իր դեմ: Նրա համար անսպասելի չէր, երբ 1939 թ մի պայծառ օր. կանչում են շրջան:
ՊԱԿ-ի աշխատողը ներկայացնում է բոլոր մեղադրաքները, որոնք ներկայացնում և հաստատում են համագյուղացիները: Թուղթ և գրիչ են տալիս, թե գրիր բացատրություն ներկայացված բոլոր մեղադրանքների մասին:
Ծանոթանալով բոլոր հորինած մեղադրանքներին` քթի տակ ծիծաղելով, գրում է:
Նա Գանձակում դարբնի մոտ աշակերտելուն զուգահեռ հաճախել էր դպրոց, և գրագետ էր: Գիտեր ռուսերեն և թուրքերեն:
Բացատրությունը գրում է, հերքելով բոլոր մեղադրանքները, ներկայացնում: Ալահվերդովը այդ ամենը կարդալով` հարցնում է.«Այս ամենը ո՞վ կարող է հաստատել»:
«Ինչու՞ չէ»:
«Խնդրում եմ ցուցակը ներկայացնես»:
Գյուղացիներից 5-6 հոգու անուն է գրում, ներկայացնում իրեն:
«Ազատ ես, գնա, չբացակայես, մի քանի օրից նորից կհանդիպենք»:
Չանցած մեկ շաբաթ, մի ամպամած օր, գալիս են շրջանի միլիցիոներներ Միխայելը՝ Էրքեջ գյուղից և Վերին Շենից` Մաղաքելը:
Գյուղի գյուղխորհրդի գրասենյակում երկար խոսակցությունից հետո հարցնում են. «Խեր լինի: Ի՞նչ հարցով եք եկել»:
Թե` «Ղազարյան Մեխակի հարցով: ՊԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է նրան տանել շրջան»:
«Ինչ է, որ կանչեին ինքը չէ՞ր գնա շրջան: Անպայման միլիցիոներների ուղեկցությա՞մբ պետք է տանեին»:
Դա ևս իր նշանակությունն ուներ: Դաս պետք է լինի մյուսների համար, նրանց պետք է սարսափի մեջ պահել:
Գյուղխորհրդի նախագահ Անխիղճյանը իր աշխատակցին ուղարկում է դարբնոց, ուր գրասենյակից ընդամենը 50 մ հեռավորության վրա աշխատում էր դարբին Մեխակը, և պահանջում, որ նա ներկայա գյուղխորհրդի գրասենյակ:
Աշխատանքային հագուստով, մրոտ ձեռքերով ներկայանում է գրասենյակ: Նրանց բոլորին նա ճանաչում էր: Շատ լավ գիտեր` ինչի համար են կանչել: Բարի լույս մաղթելով` մոտեցավ բարևելու: Ձեռքը մնաց օդում կախված: Բարևը չընդունեցին: Դրանք այն մարդիկ էին, որ բազմաթիվ առիթներով դարբին Մեխակ Ղազարյանի տանը սեղան էին նստել և հաց կիսել նրա հետ:
Միխայելը, թե` «Մեխակ դայի, պիտի գնանք շրջան: ՊԱԿ-ից քեզ կանչել են»:
«Ինչ է շորերս չփոխե՞մ»:
-Այո:
Միխայելի ուղեկցությամբ գնացին տուն, որը գտնվում էր գյուղի հակառակ ծայրամասում:
Կինը` Նունուֆարը` 5 անչափահաս երեխաների մայրը, սպասում էր վեցերորդ երեխային, լացակումած ընդառաջ է գնում ամուսնուն և միլիցիոներին:
Երեխաները դեռ չէին հասկանում` ինչ է կատարվում:
Ամուսինը, հանգստացնելով կնոջը, թե` ոչինչ չկա, հագուստս բեր հագնեմ, պտի գնամ շրջան: Կինը լավ էր իմանում: Այդպիսի դեպքերում, օրգանի աշխատողների ուղեկցությամբ, այդ ճանապարհով գնացողը շուտ չի վերադառնում:
Երեխաների աղաղակներից հարազատները և հարևանները հավաքվեցին, նրանց ևս հայտնի էր` ինչ է կատարվում:
Լվացվեց, հագնվեց:
«Բա մի կտոր հաց հաց չուտե՞նք, Մաղաքել»,- դիմեց հայրս:
Թե. «Չէ, ժամանակ չկա: Հետը կարող եք ուտելիք և ներքնահագուստ, սրբիչ և այլ կենցաղային պարագաներ դնել»:
«Այն ժամանակ գնամ ձին բերեմ: Ինչի՞ ոտքով գնանք»:
Մաղաքելը թե` «Չի կարելի: Ոտքով պիտի գնանք: Հարազատներից ոչ ոք իրավունք չունի հետը գնալու» :
Երեխաներին արգելք չկար, մեկը միլիցիոների փեշից էր բռնում. «Հայրիկիս ու՞ր եք տանում»: Մյուսը հոր փեշից էր քաշում. «Հայրիկ, ու՞ր ես գնում»:
Քար սիրտ պետք է ունենաս, որ դիմանաս այդ տեսարանին:
Հարազատները, հարևանները մի կերպ իրենց զսպում էին, սիրտ տալիս, թե. «Ոչ մի բան չկա, նորից երեկոյան գալու է»:
Երեխաներից մեկը Մաղաքելի փեշից է բռնում, «Հայրիկիս ու՞ր ես տանում»:
Կրտսեր աղջիկը լաց լինելով հոր փեշից է կախվել, բաց չի թողնում:
Եվ այսպես ընտանիքի անդամներով և հարազատներով մինչև Կուրակ գետի կամուրջը` մոտ 2 կմ, գյուղի միջով ճանապարհեցին հորեղբորս:
Գյուղացիները տներից դուրս էին եկել, բարի ճանապարհ էին մաղթում:
Բուզլուխ գյուղի սար ու ձորերին հրաժեշտ տվեց, համբուրեց երեխաներին դարբին Մեխակը, որը եղավ նրա վերջին գնալը:
Թողնելով իր բազմանդամ ընտանիքը, որոնց միակ աշխատող ուժն էր: Տեղին է հիշել մեծ բանաստեղծի տողերը`
Նա միայն չէր կարող իմանալ, որ մի օր ամբողջ գյուղը ՊԱԿ-ի «հերոս» գործակալների հետ այդ նույն ճանապարհով, նույն ցավով պետք է միասին գաղթեն` բորենիներին թողնելով հայրենի ափերը:
իմ հոգիս պիտի գա որպես տատրակ մը տարագիր
Դարբին Մեխակին կալանավորեցին Ներքին Շենի, Շահումյան ավան շրջկենտրոնի բանտում, տեսակցությունը արգելված էր:
Վկաներին օրեկան մեկին կանչում էին առերեսման, իրենց ցուցմունքները հաստատելու համար:
Դա տևեց մոտ 2 շաբաթ:
Հետաքրքիրն այն էր, որ հորեղբայրս ինքն իր պաշտպանն էր: Երեք հոգի առերեսման ժամանակ հաստատեցին, որ բոլոր առաջադրած մեղադրանքները ճիշտ են, նրանցից մեկը իր հարազատներից էր, կոլտնտեսության ղեկավարներից:
ՊԱԿ-ի ներկայացուցիչը ասում է. «Ամբաստանյալ, հիմա ի՞նչ կասեք: Սա էլ Ձեր կողմից վստահելի մարդիկ: Նրանք ասում են, որ մեղադրանքները ճիշտ են: Եթե Ձեր վստահելիներն են ասում դա, ուրեմն դա այդպես է»:
Ի՞նչ կարող էր պատասխանել Մեխակը: Ամեն ինչ պարզ էր: Այդ լկտիները չէին կարող հրաժարվել իրենց նախկին ցուցմունքներից: Քննությունը ավարտելուց հետո, նրան տեղափոխեցին Գանձակի բանտը, որը գտնվում էր քաղաքի ծայրամասում: Հորեղբորս դուստրը սովորում էր Գանձակի մանկավարժական տեխնիկումում: Ես էլ սովորում էի 12-րդ միջնակարգ դպրոցում, բնակվում էինք մեր հայրական տատի` Սուլթան ազիի (Նախշուն տատու քրոջ) տանը: Նրա ամուսինը նշանավոր անձնավորություն էր, զբաղվում էր առևտրով: Նրա անունը Գրիգոր էր, միաժամանակ անվանում էին Ղարղադիլ (ագռավի լեզու): Նրա սխրանքների մասին գիրք կար գրված, ֆիզիկապես ուժեղ մարդ էր:
Քաղաքական բանտարկյալների հետ տեսակցությունը արգելված էր: Ուտելիքի ընդունելության օր էր սահմանված շաբաթական մեկ օր: Քանի անգամ ուտելիքը տարել ենք, չեն ընդունել: Բանտում երկար չպահեցին:
Մեզ տեղեկացրեցին, որ տեղափոխել են Շահումյանի շրջան, դատը արդեն սկսված է: Վերադարձանք գյուղ:
Փակ դատ էր:
Հարազատները ամեն օր 12 կմ ոտքով գնում էին շրջան: Տեսակցությունը արգելված էր: Միայն վկաներից էինք տեղեկանում նրա առողջության մասին: Հույս էին տալիս, որ ամեն ինչ լավ կլինի:
Դատը ավարտվեց:
Որոշեցին 7 տարով ազատազրկում, բանտային պայմաններում: Թույլատրեցին հարազատներին, ընտանիքի անդամներին տեսակցելու:
Ի՞նչ կարող էր ասել: Եղբորը ասաց. «Բոլոր մեղադրանքները իմ կողմից հերքեցի: Միայն այդ 3 անձնավորությունների տրված ցուցմունքի գնդակը ինձ կպավ: Երևի մեծ տղաս` Գուրգենը վրեժս կլուծի»:
Հաջորդ օրը տեղափոխեցին Գանձակի բանտ, որից հետո տեղափոխել էին անհայտ ուղղությամբ: Հարց ու փորձ անելով իմացանք, որ գտնվում է Ուզբեկստանի բանտերից մեկում: Ոչ մի նամակ չստացանք:
Նրա ճակատագիրը մինչ այսօր հայտնի չէ:
Որտե՞ղ, ի՞նչ պայմաններում է մահացել:
Ավագ որդուն` Գուրգենին, որը բազմանդամ ընտանիքի միակ աշխատուժն էր մնացել, զորակոչել էին բանակ: Հայրենական պատերազմի ժամանակ զոհվեց: Այն ժամանակվա օրենքներով քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամներին չէին վստահում, չէին զորակոչում բանակ: Անկախ այդ օրենքից, գյուղի վայ-ղեկավարները հերթական անգամ իրենց դեմքը ցույց տվեցին:
Բուզլուխ գյուղի կոլտնտեսությունը առանց դարբնի չէր կարող մնալ: Գետաշենից հրավիրեցին դարբին Արշակին: Նա տարիքով էր: Համաձայնվեց, միայն աշխատավարձը դրամով վճարեն, 300 ռուբլի: Դա եռապատիկ ավել էր, համեմատած նախկին դարբնի աշխօրով ստացածի հետ: Ինչ արած: Համաձայնվում են:
Դարբին Արշակը անցնում է աշխատանքի, իր ընտանիքը, երեխաներին թողնում է Գետաշենում, Բուզլուխում ամուսնանում Հովսեփյան Քնարիկի հետ: Նրա ամուսինը` Հովսեփյան Սաշան գտնվում էր կալանավայրում, նրան 10 տարով դատել էին հակասովետական արտահայտությունների համար: Այսինքն նույն սցենարով, ինչպես վարվեցին դարբին Մեխակի հետ:
Ի՞նչ շահեց գյուղի բնակչությունը: Մեկը չկար` հարցնի այդ մասին կոլտնտեսության վայ-նախագահին կամ վարչությանը:
Ասում են կալանավայրից Հովսեփյան Սաշան տարիներ անց վերադարձավ: Կինը վախից բաժանվեց, իսկ Սաշան ամուսնացավ, նոր ընտանիք կազմեց ուրիշ կնոջ հետ:
…1942 թվականին, մի պայծառ օր գյուղում իրարանցում էր: Շրջանի միլիցիայի պետ Մակառանց Հայկազը Հայ Պարիսի գյուղացի միլիցիոների և մեկ թուրքի հետ գյուղում էին: Նա գյուղի գրասենյակ էր կանչել հորեղբորս կնոջը` Նունուֆարին, որը հայրիկիս ուղեկցությամբ ներկայացել էր գյուղխորհրդի գրասենյակ:
Ինչու՞մն էր բանը:
Գտնվել էին այն երկու ձիերը, որ անհայտացել էին: Այդ թուրք ավազակն էր գողացել: Նա վարժեցրել էր ձիուն բեռներ տեղափոխել: Անամոթը այդ հրեղեն ձին էշի հետ էր բեղմնավորել, ջորի էր ծնել:
Օրերից մի օր նա ձին բեռնում է օձաձկներով, որը թուրքերեն կոչում են “իլան բալըղ”, և գալիս է Վերին Շեն գյուղը` Աթա դայու տուն, բեռը իջեցնում են, ձին կապում գոմի առաջ:
Ի միջիայլոց Աթա դային շատ հյուրասեր մարդ էր: Բոլորը նրան լավ էին ճանաչում, լինի դա թուրք, թե հայ, նրա դուռը նրանց առաջ միշտ բաց էր: Այդ օրը թուրքը բեռի մի մասը վաճառում է (թուրքերը այդ օձաձկից չեն ուտում, ասում են, թե դա Քրիստոսի նվագարանն է):
Առավոտյան տեսնում են բակը օձաձկներով լցված: Այդ անտերները դուրս են եկել քթոցից և տարածվել բակով մեկ, շարժվում են այնտեղ: Նրանք ուշ են սատկում: Մինչև այդ օձաձկներին հավաքում են, տեսնում են ձին իր քուռակի հետ չկա: Հարցուփորձ են անում գյուղում` չկան:
Հաջորդ օրը ձին իր քուռակի հետ հայտնվում է իրական տիրոջ բակում, ձայն է տալիս տիրոջը, խրխնջում, հայտնում է իր գալստյան մասին:
Տնից դուրս են գալիս, տեսնում` իրենց ձին վերադարձել է:
Իմաց են տալիս փոքր եղբորը` հորս, հարևաններով հավաքվում են, չեն հավատում հրաշքին:
Ի՞նչ է սա: Կենդանու բնա՞զդ, թե առողջ մտածողությամբ օժտված մի մահկանացու՞, որը երկար տարիներ բացակայելուց հետո հայտնվել է իր տիրոջ տանը:
Ձիու աչքերից արցունքներ են թափվում:
Տերը չկար:
Կարծես նա իմանում էր տիրոջ բացակայության պատճառը:
Թուրքը պահանջում է ձին վերադարձնել իրեն:
Հայրս համբերությունից դուրս է գալիս, հավասարակշռությունը կորցնում է` ապտակում այդ թուրքին. «Սրիկա, փոխանակ երկրորդ ձին վերադարձնես, դեռ ձի՞ ես պահանջում»:
Այստեղ արդարությունը չի կորչում:
Ամբողջ բնակչությունը հաստատում է, որ այդ ձին Ղազարյան Մեխակի ձին է: Թուրքը լավ էր իմանում, թե այդ ձին ումն էր, բայց չէր մտածում, որ նա մի օր կհայտնվի իր տիրոջ դռանը:
Ընկեր Հայկազ Մակարյանի որոշմամբ ձին թողնում են իր տիրոջ ընտանիքին, իսկ թուրքի հետ վերադառնում են շրջան: Թուրքի հետագա ճակատագիրը անհայտ է:
Վերադառնալուց հետո ձին երկար չապրեց, մահացավ: Ջորին ծախեցին համագյուղացի Ստեփանյան Ռուբենին:
Իսկ ձիու տերը չվերադարձավ:
Պարզվեց, որ անարդարության զոհը երկար ապրել չի կարող:
Ընտանիքի հայրը` «ժողովրդի թշնամի», իսկ նրա տղան` պատերազմի հերոս:
Անցել են երկար տարիներ:
Նրա հետագա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն կամ նամակ հարազատները չեն ստացել:
Վերջերս, հանկարծամահ էր եղել Մեխակի աղջիկը` Նուհին, որը հոր փեշից բռնել, լաց լինելով, աղերսում էր միլիցիոներին, որն իր հորը տանում էր շրջան:
Նուհիի տղաները խնդրեցին ինձ դամբանական մի քանի բան ասեմ:
Խոսքս տևեց երկու րոպե:
Խոսքիս վերջում ասացի, որ այս հուղարկավորությունը սովորական հուղարկավորություն չէ:
Ինձ հարցրեցին թե ինչու՞ այդպես ասացի:
Որոշեցի պատասխանը գրեմ….
Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չէր ավարտվել, սակայն 1-ին ուկրաինական ֆրոնտը, մարշալ Ժուկովի հրամանատարությամբ, որի կազմի մեջ էր նաև 5-րդ հարվածային բանակը` գեներալ Բերդարինի հրամանատարությամբ, 1945 թ. մայիսի 2-ին գրավել էր Գերմանիայի Բեռլին քաղաքը: Արդեն Հիտլերը անհետացել էր: Գերմանական բանակը անձնատուր էր լինում: Բեռլինի պարետ էր նշանակվել Բերդարինը: Հենակետը գտնվում էր քաղաքի արևելյան մասի Կարլ-Խորս շրջանի Ֆրանկֆուրտ ալեյա կոչվող պողոտայի աջ ու ձախ շենքերում: Այստեղ էր գտնվում նաև բանակի հենակետը:
Ինձ գործող գնդացրային ստորաբաժանումից տեղափոխել էին բանակի պահակային ստորաբաժանում, որպես դասակի հրամանատար: Մայիս ամսին, ցավոք, Բեռլինի պարետ գեներալ Բերդարինը ավտովթարից մահացավ: Ինձ համար դա մեծ ցավ էր: Նրա բանակում երկար ճանապարհ էի անցել` Ուկրաինայի Մատվեև Կուրգան կոչվող տեղամասից, Դոնբասից մինչև Բեռլին, անցնելով մոտ 4000 կմ:
Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: 5-րդ և 3-րդ հարվածային բանակներից հավաքում էին 1մ 70-71 սմ հասակ ունեցող բանակայիններից բաղկացած ստորաբաժանում, որտեղ ընդգրկված էի նաև ես:
Ակադեմիան չստացվեց:
Ապագայի խորտակու՞մ էր, թե միգուցե լավը դա՞ էր:
Չեմ երկարացնում:
Իմ աշխատասիրության հետևանքով այդ նույն թվականի օգոստոսի 13-ին մեկ ամսով արձակուրդ տվեցին: Վերադարձա գյուղ: Հարազատներս չէին սպասում: Վերդառնալով Բեռլին` 1945 թ. հոկտեմբերին զորացրվեցի բանակից:
Այդ վիրավորանքը ինձ համար անհաղթահարելի էր:
Չնայած, որ կոմունիստական կուսակցության անդամ էի, ինձ պարտիական կամ այլ պատասխանատու աշխատանք չէին վստահելու:
Որոշեցի դիմել Ադրբեջանի Կենտրոնական Կոմիտեի այն ժանակակվա 1-ին քարտուղար Միրջաֆար Բաղիրովին, պատճառաբանելով, որ հորեղբորս` Մեխակ Ղազարյանի հետ գյուղի ղեկավարությունը հաշվեհարդար է տեսել, ինչպե՞ս կարող է կոլխոզի ստեղծման օրվանից դարբին ժողովրդի թշնամի հանդիսանալ:
Չորս էջանոց նամակ ուղարկեցի, հիմնավորելով, որ նրան սխալ են դատել:
Չանցած մեկ ամիս, ՊԱԿ-ի աշխատակիցը արդեն գտնվում էր շրջկենտրոնում:
Չանցած երկու ամիս Ադրբեջանի ՊԱԿ-ից ստացանք Մեխակ Ղազարյանի արդարացման տեղեկանքը: