Showing posts with label 1949. Show all posts
Showing posts with label 1949. Show all posts

August 23, 2020

Պարտավոր ենք ճանաչել՝ Մնացական Հովհաննիսյան։

Մնացական Հովհաննիսյանի անունը պատշաճ կերպով չի լուսաբանված  և այդպիսով մոռացության է մատնված։ Սակայն նրան պետք է արժանին մատուցվի, նրա կատարած գործերը պետք է հանձնվեն սերունդներին։

Երկար տարիների որոնումների արդյունքում, Ձեզ եմ ներկայացնում նրա կենսագրության և գործունեության մանրամասները։ 

Թևոս պապիկիս տանը դեռ փոքրուց լսել եմ "Ցական ամի" մոգական բառերը։
Մեծերը՝ ԽՍՀՄ տարիներին միշտ խուսափում էին նրա մասին պատմել, դրանով ավելի գրգռելով հետաքրքրությունս։ Սակայն մի բանը հաստատ էր. նրա մասին միշտ հարգանքով ու պատկառանքով էին խոսում բոլորը, իսկ պապիկիս տան հյուրասենյակում ահա այս նկարն էր կախված։


Մնացական Հովհաննիսյանը

Միակ բանը, որ մանկական տարիքում իմացել էի այն էր, որ նրան աքսորել էին Ալթայի երկրամաս ու որ մեր այգու մեծ ընկուզենին Ցական ամին էր տնկել։ 
Նախշուն տատս նրան խնդրել էր ընկուզենի չտնկել, քանի որ, ըստ ավանդույթի, այդ մարդկանց կյանքը կարճ է լինում և նրանք չեն վայելում ծառի բերքը։ Սակայն Ցական ամին Բուզլուխի դպրոցին կից մեր այգում ընկուզենի տնկեց։ Եվ ինձ բախտ է վիճակվել աշնանը այդ բարձր ծառից ընկույզներ թափել ։ Թեև այսօր այդ ծառը թուրքերը կտրել են, մեր գյուղի 1992 թ բռնազավթումից հետո։

Ստորև բերված տեղեկությունները ես հայթհայթել եմ թե ընտանեկան արխիվներից, թե այդ տարիների ականատեսների տարբեր հուշերից։ Տվյալների հիմնական աղբյուրը Թևոս պապիկիս և նրա որդու՝ Հովհաննես Հովհաննիսյանի պատմածներն են, ինչպես նաև Ցական ամիի որդու՝ Հրաչիկ (Վոլոդյա) Հովհաննիսյանի տվյալները։ 

Ինչու՞ էին ընտանիքում խուսափում խոսել նրա մասին։ Ով էր նա։ Ինչ մասնագետ էր։ Ինչու՞ է աքսորվել։ 

Մնացականը Թևոս պապիկիս ավագ եղբայրն էր ։ 

Ձախից, ներքևի շարք՝ Մարիամ Խաչատուրյանը (Մնացականի մայրը),
Հրաչիկը (Մնացականի որդին, նրան նաև Վոլոդյա են կոչել Ալթայ աքսորվելուց հետո),
Հովհաննես Հովհաննիսյանը (Մնացականի եղբորորդին),
Մնացական Հովհաննիսյանը,
Կանգնած են՝ Թևոս Հովհաննիսյան-Վարդանյանը (Մնացականի եղբայրը), 
Լուսիկ Տեր-Ավետիքյանը (Մնացականի կինը, Բանանց գյուղից)


Մնացական Հովհաննիսյանի ծննդյան վկայականն է, տրված Շուշի քաղաքից։

Մնացական Հովհաննիսյանի
Շուշիում տրված ծննդյան վկայականը

Այստեղից իմանում ենք, որ Մնացական Հովհաննիսյանը ծնվել է 1894 թվականի օգոստոսի 1-ին Ավետիս Վարդանյան-Հովհաննիսյանի և Մարիամ Խաչատուրյանի ընտանիքում Ելիզավետպոլի նահանգի Բուզլուխ գյուղում (այժմ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան)։

Մնացականին օգոստոսի 8-ին կնքել է Մովսես Տեր-Աբրահամյանց հոգևորականը, կնքահայրը եղել է Հակոբ Գևորգյանը և երեխային անվանել են Մնացական։ 

Հետաքրքիր է, որ ծննդյան վկայականը տրվել է 1909 թվականի ապրիլի 30-ին, երբ Մնացականը արդեն պետք է դառնար 15 տարեկան։ Եվ փաստաթղթի հիմք է հանդիսացել Բուզլուխ գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցու (գյուղամիջի Սուրբ Սարգիս եկեղեցին է, որը սխալմամբ այլ տեղերում անվանում են Սուրբ Մինաս։ Սուրբ Մինասը Սռնատոնից քիչ ներքև էր) մատյանների մետրիկական արձանագրությունը։

Բուզլուխ գյուղը եղել է Արցախի Գյուլիստանի մելիքության գյուղերից և զարմանալի չէ, որ փաստաթղթերը տրվել են Արցախի կենտրոնից՝ Շուշիից։
Սա հավելյալ անգամ ապացուցում է, որ Հյուսիսային Արցախի հայկական շրջանները արհեստականորեն են անջատվել 1923 թ ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հայկական Ինքնավար մարզից։

Մնացականի ձեռագիր ինքնակենսագրությունից պարզել եմ, որ նրա հայրը՝ Ավետիսը մինչև 1915 թվականը զբաղվել է գյուղատնտեսությամբ և առևտրով։ Իսկ 1915 թվականից հետո միայն գյուղատնտեսությամբ։
Մնացականը գրում է, որ հայրը՝ Ավետիսը, սպանվել է 1920 թվականի մարտ ամսին,  մուսավաթականների կողմից, Ադրբեջանի 1920 թվականի ապրիլի 28-ի խորհրդայնացումից առաջ։ 

Թե ինչպես է Ավետիս Վարդանյան Հովհաննիսյանը փրկել Բուզլուխ գյուղը հրկիզումից գրել եմ առանձին պատմության մեջ, Տես այստեղ։


Մնացականի մայրը՝
Մարիամ Խաչատուրյանը

Մնացականի մայրը՝ Մարիամ Խաչատուրյանը զբաղվել է տնային տնտեսությամբ, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ, նա մահացել է 1942 թվականին։ 

Ի դեպ տատիկս պատմում էր, որ Երևանի նորակառույց Օպերայի դահլիճում առաջին ներկայացմանը՝ 1933 թվականին, նա է առաջինը մուտք գործել դահլիճ։

Մնացականը իր սկզբնական կրթությունը ստացել է Ելիզավետոպոլի ռուսական քաղաքային ուսումնարանում, որը կոչվում էր նաև արական գիմնազիա։ Գիմնազիան հիմնադրվել է 1881 թվականին և գործել է մինչև 1920 թվականը։ Այսօր այնտեղ ագրարային համալսարան է։

Ելիզավետպոլի արական
գիմնազիա (քաղաքային ուսումնարան)


1912-1917 թթ-երին Մնացականը ընդունվել և ավարտել է Թիֆլիսի հողաչափական ուսումնարանը։ 

Թիֆլիսի հողաչափական ուսումնարանը


Մնացականը Թիֆլիսի
հողաչափական ուսումնարանի ուսանող

1917 թվականին Մնացական Հովհաննիսյանը զորակաչվել է զինվորական ծառայության և ուղարկվել Թիֆլիսի 218-րդ պահեստային գունդը։ 

Սակայն զորամասի հեղափոխական կազմաքանդումից հետո, նա այդտեղ մնացել է մի քանի շաբաթ։
1917 թվականի աշնանը ընդունվել է Թիֆլիսի նորաբաց պոլիտեխնիկական ինստիտուտի  գյուղատնտեսական ֆակուլտետ, սակայն սուղ ֆինանսական միջոցների պատճառով թողել է ուսումը։

1918 թվականի սկզբում ընդունվել է Սարիղամիշ-Էրզրում երկաթգիծ, որպես տեխնիկ, և աշխատել մի քանի ամիս։

1918 թ աշնանը վերադարձել է հարազատ գյուղ։
1920 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, մուսավաթականների հարձակումների դեմ կազմակերպել և ղեկավարել է Բուզլուխ և հարակից գյուղերի ինքնապաշտպանությունը։ 

1920 թվականի մայիսին, Կարմիր 11-րդ բանակի 20-րդ դիվիզիայի կազմում մասնակցել է մուսավաթականների ջախջախմանը Գանձակ քաղաքում։ Համագործակցել է Եգոր Տեր-Ավետիքյանի հետ։ Համաձայն թուրքական աղբյուրների, Գանձակում այդ օրերին կոտորվել են 13000-15000 թաթար-մահմեդական-թուրքեր։
Հայկական ջոկատները օգնում են կարմիր բանակայիններին, որպեսզի թուրք մուսավաթականներին չեզոքացնեն և նրանք չկարողանան հարձակումները շարունակեն Հյուսիսային Արցախի հայկական գյուղերի վրա։
Այդ օրերին Կիրովը հանդիպել է Մնացական Հովհաննիսյանին և առաջարկել նրան որպես "լավ, անձնազոհ, քաջ մարտիկ" ծառայի Կարմիր բանակում, սակայն նա հրաժարվում է, քանի որ լավ էր հասկանում հաստատվող կարգերի էությունը և նպատակները։ Նրա ցուցաբերած օգնությունը ռուսներին զուտ հայկական գյուղերի անվտանգության շահերից էր ելնում։
Մնացական Հովհաննիսյանի ջոկատը համատեղ գործողություններ է ծավալել նաև զորավար Անդրանիկի հետ, ով Մնացականին անվանում էր "քաջ գանձակեցի"։
Մնացականը օգնում է նաև Մարտակերտի շրջանի հայությանը, նրանց ազատագրմանը թուրքերից։ Մարտակերտցիները հետագայում հիշում էին, որ "մի սև մարդ եկավ մեզ օգնեց"։ Նրանք երկար տարիներ բարեկամություն էին անում աքսորված Մնացականի Բուզլուխում մնացած եղբոր՝ Թևոսի հետ։

1920 թ սեպտեմբերից մինչև 1925 թ սեպտեմբեր Մնացական Հովհաննիսյանը դասավանդել է հայրենի գյուղում, ինչպես նաև հարևան հայկական գյուղերում՝ Վերինշենում, Հելենենդորֆում (Խանլար) եղել է ռուս-հայկական դպրոցի վարիչ։ Հայրենի Բուզլուխ գյուղի առաջին դպրոցը 1920 թ հիմնադրել է Մնացական Հովհաննիսյանը։

1922 թ նա ընտրվել է Բուզլուխի գյուղխորհրդի նախագահ։
1922 թվականի աշնանը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում, կրակոցից։ Խորհրդայնացված թուրքերին և նրանց դավաճան հայ գործընկերներին հանգիստ չէր տալիս բանիմաց և քաջ Մնացականի ազատությունը և գործունեությունը։ 

1925 թ-ին Գանձակի նահանգային ժողկրթության բաժինը Մնացականին գործուղել է Երևանի պետական համալսարան, որտեղ նա ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում սովորել է 2 տարի։


Մնացականը հողաչափական
աշխատանքների ժամանակ



Ուսմանը զուգահեռ՝ 1926 թվականի հունիս ամսից աշխատել է Հայկական ԽՍՀ ԺողԿոմՀող-ում, ուր երկարատև գործուղումների էր ուղարկվում շրջաններ։ Դրա պատճառով ուսումը Երևանի պետհամալսարանում ժամանակավորապես դադարեցրել է։ 

Հաճախ էին Մնացականին ուղարկում Հայաստանի տարբեր շրջաններ հայ-մահմեդական հողային վեճերը լուծելու՝



Մնացականը՝ Զանգեզուրի գավառի
տեղացի հայերի և քոչվորների վեճերը լուծելիս

1930 թ ԺողկոմՀող-ում աշխատանքը թողել և սկսել է մաթեմատիկա դասավանդել Երևանի մանկավարժական ինստիտուտի բանվորական ֆակուլտետում։ 

1930 թ սեպտեմբերից շարունակել է ուսումը ֆիզմաթ ֆակուլտետում և ավարտել այն 1932 թ-ին։

1932 թ սեպտեմբերից մինչև 1934 թ սեպտեմբեր աշխատել է Դիլիջանի միջնակարգ դպրոցի ուսմասվար։

Դիլիջանում։
Աջից ձախ՝ Մնացականը, նրա կինը՝ Լուսիկը։


Մնացականի կինը՝ Լուսիկ Տեր-Ավետիքյանը  
Բանանց գյուղից, բժիշկ Փառանձեմ Ավետիքյանի քույրն է

1934 թ մահանում է Մնացականի կինը, որից հետո որդին՝ Հրաչյան ապրել և դաստիարակվել է տատիկի և մորաքրոջ մոտ՝ Ավետիքյան Փարանձեմի, ՎԿՊԲ անդամ, Հայրենական պատերազմի մասնակից։ 

1934 թ սեպտեմբերից Մնացականը վերադարձել է Երևան և մինչև 1938 թ աշխատել ժողՏնտՀաշվառման տեխնիկումում, որպես ուսմասվար։
Զուգահեռ՝ 1937 թ սեպտեմբերից մինչև 1941 թ նոյեմբերի վերջ աշխատել է Երևանի ֆինանսական տեխնիկումում, դասավանդել է մաթեմատիկա։ 

Երևանի տրոպիկական
ինստիտուտ, 1938 թ,
Մնացական Հովհաննիսյանը դասախոս է

1941 թ նոյեմբերի վերջին Հայկական ԽՍՀ ներքին գործերի մարմինների կողմից, իրեն անհայտ պատճառներով, պատերազմական ժամանակահատվածում, ուղարկել են Ղազախստան, ուր 1942 թ ապրիլի սկզբից մինչև 1945 թ վերջ աշխատել է Ակմոլինսկի մարզի Եսիլսկի շրջանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ 

1945 թ վերջում, պատերազմից հետո, վերադարձել է Երևան։ 

1946 թվականի հունվարի 1-ից մինչև 1949 թվականի հունիսի 14-ը՝ նորից մաթեմատիկա է դասավանդել Երևանի ֆինանսական տեխնիկումում։

1949 թ հունիսի 14-ին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներքին գործերի մարմինները Մնացական Հովհաննիսյանին, որդու՝ Հրաչիկի հետ միասին աքսորել են Ալթայի երկրամասի Սորոկինսկի շրջան։ 

1949 թվականի աքսորման գործում նրան մեղադրել են դաշնակ լինելու մեջ։ Մնացական Հովհաննիսյանը իր նկատմամբ իրականացված հալածանքները համարել է սխալ, հիմնված կեղծ ցուցմունքների վրա և ոչ ազնիվ մարդկանց զրպարտանք։

 Մնացական Հովհաննիսյանին ՆԳ մարմինները մեղսագրել են՝

  • ցարական բանակի սպա լինելը
  • ակտիվ դաշնակցական լինելը
  • ադրբեջանական բնակչության թալանը
Ադրբեջանա-հայ դավաճանները հասան իրենց նպատակին։ 

Մնացականը Ալթայի
երկրամասում, աքսորավայրում

1949 թ հուլիսի 4-ից մինչև նույն տարվա նոյեմբերի վերջ աշխատել է որպես բանվոր, Բլինովսի սպլավուչաստոկ-ում։ 

Երիկամների՝ վրա հասած, հիվանդության պատճառով Սորոկինսկի ՎՏԿ-ն նրան ճանաչել է հաշմանդամ և ազատել նշված բանվորական ծանր ֆիզիկական աշխատանքներից։

1950 թ մայիս-օգոստոսին աշխատել է Սորոկոնսկի ՍիբՏրանսՍտրոյ Շինջոկատի դրամարկղի գանձապահ, սակայն աշխատավայրի հեռավորության պատճառով ազատվել է այդ աշխատանքից։

Ալթայի երկրամաս՝
Աջից վերևի շարքում՝ Մնացականը
Աջից ներքևի շարքում՝ նրա որդին Հրաչյան

1951 թ սեպտեմբերից աշխատել է Ալթայի երկրամասի Սորոկինսկայա շրջանի Զարինսկայա կայանում 7-ամյա դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։

1955 թվականի ապրիլի 16-ին, Մանասերին ուղղված նամակում Մնացականը գրել է.
"Բարև Մանասեր ջան,
Իրոք բոլորիս աչքը լույս !
Անչափ ուրախ եմ, ցանկանում եմ հաջողություն և վերջ տառապանաց։
Մենք էլ կազատվենք, հերթը մեզ էլ կգա, մի մտածիր։ 
Այստեղից էլ բավականին մարդիկ են ազատվել։
Հիվանդությունս երկար տևեց, շատ եմ չարչարվում։
Հիմա էլ ասում են պլևրիտ է։ Չգիտեմ, վերջը ինչ կլինի։
Աշխատում եմ ոտքի կանգնել, տեսնենք։
այժմ ջերմությունս առավոտյան 37 էր, երեկոյան 38.6, ավել կամ պակաս:
Ներիր չեմ կարողանում գրել, հոգնում եմ
Բարևիր Լենային, Դուսյային և ծանոթներին։

Քո Մնացական, 16/4/1955 թ։"

1955 թ մայիսի 18-ին Մնացական Հովհաննիսյանը և նրա որդին՝ Հրաչիկ Մնացականյանը ազատվել են հատուկ ճամբարից։

1961 թվականի օգոստոսի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանի որոշմամբ Հովհաննիսյան Մնացական Ավետիսի և Հովհաննիսյան Հրաչիկ Մնացականի արդարացվել են հանցակազմի բացակայության հիմքով, մեղադրանքները համարվել են առոչինչ։

Մնացական Հովհաննիսյանի իրական սխրանքը առայսօր մնում է չբացահայտված և չգնահատված։ 

Հետագայում, Զարեհ Մելիք-Շահնազարովը, ռուսերեն "Подавление мусаватистского мятежа в Гяндже" աշխատության մեջ գրել է՝
"26 мая 1920 года на рассвете турко-мусаватисты подняли мятеж в Гяндже и во всем Азербайджане. 
...
Итак, после нескольких дней боев мятежники были разбиты и стали в панике отступать из города.
Говоря о тех, кому принадлежит заслуга в деле подавления турко-мусаватистского мятежа, следует отметить полковника Павла Тер-Саркисова, командовавшего участком фронта Карабах-Гянджа, полковник Егора Христофоровича Тер-Аветикяна, его заместителя Мнацакана Аветисовича Оганесяна и начальника снабжения войск Арменака Шмавоновича Боряна. Вот те, кто в действительности прежде всего должны были получить ордена и благодарности за подавление восстания.
На второй или третий день после подавления восстания, точно не помню, на площади села Геташен состоялся большой митинг, в котором приняли участие офицеры и бойцы наших войск. Перед построенными офицерами и бойцами выступил полковник Егор Тер-Аветикян. Он поблагодарил солдат и офицеров за службу и неожиданно заявил, что собирается покинуть родной Карабах и уехать в Иран. Все удивленно смотрели на своего любимого командира, и лишь его офицер Мнацакан Оганесян по прозвищу Цакан произнес: "Инкер Егор, зачем ты говоришь это? Ведь ты сделал много хорошего не только для своего народа, но и для новой власти"! По мнению Оганесяна, командование 11-й Красной Армии должно было вынести благодарность полковнику за активные действия по подавлению мятежа и освобождению из плена красноармейцев. "Зачем же тебе покидать свой край, за народ которого ты воевал целых три года?", - продолжал Цакан.
Тогда Егор Тер-Аветикян, подняв голову, сказал тихим и подавленным голосом: "Мои дорогие и храбрые бойцы и офицеры, я лелеял мысль умереть в боях за мой народ, чтобы тело мое было предано родной земле, но, как видите, пули наших врагов миновали меня, и я остался жив и невредим. Но по всему я вижу, что наш любимый Карабах, который мы с такими трудностями отстаивали и отстояли, потеряв при этом десятки тысяч братьев и сестер, наш любимый город Шуши, не будет больше нашим".
Тут среди бойцов поднялся ропот и даже шум. Среди начавшихся разговоров и шушуканья неожиданно громко прозвучал голос командира нашего кавалерийского эскадрона майора Соса: "Дорогой наш товарищ Егор, Карабах никогда не будет чужим, и никогда за свое тысячелетнее существование никому не подчинялся кроме Матери-Армении! Даже во времена персидского владычества наши князья-мелики лишь платили Шаху символическую дань и были самостоятельны!" Со всех концов площади послышались аплодисменты и слова одобрения в адрес майора.
Полковник поднял руку, чтобы все притихли, и сказал: "Товарищ Сос прав, мы всегда были независимы, да и в данный момент не подчинены никому, но завтра будет именно так, как я сказал, и именно я буду расстрелян как раз за то, что спас вместе с вами много жизней красноармейцев".
Прервав его, Оганесян спросил: "Зачем же Советская власть будет тебя расстреливать? Ведь ты же много сделал для нее!"
Тер-Аветикян громко сказал на это: "В рядах большевиков сидят мусаватистские агенты наподобие Асада Караева и все, что я сказал, верно: первым делом расстреляют как раз меня. Турки обманывали наших русских братьев в 1913-14 годах, а теперь обманывают и Советскую власть. Возврата нет, и на днях я покину вас и уеду. Буду ли я жив и мертв, но сами увидите, что все сказанное мною будет верно. Прощайте мои офицеры и бойцы, мой героический народ!"
При этих словах полковник опустил голову и замолчал. Вскоре после этого Арменак Борян, директор десятилетней школы, начальник снабжения как наших, так и красноармейских частей сказал мне: "Зарэ-джан, то, что сказал Егор - все правильно, он ни в чем не ошибся. Наши русские братья очень близоруки: они за добро платят злом, а за зло - добром. Они еще не научились правильному возмездию. Но так или иначе, Нагорный Карабах и наш Гандзак передадут Азербайджану, а впрочем и уже фактически передали. И то, что Егора бы расстреляли, тоже правда. Он весьма правильно сказал, что среди большевиков много мусаватистов и турецких эмиссаров, они добьются его расстрела, да и не только его, но и очень многих армян. Не сегодня, так завтра или позже. Так что, пожелаем ему счастливого пути. Может быть, обстановка изменится и он снова вернется на родину. Дай Бог, если будет так!"
Вот так закончилась для нас эпопея на участке Карабах-Гянджинского мятежа мусаватистов.
"

Ես իմ պարտքը համարեցի փրկել այս բանիմաց, քաջ, հայրենասեր մարդու անունը մոռացությունից։
Լույս իջնի հիշատակին քո, Ցական ամի։