Showing posts with label Վիեննա. Show all posts
Showing posts with label Վիեննա. Show all posts

March 24, 2014

Առավոտյան ժամերգություն Վիեննայում

Հուլիսյան կիրակի օր էր: 2009 թվական:

Վիեննայի ժամանակը երկու ժամով հետ է երևանյան ժամային գոտուց, այդ պատճառով առավոտյան շատ շուտ էի արթնանում:

Այդ օրը սակայն սովորականից ավելի շուտ արթնացա: Այս անգամ եկեղեցու բարձր զանգերից:

Մեր Կոնտինենտալ հյուրանոցը ընդամենը մեկ մայթով էր բաժանվում Մարիահիլֆեր քիրշե եկեղեցուց:

Պատուհանս բաց էր: Իսկ եկեղեցու զույգ բարձր գմբեթներից հնչող զանգերի կոչը ուղղակի սենյակ էր լցվում:



Զանգերը կանչում էին առավոտյան պատարագի: 

Արտասահմանյան ուղևորությունների ընթացքում ես անպայման աշխատում եմ ներկա լինել տեղի եկեղեցիների որևէ պատարագին:

Այսօր առիթը ինքն էր եկել:
Մարիա Հիլֆեռ Քիրշե եկեղեցին
Առավոտյան փողոցները մարդաշատ չէին: Չնայած, որ Վիեննան 1.7 մլն-ոց մայրաքաղաք է, օդը շատ մաքուր է` նման մեր դիլիջանյան օդին:

Տարեց պատկառելի տղամարդիկ, կանայք, ինչպես նաև երիտասարդներ շտապում էին ժամերգության:

Եկեղեցու ներսը շքեղ էր:
Եկեղեցու ներսում

Ներսում փոքրիկ անվճար կլոր մոմերը դրված էին սեղաններին:
Ցանկացողները ինքնուրույն վերցնում և դրամը գցում էին պահոցի մեջ:

Ամեն մի նստարանի դարակում կարմիր աստվածաշունչ էր դրված:
Պատարագի յուրաքանչյուր մասնակից, բացում էր քահանայի արտասանվող մասի էջը և ձայնակցում ընդհանուր աղոթքին:

Անմիջապես մուտքի վերևում մեծ երգեհոնն էր:
Երգեհոն

Ես ներսում նստեցի վերջում` ազատ նստարանին: "Հայր մեր"-ից հետո, քահանան սկսեց կարդալ Սուրբ գրքից հատվածներ:

Ներկաները ուշադիր հետևում էին նրան, թերթելով նստարանների դարակներից հանված ավետարանները:


Հոգևորականը ընթերցում էր գերմաներեն: Որոշ աղոթքներ լատիներեն էին:

Բոլորը ժամանակ առ ժամանակ ոտքի էին կանգնում և խաչակնքվում:
Կաթոլիկները, ի տարբերություն ռուսների, մեր նման ձախից աջ են խաչակնքվում:

Դիմացիս տատիկը շրջվեց և գերմաներեն ինչ-որ բան հարցրեց ինձ:
Ես անգլերեն հարցրեցի, թե ինչ է ասում?
Նա հասկացավ, որ գերմաներեն չգիտեմ, և հարցրեց որտեղից եմ եկել?
Ասացի` I am from Armenia.

Այդ Արմենիա բառը նրան ոգևորեց: Դեմքը անմիջապես պայծառացավ, և ասաց,
"Armenia, Great Country. Christian Country"
Եվ գրկախառնվեց ինձ:
Անակընկալի եկա:

Այդ պահին առաջին անգամ ես զգացի, որ մենք հայերս միայնակ չենք այս աշխարհում: Որ մենք ՄԵԾ քրիստոնեական աշխարհի մի մասն ենք:

Ես ուրախ էի, որ մեր նախնիները հեռատեսորեն մեզ միաձուլել են համաշխարհային քաղաքակրթության կրոնին: Թեև ազգությամբ տարբեր ենք, սակայն եվրոպացիների հետ մենք էլ ընդհանուր կապող օղակ ունենք:





Հայաստանյան մեկուսացված և փակուղային իրականությունից հետո այդ զգացմունքը հիանալի էր: 

Այն էլ Հայաստանից այդքան հեռու, սակայն այդքան մտերիմ Ավստրիայում: