Showing posts with label տոմս. Show all posts
Showing posts with label տոմս. Show all posts

June 28, 2014

Սա Հարավկովկասյան երկաթուղին է

Մեքենայով էլ եմ գնացել Բաթում: Սակայն այս տարի որոշեցի գնացքով գնալ:

Երթևեկությունը Վրաստանում անհամեմատելի է Հայաստանի հետ: Քշում են ահավոր, հետիոտներին տակը գցելով, կասկադյորների պես:
Ճանապարհները շատ նեղ են: Եթե հանդիպեք իրար կպած երեք-չորս ֆուռերի շարասյանը, ապա ստիպված կարող է մեկ ժամ դանդաղ ընթանաք նրանց հետևից:


Ինչևէ:
Եվրոպական երեք շրջագայությունից հետո, մտա առաջին հերթին հարավկովկասյանի կայք:
Իհարկե ուզում էի տոմսերը օնլայն գնել:

Ավաղ: Պարզվեց, որ օնլայն տոմսերը 2000 դրամով ավելի թանկ են, քան կայարանի տոմսարկղում գնելիս:
Կյանքում որևէ կայքում չեմ տեսել այսպիսի աբսուրդ: Հակառակը, օնլայն նրանք ավելի էժան են լինում, քանի որ ծախսերը անհամեմատելի ցածր են, էլ չեմ ասում, որ շատ շատերը անցել են էլեկտրոնային տոմսի գաղափարին, տոմս չկա արդեն:

Դեռ 2009-ին Վիեննա-Պրահա տոմսը գնել եմ Երևանից, կայքով, մեծ զեղչով, ստացել եմ ընդամենը կոդ:
Գնացքում` Չեխիայի սահմանում, գնացքի մեջ ասել եմ այդ կոդը և վերջ: Անձնագիր անգամ չեն ստուգել:

Այստեղ Հայաստանում այլ է:
Այստեղ ռուսական կազմակերպություն է, որը անգամ "Հայկական երկաթուղի" բառն է վերացրել: Ի տարբերություն այսօր էլ գործող "Վրացական երկաթուղու", Հայաստանում այն վերանվանվել է "Հարավկովկասյան երկաթուղի":
Հայկական բառը ուղղակի վերացրել են:

Զանգեցի 1-84` երկաթուղու ինֆորմացիոն կենտրոն: Վերցրեց մի աղջիկ և ռուսերեն խոսեց
Ապշեցի: Հայաստանում պետական լեզուն հայերենն է, իսկ երկաթուղու 184-ով պատասխանում են ռուսերեն: Ես հայերեն հարցրեցի , նա անցավ կոտրտված հայերենի: Ասաց, պետք է գնամ տեղում բոլոր հարցերի պատասխանը ստանամ:

Գնացի: Տեղում պարզվեց, որ տարբեր ժամանակահատվածների` 
15.06.2014 - 30.06.2014, 01.07.2014 - 09.07.2014, 10.07.2014 - 20.08.2014 համար տարբեր գներ են: Իհարկե գնալով բարձրանում են գները:

Աշխատում էին երեք դրամարկղներ, դասական հայկական խառը հերթերով:
Տոմսարկղի կողքը` չկա ոչ մի ինֆորմացիա` վագոնների տեղերի դասավորության, գնացուցակի, ազատ տեղերի մասին:

Միայն շատ մեծ պաստառներ էին կախված` 1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի տեքստով և նկարագրություններով:

Կան չորս տեսակի տոմսեր` 
  • պլացկարտ` 12 170 ներքևի տեղ, 11 120 վերևի տեղ
  • կուպե` 18900 ներքևի տեղ, 17 630 վերևի տեղ
  • բարձր կոմֆորտայնությամբ կուպե` 20 880 ներքևի տեղ, 19 930 վերևի տեղ
  • լյուքս ` 28 590 դրամ:
Մնացյալ տեղեկությունները պետք է աղերսեիր, որ մուննաթով տոմսավաճառուհին ձայն հաներ: Այնպիսի տպավորություն էր, որ ես հարավկովկասյան երկաթուղու տոմսավաճառին մի բան պարտք եմ և չեմ վերադարձրել:

Երկար հոգեբանական գրոհից հետո, պարզվեց, որ հասանելի են միայն թանկ ...... "повышенный комфорт" և "люкс" տոմսերը:
Այստեղ տոմսավաճառներին պետք է հավատալ: Այլ ձև սպառողը չունի, քանի որ թափանցիկ չի հասանելի տեղերի բաշխվածությունը ըստ վագոնների:
15 օրվա կտրվածքով, դահլիճի հեռավոր անկյունում` տաբլոյի վրա, երևում են մնացած ընդհանուր ազատ տեղերը, սակայն` ավելի ուշ օրերինը, չեն երևում, իսկ բաշխվածությունն ըստ վագոնների` չկա ոչ մի տեղ, չկա վագոնների համարներով տեղերի սխեման:
Հարցին, թե ինչ է նշանակում` "повышенный комфорт" տեղերը, տոմսավաճառ տիկինը դուրս եկավ հավասարակշռությունից` տիպիկ ռուսական սպասարկման որակների լավագույն ձևերով:
Կողքի տոմսավաճառուհին էլ չկարողացավ բացատրել թե ինչով է այն "повышенный комфорт":
Հետագայում բաժնի պետը` Հունանյանը, իր առանձնասենյակում ինձ բացատրեց թե դա նշանակում է, որ այնտեղ կա Wi-Fi, յուրաքանչյուրին տալիս են մեկ անգամ սուրճ, մեկ թեյ, մեկ բնական հյութ, քաղցրավենիք, մեկ հանքային ջուր և հիգիենիկ պարագաներ` ատամի խոզանակ, հողաթափեր:

Կողքի դրամարկղի մոտ, տոմս գնած տղամարդուց տոմսավաճառը պահանջեց 10 դրամը, սակայն 100 դրամանոցի` 90 մանրը չէր ուզում վերադարձնել: Թե մանր չունեմ: Բայց նրանից 10ը պահանջում էր:  :)

Հարցին, իսկ կարող եմ Վիզա քարտով մուծել` նրանք կլոր աչքերով, զարմացած նայեցին ինձ վրա, թե ոչ, միայն կանխիկ փողով:

Բա, ժողովուրդ ջան:
Մոտենում են պայծառ մաքսային միության օրերը:
Մաքսային միության որակներին միշտ պատրաստ մարդիկ, արդեն նստած են` այս տոմսարկղներում: Նրանք հայեր են:
Կորչի էդ փչացած Եվրոպան:

Սա անցյալ տարվա Երևան-Բաթում գնացքն է


April 23, 2013

Տրանսպորտը քաղաքակիրթ աշխարհում և մեզ մոտ: Առաջարկներ նորընտիր քաղաքապետին:

Մեքենայիս անսարքությունը ստիպում է պարբերաբար օգտվել քաղաքային տրանսպորտից`
մետրո, տաքսիներ, երթուղային տաքսիներ, ավտոբուսներ:

Տոմս
Տուրիզմի զարգացումից խոսացողները երբեք չեն նշում տրանսպորտային միասնական տոմսի կիրառման բացակայության մասին Երևանում:
Նույն տոմսը պետք է գործի և մետրոյում, և ավտոբուսում, և տրոլեյբուսում, և միգուցե երթուղային տաքսիներում: Եվ ունենա նույն միասնական գին:
Սա կստեղծի միասնական վերահսկվող, հարկվող տրանսպորտային փոխադրումների հոսք:
Քանի դեռ գծատերերը կաթողիկոսից մինչև քաղաքապետերն են, իսկ տրանսպորտի նախարարը ոչ պրոֆեսիոնալ, ապա այս խնդրի լուծումը չի լինելու:

Բրյուսելում բիզնես կենտրոնների մոտ ոչ թե Խամմեր կամ Բենտլիներ են, այլ լիցքավորվող փոքրիկ մեքենաներ
Մետրո

Զարգացած աշխարհին մեզ հաղորդակից դարձնող միակ տրանսպորտային միջոցը այսօր մետրոն է: Ցավոք նոր կայարաններ չեն կառուցվում և չեն էլ նախատեսվում կառուցել:
Գոնե կառուցվեր օդանավակայանը մետրոյի ցանցին միացնող գիծը:
Իսկ եվրոպական բոլոր քաղաքաներում` մետրոն հիմնական ուղևորափոխադրողն է: Հետաքրքիր է, որ մետրոյի և տրամվայի տարբերություն օրինակ Բրյուսելում չես նկատի: Հենց մետրոյի կայարանում, թեկուզ գետնի տակ` գալիս է մեկ մետրոյի գնացքը, մեկ տրամվայը: Արտաքինից էլ դրանք քիչ են տարբերվում:

Բրյուգգեյում օրինակ բակերում հեծանիվի ավտոտնակներ են
Տրամվայ
Դանդաղաշարժ, խցանումներ ստեղծող, անիմաստ, կախվող ու վտանգավոր կտրվող լարերով տրոլեյբուսների փոխարեն ամենուրեք տրամվայներն են: Եվ արագ է, և ազատ, անպայման առանձին ճանապարհ ունի:
Երևանում պետք է վերականգնել տրամվայները:
Տրամվայի գծերը Բոննում չեն հատվում մյուս մեքենաների գծի հետ: Իրար նրանք չեն խանգարում



Տաքսի
Օրինակ Դյուսելդորֆում 3 կմ տաքսիյով երթևեկելը արժե 32 եվրո: Մի անգամ ստիպված օգտվեցի:
Օրինակ Սոֆիայում տաքսիստները օգտվում են կենտրոնական միասնական պատվերի համակարգից: 
Տաքսիստների մոտ մեքենայում կա պարտադիր 3 սարք`

  • GPS տեղորոշման համակարգը, փողոցների քարտեզներով, կարճագույն ճանապարհը որոշելու հնարավորությամբ: 
  • Հաջորդը ՀԴՄ տպող սարքն է, որի վրա ի դեպ տպվում է նաև կիլոմետրաժը և գինը, ժամանակը: 
  • Երրորդ սարքը դա առկա պատվերների միասնական արտացոլումն է քարտեզի վրա: Վարորդը ուղևորին իջեցնելուց, անմիջապես այդ կենտրոնացված պատվերների բազայից  ընտրում է իր հասցեին մոտակա ակտիվ պատվերը, գրավում է այն և կատարում պատվերը: Պատվերների գրանցման համակարգը միասնական է:
    Չկա անընդհատ էդ ռադիոյի խշշոցը մեքենայում: Չկան տարբեր` Քիսո, Փիսո, Պլյուս և այլ հետ չզանգող հեռախոսավարներ:

Ժամանող տրանսպորտի չվացուցակը Դյուսելդորֆում
Երթուղային
Այդպիսի տրանսպորտ չեմ հանդիպել ոչ մի տեղ: Սա պետքա ուղղակի վերանա մեր քաղաքում: Որպես մարդու իրավունքներին հակասող տրանսպորտ: 

Բոննում ավտոտնակները բազմահարկ շենքի են նման


Ավտոբուսներ
Ավտոբուսներում կարելի պարզվում է կանգնել և ՉԿՌԱՆԱԼ, գլուխը չծռել:
Մարդավայել կարելի է լենուբոլ նստել, շնչել, նայել պատուհանից: Հիշում եք չէ ֆրանսիական թեկուզ 10 տարվա հին ավտոբուսները: Հանեցին, իհարկե, մեր քաղաքացիներին չի կարելի օգտվել նորմալ տրանսպորտից:
Երևանի վայ կառավարիչները ներկրել են լիլիպուտների համար ավտոբուսներ` նեղ, ցածր, կանգնելու տեղի և հնարավորության ի սպառ բացակայությամբ:
Տպավորություն է թե ամբողջ ազգը տանկիստի մարմնի կառուցվածք պետք է ունենա` 150 բոյով:
Առանձնացված ճանապարհներ Դյուսելդորֆում` մեքենաների, հեծանիվների, մարդկանց համար

Ճանապարհներին կայանման խնդիրը
Շատ քաղաքներում խցանումներից խուսափելու համար ճանապարհի 1-ին գիծը նախատեսված է միայն ավտոբուսների համար: Անգամ տաքսիները 1-ին գծով չեն կարող քշել: Մեզ մոտ առաջին գիծը ծախել են պառկովշիկներին: Կայանումը քաղաքի կենտրոնում ահավոր թանկ պետք է լինի:

Ամստերդամում 10 ժամվա կայանման քարտը կենտրոնում 24 եվրո է

October 16, 2012

Ուսանող ժամանակ "տոմսի" գործ էինք անում::)))

Ուղիղ 20 տարի առաջ, երբ դեռ սովորում էի համալսարանում` 2-րդ կուրսում, 1992-93 թ․, շատ ծանր ձմեռ էր: Ի դեպ մինչև 1996 բոլոր ձմեռները շատ ձյունառատ ու ցուրտ էին, մինչև մարտի վերջերը մայթերին սառույցի հաստ շերտ էր լինում։ 

Լույսի մասին խոսք չկար, հացը ամենքիս տալիս էին օրական 200 գրամ, այն էլ կտրոնով:
Խանութները դատարկ էին և աշխուժանում էին այն օրերին, երբ ամերիկյան օգնության լոբի կամ մարգարին էին բաժանում:

Հաճախ հացը ստանում էին երեկոյան ժամը 10-11-ին, օրեր էին լինում՝ գիշերվա 1-ին և մենք խանութում հերթ էինք կանգնում մոմի լույսի տակ ու սպասում էինք այդ մեկ ու կես մատնաքաշին: Ամեն օր հացը լինում էր տարբեր գույնի ու որակի։ Մի օր դեղին, քանի որ եգիպտացորենի ալյուրից էին թխում, մի օր կանաչ, մի օր սև, մոխրագույն, բայց երբեք ոչ սպիտակ ու ոչ սովորական հացի որակի։ Հացը Երևան էին բերում նաև շրջանների հացի գործարաններից (օրինակ Արմավիրից, Իջևանից), որտեղ որ այդ պահին կար հոսանք կամ ալյուր։ Դրա համար ամեն օր տարբեր ժամերին էր այն գալիս։ 

Մեր կուրսի տղաներով տարբեր հնարքների էինք դիմում, որպեսզի մի քանի ռուբլի աշխատեինք, ուսմանը զուգահեռ: Տարբեր գործեր էինք նախաձեռնում:

Մեկը նկարներ էր նկարում և վաճառում Սարյանի արձանի մոտ գտնվող վերնիսաժում, մյուսը ֆոտոլուսանկարում էր փողոցում, մյուսը դոլարներ էր վաճառում սև շուկայում, մի քանիսս էլ համակարգչային խաղային ծրագրեր էինք բերում փոստով Մինսկից: Հետո սկսեցինք ծրագրեր գրել Բեյսիկով 'Վեկտոր' սովետական համակարգչի համար և վաճառել ծանոթներին:

Մեր համալսարանական խմբում Սուրեն կար Գյումրիից:

Նա Երևանում սովորելու ընթացքում ապրում էր վարձով:

Մի օր Սուրենը եկավ, թե լավ գործ եմ գտել: Ռոսիյա կինոթատրոնի դիմացի մայթում գտնվող երկաթգծի տոմսարկղներից, Երևան-Թբիլիսի տոմսեր էր առնում և երեկոյան տանում կայարանում վերավաճառում էր մեկնող վրացիներին:
Վրացիները այդ ժամանակ շատ էին գալիս  երևանյան շուկաներ: Նրանք արկղերով բերում էին մանդարին, կիտրոն, դափնու տերև - վաճառում էին ԳՈՒՄ-ի շուկայում: Երեկոյան էլ, հենց նույն օրը` գնացքով վերադառնում էին Թիֆլիս:
Նա առաջարկեց ինձ էլ առավոտյան գալ՝ իր հետ տոմս գնելու:
Մեր կրթաթոշակի համեմատ ահագին մեծ գումար էր: Սակայն տոմսերը տալիս էին սահմանափակ, յուրաքանչյուր գնորդին 3 տոմսից ոչ ավել:
Տոմսարկղերը բացվում էին առավոտյան 8-ին և կես ժամվա ընթացքում բոլոր տոմսերը վաճառվում էին: Վրացիներին այլ տարբերակ, քան գնել վերավաճառողներից չէր մնում:

Շուտով հասկացանք, որ տոմսերը դրամարկղից՝ անգամ առավոտյան, վաճառում են շատ քիչ քանակով: Երկաթգծի այդ օրերի տերերը իրենք էին տակից հետո վաճառում բազմակի թանկ անգամներ:
Առավոտյան վաճառածը կազմում էր տոմսերի մի 10 տոկոսը` դա էլ ձևականորեն, իբր թե մարդկանց էլ են ազատ վաճառում:

Ձմեռը սաստիկ էր: Քաղաքում մեքենա չկար: Լենինի հրապարակը դատարկ էր և պատված ձյունով: Մարդիկ տեղաշարժվում էին կամ ոտքով կամ մետրոյով:

Առավոտյան գնացի, հաղթահարեցի հայկական հերթի դժվարությունները և գնեցի այդ 3 բաղձալի տոմսերը:
Տոմսերը  հաստ ստվարաթղթից էին, ուղղանյունաձև: 3-ն էլ Սուրենը գնեց:


Երեկոյան ժամը 7-ից ես ու Սուրենը երկաթգծի կայարանում էինք: Գնացքը պետք է մեկներ 20.30-ին:
Վաճառեցինք այդ 6 տոմսերը և ուրախացած գնացինք տներով:

Միլիցիոներները թույլ չէին տալիս, որ իրենց անծանոթ մարդիկ կայարանում կանգնած տոմս վաճառեն: Միայն իրենց ծանոթները պետք է վաճառեին: Մենք ներկայանում էինք, թե տոմսը գնել ենք, որ գնանք Թիֆլիս, բայց չի ստացվում գնալը, դրա համար պետք է տոմսը վաճառենք ինչ-որ մեկին: Այդ հնարքը կարող էր աշխատել 1-2 անգամ:
Կար 2 տարբերակ` կամ մտնել իրենց մենթական մաֆիայի տանիքի տակ և մուծվել նրանց, կամ էլ դուրս գալ այդ 'բիզնեսից':

 Մենք ընտրեցինք 2-րդ տարբերակը:

Այդ օրը մենք կարող էինք մեզ թույլ տալ գնել բժշկական ինստիտուտի հացի սև շուկայից, առանց կտրոն, թանկ,  հավելյալ հաց և տանել տուն: Մեր վաստակածը դա թույլ էր տալիս: