December 10, 2019

Գիւղական տպաւորութիւններ, Մաս 2


"Մշակ" թերթից իմ մեջբերած հոդվածաշարի առաջին մասը շատ մեծ հետաքրքություն առաջացրեց մեր հայրենակիցների շրջանում, քանի որ հետ գնալ 130 տարի և ականատեսի աչքով տեսնել Գյուլիստանի մելիքության գյուղերը, մեր նախնիների  կենցաղը, աշխատանքի նկարագիրը, ծեսերը, վանքերը և ժամանակի առկա խնդիրները՝ բացառիկ երևույթ է։

Ես հոդվածը մուտքագրել եմ այնպես, ինչպես որ հեղինակն է տպել 1890 թվականին՝ Թիֆլիսի "Մշակ"  թերթում՝ ոճը և տառասխալները պահպանելով։

Այսօր Ձեզ եմ ներկայացնում հաջորդ՝ երկրորդ մասը։
Ավելացրել եմ միայն նկարներ, որպեսզի անծանոթ ընթերցողին  ավելի հասկանալի լինի թե ինչպիսի բնության և երկրամասի մասին է խոսքը՝ մեր անկրկնելի հայրենիքի՝ հայկական Հյուսիսային Արցախի մասին։


Գիւղական տպաւորութիւններ
Մշակ, N76, 7 յուլիսի, 1890 թ, Թիֆլիս


   Յուլիսի 2-ին ճանապարհ ընկանք դէպի Վերի-շէն։ Այդ գիւղից մեզ հարկաւոր էր մի մարդ՝ Գիւլիստան գիւղն առաջնորդելու համար։ Արդէն ժամը 10-ն էր, երբ հասանք Վերի-շէն։ Դէս ընկանք։ Դէն ընկանք, Գիւլիստան գնացող մարդ չը գտանք։ Գիւղացիք մի տեղ գնալու ժամանակ առհասարակ վաղ առաւոտեան են գնում, ուրեմն մենք ուշացել էինք։ Ամբողջ ժամուկէս պտրելուց յետոյ, վերջապէս մի երիտասարդի առաջնորդութեամբ  ուղևորվեցանք դէպի Գիւլիստան գիւղը։


Գյուլիստան գյուղը։ Նկարը՝ Գյուլիստանի մելիքների տոհմի ժառանգ Սերգեյ Աբովյանի

  Հասանք Գիւլիստան գիւղը, եկեղեցու մօտ իջանք։ Չանցաւ մի երկու րօպէ, երկու գիւղացի եկան մեզ մօտ, “բարաջողում” ասեցին ու հրաւիրեցին իրանց տները։ Մենք գիւղում իջևանելու տեղ ունէինք, ուստի հիւրասէր գիւղացիներին՝ շնորհակալութիուն յայտնելով, մերժեցինք։ Մեր իջևանելու տեղը գիւղի քահանաներից մէկի տունն էր։ 
Քահանան մեզ տեսաւ, մեր “օրհնեա Տէր”-ին իբր պատասխան հարցրեց թե ու՞ր ենք գնում։ Մենք ճարահատեալ պատասխանեցինք՝ “Գիւլիստանի բերդը”։   Քահանան մեզ ցոյց է տալիս դէպի բերդը տանող ճանապարհը։ Մենք էլ փոխանակ հանգստանալու “հիւրասէր” տէր հօր տանը, նորից ճանապարհ ընկանք դէպի Գիւլիստանի բերդը, դժուարութեամբ տեղ հասնելով։ 


Գյուլիստանի բերդը։ Նկարը Սամվել Կարապետյանի

  Առաջ մտանք բերդի մօտ գտնվող ամրոցները, նայեցինք։ Այդ ամրոցները չորս հատ են, որոնցից երեքն աւերված։ Յետոյ՝ մի կերպ բարձրացանք բերդը։ Այս այն բերդն է, որին Մէլիք-Բէգլար I-ը, Թալիշի կամ Գիւլիստանի մէլիքների իշխանութեան հիմնադիրը, տիրապետեց և նորոգեց այդ իսկապէս անմատչելի ամրոցը։ Այդտեղ նա հաստատեց իր բնակութիւնը։
  Բերդը շինած է մի սարի գագաթին, շրջապատված է չորս-հինգ պարիսպներով, մի քանիսը կիսաւեր։ Միջնաբերդը նեղ է և բաւական երկար։ Միջնաբերդի երկարութեամբ, աջ ու ձախ շինած են սենեակներ, որոնցից շատերը աւերված, կիսաւեր դրութեան մէջ են։ Միջնաբերդի հարաւային կողմից կայ մի ծածուկ գետնաճանապարհ դէպի բերդի ստորոտում հոսող գետակը։
  Բերդի հանդէպ՝ դեպի արևմուտք վեհ և խրոխտ կերպով կանգնած է Մռաւ լեառը (Ղարաբաղի ամենաբարձր սարերից մէկը -11219 ոտնաչափ ծովի մակերևոյթից բարձր), երկար ու ձիգ դարերի ընթացքում այստեղ կատարված անցքերի այդ անխօս վկան։ Նա լուռ ու մունջ կերպով, կարծես դիտում է իր շուրջը կատարվող անթիւ, անհամար գործողութիւններից ու տեսարաններից բաղկացած տրագի-կօմեդիան, որ կեանք է կոչվում ….


Մռավ լեռը
  Միւս օրը, վաղ առաւօտեան, դուրս եկանք դէպի Բուզլուխ։

  Ճանապարհին՝ աջ ու ձախ ընկած դաշտերում, սարերի լանջերի վրա գիւղացիք՝ երկար կոթերով մանգաղները ձեռներին, կտաւի և հասարակ չթի հալաւները հագներին, գլխներին կապած մի մի խայտաճամուկ թաշկինակներ, շարէշար անցնելով, արիւն քրտինք մտած, հնձում էին կանաչ խոտը։ 


Հնձվորները Բուզլուխում։ 1932 թ։ 

Մի փոքրիկ խմբիկ էլ նստած հանգստանում էր, մի այլ խմբիկ էլ քարի սրոցներով մանգաղներն էր սրում։ Մի այլ տեղ երկու երեք օր առաջ հնձած խոտն էին շուռ տալիս միւս կողմի վրա, որ լաւ չորանայ։ Մի երրորդ տեղ էլ արդէն չորացածն էին հաւաքում։ 


Բուզլուխի խոտ հնձողները։ 1932 թ։  Կենտրոնում Մեխակ Ղազարյանն է։ Նկարը բուզլուխեցի Մնացական Հովհաննիսյանի

  Գիւղացիների այս աշխատանքի ժամանակ հայ գեղջկուհին ոչ պակաս գործ է կատարում։ Հայ գեղջկուհին տանը եփում, թխում, ջուր կրում, լուացք, կար անում, խալիչա, կարպետ, չուալ, զանազան տեսակ շալեր և այլն և այլն գործում, այդ գործուածքների համար թել մանում, պատրաստում, բացի սրանից նա՝ իր սեռին յատուկ փափկութիւնը մոռանալով, դաշտ է գնում, տղամարդուն օգնում՝ հնձած խոտը շուռ տալիս, չորացնում, հաւաքում, տղամարդու հետ սայլ բռնում, տուն կրում, մարաղի գլխին սարքում, դէզ տալիս, յետոյ կալի ժամանակը ցորենը, գարին, կորեկը կասում, թեղը քամում, դարմանը մարագն ածում…. Ահա թէ ինչպէս է անցկացնում ամառը անխոնջ հայ գեղջկուհին։ 


1932 թիվ։ Բուզլուխի կանայք՝ երեխաների հետ դաշտում։ Նկարը բուզլուխեցի Մնացական Հովհաննիսյանի։
  Ճշմարիտ, մարդ զմայլվում է, սիրտը մի տեսակ ուրախ տրոփում, երբ տեսնում է գեղջկուհուն և գիւղացուն սար ու դաշտ ընկած, արևի կիզիչ ճառագայթների տակ, ձեռք ձեռքի տուած միասին աշխատելիս։ Գիւղացին և գեղջկուհին ամբողջ ամառը առաւօտեան ժամ 3-4-ից մինչև երեկոյեան ժամի 9-ը ոտի վրա աշխատում են ու աշխատում։


Բուզլուխեցի ամուսինները դաշտ են գնում։

  Դեռ լոյսը չը ծագած, լուսադէմին մօտ, քնի այդ “քաղցր” ժամանակը, պատահել է ինձ լսել հեռուից մի ձայն։ Քնից մի կերպ սթափվելով մարդ ուշադրութիւնը լարում ու սպասում է, և ահա դաշտերի կողմից, այդ իսկ և իսկ գերեզմանային լռութեան միջից մարդու ականջին հասնում են “հօ՜, հօ՜” խուլ և մելամաղձոտ ձայները։
    Անցնում են մի քանի րոպէներ, ձայները որոշվում են․ լսում եմ սայլերի քաղցր ճռճռոցը և գիւղացու առոյգ ձայնը․ “հօ՜, հօ՜, ծաղիկ, հօ՜, Սալբի, հօ՜, ջան”։ Այդպէս է գիւղացին եզներին քշում, նրանց խրախուսելով, “ջան”, “մատաղ”, “սադաղ” ասելով։ Նա խոտն է տուն կրում կամ ցորենի և գարու խուրձերը կալը։ Հէնց այդ ժամանակ գեղջկուհին կուժն է վերցնում, գնում, աղբիւրից կամ գետից ջուր բերում, յետոյ տաւարը կթում, հովւին յանձնում, տունը սարքում, կարդում, տնային բոլոր գործերը վերջացնելուց յետ դաշտը գնում՝ ամուսնուն, հօրը կամ եղբօրն օգնում։ 



Կանայք աղբյուրի մոտ
  Այդպէս՝ գիւղացիք ամբողջ ամառը դադար չունեն։

  Աշունն եկաւ թե չէ, գիւղացին կեռ ու գութանն է վերցնում, լծի գոմէշներ կամ եզներն առաջն անում, դաշտը գնում, վար ու ցան անում։ Այս աշխատանքից յետոյ նա անտառն է գնում, փայտ ու ցախ կտրում, սայլը լցնում, տուն կրում․ բակումը դարսում, ձմեռվայ իր ընտանիքի վառելիքի պաշարը պատրաստում։
  Այս բոլորն անելուց, վերջացնելուց յետ մեր գիւղացին իրան ազատ է համարում ամեն աշխատանքից։ Նա մատնվում է անգործունէութեան, բառիս բուն նշանակութեամբ։ Նրա  միակ գործն ամբողջ ձմեռվայ ընթացքում - իր լծի տաւարը տաք գոմում պահել, պաշտպանելն է։ Իսկ օրվայ մեծ մասը գիւղացին անց է կացնում տաք բուխարու, կամ հնոցի մօտ, երդիկի տակ՝ ծալապատիկ նստած, ծխախոտը բռնած, ծանր ու բարակ ծխելով, կատարեալ նիրհում է։


1992 թ-ից բռնազավթված Բուզլուխը ձմռանը

  Ի՞նչ ասել է տնայնագործությիւն, մեր գիւղացին բոլորովին չը գիտէ։ Մեր խօսքը գեղջկուհու մասին չէ․ նրա համար “հանգստութիւն” բառը գոյութիւն չունի․ գեղջկուհին ամառ թե ձմեռ, գարուն թէ աշուն դադար չունի․ նա միշտ աշխատում է ու աշխատում։ Որքան ժիր, գործունեայ, աշխատասէր է գիւղացին տարվայ միւս եղանակներին, այնքան նա ծոյլ, գործից, աշխատանքից խուսափող է ձմեռը։ Մեր հարցերին, թե ինչու տնայնագործութեան մի որ և իցէ տեսակով չեն զբաղվում, գիւղացիք մեզ պատասխանում էին․ “մեր մարդը էդպես պըներին սովոր չի։ Մերն էնա սաղ (ամբողջ) տարին աշխատե՜նք, ձմեռը նստենք, ու՜տենք”։ 
  Այդպէս է նայում տնայնագործութեան վրա մեր տեսած գիւղերի բնակիչների մեծամասնութիւնը։

  Մի քանի օրից յետոյ վերադարձանք Գետաշէն գիւղը։ 
  Գետաշէն գիւղը գտնվում է Քիւրակ-չայ գետի վրա, մի նեղ ձորակի մեջ։ Գետի ջուրը համեղ է և առողջարար, իսկ կլիման վատառողջ։ 446 ծուխ ունի, 2558 բնակիչներով։ Բնակիչների մեծ մասը գաղթած են այստեղ Ջրաբերդ գաւառից։ Տեղացի ծերունիների պատմելով, երբ Ջրօրհնեաց տօնին (1804) ռուսները տիրապետում են Գանձակին, երկու-երեք ամսից յետոյ մօտ 900 տուն Ջրաբերդից գաղթում են Գանձակ։ Այս գաղթականների կէսը գնում է Գանձակի գաւառում գտնվող Ոսկանապատ գիւղը։ Այս գիւղը նրանք չեն հաւանում։ Իշխան Ցիցիանօվ նրանց առաջարկում է այժմեան Ելենենդօրֆ գերմանական գիւղի տեղը։ Բայց նրանք այդ տեղն էլ չեն հաւանում, գալիս են վերջապէս Գետաշէն գիւղը, ուր 100 տուն բնիկներ են լինում։ Հանգուցեալ Րաֆֆին իր “Խամսայի Մէլիքութիւններ” աշխատութեան մէջ այդ գաղթական ընտանիքների թիւը 300 է հաշւում, դրանց մի մասը Գանձակում մեռնում է, մնացածը փախչում է Ոսկանապատ։ Բայց նրանց Գէտաշէն գալու մասին Րաֆֆին ոչինչ չէ ասում։ Որ գետաշենցոց մեծ մասը Ջրաբերդից գաղթածներ են, այդ հաստատվում է և նրանով, որ պաշտօնական մի քանի թղթերում այդ գիւղը մինչև օրս էլ անուանվում է նաև Ջրաբերդ։  
Գետաշեն

  Ժողովուրդը պարապում է երկրագործութեամբ, մասամբ և մեղուաբուծութեամբ։ Գետաշենցիք վարելահողի պակասությիւն են զգում։ Հողի քչութիւնն է պատճառ, որ գետաշենցիք՝ ընդհանրապէս վերցրած, քիչ չքաւոր դրութեան մէջ են գտնվում։

  Գիւղում կայ երկու դպրոց՝ մեկը արքունական, միւսը հայոց եկեղեցական - ծխական։ Այդ դպրոցները յաճախում են և Գետաշէնի շրջակայքում գտնվող Սուլուկ, Հաջի-շէն և Ղարաբուլաղ հայ գիւղերի երեխաները։Արձակուրդների պատճառով դպրոցների մասին մանրամասն տեղեկութիւններ չը կարողացանք ձեռք բերել։


Բռնազավթված Գետաշենի ս.Մարիամ աստվածածնի եկեղեցին մեր օրերում

  Գիւղն ունի երկու եկեղեցի։ Այդ եկեղեցիներից փոքրի մէջն է գտնվում Րաֆֆիի “Խամսայի Մէլիքութիւնների” մեջ յիշած գրչագիր գեղեցիկ աւետարանը։ Այդ աւետարանը մագաղաթեայ է, կազմը արծաթից և քանդակագործած․ գրողն է մի ոմն Նիկողայոս։ Գրված է երկաթագիր տառերով “ի հայրապետութեան հայոց տեառն Յակոբայ …. Ի թագաւորութեան Պարսից Շահ-Սէփին և Նախիջևանայ խանի Ալղուլի”։ Շահ-Սէփին Շահ-Աբաս մեծի թոռն էր։ Առաքել վարդապետ Դավրիժեցու ասելով, Շահ-Սէփին թագաւորել է 37 տարի (1629-1666 թւականը)։ Ուրեմն աւետարանը այդ ժամանակւայ ձեռագիրներից է։ Այդ աւետարանը մի ժամանակ գերի է ընկնում։ Գերութիունից նրան թափում է Ջրաբերդի Մէլիք-Իսրայէլեան Մէլիք-Հաթամ մեծը 1753 թուականին։


Բռնազավթված Գետաշենը մեր օրերում

  Գետաշէնը Գանձակի գաւառում յայտնի է իր “գիւլիւմ” ասողներով։ Գիւլիւմն ասում, կամ, աւելի ճիշդն ասած, երգում են Վարդավառի նախընթաց գիշերը։

(կը շարունակվի)

Մաս 1-ինը նայեք այստեղ
Մաս 3-րդը նայեք այստեղ

Մաս 4-րդը նայեք այստեղ