Երևանցիների անտարբերության մասին դեռ 150 տարի առաջ է գրել Րաֆֆին։
Շատերը չարախնդում են, թե մինչև թուրքը չհասնի Մասիվ, Կոմիտաս, կամ 3-րդ մաս, երևանցիները տեղից չեն շարժվի։ Րաֆֆին փաստում է, որ անգամ այդ դեպքում երևանցիները տեղից չեն շարժվել, դեռ 150 տարի առաջ։
Այն ինչ այսօր կատարվում է Սյունիքում, Գեղարքունիքում, Արցախի մասին չեմ էլ ասում (այն լիովին մոռացվել և ձեռքերը լվացվել է օրվա իշխանավորների կողմից և հանձնված է ռուսական խնամակալությանը) չի վերաբերվում երևանցիներին։
Մեջբերում․
Երևանը, յուր դիրքին նայելով, դարձյալ մնացել է թուրքի քաղաք: Ասիական կեղտոտությունը տիրում է ամեն առարկայի վերա, սկսյալ մարդիկներից, մինչև փողոցները, հրապարակները և տները: Թուրքը այստեղ նույնպես կատաղի է և նույն արհամարհանքով է նայում քրիստոնյայի վերա, որպես Հասան խանի ժամանակ: Զարմանալին այն է, որ հայերը տակավին հին երկյուղի նախապաշարմունքից չեն ազատվել, մահմեդականի անունը մինչև այսօր նրանց վերա սարսափ է ազդում: Պատճառն այն է, որ այդ ազգը դեռ մնացել է յուր վաղեմի բարբարոսության մեջ, իսկ հայը հին ստրկական բնավորությունը չէ փոխել: Շատ անգամ թուրքի գործած, բայց հայերին հայտնի եղած մի չարագործություն մնում է ծածկված և անպատիժ: Երբ ասում ես հային. — ինչո՞ւ չես գնում և հարկավոր տեղում հայտնում: Նա տալիս է այս սովորական պատասխանը. «Ի՞նչ անեմ, անօրեն է, վնաս կտա...»: Ինձ պատահեց այս տարի հունիս ամսում գտնվել Երևանում: Բայազետի աղետավոր լուրը դեռ նոր էր հասել այդ քաղաքը: Գիշեր էր, երբ նահանգապետը Իգդիրից վերադարձավ և ոստիկանության միջոցով հայտնեց հայերին, թե վտանգ է սպառնում, թող իրանց պահպանեն...
Սոդոմի և Գոմորի կորստական գիշերը այնքան սարսափելի չէր կարող լինել, որպես այն գիշերը երևանցոց համար: Մի քանի րոպեում քաղաքը լցվեցավ ողբով, աղաղակներով: Ընդհանուր խռովությունը տիրեց ամեն տեղ: Փոքրիկ տների գերդաստանները փակվում էին մեծ տներում, հարևանի մոտ պատսպարան գտնելու, հույսը դնելով շինվածքի ամրության վերա: Վաճառականները խանութներից իրանց ապրանքը փոխադրում էին և թաքցնում տների խուլ անկյուններում: Այսպիսի դեպքերում հայը ամեն բանից առաջ մտածում է յուր սիրելի ապրանքի վերա: Ամեն րոպե սպասվում էր, թե քսան հազար քրդի ձիավորներ կլցվին քաղաքը, և տեղացի թուրքերն ևս նրանց հետ խառնվելով, հայերին կկոտորեն, կթալանեն...:
Այս օրհասական տագնապի միջոցին ես կանգնած էի մի կտուրի վերա, իմ չորեք կողմից լսելի էին լինում խառն հառաչանքի ձայներ: Ամեն մարդ շտապում էր փախչել... Ամեն մարդ թաքուստ էր որոնում… բայց ոչ ոք չէր պատրաստվում դեմ դնել թշնամուն, կռվել, սպանել և սպանվիլ, և ապա յուր կինը, աղջիկը հանձնել հաղթողի կամքին...
Թուրքերի տանիքներից արդեն լսելի էին լինում հրացանների խուլ որոտմունք, նրանք ձևացնում էին որպես թե պատրաստվում են հարձակվող թշնամու դեմ: Իսկ հայերի տանիքների վերա տիրում էր. գերեզմանական լռություն: Զենք ասած բանը նրանց տներում չկար: Հայը զենքից այնքան է խորշում, որքան սատանայից:
Իմ աչքի առջև ներկայանում էր հայը յուր ամբողջ պատմական այլանդակությամբ: Եվ ես լցված խորին ատելությամբ, ասում էի այս խոսքերը, «Թո՜ղ գան, թո՜ղ կոտորեն, թո՜ղ ձեր կանայքը ձեր աչքի առջև անպատվեն, դուք սովորել եք այդ բաներին... այսպես էին և ձեր պապերը, այնպես էլ մնացիք և դուք... — Ով որ յուր գլուխը պահել չէ իմանում, կոտորելու իրավունքը ինքն է տալիս թշնամուն: