Նա ուժի և հզորության մարմնավորումն է:
Բայց մի փոքրիկ դրվագ մեջբերեմ, որը լրիվ հակառակն է ցույց տալիս:
Գիտեք, թե գյուղական հարսանիքները ինչպիսին են:
Ամբողջ գյուղը օրեր շարունակ նախապատրաստվում է այդ իրադարձությանը:
Ամեն մեկը մի գործ է անում հարսանեկան տանը: Կանայք ինչ-որ ուտեստներ են պատրաստում, աման-չամաններ բերում իրենց տներից, բոլորը հագնում են իրենց տոնական ոչ ամենօրյա հագուստները: Տղամարդիկ սեղան-աթոռ, իշաոտնուկ են պատրաստում, փայտ կոտրում, խորոված-խաշլամայի պատրաստություններ տեսնում:
Իսկ մենք երեխաներս, ոտքերի տակ էինք ընկնում, վազվզում էինք:
Ինչ-որ աննկարագրելի սպասում կար այդ ամենի մեջ: Պետք է տեսնեինք հարսին և փեսային:
Սպասում էինք այն պահին, երբ գյուղի ծայրում կերևա խնամիների մոտեցող շարասյունը` բարձր ազդանշաններով:
Ցլիկին, որին պետք է շուտով մորթեին, գցել էին մի բաց փայտյա ախոռի մեջ:
Մենք` փոքրերս, խոտ էինք նրան տալիս, ջուր էինք լցնում ամանի մեջ: Բայց նա ոչ ուտում էր, ոչ խմում` հրաժարվում էր:
Տղամարդիկ հաջորդ օրը բերեցին իրենց տներից տարբեր չափերի դանակներ, որը տարին մեկ անգամ օգտագործեին թե ոչ, հաստ թոկ-պարանը, որպեսզի մորթելուց առաջ ցլիկի ոտքերը կապեն:
Մորթելը ամեն մեկին չէր վստահվում: Մեկ-երկու հոգի կար գյուղում, որ մեծ անասուն էր կարողանում մորթել:
Այս խեղճին հանեցին ախոռից, կապեցին միաժամանակ ոտքերը և գլուխը պարանով և մի քանի հոգով քաշեցին-գցեցին գետնին:
Մեծերի համար դա սովորական տեսարան էր: Բայց մենք երեխաներս ցնցված և սարսափած էինք:
Ցուլը գետնին էր: Վերջին ակնթարթներն էին:
Այս արցունքները, որ հոսեցին նրա աչքերից, առայսօր հիշողությանս մեջ են:
Նա չէր կարողանում խոսել, արտահայտել իր զգացմունքը:
Ասուն չէր:
Հզոր կենդանին անկարողությունից և սպասումից լաց էր լինում:
Բայց մարդը կանգ չէր առնում:
Հարսանիք էր....