January 7, 2013

Ոնց որ թե նույն 37 թվականի նախադրյալներն են

Ինչ նախադրյալներ կային 1937-38 թվականների համար:

Ինչու են մարդիկ մատնել իրար? Հարևանը, գործընկերը, աշխատակիցը, բարեկամը ինչու էին կեղծ կամ իրական ցուցմունքներ գրում, որոնք հատուկ 'տռոյկաները' 24 ժամվա մեջ ի կատար էին ածում` գնդակահարում?

Նախադրյալները հետևյալն էին, իմ կարծիքով`

1. Հեղափոխությունից հետո սահմանները փակ չէին: Անհամաձայն տարրերը կարողացան հեռանալ երկրից: Եկան նաև արտասահմանից շատ մարդիկ` գիտության, արվեստի: Տեղաշարժման ենթակա մասը տեղաշարժվեց:
Մնաց մեծամասամբ հանդուրժող մասը:

Ու այդ պահին նոր փակեցին ամեն ելք ու սկսվեց ներքին մաքրումը:
Այդ ժամանակ սկսվեցին ԽՍՀՄ ամենասոսկալի տարիները: Երբ մեկ բառի համար մարդուն կարող էին արտաքսել Ալթայ:

2. 1924 թվականից սկսած կուսակցություն էին ներթափանցել միլիոնավոր կարիերիստներ, որոնք կուսակցության գաղափարների հետ ոչ մի ընդհանրություն չունեին: Կուսակցության 'հնաբնակները' նորեկների աչքերում անարդարացի արգելք էին հանդիսանում, որը պետք է վերացվեր, իշխանության ավելի բարձր կետերին հասնելու համար:

3. Պատերազմներից ու հեղափոխություններից հետո մեկ մարդու կյանքը արժեք չէր ներկայացնում: Մահը շատ սովորական և ոչ արտառոց բան էր դարձել:

4. Երկարամյա բարեփոխումները արդյունք չէին տալիս: Պետք էր մեղավորներ գտնել: Եվ սկսվեցին հալածանքները, որի նախաձեռնողը հենց կուսակցությունն էր:

5. 30-ական թվականներին ամբողջ պետական ապարատը միաձույլ էր, բոլոր ճյուղերով` գործադիր, օրենսդիր, դատական: Դրանք ղեկավարվում էին մի կենտրոնից:

6. Ազատ ընտրություններ չկային: Մեկ թեկնածու կարող էր միայն առաջադրվել ու ընտրվել:

Բոլոր կետերում նմանություններ կան մեր իրավիճակին: