January 3, 2013

Ազատ ձին գայլի ճիրանը չի ընկնի


Դպրոցական արձակուրդներս անցնում էին Հյուսիսային Արցախում:
Ամբողջ ուսումնական տարին սպասում էի հունիս ամսվա սկզբին, որպեսզի Երևանի ավտոկայանից Շահումյանի ավտոբուսներով հասնեմ Ներքին Շեն, այնտեղից էլ վիլիսներով` Սառցաշեն:


Երևանի ավտոկայանից դեպի հայկական Հյուսիսային Արցախի շրջաններ ամեն օր ավտոբուսներ էին շարժվում` դեպի Դաշկեսան, Շամխոր, Շահումյան, Գետաշեն, Խանլար, Բանանց: 
Վերջին անգամ ամռանը այնտեղ էի 1989 թվականին: Այդ տարվա օգոստոսից ավտոճանապարհները փակվեցին: Դրանից հետո սկսվեց Շահումյան-Գետաշենի մաքառումների հազար օրը, որը տևեց մինչև 1992 թվականի հունիսի 13-14ը:

Շատ պատմություններ կան, որոնք ժամանակին կներկայացնեմ բլոգում: 

Ադրբեջանը  հայկական տարածքներում ոչ մի ճանապարհ չէր սարքում: Դրանք հողային էին, դաշտային: Հաճախակի անձրևներից հետո միակ փոխադրամիջոցը դառնում էր տրակտորը կամ վիլիսները, իսկ ամենատարածվածը ձին էր (կամ էշը :) )
..........
Մեր սպիտակ գեղեցկուհուն գնել էինք Գետաշենից: Ձին երիտասարդ չէր: Բայց Մռավի փեշերը հաղթահարելու համար ձին անփոխարինելի էր:
Մեր տան կողքով հաճախ էին անցնում ձիավորներ, որոնք տեսնելով մեր` երեխեներիս, խնդրագին հայացքները` նստեցնում էին և մի քանի հարյուր մետր մեզ տեղափոխում: Մեր ուրախությանը  սահման չկար: 

Եթե որևիցե տան կողքը կապած մի քանի ձիեր են` ուրեմն այդ տուն  հյուրեր են եկել:

























Սպիտակ գեղեցկուհին շատ բարի էր: Թողնում էր մեզ մոտենալ, շոյել, անգամ նստել: Չէր խրթնում անծանոթներից: 
Երբեք նա իր ձիավորին վայր չէր գցել:

Առանց թամբի, իհարկե, դժվար էր նստելը, քանի որ սողում - վայր էինք ընկնում ձիուց: Մեր ոտքերը հազիվ էին հասնում թամբի երկաթյա ասպանդակներին:

Մի օր հետևյալը կատարվեց:
Մեր ընկերներից ավագը` Դիմոն, նստեց սպիտակ գեղեցկուհու վրա, սանձը քաշեց, ոտքերը ասպանդակներում հարվածեց ձիու փորին, որպեսզի նա տեղից շարժվի: Մի երկու հարվածից հետո, ձին ծառս եղավ` կանգնեց հետևի երկու ոտքերի վրա, իսկ առաջին երկուսը օդ բարձրացրեց: 





























Զարմացել էինք նրա այդ ունակության վրա:

Հետո` երաշտություն լսելուց, նա սկսում էր ոտը ոտքին գցելով կողք շարժվել` պարում էր: 
Այդպես հայտնաբերեցինք ու հետո նաև պատմածներով իմացանք, որ մեր գեղեցկուհին կրկեսի ձի է եղել: Տարիքի պատճառով վաճառել էին: Եվ հետագայում նա հայտնվել էր մեզ մոտ:

Բայց մարդը անսխալ չէ:
Մի օր երեխաները նրան տարել անտառի եզրին` ոտքից կապել էին թոկով, որպեսզի արածի: Այդպես մեկ-երկու օր թողել էին դաշտում:
Չէին իմացել, որ ձիուն չեն կապում: Ազատ ձին գայլերի ճիրանը չի ընկնում: Բայց կապածը, ավաղ ընկել էր....