Showing posts with label Հայկական Ծրագրեր. Show all posts
Showing posts with label Հայկական Ծրագրեր. Show all posts

December 26, 2024

Ամերիաբանկի ծրագրավորողները թաքնվում են զանգերի կենտրոնի հետևում

Այսօրվա զանգը Ամերիաբանկից ստիպեց ինձ առանձին այս հոդվածով ցույց տալ անխտիր բոլոր բանկերում առկա տեխնոլոգիական ծանր վիճակը։

Պարզ փորձեմ ներկայացնել խնդիրը։

Բանկերը շատ դանդաղ, բայց գնում են դեպի մատուցվող ծառայությունների թվայնացում։
Սակայն թվայնացման գործընթացը ունի օբյեկտիվ (Հայաստանի օրենսդրություն, Կենտրոնական բանկի սահմանափակող կանոնակարգեր, Հայաստանի կապի որակ, Կրթության ցածր որակ) և սուբյեկտիվ (տեխնիկական անձնակազմի պրոֆեսիոնալիզմ, ղեկավարության անտեղյակություն ՏՏ խնդիրներից, սպասարկող անձնակազմի թույլ տեխնիկական գիտելիքներ) դժվարություններ ու խոչընդոտներ։

Բանկերում ծրագրային ապահովումը հանդիսանում է նրանց հոսքագիծը, ամենօրյա արտադրանքի հիմնական միջոցը, միջավայրը։ Եթե ծրագրային ապահովումը բանկում չի աշխատում գեթ մեկ րոպե, բանկը կաթվածահար է լինում։ Ի տարբերություն ձեռնարկություններում աշխատող համակարգերի, որոնք զուտ հաշվառման խնդիր են կատարում և ժամանակավոր խափանումները այդքան աղետալի չեն, որքան բանկերում։

Հայաստանում այս պահին գործող 18 բանկերից ոչ բոլորն են կարողացել ստեղծել սեփական ինտերնետ/մոբայլ բանկ համակարգերը։
7 բանկ օգտագործում է Հայկական Ծրագրերի մշակած ինտերնետ/մոբայլ բանկ համակարգը (որի ստեղծման ակունքներում նաև Ձեր խոնարհ ծառան է։ Ես կատարել եմ այդ համակարգի սկզբնական ֆունկցիոնալ, տեխնիկական ու շուկայական անհրաժեշտության հիմնավորումը։ Երբ դեռ հայկական շուկայում չկար նման ոչ մի համակարգ, մի քանի ամիս ուսումնասիրել էի համաշխարհային փորձը և մի քանի պրեզենտացիաներ եմ կատարել որոշումներ կայացնող շահագրգիռ կողմերի համար), որը մեծ հաշվով ունի նույն ֆունկցիոնալությունը այդ 7 բանկերում, որոնք այսօր չունեն մրցակցային առավելություններ, սեփական համակարգեր ստեղծած բանկերի համեմատ։ Մի բանկը մյուսից տարբերվում է ծառայություններով, սակագներով, պրոդուկտներով, ինտեգրումներով այլ համակարգերի հետ։ Ու դա իրականացնել ոչ սեփական ստեղծած համակարգում պրակտիկորեն անհնար է։ 

Բանկերի առջև ամեն վայրկյան կանգնած է "Գնել թե՞ ստեղծել ծրագրային համակարգը" երկընտրանքը։ Տեխնոլոգիապես թույլ, ոչ հասուն բանկերը, իհարկե ընտրում են ծրագրերի գնման տարբերակը։ Նրանք ունակ չեն պահել ու կառավարել այնպիսի անձնակազմ, որը կարող է ստեղծել նման համակարգեր։ Այդ պատճառով նրանք ընթանում են ամենա դյուրին  ճանապարհով, գնելով ծրագիր, մուծելով ամեն ամիս մատակարարին ահռելի գումարներ ու զրկվելով հաճախորդին մրցակցային ֆունկցիոնալություն առաջարկելու ամենակարևոր գործոնից։ 

Ամերիաբանկը ևս երկար տարիներ օգտվել է Հայկական Ծրագրերի Ինտերնետ/մոբայլ բանկ համակարգից, սակայն վերջին երկու տարում նա շուկային կարողացել է առաջարկել սեփական ստեղծած MyAmeria հավելվածը, որտեղ ամեն նոր տարբերակով բանկը ինքնուրույն, ազատ  ավելացնում է սեփական ցանկալի ծրագրային լուծումները, կախված չլինելով մատակարարից։ Ու այդ ավելացվող լուծումները բացակայում են Հայկական Ծրագրերի ստանդարտ ինտերնետ/մոբայլ բանկ փաթեթում և բոլոր մյուս բանկերի՝ նմանատիպ ծրագրերում։ Եվ սա արդեն մրցակցային առավելություն է ի օգուտ հաճախորդի։ 

Ես նույնպես օգտագործում եմ Ամերիաբանկի MyAmeria հավելվածը, այս տարիների ընթացքում նկատել եմ բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը իմ առաջարկով նրանք լուծել են, մյուսները մինչ օրս՝ ոչ։

Սակայն իմ այսօրվա հոդվածը տվյալ համակարգի ֆունկցիոնալության մասին չէ, այլ մի տարածված իրավիճակի, որի մասին պետք է բարձրաձայնեմ, որպես Հայաստանում այսօր շահագործվող ամենատարածված համակարգերի ստեղծման, սպասարկման, ներդրման թիմերի տասնամյակների փորձով ղեկավար։

Վատ ծրագրային համակարգերը պահանջում են մեծ սպասարկման ջանքեր։
Ծրագրերի ոչ ինտուիտիվ ինտերֆեյսը պահանջում է ծանր ու երկար ուսուցում։
Ոչ ճիշտ ներդրված ծրագրավորման պրոցեսները բերում են նոր տարբերակներում ավելի շատ սխալների, որոնք պետք է շտկվեն մյուս նոր տարբերակներում։ Դա յուրօրինակ փակ շղթա է, որի համար ի վերջո վճարում է հաճախորդը։
Իսկ բանկերի վատ ներքին պրոցեսների արտացոլումը այն բարձր տոկոսադրույքներն ու սակագներն են, որ հաճախորդից 33 տարի կեղեքում են բանկերը։

Ես տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ բանկերը ավելացնում են զանգերի կենտրոնների աշխատակիցների քանակը, փորձելով դուրս գալ այն բոլոր սխալների տակից, որ ունեն իրենք իրենց ծրագրերում։ Զանգերի կենտրոններում աշխատակիցների հոսունության ամենաբարձր տոկոսն է, քանի որ վատ համակարգերի թուք ու մուրը թափվում է հենց սպասարկողների վրա։
Ասեմ, ավելին։
Սպասարկողները (եթե ոչ ամբողջ բանկը!!!) չունեն տեխնիկական գիտելիքներ, չեն տիրապետում ծրագրային համակարգերի ներքին կառուցվածքին, ծրագրերի աշխատանքի սկզբունքներին և այդ իսկ պատճառով ծագած խնդրի մասին ամենասկզբից չեն կարողանում կողմնորոշվել ու պատասխանել հաճախորդի զանգին։

Ես իմ ծրագրավորման աշխատանքի ընթացքում միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ ծրագրավորողը պետք է իմանա և կիրառական ոլորտը, և ծրագրավորման ոլորտը և սպասարկման։
Իմ թիմերում ընդգրկված աշխատակիցները կփաստեն ասածս, որովհետև իրենք բոլորը այդպիսին են դարձել։ 
Ես այդպիսի մասնագետներին անվանում եմ գլադիատորներ, որոնք ունիկալ կարողությունների տեր մասնագետներ են և ծագող խնդիրներին տալիս են կայծակնային լուծումներ։ 
Բանկերում գլադիատորներին չեն սիրում։ 
Բանկերը առաջնորդվում են "որքան տարանջատված, որքան լղոզված, որքան ապակենտրոնացված - այդքան հուսալի ու անվտանգ է" սկզբունքով։ 
Դա էլ բերում է նեղ մասնագիտացած, իրարից անտեղյակ աշխատակիցների քանակի աճին ու բանկի բյուրոկրատացմանը։ Ծախսերի աճը նրանց չի էլ հետաքրքրում, քանի որ վճարում է միևնույնն է հաճախորդը։

Վերադառնամ Ամերիաբանկի խնդրին։
Այսքանը գրեցի, որպեսզի քիչ թե շատ մոտեցնեմ խնդրի ներկայացմանը։

Կոմունալ վճարումներից այսօր միայն ջրի վճարումն է, որը առցանց չէ։
Վեոլիա ջուրը ամեն ամիս, մեկ անգամ պարտքերի ցանկերը ուղարկում է բոլոր բանկերին, որոնք ջրի պարտքերը կարդում են ստացված լոկալ պահոցներից, ընդունում են վճարումը և ուղարկում Վեոլիա ջուր։ Բանկերը նաև զերոյացնում են իրենց լոկալ պահոցներում հաճախորդի պարտքը, խուսափելու համար կրկնակի վճարումներից։

Պարտքերի ցանկեր բանկերին տալը դա քարեդարյան լուծում է, որը սակայն այսօր էլ կա Հայաստանում։ Ճիշտ լուծումը պետք է լիներ հաճախորդի այդ պահին առկա պարտքի առցանց հարցումը անմիջապես Վեոլիա ջրից, ըստ հաճախորդի տվյալի։ 

Նոյեմբերի ջրի վճարները կատարելուց հետո, իմ մոտ ջրի պարտքը MyAmeria համակարգում չզերոյացավ։

Ես զանգեցի զանգերի կենտրոն։ Դեկտեմբերի 10-ին, թե 11-ին էր։
Աղջիկը ինձ բացատրում է, որ վեոլիա ջրից է խնդիրը, քանի որ պարտքը իրենց մոտ չեն թարմացրել։ Ես նրան հակադարձում եմ, որ ջրի պարտքերը վերցվում են ձեր իսկ բանկի լոկալ պահոցներից ու Վեոլիան այդտեղ կապ չունի, ձեր ծրագրավորողների սխալն է։ Ասեք, թող ուղղեն։

Բոլորը գիտեն, որ ծրագրավորողների, պրոյեկտների ղեկավարների, բիզնես անալիտիկների, պրոդուկտ owner-ների, տարբեր tribe-երի, տեստավորողների, և այլն քանակները բանկում շեշտակի աճում են տարեց տարի։ Քանակով փորձում են համակշռել խնդիրները, որոնք սակայն լրիվ այլ տեղում են։
Ու պարզ է, որ մեծ քանակի դեպքում միջխմբային կոորդինացումը վատթարանում է։ Ինչը ամեն օր երևում է ծրագրի շարունակական խափանումներում և աճող սխալների քանակներում։

Այսօր դեկտեմբերի 26-ին, իմ առաջին զանգից 16 օր անց, սպասարկող աղջիկը նորից հետ է զանգում, որ մենք պարզեցինք խնդիրը, մեր ծրագրավորողները ասացին, որ եթե վեոլիա ջրի պարտքը լիներ առցանց, այդ սխալը չէր լինի !!!!!
Ես ասում եմ, դա ես ի սկզբանե գիտեի և ձեզ ասել եմ։ Ձեր ծրագրավորողները պետք է ուղղեն իրենց ծրագրային սխալը։ Ես Ձեզանից, որպես զանգերի կենտրոնի աշխատակցից, շնորհակալ եմ, որ հետևողական եք, հետ եք զանգել, բայց ձեր ծրագրավորողները, մեղմ ասած, թաքնվում են ձեր մեջքի հետևում, ու անհեթեթություն են ասել ձեզ, կոծկելով սեփական սխալը։
Ասացի, թող ծրագրավորողները ինձ զանգեն, ես կբացատրեմ իրենց սխալը։ 

Սա տիպային դեպք է։ Ու դրա համար եմ գրում։  
Մեղքը բարդել զանգերի սպասարկման, ոչ տեխնիկական գիտելիքներով աշխատակիցների վրա, ինչպես որ ընդունված է անել բոլոր բանկերում, չի կարելի։ Крайний виноватый, стрелочник -ը Ձեր բոլորի մոտ սպասարկողներն են, ու ամենահեշտը ձեր համար նրանց պատժելն է։ 
Ուղարկեք ձեր ծրագրավորողներին՝ յուրաքանչյուրին, մեկ շաբաթով նստեն զանգերի կենտրոնում, որ հասկանան նրանց վիճակը և իրենց գրած ծրագրերի որակը։
Հուսով եմ Ամերիաբանկում կհասկանան խնդրի խորքային լինելը։ Ու կանեն հետևություններ։ 



June 19, 2021

Ջրբաժան

Վաղը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։
Հունիսի 20, 2021 թ։ 
Այս օրը որոշվելու է Հայաստանի հետագա ճակատագիրը՝ մենք անցնում ենք Թուրքիայի ազդեցության գոտի թե՞ մնում ենք դեռ 200 տարի առաջ արված աշխարհաքաղաքական ընտրության ծիրում։

Հայաստանի պատմության մասին, սկսած 1988 թվականից ես ոչ թե կարդացել եմ գրքերից կամ լրատվականներից, այլ ապրել եմ այստեղ, տեսել եմ իմ աչքով ինչ է կատարվում և ինչպես։
Ես կարող եմ համեմատել բոլոր ղեկավարներին, ինչը այսօր օրինակ 20-30 տարեկանները անել չեն կարող, նրանք ուղղակի լրատվության ազդեցության տակ են, չեն տեսել սեփական աչքերով։
Իսկ պրոպագանդայի ուժի մասին կարող եք կարդալ թեկուզ Հիտլերի մոտ։

Լևոն

1991-95 թվականները պատերազմի և չքավորության տարիներ էին։ Չկար լույս, չկար վառելիք, տոտալ շրջափակում, ամեն ինչ տալոնով, սով, ցուրտ, արտագաղթ։ Այս տարիները համընկել են իմ ուսանողական տարիների հետ, երբ Երևանի պետական համալսարանի լսարանում քննության ժամանակ համակուրսեցիներս սովից ուշագնաց էին լինում, քննասենյակում +3 աստիճան էր։
Այդ տարիներն էին, երբ փողոցում՝ այն ժամանակվա ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի հրահանգով կարող էին կանգնեցնել ավտոբուսները և մարշրուտկեքը ու քշել հավաքակայան։ Մարդիկ երկու երեք ամսով կորում էին և մի քանի ամիս անց զանգում, հայտնում, որ իրենց տարել են հավաքակայան ու Քելբաջար կամ պատերազմական այլ վայր։
Դրանք թալանի ու վայրի սեփականացման տարիներն էին, երբ բիզնեսմեններ դարձան իշխող ՀՀՇ-ի կողմնակիցները, ի դեպ Հայաստանի բոլոր ղեկավարները սերում են ՀՀՇ-ից։

1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծեց նախագահական ընտրությունները։  Հղում։ 

Ըստ դատարանի կայացված վճռի՝ մարդասպանների բանդա ղեկավարած, այդ տարիների Հայաստանի ներքին գործերի նախարար, Վանո Սիրադեղյանը, Հ1 ալիքով, Վազգեն Սարգսյանի հետ շամպայնի բաժակ չխկացնելով հայտարարեց Լևոնի հաղթանակի մասին, դեռ արդյունքները չհրապարակած։ Ես անձամբ եմ գումարել տեղամասերից ստացված հանձնաժողովների արձանագրությունների թվերը՝ 1996-ին երկրորդ փուլ պետք է լիներ, սակայն Տեր-Պետրոսյանը հայտարարվեց ընտրված նախագահ։ 
Եղան ժողովրդական ընդվզումներ, ձեռբակալվեցին բազմաթիվ իմ կուրսեցիներ, ծանոթներ, շատերը անցան ընդհատակ, փախուստի մեջ էին անգամ Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը և այլոք։ 1996-ի սեպտեմբերին Երևան բերվեց զորք, որը օրենքի խախտում էր։ Ես էլ էի այդ օրը Բաղրամյան փողոցում, երբ ԲՏՌ-ները քշեցին մեզ վրա։ 
Ընտրությունները 1996-ին կեղծած Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր մի անաղարտ մարդ, որը կստանձներ վարչապետի պաշտոնը։ 

Նա իր ընտրությունը կայացրեց Արմեն Սարգսյանի վրա, ով այսօր ՀՀ նախագահն է։ Արմեն Սարգսյանը, դեռ Անդրոպովի ժամանակներում, ԽՍՀՄ օրոք գործուղվել էր Անգլիա դասավանդման, այս փաստը նրա կենսագրությունից հանված է։ Որպեսզի պատկերացնեք դա ինչ է, ԽՍՀՄ օրոք անգամ մեկ շաբաթ Եվրոպա ուղևորվելուց քեզ կցվում էր պետանվտանգության աշխատակից, դու միայնակ չէիր կարող գնալ Հունաստան կամ Չեխիա։ Այս մարդը գնացել է դասավանդելու։ Հասկացա՞նք նա ով պետք է լիներ կամ որտեղ պետք է հավաքագրված լիներ։
Սա գալիս է երկու ամիս աշխատում է վարչապետ և անհայտանում։ Տեսնելով գործի ծավալը փախնում է։  Պաղպաղակ անհնար էր ուտել։ Հայաստանը մնում է առանց վարչապետի։ 

Քոչարյան
Ասեմ, որ 1998-ին բանակում ես դեմ եմ քվեարկել Քոչարյանին, որի համար ընկել պատմությունների մեջ։ Հղումը սա է։ Սակայն հիմա անձի հարց չէ։

1996 թվականի ընտրակեղծարարության պարագլուխներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, Լևոնից ստանում է առաջադրանք, համոզել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի քանի ամիս առաջ ընտրված նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանին գալ Հայաստան և դառնալ վարչապետ։ Քոչարյանը երեք անգամ մերժում է այդ առաջարկը, ինչի մասին գրել է իր գրքում։
Քոչարյանը պատճառաբանում է իր մերժումը Արցախում կուտակված խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ, Հայաստանում նա ծանոթ մարդ չուներ, շրջապատ չուներ, թիմ չուներ։  Տեր-Պետրոսյանը և Վազգենը կարողանում են համոզել, նա գալիս է Հայաստան և դառնում վարչապետ 1997-ի սկզբներից։
Առաջին քայլը, որ Քոչարյանը ձեռնարկում է Հայաստանում՝ ցամաքային մաքսային անցակետների և Զվարթնոց մաքսակետերի բեսպրեդելի դադարեցումն էր։ Նա իր գրքում նկարագրում է Տեր-Պետրոսյանի դժգոհությունը, որ Քոչարյանը սահմանափակել էր ՀՀՇ-ական բանդիտների ամենաթողությունը սահմանակետերում։ Հեռու չգնանք, ՀՀՇ-ականի վառ օրինակ  Երջանիկ Աբգարյանն էր մաքսայինի պետ, երբ իր կաբինետում մարդկանց ընդունում էր ոտքը-ոտքի վրա գցած, ծխի քուլաներով և ինքն էր որոշում ինչ մտնի երկիր ու ինչ պետք է վճարվի դրա դիմաց։
Իսկ տարիներ հետո, երբ այդ Երջանիկ Աբգարյանը արդեն ամենևին երջանիկ չէր, պաշտոնը թողնելուց հետո և մինչև վերջերս, ֆեյսբուքում ամենակեղտոտ բառապաշարով հայհոյում էր Քոչարյանի կողմնակիցներին։

Երկրորդ քայլը, որ Քոչարյան վարչապետը ձեռնարկեց՝ դա ԲՈՒՀ-ական ընդունելության քննությունների գնահատականների հավաքագրման կենտրոնի վերահսկումն էր, ինչին ես անձամբ եմ մասնակցել 1997-ի ամռանը, գործուղվելով այդ կենտրոն, որպես վերստուգող փորձագետ։ Այդ տարի դիմորդների համար, հազարավոր դոլարներով անցողիկ բալ փոխելու արատավոր երևույթին վերջ տրվեց։ Երբ քննական ստուգող, առարկայական  հանձնաժողովներին ռազմական ոստիկանությունից Խորխոռունին ահաբեկում էր, Քոչարյանը պատասխանում էր մալինովի բերետների և ԱԱԾ ջոկատներով։ Առարկայական հանձնաժողովները զերծ մնացին կեղծիքներից և ահաբեկումներից։
Ես 1994 թվականից՝ աշխատում էի նույն հիմնարկում, և փաստում եմ, որ առաջին սպիտակ աշխատավարձը ստացել եմ Քոչարյանի օրոք, մինչև այդ ամենը ստվերային էր, ծրարներով, անգամ դոլարով, ոչ թե դրամ էր։ Իհարկե այդ "բիզնեսմենների" համար, ովքեր օդից ստացել էին ծանոթ-ընկերներով հիմնարկների տարածքներ, չունեին ոչ հաշվապահ, չունեին ոչ մի հաշվառում՝ դժգոհում էին ու մինչ օրս դժգոհ են Քոչարյանից։

Այո, այս 30 տարիների ժամանակահատվածում՝ 1998-2008 թվականները զարգացման տարիներ էին։
Հայաստանում տան գները կտրուկ աճեցին, արտագաղթածները սկսեցին հետ գալ, տներ գնել, Հայաստանում հազարամյակի մարտահրավերներ, Լինսի հիմնադրամի գումարներով լայնածավալ շինարարություն արվեց, նորոգվեցին բոլոր մշակույթի օբյեկտները, կառուցվեցին ճանապարհներ, ջրագծեր, Իրան-Հայաստան գազատարը։ Ազատականացվեց բջջային կապի ոլորտը, Քոչարյանը զրկեց Արմենտելին մենաշնորհից։ Աղետի գոտում բաժանվեցին գումարային սերտիֆիկատներ, որպեսզի բնակիչները շուկայական գներով տուն գնեին, պետության տրված սերտիֆիկատով։ Հայաստանում հասանելի դարձավ amazon, ebay կայքերից գնումներ կատարելու հնարավորությունը։ Մինչ այդ մենք առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէինք ու մեր բանկային քարտերը չէին ընդունվում այդ կայքերում։

Իրականում Քոչարյանի օրոք Հայաստանում փոփոխությունները խորքային էին բոլոր ոլորտներում՝ կադաստր, պետավտոտեսչություն, ԺԵԿ-եր, պետական ծառայողներ։ Ամենուրեք, որտեղ մարդը շփվում էր պետության հետ, փոփոխություններ կատարվեցին։

Քոչարյանը՝ բացի Մինսկի խմբի օրակարգից, ուղիղ բանակցում էր հայր Ալիևի հետ։
Ալիևը Քի-Վեստում վերջին պահին հրաժարվում է Արցախը Հայաստանին փոխանցելու ամերիկյան փաստաթղթից։ Դրանից հետո Հայաստանում թուրքական լրտես Նաիրի Հունանյանի ձեռքով կատարվում է Հոկտեմբերի 27։ Քոչարյանը կարողանում է երկիրը դուրս բերել այդ արհավիրքից ևս։

Այդ տարիներին, սահմաններում զոհերը անհամեմատ քիչ էին, քան հետագա տարիներին կամ մինչ այդ։

Սերժ
ՀՀԿ-ական իշխանությունը Հայաստանում 1998-ից մինչև 2018 թվականն էր՝ ուղիղ 20 տարի, որից սակայն առաջին տասնամյակը տարբերվում էր երկրորդից։

Սերժ Սարգսյանի 2008-2018 թվականները կարելի է բնութագրել որպես ճահճացման տարիներ, երբ փորձ արվեց եվրաինտեգրման, սակայն մենք հայտնվեցինք ԵԱՏՄ կոչվող անիմաստ կառույցում։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանում ծաղկեցին աղանդները, տարբեր սոռոսական գրասենյակներ, թափ առան իրական և կեղծ քաղաքացիական շարժումները, գրանտակերությունը դարձավ մի ստվար հատվածի ապրելակերպ։ Նրա օրոք Ազգային ժողովում հայտնվում էին օլիգարխ և քրեածին տարրեր։ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիները  նիկոլիզմի համար պարարտ հող դարձան։

Այդ տարիներին էին, որ իմ հակապուտինյան լինելու համար, ընտրություններին ընդդիմության կողմից մի քանի անգամ վստահված անձ լինելու, տարբեր քաղաքացիական շարժումներին ակտիվ ներգրավվածության համար հրահանգավորված հեռացրեցին 23 տարվա աշխատանքից՝ Հայկական Ծրագրերից, ուր ես ներքին գնահատման սանդղակով՝ 8 չափորոշիչներով գնահատման սանդղակում, թիվ առաջին աշխատակիցն էի, վթար կազմակերպեցին մեքենայի հետ, ընտանիքս մեջը, մեքենայի տակ գցեցին աղջկաս, առևանգման փորձ արեցին երեխայիս մանկապարտեզից, քրեական գործ փորձեցին սարքել ինձ վրա և այլն և այլն։ Սա է Սերժի տարիները ինձ համար։

նիկոլ

Ինչ էինք սպասում մենք 2018-ին։
2018 թվականի ժողովրդական ընդվզումը դատարկ տեղում չեղավ։ Այն ուներ շատ հիմնավոր և կուտակված պատճառներ։
Ի դեպ ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՀՇ-ն չարեցին իրենց ղեկավարման տարիների սխալների վերլուծում։ 
Հայաստանում բոլոր քվեարկությունները ավարտվում էին +-800,000 ձայն հաղթանակով։ 

Այդպես էր զարմանալիորեն նաև 2017-ին ու 2018-ին, երբ Սերժը ստացավ 800,000 ձայն իսկ մեկ տարի անց Նիկոլը հավաքեց նույնքան։
Ես անկեղծ սպասում էի, որ Նիկոլի օրոք՝ Սերժիզմից տուժածներս կարող ենք վերականգնել մեր իրավունքները, սակայն նա այդ նպատակով չէր եկել իշխանության։ Սպասված ռեաբիլիտացիան չեղավ։
Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գունդը գրավելու օրերին նա անց ակցրեց իր գրանտակեր, թմրամոլ, համասեռամոլ թիմի բենեֆիսը, ու անցավ Արցախի ու Հայաստանի կործանմանը։

Նիկոլին գտել են։ Նիկոլի վրա աշխատել են։ Նիկոլ կերտել են ու գցել ասպարեզ։
Իր գրանտակեր թիմը՝ տառականների պես հարձակվեցին եկեղեցու, հայոց լեզվի, դպրոցի, մանկատների, ծերանոցների, ամեն հայկականի վրա։ Սկսեց գովազդվել ԼԳԲՏ բարքերը, թմրամոլության, մարիխուանայի օրինականացումը, նրա ընտրվելուց հետո առաջինը Հայաստան եկավ իր տղամարդ տիկնոջ հետ Էլթոն Ջոնը։ Սա պատահական չէր։ Նրա օրոք տրանսգենդեռները ելույթ ունեցան ՀՀ Ազգային ժողովում,  Կրթության նույնպիսի դդում նախարար՝ արայիկ հարությունյանը ֆինանսավորեց սեռափոխ Մելի մասին ֆիլմը։

Արդյունքը եղավ կորսված Արցախ, քայքայված նախարարություններ, չգործող բանակ, Հայաստան ներխուժած թշնամի։

Նա հային հանեց հայի դեմ։ Եվ 2008-ի մարտի մեկին, ինչից հետո վախկոտի պես փախավ։ Եվ այս երեք տարիներին՝ ընկերը ընկերոջ դեմ, բարեկամը բարեկամի, հարևանը հարևանի դարձան թշնամի։ 

Վաղը պետք է այս նիկոլիզմի վարակը կանգնեցվի։

Նրա հետ ապագա չկա։