1881 թվականի հուլիս-օգոստոսին Րաֆֆին Թիֆլիսից ուղևորվել է դեպի Արցախ աշխարհ։ Այստեղ կներկայացնեմ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկի, Հյուսիսային Արցախին վերաբերող, նրա գրառումները ըստ բնակավայրերի։
Սկսելով Ղազախից, նա ճանապարհորդել է դեպի Շամքոր, հետո Գանձակ հայկական քաղաքը, այնտեղից անցել Արցախ աշխարհի Ելենենդորֆ, Ազատ, Հաջիշեն, Գետաշեն, Մարտունաշեն (Կարաբուլաղ), Էրքեջ, Կարաչինար, Խարխափուտ, Գյուլիստան, Թալիշ և այլ վայրերով։
Գանձակ
Ի՞նչ տպավորություն կգործե մի պարսիկ. իր քոշերով, երկար արխալուղով, շալե գոտիով, որ
գլխին դրած ունի եվրոպական շլյապա և մերկ պարանոցի վրա կապել է մետաքսյա սև փողպատ,
— նույն տպավորությունը գործեց ինձ վրա կիսապարսկական Գանձակը: Նեղ, ծուռումուռ
փողոցներից և ոչ մեկը քարած չէր: Թանձր փոշին, աղբը, ամեն տեսակ ապականություն ծածկել
էր հատակը: Տներից մեկը, քարից կամ աղյուսից շինած, դուրս էր նայում դեպի փողոցը բացված
լուսամուտներով, իսկ նրա կշտին մի այլ տուն պատերով, ցածրիկ, որ դեպի փողոցը
լուսամուտներ չուներ: Բարձր, հոյակապ տան մոտ, անդադար հանդիպում է կամ մի խրճիթ, կամ
քանդված ավերակներ: Մեկը փողոցի լարից դուրս է ընկած, մյուսը ներս է գնացած: Ինչ որ
գեղեցիկ է, դրանք են դարևոր, հսկա չինարիները, որ իրանց զով հովանու տակ պատսպարում են
շինվածքները, և թույլ չեն տալիս նրանց բոլորովին շնչասպառ լինել փոշուց և տոթից:
Չինարիները, որոնցից շատերը մեկ ու կես սաժեն տրամագիծ ունին, Գանձակի զարդն են. նրանք
մնացել են պարսից տիրապետության ժամանակներից, և մի բարի բախտով ոչնչացրած չեն եղել:
Այդ չինարիները պահպանում են Գանձակի առողջությունը, որ շատ նախանձելի վիճակի մեջ չէ:
Առհասարակ շատ փոքր թվով կարելի է տեսնել տներ, որ պարտեզներ չունենային: Գեղեցիկ
նռնենիները, թզենիները և վարսավոր միմոզաները իրանց մետաքսյա ծաղիկներով դուրս
են,նայում բակերի ցածրիկ պատերի հետևից:
|
Գանձակի փողոցները, 20-րդ դարի սկիզբ |
Այդ ջուրը, որից խմում է Գանձակի մեծ մասը, քարհեզի ջուր է, որ հեռու տեղից բերվելով, գետնի
տակով անցնում է թուրքերի թաղից, և տեղ-տեղ բացվում է թուրքերի տների մեջ: Թուրքերը այդ
ջրի հետ ինչ օյին ասես խաղում են, ամեն անմաքրություն նրա մեջ լվանում են, նրանով նամազ
են անում, հավատացած լինելով, որ ջուրը չի պղծվի: Այդ հերիք չէ, նա բավական երկար
տարածության վրա անցնում է թուրքերի գերեզմանատան տակով և բերում է իր հետ
փտությունների լուծված մասները: Խմելու միջոցին մարդ զգում է մի տեսակ թանձրություն, և մի
տեսակ մածուցիկ տպավորություն է գործում բերանի մեջ, կարծես մածուն լինի: Այստեղից
հասկանալի է այն հիվանդությունները, որոնց անընդհատ ենթարկվում են գանձակեցիք,
մանավանդ ամառվա ժամանակ: Այդ քաղաքում փոքրիշատե տանելի է գետի ջուրը, բայց ամառը
գետը բոլորովին ցամաքած է լինում, և գտնված ջուրն էլ վերևից զանազան առվակներով վեր են
առնում ցանքերը կամ այգիները ջրելու համար:
|
Գանձակ գետի հին պարսկական քանդված կամուրջը |
Գետի ջրին գալով, ես չեմ կարող մի քանի խոսք չասել այդ մասին: Գանձակում երեք օր մնալով,
ես անդադար լսում էի գանգատներ, կռիվներ, դժգոհություններ ջրի պակասության մասին:
Գանձակը շինված է նույն անունով գետի վրա, որ քաղաքը երկու մասն է բաժանում. մի մասում
բնակվում են հայերը, մյուսում` թուրքերը: Գարնան սկզբում գետը սաստիկ հորդանում է և
ծածկում է իր եզերքը, իսկ ամառը այնտեղ մի կաթիլ ջուր չէ կարելի տեսնել, գետը ցամաքում է:
Եղած ջուրը, ինչպես վերևում ասացի, զանազան առվակներով վեր են առնում այգիները և
ցանքերը ջրելու համար: Այդ ջուրը այնքան անբավական է, որ համարյա ամեն օր կռիվեր են
լինում նրա բաշխման համար: Գանձակեցիք հավատացնում էին, որ ջուրը առաջ խիստ շատ էր
լինում. իսկ այժմ «մարդկանց մեղքի համար» սակավացել է:
Գանձակի գետի ջրի սակավանալը ուրիշ պատճառի չէ կարելի վերաբերել, բացի նրանից, որ
անտառները սաստիկ անխնա կերպով ոչնչանում են: Այն լեռները, որոնց մեջ գտնվում են գետի
աղբյուրները, առաջ պատած են եղել խիստ անտառներով, իսկ այժմ կամ բոլորովին մերկացել են,
կամ մեծ ծառերի փոխարեն թփեր են տեսնվում:Ջրի հարցը Գանձակի կյանքի հարցն է. եթե այդ մասին պետք եղած հոգածություններ
չկատարվեն (որոնց մեջ գլխավոր տեղը պետք է բռնե անտառների պահպանությունը ), այդ
քաղաքը մի ժամանակ սովամահ կլինի:
|
Գանձակ, 1905 թ, Լավաշի փուռ |
Գանձակի գլխավոր արդյունաբերությունն է խաղողը և գինին, որ մեծ քանակությամբ
արդյունահանվում է, տարվելով գլխավորապես Թիֆլիս: Շատ փոքր է այն գանձակեցիների թիվը,
որ մի, երկու կամ երեք այգի չունենար: Տերերից ամեն մեկը յուրաքանչյուր տարի մի քանի հազար
ռուբլու գինի է վաճառում: Ի՞նչ կլինի ժողովրդի վիճակը, եթե արդյունքների այդ աղբյուրը
ցամաքի: Գինի պատրաստում են հայերը միայն, մահմեդականներին, որովհետև կրոնքով մեղք է
համարվում աստուծո պարգևած բարիքներից մեկը, խաղողը, պղծել և նրանից գինի
պատրաստել, այդ սնահավատությունից դրդված, իրանք գինի չեն պատրաստում և իրանց
խաղողը վաճառում են հայերին, կամ իրանց այգիները նրանց վարձով են տալիս:
Գանձակի մյուս արդյունահանությունն է ալյուրը: Այդ արդյունահանությանը շատ նպաստում է
պ. Հախվերդյանի շոգեշարժ աղորիքը: Պարոնի մարդիկը գնում են մեծ քանակությամբ ցորյան, և
աղալով ուղարկում են Թիֆլիս, կամ ուրիշ տեղեր: Այդ, իհարկե, շատ օգնում է շրջակա
գյուղացիներին, որոնց ձեռքումն է ցորյանի արդյունաբերությունը: Եթե այդ աղորիքը չլիներ,
գյուղացին ստիպված էր ինքն հասարակ ջրաղացի մեջ աղալ տալ ցորյանը և ալյուրը ուրիշ տեղ
տանել: Բայց պ. Հախվերդյանի աղորիքը հեշտացնում են գյուղացու գործը, որովհետև նրան
միջոց է տալիս իր բերքը իր տան մեջ վաճառելու, առանց օտար երկիր տանելու:
|
Գանձակի շուկայի հրապարակը |
Առավոտյան մի քանի այցելուներից ազատվելով, շտապեցի դուրս գալ հյուրանոցի խեղդված
սենյակից, բազարը տեսնելու համար: Այստեղ իմ ուշադրությունը գրավեց մեյդանը
(հրապարակը): Դա մնացել է պարսից տիրապետության ժամանակներից, մի քառակուսի, փոքրինչ երկայնաձև ահագին հրապարակ է, շրջապատած դարևոր չինարի ծառերով: Այդ ծառերը
իրանց ընդարձակ ստվերի տակ հովանավորում են խանութները, որ գտնվում են հրապարակի
շուրջը: Երևում է, ծառերի վերաբերությամբ պարսիկները թե լավ ճաշակ և թե խնամք են ունեցել:
Այդ հրապարակի մոտն է քաղաքի նշանավոր մեջիտը:
|
Գանձակի մեջիտը շուկայի մոտ |
Նրա գլխավոր դռան աջ և ձախ կողմերում
բարձրանում են երկու բարձր մինարեթներ: Բացի դրանցից, դռան երկու կողմում կան երկու սաքուներ, որոնց վրա նստած են մոլլաները: Այդ տեսնելով, ես իսկույն հիշեցի Պարսկաստանը:
Այդ մոլլաները զանազան գործեր են կատարում. նրանք աղոթքի թղթեր են վաճառում, տպված
երկար, ժապավենաձև թղթի վրա, նրանք կնիքներ են վարում, նրանք անգրագետ մարդկանց
համար նամակներ են գրում իրանց բարեկամներին ուղարկելու համար. նրանք միևնույն
ժամանակ նոտարիուսներ են, գրում են զանազան տեսակ դաշնրագեր, պարտամուրհակներ և
այլն, չնայելով, որ քաղաքում պաշտոնական նոտարիուս կա: Նրանց մոտ վաճառվում են «տեր
ողորմյաներ», վաճառվում են Քարբալայի սուրբ հողից շինված փոքրիկ մոհրներ, որոնց վրա
մահմեդականները նամազ ժամանակ խոնարհվում են, համբուրում են, երևակայելով, թե
Քարբալայի սուրբ երկիրն են համբուրում, որտեղ թափվել է իրանց իմամների արյունը: Միևնույն
մոլլաները վաճառում են զանազան տեսակ գրքեր, կախարդություններ են անում և իրանց
հաճախորդների համար զանազան թիլիսմանական թղթեր են գրում: Դրանց կշտին մի քանի
երեխաներ, գետնի մեջ փորած փոսիկների մեջ ածուխ էին ածել, մի կարդոնի կտորով հովհարում
էին և թարմ սիմինդր էին խորովում վաճառելու համար: Ահա այդ բոլորը, ինչ որ տեսա, հիշեցրին
ինձ Պարսկաստանը... Ես դիմեցի դռան մոլլաներից մեկին, խնդրելով կարելի՞ է արդյոք մեջիտը
տեսնել: Նա զարմացած աչքերով չափեց ինձ ոտքից ցգլուխ, նայեց գլխարկիս, նայեց կապույտ
ակնոցներիս, և ապա բավական դժգոհությամբ պատասխանեց. — Կարելի է:
|
Գանձակ, ֆրանսիացի Ջոզեֆ Դե Բայի 1900 թվականին արված լուսանկարը |
Դռնից ներս մտանք մեջիտի բակը, որ քառակուսի ձև ուներ: Չորս կողմում պարսկական
ճաշակով շինված էին փոքրիկ և մեծ խուցեր, որոնց մեջ մոլլաները նստած, բարձր ձայնով ղորան
էին կարդում: Խուցերից մի քանիսը հատկացրած էին երեխայոց դպրոցի (մադրասե) իսկ մի
քանիսը չափահասների ուսման համար (թաքիա): Ես հետաքրքրվեցա տեսնել երեխաների
դպրոցը: Թեև հուլիս ամիսն էր, տոթը խեղդում էր, բայց նրանց չէին արձակել: Մի սենյակում
լցված էին 40 — 50-ի չափ հասակի երեխաներ, 5 տարեկանից մինչև 20 տարեկան: Նրանք
խառնափնթոր կերպով ծալապատիկ նստել էին միմյանց մոտ, ամեն մինը իր տնից բերած օթոցի
վրա: Նայելով ծնողների կարողությանը, այդ օթոցները ունեին իրանց լավ կամ վատ
հատկությունները: Այնտեղ կարելի էր տեսնել մի քրքրված փսիաթ կտորից սկսյալ մինչև
թանկագին խալիչա: Բոլոր աշակերտները, գրքերը իրանց առջև հատակի վրա դրած, անդադար
օրորվելով, բարձր ձայնով կարդում էին: Երևակայեցեք, թե ինչ աղմուկ և բաբելոն կլինի, երբ 40 —
50 աշակերտ միանգամից ձայն է բարձրացնում: Շատերը կարդում էին, շատերը ոչինչ չէին կարդում, միայն աղաղակում էին, ոմանք ձայն էին հանում, միայն բերանները բաց էին անում և
շրթունքները շարժում էին: Այդ ընդհանուր աղմուկի մեջ դժվար էր որոշել, թե ո՜րն էր կարդացողը
և ո՜րը չկարդացողը:
|
Գանձակի ամրոցը |
Մեչիտը տեսնելուց հետո, ես կամենում էի տեսնել Ջավաղ-խանի պալատը, որ վերջինն էր
Գանձակի տիրապետող խաներից: Որովհետև քաղաքի դրսումն էր գտնվում, հարկավոր էր
կառքով գնալ: Քառորդ ժամվա մեջ ես հասա այնտեղ, Պալատի դուռը և դռան կողմի մի քանի
շինվածքների ավերակներն էին մնացել միայն: Կառքով ներս մտանք: Երևում էր, որ այստեղ
դտնվում էր խանի ամառային ամարաթը: Որովհետև այստեղ մի ընդարձակ այգի է եղել,
շրջապատի պարիսպների մոտ շարքով տնկած ահագին չինարիները դեռ մնում էին: Մեջտեղում
կար մի քառանկյունի լճակ, նորա շուրջը զարդարող մարմարյա քարերը բոլորը քանդել և տարել
էին, ջուրը դեռ մնում էր և անշարժությունից կանաչել, պատած էր մամուռով: Այդ գեղեցիկ լճակը,
որի հստակության մեջ ամառային տոթի ժամանակ լեղանում էին, զովանում էին հարեմները,
այժմ մի հոտած ճահճի էր նմանում: Լճակի երկու կողմերում երևում էին երկու բարձ քոշքերի
ավերակներ. քարերը, աղյուսները տարել էին, մնացել էին երկու հողակույտ միայն: Այդ քոշքերից
հարեմները նայում էին լճակի հայելու մեջ: Դռան հանդեպ, այգու մյուս ճակատում երևում էին
հարեմխանայի ավերակները: Այնտեղ, ուր պահվում էին երկրի կնիկներից ամենագեղեցիկները,
այժմ մողեսներ, օձեր ու չղջիկներ էին բնակվում: Հին փառքից, հին վայելչությունից ոչինչ չէր
մնացել: Ամեն ինչ տրորվել, ոչնչացել էր հավիտենական անեծքի և դատապարտության տակ:
Որքա՞ն հայ աղջիկներ զոհել էին այստեղ իրանց ողջախոհությունը, որքա՞ն հայ կնիկներ վատնել
էին այստեղ իրանց պատիվը:
|
Ջավադ խանի դամբարանը այսօր |
Պատմում են, որ Ջավադ-խանին հայտնեցին մի գեղեցիկ աղջկա մասին, որ նոր էին պսակում և
հարսանիքի հանդեսը դեռ չէր վերջացել: Նա ուղարկում է իր նոքարներին աղջկա ծնողների մոտ.
պահանջում է, որ նորապսակ աղջիկը իր փեսայի առագաստը մտնելուց առաջ ուղարկեն իր մոտ:
Ծնողները երկյուղից կատարում են բռնավորի կամքը. նորահարսին տանում են խանի
ամարաթը: Խանը տեսնելով գեղեցկուհուն, կամենում է նրա հետ փոքր-ինչ սիրախոսություններ
անել: Բայց նորահարսը, գլուխը դեպի ցած խոնարհած, մնում է լուռ կանգնած նրա առջև, և
բերանը չէ բաց անում. «Դեպի վեր նայիր, ասում է խանը, տես ո՜վ է քեզ մոտ կանգնած»:
Նորահարսը զգացմունքով պատասխանում է. «Դու էլ դեպի վեր նայիր, տես ո՞վ է այնտեղ
կանգնած»... Նա ցույց է տալիս բռնակալին արդարադատ երկինքը և նրա աչքերը լցվում են
արտասուքով:
Ասում են, որ այդ բողոքը այն աստիճան ազդում է խանի սրտին, որ առանց նրան դիպչելու, հետ է
ուղարկում ծնողների տունը և այն օրից երդվում է հայ կնիկներ չբռնաբարել: Առհասարակ
Ջավադ-խանը բավական սեր է ունեցել դեպի հայերը, նա հաճախում էր հայոց եկեղեցին և
ծննդյան տոնին փող էր ընծայում, որ խաչը իր անունով ջրից հանեն: Մինչև այսօր Գանձակի
սուրբ Հովհաննես եկեղեցու սյուներից մեկի վրա դեռ մնում է հին արձանագրությունը «խանի
սյուն»: Այդ սյունի մոտ սովորաբար կանգնում էր խանը, երբ հայոց եկեղեցի էր գալիս: Նրա դեպի
հայերը ունեցած համակրության գլխավոր պատճառն այն էր, որ հայերից միշտ
հավատարմություն էր տեսել և հայոց մելիքները միշտ օգնում էին նրան վտանգի ժամանակ:
Մյուս օրվա առավոտը ես կամեցա տեսնել Գանձակի հին բերդը: Այդ բերդը, որ ինն ամիս պահեց
իր ամուր պարիսպների տակ ռուսաց զորքերին, այժմ բոլորովին ավերակ է: Նա բաժանված է մի
քանի մասների: Մի մասնում, զանազան բաժինների մեջ, շինված էր խանի ամարաթը,
կանանոցը, դիվանատունը, բաղանիքները և կեցության այլ հարմարությունները: Մի մասնում
շինված էին բազմաթիվ կացարաններ, որոնց մեջ լցնվում էր քաղաքի կամ շրջակա գյուղերի
ժողովուրդը պաշարման ժամանակ: Ցույց էին տալիս այն մասը, որ հայերին էր հատկացրած, և
այն մասը ուր թուրքերն էին բնակվում: Բերդի շրջապարսպի մի քանի մասները և ամուր
աշտարակներից մի քանիսը դեռ ողջ են: Երկաթե ահագին դռները ես տեսա թավալված
հողակույտերի մեջ: Պատմում էին, որ այդ բերդը մի քանի տարի առաջ բոլորովին քայքայված չէր:
Բայց այն օրից, երբ տեղային կառավարությունը սկսեց աճուրդով մաս-մաս վաճառել
շինվածքների նյութը, քաղաքացիք գնելով, սկսեցին քանդել քարերն ու աղյուսները, տարան
իրանց համար նոր բնակություններ կառուցանելու: Այդ բերդը ծառայում էր որպես պատսպարան
թե պարսից՝ խաների, և թե Գանձակի մելիքների համար: Երբ 1790 թվին (՞) Շուշվա Իբրահիմ
խանը, վրաց Գիորգի իշխանը, միացած լեզգիների հետ (՞՞) պաշարեցին այդ բերդը, նրա
աշտարակներից չորսը հանձնված էր շատ հայ մելիքների պահպանությանը: Դրանցից մեկն էր
մելիք Մեջլումը, մի քաջ, խորամանկ, միևնույն ժամանակ անբարիշտ մարդ: Մելիք Մեջլումը
պաշարման ժամանակ նույնիսկ բերդում գնդակ ստացավ մի գաղտնի չարագործից և վիրավոր
տարվեցավ իր վրանը, Ջավադ խանը մի ամբողջ շաբաթ նրա սպանված մարմինը պահեց, թե
ճաշին և թե ընթրիքին նրա մոտ կերակուրներ էր ուղարկում իր խոհանոցից` ցույց տալու համար,
թե մելիք Մեջլումը դեռ մեռած չէ, որպեսզի զորքը այդ քաջի մահը լսելով չվհատվի: Երբ
պաշարումը վերջացավ, թշնամուն հեռացրին, Ջավադ-խանը նրա մարմինը թաղել տվեց
Գանձակի Ս. Հովհաննես մայր եկեղեցու աջակողմյան խորանում, Աղվանից Ներսես
կաթողիկոսի (՞) գերեզմանի մոտ, թեև դա հակառակ էր հայ ժողովրդի կամքին:
|
Գանձակի սուրբ Հովհաննես եկեղեցին 2018 թվականին |
Բերդի ավերակները տեսնելուց հետո ես մտա հասարակաց այգին, որ շատ հեռու չէ այնտեղից:
Բոլոր գավառական քաղաքներում, որքան պատահել է ինձ տեսնել հասարակաց այգիներ,
Գանձակինը կարելի է ամենագեղեցիկը համարել: Այդ այգին տնկված է Վարանցովի
փոխարքայության ժամանակներից և խիստ խնամքով պահպանված է: Այնտեղ կարելի է տեսնել,
սկսյալ հնդկական մագնոլիայից մինչև տեղական ամենաընտիր տունկերը: Միակ գեղեցիկ բանը,
որ գրավեց Գանձակում իմ ուշադրությունը, — այդ այգին էր: Պետք է ասած, որ գանձակեցիք
առհասարակ այգեգործության մեջ շատ առաջ են գնացել: Նրանց խաղողը իր ընտիր
հատկություններով ծանոթ է և թիֆլիսեցիներին:
|
Գանձակի խանական այգին |
Գանձակի հին քաղաքի տեղը ավերակ է այժմ, տների փլատակները դեռ երևում են: Այստեղ կա մահմեդականների մի ուխտատեղի, որ կոչվում է Գոգ-Իմամ: Դա առաջ պատկանելիս է եղել հայերին, և այնտեղ է Խոսրով նահատակի գերեզմանը:
Շարունակությունը այստեղ։ Մաս 2