December 16, 2017

Թումոյում: Տպավորություններս

Երեկ երեկոյան հրավիրվել էի Թումո:
Պետք է մասնակցեի ծրագրավորման դասին:

Սկզբից մտածում էի մի 15-20 րոպե կմնամ, կլսեմ, կգնամ:
Բայց այն ինչ կատարվում էր այնտեղ, կլանեց ինձ, ստիպեց ինձ երեք ժամ մնալ և փորձել հասկանալ:
Այստեղ տեսածը նախկինում հանդիպած ոչ մի բանին նման չէր, և եղած կաղապարներում անբացատրելի:

Դասը պետք է սկսվեր 19.30 և այն պետք է վարեր Վարդանը: Երեխաները ճիշտ ժամին լսարանում նստած էին: Ընդամենը մեկ-երկու ուշացող: Այն էլ երեկոյան խցանված և արդեն այդ ժամին մութ Երևանի պատճառով:

Հենց սկզբից` ինձ զարմացրեց լսարանում երկու-երեք կամավորների առկայությունը, ովքեր  նույնպես աշակերտներ էին` քիչ ավելի տարիքով և նրանք եկել էին` դասի ընթացքում օգնելու մյուսներին, պատասխանելու նրանց մոտ ծագող հարցերին:

Դասասենյակի կառուցվածքը մանրամասն մտածված էր և տարբերվում էր տարածված П աձև` թելադրող-իշխող կառուցվածքից:

Ուրեմն հերթով`


  • երեխաների նախնական ընտրություն չի կատարվում: Նրանք հերթագրվում են և գալիս դասերի: Երկու տարվա ընթացքում անցնում են մոտ վեց առաջկա, շաբաթը երկու անգամ: Կամավոր են գալիս: Նրանք ոչ մի դիպլոմ չեն ստանում: Երբ ցանկանան նրանք ազատ են դադարեցնել հաճախումը:
  • Գնահատականներ չկան: Ամեն մեկը, իր լոգինով, տեսնում է իր առաջադրանքները և կատարում դրանք: Դասընթացավարը ստուգում է` ճիշտ է թե սխալ: Վերջ:
  • Դասը տևում է 120 րոպե, որը նույնպես ոչ ստանդարտ է: Ոչ թե երկու 40 րոպե, ինչպես բուհերում, կամ դպրոցներում, այլ առանց ընդմիջման 120 րոպե:
  • Երեխաները սովորում են ծրագրավորումը ծրագիր գրելով: Երեխաները խնդիրը տեսնում են, լուծում դժվար ձևով, հետո անցնում նոր նյութը և լուծում նույն խնդիրը նոր հեշտ ձևով, կիրառելով քիչ առաջ անցածը: Դեբագ են անում կոդը, քայլ առ քայլ հետևում  կատարմանը, հայտնաբերում սխալները:
    Հա, կասեք ինչ կա, որ? Բայց հիշեք, երեխաներ են` 10-12 տարեկան: Տարբեր, ոչ տեխնիկական ընտանիքներից, ծանոթ-բարեկամ ծրագրավորող չունեցող:
    Նստած JavaScript-ով, Visual Studio Code-ով աշխատում են: Ֆայլերը հիշում անձնական Google Drive-ում, որի մասին`  շատ հիմնարկներում անգամ տեղյակ էլ չեն առ այսօր:
  • Երեխաները տալիս են հարցեր, չեն ամաչում, չեն վախենում: Շատ հարցեր: Կամայական պահի: Ու բոլոր հարցերին տրվում է պատասխան: Գրագետ, հարգալից, լիարժեք պատասխան:
    Կային երեխաներ, որոնք չեք պատկերացնի, թե ինչպիսի ճկուն միտք ունեին և ինչպես էին տրամաբանում: Ինչպիսի եզրակացություններ էին անում: Գանձեր, ուղղակի հրաշքներ:
  • Դասի վերջում ինքնուրույն ուսուցման նյութ տրվեց երեխաներին, որ իրենք կարդան, հասկանան, լուծեն առաջադրանքները: Իրենք դա լսարանում չեն անցնելու: Այսինքն երեխաները սովորում են սովորել: Այն ինչը չի արվում առ այսօր շատ բուհերում կամ դպրոցներում:

    120 րոպե դասի ընթացքում, ոչ մի երեխա չբացեց իր հեռախոսը, չշեղվեց այլ հարցերով, չխանգարեց կողքինին:
    Թումոյում

    Ես մասնակից եղա միայն մեկ դասի: Իսկ այդպիսի դասի տեսակներ 16 են: Ամեն օր դրանց քանակը ավելանում է: Հաճախող երեխաների թիվը նույնպես: Մեկ հարկ է ավելանալու Թումո կենտրոնում: Մասնաճյուղեր են բացվել նաև մարզերում:

Հիացած եմ և ուրախ:
Երանի ձեզ, սովորողներին:

November 8, 2017

Չաստ նայողները: Ովքեր են նրանք

Այսօր Հայաստանի ազգային ժողովում մի թիվ հնչեց: Հայաստանում հետախուզվող անձանց 86 տոկոսը բանակից խուսափողներն են:


Ինչու են մարդիկ խուսաբում բանակից?
Որովհետև այն ոչնչով չի տարբերվում բանտից:
Մարդը իրականում բանտարկվում է երկու, իսկ այսօր արդեն երեք տարով:

Բանակում առաջին հենց օրվանից հանդիպում ես չաստ նայողների, լավ տղերքի հետ:

Երբ 1998-ին` հավաքակայանից մի լղար, փոքր մոքր, կարճահասակ, 18 տարեկան քյավառցի տղա էին բերել զորամաս` բոլոր հին ծառայողները հավաքվել ու քիչ էր մնում գլխի վրա դնեին և քայլեին:
Հարցրեցի ով է, հայտնի ինչ-որ մեկն է? Ասացին, որ չէ, "քսիֆա" ուղարկվել հետը, որ ինքը լավ տղա է:
Ես ոչ մի բան չհասկացա, քաղաքացիական անցյալս չէր համընկնում այդ իրականության հետ:


Հետո քիչ քիչ ընթացքում հասկացա, թե ովքեր են նրանք` չաստ նայողները:

Ուրեմն: Իմ դիտարկումներով:

Իրենք առանձին են քնում և սնվում: Համարյա բոլոր գումարտակներում, վաշտերում ինչ-որ կապտյոռկաներ կան, որտեղ նրանք ապրում են իրենց առանձին կենցաղով և կյանքով:
Զինվորներին բերված ծանրոցները հանգրվանում են նրանց կապտյոռկաներում, ոչ թե զինվորների մոտ:

Նրանք չեն մասնակցում զորքի որևէ պարտականության կամ նարյադներին: Չեն ենթարկվում կարգապահական օրենքներին, ուստավներին:
Ամենածանր պարտականությունը, որ իրենք կրում են դա առավոտյան շարք կանգնելն է, այն էլ գնում են սպաների խնդրանք աղաչանքով:

Թույլ սպաները նրանց հետ շատ սերտ համագործակցում են, նրանց միջոցով են կառավարում զորքին, ստանում ինֆորմացիա, բոլոր ծագող խնդիրները նրանց հետ են քննարկում և լուծում տալիս: Առաջացող խնդիրների դեպքում զինվորները ևս չեն գնում սպայի մոտ, դա գործ տալ է նշանակում:
Հարցերը լուծում են նայողները:

Նրանք են գիշերները սամավոլկա ուղարկում զինվորներին և ապահովում չբռնվելը, պակասող շարքում մարդ կանգնեցնում, իհարկե դրա դիմաց տուլիկ կամ գումար ստանալով:

Ընդհանրապես կան երկու տիպի զորամասեր` մախի և գաղափարի:
Սա որոշվում է, թե չաստ նայողները ուժով են տիրում զորքին թե գաղափարով:

Չաստ նայողները կարող են փոփոխվել, նրանցից ոմանց կարող են չմարիտ անել և ուղարկել հասարակ զորքի հետ ապրելու:
Չաստ նայողները այլ զորամաս տեղափոխվելուց կարող են կորցնել այդ կարգավիճակը: Դրա ականատեսը եղել եմ:
Ծեծի և բռնարարքների հետևում նույնպես նրանք են կանգնած:

Եվ պարզ չէ, այս չարիքը բանակից ինչպես դուրս կմղվի:

Իսկ այսօր, որպես լուծում, մարդիկ էվակուացնում են իրենց տղա զավակներին: Տանում  երկրից դուրս: Ստանում փոքր հասակից ռուսական քաղաքացիություն:
Իսկ հարցերը մնում են չլուծված:

November 6, 2017

Թող բանակը չլինի այսպիսին

Վերջին գրառումս բանակային կյանքից լայն արձագանք ստացավ:

Մի մասը գրեց, թե 1997-99 թթ.-երից հետո շատ բան է փոխվել:
Մյուս մասը ավելի բացեց թեման, ավելի տխուր փաստերով:
Բանակային ընկերներիցս մի քանիսը հիշեցրեցին ինձ ևս մի քանի ամոթալի դրվագ, որը կներկայացնեմ  այստեղ: Կհիշեմ այն ահասարսուռ օրերը, որպեսզի դրանք ի սպառ վերանան բանակից:

...........
Առավոտյան վազքը Արմավիրի բրիգադում մի առանձին արարողություն էր:

Մենք` առավոտյան մթության մեջ վազում էինք 5 կմ դեպի Արմավիր և նույնքան` դեպի հետ:

Վազում էինք անընդհատ, բարձրաձայն կրկնվող հաշվարկի տակ` 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
..................
դոփյունը գետնին միաժամանակ կատարում էր 1500 հոգի: Տակտով:
Խեղդող փոշի, մութ, սառը ձմեռային օդ և անընդհատ հաշվարկ, աստված չանի մի քայլ հետ ընկնես, կամ հաշվարկից ընկնես: Հետևիդ վազողը դոմինոյի պես քո վրա է գալիս, ու ոտնատակ կլինես` զինվորական սապոգների տակ:

Շարքի եզրերում, ուր համեմատաբար ազատ էր, բլյախներով սերժանտներն էին հսկում և անխնա հարվածներ հասցնում հետ ընկնողներին կամ հանգստանալ ցանկացողներին:

Այդ պահը նրանց անասնական հրճվանք էր պարգևում, հատկապես կիրովականցի և ալավերդցի սերժանտներին, որոնք ամենաաբիժնիկներն էին զորամասում:

Իմ կաշվե` զինվորական գոտիս





















Հայկը ստամոքսի խոց ուներ, սակայն զորակոչվել էր բանակ: 

Նրա դեմքին որ նայեիք, ապա մոխրագույն-դեղնավուն գույնից անմիջապես կհասկանայիք, որ հիվանդությունը լուրջ էր, բայց դե զորակոչելուց հաշվի չէին առել որևէ փաստ:

Այդ առավոտ նրա խոցը բացվել էր և արյունահոսում էր: Վազքի ժամանակ նա վատացավ և սկսեց հետ ընկնել: Մենք տղաներով փորձեցինք նրան հանել` վազող 3000 ոտքերի դղրդյուն արձակող շարքից, սակայն սերժանտները չթողեցին: Նրան բռնել էինք թևերի տակից և զոռով քարշ տալով` վազքի տեմպը պահել:
Ես արդեն չեմ հիշում թե ինչ եղավ հետո, բայց Հայկը վատացել էր վերջնականապես և ուղարկվել հոսպիտալ:
Այս դրվագի տուժած տղան այսօր Արգենտինայում է բնակվում, արտագաղթել է:


Մահ

Մեր գումարտակում մի տղա կար Կապանից: Շատ նիհար և թույլ էր արտաքնապես, անընդհատ զորամասի ներսում էր, միայն հաշվարկների ժամանակ էր շարքի մեջ, մնացյալ ժամանակ կուբրիկից դուրս էլ չէր գալիս, ճաշարանից հացը տղաներն էին բերում իրեն:

Թեև նա էլ էր մեր հետ նոր ժամանել զորամաս, սակայն նրան հասած համազգեստը մաշված էր և քրքրված: Լավ տղերքը նրա նոր ստացածը վերցրել էին, փոխարենը տալով այս հնամաշերը....
Տղաները ասում էին, որ նրա մոտ արյան լեյկոզ է,թե քաղցկեղ:
Սպաները պետք է նրան հոսպիտալ տեղափոխեին, բայց բենզին չկար:
Թե քանի օր բենզին չկար արդեն հետաքրքիր չէ, բայց որ մարդը մահացավ փաստ է:
Սպաների պատվիրակություն գնաց Կապան` թաղման: 
Նրանք իրենց հետ տարել էին նոր զինվորական համազգեստ, որը այդ տղային այլևս պետք չէր.............



October 28, 2017

Արմավիրի ուսումնական բրիգադում

Այս օրերին նախաձեռնվել է ուսման տարկետման լրիվ վերացման օրենքի նախագիծը:
Կասկած անգամ չունեմ, որ օրինագիծը կվավերացվի այս խայտառակ ԱԺ-ի կողմից:

Այսօրվա իշխանավորները և 20 տարի առաջ, և 10 տարի առաջ նմանատիպ նախագիծ բերել էին ասպարեզ, սակայն հզոր ուսանողական շարժումը թույլ չտվեց այն իրագործել:
Այսօր իրավիճակը այլ է: Դժգոհ քաղաքացիները հիմնականում արտագաղթել են և բողոքի ալիքը թույլ է:

Այս նախագիծը ստիպեց ինձ վերհիշել իմ բանակային տարիները`1997-98 թթ:

Այս պատմության մասնակից իմ զինվորական ընկերներից շատերը ևս արտագաղթեցին 1999-ին, երբ նրանց, սպայական ուսում ստացածներին, զորակոչեցին որպես շարքային զինվոր:
Գիտության թեկնածուներին, մագիստրոսներին հրամաններ էին տալիս 18 ամյա անկիրթ սերժանտները, դրա բոլոր հետևանքներով:

Մենք երկրորդ անգամ Չարբախի հավաքակայանում հայտնվելուց հետո, ուղևորվեցինք դեպի Արմավիրի ուսումնական բրիգադ:
Այստեղ ամեն ինչը էականորեն տարբերվում էր իմ նախկին` Արտաշատի զորամասից:

Այստեղ հայտնվեցինք երկրորդ գումարտակում:
Վաշտի սերժանտները Երևանի ֆիզկուլտ ինստիտուտի ձյուդոյի, բոքսի բաժիններից էին:



Կուբրիկ
Բանակում ննջասենյակը անվանում էին կուբրիկ: Այնտեղ երկհարկանի երկաթյա մահճակալներ էին:
Հենց առաջին գիշերը կատարվեց հետևյալը:
Գիշերվա կեսին վառվեց կուբրիկի լույսը:
Կուբրիկ էր մտել վաշտը նայողներից մեկը, և պատահական մեկին` Մարալիկից եկածին քարշ տվեց գետնին և մի քանի սերժանտներով սկսեցին հարվածներ հասցնել այդ անմեղ տղայի մարմնի տարբեր մասերին:
Ծեծելուց հետո, դիմեցին մնացածին, թե տեսեք "Եթե մեզ չլսեք, բոլորիդ հալը սենց կլինի":
Առավոտյան, մեզ պետք է զինվորական հագուստ տրամադրեին, քանի որ Արտաշատում մենք հանձնել էինք մեր օրեր առաջ ստացած նոր հագուստը, հագել պատահական շորեր` բոմժերի տեսքով:
Արմավիրի զորամասի պահեստից ստացանք մեզ հասանելիք ձմեռային նոր հագուստը: Սերժանտները` անգղների պես եկան, հանեցին որոշ զինվորների հագից իրենց չափով նորերը, փոխարենը տալով իրենց հինը նորակոչիկներին:

Բուժկետ

Զորամասի բուժկետում որպես ատամնաբույժ, վիրաբույժ և բժկի օգնական էին ծառայում իրավաբանական ֆակուլտետը ավարտած, բժշկության հետ բացարձակ կապ չունեցող զինվորներ: Ով ինչ հարցով դիմում էր իրենց, նրանք միևնույն դեղերն էին առաջարկում: Երկրորդ անգամ բուժկետ դիմողներ ես չգիտեի:

Զուգարան

Բրիգադի զուգարանը առանձնացված շինություն էր, որտեղ գետնի վրա արաբական կոչվող զուգարաններն էին, 10 հատ կողք կողքի, առանց բաժանարար պատերի:
Առավոտյան, ամբողջ բրիգադը մտնում էր այդ զուգարան` 1540 հոգի, վաշտը վաշտի հետևից: Ինչպես ձեզ նկարագրեմ, թե դա ինչ տեսարան էր: Ոտք դնելու տեղ չկար այնտեղ: Երկարաճիտ կոշիկները խրվում էին մարդկային այդ թափոնների մեջ: Կեղտ, ցեխ, արյուն, շան հոտ:
Զուգարանը մաքրող տղաներից մեկը մեկ շաբաթ անց կախվեց իր զորանոցում, որից հետո այդ գործը ստանձնեցին ոչ հայազգի երկու եղբայրներ:

Բաղնիք
Մենք դեկտեմբերի ութից գտնվում էինք զորամսում, սակայն մինչև հունվարի կեսերը բաղնիքը չէր աշխատում: Երբ ուսումնական բրիգադ ժամանեցին տարբեր զորամասերից զինվորներ, ապա այդ անբաղնիք վիճակը վերածվեց ոջիլի համաճարակի: Տղաները ցերեկները լրիվ հանում էին իրենց շորերը, փռում էին գետնին և կապիկների պես` ոջիլ ջոկում շորերի մեջ:
Քորում էին մարմինը, մինչև վերքերի առաջանալը:

Մենք, այս վայրենի պայմաններում, պահպանելու համար մեր մարդկային դեմքը, գիշերները սառցե ջրով էինք լվացվում:
Երբ բաղնիքը սարքեցին, վաշտերով մեզ տարան այնտեղ լողանալու: Բաղնիքի փոքրիկ սենյակ էր մտնում միաժամանակ, մոտավորապես 25 հոգի, իսկ 6 ծորակներից աշխատում էր միայն մեկը և մյուսի կեսը: Ժամանակը սահմանափակ էր, և պետք էր հասցնել լողանալ....

Խանութ
Զորամասի ներսում կար փոքրիկ կրպակ-խանութ, որտեղից կարելի էր ծխախոտ, հաց-երշիկ, թխվածքաբլիթ, գուլպաներ, թել, սանր, ատամի մածուկ, և զինվորին այլ անհրաժեշտ պարագաներ գնել: Խանութի դռան մոտ միշտ կանգնում էին լրտեսները, որոնք զորամաս նայողներին էին պատմում այն զինվորների մասին, որոնք խանութ էին գնում: Նրանցից կարելի էր հետագայում կամ գումար պահանջել կամ պահանջել որևէ բան գնել իրենց համար: Ինչը և արվում էր:
Այն տղաները, որոնք ծխում էին և ծխախոտի կարիք ունեին, սակայն գումար չկար, ստիպված գետնից էին հավաքում, կիսատ ծխած բիչոկները:

Տեսակցություն
Երկու շաբաթը մեկ, բրիգադի հանրակացարաններին կից բացօթյա տարածքում, կես ժամով տեսակցություն էր բարեկամների հետ: Բազմիցս է եղել, երբ բարեկամները արդեն հավաքված, զորամասի դռան մոտ, հրամանատարը արգելել է տեսակցությունը, պատճառաբանելով ինչ-որ զինվորական արարք կամ պատճառ: Հայաստանի տարբեր մարզերից բրիգադ ժամանած բարեկամները հետ էին վերադառնում իրենց հեռավոր տները, առանց իրենց զինվորին տեսնելու:
Տեսակցության օրերին, բարեկամները զինվորների համար "տուլիկներ" էին բերում` ուտելիք, մաքուր շորեր, գումար: Տեսակցությունից  զորամաս վերադարձող զինվորները դրանք հանձնում էին մուտքի մոտ, չաստ նայողների սենյակ: Միայն թե զինվորներին չհասնի, իրենք ուտեն մեկ ամբողջ շաբաթ, գիշեր-ցերեկ, մինչև գարշահոտությունը տարածվի և ամբողջ ուտելիքը դեն նետեն, մինչև հաջորդ տեսակցություն:
Տղաները պատմում էին, որ կային վաշտեր, որտեղ տղաների շորերն էին անգամ հանում ստուգում, չհայտարարագրված գումար գտնելու համար:

Ինչու եմ այս ամենը պատմում?
Որպեսզի լույս սփռեմ այն "ամեն հայի պարտք" կոչվող բանակի վրա, ցույց տամ թե ի վերջո էս մարդիկ ինչու են լեղապատառ իրենց երեխաներին փեշով փող թափում, բանակից ազատելու համար, կամ երկրից փախցնում տանում:
Օրենք փոխելով չի բանակ դառնում: Այլ այս բոլոր հարցերը հատ հատ լուծելով:

Այս անգամ նկարագրեցի կենցաղային կողմը, մյուս անգամ կնկարագրեմ ուսումնական պրոցեսը:

October 20, 2017

Լեռ Կամսարի "Կարմիր օրեր"-ը:

Ֆեյսբուքում հանդիպեցի Լեռ Կամսարի "Կարմիր օրեր" գրքից մի մեջբերում, որը այնքան ինձ զարմացրեց իր այժմեականությամբ, ճշգրտությամբ և դիպուկությամբ, որ որոշեցի անպայման գտնել այդ գիրքը և կարդալ:

Իսկ որտեղից կարելի է գտնել կամայական գիրք, եթե ոչ Վերնիսաժից:
Գրավաճառներից միայն մեկն ասաց, որ ունի և մեկուկես ժամ արկղներում փնտրտուքից հետո գտավ:
Եվ ահա երկու հազար դրամ վճարելուց հետո, բաղձալի գիրքը իմ ձեռքերում է: Տպագրված է 2000 թվականին, ընդամենը 1000 օրինակով:

Բացում եմ առաջին էջը և ապշում՝ նվեր-մակագրություն է. "Լեռ Կամսարի ծոռնուհուց սիրելի ուսուցչուհուն` Կարինե Ազատովնային: Մանեից: 2003 թ.":
Ուսուցչուհուն նվիրած գիրքը ինչ-ինչ պատճառներով վերնիսաժից հասավ ինձ:

Սոլժենիցինի Գուլագը կարդալուց, մտածում էի, արդյոք բռնաճնշված հարյուր հազարավոր հայերից ոչ-ոք չի անդրադարձել այդ թեմային:
Պարզվեց անդրադարձել է: Լեռ Կամսարը:

470 էջանոց գիրքը կարդացի երկու-երեք օրում և կանգ առա նախավերջին չորս էջի վրա: Որովհետև չէի ցանկանում, որ գիրքն ավարտվի:


Լեռ Կամսար
Լեռ Կամսարի գրքից սկսեցի մեջբերումներ անել: Համարյա ամեն երրորդ էջը պետք էր հիշել, ամբողջ գիրքը ինքը մեջբերում է:

Հեղինակի հետ բանտարկվում ես, ուղարկվում 3 տարով Սիբիր: Հետո 17 տարի արտաքսվում ես Վարդենիս-Բասարգեչար` մի ցուրտ երկաթյա տնակ:

Միայն երազում հիշում ես Վանում մանկության` միս, յուղ, միրգ, հաց գաղափարները: Օրվա մեծ մասը անց ես կացնում կաթի հերթերում:

Որպես հակասովետական, երկրի համար գոյություն չունեցող մարդ աշխատանք չես ճարում, ամենուրեք անպետք ես, քեզ չեն տպագրում, քո միակ հույսը այս օրագրերն են, որ գրում ես որտեղ պատահի, սակայն դրանք մեծամասամբ չեն պահպանվում, առգրավվում են  չեկիստների կողմից կամ կորսվում խոնավ հողի տակ:
Նամակներ ես հղում կոմկուսի առաջին քարտուղարներին, քաղսովետի նախագահներին` թոշակ հատկացնելու, գիրք տպագրելու, տուն ստանալու հարցերով և մերժվում ես:
Նոր տարուն ամաչում ես քո սեղանից, նրա աղքատությունից, թոռնիկներին քաղցրեղեն գնելու անկարողությունից, հնարավոր հյուրերի այցելությունից:
Անվերջ համագումարներ, ճառեր, իզգոյ երկիր, ամենօրյա պատերազմի վտանգ:

Սովետում չապրած մարդը չի պատկերացնի այս ամենը: Չի հավատա, որ այս ամենը եղել է իրականություն: 
Կամսարը նկարագրում է սովետական մարդուն` անազատ, խոսքազուրկ, միանման, միատեսակ, ստանդարտացված, անսեռ, անկարծիք, սովետական արտադրանքը, խանութները, գրականությունը, թերթերը, ռադիոն, կաթողիկոսին, կրոնը:

Մի խոսքով, կարդացեք այս հանճարեղ օրագիրը: Ուր ծիծաղը միախառնվում է լացի հետ:

September 15, 2017

Նախաճաշ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ


Այսօր կարդացի, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաճաշ է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ: Ահա հղումը:
Սա այսօր էր:

15.09.2017

15.09.2017

























Հետո հիշեցի, որ այս նույն մարդիկ նախաճաշել են նաև նախկին վարչապետի հետ: Այն ժամանակ դեռ Հովիկ Աբրահամյանն էր: Ահա հղումը:

14.05.2014





















Հետո փնտրեցի և գտա, որ ախր էս նույն մարդիկ նախաճաշել էին նաև նախա-նախկին վարչապետի` Տիգրան Սարգսյանի հետ, ու նորից մտահոգություններ հայտնել ՏՏ ոլորտի վերաբերյալ: Ահա հղումը:

16.03.2012

























Մտածեցի, իսկ ինչու միանգամից չեն հանդիպում ամենա գլխավոր պաշտոնյայի, բոլոր հարցերը լուծողի հետ:

Պարզվեց ամենա առաջին հանդիպումը եղել է հենց նրա` Սերժ Սարգսյանի հետ, դեռ 2011-ին: Նայեք:

02.04.2011




















Ինչ են այս նույն մարդիկ այսքան քննարկում տարբեր պաշտոնյաների հետ? 
Ինչու են պաշտոնյաները փոխվում, իսկ այս մարդիկ ոչ?