Showing posts with label Վան. Show all posts
Showing posts with label Վան. Show all posts

October 20, 2017

Լեռ Կամսարի "Կարմիր օրեր"-ը:

Ֆեյսբուքում հանդիպեցի Լեռ Կամսարի "Կարմիր օրեր" գրքից մի մեջբերում, որը այնքան ինձ զարմացրեց իր այժմեականությամբ, ճշգրտությամբ և դիպուկությամբ, որ որոշեցի անպայման գտնել այդ գիրքը և կարդալ:

Իսկ որտեղից կարելի է գտնել կամայական գիրք, եթե ոչ Վերնիսաժից:
Գրավաճառներից միայն մեկն ասաց, որ ունի և մեկուկես ժամ արկղներում փնտրտուքից հետո գտավ:
Եվ ահա երկու հազար դրամ վճարելուց հետո, բաղձալի գիրքը իմ ձեռքերում է: Տպագրված է 2000 թվականին, ընդամենը 1000 օրինակով:

Բացում եմ առաջին էջը և ապշում՝ նվեր-մակագրություն է. "Լեռ Կամսարի ծոռնուհուց սիրելի ուսուցչուհուն` Կարինե Ազատովնային: Մանեից: 2003 թ.":
Ուսուցչուհուն նվիրած գիրքը ինչ-ինչ պատճառներով վերնիսաժից հասավ ինձ:

Սոլժենիցինի Գուլագը կարդալուց, մտածում էի, արդյոք բռնաճնշված հարյուր հազարավոր հայերից ոչ-ոք չի անդրադարձել այդ թեմային:
Պարզվեց անդրադարձել է: Լեռ Կամսարը:

470 էջանոց գիրքը կարդացի երկու-երեք օրում և կանգ առա նախավերջին չորս էջի վրա: Որովհետև չէի ցանկանում, որ գիրքն ավարտվի:


Լեռ Կամսար
Լեռ Կամսարի գրքից սկսեցի մեջբերումներ անել: Համարյա ամեն երրորդ էջը պետք էր հիշել, ամբողջ գիրքը ինքը մեջբերում է:

Հեղինակի հետ բանտարկվում ես, ուղարկվում 3 տարով Սիբիր: Հետո 17 տարի արտաքսվում ես Վարդենիս-Բասարգեչար` մի ցուրտ երկաթյա տնակ:

Միայն երազում հիշում ես Վանում մանկության` միս, յուղ, միրգ, հաց գաղափարները: Օրվա մեծ մասը անց ես կացնում կաթի հերթերում:

Որպես հակասովետական, երկրի համար գոյություն չունեցող մարդ աշխատանք չես ճարում, ամենուրեք անպետք ես, քեզ չեն տպագրում, քո միակ հույսը այս օրագրերն են, որ գրում ես որտեղ պատահի, սակայն դրանք մեծամասամբ չեն պահպանվում, առգրավվում են  չեկիստների կողմից կամ կորսվում խոնավ հողի տակ:
Նամակներ ես հղում կոմկուսի առաջին քարտուղարներին, քաղսովետի նախագահներին` թոշակ հատկացնելու, գիրք տպագրելու, տուն ստանալու հարցերով և մերժվում ես:
Նոր տարուն ամաչում ես քո սեղանից, նրա աղքատությունից, թոռնիկներին քաղցրեղեն գնելու անկարողությունից, հնարավոր հյուրերի այցելությունից:
Անվերջ համագումարներ, ճառեր, իզգոյ երկիր, ամենօրյա պատերազմի վտանգ:

Սովետում չապրած մարդը չի պատկերացնի այս ամենը: Չի հավատա, որ այս ամենը եղել է իրականություն: 
Կամսարը նկարագրում է սովետական մարդուն` անազատ, խոսքազուրկ, միանման, միատեսակ, ստանդարտացված, անսեռ, անկարծիք, սովետական արտադրանքը, խանութները, գրականությունը, թերթերը, ռադիոն, կաթողիկոսին, կրոնը:

Մի խոսքով, կարդացեք այս հանճարեղ օրագիրը: Ուր ծիծաղը միախառնվում է լացի հետ: