November 6, 2017

Թող բանակը չլինի այսպիսին

Վերջին գրառումս բանակային կյանքից լայն արձագանք ստացավ:

Մի մասը գրեց, թե 1997-99 թթ.-երից հետո շատ բան է փոխվել:
Մյուս մասը ավելի բացեց թեման, ավելի տխուր փաստերով:
Բանակային ընկերներիցս մի քանիսը հիշեցրեցին ինձ ևս մի քանի ամոթալի դրվագ, որը կներկայացնեմ  այստեղ: Կհիշեմ այն ահասարսուռ օրերը, որպեսզի դրանք ի սպառ վերանան բանակից:

...........
Առավոտյան վազքը Արմավիրի բրիգադում մի առանձին արարողություն էր:

Մենք` առավոտյան մթության մեջ վազում էինք 5 կմ դեպի Արմավիր և նույնքան` դեպի հետ:

Վազում էինք անընդհատ, բարձրաձայն կրկնվող հաշվարկի տակ` 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
մեկ, երկու, երեք, չորս, 
..................
դոփյունը գետնին միաժամանակ կատարում էր 1500 հոգի: Տակտով:
Խեղդող փոշի, մութ, սառը ձմեռային օդ և անընդհատ հաշվարկ, աստված չանի մի քայլ հետ ընկնես, կամ հաշվարկից ընկնես: Հետևիդ վազողը դոմինոյի պես քո վրա է գալիս, ու ոտնատակ կլինես` զինվորական սապոգների տակ:

Շարքի եզրերում, ուր համեմատաբար ազատ էր, բլյախներով սերժանտներն էին հսկում և անխնա հարվածներ հասցնում հետ ընկնողներին կամ հանգստանալ ցանկացողներին:

Այդ պահը նրանց անասնական հրճվանք էր պարգևում, հատկապես կիրովականցի և ալավերդցի սերժանտներին, որոնք ամենաաբիժնիկներն էին զորամասում:

Իմ կաշվե` զինվորական գոտիս





















Հայկը ստամոքսի խոց ուներ, սակայն զորակոչվել էր բանակ: 

Նրա դեմքին որ նայեիք, ապա մոխրագույն-դեղնավուն գույնից անմիջապես կհասկանայիք, որ հիվանդությունը լուրջ էր, բայց դե զորակոչելուց հաշվի չէին առել որևէ փաստ:

Այդ առավոտ նրա խոցը բացվել էր և արյունահոսում էր: Վազքի ժամանակ նա վատացավ և սկսեց հետ ընկնել: Մենք տղաներով փորձեցինք նրան հանել` վազող 3000 ոտքերի դղրդյուն արձակող շարքից, սակայն սերժանտները չթողեցին: Նրան բռնել էինք թևերի տակից և զոռով քարշ տալով` վազքի տեմպը պահել:
Ես արդեն չեմ հիշում թե ինչ եղավ հետո, բայց Հայկը վատացել էր վերջնականապես և ուղարկվել հոսպիտալ:
Այս դրվագի տուժած տղան այսօր Արգենտինայում է բնակվում, արտագաղթել է:


Մահ

Մեր գումարտակում մի տղա կար Կապանից: Շատ նիհար և թույլ էր արտաքնապես, անընդհատ զորամասի ներսում էր, միայն հաշվարկների ժամանակ էր շարքի մեջ, մնացյալ ժամանակ կուբրիկից դուրս էլ չէր գալիս, ճաշարանից հացը տղաներն էին բերում իրեն:

Թեև նա էլ էր մեր հետ նոր ժամանել զորամաս, սակայն նրան հասած համազգեստը մաշված էր և քրքրված: Լավ տղերքը նրա նոր ստացածը վերցրել էին, փոխարենը տալով այս հնամաշերը....
Տղաները ասում էին, որ նրա մոտ արյան լեյկոզ է,թե քաղցկեղ:
Սպաները պետք է նրան հոսպիտալ տեղափոխեին, բայց բենզին չկար:
Թե քանի օր բենզին չկար արդեն հետաքրքիր չէ, բայց որ մարդը մահացավ փաստ է:
Սպաների պատվիրակություն գնաց Կապան` թաղման: 
Նրանք իրենց հետ տարել էին նոր զինվորական համազգեստ, որը այդ տղային այլևս պետք չէր.............