December 16, 2017

Թումոյում: Տպավորություններս

Երեկ երեկոյան հրավիրվել էի Թումո:
Պետք է մասնակցեի ծրագրավորման դասին:

Սկզբից մտածում էի մի 15-20 րոպե կմնամ, կլսեմ, կգնամ:
Բայց այն ինչ կատարվում էր այնտեղ, կլանեց ինձ, ստիպեց ինձ երեք ժամ մնալ և փորձել հասկանալ:
Այստեղ տեսածը նախկինում հանդիպած ոչ մի բանին նման չէր, և եղած կաղապարներում անբացատրելի:

Դասը պետք է սկսվեր 19.30 և այն պետք է վարեր Վարդանը: Երեխաները ճիշտ ժամին լսարանում նստած էին: Ընդամենը մեկ-երկու ուշացող: Այն էլ երեկոյան խցանված և արդեն այդ ժամին մութ Երևանի պատճառով:

Հենց սկզբից` ինձ զարմացրեց լսարանում երկու-երեք կամավորների առկայությունը, ովքեր  նույնպես աշակերտներ էին` քիչ ավելի տարիքով և նրանք եկել էին` դասի ընթացքում օգնելու մյուսներին, պատասխանելու նրանց մոտ ծագող հարցերին:

Դասասենյակի կառուցվածքը մանրամասն մտածված էր և տարբերվում էր տարածված П աձև` թելադրող-իշխող կառուցվածքից:

Ուրեմն հերթով`


  • երեխաների նախնական ընտրություն չի կատարվում: Նրանք հերթագրվում են և գալիս դասերի: Երկու տարվա ընթացքում անցնում են մոտ վեց առաջկա, շաբաթը երկու անգամ: Կամավոր են գալիս: Նրանք ոչ մի դիպլոմ չեն ստանում: Երբ ցանկանան նրանք ազատ են դադարեցնել հաճախումը:
  • Գնահատականներ չկան: Ամեն մեկը, իր լոգինով, տեսնում է իր առաջադրանքները և կատարում դրանք: Դասընթացավարը ստուգում է` ճիշտ է թե սխալ: Վերջ:
  • Դասը տևում է 120 րոպե, որը նույնպես ոչ ստանդարտ է: Ոչ թե երկու 40 րոպե, ինչպես բուհերում, կամ դպրոցներում, այլ առանց ընդմիջման 120 րոպե:
  • Երեխաները սովորում են ծրագրավորումը ծրագիր գրելով: Երեխաները խնդիրը տեսնում են, լուծում դժվար ձևով, հետո անցնում նոր նյութը և լուծում նույն խնդիրը նոր հեշտ ձևով, կիրառելով քիչ առաջ անցածը: Դեբագ են անում կոդը, քայլ առ քայլ հետևում  կատարմանը, հայտնաբերում սխալները:
    Հա, կասեք ինչ կա, որ? Բայց հիշեք, երեխաներ են` 10-12 տարեկան: Տարբեր, ոչ տեխնիկական ընտանիքներից, ծանոթ-բարեկամ ծրագրավորող չունեցող:
    Նստած JavaScript-ով, Visual Studio Code-ով աշխատում են: Ֆայլերը հիշում անձնական Google Drive-ում, որի մասին`  շատ հիմնարկներում անգամ տեղյակ էլ չեն առ այսօր:
  • Երեխաները տալիս են հարցեր, չեն ամաչում, չեն վախենում: Շատ հարցեր: Կամայական պահի: Ու բոլոր հարցերին տրվում է պատասխան: Գրագետ, հարգալից, լիարժեք պատասխան:
    Կային երեխաներ, որոնք չեք պատկերացնի, թե ինչպիսի ճկուն միտք ունեին և ինչպես էին տրամաբանում: Ինչպիսի եզրակացություններ էին անում: Գանձեր, ուղղակի հրաշքներ:
  • Դասի վերջում ինքնուրույն ուսուցման նյութ տրվեց երեխաներին, որ իրենք կարդան, հասկանան, լուծեն առաջադրանքները: Իրենք դա լսարանում չեն անցնելու: Այսինքն երեխաները սովորում են սովորել: Այն ինչը չի արվում առ այսօր շատ բուհերում կամ դպրոցներում:

    120 րոպե դասի ընթացքում, ոչ մի երեխա չբացեց իր հեռախոսը, չշեղվեց այլ հարցերով, չխանգարեց կողքինին:
    Թումոյում

    Ես մասնակից եղա միայն մեկ դասի: Իսկ այդպիսի դասի տեսակներ 16 են: Ամեն օր դրանց քանակը ավելանում է: Հաճախող երեխաների թիվը նույնպես: Մեկ հարկ է ավելանալու Թումո կենտրոնում: Մասնաճյուղեր են բացվել նաև մարզերում:

Հիացած եմ և ուրախ:
Երանի ձեզ, սովորողներին: