June 30, 2014

Թիվ 26 մանկապարտեզում ավարտական հանդեսն էր



Դեռ երեք տարի առաջ ընտրության առաջ էի:

Տղաս պետք է արդեն գնար մանկապարտեզ: Ուսումնասիրեցի մոտակայքի բոլոր մանկապարտեզները` մասնավոր և պետական:

Մասնավորները աչքի էին ընկնում բարձր գներով (60-100.000 դրամ) և վատ շենքային պայմաններով: Նրանք մասնավոր տներում կամ բնակարաններում էին` սենյակները փոքր, երեխաները շատ, դաստիարակները` հիմնականում ոչ մասնագետ:
Մասնավոր մանկապարտեզների փոքր, խիտ սենյակների պատճառով` երեխաները շուտ էին միմյանցից վարակվում և հիվանդանում:
Թիվ 26 մանկապարտեզի բակը

Վերջապես` հարցուփորձից հետո, Փափազյան փողոցի վերջնամասում գտա թաքնված այս հիանալի վայրը` թիվ 26 երկհարկանի մանկապարտեզը` մեծ բակով, մեծ ննջասենյակներով և լուսավոր, բարձր դասասենյակներով:
Հանդիպումը արհեստավարժ և գործի գիտակ տնօրենի հետ կանխորոշեց ընտրությունը:

Դա երեք տարի առաջ էր...

Իսկ այսօր արդեն ավարտական հանդեսն է:

Գեղեցիկ ձևավորված դահլիճը սպասում է երեխաներին

Բոլոր երեխաները` անխտիր, գեղեցիկ են ու պայծառ: Շուտով` մի քանի ամսից, կգնան դպրոց:

Նրանք շուտվանից էին պատրաստվում այս օրվան` անգիրներ էին անում, նոր երգեր, պարեր սովորում:

Վերջին անգամ, հարազատ մանկապարտեզի լուսավոր սենյակում, նրանք շարվել են` հանդեսից առաջ:
Ճշտապահորեն սպասում են ժամը 11.00-ին, որպեսզի սկսեն ներկայացումը:

Ահա նրանք` ապագա առաջին դասարանցիները, իրենց դաստիարակների հետ

Վաղվանից նրանք արդեն մանկապարտեզի սաներ չեն համարվելու:
Մանկության մի փուլն ավարտվեց: Տիկին Հասմիկը մտահոգ է
Այս ավարտական հոսքը ինձ շատ թանկ է:

2011-ի սեպտեմբերին, եթե ծնողները, լրագրողները և պետականամետ գործիչները թույլ տային` այսօր այս մանկապարտեզի փոխարեն կլիներ էլիտար շենք: Միասնական պայքարի շնորհիվ մանկապարտեզը մնաց երեխաներին և չարժանացավ վաճառված այլ հարյուրավոր մանկապարտեզների բախտին:

Վառ գույներ, վառ հայացքներ, գեղեցիկ մեր ապագան

Հայոց եռագույնը երեխաների ֆոնին այլ շքեղություն ունի


Ծնողները շտապում են նկարել հիշարժան պահերը

Առաջին շարքում, երեխաների և ծնողների կողմից սիրված
և հարգված տնօրենն է ` տիկին Զաքարյանը

Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարը երեխաներին նվեր է
մատուցել` դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ

Ավարտական վկայականները բաժանված են
Տնօրենը` մայրաբար, բոլոր երեխաներին համբյուրեց և դաստիարակի` տիկին Հասմիկի հետ բաժանեց վկայականները և նվերները:
Պետության հիմքը այսպիսի մարդիկ են, իրենց գործի նվիրյալները:

Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Խնկո-Ապեր
Բարի երթ, սիրելի երեխաներ:
Խաղաղություն և գիտելիք եմ մաղթում բոլորիդ:

Իսկ մանկապարտեզին կցանկանամ կապիտալ նորոգում` քանի որ դրա կարիքը այն իրոք ունի: