July 4, 2014

Ինչ է պետք երկիրը խորտակող ռեժիմին հաղթելու համար

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Հարցազրույց - 04 Հուլիսի 2014, 11:12

Մեր զրուցակիցն է քաղաքացիական ակտիվիստ, ծրագրավորող Արթուր Ղազարյանը
Արթուր, կարծես քաղաքացիական նախաձեռնությունները մտնում են փակուղի: Նկատո՞ւմ եք արդյոք նման միտում և ո՞րն է դա կանխելու եղանակը:
Այո, կա այդպիսի միտում: Պայքարի միջոցները, հնարքները մտել են փակուղի: Թեև պայքարող մարդկանց շարքերում շատ նոր դեմքեր են հայտնվել, սակայն «հետո ինչ անել» հարցին պատասխան չկա: Միգուցե մի մասի մոտ կա այս ամենը վերաիմաստավորելու, կողքից վերարժևորելու կարիք: Պետք է կրթվել, պետք է կազմակերպվել: Ի դեպ, իշխանությունները շատ լավ են կազմակերպված, թե մեթոդաբանորեն, թե կազմակերպչական առումով:


Ըստ Ձեզ՝ ո՞ր դեպքում է քաղաքացիական նախաձեռնությունը հասնում արդյունքի: Ինչո՞ւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարողները չկարողացան ադեցություն ունենալ այդ որոշման վրա, ինչո՞ւ էին այդքան սակավաթիվ, թեև այդ թանկացումը, փաստորեն, դիպչում էր բոլորի գրպանին:
Քաղաքացիական նախաձեռնությունը հասնում է արդյունքի միմիայն այն դեպքում, երբ մասնակիցները ներդնում են դրա մեջ այն ամենը, ինչ ունեն` անսահման ժամանակ, միտք, հետևողականություն, կամք, հստակ ուղենիշ, ընթացքում ճկուն և անսպասելի հնարքներ:
Օրինակ, երբ գնում ես ոստիկանական անհավասար պատին ընդառաջ, ընդհարվում ես, ձերբակալվում ու հետո դատական քաշքշոցի մեջ ընկնում, չեմ համարում, որ դա լավ ուղի է: Սակայն, օրինակ, ճանապարհին նստելու հնարքին ոստիկաններն առայսօր չեն կարողանում ոչինչ հակադարձել: Կանգնած քաշքշոցի դեպքում նրանք ուժային առավելություն ունեն և կարող են ապահովել ևս լրացուցիչ ուժեր: Ճակատային դիմակայությունն արդյունք չի տալիս, պետք են կրեատիվ լուծումներ, որոնցից են ֆինանսների նախարարության առջև կոպեկներ նետելը, վուվուզելներով, թմբուկներով երթերը, ընթացքում նստելով ճանապարհի պարալիզացումը, հետիոտնային անցումով ցիկլիկ պտույտները, կապված աչքերով ցույցը ՍԴ-ի առաջ: Այս միջոցները շատ կրեատիվ և անսպասելի են դիմացինի համար:
Կարծիք կա, որ քաղաքացիական ակտիվն այս պահին ունի կոմունիկացիայի, մոբիլության, մտքի գեներացիայի ու կրեատիվության լուրջ խնդիր:
Ես երկու հարց կառանձնացնեմ, որ խանգարում է, կամ որի անորոշությունը խանգարում է այսօր: Առաջին հարցը՝ լիդեր պե՞տք է, թե ոչ: Երկրորդ հարցը` շարժումը քաղաքացիակա՞ն է, թե քաղաքական: Ես ինքս չունեմ այս հարցերի պատասխանը:
Կոմունիկացիայի խնդիրը լուծվում է սոցիալական ցանցերի միջոցով, բայց անսպառ ֆեյքերի միջոցով դա էլ է խաթարվում:
Լիդերը կարող էր կոնսոլիդացման, կատալիզատորի դեր տանել: Եթե լինի խարիզմատիկ մարդկանց խումբ` ինչպես եղավ 88-ին, կամ այսօր Մայդանում, ապա շարժում կձևավորվի: Ես ունեմ իմ մտքում կազմած մարդկանց ցանկ, որոնք կարող էին այդպիսի կատալիզատորի դեր խաղալ: Կան այդ մարդիկ, սակայն ցրված են ըստ կուսակցությունների, ակտիվիստների խմբերի: Տեսնում եմ նաև գաղափարական հզոր հենքով մարդիկ, որոնք մամուլում կան, մենք կարդում ենք նրանց: Որպեսզի հաղթենք երկիրը խորտակող ռեժիմին, պետք է նրանից ավելի կազմակերպված ու ճկուն լինենք:
Ինչո՞ւ չի ստացվում համախմբում քաղաքացիական ակտիվի մոտ:
Համախմբում չի ստացվում, որովհետև կա միմյանց նկատմամբ հավատի պակաս, կասկածանք, որ նրանք կապված են իշխանությունների հետ, պատվեր են կատարում, ահա այսինչի մարդն է և այլն: Հավատի պակասն է խանգարում և պայքարի գիտելիքի պակասը: Մենք կարող ենք հաղթել, երբ յուրաքանչյուրս պայքարի զոհասեղանին իր կորցնելիքն ավելի քիչ գնահատի, երբ այլևս կորցնելու բան չունենանք:
Գուցե չի ստացվում, քանի որ հասարակական կյանքի կտրուկ փոփոխության մեջ ամեն մեկը չի՞ տեսնում իր շատ կոնկրետ ու որոշակի շահը: Համակարգային փոփոխությունների իր հայեցակարգն է առաջարկել հրապարակախոս Արա Նեդոլյանը. ի՞նչ դիտարկումներ կանեք այդ հայեցակարգի հետ կապված:
Ես կարծում եմ, որ ամեն մեկը դիտորդից պետք է վերածվի մասնակցի, եւ ամեն մեկն ազատ կարող է լինել իր ցանկալի չափով: Արա Նեդոլյանն առաջարկում է հրաժարվել պատվիրակման սկզբունքից և անցնել ուղիղ կառավարման սկզբունքին:
Այդ հայեցակարգն առաջարկում է անմիջական մասնակցություն իշխանությանը, հաճախակի հանրաքվեներ, ինչպես օրինակ կատարվում է Շվեյցարիայում: Մեզ մոտ այսօր մարդիկ անգամ քվեարկությանը չեն կարողանում ազատ մասնակցել: Ընտրական իրավունքը խեղաթյուրված է, այն պետք է վերադարձնել ժողովրդին:
Երկրորդ սկզբունքի իրագործումը չեմ պատկերացնում: Գիտեմ ամերիկյան օրինակը, որ յուրաքանչյուրը զենք կարող է կրել, այլ ոչ թե օլիգարխները և նրանց շրջապատը: Կա Իսրայելի օրինակը, բանակ կազմելու, որ տարեկան փոքրիկ հաճախակի հավաքներ են լինում, այլ ոչ թե պերմանենտ 2 տարի պարտադրված:
Երրորդը`վարձու աշխատողներ չլինեն, այլ բոլորը դառնան համասեփականատերեր: Խորհրդային տարիներին կոլտնտեսությունները այսպիսին չէի՞ն, կամ վաուչերները դրան չէի՞ն միտված: Արդյունքը վերջում բաշխվում էր ըստ աշխատած օրերի քանակի: Իսկ ինչպիսին կլինի պետական աշխատողների կարգավիճակը, որոնք, տեսնում ենք, որ ինչ պասիվ, կոնսերվատիվ ու հետադիմական դեր են խաղում երկրի ապագայի հարցերում: Նրանք չեն կարող դառնալ համասեփականատեր: Բանակը, ոստիկանությունը ինչպե՞ս պետք է լինեն այս պարագայում:
Չորրորդ սկզբունքը՝ հայակենտրոնություն: Ըստ իս՝ Հայաստանը Ավստրիայի, Թուրքմենստանի պես պետք է ՄԱԿ-ում իրեն հայտարարի որպես չեզոք երկիր: Դա նշանակում է՝ մենք մեր զորքը ուրիշին չենք տրամադրում, մեր տարածքում ուրիշի զորք չի լինում, ոչ մի դաշինքի չենք միանում, պատերազմների ժամանակ մեր տարածքը ոչ մեկին չենք տրամադրում: Այս տարիներին այս մի բուռ երկիրը փորձեց և կոմպլեմենտարություն, և եվրոպամետություն, և ռուսամետություն: Ապարդյուն: Մի ծայրահեղությունից  մյուս ծայրահեղություն, որի արդյունքում մենք ավելի ու ավելի ենք կախման մեջ ընկնում արտաքին գերտերություններից: Ինչպես ճանճը սարդոստայնում, որքան շատ է շարժվում, այդքան ավելի է խճճվում սարդոստայնում: Այս պահին մեզ հետ ոչ Եվրոպան, ոչ էլ Մաքսային միությունը չի ուզում գործ ունենալ: Պետք է փոխել այս ուղին դեպի չեզոքություն:
Իսկ վերջին թեզը մեզ մոտ դեռ երկար ժամանակ դժվար կիրագործվի: Սահմանադրության այս դրույթը՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է», չի աշխատում: Սա արդեն իշխանության հետ քիչ կապ ունի, այլ մարդկանց մտածողությունը փոխելու կարիք կա:
Հայեցակարգի կետերը լավն են, բայց կոնսոլիդացիա այս 5 կետի շուրջ կարող է լինել թե ոչ, կտեսնենք: Չեմ ուզում միարժեք մերժել այն: Թող սկսվի դիսկուրս, քննարկում, բանավեճ: ԱԺ քառյակն էլ 12 կետ է առաջ քաշել մինչև սեպտեմբերի մեկը: Ես ծրագրավորող եմ: Համակարգ ստեղծելուց պետք է դրվի նպատակը, ուրվագծվեն պահանջները, սահմանափակումները, մտածվեն լուծման քայլերը, բաշխվեն ռեսուրսները, որոշվեն իրականացնողների դերերը, դրվի վերջնաժամկետ և սկսվի իրականացվել: Դեռ այսպիսի մոտեցում չեմ տեսնում:
Վերջում ավելացնեմ, որ այս իրավիճակի մեղավորը քաղաքացիական շարժումները չեն: Նրանք ելք փնտրողն են, որոնողը: Պետք է հասկանանք՝ որ գործառույթը պետության մեջ որ օղակը պետք է անի: Ինչ դեր ունի քաղաքացիականը, ինչ դեր կուսակցականը, ինչ դեր պատգամավորը, ինչ դեր պաշտոնյան: Կան զրոյից սկսելու կողմնակիցներ, որ ամեն ինչը ժխտում են և զուգահեռ կառույցներ են առաջարկում ստեղծել:
Ես կարծում եմ՝ պետք է օգտագործենք այն, ինչը կա այսօր Հայաստանում:

Հղումը` այստեղ: