November 17, 2025

Էջմիածին։ "Նիկոլը թող մնա, միայն թե սրանք հետ չգան" բանաձևը աշխատում է

Երեկ գիշերը, 2026 թվականի նոյեմբերի 16-ին, ՔՊ-ն հաղթեց Վաղարշապատ խոշորացված համայնքում։

Ահա արդյունքները՝













Նիկոլ Փաշինյանը ունի երկու պահապան հրեշտակ թևեր։

Այդ թևերից մեկի անունը Սերժ Սարգսյան է, մյուսինը՝ Ռոբերտ Քոչարյան։

Այս երկուսի մնալը քաղաքական դաշտում այն մեծագույն երաշխիքն է, որը պահում է Փաշինյանի իշխանությունը ասպարեզում։
Երկու օդիոզ դեմքերի միայն երևալը ժողովրդի մոտ, այնպիսի հակակրանք է առաջացնում, որ խեղճ ժողովուրդը ընտրությունը կատարում է "Նիկոլը թող մնա, միայն թե սրանք հետ չգան" բանաձևով։
Այսպես եղավ նաև Վաղարշապատ խոշորացված համայնքում, թեև Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով նախագծել, իրականացրել է այստեղ մի այլ հետաքրքիր սցենար, որով միանգամից խոցել է մի քանի նշանակետ։
Վաղարշապատի ընտրություններում Փաշինյանը ստացավ քարտ բլանշ՝ կաթողիկոսին գահընկեց անելու և դրսի-ներսի ուժերի հետ քաղաքական առևտրում դիրքերը ամրապնդելու։

Սակայն եկեք հիշենք իրադարձությունները ըստ անձերի և տարեթվերի․


Դիանա Գասպարյան, իրավաբան

2018 թվականի հունիսի 22-ին Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավար։
2018 թվականի հոկտեմբերի 21-ին նա ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետ։
2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում գլխավորել է ՔՊ ցուցակը և երկրորդ անգամ ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետ։
2025 թվականի մայիսի 15-ին Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է տալիս։
2025 թվականի մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը կատարում է առաջին իր գրառումը եկեղեցու վերնախավի դեմ։

Արգիշտի Մեխակյան, տնտեսագետ

2003 թ ավարտել է Ներսիսյան վարժարանը։

2014-16 թթ եղել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական, այդ տարեթվերին նախարար էր Երվանդ Զաքարյանը

2018 օգոստոս -2019 թ հունվար, եղել է Դիանա Գասպարյանի տեղակալը

2018 թ․ դեկտեմբերի 9-ից Իմ քայլը դաշինքով, որպես անկուսակցական ընտրվել է ԱԺ պատգամավոր

2020 թվականի դեկտեմբերի 3-ին վայր է դրել մանդատը։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

2021 թվականի դեկտեմբերի 5-ին գլխավորել է ՔՊ ցուցակը և ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար։

2024 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Արմավիրի մարզպետ

2025 թվականի հունիսի 7-ին Տարածքային կառավարման նախարար Խուդաթյանը ասում է, որ 10 օր է քննարկվում է Վաղարշապատ համայնքին Խոյ համայնքի 17 գյուղերի միավորման հարցը, որը կավարտվի մինչև 2025 թվականի վերջ։ Սակայն Փաշինյանը փոխում է պլանները։
2025 թ, հունիսի 20, Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին։
2025 թ, հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստը ընդունեց Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշումը

2025 թվականի հուլիսի 15-ին Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ միավորված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2025 թվականի հոկտեմբերի 8-ին ՔՊ վարչությունը հաստատել է նրա թեկնածությունը 

2025 թվականի նոյեմբերի 16-ին ընտրվել է ՔՊ ցուցակով Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար

2025 թվականի գիշերը Մեխակյանին հարց են տալիս, թե նա պաշտպանում է եկեղեցու դեմ արշավը, նա հրաժարվում է պատասխանել։

Հաղթանակից հետո Մեխակյանը նաև խոստովանում է, որ Փաշինյանը անձամբ չի զանգահարել իրեն ու չի շնորհավորել այլ միջնորդավորված է փոխանցել շնորհավորանքը։




Նախորդ ընտրություններում ՔՊ-ն առանձին՝ Խոյ և Էջմիածնում մոտ 10000 ձայն էր ստացել, իսկ միավորված համայնքում ստացավ 15000 ձայն։ Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը այս հաղթանակը ընդունեց որպես Կաթողիկոսին գահընկեց անելու ճաբնապարհին կարևոր քայլ։ "Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին", գրել է նա առավոտ շուտ։ Ստանալով Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդհանուր ընտրողների ձայների միայն 21․5 տոկոսը ՔՊ թեկնածուն դառնում է համայնքապետ, ըստ Սերժ Սարգսյանի ընդունած Սահմանադրության և օրենքների։ Դրա համար էլ հեղափոխությամբ մերժված Սերժ Սարգսյանը առ այսօր չի դատվել ու գեթ մեկ վայրկյան չի ձերբակալվել։ Փաշինյանը շարունակում է ուսապարկերին բերել իշխանության և գահընկեց անել նրանց՝ մեկ սմս-ով, մեկ հանրային հայտարարությամբ։ Ու Դիանա Գասպարյանի ճակատագիրը սպասվում է նաև Մեխակյանին։ Փաշինյանի հեռավորություն պահելը դրանով էլ պայմանավորված է։ Իսկ 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն անկասկած հաղթելու է։ Պահապան հրեշտակները (ՌՔ, ՍՍ) այլ տարբերակ չեն էլ թողնում։ Նիկոլը շատ ճիշտ է հաշվարկել Էջմիածնին և Ոսկևազին միացնելով Խոյի 17 գյուղերը։ Եթե վերվցնենք 47 տեղամասերից միայն Էջմիածնի և Ոսկևազի տեղամասերը՝ 14․1-14․25 տեղամասերի տվյալները և առանձին Խոյի 17 գյուղերինը՝ 14․26-14․47 տեղամասեր, կստացվի այս պատկերը՝








Այ սրա համար էլ Նիկոլը գնաց հապճեպ օրենսդրական փոփոխության և արտահերթ ԱԺ նիստով հուլիսին կատարեց այդ որոշիչ քայլը։

October 25, 2025

Լաց մի ինիլ (Լաց մի եղիր)

Մի քանի տարի առաջ առաջին անգամ կարդացի այս ազդեցիկ և խորը բանաստեղծությունը։

Հետագայում իմացա, որ այն գրել է Լևոն Աթաբեկյանը, 1911 թվականին։

Որոշեցի երեք տարբերակներով այն մեջբերել նաև ժամանակակից հայերենով և Հյուսիսային Արցախի բարբառով։

Բանաստեղծության օրիգինալը՝ Ղարաբաղի բարբառովՓոխած՝ Հյուսիսային Արցախի բարբառովԲացատրություն՝ Ժամանակակից հայերենով
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր,
Շենին կլխին հանգիստարան,Շենին կլխին հընգիստարան,Լեռան վրա գերեզմանատուն,
Քու հար ընդեղ թաղած ա,Քու հեր ընդեղ թաղածա,Քո հայրն այնտեղ թաղված է,
Ըսօր-էքուց քեզ մհար էլԸսօր էգուց քըզ էտի էլ,Այսօր-վաղը քեզ համար էլ
Կասեն՝ «Ընդեղ թաղած ա»,Կասեն՝ «Ընդեղ թաղածա»,Կասեն «Այնտեղ թաղված է»,
Վերչը էս ա,Վերջը սյա յա,Վերջը սա է,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Սարին սեռին մին կյարմուր թոխպՍարի կլխեն մին կարմուր թոխպՍարի գլխին մի կարմիր ամպ,
Յավաշ, յավաշ սըվացավ,Յավաշ յավաշ սըվացավ,Դանդաղ, դանդաղ սևացավ,
Մարթի բախտը ըսօր կյարմուրՄարթու բախտը սօրի կարմուրՄարդու բախտը այսօր կարմիր,
Էքուց տեսար սըվացավ։Էգուց տեսար՝ սվացավ։Վաղը տեսար՝ սևացավ։
Բախտը թոխպ ա,Բախտը թոխպ ա,Բախտը ամպ է,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Ըսօր` ջահիլ, էքուց` պառավ…Ըսօր՝ ջահիլ, էգուց՝ պառավ…Այսօր ջահել, վաղը պառավ…
Էս հինչ յաման տընազ ա․Էս հինչ յաման տընազա․Այս ինչ փորձանք ծաղր է։
Էս աշխարհքը լուս ցիրեկավԷս աշխարքը լյուս ցիրեկավԱյս աշխարհը լույս ցերեկով
Պեց ըշկերով արազ ա։Պյաց ըչքերավ արազա։Բաց աչքերով երազ է։
Լոխ արազ ա,Լոխ արազա,Ամբողջն երազ է,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Ջահիլ հարթնը սըրփած թոր ա,Ջահիլ հարսը սրբած թորա,Ջահել հարսը սրբած սուր է,
Հու վեր սաղ ա ընդրանն ա,Հով վար սաղա, տիրյաննա։Ով կենդանի է՝ նրանն է։
Թա կաս, ըսօր տերը տու վես,Թա կաս, էսօր տերը տյու եսԵթե կաս, այսօր տերը դու ես,
Էքուց տերը դուշմանըն ա։Էգուց տերը դյուշմաննա։Վաղը տերը թշնամին է,
Սերը սոտ ա,Սերը սոտա,Սերը սուտ է,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Հընգեր տղան - մին ծաղիկ ա,Հինգեր տըղան - մին ծաղիկա,Ընկեր տղան մի ծաղիկ է,
Այազ ըրավ - չուրացավ,Ցորտը տվավ չուրացավ․Ցուրտը տվեց, չորացավ,
Ըսօր խաթրիտ արուն կանի,Սօրի խաթրիդ արին կտա,Այսօր հանուն քեզ արյուն կտա,
Էքուց, տեսար, մոռացավ։Էգուց, տեսար մուռացավ։Վաղը տեսնես՝ մոռացավ,
Ճարըտ տու ես,Ճարըտ տյու ես,Ճարը դու ես,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Լափու տվող կետին ճըրան,Էն վըրարած կետի ճիրյան,Այն վարար գետի ջրից,
Քար չի կար վեր չի մաշի,Քար չկա վար մաշի վեչ,Քար չկա, որ չմաշվի,
Սերտը քար չի, ըրտուսունքան,Սերտը քար չի, ըրտասունքանՍիրտը քար չէ, արցունքով
Ըսօր-էքուց կը մաշի։Էսօր էգուց կըմաշի։Այսօր-վաղը կմաշվի։
Դարդոտ ախպեր,Դյարդյոտ ախպեր,Դարդոտ եղբայր,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Ըրիքնակը երգինքավըԸրեգնակը էրգընքավըԱրևը երկնքով
Ուրան հետի շոռ ա տամ,Ուրան հետի շոռա կյալիս,Իր համար պտտվում է,
Թա ապրողին, թա մեռնողինԹա ապրողին, թա մեռնողինԹե ապրողին, թե մեռնողին,
Ուրան լուսան փայ ա տամ։Ուրան լյուսան փայա տալիս։Իր լույսից բաժին է տալիս։
Մին հաշիվ ա,Մին հաշիվա,Մի հաշիվ է,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։
Կանանչ խութին հանգիստարան,Կանաչ դյոշին հընգիստարան,Կանաչ բլրի վրա գերեզմանատուն,
Քու մար ընդեղ թաղած ա,Քու մեր ընդեղ թաղածա,Քո մայրն այնտեղ թաղված է,
Ըսօր-էքուց քեզ մհար էլԷսօր էքուց քըզ հէտի էլԱյսօր վաղը քեզ համար էլ,
Կասեն՝ “Ընդեղ թաղած ա”,Կասեն․ “Ընդեղ թաղածա”,Կասեն «Այնտեղ թաղված է»,
Ազիզ ախպեր,Ազիզ ախպեր,Թանկագին եղբայր,
Լաց մի ինիլ։Լյաց մի ինիլ։Լաց մի եղիր։




Շահումյանի շրջանի Հին Պարիս գյուղի հին գերեզմանոցը։2021 թ։

June 15, 2025

Ինչպե՞ս Ստալինը 1945-ին ստեղծեց Իրանում 2-րդ Ադրբեջան։

Այս տարի մայիսի 9-ին, երբ նշվում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմում  հաղթանակի 80 ամյակը, նորից հանրության շրջանում քննարկման առարկա դարձավ հայերի մասնակցության հարցը այդ պատերազմում։

Միֆ առաջին։
Երկու ժողովուրդների մասնակցությունը այդ պատերազմում։

Ի զարմանս շատերի, որոշ մարդիկ առաջին անգամ իմացան, որ հայերի մասնակցությունը այդ պատերազմում եղել է չափազանց ոչ համաչափ, ի տարբերություն օրինակ ադրբեջանցիների։

Անցնենք թվային պատկերին։

1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով ամբողջ ԽՍՀՄ-ում ապրել է՝ 2,152,860 հայ և 2,275,678 ադրբեջանցի։
1989 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով ամբողջ ԽՍՀՄ-ում ապրում էր 4,623,232 հայ և 6,770,403 ադրբեջանցի։

Ի՞նչն էր այս առաջացած խզման պատճառը, հաշվի առնելով, որ ԽՍՀՄ տարիներին հայերի մոտ ծնելիությունը շատ չէր զիջում ադրբեջանցիների ծնելիությանը։

1989 թվականին բոլոր տարիքային խմբերի հայուհիները միջինում ունեին 2.277 երեխա, իսկ ադրբեջանուհիները՝ 2.784 երեխա, իսկ 1989 թվականին 70 և բարձր տարիքի հայուհիները ունեին միջինում 4.538 երեխա, ադրբեջանուհիները՝ 4.9։ 70 և ավելի տարիք ունեցողները հենց նախապատերազմյան ժամանակի կանայք էին։

Պատճառը շատ պարզ է։ 
Երկրորդ համաշխարհային պատերազմ զորակոչվել ու զոհվել են ավելի շատ հայեր, քան ադրբեջանցիներ։ Դա էլ դարձել է հետագա տարիներին երկու ազգերի քանակների աճող խզումը, որը նախապատերազմյան տարիներին նույնն էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանից և ԽՍՀՄ մյուս հանրապետություններից պատերազմ է զորակոչվել 500,000 հայ, որից զոհվել է 200,000-ը։ Այլ երկրներում ևս զորակոչվել է 100,000 հայ։ Բայց մենք դիտարկում ենք հիմա միայն ԽՍՀՄ տարածքի թվերը։
Ադրբեջանցիները զոհվել են այդ պատերազմում 58,400։ 
Այսինքն հայերից 4 անգամ պակաս։ Ու սա է պատճառը, որ պատերազմից հետո մեր երկու ազգերի թվային տարբերությունը գնալով խզվել է՝ մինչ օրս։
Չհաշված որ՝ դեռ 1949 թվականի հունիսի 14-ին, ԽՍՀՄ որոշմամբ Սիբիր արտաքսվեցին ևս 100,000 հայեր, որոնք ընտանիքներով նույնպես մեծամասամբ կոտորվեցին ծանր ճամբարային պայմաններում։

Պետք է նշել նաև, որ Առաջին համաշխարհային պատերազմում ևս մասնակցեց 300,000 հայ, տարբեր բանակների կազմում, ու զոհվել էր 60,000 հայ։


Միֆ երկրորդ։
Ինչ ստացան հայերը ու ադրբեջանցիները 2-րդ համաշխարհային պատերազմի արդյունքում։

Մինչև այսօր ռուսական աղբյուրները Հայաստանում ակտիվ տարածում են այն միֆը, թե Ստալինը պատրաստվում էր մտնել Արևմտյան Հայաստան, կազմավորվել էին անգամ կուսակցական բջիջներ, որոնք պետք է ստեղծվեին Թուրքահայաստանի ազատագրվելիք մարզերում։
Իհարկե, դա ընդամենը քաղցր բլիթ է, որի միջոցով պատերազմում օգտագործեցին մեր ժողովրդի հավատը և անխնա կոտորեցին։ Թվերը դա են ուղղակի հուշում։

Իսկ ի՞նչ ստացավ հայերից 4 անգամ քիչ զոհ տված ադրբեջանական ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում։

Նա ստացավ երկրորդ պետություն, որի մասին լռում են այսօր ռուսական գաղութ՝ Հայաստանում։
Այս փաստը թաքցվում է առ այսօր հայ ժողովրդից նաև տեղական "իրանագետների" և "պատմաբանների" կողմից, քանի որ դեմ է ռուսական կայսերական կեղծիքի բացահայտմանը։

Հայերը առ այսօր տեղյակ չեն, որ Իրանում, պատերազմից հետո ԽՍՀՄ-ը ստեղծել է երկրորդ Ադրբեջանական պետություն, որը գոյատևել է 1945 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 1946 թվականի դեկտեմբերի 12-ը։ Այն կոչվում էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն կամ Ադրբեջանի Ժողովրդական Կառավարություն։
Այդ խամաճիկ պետության մայրաքաղաքը Թավրիզ քաղաքն էր։

Խորհրդային զորքերը 1945-ին Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային հանրապետությունների տարածքից ներխուժել են, ոչ թե Թուրքիա, այլ Իրան և Ջաֆար Փիշևարին, Ստալինի ուղղակի աջակցությամբ և Բերիայի մասնակցությամբ, հռչակեց Ադրբեջանի ժողովրդական կառավարությունը Իրանում։

Ահա, այդ Իրանական Երկրորդ Ստալինյան Ադրբեջանը,
որը ստեղծվեց 1945-ին և կործանվեց միայն ԱՄՆ և ԱՆգլիայի օգնության շնորհիվ։ 


Խորհրդային Ադրբեջանից կրթական, կուսակցական, մշակույթային մեծ աջակցություն է արվում նորաստեղծ Ադրբեջանական Հանրապետությանը։ Խորհրդային Միությունը ֆինանսավորում է այդ երկրի գործունեությունը։

Սակայն, ԱՄՆ և Անգլիայի ռազմական օգնությամբ, իրանական բանակը 1946 թվականին մտնում է Թավրիզ և վերականգնում իրանական իշխանությունը ամբողջ տարածքում։
Փիշևարին փախնում է Խորհրդային Միություն։ Եվ "ավտովթարից" մահանում է Բաքվում 1947-ին։

Ստալինի կողմից Իրանի տարածքում ստեղծած երկրորդ Ադրբեջանը կործանվում է ամերիկյան և բրիտական ուժերի շնորհիվ՝ 1946 թվականին։

Ես չեմ բացառում, որ ռուս-թուրքական տանդեմը, այսօր ևս փորձի վերականգնել Իրանում այդ Ադրբեջանը, հատկապես, որ միջազգային դրությունը նպաստում է դրան։

Ու ստացվում է, որ մեր հայկական զոհերը երկրորդ համաշխարհային պատերազմում երկրորդ Ադրբեջան ստեղծելու համար էին։

June 14, 2025

Անմոռանալի ողբերգություն

Քանի որ այսօր Հայաստանում նշվում է բռնադատվածների հիշատակի օրը, ես առաջին անգամ հրապարակում եմ բռնադատված և հետագայում արդարացված Ղազարյան Մեխակի մասին Անմոռանալի պատմությունը, որը գրել է իմ պապիկը` Մովսես Ղազարյանը, 2009 թվականին։

Ըստ մյուս պապիկիս, Թևոս Վարդանյանի պատմածի, Մեխակ Ղազարյանի ձերբակալման պատճառներից է դարձել նաև կոլտնտեսության ժողովի ժամանակ արված մի արտահայություն Ստալինի մասին։ Նա ասել է, որ "Ստալինը, իր վխինալը ետը, լոխճին փռնոտիլա տում"։ Շահումյանի բարբառով դա նշանակում է, որ Ստալինը, ելնելով իր վախերից, բոլորին բռնել է տալիս։


Ժողովի ժամանակ կողքի նստած մատնիչներից, գործակալներից մեկը դա հասցնում է ՊԱԿ-ին։ Եվ այդպիսով այս աշխատող մարդը դառնում է բռնաճնշումների զոհ և նրա հետագա ճակատագիրը աքսորելուց հետո անհայտ է մինչ օրս։


Բուզլուխ, 1932 թիվ։ Մեխակ Ղազարյանը դիմացի շարքում, ձախից երկրորդը
Նկարել է Մնացական Հովհաննիսյանը


Ղազարյան Մեխակ Հարությունի

1890 –

Անցած դարի 30-ական թվականներին Պողպատե միապետի հրամանով բազմահազար մտավորականներ նրա քմահաճույքների զոհ դարձան: Նա չխնայեց ո՛չ մտավորականին, ո՛չ անմեղ շինականին, ո՛չ հասարակ արհեստավորին: Սպիտակ ջարդը մեր գերդաստանի կողքով էլ անտարբեր չանցավ: ՊԱԿ–ի դավադիր մանկլավիկների չար ուժերը մի օր էլ բախեցին Ղազարյան Մեխակի դուռը: Ծանր ճակատագիր բաժին հասավ նրան և նրա ընտանիքին:

Մեխակ Հարությունի Ղազարյանը ծնվել է 1890թ. Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղում, դարբնի ընտանիքում: Նա վաղ հասակից զբաղվում է արհեստով` փորձելով ինչ-որ չափով թեթևացնել ընտանիքի հոգսերը: Շուտով արժանանալով գյուղացիների սիրուն և վստահությանը` նա ընտրվում է կոլտնտեսության վարչության անդամ, այնուհետև` միաժամանակ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

Այդ դաժան տարիներին, ինչպես յուրաքանչյուր բնակավայր, Շահումյանի շրջանն էլ ուներ ՊԱԿ-ի իր գործակալները, որոնց ձեռքով էլ բանտարկվում է Ղազարյան Մեխակը` համարվելով Սովետական Միության թշնամի և աքսորվում Միջին Ասիա: Բազմանդամ ընտանիքը մնում է բախտի քմահաճույքին:

Ստալինի մահից հետո Ղազարյան Մեխակը արդարացվում է:



Անմոռանալի ողբերգություն

Սովորաբար գյուղի նշանավոր մարդիկ ձիավարժությունների, հարսանիքների ժամանակ կամ գործով հարևան գյուղեր գնալու համար հատուկ լավ ձի են պահել, որը միայն այդ նպատակին է ծառայել: Նրան բեռնել չէր կարելի, քանի որ ձին սովոր չէր բեռ վերցնելուն: Միաժամանակ իր տիրոջից բացի ոչ ոք չէր կարող նստել այդ ձիուն` թույլ չէր տալիս: Մեր գյուղից հայրս և հորեղբայրս ունեին այդպիսի ձիեր:

Հորեղբայրս` Մեխակ Ղազարյանը, ուներ այդպիսի մի էգ ձի` սպիտակ գույնի մոտ 3 տարեկան մատակ (էգ): Նրան հավասար մրցող չկար մեր գյուղում: Հայրս նույն նպատակի համար ուներ կարմիր գույնի արու ձի, բայց նա զիջում էր հորեղբորս ձիուն:
Օրերից մի օր` 1937 կամ 1938 թվերին, ես և հորեղբորս ավագ որդի Գուրգենը, ձիերը օրվա վերջին տարանք մեր տների դիմաց Կռնուտներ կոչվող տեղը, կապեցինք, որ արածեն: Հաջորդ օրը գնում էինք տեղերը փոխում: Այդ պարտականությունը դրված էր մեզ վրա: Արդեն ձիերը սովորել էին մեզ: Երևի իրենք էլ էին իմանում, որ իրենց իսկական բարի ցանկացողները մենք ենք, սպասում էին հաջորդ օրվան:
Ձիերին ջուր տալու պարտականությունն էլ էր մեզ վրա: Մեզ համար հաճույք էր: Նստում էինք մոտ 2 կմ հեռավորության վրա, գետից ջուր տալիս, նորից տեղափոխում դաշտ: Պատահում էր երկուսով մրցում էինք, թե մեր ձիերից որը արագ կվազի: Հորեղբորս ձին միշտ հաղթում էր: Շատ գեղեցիկ քայլվածք ուներ, այն կոչվում էր յորղա: Չէր զգացվում, որ ձիու վրա ես նստած:


Մի առավոտ, ձիերը իրենց տեղում չէին: Մեզ մեղադրում էին, թե լավ չենք կապել, բաց են ընկել երևի, ուրիշ տեղ կլինեն երևի, ստիպեցին, որ գնանք փնտրենք: Երկուսով ամբողջ օրը տեղ չթողեցինք, մինչև Դոդ սար կոչվող արոտավայրերը գնացինք, ոչ մի տեղ չճարեցինք:
Երեկոյան վերադարձանք առանց ձիերի: Էլի թուք ու մուր ստացանք, իբր թե լավ չենք ման եկել, չի կարող պատահի, որ մեր ձիերը գողացած լինեին: Չէին հավատում, ո՞նց թե Ղզարանց Մեխակի ձին գողանան: Դա չլինելու բան է, նա շատ վիրավորված էր:


Հորեղբայրս ընտանիքի ավագն էր: Նա հանձնարարում է հորս և մյուս եղբորը, թե որտեղ որ է, գնացեք, ձիերը բերեք: Շատ ման գալուց հետո պարզվեց, որ ձիերը գողացել են, բայց դժվար թե գյուղից որևիցէ մեկը այդ ռիսկին դիմեր: Նրանք լավ էին ճանաչում, թե ում ձիերն էին դրանք: Երկրորդ վարկածը` ձիերը թուրքերը տարած կլինեն կամ Քելբաջարի կամ Եվլախի կողմերը: Երկար որոնումներից հետո ձիերը այդպես էլ չգտնվեցին:

Սովորություն կար, այդպիսի դեպքերում օրգաններին չհայտնել: Հույսները չէին կորցնում: Կարող է մի տեղից դուրս գան…

Մեխակ Ղազարյանը ծնվել է Բուզլուխ գյուղում Զարգար Թյունիի ընտանիքում:
Նա միակ դարբինն էր գյուղում:
Այդ արհեստը նա սովորել էր` նշանավոր դարբին, գետաշենցի Վարդազարի մոտ 2 տարի ուսանելով:


Նա առաջիններից էր, որ ընդունվել էր կոլտնտեսության շարքերը: Գյուղի գրասենյակից ոչ հեռու դարբնոց էին կառուցել: Նրա մոտ աշակերտում էր Գանձակից վերադարձած վաղեմի ծանոթ Մեխակ Սաֆարյանը: Գյուղի կոլտնեսության և բնակչության կարիքները իրենք էին հոգում:
Սայլի մետաղյա մասերն էին պատրաստում, գութանները վերանորոգում, անասուններին պայտում, պատրաստում էին կացին, ցակատ, կենցաղային շատ իրեր և պարագաներ:
Սայլերի փայտե մասերը պատրաստում էին հայրս և համագյուղացի Հակոբ Հարությունյանը:


Հորեղբայրս` Մեխակ Ղազարյանը, ամեն տարի ընտրվում էր կոլտնտեսության վարչության անդամ, միաժամանակ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ: Կոլտնտեսությունը կոլտնտեսականներին վճարում էր աշխօրի քանակով` ով քանի աշխօր ունի: Ամեն մի իր պատրաստելու համար հաշվարկվում էր աշխօր: Կոլտնտեսության վարչության կողմից հաստատված գնացուցակ կար, որի համաձայն բրիգադավարները գնահատում էին աշխօրները: Օրինակ ձիու 20 պայտ պատրաստելը` 1 աշխօր, մեկ գութան պատրաստելը` 1.5 աշխօր, սայլ պատրաստելը` 2 աշխօր, 100 ք.մ խոտ հնձելը` 10 աշխօր, որը բաժանվում էր բրիգադի աշխատավորների միջև, և այսպես բոլոր աշխատանքները իրենց գինն ունեին:

Ըստ օրենքի` յուրաքանչյուր կոլտնտեսական պետք է տարեկան 250 աշխօր ունենար, դա համարվում էր մինիմում: Շինվերանորոգման բրիգադի աշխատողները սովորաբար 400-ից 500 աշխօր ունեին տարվա ընթացքում, նրանց համար կիրակի չկար, պահանջարկը շատ էր:

Հորեղբայրս վերջին տարիներին դուր չէր գալիս կոլտնտեսության և գյուղի ղեկավարությանը: Նրա կողմից կատարված ստուգումների արդյունքները անուշադրության էին մատնվում: Գյուղացիների կողմից հուզումները, դժգոհությունները գյուղի ղեկավարության հանդեպ ծայրաստիճան էին դարձել: Գործը նրան էր հասել, որ նրան զգուշացրել էին, կամ մենք պետք է մնանք կամ դու: Իսկ նա չէր կարող իրեն թույլ տալ, որ չարքաշ գյուղացու աշխատանքը աջ ու ձախ շռայլեն, լափեն:

Մեխակից ազատվելու ելքը գտնված էր:
Գյուղի ղեկավարությունը դիմում է շրջանի ՊԱԿ-ի աշխատակցին, թե.
«Գյուղում մի մարդ ունենք, թույլ չի տալիս աշխատենք, խանգարում է կոլտնտեսության աշխատանքներին, ժամանակին գութանները չի վերանորոգում: Կրակն ենք ընկել դրա ձեռքը, ստուգումներ է կատարում, լուն դավա է դարձնում: Գյուղացիները արհամարհանքով են նայում մեզ: Բա մենք չկարողանա՞նք ձեզ նման պատկառելի մարդկանց մի լավություն անենք»:
ՊԱԿ-ի աշխատողին հենց դա էր պետք: Յուրաքանչյուր մեկ գործ տալու համար մեկ աստղ ավելանում էր, չհաշված, որ իրենց եկամուտը պակասում էր:


Դիտավորյալ իրական անունները չեմ գրում: Հետագայում այդ դավադրության մեղավորների հարազատները ամուսնական կապեր են հաստատել, բարեկամացել են: Գրածս կարող է մի քանի ընտանիքների քայքայման պատճառ դառնալ, չնայած որոշ մարդկանց անուններ արդեն հայտնի են: Իմ կողմից նշված անունները բոլորը պայմանական են, բացի հորեղբորս անունից:

Այստեղ մի փոքր շեղվենք: …..

Սովետական Միության օրենսգրքում նախատեսված էր այսպիսի մի հոդված, ռուսերեն կոչվում է «զա պոլիտիչեսկույու բալտավնյու»: Յուրաքանչյուր մոնոպոլիտ բառի համար կամ միության ղեկավարության հասցեին դժգոհություն հայտնողը արդեն համարվում էր միության թշնամի: Յուրաքանչյուր ազնիվ չարքաշ աշխատանքով ապրող գյուղացու այդպես կարող էին կեղծ մեղադրանք տալ և բանտարկել:

Սովորաբար շրջանի ՊԱԿ-ի ղեկավարությունը բոլոր գյուղերում ուներ իր գործակալները: Առաջին գործակալները գյուղի գյուղխորհրդի և կոլտնտեսության նախագահներն էին, որոնց խոսքը հաշվի էր առնվում: Մյուսները մեկ կամ երկու գյուղացիներ էին, որոնք ամիսը մեկ պարտադիր պետք է հաշվետվություն տան ՊԱԿ-ի ղեկավարությանը:

Մեր գյուղից, վերը նշված օրենքով, համագյուղացիներ Հովսեփյան Սաշան և Մկրտումյան Ալեքսանը, մի բառի համար գտնվում էին կալանավայրում: Փոխառություն գրելու ժամանակ նրանց ստիպել են այնպիսի գումար նշել, որը հնարավոր չի եղել վճարել: Ասել են. «Եզը եզ է, էնքան պիտի բեռնես, որ կարողանա տանի: Այդ ի՞նչ եք անում»: Դրա համար որպես քաղաքական բանտարկյալ դատապարտել էին 10 տարի ժամկետով:

Սովորաբար մեծահասակ գյուղացիները ազատ ժամանակ հավաքվում էին գյուղամեջում և տարբեր հարցերի շուրջ խոսում: Գյուղի հոգսերը և տարբեր քաղաքական այլ հարցեր էին քննարկում:
Համագյուղացի Հովսեփյան Ավետիսը հումորով անձնավորություն էր, ասում է. «Ժողովուրդ իմանու՞մ եք ինչ է եղել: Ասում են, Ստալինը փախել է»:
Դա եղել է պատերազմի եռուն ժամանակ: Գյուղացիները զարմանում են, ո՞նց այդպես կարող է պատահի:
ՊԱԿ-ի գործակալներից համագյուղացի Ոչխարյանը, մոտենալով ամբոխին, հարցնում է. «Ի՞նչ է պատահել»:
Ասում են` Ստալինը փախել է:
«Ո՞վ է ասում»:
Թե` Ավետիսը:
Նրան հենց այդ էր պետք:
Առավոտյան նա արդեն կլիներ շրջանային ՊԱԿ-ի գրասենյակում:
Նա հարցնում է. «Ավետիս, ումի՞ց ես լսել»:
Իսկ նա, թե` «Առավոտը դու չասացի՞ր, որ Ստալինը փախել է»:
Բոլորը ծիծաղում են, իսկ Ոչխարյանս գույնը գցում է, մնում է լուռ կանգնած: Այդպես էլ էր պատահում:


….Ամեն ինչ ծրագրված էր: ՊԱԿ-ի աշխատակիցը Ղարաբաղից ուղարկված Ալահվերդովին հանձնարարում է նախագահ Ա.Լափողյանին. «Գյուղի մի քանի վստահելի մարդ ուղարկի ինձ մոտ: Հետո եթե կարող ես մի որոշում` կոլտնտեսության վարչության կողմից նրա վարքագծի մասին և քո բացատրությունը: Երկու օրվա մեջ ներկայացրու և համարիր հարցը լուծված»:
Պարոն Ալահվերդովը, տեղյակ պահելով շրջանի գործկոմի նախագահին, կուսշրջկոմի քարտուղարին` անցնում է իր չար պարտականության կատարմանը:
Ա.Լափողյանի կողմից ներկայացված ցուցակի համաձայն, գյուղի հինգ անողնաշար անձնավորություններ, ՊԱԿ-ի աշխատակցի թելադրանքով բացատրություններ են գրում, ստորագրում, վերադառնում գյուղ: Այդ շողոքորթ կամակատարները չէին իմանում, որ մի լավ օր իրենց արարքը հայտնաբերվելու է:


Այդ ժամանակ հորեղբայրս «քնած» չի լինում: Նա ամեն ինչին տեղյակ է լինում: Իմանում է` ինչ դավեր են պատրաստում իր դեմ: Նրա համար անսպասելի չէր, երբ 1939 թ մի պայծառ օր. կանչում են շրջան:
ՊԱԿ-ի աշխատողը ներկայացնում է բոլոր մեղադրաքները, որոնք ներկայացնում և հաստատում են համագյուղացիները: Թուղթ և գրիչ են տալիս, թե գրիր բացատրություն ներկայացված բոլոր մեղադրանքների մասին:
Ծանոթանալով բոլոր հորինած մեղադրանքներին` քթի տակ ծիծաղելով, գրում է:
Նա Գանձակում դարբնի մոտ աշակերտելուն զուգահեռ հաճախել էր դպրոց, և գրագետ էր: Գիտեր ռուսերեն և թուրքերեն:

Բացատրությունը գրում է, հերքելով բոլոր մեղադրանքները, ներկայացնում: Ալահվերդովը այդ ամենը կարդալով` հարցնում է.«Այս ամենը ո՞վ կարող է հաստատել»:

«Ինչու՞ չէ»:

«Խնդրում եմ ցուցակը ներկայացնես»:

Գյուղացիներից 5-6 հոգու անուն է գրում, ներկայացնում իրեն:

«Ազատ ես, գնա, չբացակայես, մի քանի օրից նորից կհանդիպենք»:

Չանցած մեկ շաբաթ, մի ամպամած օր, գալիս են շրջանի միլիցիոներներ Միխայելը՝ Էրքեջ գյուղից և Վերին Շենից` Մաղաքելը:
Գյուղի գյուղխորհրդի գրասենյակում երկար խոսակցությունից հետո հարցնում են. «Խեր լինի: Ի՞նչ հարցով եք եկել»:
Թե` «Ղազարյան Մեխակի հարցով: ՊԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է նրան տանել շրջան»:
«Ինչ է, որ կանչեին ինքը չէ՞ր գնա շրջան: Անպայման միլիցիոներների ուղեկցությա՞մբ պետք է տանեին»:
Դա ևս իր նշանակությունն ուներ: Դաս պետք է լինի մյուսների համար, նրանց պետք է սարսափի մեջ պահել:


Գյուղխորհրդի նախագահ Անխիղճյանը իր աշխատակցին ուղարկում է դարբնոց, ուր գրասենյակից ընդամենը 50 մ հեռավորության վրա աշխատում էր դարբին Մեխակը, և պահանջում, որ նա ներկայա գյուղխորհրդի գրասենյակ:

Աշխատանքային հագուստով, մրոտ ձեռքերով ներկայանում է գրասենյակ: Նրանց բոլորին նա ճանաչում էր: Շատ լավ գիտեր` ինչի համար են կանչել: Բարի լույս մաղթելով` մոտեցավ բարևելու: Ձեռքը մնաց օդում կախված: Բարևը չընդունեցին: Դրանք այն մարդիկ էին, որ բազմաթիվ առիթներով դարբին Մեխակ Ղազարյանի տանը սեղան էին նստել և հաց կիսել նրա հետ:

Միխայելը, թե` «Մեխակ դայի, պիտի գնանք շրջան: ՊԱԿ-ից քեզ կանչել են»:

«Ինչ է շորերս չփոխե՞մ»:

-Այո:

Միխայելի ուղեկցությամբ գնացին տուն, որը գտնվում էր գյուղի հակառակ ծայրամասում:

Կինը` Նունուֆարը` 5 անչափահաս երեխաների մայրը, սպասում էր վեցերորդ երեխային, լացակումած ընդառաջ է գնում ամուսնուն և միլիցիոներին:
Երեխաները դեռ չէին հասկանում` ինչ է կատարվում:
Ամուսինը, հանգստացնելով կնոջը, թե` ոչինչ չկա, հագուստս բեր հագնեմ, պտի գնամ շրջան: Կինը լավ էր իմանում: Այդպիսի դեպքերում, օրգանի աշխատողների ուղեկցությամբ, այդ ճանապարհով գնացողը շուտ չի վերադառնում:

Երեխաների աղաղակներից հարազատները և հարևանները հավաքվեցին, նրանց ևս հայտնի էր` ինչ է կատարվում:

Լվացվեց, հագնվեց:

«Բա մի կտոր հաց հաց չուտե՞նք, Մաղաքել»,- դիմեց հայրս:

Թե. «Չէ, ժամանակ չկա: Հետը կարող եք ուտելիք և ներքնահագուստ, սրբիչ և այլ կենցաղային պարագաներ դնել»:

«Այն ժամանակ գնամ ձին բերեմ: Ինչի՞ ոտքով գնանք»:

Մաղաքելը թե` «Չի կարելի: Ոտքով պիտի գնանք: Հարազատներից ոչ ոք իրավունք չունի հետը գնալու» :

Երեխաներին արգելք չկար, մեկը միլիցիոների փեշից էր բռնում. «Հայրիկիս ու՞ր եք տանում»: Մյուսը հոր փեշից էր քաշում. «Հայրիկ, ու՞ր ես գնում»:


Քար սիրտ պետք է ունենաս, որ դիմանաս այդ տեսարանին:
Հարազատները, հարևանները մի կերպ իրենց զսպում էին, սիրտ տալիս, թե. «Ոչ մի բան չկա, նորից երեկոյան գալու է»:


Երեխաներից մեկը Մաղաքելի փեշից է բռնում, «Հայրիկիս ու՞ր ես տանում»:
Կրտսեր աղջիկը լաց լինելով հոր փեշից է կախվել, բաց չի թողնում:
Եվ այսպես ընտանիքի անդամներով և հարազատներով մինչև Կուրակ գետի կամուրջը` մոտ 2 կմ, գյուղի միջով ճանապարհեցին հորեղբորս:
Գյուղացիները տներից դուրս էին եկել, բարի ճանապարհ էին մաղթում:


Բուզլուխ գյուղի սար ու ձորերին հրաժեշտ տվեց, համբուրեց երեխաներին դարբին Մեխակը, որը եղավ նրա վերջին գնալը:
Թողնելով իր բազմանդամ ընտանիքը, որոնց միակ աշխատող ուժն էր: Տեղին է հիշել մեծ բանաստեղծի տողերը`


Էլ ինչի՞ ես քարը թողնում
Քարի վրա, քար աշխարհ:

Դարբին Մեխակին հայտնի էր` ինչ է կատարվելու:
Նա միայն չէր կարող իմանալ, որ մի օր ամբողջ գյուղը ՊԱԿ-ի «հերոս» գործակալների հետ այդ նույն ճանապարհով, նույն ցավով պետք է միասին գաղթեն` բորենիներին թողնելով հայրենի ափերը:

Հայրենի տուն, հավատա որ մահես հետո
քո ավերակներուն սեվին վրա
իմ հոգիս պ
իտի գա որպես տատրակ մը տարագիր
Իմ դժբախտ երգն ու արցունքը լալու…

(Սիամանթո)

Դարբին Մեխակին կալանավորեցին Ներքին Շենի, Շահումյան ավան շրջկենտրոնի բանտում, տեսակցությունը արգելված էր:
Վկաներին օրեկան մեկին կանչում էին առերեսման, իրենց ցուցմունքները հաստատելու համար:
Դա տևեց մոտ 2 շաբաթ:
Հետաքրքիրն այն էր, որ հորեղբայրս ինքն իր պաշտպանն էր: Երեք հոգի առերեսման ժամանակ հաստատեցին, որ բոլոր առաջադրած մեղադրանքները ճիշտ են, նրանցից մեկը իր հարազատներից էր, կոլտնտեսության ղեկավարներից:
ՊԱԿ-ի ներկայացուցիչը ասում է. «Ամբաստանյալ, հիմա ի՞նչ կասեք: Սա էլ Ձեր կողմից վստահելի մարդիկ: Նրանք ասում են, որ մեղադրանքները ճիշտ են: Եթե Ձեր վստահելիներն են ասում դա, ուրեմն դա այդպես է»:


Ի՞նչ կարող էր պատասխանել Մեխակը: Ամեն ինչ պարզ էր: Այդ լկտիները չէին կարող հրաժարվել իրենց նախկին ցուցմունքներից: Քննությունը ավարտելուց հետո, նրան տեղափոխեցին Գանձակի բանտը, որը գտնվում էր քաղաքի ծայրամասում: Հորեղբորս դուստրը սովորում էր Գանձակի մանկավարժական տեխնիկումում: Ես էլ սովորում էի 12-րդ միջնակարգ դպրոցում, բնակվում էինք մեր հայրական տատի` Սուլթան ազիի (Նախշուն տատու քրոջ) տանը: Նրա ամուսինը նշանավոր անձնավորություն էր, զբաղվում էր առևտրով: Նրա անունը Գրիգոր էր, միաժամանակ անվանում էին Ղարղադիլ (ագռավի լեզու): Նրա սխրանքների մասին գիրք կար գրված, ֆիզիկապես ուժեղ մարդ էր:

Քաղաքական բանտարկյալների հետ տեսակցությունը արգելված էր: Ուտելիքի ընդունելության օր էր սահմանված շաբաթական մեկ օր: Քանի անգամ ուտելիքը տարել ենք, չեն ընդունել: Բանտում երկար չպահեցին:
Մեզ տեղեկացրեցին, որ տեղափոխել են Շահումյանի շրջան, դատը արդեն սկսված է: Վերադարձանք գյուղ:
Փակ դատ էր:
Հարազատները ամեն օր 12 կմ ոտքով գնում էին շրջան: Տեսակցությունը արգելված էր: Միայն վկաներից էինք տեղեկանում նրա առողջության մասին: Հույս էին տալիս, որ ամեն ինչ լավ կլինի:


Դատը ավարտվեց:
Որոշեցին 7 տարով ազատազրկում, բանտային պայմաններում: Թույլատրեցին հարազատներին, ընտանիքի անդամներին տեսակցելու:
Ի՞նչ կարող էր ասել: Եղբորը ասաց. «Բոլոր մեղադրանքները իմ կողմից հերքեցի: Միայն այդ 3 անձնավորությունների տրված ցուցմունքի գնդակը ինձ կպավ: Երևի մեծ տղաս` Գուրգենը վրեժս կլուծի»:


Հաջորդ օրը տեղափոխեցին Գանձակի բանտ, որից հետո տեղափոխել էին անհայտ ուղղությամբ: Հարց ու փորձ անելով իմացանք, որ գտնվում է Ուզբեկստանի բանտերից մեկում: Ոչ մի նամակ չստացանք:
Նրա ճակատագիրը մինչ այսօր հայտնի չէ:
Որտե՞ղ, ի՞նչ պայմաններում է մահացել:


Ավագ որդուն` Գուրգենին, որը բազմանդամ ընտանիքի միակ աշխատուժն էր մնացել, զորակոչել էին բանակ: Հայրենական պատերազմի ժամանակ զոհվեց: Այն ժամանակվա օրենքներով քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամներին չէին վստահում, չէին զորակոչում բանակ: Անկախ այդ օրենքից, գյուղի վայ-ղեկավարները հերթական անգամ իրենց դեմքը ցույց տվեցին:

Բուզլուխ գյուղի կոլտնտեսությունը առանց դարբնի չէր կարող մնալ: Գետաշենից հրավիրեցին դարբին Արշակին: Նա տարիքով էր: Համաձայնվեց, միայն աշխատավարձը դրամով վճարեն, 300 ռուբլի: Դա եռապատիկ ավել էր, համեմատած նախկին դարբնի աշխօրով ստացածի հետ: Ինչ արած: Համաձայնվում են:
Դարբին Արշակը անցնում է աշխատանքի, իր ընտանիքը, երեխաներին թողնում է Գետաշենում, Բուզլուխում ամուսնանում Հովսեփյան Քնարիկի հետ: Նրա ամուսինը` Հովսեփյան Սաշան գտնվում էր կալանավայրում, նրան 10 տարով դատել էին հակասովետական արտահայտությունների համար: Այսինքն նույն սցենարով, ինչպես վարվեցին դարբին Մեխակի հետ:
Ի՞նչ շահեց գյուղի բնակչությունը: Մեկը չկար` հարցնի այդ մասին կոլտնտեսության վայ-նախագահին կամ վարչությանը:
Ասում են կալանավայրից Հովսեփյան Սաշան տարիներ անց վերադարձավ: Կինը վախից բաժանվեց, իսկ Սաշան ամուսնացավ, նոր ընտանիք կազմեց ուրիշ կնոջ հետ:


…1942 թվականին, մի պայծառ օր գյուղում իրարանցում էր: Շրջանի միլիցիայի պետ Մակառանց Հայկազը Հայ Պարիսի գյուղացի միլիցիոների և մեկ թուրքի հետ գյուղում էին: Նա գյուղի գրասենյակ էր կանչել հորեղբորս կնոջը` Նունուֆարին, որը հայրիկիս ուղեկցությամբ ներկայացել էր գյուղխորհրդի գրասենյակ:
Ինչու՞մն էր բանը:


Գտնվել էին այն երկու ձիերը, որ անհայտացել էին: Այդ թուրք ավազակն էր գողացել: Նա վարժեցրել էր ձիուն բեռներ տեղափոխել: Անամոթը այդ հրեղեն ձին էշի հետ էր բեղմնավորել, ջորի էր ծնել:
Օրերից մի օր նա ձին բեռնում է օձաձկներով, որը թուրքերեն կոչում են “իլան բալըղ”, և գալիս է Վերին Շեն գյուղը` Աթա դայու տուն, բեռը իջեցնում են, ձին կապում գոմի առաջ:
Ի միջիայլոց Աթա դային շատ հյուրասեր մարդ էր: Բոլորը նրան լավ էին ճանաչում, լինի դա թուրք, թե հայ, նրա դուռը նրանց առաջ միշտ բաց էր: Այդ օրը թուրքը բեռի մի մասը վաճառում է (թուրքերը այդ օձաձկից չեն ուտում, ասում են, թե դա Քրիստոսի նվագարանն է):
Առավոտյան տեսնում են բակը օձաձկներով լցված: Այդ անտերները դուրս են եկել քթոցից և տարածվել բակով մեկ, շարժվում են այնտեղ: Նրանք ուշ են սատկում: Մինչև այդ օձաձկներին հավաքում են, տեսնում են ձին իր քուռակի հետ չկա: Հարցուփորձ են անում գյուղում` չկան:


Հաջորդ օրը ձին իր քուռակի հետ հայտնվում է իրական տիրոջ բակում, ձայն է տալիս տիրոջը, խրխնջում, հայտնում է իր գալստյան մասին:
Տնից դուրս են գալիս, տեսնում` իրենց ձին վերադարձել է:
Իմաց են տալիս փոքր եղբորը` հորս, հարևաններով հավաքվում են, չեն հավատում հրաշքին:


Ի՞նչ է սա: Կենդանու բնա՞զդ, թե առողջ մտածողությամբ օժտված մի մահկանացու՞, որը երկար տարիներ բացակայելուց հետո հայտնվել է իր տիրոջ տանը:
Ձիու աչքերից արցունքներ են թափվում:
Տերը չկար:
Կարծես նա իմանում էր տիրոջ բացակայության պատճառը:


Թուրքը պահանջում է ձին վերադարձնել իրեն:
Հայրս համբերությունից դուրս է գալիս, հավասարակշռությունը կորցնում է` ապտակում այդ թուրքին. «Սրիկա, փոխանակ երկրորդ ձին վերադարձնես, դեռ ձի՞ ես պահանջում»:
Այստեղ արդարությունը չի կորչում:
Ամբողջ բնակչությունը հաստատում է, որ այդ ձին Ղազարյան Մեխակի ձին է: Թուրքը լավ էր իմանում, թե այդ ձին ումն էր, բայց չէր մտածում, որ նա մի օր կհայտնվի իր տիրոջ դռանը:


Ընկեր Հայկազ Մակարյանի որոշմամբ ձին թողնում են իր տիրոջ ընտանիքին, իսկ թուրքի հետ վերադառնում են շրջան: Թուրքի հետագա ճակատագիրը անհայտ է:

Վերադառնալուց հետո ձին երկար չապրեց, մահացավ: Ջորին ծախեցին համագյուղացի Ստեփանյան Ռուբենին:
Իսկ ձիու տերը չվերադարձավ:
Պարզվեց, որ անարդարության զոհը երկար ապրել չի կարող:
Ընտանիքի հայրը` «ժողովրդի թշնամի», իսկ նրա տղան` պատերազմի հերոս:

Անցել են երկար տարիներ:
Նրա հետագա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն կամ նամակ հարազատները չեն ստացել:


Վերջերս, հանկարծամահ էր եղել Մեխակի աղջիկը` Նուհին, որը հոր փեշից բռնել, լաց լինելով, աղերսում էր միլիցիոներին, որն իր հորը տանում էր շրջան:
Նուհիի տղաները խնդրեցին ինձ դամբանական մի քանի բան ասեմ:
Խոսքս տևեց երկու րոպե:
Խոսքիս վերջում ասացի, որ այս հուղարկավորությունը սովորական հուղարկավորություն չէ:
Ինձ հարցրեցին թե ինչու՞ այդպես ասացի:
Որոշեցի պատասխանը գրեմ….


Ողբերգության շարունակությունը

Երկրորդ համաշխարհային պատերազմը դեռ չէր ավարտվել, սակայն 1-ին ուկրաինական ֆրոնտը, մարշալ Ժուկովի հրամանատարությամբ, որի կազմի մեջ էր նաև 5-րդ հարվածային բանակը` գեներալ Բերդարինի հրամանատարությամբ, 1945 թ. մայիսի 2-ին գրավել էր Գերմանիայի Բեռլին քաղաքը: Արդեն Հիտլերը անհետացել էր: Գերմանական բանակը անձնատուր էր լինում: Բեռլինի պարետ էր նշանակվել Բերդարինը: Հենակետը գտնվում էր քաղաքի արևելյան մասի Կարլ-Խորս շրջանի Ֆրանկֆուրտ ալեյա կոչվող պողոտայի աջ ու ձախ շենքերում: Այստեղ էր գտնվում նաև բանակի հենակետը:

Ինձ գործող գնդացրային ստորաբաժանումից տեղափոխել էին բանակի պահակային ստորաբաժանում, որպես դասակի հրամանատար: Մայիս ամսին, ցավոք, Բեռլինի պարետ գեներալ Բերդարինը ավտովթարից մահացավ: Ինձ համար դա մեծ ցավ էր: Նրա բանակում երկար ճանապարհ էի անցել` Ուկրաինայի Մատվեև Կուրգան կոչվող տեղամասից, Դոնբասից մինչև Բեռլին, անցնելով մոտ 4000 կմ:

Մոսկվայում Հաղթանակի շքերթին մասնակցելու համար նախապատրաստական աշխատանքներ էին տարվում: 5-րդ և 3-րդ հարվածային բանակներից հավաքում էին 1մ 70-71 սմ հասակ ունեցող բանակայիններից բաղկացած ստորաբաժանում, որտեղ ընդգրկված էի նաև ես
Անսպասելիորեն հունիս ամսին հրավիրեցին բանակի քաղ.բաժին, առաջարկեցին սովորել Ֆրունզեի անվան սպայական ակադեմիայում: Մեծ ուրախությամբ համաձայնվեցի: Այդ օրվանից շքերթի պարամունքներին այլևս չմասնակցեցի: 
2-3 ամիս անց տեղյակ պահեցին, որ հարցում են կատարել Շահումյանի շրջան և պատասխան են ստացել, որ հորեղբայրս` Մեխակ Ղազարյանը, որպես ժողովրդի թշնամի բանտարկված է, իսկ այդ մասին ես կենսագրությանս մեջ չեմ նշել:

Ակադեմիան չստացվեց:
Ապագայի խորտակու՞մ էր, թե միգուցե լավը դա՞ էր:
Չեմ երկարացնում:
Իմ աշխատասիրության հետևանքով այդ նույն թվականի օգոստոսի 13-ին մեկ ամսով արձակուրդ տվեցին: Վերադարձա գյուղ: Հարազատներս չէին սպասում: Վերդառնալով Բեռլին` 1945 թ. հոկտեմբերին զորացրվեցի բանակից:
Այդ վիրավորանքը ինձ համար անհաղթահարելի էր:
Չնայած, որ կոմունիստական կուսակցության անդամ էի, ինձ պարտիական կամ այլ պատասխանատու աշխատանք չէին վստահելու:
Որոշեցի դիմել Ադրբեջանի Կենտրոնական Կոմիտեի այն ժանակակվա 1-ին քարտուղար Միրջաֆար Բաղիրովին, պատճառաբանելով, որ հորեղբորս` Մեխակ Ղազարյանի հետ գյուղի ղեկավարությունը հաշվեհարդար է տեսել, ինչպե՞ս կարող է կոլխոզի ստեղծման օրվանից դարբին ժողովրդի թշնամի հանդիսանալ:
Չորս էջանոց նամակ ուղարկեցի, հիմնավորելով, որ նրան սխալ են դատել:


Չանցած մեկ ամիս, ՊԱԿ-ի աշխատակիցը արդեն գտնվում էր շրջկենտրոնում: 
Ես գտնվում էի գյուղում: Հրավիրեցին ինձ շրջան: 
ՊԱԿ-ի աշխատակցի հետ ծանոթանալուց հետո, նա ներկայացրեց գյուղի բնակիչների 8 հոգու անուններ, որպեսզի ապահովեմ նրանց ներկայությունը հարցաքննության համար: Այստեղ մեզ համար միանգամայն պարզ դարձավ, թե ովքեր էին այդ վարձու անձիք:

Չանցած երկու ամիս Ադրբեջանի ՊԱԿ-ից ստացանք Մեխակ Ղազարյանի արդարացման տեղեկանքը: 
Դրանից հետո հարազատները ազատ շունչ քաշեցին:

June 5, 2025

Նույն մարդիկ նորից նախաճաշում են

Գիտեք երևի, որ դրսում արդեն 2025 թվականն է։ 
Շատերը այն անվանում են 21-րդ դար։ Այո, ժամանակը գնում է, անցնում է, տարիները փոխվում  են, բայց ոչ Հայաստանում։

Հայաստանում ժամանակը կանգ է առել։
Կհարցնեք, ինչու՞։ Դե տեսեք։

Հայաստանում կա (կամ կար) մի ոլորտ, կոչվում է տեղեկատվական տեխնոլոգիաներ, կարճ՝ ՏՏ։

Ինչո՞վ է այն յուրահատուկ։

Այն իրոք անկրկնելի է իր յուրահատկություններով։

Այդ ոլորտը միշտ ղեկավարում են ոչ մասնագետներ՝ քիմիկոսներ, պատմաբաններ, արևելագետներ, ով ասես, բայց ոչ ծրագրավորողներ, տեստավորողներ, ճարտարագետներ։

Այս ոլորտը միակն է, որն ունի իր անունից հանդես եկող մի քանի կազմակերպություն։ Դրանք մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն։ Օր օրի դրանց քանակը աճում է։ Որովհետև բոլորը ցանկանում են լինել նախագահ, ոլորտի թագավոր։ Բայց դեռ սա չի ամենածիծաղելին։

Մյուս յուրահատկությունը այն է, որ ոլորտը միշտ ինչ-որ մի բան խնդրում է պետությունից՝ արտոնություններ, ցածր հարկեր, վճարից ազատումներ, փոխարժեքի հատուցումներ, մեղմ օրենքներ։ Հանրության շրջանում ՏՏ-ն դարձել է միլիոնատեր մուրացկանների շերտ։ Որը բացարձակ կտրված է երկրի կարիքներից ու խնդիրներից։

Այս խնդրողները ունեն նաև ևս մի առանձնահատկություն։ Երբ Մոսկվայի ցուցումով Հայաստանում փոխվում է իշխանությունը, նրանք անպայման պետք է նախաճաշեն այդ իշխանության հետ։
Ես սրա մասին գրել եմ 2017-ին ու նորից գրում եմ այսօր։
Այդպես եղել է տասնամյակներ, այդպես է և այսօր։
Նույն ՏՏ դեմքերը նախաճաշում են, նախաճաշում են, նախաճաշում են, ․․․

Ահավասիկ՝






Տեսնու՞մ եք նույն դեմքերը։ 
Բա։
Մեր ՏՏ-ի հավերժ ներկայացուցիչներն են, մեր "Իլոն Մասկերը"։

January 14, 2025

Ամերիաբանկում առկա ծրագրային սխալը այդպես էլ չի շտկվում


Արդեն երկրորդ ամիսն է, ինչ բոլոր կոմունալ վճարների վճարումից հետո, այնուամենայնիվ Երևանի ջրի վարձավճարի մուծման պարտքերը MyAmeria ծրագրում չեն զերոյանում։

Երկու ամիս շարունակ, զանգելով, իրենց մոտ խնդիր գրելով, մեկ ամիս սպասելուց հետո, առանձին հոդվածով նկարագրել էի իրավիճակը իմ բլոգում (հղում)

Այս ամիս նույն խնդիրը կրկնվում է։
Ինչու՞։

Որովհետև զանգերի կենտրոնի կողմից հաճախորդի հայտնած խնդիրը ծրագրային փոփոխության չի բերում։

Ինչու՞ կարող է այդպես լինել։ Կարող են լինել հետևյալ դեպքերը․

1․ Խնդիրը չի հասկացվել զանգերի կենտրոնի կողմից, որպեսզի ձևակերպվի ծրագրավորողների համար։ 
Բայց ես իմ անցյալ հոդվածով նկարագրել էի խնդիրը (հղում), որ ծրագրավորողները տեսնեին։ Դրանից ավել ես ոչնչով նրանց չեմ կարող օգնել։

2․ Հնարավոր է դեպք, որ ծրագրավորողները ստացել են խնդիրը, բայց չեն հասցրել լուծել։ Այդ դեպքում զանգերի կենտրոնը պետք է ասեր, դեռ ընթացքի մեջ է, սպասեք, հարգելի հաճախորդ։
Բայց զանգերի կենտրոնը դա չի ասում։ Սա արդեն զանգերի կենտրոնի պրոբլեմն է։

3․ Ծրագրավորողները հնարավոր է ստացել են խնդիրը, բայց չեն հասկացել ինչումն է այն կայանում։ Դա արդեն իմ, որպես հաճախորդի խնդիրը չէ, այլ նորից բանկի։

Ես հակված եմ մտածել, որ այս պահին բանկում առկա է այս 3-րդ տարբերակը։


Հ․Գ․ Զանգերի կենտրոնի աշխատակիցը նորից ինձ փորձում էր այսօր համոզել, որ իրենք վճարը ուղարկում են Վեոլիա ջուր, բայց թարմացված պարտք հետ չեն ստանում։ Իսկ իմ հարցին, թե եթե դուք պետք է պարտք ստանաք վճարելուց հետո, ապա ինչու՞ եք ֆայլի տեսքով ամսական պարտքերը ստանում ու ներմուծում համակարգ, մնում է անպատասխան։
Որովհետև այստեղ անտրամաբանական ողջ վիճակը ի հայտ է գալիս։