Showing posts with label Ռոբերտ Քոչարյան. Show all posts
Showing posts with label Ռոբերտ Քոչարյան. Show all posts

November 17, 2025

Էջմիածին։ "Նիկոլը թող մնա, միայն թե սրանք հետ չգան" բանաձևը աշխատում է

Երեկ գիշերը, 2026 թվականի նոյեմբերի 16-ին, ՔՊ-ն հաղթեց Վաղարշապատ խոշորացված համայնքում։

Ահա արդյունքները՝













Նիկոլ Փաշինյանը ունի երկու պահապան հրեշտակ թևեր։

Այդ թևերից մեկի անունը Սերժ Սարգսյան է, մյուսինը՝ Ռոբերտ Քոչարյան։

Այս երկուսի մնալը քաղաքական դաշտում այն մեծագույն երաշխիքն է, որը պահում է Փաշինյանի իշխանությունը ասպարեզում։
Երկու օդիոզ դեմքերի միայն երևալը ժողովրդի մոտ, այնպիսի հակակրանք է առաջացնում, որ խեղճ ժողովուրդը ընտրությունը կատարում է "Նիկոլը թող մնա, միայն թե սրանք հետ չգան" բանաձևով։
Այսպես եղավ նաև Վաղարշապատ խոշորացված համայնքում, թեև Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով նախագծել, իրականացրել է այստեղ մի այլ հետաքրքիր սցենար, որով միանգամից խոցել է մի քանի նշանակետ։
Վաղարշապատի ընտրություններում Փաշինյանը ստացավ քարտ բլանշ՝ կաթողիկոսին գահընկեց անելու և դրսի-ներսի ուժերի հետ քաղաքական առևտրում դիրքերը ամրապնդելու։

Սակայն եկեք հիշենք իրադարձությունները ըստ անձերի և տարեթվերի․


Դիանա Գասպարյան, իրավաբան

2018 թվականի հունիսի 22-ին Դիանա Գասպարյանը նշանակվել է Էջմիածին համայնքի ղեկավար։
2018 թվականի հոկտեմբերի 21-ին նա ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետ։
2021-ի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում գլխավորել է ՔՊ ցուցակը և երկրորդ անգամ ընտրվել է Վաղարշապատի քաղաքապետ։
2025 թվականի մայիսի 15-ին Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարական է տալիս։
2025 թվականի մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը կատարում է առաջին իր գրառումը եկեղեցու վերնախավի դեմ։

Արգիշտի Մեխակյան, տնտեսագետ

2003 թ ավարտել է Ներսիսյան վարժարանը։

2014-16 թթ եղել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի օգնական, այդ տարեթվերին նախարար էր Երվանդ Զաքարյանը

2018 օգոստոս -2019 թ հունվար, եղել է Դիանա Գասպարյանի տեղակալը

2018 թ․ դեկտեմբերի 9-ից Իմ քայլը դաշինքով, որպես անկուսակցական ընտրվել է ԱԺ պատգամավոր

2020 թվականի դեկտեմբերի 3-ին վայր է դրել մանդատը։
2020 թվականի դեկտեմբերի 15-ին նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ

2021 թվականի դեկտեմբերի 5-ին գլխավորել է ՔՊ ցուցակը և ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար։

2024 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Արմավիրի մարզպետ

2025 թվականի հունիսի 7-ին Տարածքային կառավարման նախարար Խուդաթյանը ասում է, որ 10 օր է քննարկվում է Վաղարշապատ համայնքին Խոյ համայնքի 17 գյուղերի միավորման հարցը, որը կավարտվի մինչև 2025 թվականի վերջ։ Սակայն Փաշինյանը փոխում է պլանները։
2025 թ, հունիսի 20, Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշման նախագծին։
2025 թ, հուլիսի 3-ին ԱԺ արտահերթ նիստը ընդունեց Վաղարշապատ և Խոյ համայնքների միավորման որոշումը

2025 թվականի հուլիսի 15-ին Մեխակյանը նշանակվել է Վաղարշապատ միավորված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
2025 թվականի հոկտեմբերի 8-ին ՔՊ վարչությունը հաստատել է նրա թեկնածությունը 

2025 թվականի նոյեմբերի 16-ին ընտրվել է ՔՊ ցուցակով Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար

2025 թվականի գիշերը Մեխակյանին հարց են տալիս, թե նա պաշտպանում է եկեղեցու դեմ արշավը, նա հրաժարվում է պատասխանել։

Հաղթանակից հետո Մեխակյանը նաև խոստովանում է, որ Փաշինյանը անձամբ չի զանգահարել իրեն ու չի շնորհավորել այլ միջնորդավորված է փոխանցել շնորհավորանքը։




Նախորդ ընտրություններում ՔՊ-ն առանձին՝ Խոյ և Էջմիածնում մոտ 10000 ձայն էր ստացել, իսկ միավորված համայնքում ստացավ 15000 ձայն։ Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանը այս հաղթանակը ընդունեց որպես Կաթողիկոսին գահընկեց անելու ճաբնապարհին կարևոր քայլ։ "Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին", գրել է նա առավոտ շուտ։ Ստանալով Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդհանուր ընտրողների ձայների միայն 21․5 տոկոսը ՔՊ թեկնածուն դառնում է համայնքապետ, ըստ Սերժ Սարգսյանի ընդունած Սահմանադրության և օրենքների։ Դրա համար էլ հեղափոխությամբ մերժված Սերժ Սարգսյանը առ այսօր չի դատվել ու գեթ մեկ վայրկյան չի ձերբակալվել։ Փաշինյանը շարունակում է ուսապարկերին բերել իշխանության և գահընկեց անել նրանց՝ մեկ սմս-ով, մեկ հանրային հայտարարությամբ։ Ու Դիանա Գասպարյանի ճակատագիրը սպասվում է նաև Մեխակյանին։ Փաշինյանի հեռավորություն պահելը դրանով էլ պայմանավորված է։ Իսկ 2026 թվականի ընտրություններում ՔՊ-ն անկասկած հաղթելու է։ Պահապան հրեշտակները (ՌՔ, ՍՍ) այլ տարբերակ չեն էլ թողնում։ Նիկոլը շատ ճիշտ է հաշվարկել Էջմիածնին և Ոսկևազին միացնելով Խոյի 17 գյուղերը։ Եթե վերվցնենք 47 տեղամասերից միայն Էջմիածնի և Ոսկևազի տեղամասերը՝ 14․1-14․25 տեղամասերի տվյալները և առանձին Խոյի 17 գյուղերինը՝ 14․26-14․47 տեղամասեր, կստացվի այս պատկերը՝








Այ սրա համար էլ Նիկոլը գնաց հապճեպ օրենսդրական փոփոխության և արտահերթ ԱԺ նիստով հուլիսին կատարեց այդ որոշիչ քայլը։

December 22, 2024

Ընդունելության քննություններ 1997 թ։

Կենսագրությանս այս դրվագի մասին քչերը գիտեն։
Քանի որ անցել են արդեն շատ տարիներ, հնարավոր եմ համարում գրել սրա մասին։ Որովհետև ժամանակ առ ժամանակ պետք է նաև արված աշխատանքները նկարագրել, որ մարդիկ իմանան իրականությունը` ոչ թե հորինված պատմության գրքերից, այլ անմիջական դեպքերի մասնակցից։

Հայաստանի կրթության և գիտության նախարարը (1996-98 թթ․) Արտաշես Պետրոսյանն էր։
Նախարարի հրավերով ես մասնակցեցի 1997 թվականի  ՀՀ պետական ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին, որպես նախարարի և հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի լիազոր ներկայացուցիչ հաշվողական կենտրոնում։



1997 թ․ հուլիսի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրապետական Ընդունող հանձնաժողովի նախագահ Հրաչյա Ասատրյանի հրամանով սկսեցի աշխատանքները։

























Այդ ժամանակ դեռ բջջային հեռախոսներ չկային։ Ազգային Անվտանգության Ծառայությունից մեզ (ինձ և գործընկերոջս) տրամադրեցին բջջային հեռախոսներ՝ Nokia-ներ էին, որ մենք անխափան ուղիղ կապ ունենանք թե նախարարի, թե ընդունելության հանձնաժողովի նախագահի և թե մյուս պաշտոնատար անձանց հետ, հրատապ ծագող բոլոր հարցերի դեպքում։

Խնդիրը հետևյալն էր։ 
Պետական ԲՈՒՀ-երի ընդունելության քննությունները արդեն անց էին կացվում  կենտրոնացված։ Դիմորդները՝ նշանակված օրերին, տարբեր ԲՈՒՀ-երի քննական դահլիճներում հանձնում էին իրենց մրցույթային քննությունները։ 
Քննությունների անցկացման ամբողջ շղթան պետք է լիներ վերահսկվող, հուսալի, արժանահավատ։
Քննական դահլիճներում կային դիտորդներ, որպեսզի դիմորդները չարտագրեն, իրար չօգնեն, չաղմկեն և այլն։ 

Քննության ավարտին, ԲՈՒՀ-երում, առարկայական քննական հանձնաժողովների  մասնագետները ստուգում և գնահատում էին ուսանողների աշխատանքները։ Ի դեպ ստուգումը կատարվում էր կրկնակի, տարբեր մասնագետների կողմից, որպեսզի գնահատումը լիներ անսխալ։ Դիմորդների աշխատանքները կոդավորված և ապաանձնավորված էին, չկային անուն ազգանուններ և մարդուն իդենտիֆիկացնող տվյալներ։ Ստուգողները չէին իմանում թե ում աշխատանքն են այս պահին ստուգում, որպեսզի բացառեն սուբյեկտիվիզմը։

Նախորդ տարիներին քննությունների մասնակիցների պատմածներով և օրվա մամուլի հրապարակումներով, ահազանգեր էին լինում, որ ուժային որոշ կառույցների խմբեր ահաբեկում ու սպառնում էին մասնագիտական ստուգող հանձնաժողովների անդամներին, իրենց երեխաների կամ բարեկամների աշխատանքները բարձր գնահատելու համար։ Օրինակ պատմում էին նախորդ տարվա հայոց լեզվի առարկայական հանձնաժողովի հետ կատարված նմանատիպ դեպքի մասին։ 

Ստուգված աշխատանքների ափոփագրեր-գնահատականները մուտքագրվում էին Ֆուրմանովի (այսօր արդեն  Մամիկոնյանց) փողոցում գտնվող ինֆորմատիկայի տեխնիկումում  ու վերջում անց էր կացվում ընդունելության մրցույթ, որոշվում էին անցողիկ միավորները և հրապարակվում էին ընդունված ուսանողների ցուցակները։

Կային բազմաթիվ բողոքներ, որ գնահատականների մուտքագրման ժամանակ կամ  մուտքագրումից հետո, անգամ մրցույթի անց կացումից առաջ, գնահատականները՝ կաշառքով-գումարով-ծանոթով փոխվում էին, ծանոթների համար կատարվում էին ընթացիկ անցողիկ միավորների մասին տեղեկությունների արտահոսքեր ու կաշառքների միջոցով քննությունների միավորները և վերջնական արդյունքները կեղծվում էին։ 
Ինֆորմատիկայի տեխնիկումի հաշվողական կենտրոնի նույն անձնակազմը տարիներ շարունակ ներքին իր ընթացակարգերով, առանց փաստացի ծրագրային երկրորդ վերահսկման, կատարում էր գնահատականների մուտքագրման և մրցույթի ամփոփման գործառույթները, և միայնակ որոշում ընդունվածներին։
Ոչ ոք չէր կատարում զուգահեռ տվյալների հավաքագրում, պահպանում, մրցույթի ալտերնատիվ ամփոփում և ամենակարևորը՝ նրանց և վերահսկողների վերջնական արդյունքների համեմատում։
Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, կրթության նախարարը որոշել էր զուգահեռ հավաքագրել ու պահպանել քննական գնահատականները ու անցկացնել ֆոնային զուգահեռ մրցույթ, որի արդյունքները պետք է համեմատվեին ինֆորմատիկայի տեխնիկումի ամփոփված արդյունքների հետ։ Դա ուղղակի բացառում էր վերը նշածս նախկինում եղած խախտումների հնարավորությունը։
Ժամանակը շատ կարճ էր ու ես ընկերոջս հետ պետք է ստեղծեինք մրցույթի ծրագիր, տվյալների հավաքագրման պահոցներ, պատճեններ ստեղծեինք հուսալիության համար ու լինեինք տեղում՝ գնահատականները մեր մոտ գրանցելու ու պահպանելու համար։ 
Նախարարը և ընդունող հանձնաժողովի նախագահը Հայաստանում փնտրում էին անաչառ մասնագետների, որ ունակ էին դա անելու։ Դա ես ու իմ ընկերն էինք։ Ու մենք դա արեցինք։

Ինֆորմատիկայի տեխնիկումի ղեկավարությունը և անձնակազմը չէի ասի, որ հիացմունքով էին մեզ ընդունում։ Բայց քանի որ մենք լիազորված էինք, հաշվի էին նստում մեզ հետ և ժամանակին տրամադրում բոլոր անհրաժեշտ տվյալները։

Այն, որ 1997 թվականին Հայաստանի բուհական ընդունելության քննությունները եղել են մաքուր ու արդար, խոսում են մինչ օրս՝ և այդ տարի ընդունված ուսանողները և նրանց ծնողները։
Բայց դա իրականություն էր դարձել ոչ պատահականորեն։ Դրա համար կային օգնող նախադրյալներ։
Մի քանի նախապայմաններ էին այդ տարի՝ 1997-ին, խաչվել, որ պետք է ապահովեին քննությունների բացառիկ, մաքուր անց կացումը  ու ոչ մի գնահատական պետք է չկեղծվեր։
 
Առաջինը այն էր, որ 1997 թվականի մարտի 20-ից Ռոբերտ Քոչարյանը նշանակվել էր  Հայաստանի վարչապետ։ Նա ձգտում էր կարգուկանոն հաստատել խնդրահարույց կետերում ու շատ արագ արդյունք ունենալ։
Երկրորդը այն էր, որ նորանշանակ կրթության նախարար Արտաշես Պետրոսյանը և ընդունելության հանձնաժողովի նախագահ Հրաչյա Ասատրյանը իրական գիտնականներ էին, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, որոնք բացառիկ համբավ ու անցյալ ունեցող մարդիկ էին։ 
Երրորդը, նրանք կարողացել էին մեզ գտնել Հայաստանյան ծրագրավորողների դեռ փոքր բանակից, որ կատարեինք սեղմ ժամկետում այդ տաժանակիր աշխատանքները։  

1997 թվականի ամառը չափազանց շոգ ու տոթ էր։
Ես առավոտյան 6-ից մինչև գիշերվա 1-2-ը մնում էի տեղեկատվական կենտրոնում, քանի որ քննական տվյալների հոսքը անընդհատ էր։ Առավոտյան, քննաթերթիկները պետք է  հսկողության ներքո տեղափոխվեին ԲՈՒՀ-եր, իսկ երեկոյան՝ ապահովել տվյալների դիսկետներով ընդունումը և պահպանումը մեր համակարգիչներում, ոչ մի պահ չէր կարելի բացակայել։

Բացեմ մի գաղտնիք։ Որոշ խմբերի ուսանողներին խիստ վերահսկում էին, սակայն նրանք չգիտեին դրա մասին։ 
Խախտումների պոտենցիալ կամ կասկածելի խմբերին էին դասվում՝
  • քննություններից ինչ-ինչ պատճառներով բացակայած ու հետո տվյալ օրը քննության ներկայացած դիմորդները։ Դրանց ցանկերը ես տրամադրում էի ԲՈՒՀ-երի պատասխանատուներին, քննասենյակների հսկողներին, նրանք այդ դիմորդներին հատուկ խիստ էին հսկում, բացառելու համար որևէ խախտում։ Դիմորդները դա չէին իմանում ու չէին զգում անգամ։ Բայց դա արվում էր։
  • կրկնակի 20 ստացած դիմորդներին նույնպես խիստ էին հետևում։ 
  • Նախորդ տարիներից գնահատականներ ժառանգած դիմորդներ էլ կային, նրանք ևս թիրախային հսկողության խմբերում էին։
Եվ այսպես շարունակ։
Ամեն օր, դինամիկ այսպիսի խառը ցանկեր էինք գեներացնում, որևէ խախտում թույլ չտալու համար։ 

Ասեմ, որ վարչապետ Քոչարյանը մի օր անձամբ եկել էր ինֆորմատիկայի տեխնիկում, որ ծանոթանա ընթացքին։ Կարծեմ ես Հ1-ի լուրերով այդ օրը հարցազրույց էլ տվեցի։

ԱԱԾ-ի հատուկ մալինովի բերետների խմբերը, երկու անգամ, չեզոքացրել էին ռազմական ոստիկանության կողմից առարկայական հանձնաժողովների վրա արձանագրված ճնշումները։ Մեկը ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի վրա էր, մյուսը կարծեմ օտար լեզվի։ Ոչ ոք, նախորդ տարիների նման անպատիժ չէր կարող անել իր խարդախությունը։ Արձագանքը կայծակնային էր։

Ես էլ էի չափազանց ոգևորված։ Այդ 1-1,5 ամիսը ծանր, անքուն աշխատանքային էին, քանի որ մեր պետության մեջ բացառիկ մի պրոցեսի էի մասնակցում, որը թևեր էր տալիս ինձ ու հույս  ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ։ Որովհետև 1996 թվականին ՀՀՇ-ի կեղծված ընտրությունները կոտրել էին բոլորիս։ Ու ես ուրախ էի, որ ես կարող էի օգնել այսպիսի ազգանվեր գործում։

Քննությունները ավարտվեցին։ Մենք զուգահեռ անց էինք կացրել մեր մրցույթը։ Ու համեմատել էինք տեխնիկումի տրված արդյունքների հետ։ 
Եվ ինչն է հետաքրքիրը։ Որ այդ տարվա ընդունված մի քանի դիմորդ հետագայում դարձել էին իմ խմբում աշխատակից։ Խելացի երեխաներ էին իրոք։ 
Ու ես իրոք հպարտ էի, որ իմ լուման եմ ունեցել այսպիսի երեխաներին կեղծիքներից պաշտպանելու համար, որպեսզի նրանք կարողանան սովորել ու հետո աշխատել։

Ոչինչ իզուր չէր անցել։

Նախարարը և հանձնաժողովի նախագահը, վարչապետը և հանրությունը իրոք գոհ էին։ 

Պետք էր միայն կամք։ Ու ցանկություն։ Ինձանից հաստատ ավելի խելոքները կգտնվեն ապագայում էլ, որ նորից կօգնեն մեր երկրում հաստատելու արդարություն։ Նրանք ևս չեն քնի, չեն վախենա, կչարչարվեն օր ու գիշեր, կկռվեն, բայց արդյունք ու արդարություն կապահովեն։

Միայն պետք է լինի օրվա իշանության ցանկությունը։ Որը ցավոք ոչ միշտ է առկա։
Բայց այդ պահին այն կար։