July 15, 2015

Շենգենյան վիզա Ֆրանսիայի դեսպանատնից

Եվրոպական արժեքները մաքսային Հայաստանում հատուկ խեղաթյուրված են:
Հատկապես դրանց կեղծ ջատագովների կողմից:
Հայ մարդու մոտ Եվրոպան` հատուկ քարոզի պատճառով, ասոցացվում է գենդեռի և այլասեռվածության հետ:

Իսկ դա չեզոքացնելու համար մարդիկ պետք է գոնե մի քանի անգամ լինեն Եվրոպայում, որպեսզի հայակենտրոն ռուսուլմանների լոլոները տարբերեն իրականությունից:


Իսկ Եվրոպական միության քաղաքականությունը հայ քաղաքացիների նկատմամբ ամենևին չի նպաստում այդ կարծիքի չեզոքացմանը: Շենգենյան վիզա ստանալը մի մեծ, երկարատև, բազմափուլ պատմություն է Հայաստանում: 


Երբեք չեմ դիմել տուրիստական գործակալություններին` ոչ շրջագայությունը կազմակերպելու, ոչ էլ վիզայի (ելքի արտոնագրի) հարցերով: Ամենը գրված է կայքերում, հասանելի է և պարզ:


Երկու տարի հայաստանյան ուզուրպատորները թմբկահարում են, թե շենգենյան վիզաների գործընթացում տեղի է ունեցել դյուրացում:

Վիզաների դյուրացում իրականում եղել է եվրոպացիների համար Հայաստանում` նրանց համար Հայաստանը այլևս վիզա չի պահանջում: Իսկ մեզ համար ամեն ինչ նույնն է:

Նախկին 60 եվրոյի փոխարեն հիմա 35 եվրո ենք մուծում: Ընդամենը: Որևէ փաստաթղթերի պակասեցում տեղի չի ունեցել:

Նախ ասեմ, որ Ֆրանսիայի դեսպանատան կայքը սա է:


Հերթագրում


Պետք է առցանց նախօրոք հերթագրվել:




Առաջին տպավորությունը ֆրանսիական դեսպանատան կայքից. Հերթագրման պատուհանի տեղեկատվությունը լատինատառ հայերեն է: 

Երկրորդ տհաճ տպավորությունը այն է, որ այս պատուհանում նշված երկու հղումները չեն աշխատում: Ստացվում է, որ դուք համաձայնություն եք տալիս գոյություն չունեցող հղումներին:

Ի տարբերություն գերմանական դեսպանատան կայքի, այստեղ հերթագրվելուց չի երևում թե տվյալ ժամին քանի ազատ տեղ կա: Այդ պատճառով Դուք կարող է մի ժամի համար հերթագրվեք, իսկ երեխաները ստիպված այլ ժամի կամ օրվա համար, որը աբսուրդ է:


Չեմ կարծում, որ նշածս թերությունները չեն տեսել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները: Բայց դե չեն էլ ուղղում:


Առցանց գրանցվելուց հետո, ձեր նշած էլեկտրոնային փոստին գալիս է հաստատման նամակ, որը պետք է տպել և վերցնել ձեզ հետ` դեսպանատուն գալուց:


Անհրաժեշտ փաստաթղթեր


Կայքում վիզայի գնի մասին կա երկու իրարամերժ տվյալ, երկու տարբեր լրացման ձևաթուղթ, որոշ տվյալներ ակնհայտ հին են այստեղ:


Կայքում կա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Բայց դա ամբողջական ցանկը չէ:

Այստեղ ևս կա լրացուցիչ ցանկ:
Ոնց որ հատուկ անեն, որ խառնեն մարդուն: Մեկ ամբողջական ցանկ գրելը երևի դժվար է:

Նաև պետք է լրացնել այս ձևաթուղթը: Կայքում եղած մյուս ձևաթուղթը հին է, չլրացնեք:


Ֆրանսիայի դեսպանատունը, բացի կայքում թվարկած փաստաղթերի ցանկից, որը ի դեպ քիչ չէ, պահանջում է նաև որոշ փաստաղթղերի թարգմանությունները, որի մասին ի դեպ կայքում չի գրված: Օրինակ ամուսնության,  երեխաների ծննդյան, սեփականության իրավունքի վկայականների անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանության:

Թարգմանության համար չի պահանջվում նոտարական վավերացում: Ինքներդ կարող եք թարգմանել և կցել գործին:

Գործատուից անգլերեն տեղեկանք, բանկից քաղվածք, գնված օդանավի տոմս, ամրագրված հյուրանոց կամ բնակարանի վարձակալման հաստատման պատճեն:

Հյուրանոցը կարող եք ամրագրել օրինակ http://www.booking.com/ , իսկ եթե բնակարան եք ամրագրում https://www.airbnb.com/  կայքերից:
Շատ ուշադիր պետք է լինեք հյուրանոցի համարի չեղարկման պայմաններին: Որոշ հյուրանոցներ չեղարկելուց գանձում են մեկ օրվա վարձ, մյուսները` ամբողջ արժեքի 50 տոկոսը, կան նաև անվճար չեղարկումով տարբերակներ:
Հյուրանոցի համարը ամրագրելուց հետո, Ձեր վիզա քարտի վրա կարող է գումար սառեցվել, որը 15 օր հետո ավտոմատ ապասառեցվում է:

Եթե վիզան մերժվի, ապա մերժման պատճեն հիմք կհանդիսանա, որպեսզի օդանավի տոմսը ավիաընկերությունը հետ վերցնի:


Պետք է նաև լուսանկարվել, և ըստ գրածի` երկու լուսանկար տանել հարցազրույցի:

Սակայն տեղում, դեսպանատանը ձեզ նույնպես լուսանկարում են` վիզայի համար: Փաստացի երկրորդ լուսանկարը պետք չէ այնտեղ, թեև նշված է ցանկում:

Ինձ մոտ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը տևեց մոտ 20 օր: Շատ զզվելի քաշքշոց է:


Ամենը պետք է լինի անգլերեն:

Ձեզ հետ պետք է լինեն նաև բնօրինակ փաստաթղթերը, ընտանիքի բոլոր անդամներինը ևս:

Ֆրանսիական դեսպանատունը ունի ձևաթուղթ, որտեղ լրացնում եք նաև ձեր ծնողների տվյալները: Ոչ մի այլ դեսպանատանը չեմ հանդիպել այդ պրակտիկային:


Եթե ունեք հարցեր



Հարցերի դեպքում կարող եք զանգել դեսպանատուն, բայց մեզ տված պատասխանները եղել են ընդհանուր, չգիտեմի մակարդակի:

Օրինակ մեզ ասացին, որ երեխաների ծննդականները պետք է բերել, պատճենները ևս, ծնողների 
բոլոր տեղեկանքներն էլ պետք է ներառել գործում, քանի որ երեխայի գործը համարվում է ամբողջական առանձին գործ: Սակայն տեղում պարզվեց, որ երեխաների փաթեթում դրանք ավելորդ էին ու մեզ հեռախոսով տրված պատասխանը սխալ էր:

Հանդիպում:


Նշված ժամին, դասավորված փաստաթղթերի խրձով, ներկայանում եք դեսպանատուն:


Այնտեղ սեղմում եք մուտքի մոտ պահակի զանգը, նա ձեզ ներս է թողնում: Ստուգող-զննող սարքերի միջով անցնելուց, գրպաններից երկաթյա իրերը հանելուց հետո, ներս եք մտնում դեսպանատան հյուպատոսական բաժին:

Այնտեղ ձեզ իրենք ազգանունով կանչում են, հերթ պահել պետք չէ: Հատկապես, որ հայերի մոտ հազարամյակներ արդեն հերթ կանգնել կամ պահպանել չի ստացվում:

Ասեմ, որ ի տարբերություն գերմանական դեսպանատան, այստեղի աշխատակիցները ծայրահեղ անբարեհամբյուր են: Նրանք հայեր են: Հատկապես մի տղամարդ կա, գործերը ընդունող: Շատ շատերից եմ լսել այդ տղամարդու ընդգծված սավոկային պահվածքի մասին:

Նա դիտմամբ հատուկ խառնաշփոթ է ստեղծում գործը ընդունելուց: Խաչաձև հարցեր է սկսում տալ:
Ես գործը դասավորել էի այն հերթականությամբ, ինչպես որ դեսպանատան կայքում գրված էր: Սակայն նա սկսեց խառը` տարբեր թղթեր պահանջել իմ փաստաթղթերի խուրձից` խառը հերթականությամբ:
Մի բան էլ մուննաթ եկավ, թե "Դուք հանդիպման չեք պատրաստվել: Ես ձեզ արդեն 30 վայրկյան սպասում եմ: Ինչու չեք սոսնձել նկարը? Ունեք դուք սոսինձ, բերել եք? Մենք էլ չունենք: Բա ինչ անենք?" Ինքը հարցը տալիս ինքը կատաղած պատասխանում էր:
Այդ ցինիկ ժպիտը, որ հանդիպել եմ միայն ռուսական չեկիստական աշխատակիցների մոտ, բացարձակապես չէր տեղավորվում եվրոպական երկրի` Ֆրանսիայի իմ պատկերացումների հետ:

Հետո նա ամբողջ փաթեթը տվեց երկու պատուհան այն կողմ գտնվող աշխատակցուհուն, որը իմ ամբողջ խրձից փնթփնթալով սկսեց հանել 'ավելորդ թղթերը', որոնք ի դեպ կային պահանջվող փաստաթղթերի ցանկում և մեզ հեռախոսով ասել էին որ դրանք էլ են անհրաժեշտ կցել գործերին:

Թե ինչ վերցրեց, ինչ թողեց այդ կինը, չիմացա: Բայց ջղայն ասաց, որ երեք օրից ժամը 4-ին գամ պատասխանի ետևից:

Պատասխան


Երեք օր անց, նշված ժամին դեսպանատան մոտ էի: Այնտեղ նույն այդ ժամին եկել էին նաև ամբողջ օրը անձնագրեր հանձնած քաղաքացիները: Մոտ մի 40 հոգի:

Նորանոր քաղաքացիների ժամանմանը զուգահեռ` մեր հերթը դարձավ քաոտիկ կլոր հայկական շրջան: Ֆրանսիացի ոստիկանը` խառը, 10-ական հոգի ներս թողեց հյուպատոսական բաժին: Կես ժամ անց մյուս 10 հոգին մտան: Ներսում ևս խառը հերթ է:

Վերջաբան


Ի դեպ եվրոպական երկրների քաղաքացիներից Հայաստանը վիզա չի պահանջում: Իսկ մենք հայերս այսքան ստորացուցիչ բազմաթիվ թղթեր ենք հավաքում: Աշխատավարձի չափի տեղեկանք, բանկային շարժ, սեփականության հիմքեր: Ինչու? Ում է պետք դա?


Ֆրանսիայի դեսպանը լավ կլինի կարդա և ուղղի գոնե դեսպանատան հետ կապված տեխնիկական, կայքի, աշխատակիցների որակի խնդիրները:


Իսկ դժոխք գաղութ-մետրոպոլիայի դռները միշտ լայնորեն բաց են հարյուր հազարավոր հայերի առաջ:


Մանկապարտեզներ վերացնող և վաճառող Հայաստան

Խնդրին մոտիկից առնչվեցի 2011-ից: Երբ տղաս պետք է գնար մեր մոտակա մանկապարտեզը:

Գիտեք քանի մանկապարտեզ է եղել և մնացել մեր երկրում?

1989 թվականին Հայաստանում գործում էր 1335 մսուր-մանկապարտեզ:

1996 թվականի տվյալներով մնացել էր 1037 մանկապարտեզ:

2003-ին այդ թիվը դարձել է 679:

2011-ին Երևանում նախադպրոցական ուսումնական հաստատությունների թիվը 161 էր, երեխաների ցուցակային թիվը 24669, իսկ աշխատողների թիվը` 4341:

Միայն Երևանի Կենտրոն և Արաբկիր շրջաններում փակվել է 67 մանկապարտեզ:
Իսկ Հայաստանի համայնքների 46 տոկոսը ընդհանրապես մանկապարտեզ չունեն:

Այդ մանկապարտեզները էժան գներով սեփականաշնորհվել են, վեր են ածվել դղյակների, մյուս մասը քանդվել է և նրանց տեղում բազմահարկ էլիտարներ են սարքել:

Երևանի նախկին ժամացույցի գործարանի մանկապարտեզի շենքը Աղբյուր Սերոբ փողոցում: Այսօր սեփականաշնորհված է և տրված վարձով: Ժամանակին այն 50.000 դոլարով էին վաճառում: 

Այգեստանի նախկին մանկապարտեզի շենքը: Այսօր սեփականացված է և ծառայում է մեկ ընտանիքին, հանրության փոխարեն: Իսկ կողքի այգում շներն են վազում, երեխաների փոխարեն
Արդեն գրել եմ նախկին մանկապարտեզների տեղում վեր խոյացած քարե էլիտար կույտերի մասին:


Համբարձումյան (նախկին Գայդառ) մանկապարտեզը քանդել և 'էլիտար' են սարքել:

Նախադպրոցական կրթության մասին օրենքի հոդված 30-ը`
"Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:"

Այսօր մանկապարտեզի օտարումը արգելված է օրենքով, սակայն մի քանի օրինակներ արդեն գիտենք, թե ինչ ձևերով են շրջանցում օրենքի արգելքը:

Դա տեղի ունեցավ Նալբանդյան փողոցի տխրահռչակ շինարարության դեպքում:

Դա թույլ չտվեցինք թիվ 26 մանկապարտեզի ծնողների և աշխատակիցների հերոսական ջանքերի շնորհիվ 2011-ին:

Օրենքի այս դրույթը այսօր ինչ-որ տեղ կասեցրել է մանկապարտեզների վաճառքը: 
Բայց հիմա էլ դպրոցներին են անցել թալանչիները, ավիրողները:

Ահա վերջին դպրոցաքանդության մի քանի օրինակ`

Մռավյանի դպրոցը 2012-ի հոկտեմբերին մինչև քանդելը

Աճառյանի դպրոցը 2014-ի մարտին մինչև քանդելը

Թե ինչպես վաճառվեց Աճառյանի դպրոցը նկարագրել էի այն ժամանակ:

Հիմա Աճառյանի դպրոցի մնացած պատերը ևս չկան: Շինարարները 'հանկարծակի' դա էլ են քանդել:
Շատերը տեղյակ չեն, որ 2002 թվականին առողջապահության նախարարությունը հաստատել է "Նախադպրոցական կազմակերպությունների սանիտարական նորմերը և կանոնները":

Կարդացեք, հիանալի նորմեր են: Շատ նման է Հ1-ով ցույց տրվող Հայաստանին:

Այնտեղ օրինակ դրույթ կա, որ մանկապարտեզները նախագծվում են 1, 2, 4, 6, 8, 12, 14 խմբերի համար` 25, 50, 95, 140, 190, 280 և 330 տեղից ոչ ավելի:
Եվ 6 նախադպրոցական խմբերի` 140 հոգու համար շինության մակերեսը պետք է լինի 572 ք.մ., իսկ 14 նախադպրոցական խմբերի համար` շինության մակերեսը 1430 ք.մ է:

Իսկ ընդհանուր մակերեսը` խաղահրապարկներով, դահլիճներով, տնտեսական և կոմունալ սենյակներով, շինության մակերեսներով` 1 երեխայի համար վաղ հասակի խմբերում 5 ք.մ. է, իսկ նախադպրոցական երեխաների համար` 7.5 ք.մ !!!

Սահմանված են լուսավորության, օդի ջերմաստիճանի նորմաները:
Պատկերացնում եք` վաղ հասակի խմբերում խաղալիքները պետք է օրական 2 անգամ լվանալ տաք ջրով, օճառով, և այլն:

Ով է պահպանում այս նորմերը?

ԱԺ նախորդ ընտրությունների ժամանակ Բելառուսից եկած դիտորդը զարմացել էր, թե ինչպես են Հայաստանում թույլ տալիս որ մանկապարտեզներում անցկացվեն քվեարկություններ` երեխաների խաղասենյակներում, ննջարաններում:
Հազարավոր մարդիկ ներս ու դուրս են անում մոտ 2 օր, և ընտրության ավարտի օրը, վաղ առավոտյան արդեն երեխաները գալիս են այստեղ` չմաքրած սենյակներ: Ցանկության դեպքում էլ չեն հասցնի մաքրել:

Սա ընտրատեղամասն է, թիվ 26 մանկապարտեզի երեխաների խաղասենյակում: Առավոտյան երեխաները պետք է այստեղ հատակին խաղան:

Մսուրի խումբը որպես ընտրատեղամաս, նույն տեղում

Տոտալ անտերության և թալանի վիճակ է: Հետո ասում եք Հայաստանը դառնում է թանգարան բաց երկնքի տակ: Թանգարանում երեխաներ չեն ապրում:

July 8, 2015

Հայաստանը նույնպես ունի Սահակաշվիլիի կարիքը

Վրացիների ձեռքբերումներից խրթնող հայրենակիցներիս կխնդրեմ շրջանցել և չկարդալ գրառումս:
Գնացեք Հ1, Շանթ, Արմենիա, Երկիր Մեդիա լսեք: Այնտեղի Հայաստանը հիասքանչ է, թեև իրականության հետ երբեք կապ չունի:

Բոլշևիկների կողմից առայսօր կառավարվող հայ հանրությունը` արդեն տասը տարի է, ինչ քննարկում է 4 հարևան երկրներից մեզ հետ համեմատաբար լավ հարաբերություններ ունեցող Վրացական հրաշքի արդյունքները:

Թե ինչ է արվել Հայաստանում այս 10 տարվա ընթացքում` լավ գիտենք: Իսկ Վրաստանում տեղի ունեցածը հաճախ Հայաստանում միտումնավոր խեղաթյուրվում է, սեփական 0-ությունը ծածկելու համար:

Սակայն, տարեկան մոտ 450.000 հայաստանցի հանգստանում է Վրաստանում` Թիֆլիսում, Բաթումում, Աջարիայի մյուս հանգստավայրերում: Նրանք անձամբ ականատեսն են դառնում ամեն տարի մի նոր ձեռք բերման, զարգացման, առաջընթացի:

Քիչ չեն նաև հայկական գործարարները, որոնք մասնաճյուղեր ունեն արդեն Վրաստանում: Քանի որ այնտեղ և հարկերն են ցածր, և տոկոսադրույքներն են ընդունելի և հարկայինն է խղճով, և արտաքին ներդրումներն են շատ:

Ինչու են հայ իշխանավորները, պաշտոնյաները, լրագրողները այսքան վախեցած վրացական փայլուն օրինակից? Նույն անցյալը ունեցող երկու հարևան ազգեր, անկախությունը ստանալուց ընդամենը 24 տարի անց` զարգացման տարբեր հարթություններում են:

Ընտրություններ

Վրաստանում ականատես եղանք, թե ինչպես գործող նախագահ Սահակաշվիլին ընտրություններում պարտվեց և հեռացավ երկրի քաղաքական դաշտից:
Հայաստանում երբեք դեռ չի եղել, որ ժողովուրդը ընտրությունների միջոցով իր կամքը թելադրի գործող որևէ նախագահին:
Մեզ մոտ դա չի ստացվել ոչ 96-ին, ոչ 98-ին, ոչ էլ առավել ևս հիմա:



Գաղութատիրոջ հետ հարաբերությունները

Վրաստանը ևս ունի գաղութատիրոջ կողմից նախագծած և իրեն ժառանգած տարածքային, ազգային խնդիրներ: Սահակաշվիլին կարողացավ Աջարիայում լուծել դրանցից մեկը` համեմատաբար խաղաղ ճանապարհով, անտեսելով ռուս էմիսարների` Լուժկովի և այլոց խառնակչությունները:
Սահակաշվիլին կարողացավ երկիրը ձերբազատել պարտադրված, երկիրը անընդհատ ստրկացնող խնդիրներից` Օսիայից և Աբխազիայից, և դրանք ի վերջո բարդել Ռուսաստանի վրա, որը ահռելի գումարներ է այսօր ծախսում այդ երկրների "անկախությունը" պահպանելու, բայց իրականում սեփական դեմքը փրկելու համար:

Ինչպիսին կլիներ Վրաստանը այսօր` չլուծված, տասնամյակներ արյունահոսող, երկիրը հետ ձգող այդ պրոբլեմների ներքո?
Ազատվելով այդ խնդիրներից` Վրաստանը ազատվեց նաև գաղութատիրոջ ուղղակի միջամտության հնարավորությունից:
Վրաստանը, ինչպես և Ադրբեջանը, սեփական տարածքից հանեցին ռուսական զորքերը, նախապատվությունը տալով բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն հարևանների հետ, հրաժարվելով գաղութարարի զորքով անմիջական հարևաններից անվերջ պատսպարվելուց:

Պետական ծառայողներ

Հայաստանի վիճակը այսօր շատ նման է Շևարդնաձեի իշխանության օրերին, երբ նա փորձում էր գոյություն չունեցող Սովետի մոտեցումներով` երկիր կառավարել:
Ռեակտիվ կառավարման հայկական ձևը սպառված է, երբ ինչ-որ մի բան պետք է պատահի, պետք է բողոքի ալիք բարձրանա, որ տեղից պատասխանատու մարմինները շարժվեն և սկսեն աշխատել և գործել: Լինի ցանկացած ոլորտ:

Չինովնիկների նշանակումը Հայաստանում կատարվում է միմիայն կուսակցական հավատարմության մոտեցումներով կամ կոալիցիոն բազառների արդյունքում, այլ ոչ թե պրոֆեսիոնալ ունակությունները հաշվի առնելով: Իսկ թե պաշտոնների եղած ճահճում հատուկենտ պրոֆեսիոնալները  մեկ տարի անց ինչ որակներ են ձեռք բերում, գիտենք` Հրայր Թովմասյանի կամ Վաչե Գաբրիյելյանի պարագայում:

Երիտասարդ կադրերը միայն բազեյի ճամբարականներն են, կամ ՀՀԿ կուսակցության սրի տակով անցած հլու կարիերիստները:


Գողական աշխարհ

Վրաստանի դպրոցներում գողական 'սխոդկաներ' էին անց կացվում, նրանք ազատ ելումուտ էին անում երկրով մեկ: Սահակաշվիլին դրեց դրա վերջը:

Հայերը այսօր լսում և կարդում են` թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում հանցավոր աշխարհի հավաքներ, և ինչպես է ոստիկանությունը անատամ արձագանքում դրանց անցկացման փաստին:


Ոստիկանություն

Սահակաշվիլին 85.000 աշխատակից ունեցող ներքին գործերի համակարգից հեռացրեց 75.000-ը: Նա մեկ օրում աշխատանքից հեռացրեց  14.000 ճանապարհային ոստիկաններին: Փոխարինեց նորերով:

Ոստիկանական բաժանմունքների պատերը դարձրեց ապակեպատ, թափանցիկ: Ոստիկանության բաժինները բացվեցին գողերի հին դղյակներում կամ պետականացված օբյեկտներում:
Արդյունքում, այսօր Վրաստանի բնակչության 87 %-ը հավատում է ոստիկանությանը, զիջելով այդ ցուցանիշը միայն վրաց եկեղեցուն:
Հայ գրանտակեր ոստիկանների մասին խոսելն անգամ ավելորդ է:


Նախարարություններ

Վրաստանում 18 նախարարությունից մնացել է ընդամենը 13-ը: Իսկ Հայաստանում ինչպես են պաշտոնյաների համար բացվում նորանոր նախարարություններ` չթվարկենք:

Վրաստանում 52 պետական գերատեսչությունից մնացել է 34-ը:

Պետական ապարատի 40%-ը կրճատվել է:

1000 լիցենզավորվող գործունեություններից մնացել է ընդամենը 140-ը:

Առողջապահության ոլորտում անապահովների համար ներմուծվեց անվճար բժշկական ապահովագրություն, ի տարբերություն Հայաստանի, որտեղ միայն պետական հավատարիմ ապարատն է ապահովագրվում, ոչ թե անապահով խավը:

Վրաստանում ամրագրված է դրույթ, ըստ որի նոր հարկատեսակ ներմուծելու համար պետք է հանրաքվե անց կացվի: 

22 հարկերից մնացել է ընդամենը 6 հարկատեսակ, իսկ 2012-ից արդեն 4-ը (!!!):

Օդի փող, գույքահարկ, եկամտային հարկ, պարտադիր կենսաթոշակային, հողի հարկ, տեղական բազմաթիվ տուրքերը անծանոթ չեն հայ քաղաքացուն, որը կեղեքվում է օրեցօր բարձրացող գներից:

Վրաստանը` բիզնես վարելու հնարավորությամբ 150-րդ տեղից հասավ 11-րդ տեղ:

Վաղամեռիկ Բենդուկիձեի օրոք 4000 պետական օբյեկտ սեփականաշնորհվեց, 2004-2009 թվականների ներդրումների չափը 6.5 մլրդ $ էր: ՀՆԱ-ի 30%-ը ներդրումներն էին և սեփականաշնորհումից ստացված գումարները:
Թե ինչ եղավ Հայաստանի առ այսօր թալանված, կոպեկներով սեփականաշնորհված և առայսօր չաշխատող հարստության հետ գիտեք բոլորդ:

Սահակաշվիլին լավ կլիներ գար Հայաստան` այստեղ էլ կարգուկանոն հաստատեր, իր փորձը ներդներ մեռնող երկրի մեռած տնտեսության և պետական քանդված մեքենան նորոգելու համար: