July 15, 2015

Շենգենյան վիզա Ֆրանսիայի դեսպանատնից

Եվրոպական արժեքները մաքսային Հայաստանում հատուկ խեղաթյուրված են:
Հատկապես դրանց կեղծ ջատագովների կողմից:
Հայ մարդու մոտ Եվրոպան` հատուկ քարոզի պատճառով, ասոցացվում է գենդեռի և այլասեռվածության հետ:

Իսկ դա չեզոքացնելու համար մարդիկ պետք է գոնե մի քանի անգամ լինեն Եվրոպայում, որպեսզի հայակենտրոն ռուսուլմանների լոլոները տարբերեն իրականությունից:


Իսկ Եվրոպական միության քաղաքականությունը հայ քաղաքացիների նկատմամբ ամենևին չի նպաստում այդ կարծիքի չեզոքացմանը: Շենգենյան վիզա ստանալը մի մեծ, երկարատև, բազմափուլ պատմություն է Հայաստանում: 


Երբեք չեմ դիմել տուրիստական գործակալություններին` ոչ շրջագայությունը կազմակերպելու, ոչ էլ վիզայի (ելքի արտոնագրի) հարցերով: Ամենը գրված է կայքերում, հասանելի է և պարզ:


Երկու տարի հայաստանյան ուզուրպատորները թմբկահարում են, թե շենգենյան վիզաների գործընթացում տեղի է ունեցել դյուրացում:

Վիզաների դյուրացում իրականում եղել է եվրոպացիների համար Հայաստանում` նրանց համար Հայաստանը այլևս վիզա չի պահանջում: Իսկ մեզ համար ամեն ինչ նույնն է:

Նախկին 60 եվրոյի փոխարեն հիմա 35 եվրո ենք մուծում: Ընդամենը: Որևէ փաստաթղթերի պակասեցում տեղի չի ունեցել:

Նախ ասեմ, որ Ֆրանսիայի դեսպանատան կայքը սա է:


Հերթագրում


Պետք է առցանց նախօրոք հերթագրվել:




Առաջին տպավորությունը ֆրանսիական դեսպանատան կայքից. Հերթագրման պատուհանի տեղեկատվությունը լատինատառ հայերեն է: 

Երկրորդ տհաճ տպավորությունը այն է, որ այս պատուհանում նշված երկու հղումները չեն աշխատում: Ստացվում է, որ դուք համաձայնություն եք տալիս գոյություն չունեցող հղումներին:

Ի տարբերություն գերմանական դեսպանատան կայքի, այստեղ հերթագրվելուց չի երևում թե տվյալ ժամին քանի ազատ տեղ կա: Այդ պատճառով Դուք կարող է մի ժամի համար հերթագրվեք, իսկ երեխաները ստիպված այլ ժամի կամ օրվա համար, որը աբսուրդ է:


Չեմ կարծում, որ նշածս թերությունները չեն տեսել Երևանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները: Բայց դե չեն էլ ուղղում:


Առցանց գրանցվելուց հետո, ձեր նշած էլեկտրոնային փոստին գալիս է հաստատման նամակ, որը պետք է տպել և վերցնել ձեզ հետ` դեսպանատուն գալուց:


Անհրաժեշտ փաստաթղթեր


Կայքում վիզայի գնի մասին կա երկու իրարամերժ տվյալ, երկու տարբեր լրացման ձևաթուղթ, որոշ տվյալներ ակնհայտ հին են այստեղ:


Կայքում կա անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Բայց դա ամբողջական ցանկը չէ:

Այստեղ ևս կա լրացուցիչ ցանկ:
Ոնց որ հատուկ անեն, որ խառնեն մարդուն: Մեկ ամբողջական ցանկ գրելը երևի դժվար է:

Նաև պետք է լրացնել այս ձևաթուղթը: Կայքում եղած մյուս ձևաթուղթը հին է, չլրացնեք:


Ֆրանսիայի դեսպանատունը, բացի կայքում թվարկած փաստաղթերի ցանկից, որը ի դեպ քիչ չէ, պահանջում է նաև որոշ փաստաղթղերի թարգմանությունները, որի մասին ի դեպ կայքում չի գրված: Օրինակ ամուսնության,  երեխաների ծննդյան, սեփականության իրավունքի վկայականների անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանության:

Թարգմանության համար չի պահանջվում նոտարական վավերացում: Ինքներդ կարող եք թարգմանել և կցել գործին:

Գործատուից անգլերեն տեղեկանք, բանկից քաղվածք, գնված օդանավի տոմս, ամրագրված հյուրանոց կամ բնակարանի վարձակալման հաստատման պատճեն:

Հյուրանոցը կարող եք ամրագրել օրինակ http://www.booking.com/ , իսկ եթե բնակարան եք ամրագրում https://www.airbnb.com/  կայքերից:
Շատ ուշադիր պետք է լինեք հյուրանոցի համարի չեղարկման պայմաններին: Որոշ հյուրանոցներ չեղարկելուց գանձում են մեկ օրվա վարձ, մյուսները` ամբողջ արժեքի 50 տոկոսը, կան նաև անվճար չեղարկումով տարբերակներ:
Հյուրանոցի համարը ամրագրելուց հետո, Ձեր վիզա քարտի վրա կարող է գումար սառեցվել, որը 15 օր հետո ավտոմատ ապասառեցվում է:

Եթե վիզան մերժվի, ապա մերժման պատճեն հիմք կհանդիսանա, որպեսզի օդանավի տոմսը ավիաընկերությունը հետ վերցնի:


Պետք է նաև լուսանկարվել, և ըստ գրածի` երկու լուսանկար տանել հարցազրույցի:

Սակայն տեղում, դեսպանատանը ձեզ նույնպես լուսանկարում են` վիզայի համար: Փաստացի երկրորդ լուսանկարը պետք չէ այնտեղ, թեև նշված է ցանկում:

Ինձ մոտ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը տևեց մոտ 20 օր: Շատ զզվելի քաշքշոց է:


Ամենը պետք է լինի անգլերեն:

Ձեզ հետ պետք է լինեն նաև բնօրինակ փաստաթղթերը, ընտանիքի բոլոր անդամներինը ևս:

Ֆրանսիական դեսպանատունը ունի ձևաթուղթ, որտեղ լրացնում եք նաև ձեր ծնողների տվյալները: Ոչ մի այլ դեսպանատանը չեմ հանդիպել այդ պրակտիկային:


Եթե ունեք հարցեր



Հարցերի դեպքում կարող եք զանգել դեսպանատուն, բայց մեզ տված պատասխանները եղել են ընդհանուր, չգիտեմի մակարդակի:

Օրինակ մեզ ասացին, որ երեխաների ծննդականները պետք է բերել, պատճենները ևս, ծնողների 
բոլոր տեղեկանքներն էլ պետք է ներառել գործում, քանի որ երեխայի գործը համարվում է ամբողջական առանձին գործ: Սակայն տեղում պարզվեց, որ երեխաների փաթեթում դրանք ավելորդ էին ու մեզ հեռախոսով տրված պատասխանը սխալ էր:

Հանդիպում:


Նշված ժամին, դասավորված փաստաթղթերի խրձով, ներկայանում եք դեսպանատուն:


Այնտեղ սեղմում եք մուտքի մոտ պահակի զանգը, նա ձեզ ներս է թողնում: Ստուգող-զննող սարքերի միջով անցնելուց, գրպաններից երկաթյա իրերը հանելուց հետո, ներս եք մտնում դեսպանատան հյուպատոսական բաժին:

Այնտեղ ձեզ իրենք ազգանունով կանչում են, հերթ պահել պետք չէ: Հատկապես, որ հայերի մոտ հազարամյակներ արդեն հերթ կանգնել կամ պահպանել չի ստացվում:

Ասեմ, որ ի տարբերություն գերմանական դեսպանատան, այստեղի աշխատակիցները ծայրահեղ անբարեհամբյուր են: Նրանք հայեր են: Հատկապես մի տղամարդ կա, գործերը ընդունող: Շատ շատերից եմ լսել այդ տղամարդու ընդգծված սավոկային պահվածքի մասին:

Նա դիտմամբ հատուկ խառնաշփոթ է ստեղծում գործը ընդունելուց: Խաչաձև հարցեր է սկսում տալ:
Ես գործը դասավորել էի այն հերթականությամբ, ինչպես որ դեսպանատան կայքում գրված էր: Սակայն նա սկսեց խառը` տարբեր թղթեր պահանջել իմ փաստաթղթերի խուրձից` խառը հերթականությամբ:
Մի բան էլ մուննաթ եկավ, թե "Դուք հանդիպման չեք պատրաստվել: Ես ձեզ արդեն 30 վայրկյան սպասում եմ: Ինչու չեք սոսնձել նկարը? Ունեք դուք սոսինձ, բերել եք? Մենք էլ չունենք: Բա ինչ անենք?" Ինքը հարցը տալիս ինքը կատաղած պատասխանում էր:
Այդ ցինիկ ժպիտը, որ հանդիպել եմ միայն ռուսական չեկիստական աշխատակիցների մոտ, բացարձակապես չէր տեղավորվում եվրոպական երկրի` Ֆրանսիայի իմ պատկերացումների հետ:

Հետո նա ամբողջ փաթեթը տվեց երկու պատուհան այն կողմ գտնվող աշխատակցուհուն, որը իմ ամբողջ խրձից փնթփնթալով սկսեց հանել 'ավելորդ թղթերը', որոնք ի դեպ կային պահանջվող փաստաթղթերի ցանկում և մեզ հեռախոսով ասել էին որ դրանք էլ են անհրաժեշտ կցել գործերին:

Թե ինչ վերցրեց, ինչ թողեց այդ կինը, չիմացա: Բայց ջղայն ասաց, որ երեք օրից ժամը 4-ին գամ պատասխանի ետևից:

Պատասխան


Երեք օր անց, նշված ժամին դեսպանատան մոտ էի: Այնտեղ նույն այդ ժամին եկել էին նաև ամբողջ օրը անձնագրեր հանձնած քաղաքացիները: Մոտ մի 40 հոգի:

Նորանոր քաղաքացիների ժամանմանը զուգահեռ` մեր հերթը դարձավ քաոտիկ կլոր հայկական շրջան: Ֆրանսիացի ոստիկանը` խառը, 10-ական հոգի ներս թողեց հյուպատոսական բաժին: Կես ժամ անց մյուս 10 հոգին մտան: Ներսում ևս խառը հերթ է:

Վերջաբան


Ի դեպ եվրոպական երկրների քաղաքացիներից Հայաստանը վիզա չի պահանջում: Իսկ մենք հայերս այսքան ստորացուցիչ բազմաթիվ թղթեր ենք հավաքում: Աշխատավարձի չափի տեղեկանք, բանկային շարժ, սեփականության հիմքեր: Ինչու? Ում է պետք դա?


Ֆրանսիայի դեսպանը լավ կլինի կարդա և ուղղի գոնե դեսպանատան հետ կապված տեխնիկական, կայքի, աշխատակիցների որակի խնդիրները:


Իսկ դժոխք գաղութ-մետրոպոլիայի դռները միշտ լայնորեն բաց են հարյուր հազարավոր հայերի առաջ: