Այժմ, երբ բռնազավթված են Շահումյանը, մեր հարազատ գյուղերը, դրանք ավելի արժեքավոր են դառնում ցանկացած շահումյանցու համար։
Յուրաքանչյուր դեպք կամ պատմություն, հոգեհարազատ մի դրվագ ավելի են խռովում շահումյանցու հոգին։
Շրջանի բռնագաղթումից հետո, 1992 թ․ հուլիսի 1-ին, թիվ 26 համարում Հայաստանի մանկապատենական «Կանչ» պարբերականը տպագրել է Վալտեր Այդինյանի «Անիծվի էն սհաթը» հոդվածը՝ նվիրված այն դաժան օրվա պատմությանը, որ տեսան Ավանյանների հարազատները։
Ղարաչինար գյուղը դատարկվել էր, բնակիչները հարկադրված թողել էին հարազատ օջախները, գյուղում մնացել էին ծերեր և շատ քիչ թվով մարդիկ։
Ավանյանների ընտանիքը վերջինն էր հեռանում գյուղից։
Սաշա Դավիթի (Բեթոյի) Ավանյանը, որը 14 տարեկան էր, իր ծնողների՝ Մանիկի և Բեթոյի հետ դեռ գյուղում էին և սպասում էին Էդիկին (Բեթոյի հորեղբոր տղան)։ Երբ Էդիկն եկավ ինչ-որ մեքենայով, մեծ դժվարությամբ հրաժեշտ տվին հարազատ օջախին՝ նստելով մեքենա։
Սաշան իր ծնողների և մի խումբ հարազատների հետ շարժվեցին միակ փրկության ճամփով դեպի Ղարաբաղ։ Ավա՜ղ, մեքենան դեռ նոր էր շարժվել տեղից, հարազատ օջախից մի քանի մետր հազիվ էր հեռացել, Ադրբեջանի օմոնի մեքենան փակում է ճանապարհը և տեղի է ունենում կրակահերթ։
Արհավիրքից խուսափող մայր թռչունի պես ծնողները իրենց մարմնով ծածկում են փոքրամարմին Սաշային։ Կրակահերթը դադարում է։ Սաշան չէր վիրավորվել, սակայն տեղի ունեցածը հավասարակշռությունից հանել էր պատանուն։
Ուշքի գալով, նա հասկացավ տեղի ունեցածի ողբերգությունը՝ չկան ծնողները և հարազատները, բոլորը զոհվել են։ Եվ, զգուշորեն դուրս սողաց մեքենայից և թաքնվեց մոտակա թփերի տակ․․․
Մի քանի քայլ այն կողմ, մեքենայի մեջ, իր զոհված ծնողներն են՝ մի խումբ հարազատների հետ, ինքը ներկված նրանց արյունով՝ պահված է թփուտների տակ և լսում է նրանց խռխռոցը, զգում է, որ հարազատները վերջին շնչում են ու հնչում են նոր կրակահերթեր։
Սաշան հասկանալով, որ ամեն ինչ վերջացած է, մեծ դժվարությամբ սկսում է սողալով հեռանալ դեպքի վայրից՝ հասնելով դեպի փրկության անտառը։
Մեծ դժվարություններով նա մի կերպ հասնում է հարկադրաբար գյուղը լքած համագյուղացիներին, որոնց օգնությամբ էլ օրեր անց, հասնում է Երևան, հորեղբոր՝ Բենիկ Ավանյանի տուն։
Լուսանկարում պատկերված է Սաշան՝ Բենիկ հորեղբոր ընտանիքի հետ։ Ձախից աջ՝ Վալտեր Այդինյանն է, Բենիկի թոռ Հայկոն՝ կնոջ՝ Սվետայի գրկում, Սաշկան, Անին, Գայանեն, Գոհարը, Բենիկը, Ալբերտը։ |
Այժմ նա իր զավակների ու մոր հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, սակայն երբեք չեն մոռանում Հայաստանը, որտեղ մայր հողին է հանձնված հայրը, պապիկը և կարաչինարցիների կողմից հարգված Բենիկ Ավանյանը։ Կարելի է ուրեմն, համարել, որ նա զոհվել է հանուն Շահումյանի և Կարաչինարի ազատագրման ու համարվում է այդ պատերազմի զոհ։
Յուրաքանչյուր ամառ, արձակուրդներին ԱՄՆ-ում պատսպարվածները լինում են Հայաստանում՝ հանդիպում հարազատների հետ։
Վերջին զրույցի ժամանակ Սվետան ասում է․
- Մարա՜տ, ինչպե՞ս կարելի է մոռանալ մեր գյուղը, մեր հարյուրավոր գյուղացիներին, որտեղ էլ լինեն իմ թոռները պետք է հայ մեծանան, երբ աստված թողնի՝ ես ծոռներ տեսնեմ, չեմ կասկածում, որ նրանք էլ հայ կմեծանան։ Ինչու՞ աստված այսքան անարդար գտնվեց շահումյանցիների հանդեպ, արդյո՞ք կարող է լինել շահումյանցի, որ այս ամենը մոռանա, ախր ինչպե՞ս կարելի է մոռանալ։
Մարատ Ղուլյան,
2004 թվ, հոկտեմբերի 28,
«Մռավի ղողանջներ»,Շահումյան-Գետաշեն Հայրենակցական բարեգործական միության թերթ
Ձախից՝ Այդինյան Վալտեր, Պետրոսյան Ալբերտը եղբոր հետ, Մարատ Ղուլյան |