September 29, 2012

Ազերիների ծածուկ տարածման դրվագ

Արցախի Շահումյանի շրջանի բնությունը շատ հիանալի է:
Խորհրդային տարիներին բոլոր գյուղերում կոլտնտեսություններ էին: Կային նաև ֆերմաներ, որտեղ կովեր, խոզեր, ոչխարներ, մեղուներ էին պահում:
Ամառները ես, ինչպես հազարավոր այլ երեխաներ գնում էինք մեր պապիկ-տատիկների մոտ:
Երանելի տարիներ էին: Մանկություն: Աննկարագրելի բնություն:
Սառցաշեն գյուղը Շահումյանում
Մեր Դոդ սարի ստորոտում մի տարի Գափար անունով ադրբեջանցի հայտնվեց: Նա գալիս էր Խանլարից ընդամենը 2-3 ամսով:
Բաց դաշտում խփում էր վրանները, տեղադրում կաթի զտման սարքավորումները և 2-3 մոտակա հայկական գյուղերից ընդունում էր կաթը` պանիր և կարագ ստանալու համար:
Մենք, երեխաներով հաճախ էինք հայտնվում այդ կողմերում,  հետաքրքությամբ նայում էինք արտադրության պրոցեսը:
Ամենից հետաքրքիրը սեպարատորի միջոցով կաթից ռաժան ստանալու պահն էր:
Քիչ-քիչ Գափարը սկսեց իր տնտեսությունը ընդլայնել:
Հաջորդ տարիներին Գաֆարը արդեն նաև հավեր բերեց իր հետ:
Մյուս տարի մի քանի փետակ մեղուներ տեղադրեց:
Պապիկս հայտնի մեղվապահ է և Գափարը  դիմեց իրեն մեղուների հետ կապված ինչ-որ հարցերով:
Չմերժվեց, գնացինք իրենց վրանների մոտ, սակայն պարզվեց, որ մեղուները խառնվել էին իրար: Մի ահավոր մեղուների թալան էր ընկել: Նրանք անհանգիստ և կատաղած դուրս էին եկել փետակներից: Կապույտ երկինքը պատվել էր միլիոնավոր մեղուներով:
Վիլիսից իջանք, մեղուները թափվեցին մեզ վրա: Կծեցին ինձ անհամար քանակով:
Ես 4րդ դասարանցի երեխա էի: Գափարի կինը մոտեցավ և գրկեց ինձ, ծածկեց ինձ ամբողջ մարմնով, և արագ տարավ իրենց վրանը:
Ես հայտնվեցի գորգերով պատված մի ապահով սենյակում, որտեղ մեղուներ չկային: Պատերից կախված էին տարբեր զենքեր, թուրեր, հրացաններ և ատրճանակներ:
Ես զարմացած էի զենքի այդ քանակով: Սա խորհրդային տարիներն էին:
Հայերը իրենց տներում ունեին ընդամենը մեկ հրացան: Բայց սրա մոտ մի ահագին արսենալ էր:
Վրանների կողքը կար բնական մի սառնաղբյուր: Այն բխում էր սպիտակ մեծ քարի տակից:
Պապիկիս հետ, երբ մոտեցանք աղբյուրին, տեսանք, թե ինչպես է քարի վրա փորագրված` թուրքերեն` "Գափարի աղբյուր":
Փաստորեն նորահայտ ազերին, արդեն իր հետքն էր թողել մեր աղբյուրի քարին: Սա արդեն անընդունելի էր:
Հաջորդ օրը, մեր տրակտորիստները գնացել և քլունգով կոտրել էին այդ նորահայտ թուրքական հետքը մեր հայկական հողի վրա:
Նրան խիստ զգուշացրել էին, որ այլևս չերևա մեր կողմերում:
Այ այսպես, մանր քայլերով, նրանք փորձում էին տարածվել մեր Շահումյանի տարբեր տեղերում: Բայց ստանում էին արժանի պատասխան:
1991 թվականին, երբ մեր 3 հայկական գյուղերը անցան ազերիների վերահսկողության տակ, իմացել էինք, որ այդ նույն Գափարի տղաները եկել և փորձել էին բնակվել մեր բռնազավթված գյուղում: Սակայն սեպտեմբերին նրանք դուրս էին շպրտվել, մեր տղաների շնորհիվ:
Սա մի փոքր դրվագ է, ինչպես էին ազերիները ոտք դնում և փորձում ամրապնդվել, ստեղծել իրենց տեղանունները:



September 28, 2012

Իմ ընտրությունը բանակում 1998 թվականին:

Երբ 1998 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծակի հայտարարեց իր հրաժարականի մասին, ես հասարակ զինվոր էի Արմավիրի մոտոհրաձգային ուսումնական բրիգադում:

Ամբողջ 1540 հոգու մեջ բարձրագույն կրթությամբ էինք 44 զինվորներ, որոնք մեկ ամիս առաջ դեռ սպա էին, սակայն բյուջեյում գումար չլինելու պատճառով Միքայել Հարությունյանի կողմից ապօրինաբար զորակոչվել էինք որպես զինվոր:

Հրամանատարները լծվեցին քարոզարշավին` թե պետք է ընտրել Ռոբերտ Քոչարյանին:

Ժողովներ, հանդիպումներ և այլն և այլն: Հիշում եմ եկել էր նաև Ազատ Գասպարյանը: Ժողովների ժամանակ ես հարցեր էի տալիս հրամանատարներին, հասկացնելու համար որ քարոզը բանակում արգելված է և ընտրությունը ազատ պետք է լինի, հրամանից դուրս: Նրանք մեզ համոզում էին թե 'դուք զինվոր եք, պետք է կատարեք հրամանը և ընտրեք Քոչարյանին, քանի որ այլապես կարող է պատերազմ սկսվել':

Զորամասի ակումբում հանդիպում էր, զորամասի հրամանատար Մուրադ Կիրակոսյանի հետ: Նա պնդում էր, որ պետք է ընտրել անպայման Ռոբերտ Քոչարյանին, քննադատում էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Հիմնականում 18 ամյա զինվորները,  տարված և ուշադիր լսում էին հրամանատարի "վերջնական" խոսքը: Մուրադը ասաց, որ կարող ենք հարցեր տալ իրեն:

Մեռյալ լռություն էր դահլիճում, թեև նստած էին 1500 հոգի:

Ես բարձրացրեցի ձեռքս, ներկայացա.
- Կուրսանտ, Ղազարյան: Պարոն Կիրակոսյան: Ինչպես եղավ, որ ընդամենը մեկ տարի առաջ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը քարոզում և սատարում էին Լևոն Տեր-Պետրոսյանին: Զինվորները պատմում են, որ նաև դուք էիք անցյալ տարի կոչ արել ընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ինչ է պատահել, որ բոլորը հիմա լրիվ հակառակն են ասում նրա մասին? 

Մուրադ Կիրակոսյանը մոտ 15-20 րոպե պատասխանում էի հարցիս` անընդհատ նայելով ինձ:
Նա ասաց, որ պատճառը` Ղարաբաղի հարցն է և Լևոնի դավաճանական դիրքորոշումը  այդ հարցում: Նա ասաց, որ հարկ եղած դեպքում ինքը անձամբ կհանի իր ենթակայության տակ եղած զորքը, անգամ առանց վերևից հրամանի, որպեսզի պաշտպանի բոլոր ազատագրված հողերը:

Հաջորդ օրը ամբողջ բրիգադը խոսում էր այդ հանդիպումից և իմ տված միակ հարցի պատասխանից:
Բոլորը գիտեին, որ Ռոբերտ Քոչարյանին ես չեմ ընտրելու: Մինչև մարտի 20-ը ոչ մի արձակուրդ չկար` մինչև ընտրությունների ավարտը: Անգամ երկու շաբաթ մինչև ընտրությունները տեսակցությունները ծնողների հետ արգելված էին, վախենում էին դրսից` ծնողների քարոզչությունից, նրանք դողում էին յուրաքանչյուր ձայնի համար:

Ընթացքում ևս` տարբեր աստիճանի հրամանատարներ հավաքում էին դրսում, և մեզ ասում, որ պետք է ընտրել Ռոբերտ Քոչարյանին:  Վախեցնում էին, թե ով չընտրի Քոչարյանին, ապա կուղարկվի Ղարաբաղ կամ Հորադիզ և նրա ծառայությունը կերկարի 6 ամսով, քննությունները չի կարողանա հանձնել, միշտ նարյադներում կլինի և այլն: Նրանք ասում էին, որ ընտրությունը զինվորների բաց է և բոլորը կիմանան ով ում է ընտրել, քանի որ քվեաթերթիկները համարակալված են և շատ հեշտ է հաշվարկելուց իմանալ թե ում ես ընտրել:

Ես իհարկե գիտեի ընտրական օրենսգիրքը, մասնակցել էի ընտրություններին որպես դիտորդ,  և հիանալի հասկանում էի թե ինչ աղաղակող անօրինական բաներ են նրանք ասում զինվորներին: Ես բացատրում էի 18 ամյա տղաներին, որ սա սուտ է, չկա այդպիսի բան, ով ում ցանկանում է կարող է ազատորեն ընտրել, ընտրությունն էլ փակ և գաղտնի է:

Հին ծառայողները պատմում էին, որ 1996 թվականին ամբողջ բրիգադում ընդամենը մեկ հոգի էր քվեարկել Մանուկյան Վազգենին`ում սպաները և հրամանատարները այստեղ "ֆաշիստ" էին անվանում, և այդ կարգազանց զինվորին անմիջապես փոխադրել են սահմանային այլ զորամաս:

Այդ հրամանատարների համար զինվորը պետք է լինի հլու-հնազանդ, ուղեղն անջատած, առանց սեփական կարծիքի, հրամանները անվերապահորեն կատարող մի ստրուկ, պտուտակ, ոչնչություն:

Եկավ ընտրության օրը: 1998 թվականի մարտի 16-ը:

Առավոտյան 9.00 շարվեցինք, մեզ բաժանեցին մեր զինգրքույկները և շարքով շարժվեցինք դեպի Արմավիրի բրիգադին մոտակա ընտրատեղամաս, որ ինչ-որ ակումբ էր թե մշակույթի տուն:
Այնտեղ, զինվորներից բացի, ընտրություն էր կատարում նաև քաղաքացիական բնակչությունը:
Հերթով զինվորները մտնում էին ակումբ, ընտրում Քոչարյանին և դուրս գալիս:

Քվեատուփի շուրջ նստած էին ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի, ՀԺԿ և մյուս դիտորդները,  վստահված անձինք:
Վերցրեցի քվեաթերթիկը, ընտրեցի Վազգեն Մանուկյանին, ծալեցի, որ գցեմ քվեատուփի մեջ:
Քվեատուփի մոտ տղա էր նստած, որը առանձնացնում էր քվեաթերթիկի ելունգը, որից հետո նոր կարելի էր թերթիկը գցել քվեատուփի մեջ:

Այդ պահին բրիգադի շտաբի պետ, մայոր Ալեքսանյանը մոտեցավ, և այդ տղային հրամայեց` 
'Հլը էդ զինվորի քվեաթերթիկը բաց արա':

Ասացի, " Իրավունք չունեք, գաղտնի է քվեարկությունը":

Սակայն այդ տղան բաց արեց քվեաթերթիկը և բրիգադի շտաբի պետ` մայորը տեսավ, որ 'հրամանը' չեմ կատարել: 

Ոչ մի վստահված անձ չշարժվեց: Թեև բոլորը տեսան անօրինականությունը:
Այդ օրը ես տեսա ԱԺՄ, ՀՅԴ, ՀԺԿ, ՀՀԺ կուսակցությունների դատարկ դեմքը և սուտ էությունը:

Մայորի նացիստական դեմքը զայրույթից սպիտակեց: Նա մոտեցավ գումարտակի  հրամանատար Գալստյանին և ասաց.
- Այ Գալստյան, էս ինչա կատարվում? Դուք չեք բացատրել, թե ում պիտի իրանք ընտրեն?

Դիմելով դրսում կանգնած զորքին, Ալեքսանյանը բարձր գոռաց.
- Բացեք սաղի թերթիկները, ով որ չընտրի Քոչարյանին ինքս կսատկացնեմ:

Նա վերցրեց Ալենկո կապի միջոցը և զանգեց հրամանատարին` թե. 'Պարոն հրամանատար, զինվորները չեն կատարում Ձեր հրամանը, քվեարկում են Վազգեն Մանուկյանին':

Սարսափն անցավ շարքերով:

Ամբողջ զորքը սարսուռով ինձ էր նայում: Գումարտակի հրամանատարը, թե.
- Այ տղա, դու չգիտես, որ հրաման ես ստացել ընտրել Քոչարյանին? Դու ինչի հրամանը չես կատարում? Ովա էդ ֆաշիստ Մանուկյանը? Դու ախր զինվոր ես, երբ որ լինես ազատ, էն ժամանակ էլ ում ուզես կընտրես:
Ես ասացի, որ ընտրել եմ որպես ազատ նորմալ մարդ, քաղաքացի:

Մեր գումարտակի զինվորները վախեցած էին իմ ընտրությունից, քանի որ դա ՉՊ էր բոլորի համար, և ամբողջ գումարտակը կարող էր իմ պատճառով պատժվել:

Դուք չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում գնալ մեծամասնության կարծիքին դեմ, ունենալ ընդհանուր կարծիքից տարբերվող կարծիք:
Եվ այն ժամանակ և դրանից հետո էլ շատ եմ եղել այդ վիճակում: Իրոք դժվար է լինում, սակայն արժանապատվությունը անարդարությամբ ծածկել չեմ կարողանում: Մինչ օրս:

Նրանք արագ մեզ շարեցին և ուղարկեցին բրիգադ:

Ճանապարհին հին ծառայողները կիսվեցին, թե նախորդ այդպիսի դեպքերում զինվորներին ծեծելուց հետո նույն գիշեր ուղարկել են Հորադիզ, որպես պատիժ: 
Նույնը, ասում էին, ինձ է սպասվում: Այսօր:
Մյուսները կարծում էին, թե իմ օրերը հաշվված են, և ավելի լավ կլինի կախվեմ և ինքնասպան լինեմ: Հենց այսօր գիշերը: Ես նրանց բացատրում էի, թե ինչու եմ այդպես վարվել, բայց չէին հասկանում:

Հասանք զորամաս:
Զորամասում ԲՈԼՈՐԸ արդեն գիտեին թե ինչ է կատարվել զորամասի ընտրատեղամասում:
Շատերին ուղղակի հետաքրքիր էր, թե ինչպես կվարվեն ինձ հետ:
Բայց կային սակավաթիվ ընկերներ, որ ասում էին, թե ես "միակ մարդն եմ, ով մաքուր է իր խղճի առաջ" և քաջ եմ այն աստիճան, որ "կանգնեցի միայնակ համակարգի դեմ, չվախենալով հետևանքներից":

Երդումս ուսումնական բրիգադում

1998 թ. մարտի 23-ի առավոտյան ուսումնական բրիգադը շարված էր:
Օրը պայծառ և արևոտ էր, հեռվում պարզ երևում էին Արարատի սպիտակափայլ երկու գագաթները: Օդը թափանցիկ էր և սառը, այնպես, որ արտաշնչելուց գոլորշի էր գոյանում:

Պլացին մոտեցավ հրամանատարի սև ՋԻՊ-ը: Սկզբից մեքենայից դուրս թռավ նրա շունը, հետո երևաց նաև նրա ահռելի մարմինը: Նա կանգնեց պլացի կենտրոնում:
Նվագախումբը նվագեց:
Բրիգադը երգեց 'Մեր հայրենիքը': Հրամանատարը բարկացած էր, քանի որ նախօրեին բռնել էին զորամասը լքած երկու զինվորներին:
Նա խոսեց այդ երկու փախած զինվորների մասին, հետո հասավ ընտրություններին: Ասաց, որ մեկ բացթողում այնուամենայնիվ եղավ ընտրությունների ընթացքում և որ կուրսանտներից մեկը (այսինքն ես ) շրջանցել է Քոչարյանին ընտրելու հրամանը:

Նա գոռաց` 'Որտեղ է էն կամպյուտերչիկը?'

Տղաները շրջվեցին դեպի ինձ, թե 'Քեզ է կանչում, գնա':

Ես վազքով մոտեցա նրան, ներկայացա, պատիվ տվեցի և շրջվեցի դեպի զորքը:
Միշտ կանգնած էի լինում շարքում, բայց այստեղ, որտեղ հրամանատարն էր կանգնում զորքի առջև, ինձ էին նայում 3000 աչք: Մի անբացատրելի տեսարան էր դա:

- Ըտենց կգնաս Մանուկյանին կմոտենաս: Այ տղա, բա էդքանից հետո դու էդ տականքին ես ընտրել? Չենք բացատրել? թե ինչպես պետք է վարվեիր: Էդքան ասեցինք, բացատրեցինք: Բա ինչի հանդիպմանը ինձ հարց չէիր տվել եթե պարզ չէր?

Ասեցի.
- Ես ձեզ հարց տվել եմ ակումբում, հանդիպման ժամանակ, պարոն հրամանատար: Բայց ձեր պատասխանը ինձ չհամոզեց իմ ընտրությունը կատարելու հարցում: Պարոն հրամանատար, ընտրել եմ, որպես ազատ քաղաքացի, ըստ սահմանադրության:

Ես արդեն չեմ հիշում թե կոնկրետ ինչ էր ասում, բայց նա այնպես էր գոռում և գոչում, որ ինձ թվաց թե հիմա կոչնչացնի ինձ հենց պլացի վրա:

Վերջում ասաց.
- Կանգնի շարք, ես քեզ հետ դեռ առանձին կխոսամ:

Հետո նա հերթով իր մոտ էր կանչում տեղակալներին և կշտամբում, թե քիչ են աշխատել զորքի հետ, որ այսպես է եղել ընտրության ժամանակ: Հետագայում այդ տեղակալները, երբ ինձ էին տեսնում, ինձ էին կշտամբում, թե 'էդ ինչ արեցիր, քո պատճառով .....'

.....Սակայն չգիտեմ ում նախաձեռնությամբ, թե աստծո կամքով լուրեր էին տարածվել, թե այդ նույն շտաբի պետ Ալեքսանյանը ընտրել է Դեմիրճյանին:
Օրեր անց, հսկիչ անցագրային կետում հրաման էին ստացել` նրա սպիտակ նիվան զորամաս չթողնել:

Այլևս նա շտաբի պետ չէր: ...... Նա արդեն պատժված էր: :))))))

Մենք սպասեցինք 1 շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ: Սակայն իմ հետևից չէին գալիս: Բոլորը զբաղված էին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստությամբ: 

Երկրորդ փուլում Դեմիրճյանին էին ընտրել արդեն 6 հոգի:
Այսինքն դեռ հույս կար, որ ոչ բոլորին կարելի է հիմարացնել բանակի պայմաններում:

Ինձ մնաց 'քաղհալածյալի համբավը':

Հետո տարիներ անց, Կիրակոսյան Մուրադը արդեն միտինգներում դեմ էր նույն իմ չքվեարկած Քոչարյանին և ՀԱԿ-ի միտինգների ժամանակ Մատենադարանի հարթակում էր, Լևոնի կողքը

Այ այսպիսի ընտրություն:

Ընտրությունս պայմանավորված չէր ամենևին Վազգեն Մանուկյանի անձով: Այլ սկզբունքի հարց էր: Որը պետք էր պահպանել:

September 27, 2012

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում

2009 թ. հունվարի այս պատմությունից հետո, ընդմիշտ որոշեցի հրաժարվել օգտվել Մոսկվայի օդանավակայաններից, անգամ տարանցիկի դեպքում:

Վերջերս երբ տոմս էի գնում, հրավիրող կողմին ասացի, որ ոչ մի դեպքում չեմ թռչելու Մոսկվայի տարանցիկ չվերթով: Իրենք ասացին` "Հասկանում ենք քեզ": Ընտրեցի թեև թանկ, բայց Վիեննայով տարանցիկ չվերթը:

Երեկոյան, երբ Երևանի ինքնաթիռը ուշացումով վայրէջք կատարեց Դոմոդեդովո օդանավակայանում, այդ պահին վայրէջք էին կատարել նաև Դաղստանից, Բաքվից, Դուշանբեից, և Տաշկենտի չվերթները:
Ես հասկացա, որ օդանավակայանում որոշել են մեզ հայերիս նույն ընդունման կետով անց կացնել, քանի որ դե ` սև ենք իրենց համար:

Այնտեղ կար անձնագրային ստուգման 10 կետ, սակայն աշխատում էր 1-ը: Սա իհարկե նորմալ դեպք է սովետական հիվանդություններով տառապող երկրի համար: Ոչ մի փոփոխություն:

Այդ պահին այդ մեկ անձնագրային ստուգման կրպակի մոտ գոյացավ հերթ, որը շատ արագ վերածվեց կլոր մի զանգվածի: Շատ շատերը այդ միջինասիական երկրներից չէին հասկանում ռուսերեն և այդ կետով անցնում էր 10 րոպեն մեկ ուղևոր:

Ես վերցրեցի ձեռքիս ուղեբեռը և անհույս կանգնեցի մի անկյունում, քանի որ այդ պայմաններում պետք է մի հավերժություն մնայի այդտեղ: Անիմաստ էր:

Հայերը առաջարկեցին, թե եկեք կանանց և երեխաներին թույլ տանք առաջ անցնեն: Բայց ձայն բարբառո` մեր ՕԴԿԲ-ի մուսուլման եղբայրները չէին հասկանում: Շատերը նրանցից երիտասարդներ էին, որոնք հաստատ եկել էին խոպան, աշխատանքի:

Մի 40 րոպե հետո եկավ մի աժդահա 2 մետրանոց եզ, դուբինկան ձեռքին և սկսեց հերթում հավաքվածներին հարվածելով գոռգոռալ` թե Блядь. Встаньте в очередь суки.
Ռուս մահակին սովոր հլու գառները ընդունելով հարվածները հետ էին քաշվում:
Եվ սա 2009 թվականն է: Մի զարմացեք:
Ես մոտեցա մի տարեց ոստիկանի և ասացի, ինչու այն 9 կետերի աշխատողները չկան, կանչեք աշխատողներին, մինչև երբ պետք է այստեղ կանգնենք:
Մի որոշ ժամանակ անց հայտնվեցին երիտասարդ չեկիստուհի սահմանապահները:
Հասավ իմ հերթը:
Մոտեցա: Սահմանապահ աղջիկը, որի կողքին մի այլ երիտասարդ սահմանապահ էր կանգնած, պահանջեց անձնագիրս: Տվեցի իմ 13 տարվա ՀՀ անձնագիրս: Սա վերցրեց պտտացրեց, թե
- Дайте русский перевод паспорта
Ես զգուշացված էի, որ պահանջում են նոտարով թարգմանությունը ՀՀ անձնագրի, թեև այնտեղ կա անգլերենը:
Տվեցի:
- Это вы на фото?
Մի քիչ լամինացիան սկսել էր արդեն պոկվել անձնագրիս: Սա թե
- Что мне делать? Разорвать что ли паспорт? Ու նայեց ժպտացող ընկերոջը:
Ասեցի իրավունք չունեք, դա իմ Հայաստանի քաղաքացու անձնագիրն է:
Մեկ էլ թե
- Для чего прилетели в Москву?
Ասացի, որ գնում եմ ֆինանսական ծրագրերի ցուցահանդեսին: Չհավատաց:
- Из Армении на выставку в ВДНХ, да вы что мне чушь несете!
Ցույց տվեցի գործուղման թերթիկս, հյուրանոցի ամրագրումը, հրավիրատոմսերը:
Անցա:
Բայց ինչքան զզվելի էր այդ տպավորությունը:
Այդ օրվանից այլևս 'բախտ' չեմ ունեցել լինել ռուսական օդանավակայաններում:
Ձեզ էլ խորհուրդ չեմ տա:




September 26, 2012

Ինքնուրույն ուղևորություն Եվրոպա: Մաս 2

1. Երկրների և քաղաքների ընտրության մեջ շատ կօգնի այս կայքից օգտվելը`
http://www.virtualtourist.com/travel/Europe/TravelGuide-Europe.html

Այստեղից կարող եք գտնել ընտրված երկրի տեսարժան վայրերը:
Ինչպես նաև այցելած տուրիստների կարծիքները:

2. Վիզայի անհրաժեշտ քայլերը և լրացվող ձևերը կարող եք գտնել
Գերմանիայի դեսպանատան կայքից`

http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/09/Visaverfahren__S.html
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը լրացնելուց և հավաքելը կտևի մոտ 1 շաբաթ, քանի որ պետք է վերցնել տեղեկանքներ աշխատանքի վայրից, բանկից քաղվածքներ, տոմսը պետք է ունենաք ինքնաթիռի, անհրաժեշտ գումարը ձեր քարտին, հյուրանոցների ամրագրումները, առողջության ապահովագրումը:

Իսկ ձեզ հարմար օրն ու ժամը առցանց կարող եք ամրագրել այստեղից`

https://service2.diplo.de/rktermin/extern/choose_categoryList.do?locationCode=eriw&realmId=122

3. Ինքնաթիռի տոմսը նույնպես կարող եք գնել առցանց այս հասցեով`
http://www.austrian.com/?cc=AM&sc_lang=en
Ես գնել եմ ավստրիական ավիաուղիներից:
Խորհուրդ եմ տալիս երբեք ԱրմԱվիայից տոմս չգնել, քանի որ իրենց հակամարդկային կերպարը նրանք վերջնականապես ցույց տվեցին սիրիահայերի տոմսերի խայտառակ պատմության մեջ: Եվ գները իրենց միշտ մի քանի անգամ բարձր են նորմալ համաշխարհային գներից:
Ավստրիական ավիաուղիների տոմսը դուք կարող եք շենգենյան վիզան մերժելու դեպքում վերադարձնել իրենց երևանյան գրասենյակ, որտեղ կգանձվի ձեզանից 10000 դրամ պահում:

Հյուրանոցների ամրագրումը կատարում եք
http://www.booking.com/ կայքից կամ ուղղակի այնտեղից գտնում եք հյուրանոցը և հենց հյուրանոցի կայքից ամրագրում եք այն:
Ուշադիր եղեք, որպեսզի ամրագրված հյուրանոցի համարը լինի վերադարձվող և ոչ մի լրացուցիչ պահումներ չեղարկման դեպքում չլինեն: Կան հյուրանոցներ, որոնք մեկ օրվա գումար են պահում չեղարկելուց, կամ նախաճաշ չկա, կամ ընդհանուր զուգարան է: Պետք է լինեք շատ ուշադիր պայմանները կարդալուց:

4. Միջքաղաքային տեղափոխումների համար կարող եք գներին ծանոթանալ երկաթգծերի հետևյալ կայքերից`
Ավստրիայում`
http://www.oebb.at/en/index.jsp

Հոլանդիայում`
http://www.ns.nl/en/travellers/home

Գերմանիայում`
http://www.deutschebahn.com/en/start.html

Կարող եք գտնել և շատ այլ կայքեր:




September 25, 2012

Ինքնուրույն ուղևորություն Եվրոպա: Մաս 1

Արդեն մի քանի անգամ ինքնուրույն կազմակերպել և գնացել եմ Եվրոպա:

Ինչու չեմ դիմել տուրիստական գործակալություններին? Որովհետև ավելորդ գումարներ չունեմ, իրենց տալու համար և չեմ ցանկանում շրջագայել որևէ հերթական ռուսական խմբի հետ: Կան իհարկե տուրիստական ուղեգրեր` 'Բոլոր Եվրոպական մայրաքաղաքները 10 օրում':
Դա նույնն է, ինչպես ինքնաթիռով անցնել տարբեր երկրների վրայով և ասել, թե եղել եք այդտեղ:
Հայաստանի բոլոր տուրիստական գործակալությունները մեր քաղաքացիներին կցում են որևէ ռուսական խմբին և նոր ուղարկում, քանի որ այստեղից խմբեր համալրելը չի ստացվի, քիչ են մարդիկ:
Պետք ա առնվազն 3-4 օր մնալ մի տեղ: Որպեսզի շրջել այդ քաղաքում, ապրել այդ շրջապատում:
Ուղղակի ինքնուրույն շրջագայելը ունի մի քանի փուլ, որը պետք է դուք կազմակերպեք:
1. Երկրների և քաղաքների ընտրություն
2. Վիզայի ստացում
3. Ինքնաթիռի տոմսի և հյուրանոցի ամրագրում:
4. Միջքաղաքային տեղափոխումների պլանավորում:

Իհարկե այս ամենը այսօր հնարավոր է կատարել ինտերնետի միջոցով: Իհարկե սա չի վերաբերվում մեր Հայաստանին, քանի որ այստեղ այցելում են միայն էքստրիմ տուրիզմի սիրահարները: Սրան դեռ կանդրադառնամ:

Ես գնացել եմ 3 անգամ, վերջին անգամը ընտանիքով` երեխաների հետ:

Մի զարմացեք, այո, երեխաների հետ գնացել եմ Եվրոպա, շրջագայել և հետ եկել: Թեև շատերը այդ պարագայում կմնային այնտեղ:

Մյուս մասում կնկարագրեմ կետերը մանրամասն:

Լավ եղեք:



September 24, 2012

Ինչու եմ սկսում վարել բլոգ?

Երկար տարիներ արդեն հանդես եմ եկել տարբեր հարթակներում:

Սկզբից ֆորումներում, հետո մի քանի տարի ադրբեջանցիների հետ էի պայքարում իրենց հարթակներում:
Տեսա որ այդ պայքարը անօգուտ է, իրենց պետականորեն կազմակերպված խմբերի դեմ:
Կամայական քո արտահայտած մտքի դեմ նրանք քոփի փաստով մի ահռելի մեջբերումներ էին անում տարբեր նախապատրաստված աղբյուրներից:
Հետո իրենք միշտ կարողանում էին արգելափակել քո գրածները:
Խաղաղության կոչերը իրենց վրա բացարձակ արդեն չէին ազդում, համատեղ խաղաղ ապրելուց նույնպես հրաժարվում էին: Ինչևէ:

Եկավ օդնոկլասնիկի ժամանակները: Բացեցի մի խումբ, որտեղ այսօր մոտ 2000 անդամ կա: Դրանք աշխարհով մեկ սփռված շահումյանցիների և գետաշենցիների խումբ է:
Մարդիկ այնտեղ իրար են գտնում, նկարներով, պատմություններով կիսվում: Սակայն գնալով շատանում է հայերեն չիմացողների թիվը: Երեխաները արդեն չգիտեն հայերեն գրել, կարդալ:
Ստիպված պետք է անցնես ռուսերենի, որպեսզի հասկանան:
Այսօր այդ հարթակում ներկա եմ` միայն այդ խումբը չլուծարելու պատճառով:

Արդեն 2.5 տարի ֆեյսբուքում եմ: Սա արդեն այլ որակ էր: Ավելի ազատամիտ ու հետաքրքիր հնարավորություններով: Մարդիկ նույնպես ավելի կիրթ և ազատ են, քան օդնոկլասնիկներում:
ՖԲ-ում ավելի շատ քաղաքական պայքարներ են, վերջերս արդեն նաև քաղաքացիական: Մի պահ եղավ, երբ շատերը կարեցին, թե կարելի է հեղափոխություն կազմակերպել անգամ ֆեյսբուքի միջոցով, սակայն դա նույնպես չեղավ: Քանի որ իշխանությունները շատ արագ տիրապետեցին ֆեյսբուքին: Այսօր արդեն մի հզոր ապարատ է վերահսկում թե էջերը, թե գրառումները: Մի պահ անգամ քրեական գործ փորձեցին բացել իմ վրա` զուտ ստատուսի համար:
Անգամ ոստիկաններն են արդեն ֆեյսբուքում: Ֆեյսբուքի թաղայինները:

Իհարկե կարճ ստատուս գրել և արտահայտել միտքը 2-3 նախադասությամբ հետաքրքիր է և դժվար: Սակայն երկար քննարկումներ կատարել չի ստացվում: Բոլորը արդեն ունեն իրենց ձևավորված կարծիքները բոլոր հարցերի մասին: Որոշել եմ կրճատել իմ ներկայությունը այնտեղ, քանի որ վարձատրվող ֆեյքերի դեմ խոսել արդեն անիմաստ է և անպտուղ:

Բլոգը իմ կարծիքով միգուցե օրագրի է նման: 90-95 թվականներին 'ցուրտ ու մութ տարիներին' ունեմ մի քանի ամիսները ամփոփող գրառումներ, որոնք այսօր սարսուռով եմ կարդում: Ու զարմանում եմ թե ոնց ենք վերապրել այդքան դժվարությունները:

Ամեն դեպքում կգրեմ շատ տարբեր թեմաներով: Տեսնենք ինչ կստացվի:

Բարի մուտք բլոգերների աշխարհ:

Ողջույն:




September 26, 2011

Մանկապարտեզի խնդիրը ոնց որ թե լուծվեց?


Թիվ 26 մանկապարտեզի խնդիրը ծագեց անսպասելի: Այն շատ բուռն քննարկվեց և ծնողների միջավայրում, և թաղամասի բնակիչների, և ֆեյյսբուքում, և իհարկե լրատվամիջոցներում` տպագիր և էլեկտրոնային:
 Սակայն կարելի է մի քանի միջանկյալ եզրահանգումներ անել:

  1. Ի պատիվ Արաբկիր շրջանի վարչակազմի` Նրանք հրավիրեցին և ծնողների հետ քննարկեցին իրենց նախագիծ-ծրագիրը: Ծնողների կարծիքները լսելուց հետո, պարոն Մուշեղյանը Առավոտ թերթում հայտարարեց` "Ես որոշել էի լավ բան անել, բայց որ տեսնում եմ ժողովուրդը չի ուզում՝ ոչ մի բան էլ չեմ անելու":Իրոք շատ ողջունելի է, որ բնակիչների կարծիքները հաշվի առնվեցին շրջանի ղեկավարի կողմից:
  2. Ի պատիվ մանկապարտեզի տնօրենի և աշխատակիցների` Նրանք ամեն կերպ չեզոքացրեցին ծնողների անհանգստությունը և պահպանեցին մանկապարտեզի բնականոն գործունեությունը: Ծնողներին ներկայացվեց շենքի սեյսմիկ հետազոտության արձանագրության պատճեն, որտեղից երևաց որ 2003 թվականից ի վեր շենքում առկա ճաքերը զգալի չեն աճել, և շենքը մնացել է 3-րդ կարգի վթարային: Այնտեղ առաջարկվում էր շենքը կամ ամրացնել կամ նորը կառուցել:
  3. Ի պատիվ բարեխիղճ և պրոֆեսիոնալ լրագրողների` Նրանք արագ արձագանքում էին խնդրին և ներկայացնում այն: Սակայն եղան և շարունակվում են անհայտ ծագման հրապարակումներ, որտեղ խնդիրը անձնավորվում և քաղաքականացվում է: Այդ մոտեցումը շեղում է հիմնական խնդրից:
  4. Ի պատիվ քաղաքացիական խմբերի` Նրանք աջակցեցին խնդրի արդարացի լուծմանը, տարածմանը և պարզաբանմանը:
Մենք բոլորս սովորում ենք քաղաքացիական հասարակության օրենքները, մեր փորձի վրա: :)))))

















Սակայն մնում է իրական խնդիրը, որից և սկսվեցին քննարկումները:

Մանկապարտեզը իրոք վերանորոգման խնդիր ունի: Կցանկանայի որ հետագա քննարկումները դրա շուրջ վարվեին, այլ ոչ թե շեղվեին: Պետք է գտնել լուծման ճանապարհներ:
Միգուցե վերականգնվի ամսեկան վարձը և այդ միջոցները ուղղվեն նորոգման? Միգուցե նախատեսել 2012 թվականի բյուջեում նորոգման ծախսեր?
Ինչ կասեք?

Արթուր Ղազարյան: