Երկար տարիներ արդեն հանդես եմ եկել տարբեր հարթակներում:
Սկզբից ֆորումներում, հետո մի քանի տարի ադրբեջանցիների հետ էի պայքարում իրենց հարթակներում:
Տեսա որ այդ պայքարը անօգուտ է, իրենց պետականորեն կազմակերպված խմբերի դեմ:
Կամայական քո արտահայտած մտքի դեմ նրանք քոփի փաստով մի ահռելի մեջբերումներ էին անում տարբեր նախապատրաստված աղբյուրներից:
Հետո իրենք միշտ կարողանում էին արգելափակել քո գրածները:
Խաղաղության կոչերը իրենց վրա բացարձակ արդեն չէին ազդում, համատեղ խաղաղ ապրելուց նույնպես հրաժարվում էին: Ինչևէ:
Եկավ օդնոկլասնիկի ժամանակները: Բացեցի մի խումբ, որտեղ այսօր մոտ 2000 անդամ կա: Դրանք աշխարհով մեկ սփռված շահումյանցիների և գետաշենցիների խումբ է:
Մարդիկ այնտեղ իրար են գտնում, նկարներով, պատմություններով կիսվում: Սակայն գնալով շատանում է հայերեն չիմացողների թիվը: Երեխաները արդեն չգիտեն հայերեն գրել, կարդալ:
Ստիպված պետք է անցնես ռուսերենի, որպեսզի հասկանան:
Այսօր այդ հարթակում ներկա եմ` միայն այդ խումբը չլուծարելու պատճառով:
Արդեն 2.5 տարի ֆեյսբուքում եմ: Սա արդեն այլ որակ էր: Ավելի ազատամիտ ու հետաքրքիր հնարավորություններով: Մարդիկ նույնպես ավելի կիրթ և ազատ են, քան օդնոկլասնիկներում:
ՖԲ-ում ավելի շատ քաղաքական պայքարներ են, վերջերս արդեն նաև քաղաքացիական: Մի պահ եղավ, երբ շատերը կարեցին, թե կարելի է հեղափոխություն կազմակերպել անգամ ֆեյսբուքի միջոցով, սակայն դա նույնպես չեղավ: Քանի որ իշխանությունները շատ արագ տիրապետեցին ֆեյսբուքին: Այսօր արդեն մի հզոր ապարատ է վերահսկում թե էջերը, թե գրառումները: Մի պահ անգամ քրեական գործ փորձեցին բացել իմ վրա` զուտ ստատուսի համար:
Անգամ ոստիկաններն են արդեն ֆեյսբուքում: Ֆեյսբուքի թաղայինները:
Իհարկե կարճ ստատուս գրել և արտահայտել միտքը 2-3 նախադասությամբ հետաքրքիր է և դժվար: Սակայն երկար քննարկումներ կատարել չի ստացվում: Բոլորը արդեն ունեն իրենց ձևավորված կարծիքները բոլոր հարցերի մասին: Որոշել եմ կրճատել իմ ներկայությունը այնտեղ, քանի որ վարձատրվող ֆեյքերի դեմ խոսել արդեն անիմաստ է և անպտուղ:
Բլոգը իմ կարծիքով միգուցե օրագրի է նման: 90-95 թվականներին 'ցուրտ ու մութ տարիներին' ունեմ մի քանի ամիսները ամփոփող գրառումներ, որոնք այսօր սարսուռով եմ կարդում: Ու զարմանում եմ թե ոնց ենք վերապրել այդքան դժվարությունները:
Ամեն դեպքում կգրեմ շատ տարբեր թեմաներով: Տեսնենք ինչ կստացվի:
Բարի մուտք բլոգերների աշխարհ:
Ողջույն: