October 20, 2015

Պատմության քառուղիներով

Հայ ժողովրդի պատմության դասավանդումը պետք է սկսել և ավարտել այս աշխատանքի ընթերցումով:



Եղիշե Չարենց / Պատմության քառուղիներով

1933
    

    
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝
Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար,
Հին դարերից մինչև այս հանճարեղ ներկան,
Որ հուրհրատում է մեր դեմ գալիքնափայլ:
Այն անգո առավոտից, երբ լեգենդական
Իր խարույկն է վառել մեր անգո նախահայրը,
Այս Մասիսի հանդեպ, այս անիրական
Արարատյան դաշտում, - որպես զրույց անծայր մի
Տարածվել է ուղին մեր անպատմելի,
Անծայրածիր ձգվել դարերով ձիգ,
Եվ գնում է այսօր ու երկարվում էլի
Դեպի ի՜նչ անհայտ ափեր ու գալիքներ անծիր…

    
Բայց ուղին մեր եղել է մի՛շտ մթին,
Եղել է անստգյուտ ու անփառունակ,
Տարածվել է անբոց ու անժպիտ՝
Ուրիշների փայլով շարունակ
Շառագունված- որքա՜ն, որքա՜ն աղետավոր…
Որպես անմիտ զրույց՝ մեզ պատմել են մի օր
Նախնիների մասին մեր փառապանծ,
Բայց օրերի հեռվում ես տեսնում եմ միայն
Ստրկություն, մոխիր, մոռացություն ու մահ
Եվ երկրային ընթացք մի անիմաստ
Եվ ես, ահավասիկ, հին գրերով այս մեր
Իմ տողերը կոփող մի պոետ-
Ի՜նչ խոսքերով երգեմ և ինչ տենդով պատմեմ
Մեր անանցյալ անցյալը, մեր ընթացքը, որ էլ
Ո՛չ մի գուսան երգով չոգեկոչի հին փառքը
Ու կարոտով անմիտ ետ չնայի, -
Չպանծանա այլևս, որ առանց մեզ աշխարքը
Կլիներ պարտեզ մի ամայի


Պատմության քառուղիներում առաջնորդել են նախ
Մեզ նախնիներ անստույգ ու ոչնչատեսիլ,
Մռայլ հեռուներում անճանապարհ առկախ,
Որ իրենց մորթի հետ միասին
Տարել են բախտը մեր թավալգլոր
Երկրներից-երկիր, - օ, տառապանք երկար, -
Նշել են մեզ համար ուղի աղետավոր,
Եվ տոտեմը եղել է մեր- գայլ
Օ՜, նախնինե՛ր… Տեսնում եմ ահավասիկ.-
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրդ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը
Հենց առաջին օրից բզկտված են նրա
Նիհար կողերը- բյուր գազանների կողմից, -
Եվ կողերով կարմիր ահա քայլում է նա՝
Դեմքը տված գալիք փորձանքների հողմին: -
Որտեղի՞ց է եկել նա, այդ գայլը,
Եվ ինչու՞ է արդյոք նա առաջին օրից
Սարսափահար հայացքը հառած լուսնի փայլին՝
Աղեկտուր ոռնում իր սարսափը խորին:
Եվ նա գիտե՞ արդյոք, այդ բզկտված գազանը,
Որ նշված է արդեն նրա ուղին
Ապագայի գրքում, - որ տարիներ հազար
Քայլելու է այդպես անուղի, -
Որ պատմության մռայլ քառուղիներում
Նա բազմաթիվ դարեր պիտի այդպես տանի
Իր բզկտվա կողերը- դեպի ի՜նչ անհայտ հեռու,
Ի՜նչ արոտներ կարմիր ու արնանիստ
Օ, չի եղել մեր գայլը պղնձյա
Եվ ոչ մարմարիոնյա, և ոչ անգամ քարե, -
Նիհար, կողերը լերկ, նա անցել է անծայր
Տափաստաններ, մինչև նա հանգիստ է առել
Այս Մասիսի հանդեպ անիրական,
Այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում,
Եվ՝ լուսնի դեմ նստած՝ նա երկար
Ոռնացել է իր վիշտը անկշտում, -
Ոռնացել է անձուկ իր տառապանքը,
Անասնական իր քաղցը, - և ոռնոցը նրա
Դարձել է հիմնը մեր անարձագանք-
Ու դարերով հնչել մեր պատմության վրա


Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը՝ մեր հին մատյաններում երգած՝
Եղել է եղկություն ու քծնություն քսու: -
Օ, դու՛ք, մեր վաղեմի առաջնորդնե՛ր,
Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ, -
Դու՛ք, որ դարեր երկար, հազարամյակներ,
Ուրուների նման անկերպարանք
Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
Օտար խարույկներից հայցել ոգու կրակ, -
Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում
Չեք ծնել և ո՛չ մի խոհ սերունդների համար-
Ո՞ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,
Օ, դու՛ք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա



Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար
Ֆեոդալներ շվայտ ու իշխաններ չնչին,
Հազար երանգներով իրենց դեմքը ներկած, -
Եվ մեր անմահության ակունքները այն ջինջ
Պղտորել են ոխով ու ոչնչությամբ,
Չնչին տենչանքների անխոհությամբ ոսին,
Փաթաթելով վզին մեր մի ճորտային շղթա,
Սերմանելով մեր ողջ ժողովրդի մասին
Ոչնչության սերմեր, անխոհության,
Թշվառ անհողության և աղապատանքի,
Եվ դրել են դեմքին մեր կնիքը գերության,
Սնել թշվառ կաթով ապաշնորհ կյանքի


Իսկ նոքա՞, որ եկել են իշխաններից հետո, -
Վերջին ասպետները մեր խեղճությամբ խորին,
Սնված նախնիների անհողության կաթով, -
Օ՜, վարդապետ Մինաս, կամ Իսրայել Օրի, -
Այն ի՜նչ տենչեր են վեհ, ու անխորտակ ու խոր,
Որ սերմանել եք դուք երկրներում օտար,
Եվ ո՞ր, և ո՞ր, և ո՞ր նպատակի շողով
Ձգտել են կյանքը մեր անմխիթար
Հանել ափունքներից այն սև ու ապերջանիկ,
Նշել սերունդներին ուղի պայծառ, -
Եվ ձե՞զ պիտի արդյոք մենք երգենք հիմն-
Ձեր ո՞ր խոհին, կամ ո՞ր երազանքին անճառ

    
Ահավասիկ ելած մեր լեռներից այն բարձր,
Ուր վառվում էր հույսի մեր խարույկը վերջին,
Շուրջը- խավար գիշեր ու մառախուղ մի թանձր,
Շուրջը- ժայռեր մռայլ ու բարդիներ վերձիգ, -
Ու թանձրացյալ մուժում- ապարանքներ ահա՝
Փոքրիկ, ողորմելի, խեղճ-
Իրենց մութ պատերում մի բուռ ոսկի պահած,
Եվ ո՛չ մի, ոչ մի մեխ, -
Ո՛չ մի կտոր երկաթ, կամ անագե շաղախ,
Կամ մարմարյա մի սյուն, կամ թեկուզ կիր,
Որ փորձության պահին անձրևներից մխար
Եվ իր ծուխը խառներ ըմբոստության երգին

    
Ապարանքը-այսպես: - Իսկ ներքևում- խուղեր՝
Գետնափոր, ստորերկրյա, ցաքուցրիվ,
Թաղված գանգի պես խուլ, գանգի պես անուղեղ,
Կարծես մի խեղճ նախիր
Արածելու ժամին կայծակնահար՝ հանկարծ
Կըծըկվել է ահից ու մոխրացել-
Եվ մնացել է տեղը մի մոխրաբույր զանգված՝
Դարերով անջրդի ու հողմածեծ
Եվ նոքա- մեր անղեկ առաջնորդները,
Այդ իշխանները եղկ, այդ տերերը վերջին,
Ելել են գիշերով ու մենակ ճամփորդել են
Դեպի հյուսիս, դեպի հյուսիսային որջի
Արջերը սառցասիրտ ու արնաթաթախ, -
Այդպես մեր գա՛յլն էր հին ճանապարհվում որսի՝
Հյուծված, կողերը լերկ և անատամ

    
Ես տեսնում եմ նոցա: - Իմ աչքերի առջև
Ահավասիկ իրենց եղկ հասակով ամբողջ՝
Իրենց խուլ խուղերից ու լեռներից այն բարձր
Ճանապարհ են ընկնում՝ անուղի ու անխոհ: -
Ելած որոնելու հորիզոններ, գալիք
Սերունդների համար արահետներ ուղիղ-
Ի՞նչ են տանում նոքա ուրիշներին տալու,
Այն ի՜նչ բերքեր երկրի ու բարիքներ հողի
Այն ի՜նչ գանձեր արդյոք, ի՜նչ արգասիք ու բեռ,
Ի՜նչ ոսկիներ ոգու ու զորության
Ո՛չ: - Տանում են նոքա, որպես շնորհ առձեռն,
Կարավաններ ահի ու թշվառության: -

    
Ելած որոնելու գալիքների շավիղ,
Ապագայի ընթացք ու հորիզոն-
Նոքա կրում են լոկ անանձնական ցավի
Ու հանգուցյալ փառքի մեռելային կավիճ՝
Հազարամյա մեր դեմքը երիզող
Եվ անվավեր փառքի առասպելյալ փայլով
Շղարշելով խեղճությունն հազարամյա-
Միջնորդել են նոքա հյուսիսում ու այլուր՝
Ներքինատիպ, զազիր ու զառամյալ
Խոստացել են նոքա իրենց երբեք չեղյալ
Փառապանծ անցյալի անունով-
Առաջնորդել նոցա Երկիրը Ավետյաց՝
Հանուն որդու, հոգու և հանուն հոր…


Այսպես անցել ենք մենք անխոհ ու անգաղափար
Պատմության քառուղիներով, որպես միրաժ, -
Կտրել ենք երկար մի ճանապարհ
Եվ ճանապարհը մեր այս
Ե՞րբ է արդյոք, ե՞րբ է փայլատակել, օ, ե՞րբ,
Ե՞րբ է վառվել լույսով գալիքնափայլ, -
Եվ ո՞վ, և ո՞վ է մեր ապագային տվել
Անխզելի ընթացք ու գաղափար…


Իսկ նրանցից հետո ահավասիկ իմ դեմ
Մի ձեռք, որ զորություն է տալիս գրչիս-
Մեր պատմության գրքից դարձնում է մի թերթ
Եվ բացում է էջը նախավերջին, -
Եվ հանդես են գալիս- անկերպարանք անդեմ-
Երեկվա մեր տերերը չնչին: -
Օ, վաշխառու ճորտե՛ր, հացկատակնե՛ր, մթին
Սերմանողներ քամու ու մուրացկանության, -
Մեզ ժառանգած գանձի օ, վատնիչներ հետին,
Որ ափերում հեռու ձեզ ապաստան գտած-
Կերտեցիք դղյակներ ու ապարանքներ,
Մեր անունից մրրիկ սերմանեցիք-
Եվ այսօրվա ձեր խեղճ ոչնչությանն անգետ
Վերջին խարիխը մեր վաճառքի հանեցիք
Եվ կործանվեց ձեր փառքը: - Ապարանքները ձեր
Միրաժների նման անապատի
Անէացան մի օր- և ո՛չ մի ձեռք
Չդրոշմեց ձեր հետքը պատմության ճակատին
Որպես փոշի- անցաք, որպես քամի,
Եվ ո՛չ մի, ո՛չ մի մատյան
Չի նշելու երբեք ձեր ցնորքը անհիմն
Իր էջերում անջինջ ու անհատյալ
Անէացավ ձեր փառքը: - Եվ այն, որ դեռ ունեք
Աշխարհի բոլոր հեռուներում-
Կկործանվի մի օր ամենուրեք
Եվ գալիք պայծառ օրերում
Ո՛չ մի գուսան երբեք իր երգերում հնչեղ
Չի կարդա նզո՛վք անգամ ձեզ, -
Դու՛ք, որ միայն ոգու խեղճություն եք ցանել
Եվ գալիքում- տխուր մոռացություն հնձել


Իսկ ժողովու՞րդը, որ եղել է հանճարեղ,
Եղել է որմնադիր, եղել է կառուցող,
Քաղաքներ է շինել, պարիսպներ է շարել,
Կամուրջներ է գցել կոր գծով, -
Որ դարերի միջով մինչև այգն այս հասած՝
Կրել է մեջքի վրա իր,
Օ՜, եղկելի տերե՛ր, զազիր ու բազմազան
Ձեր բռնությունը բիրտ
Ունի՞ արդյոք թեկուզ մի աննշան մասնիկ
Վաստակներում ձեր այս անքանքար-
Ժողովուրդը, որ իր աշխատա՛նքն է ազնիվ
Ձեր սեղանին բերել՝ արնաքամ: -
Օ, ո՛չ: - Ապրել է նա իր ճորտային կյանքով,
Խոր խավարում՝ արև՛ երազել, -
Եվ երգել է դարեր իր ռամկական հանգով
Իր խոհերը արդար ու վսեմ:
Ստեղծել է նա իր հեքիաթները, - և իր
Հնամյա վեպում հանճարեղ-
Իր ապագա կյանքի գաղափարը կարմիր
Եվ անմահ խորհուրդն է դրել:
Խոր գերության ներքո, այնուամենայնիվ,
Պատմության քառուղիներում ոլորապտույտ,
Պայքարել է ոգով, մաքառել է նա միշտ,
Եվ չի կորել դաժան տարիներում այն մութ: -
Խո՜ր գերության քարե կամարների ներքո,
Բռնության տակ հայրենի և օտար,
Նա մեր անպարտ ոգու ստեղծարար բերքի
Ճանապարհն է հարթել անդադար:
Այդ ճանապարհն է, որ չնչին արքաների
Եվ բոլո՛ր տերերի ոչնչությանն ընդդեմ-
Դարձրել է ոգին մեր- այնքա՜ն բերրի,
Ամե՛ն ճորտության անընտել:
Այդ ճանապարհը ձգվում է ահավասիկ
Մեր օրերից մինչև միջնադարյան հեռուն,
Մինչև դարերը հին, ուր մենք հազի՛վ ենք
Պատմության ընթացքը տարբերում:
Քայլել են քարքարոտ այդ ճանապարհով
Գորշ, անանուն մարդիկ, գեղջուկ ճորտեր, -
Կրել են կրծքերում գաղափարներ գերող,
Ստեղծարար մտքեր, բոցե բառեր, որ դեռ
Չեն խոյացել երկինք, չեն ընդունել դեռ ձև,
Բայց կհառնեն մի օր կերպավորված, -
Օ՜, հանճարե՛ղ ոգու դեռ չբացված գանձե՜ր,
Եվ հանճարի հանքե՜ր դեռ չփորված
Ա՛յս է տվել նրան ոգու անհուն կորով
Եվ ա՛յս է մեզ փառք սահմանել, -
Բայց կարո՞ղ էր արդյոք՝ կապանքներում գերող՝
Իր հուրը անեղծ նա պահել
Արքաների օրով և իշխանների
Կքել է ճորտության կապանքներում նա լուռ,
Եվ անգամներ բազում նա քշվել է գերի,
Եվ գերությունը իր կրել է համր ու լուռ: -
Եվ գերության գրկում կեղեքող
Յուրաքանչյուր գերին՝ աչքը ահեղ մահի՝
Ծածկել է խեղճության թաղիքով,
Իբրև անգին մի գանձ, իբրև ավանդ վերին՝
Իր հանճարեղ ոգու կրակն անշեջ,
Ստեղծարար այն հուրը, - և բոլորից թաքուն
Վառել է միայնակ, վախվըխելով, ինչպես
Հանցագործն է վառում իր լապտերը միգում:
Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր
     Հավաքական հանճարը զարկիչների հանդեպ, -
     Եվ դարձել է ահա ժողովուրդը և՛ս,
    
Իր տերերի նման անուղի ու անդեմ
Իսկ ապա, երբ փոխվել է ընթացքը դարերի,
Երբ դարերում մարել է թիթեղյա,
Սակայն շլացուցիչ պորփյուրն արքաների-
Եվ արքաների տեղ ա՛յն
Ոսկի՛ն է նվաճել իշխանություն ու փայլ,
Բաժանել արյունոտ դափնիներ,
Պետություններ կանգնել, ուր պճնություն ու փառք
Կարելի է գնել, -
Նա քշվել է կրկին նախիրների նման
Դեպի թիարաններն անհաց աշխատանքի,
Եվ վաստակել այնտեղ մինչև ի մահ՝
Ընտելացած արդեն անինքնուրույն կյանքի:
Եվ անհաց վաստակի այդ թիարաններում,
Ինչպես առաջ՝ դաշտերում ճորտության-
Վիճակվել է նրան մի կապարե հեռու
Կրկնակի՛ տառապանքի և գերության:
Նրա գլխին շաչող այդ նոր խարազանը
Եղել է երկճյուղ, ինչպես քիստ, -
Եվ վաստակը ոգու, որ սրբազան է-
Արգելված է եղել նրան միշտ:
Բայց առաջին անգամ իր գոյության չարքաշ
Հազարամյա ուղու ընթացքում-
Նա այստե՛ղ է տեսել շողշողացող մի այգ,
Որ պայքարով է բացվում


Եվ այպես- պատմության քառուղիներով
Անցել ենք մենք անղեկ ու անգաղափար,
Շառագունված անվերջ ուրիշների հրով, -
Եվ մեր ճանապարհը անփայլ
Եղել է ճանապարհ ունայնության, մահի-
Եվ չե՛նք կարող այսօր ձեզ մեծարել
Օ, նախնինե՛ր մեր խեղճ, առաջնորդնե՛ր մեր հին, -
Մեր պատմություն անդեմք ու անհանճարեղ
Ահավասիկ ելած ձեր աներազ քնից
Նզովում ենք մենք ձեր եղկությունը մթար-
Օ՜, կերտողնե՛ր չնչին մեր անհանճար հնի
Եվ հերոսնե՛ր անքանքար մեր պատմության
Մոլորակի վրա այս խայտաբղետ,
Աշխարհի սկզբից մինչև վախճանը
Երևի առաջին ժողովուրդն ենք մենք,
Որ կամենանք անգամ- դավաճանել
Անկարող ենք փառքին մեր ու պատմությանն անցած,
Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝
Մերկության պես տկլոր ու անանցյալ
Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,
Որ Հիսուսի առակին հակառակ-
Պիտի մտնենք՝ անգամ ասեղի նուրբ ծակով՝
Ապագայի դրախտը անարատ
Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այս տկլորությամբ հարուստ-
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ


September 8, 2015

"Հավաքարարը"

Այսօր առավոտյան 6.30 դուրս եկա պատշգամբ:
Ոչ մի առտառոց բան:

Պարզ սեպտեմբերյան մեղմ եղանակ էր: Դրսում մեքենաները դեռ չէին աղմկում:
Պետական գերատեսչության (որ մեր կողքն է)  հավաքարարը մաքրում էր այդ կառույցի դարպասների դիմացի մայթը:

Մեկ էլ` ավլելուց, ոտքի տակի շիշը վերցրեց և մի ակնթարթում նետեց մեր շենքի դիմացի պուրակի կանաչ տարածք:

Դա տեղի ունեցավ այնքան վայրկյանական, որ չէիր էլ նկատի:
Պատկերացնում եք? Հավաքարարը կեղտոտում է հարակից տարածքը: Ու ասեմ, որ առաջին անգամը չէր այդպես անում:

Կասեք ինչ կա որ? Մի մեծ բան չէ: Միգուցե: Բայց շաաաաատ բնութագրական դեպք է:
Ասացի.
- Ինչու շիշը նետեցիք այգու տարածք, վերցրեք և դրեք ձեր աղբի պարկի մեջ: Չէ որ այն ձեր կողքն էր:


Նա չլսելու տվեց: Կրկնեցի պահանջս: Ասացի, չէ որ մենք ենք մաքրում այգին, ինչու եք աղտոտում?

Սկսեց անկապ պատճառաբանել, թե մաքուր շիշ էր, բնակիչներն էլ են վերևից ինչ ասես թափում ներքև, ու տենց շարունակ: Ասեցի, դուք ձեր թափածը հավաքեք, ուրիշների հետ ինչ գործ ունեք:

Վերցրեց շիշը և տարավ:

Մտածում եմ, լավ, եթե հավաքարարն էլ է կեղտոտում քաղաքը, ուրեմն էլ ինչ անել?

August 31, 2015

Բուժօգնության պետպատվերը մեծագույն բլեֆ է

ՀՀԿ-ի նախընտրական իբր 'իրագործված' խոստումներից է համարվում առողջապահության պետպատվերի ներմուծումը, որը ներդրվեց կոալիցիոն դաշնակցական նախարարի օրոք, շատ սուղ միջոցների հատկացմամբ, և հիմա ինձ հանդիպած փաստերը ապացուցում են, որ դա ուղղակի բլեֆ էր և հիմա էլ բլեֆ է:

Մի քանի օր առաջ Էրեբունի բուժկենտրոնում ականատես եղա հետևայլ խոսակցության, ինչը ստիպեց ինձ գրի առնել մի աղաղակող կեղծ փաստի մասին, որ կոչվում է "բժշկության պետպատվեր":

Մի խումբ կանայք մի 6-7 հոգի, իրենց հիվանդ գունատված աղջկան շտապ բերել էին հիվանդանոց: Ընդունող բժիշկը նրանց միջանցքում բացատրում էր.

- Պետպատվերի մեր լիմիտը վերջացել է, և եթե կարող եք այլ հիվանդանոց տեղափոխեք հիվանդին, որտեղ պետպատվերով կարող են բուժել: Իսկ այստեղ կարող ենք օգնել միայն վճարովի: Համաձայն եք? Որոշեք:

Էս մարդիկ շվարած կանգնել իրար դեմքին են նայում: Ոնց տեղափոխեն? Չէ որ ծանր է հիվանդը: Ոնց ճարեն գումարը, չէ որ չունեն:

Պարզեցնեմ միտքս մի քանի իրական դեպքերի նկարագրմամբ:

Դեպք 2
Մի երկու տարի առաջ Նորքի շտապօգնության հիվանդանոցում ռեանիմացիոն բաժնում բժիշկը պահանջեց պապիկիս պատերազմի մասնակցի, կենսաթոշակառու լինելու վկայականները, հիմնավորելով իբր թե պետպատվերի տակ դեպքը գրանցելու համար է:
Հարգելիներս, ես չգիտեմ, գրանցեց թե ոչ, չգիտեմ պետպատվեր հասնում է ռեանիմացիոն ծառայությունում կենսաթոշակառուին, վետերանին թե ոչ, սակայն ռեանիմացիոն պալատի վճար (արդեն չեմ էլ հիշում 10 թե 15000 դրամ օրական)  տականքները պահանջում էին:

Դեպք 3
Պետպատվերի չգոյության այս մյուս դեպքը 6 ամյա որդուս հետ էր, որին ուղղակի պետք է ատամը հեռացնեին: Մի մեծ վճար չէ, 3000 դրամի մասին է խոսքը, բայց բնութագրական դեպք է: Նոյեմբեր ամսին ասացին, որ պետպատվերի իրենց լիմիտը վերջացել է, և երեխայի ատամը կհեռացնեն վճարովի: Բայց արի ու տես, որ մինչև 7 տարեկան երեխաների բուժսպասարկումը ևս այս սրիկաները կեղծ անվճար են հայտարարել:

Դեպք 4
Հաջորդ տարի փետրվարին նորից պետք է նույն երեխայի ատամը հեռացնեին, այս անգամ ասացին, որ տարվա սկիզբ է և պետպատվերի գումարը չի հատկացվել դեռ: Ու նորից կարող են հեռացնել ատամը միայն վճարովի:

Դեպք 5
Ընտրություններից առաջ ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքային բժիշկները բարեգործական այցեր կատարում շրջաններ և ՀՀԿ բարեգործության անվան տակ կոնսուլտացիաներ, վիրահատություններ կատարում հիվանդներին, կորզելով ձայն: Կասկածներ ունեմ, որ հենց այդ դեպքի համար են սրանք պետպատվերը հորինել:


Հիմա ինձ բացատրեք` ինչպես է լինում, որ պետպատվերը փետրվարին չկա, քանի որ դեռ չի հատկացվել, իսկ օգոստոս-նոյեմբերին չկա, քանի որ արդեն լիմիտը վերջացել է: 


Երբ մարդն ընկնում է հիվանդանոց` նա այլևս ժամանակ չունի ընկնել արդարության հետևից, քանի որ կյանքդ այդ պահին այդ ստահակների ձեռքում է:
Օգտվելով այդ իրարությունից, սրանք ինչ ուզում անում են, ոնց ուզում ֆռռացնում են: